Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 68
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.05.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2018 թվականի

թիվ 68

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԿԱՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա, «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 221-րդ կետի իրականացումն ապահովելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության վրա հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի ազդեցության հետևանքների գնահատում անցկացնելու կարգը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի մայիսի 10-ի

թիվ 68 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության վրա հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի ազդեցության հետևանքների գնահատում անցկացնելու

 

1. Սույն կարգը մշակված է «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 221-րդ կետն իրագործելու նպատակով (այսուհետ՝ «Պաշտպանական միջոցների մասին» արձանագրություն), և դրանով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության վրա hատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի (այսուհետ՝ պաշտպանական միջոց) ազդեցության հետևանքների գնահատման մասին եզրակացության ժամկետները (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, հետևանքների գնահատում), գործողությունների (վարչական ընթացակարգերի) հերթականությունն ու բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև կանոնակարգվում է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները պահպանելու նկատմամբ հսկողության ոլորտում լիազորված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ՝ լիազորված ստորաբաժանում) փոխգործակցությունն ուսումնասիրություններ անցկացնող մարմնի հետ, որի դերում հանդես է գալիս պաշտպանական միջոցի սահմանմանը նախորդող ուսումնասիրությունների անցկացման համար պատասխանատու՝ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ՝ ուսումնասիրություններ անցկացնող մարմին), ինչպես նաև Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) պետական իշխանության այն մարմինների հետ, որոնց իրավասությանն են վերապահված մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումը և (կամ) անցկացումը (այսուհետ՝ հակամենաշնորհային մարմիններ)՝ հետևանքների գնահատում անցկացնելու համար:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Պաշտպանական միջոցների մասին» արձանագրությամբ և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) սահմանված իմաստներով:

3. Այն դեպքում, երբ ուսումնասիրություններ անցկացնող մարմնի տրամադրության տակ եղած տվյալները հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման ուսումնասիրությունն սկսելու օրվա դրությամբ վկայում են «Պաշտպանական միջոցների մասին» արձանագրության 221-րդ կետով նախատեսված հետևանքների գնահատում անցկացնելու համար պայմանների առկայության մասին (եթե «Պաշտպանական միջոցների մասին» արձանագրության 186-րդ կետում նշված դիմումին կողմ հանդես եկած արտադրողի մասնաբաժինը Միության ապրանքային շուկայում ուսումնասիրությունն սկսելու օրվան նախորդող 2 օրացուցային տարվա ընթացքում հավասար է կամ գերազանցում է 35 տոկոսը), ուսումնասիրություններ անցկացնող մարմինը, ուսումնասիրությունն սկսելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում, լիազորված ստորաբաժանում է ուղարկում հետևանքների գնահատում անցկացնելու մասին հարցում և պաշտպանական միջոց կիրառելու վերաբերյալ դիմումի ոչ գաղտնի տարբերակը:

Եթե ուսումնասիրություններ անցկացնող մարմնի տրամադրության տակ եղած տվյալներն ուսումնասիրությունն սկսելու օրվա դրությամբ վկայում են նշված պայմանների բացակայության մասին, սակայն այդպիսի պայմանների առկայությունը արձանագրված է ուսումնասիրության ընթացքում ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքներով, ապա ուսումնասիրություններ անցկացնող մարմինը, ուսումնասիրությունն սկսելու օրվանից 4 ամսվա ընթացքում, լիազորված ստորաբաժանում է ուղարկում հետևանքների գնահատում անցկացնելու մասին հարցում և պաշտպանական միջոց կիրառելու վերաբերյալ դիմումի ոչ գաղտնի տարբերակը:

4. Եթե հետևանքների գնահատում անցկացնելու վերաբերյալ հարցումն ուղարկելուց հետո ուսումնասիրություններ անցկացնող մարմինն ուսումնասիրության ընթացքում ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքներով հայտնաբերել է սույն կարգի 3-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված պայմանների բացակայություն, ապա հետևանքների գնահատում չի պահանջվում, ինչի մասին տեղեկացվում է լիազորված ստորաբաժանումը:

5. Հետևանքների գնահատում անցկացնելու մասին հարցումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազորված ստորաբաժանումը հակամենաշնորհային մարմիններ է ուղարկում տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ հարցումներ, իսկ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալու դեպքում տեղեկացնում է սույն կետին համապատասխան պահանջված տեղեկատվությունը տրամադրելու անհրաժեշտության բացակայության մասին:

6. Տեղեկատվությունը տրամադրելու վերաբերյալ հարցումը լիազորված ստորաբաժանման կողմից ստանալու օրվանից 3 ամսից ոչ ուշ հակամենաշնորհային մարմինները տրամադրում են անդամ պետության համապատասխան այն ապրանքային շուկայի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը, որը կարող է ենթարկվել պաշտպանական միջոցի ազդեցությանը: Անհրաժեշտության դեպքում հակամենաշնորհային մարմինը կարող է երկարաձգել նշված ժամկետը, սակայն ոչ ավելի, քան 1 ամսով, ինչի մասին գրավոր ծանուցում է լիազորված ստորաբաժանմանը (նշելով այն ժամկետը, որի ընթացքում կտրամադրվի տեղեկատվությունը):

Հակամենաշնորհային մարմինների կողմից անդամ պետության ապրանքային շուկայի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել լիազորված ստորաբաժանումից տեղեկատվությունը տրամադրելու մասին հարցումն ստանալու օրվանից 4 ամիսը:

Հետևանքների գնահատման վերաբերյալ եզրակացությունը նախապատրաստելիս լիազորված ստորաբաժանումն ի գիտություն է ընդունում սույն կետում նշված տեղեկատվությունը:

7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկայի 5-րդ կետով նախատեսված ելակետային տեղեկատվության աղբյուրների հիման վրա լիազորված ստորաբաժանումը նախապատրաստում է հետևանքների գնահատման մասին եզրակացություն, որը ներառում է՝

ա) ընթացիկ մրցակցային իրավիճակի գնահատումը՝ ուսումնասիրությունն սկսելու օրվան նախորդող 2 տարի կազմող ժամանակահատվածի համար, այդ թվում՝

Միության համապատասխան ապրանքային շուկայի կենտրոնացման մակարդակի վերլուծությունը,

ներմուծման, այդ թվում՝ գնագցող կամ սուբսիդավորվող ներմուծման աճի (համապատասխանաբար հակագնագցման կամ փոխհատուցման ուսումնասիրություն անցկացնելու դեպքում) և դրա մասնաբաժնի վերլուծությունը Միության համապատասխան ապրանքային շուկայում ապրանքի արտադրության ծավալի հետ հարաբերակցությամբ,

Միության համապատասխան ապրանքային շուկայում ձևավորված գների դինամիկայի վերլուծությունը, այդ թվում՝ Միության համապատասխան ապրանքային շուկայում մենաշնորհային ցածր գների հնարավոր առկայությունը պարզելու համար կամ տնտեսապես, տեխնոլոգիապես կամ այլ կերպ չհիմնավորված տարբեր գների անհիմն սահմանումը և դրանց հնարավոր խեղաթյուրող ազդեցությունը մրցակցության իրավիճակի վրա՝ գնահատմանը նախորդող ժամանակահատվածում,

մրցակցությունը խեղաթյուրող և Միության տարածք երրորդ երկրներից ապրանքների ներմուծման առկայությամբ պայմանավորված գործոնների վերլուծությունը.

բ) Միության համապատասխան ապրանքային շուկայի վրա պաշտպանական միջոցի ենթադրվող ազդեցության գնահատումը՝ հաշվի առնելով սահմանման համար ենթադրվող պաշտպանական միջոցի տեսակը և չափը, այդ թվում՝

պաշտպանական միջոցի սահմանման հետ կապված՝ Միության համապատասխան ապրանքային շուկայում առաջարկի ենթադրվող փոփոխության վերլուծությունը՝ հաշվի առնելով այդ շուկա ապրանքների այլընտրանքային մատակարարումների հնարավորությունը, այդ թվում՝ այլ երկրներից,

Միության համապատասխան ապրանքային շուկայում գների սպասվող փոփոխության որոշումը՝ համապատասխան ապրանքի պահանջարկի և առաջարկի կանխատեսվող հաշվեկշռի հիման վրա պաշտպանական միջոցի սահմանման արդյունքում,

Միության համապատասխան ապրանքային շուկայում «Պաշտպանական միջոցների մասին» արձանագրության 221-րդ կետում նշված արտադրողների դիրքի փոփոխման հնարավորության որոշումը՝ պաշտպանական միջոցի սահմանման դեպքում:

Հետևանքների գնահատման եզրակացության մեջ լիազորված ստորաբաժանման եզրահանգումները նշվում են ընդհանուր առմամբ՝ Միության համապատասխան ապրանքային շուկայի մասով:

8. Լիազորված ստորաբաժանման ղեկավարի կողմից ստորագրված՝ հետևանքների գնահատման մասին եզրակացությունն ուսումնասիրություններ անցկացնող մարմին է ուղարկվում՝ հետևանքների գնահատում անցկացնելու վերաբերյալ հարցումը լիազորված ստորաբաժանման կողմից սույն կարգի 3-րդ կետին համապատասխան ստանալու օրվանից 6 ամսվա ընթացքում, սակայն համապատասխան ուսումնասիրությունն սկսելու օրվանից 8 ամսից ոչ ուշ:

Հետևանքների գնահատման անցկացումը չի խոչընդոտում հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման ուսումնասիրության արդյունքների մասին հարցը Հանձնաժողովի կողմից քննարկելը:

9. Հետևանքների գնահատման մասին եզրակացության մեջ առկա եզրահանգումները ներառվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» 69-րդ կետին համապատասխան փաստաթղթերի և նյութերի լրակազմում ներառված՝ համապատասխան հարցի վերաբերյալ տեղեկանքում, իսկ հետևանքների գնահատման վերաբերյալ եզրակացությունը` նշված փաստաթղթերի և նյութերի լրակազմում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան