Գլխավոր տեղեկություն
Համար
N 37-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.07.2022-27.04.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2009.12.04/2(2) Հոդ.3
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
18.11.2009
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

18 նոյեմբերի 2009 թ.

N 37-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին, 52-րդ հոդվածի 4-րդ մասին և «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի քաղաքային նշանակության գովազդային գոտում (քաղաքային նշանակության փողոցներում և դրանց անմիջապես հարող տարածքներում, ինչպես նաև քաղաքային նշանակության հրապարակներում և այգիներում) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալու լիազորությունը պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին:

(1-ին կետը փոփ. 26.11.10 N 158-Ն, 31.10.12 N 523-Ն)

2. Հաստատել Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները` համաձայն N 1 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 18.03.16 N 490-Ն)

2.1. Հաստատել Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն ստանալու դիմումի, թույլտվության, արտաքին գովազդի միջոց տեղադրելու թույլտվության, արտաքին գովազդի միջոցի տեղադրման թույլտվության ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:

(2.1-ին կետը լրաց. 18.03.16 N 490-Ն, խմբ. 21.06.22 N 611-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

Գ. Բեգլարյան

 

 

Հավելված N 1

Երևանի ավագանու

2009 թ. նոյեմբերի 18-ի

N 37-Ն որոշման

(համարակալումը փոփ. 18.03.16 N 490-Ն)

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնները (այսուհետ՝ Կանոններ) սահմանում են Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների վրա տեղադրվող (այսուհետ՝ գովազդ), տեղաբաշխման (տեղադրման) կարգն ու պայմանները և այդ գործընթացի մասնակիցների փոխհարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 21.06.22 N 611-Ն)

2. Գովազդի տեղաբաշխումն իրականացվում է «Գովազդի մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին ու իրավական ակտերին և սույն կանոնների պահանջներին համապատասխան:

3. Երևան քաղաքի վարչական սահմաններում գովազդը տեղաբաշխվում է վահանակների, լուսատախտակների, պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, էլեկտրոնային էկրանների, շենքերի մուտքերի և պատուհանների հովհարների (մարկիզներ), այլ նյութական կրիչների և տեխնիկական միջոցների (այսուհետ՝ գովազդի միջոցներ) ձևով:

(3-րդ կետը փոփ. 21.06.22 N 611-Ն)

4. Գովազդը կամ գովազդի միջոցը կարող է տեղաբաշխվել (տեղադրվել) պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի, շենքերի, շինությունների (հիմնական կամ ոչ հիմնական), դրանց վրա տեղակայված այլ կառույցների, կոնստրուկցիաների, տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների (այսուհետ՝ նաև գովազդի օբյեկտ) վրա:

(4-րդ կետը փոփ. 21.06.22 N 611-Ն)

5. Արգելվում է գովազդ տեղադրել թանգարանների, պատմական և ճարտարապետական հուշարձանների, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա և դրանց տարածքում:

6. Գովազդի միջոց հանդիսացող հիմնական և ոչ հիմնական շինությունները պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող հողամասերում կարող են կառուցվել կամ տեղադրվել Հայաստանի Հանրապետության հողային հարաբերությունները և քաղաքաշինական գործունեությունը կարգավորող իրավական ակտերին համապատասխան:

7. Բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերի ընդհանուր բաժնային սեփականության վրա գովազդ, գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված համապատասխան համաձայնության առկայության դեպքում:

(7-րդ կետը փոփ. 21.06.22 N 611-Ն)

7.1. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու համար նախատեսված շենքերի և շինությունների վրա գովազդ տեղադրելու թույլտվությունը տրվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով նախատեսված տվյալ ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվության առկայության դեպքում:

(7.1-ին կետը լրաց. 30.04.15 N 320-Ն)

8. Պետական կամ համայնքային սեփականություն չհանդիսացող գովազդի օբյեկտի վրա գովազդ, գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տրվում է միայն տվյալ գովազդի օբյեկտի սեփականատիրոջ, օրինական օգտագործողի կամ տիրապետողի համաձայնության, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի առկայության դեպքում:

(8-րդ կետը փոփ. 21.06.22 N 611-Ն)

9. Գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համար հողամասի հատկացման որոշումներում հաշվի են առնվում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կարծիքները, մասնավորապես`

1) Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում բարեկարգման տարրերի, ինչպես նաև էլեկտրասյուների հետ առնչվելու դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչությունների.

2) Վերգետնյա էլեկտրատրանսպորտի և տրանսպորտային այլ օբյեկտների հետ առնչվելու դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության.

3) Մայրուղիների և փողոցների երթևեկելի մասի կենտրոնական-բաժանարար գոտիներում՝ անկախ դրանց լայնությունից, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության, տրանսպորտի վարչությունների։

 

II. ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

10. Երևան քաղաքում, այդ թվում` տրանսպորտային միջոցների վրա, գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս են Երևանի վարչական շրջանների ղեկավարները:

10․1․ Երևան քաղաքում գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տալիս են Երևանի վարչական շրջանների ղեկավարները:

(10.1-ին կետը լրաց. 21.06.22 N 611-Ն)

11. Գովազդ տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրը սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ձևի (Ձև 1) դիմում է ներկայացնում դրա տեղաբաշխման վայրի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին, իսկ տրանսպորտային միջոցի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ Երևան քաղաքի որևէ վարչական շրջանի ղեկավարին:

(11-րդ կետը լրաց. 18.03.16 N 490-Ն, խմբ. 21.06.22 N 611-Ն)

11․1․ Դիմումը պետք է պարունակի․

1) վարչական շրջանի անվանումը,

2) վարչական շրջանի ղեկավարի անունը և ազգանունը,

3) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը, պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման համարը),

4) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը),

5) դիմողի հետ կապ հաստատելու միջոց հանդիսացող բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում),

6) գովազդի տեղաբաշխման ժամկետը, որով դիմողը ցանկանում է տեղաբաշխել գովազդը,

7) Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի (եթե գովազդը նախատեսվում է տեղադրել համայնքային գույքի վրա, դրա օգտագործմամբ) օգտագործման համաձայնություն տալու մասին հայցում,

8) դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,

9) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը,

10) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը, տվյալներ այն գովազդային միջոցի մասին, որի վրա նախատեսվում է տեղադրել գովազդը, մասնավորապես՝ գովազդային միջոցի հասցեն, դրա տեսակը:

(11.1-ին կետը լրաց. 16.03.12 N 417-Ն, խմբ. 21.06.22 N 611-Ն)

11․2. Դիմումին կցվում են.

1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը)՝ գովազդի չափերի նշումով, իսկ էլեկտրոնային էկրանի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ էլեկտրոնային գովազդային նյութերը կրիչով,

3) եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

4) հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր,

5) տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:

(11.2-րդ կետը լրաց. 21.06.22 N 611-Ն)

12. Գովազդի միջոց տեղադրելու համար, անձը սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ձևի (Ձև 3) դիմում է ներկայացնում դրա տեղադրման վայրի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին, իսկ տրանսպորտային միջոցի վրա գովազդի միջոց տեղադրելու դեպքում՝ Երևան քաղաքի որևէ վարչական շրջանի ղեկավարին:

(12-րդ կետը փոփ. 07.05.10 N 99-Ն, 15.03.11 N 199-Ն, փոփ., լրաց., խմբ. 18.03.16 N 490-Ն, խմբ. 21.06.22 N 611-Ն)

12․1․ Դիմումը պետք է պարունակի․

1) վարչական շրջանի անվանումը,

2) վարչական շրջանի ղեկավարի անունը և ազգանունը,

3) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը, պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման համարը),

4) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը),

5) դիմողի հետ կապ հաստատելու միջոց հանդիսացող բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում),

6) գովազդային միջոցի տեղադրման վայրը և ժամկետը, որով դիմողը ցանկանում է տեղադրել գովազդի միջոցը,

7) Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի (եթե գովազդի միջոցը նախատեսվում է տեղադրել համայնքային գույքի վրա, դրա օգտագործմամբ) օգտագործման համաձայնություն տալու մասին հայցում,

8) դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,

9) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը,

10) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը։

(12.1-ին կետը լրաց. 21.06.22 N 611-Ն)

12․2. Դիմումին կցվում են.

1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) գովազդի միջոցի նախագիծը, այն կոնստրուկցիա, կառույց կամ տեխնիկական այլ միջոց լինելու դեպքում՝ համապատասխան փորձաքննության եզրակացությունը,

3) եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

4) հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր,

5) տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:

(12.2-րդ կետը լրաց. 21.06.22 N 611-Ն)

12.3. Մեկից ավելի վարչական շրջաններում գովազդային գործունեություն իրականացնող գովազդակիրներն ուրվանկարների և համապատասխան փորձաքննության մոնտաժային նախագծերի համաձայնեցման համար մինչև սույն կանոնների 11-րդ կետով սահմանված կարգով համապատասխան վարչական շրջան դիմում ներկայացնելը կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ ներկայացնելով գովազդային ուրվանկարների փաթեթները կամ գովազդային միջոցների նախագծերը։ Ներկայացվող դիմումում պետք է նշվեն գովազդի տեղադիրը (հասցե) ըստ վարչական շրջանների, արտաքին չափերը, մակերեսը և տեղադրման ժամանակացույցը։

(12.3-րդ կետը լրաց. 21.06.22 N 611-Ն)

13. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ) սույն որոշման 11-րդ կամ 12-րդ կետով նախատեսված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դրանց համապատասխանությունը սույն կանոնների պահանջներին: Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Աշխատակազմը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Աշխատակազմը դիմողին առաջարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել այն:

(13-րդ կետը փոփ. 18.03.16 N 490-Ն, խմբ. 21.06.22 N 611-Ն)

14. Եթե դիմումում կամ կից փաստաթղթերում առկա են ոչ ձևական, էական սխալներ, կամ Կանոնների 13-րդ կետում սահմանված ժամկետում ձևական թերությունները չեն շտկվել, ապա վարչական շրջանի ղեկավարը դիմումը ստանալուց կամ թերությունները շտկելու համար սահմանված ժամկետի լրանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում մերժում է դիմումը:

(14-րդ կետը փոփ. 18.03.16 N 490-Ն)

15. Եթե դիմումը և կից փաստաթղթերը համապատասխանում են Կանոնների պահանջներին, կամ դիմողի կողմից վերացվել են ձևական խախտումները, ապա Աշխատակազմը դիմումի Կանոնների պահանջներին համապատասխանելու մեջ հավաստվելուց կամ ձևական խախտումները դիմողի կողմից վերացվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ ուրվանկարների և համապատասխան փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության համապատասխան հողհատկացման, Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի օգտագործման (համաձայնության) թույլտվության հարցերի քննարկման և լուծման համար։

(15-րդ կետը լրաց. 16.03.12 N 417-Ն, փոփ., լրաց. 18.03.16 N 490-Ն,  խմբ. 21.06.22 N 611-Ն)

16. Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Կանոնների պահանջներին: Այն դեպքում, եթե համաձայնության տրամադրման համար անհրաժեշտ է հաշվի առնել Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կարծիքները, ապա ապահովելով այդ գործընթացը, դիմումը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է համաձայնություն կամ մերժում դրա տրամադրումը:

(16-րդ կետը փոփ. 18.03.16 N 490-Ն)

17. Ըստ անհրաժեշտության Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը սահմանված կարգով նախաձեռնում է նաև Երևանի քաղաքապետի կողմից համապատասխան հողհատկացման գործընթացը, ինչպես նաև համաձայնություն է տալիս հենասյուների կամ այլ գույքի վրա գովազդի միջոցի տեղադրման համար: Եթե համապատասխան հողամասի տրամադրումը կամ հենասյուների կամ այլ գույքի վրա գովազդի միջոցի տեղադրման համար համաձայնություն տալը հնարավոր չէ կամ գովազդը, գովազդի միջոցը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության (այդ թվում՝ Կանոնների) պահանջներին, կամ կարող է խախտել ճանապարհային երթևեկությունը կամ այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ապա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը մերժում է համաձայնության տրամադրումը Կանոնների 16-րդ կետում սահմանված ժամկետում:

(17-րդ կետը փոփ. 18.03.16 N 490-Ն, 21.06.22 N 611-Ն)

17․1․ Վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված դիմումի և դրան կից փաստաթղթերի սույն կանոններին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ կիրառելի պահանջներին համապատասխանելու դեպքում, Երևան քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից տրվում է համաձայնություն ներկայացված դիմումի հիման վրա համապատասխան թույլտվություն տրամադրելու վերաբերյալ։ Թույլտվությունը տրվում է դիմումում նշված ժամկետով։

(17.1-ին կետը լրաց. 21.06.22 N 611-Ն)

18. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից համաձայնություն տրված ուրվանկարները, սահմանված չափի տեղական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերը, ինչպես նաև սույն կանոններով նախատեսված այլ փաստաթղթերը (հողհատկացման որոշում և այլն) ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում վարչական շրջանի ղեկավարի որոշմամբ տրվում է գովազդի տեղաբաշխման կամ գովազդի միջոցի տեղադրման թույլտվություն՝ համաձայն ձևի: Վարչական շրջանի ղեկավարի կողմից նշված թույլտվությունները կարող են տրվել դիմողի կողմից դիմումում նշված ժամկետից նվազ ժամկետով, ներկայացնելով այդպիսի որոշման պատճառաբանությունները։ Եթե համաձայնության տրամադրումը մերժվել է, ապա գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն տալը մերժում է նույն ժամկետում:

(18-րդ կետը լրաց. 15.03.11 N 199-Ն, փոփ., լրաց. 18.03.16 N 490-Ն, խմբ. 21.06.22 N 611-Ն)

19. Արտաքին գովազդի տեղաբաշխման կամ գովազդի միջոցի տեղադրման թույլտվություն տրամադրելուց հետո Աշխատակազմը պետք է պարզի գովազդի տեղաբաշխման և գովազդի միջոցի տեղադրման համապատասխանությունը դիմողի կողմից ներկայացված դիմումին և դրան կից նյութերին, ինչպես նաև տրված թույլտվությանը: Անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Աշխատակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը:

Առաջին անգամ անհամապատասխանություն հայտնաբերելիս գովազդատուն (գովազդակիրը) գրավոր զգուշացվում է ողջամիտ ժամկետում այն վերացնելու մասին: Սահմանված ժամկետում տեղ գտած թերությունները չշտկելու կամ 2-րդ անգամ անհամապատասխանություն թույլ տալու դեպքում` գովազդատուն (գովազդակիրը) պարտավորեցվում է իր միջոցներով ապամոնտաժել գովազդի միջոցը: Գովազդատուի (գովազդակրի) կողմից գովազդի միջոցը չապամոնտաժելու դեպքում՝ այն ապամոնտաժվում է համայնքի միջոցներով, իսկ կատարված ծախսերը փոխհատուցում է գովազդատուն (գովազդակիրը):

(19-րդ կետը լրաց. 07.05.10 N 99-Ն, փոփ., լրաց. 18.03.16 N 490-Ն, խմբ. 21.06.22 N 611-Ն)

19․1․ Համայնքի կողմից սույն որոշման 19-րդ կետի 1-ին պարբերության երկրորդ նախադասության և նույն կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված գործողությունները կատարման են ենթակա նաև այն դեպքում, երբ անձի կողմից տեղաբաշխվել է գովազդ կամ տեղադրվել է գովազդի միջոց համապատասխան թույլտվության բացակայության պայմաններում։

(19.1-ին կետը լրաց. 21.06.22 N 611-Ն)

20. Թույլտվությունը հանդիսանում է հատուկ հաշվառման փաստաթուղթ, որը գրանցվում է վարչական շրջանի թույլտվությունների հաշվառման մատյանում, իսկ թույլտվության պատճենը և հաշվառման մատյանը պահվում են վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում։

21. Գովազդի միջոց, գովազդ տեղադրելու դիմումը մերժելու վերաբերյալ որոշման մեջ պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու հիմքերը։

(21-րդ կետը փոփ. 21.06.22 N 611-Ն)

21.1. Գովազդի տեղաբաշխման, գովազդի միջոցի տեղադրման վերաբերյալ դիմումը Կանոնների 16-րդ կետով սահմանված ժամկետում ենթակա է մերժման հետևյալ դեպքերում`

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հավելվածի 3-րդ գլխով նախատեսված չափորոշիչների և Կանոնների պահանջներին,

2) խախտվում են սույն կանոնների և այլ իրավական ակտերի պահանջները:

(21.1-ին կետը լրաց. 18.03.16 N 490-Ն, խմբ. 21.06.22 N 611-Ն)

22. Գովազդը գովազդի միջոցների վրա տեղադրելու ժամանակ, ինչպես նաև արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխման դեպքում, գովազդատուն, գովազդակիրը, մինչև գովազդի տեղադրումը կամ արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխումը, այդ մասին գրավոր տեղեկացնում է աշխատակազմին` կից ներկայացնելով համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի էսքիզը, որը գովազդի տեղաբաշխման թույլտվության համար սահմանված ժամկետներում և կարգով համաձայնեցվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության հետ։ Այն կարող է մերժվել Կանոններով սահմանված ժամկետներում և հիմքերով:

(22-րդ կետը լրաց. 18.03.16 N 490-Ն, փոփ. 21.06.22 N 611-Ն)

23. Գովազդի միջոցի տեղադրման մոնտաժային աշխատանքները կատարվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից մշակված և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության հետ համաձայնեցված նախագծով։ Արտաքին գովազդի միջոց տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գովազդի միջոցի մոնտաժման ապահովության և դրա անվթար շահագործման համար։

(23-րդ կետը փոփ. 21.06.22 N 611-Ն)

24. Այն դեպքում, երբ թույլտվության գործողության ընթացքում գովազդվող տեղեկատվությունը փոփոխվում է, որի համար օրենքով նախատեսված է տեղական տուրքի այլ դրույքաչափ, ապա գովազդատուն, գովազդակիրը կատարում են վճարում համապատասխան դրույքաչափով:

(24-րդ կետը փոփ. 07.05.10 N 99-Ն)

25. Գովազդի տեղաբաշխման, գովազդի միջոցի տեղադրման թույլտվություն ստացած անձը կարող է թույլտվությունը փոխանցել այլ անձի՝ վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության համաձայնությամբ։ Փոխանցումը կարող է տեղի ունենալ համապատասխան թույլտվությունից բխող իրավունքը ձեռք բերելուց հետո 4 ամսից ոչ շուտ: Համաձայնությունը տրվում է այդ մասին համապատասխան դիմում ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

(25-րդ կետը խմբ. 07.05.10 N 99-Ն, լրաց. 18.03.16 N 490-Ն, խմբ. 21.06.22 N 611-Ն)

26. Գովազդի տեղաբաշխման, գովազդի միջոցի տեղադրման թույլտվության ժամկետը լրանալու, այն վաղաժամ դադարելու դեպքում գովազդատուն, գովազդակիրը, գովազդային միջոցի տեղադրման թույլտվություն ստացած անձը պարտավոր են թույլտվության ժամկետը լրանալուց կամ վաղաժամկետ դադարեցվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրենց միջոցներով ապամոնտաժել գովազդը, գովազդի միջոցը, իսկ զբաղեցրած տարածքը, շենքերը, շինությունները կամ այլ գույքը, որի վրա տեղակայված, տեղադրված է եղել գովազդը, գովազդի միջոցը, բերել նախկին վիճակին:

(26-րդ կետը լրաց. 07.05.10 N 99-Ն, փոփ., լրաց. 18.03.16 N 490-Ն, խմբ. 21.06.22 N 611-Ն)

26.1.Անձն ունի իր գովազդի միջոցի տեղադրման թույլտվության ժամկետի երկարաձգման նախապատվության իրավունք։ Այդ նպատակով անձը թույլտվության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ դիմում է համապատասխան վարչական շրջանի ղեկավարին:

(26.1-ին կետը լրաց. 21.06.22 N 611-Ն)

27. Երևան քաղաքում գովազդի տեղաբաշխման (տեղադրման) գործընթացի նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է Երևանի վարչական շրջանի ղեկավարը, իսկ վերահսկողությունը՝ Երևանի քաղաքապետը:

(27-րդ կետը փոփ. 21.06.22 N 611-Ն)

28. Գովազդատուն, գովազդ արտադրողը, գովազդակիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման համար պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 21.06.22 N 611-Ն)

 

29. Երևան քաղաքի վարչական սահմաններում գովազդը կարող է տեղաբաշխվել վահանակային կայանքների (վահանակների), տանիքային կայանքների, մեծանկարների, էլեկտրոնային էկրանների, բարձակների, շենքերի մուտքերի և պատուհանների հովհարների (մարկիզներ), վիտրաժային գովազդների, շարժական գովազդների, հասարակական և այլ տրանսպորտի կանգառասրահների, հեռախոսախցիկների, նստարանների, տաղավարների, հասարակական զուգարանների, աղբամանների, սառնարանների, օդապարիկների, ճառագայթային գովազդի, տրանսպորտային և այլ միջոցներով։

(29-րդ կետը փոփ. 21.06.22 N 611-Ն)

30. Երևան քաղաքի տարածքում գովազդի միջոցները չեն կարող տեղաբաշխվել (տեղադրվել) երթևեկելի մասի մակերևույթից 7 մ-ից ցածր բարձրությամբ, եթե գովազդի միջոցի որևէ մասը գտնվում է ճանապարհի երթևեկելի մասի վրա:

(30-րդ կետը փոփ. 21.06.22 N 611-Ն)

31. Ճանապարհի կողային մասում գովազդի միջոց տեղակայելու, տեղադրելու դեպքում այն պետք է լինի եզրաքար ունեցող ճանապարհի եզրաքարից 0,6 մ ոչ պակաս հեռավորությամբ, իսկ եզրաքար չլինելու դեպքում՝ ճանապարհի եզրից ոչ պակաս, քան 2-3 մ, կախված տեղանքի առանձնահատկություններից, որը պարզվում է տեղազննությամբ:

(31-րդ կետը փոփ. 21.06.22 N 611-Ն)

32. Գովազդի միջոցները չպետք է.

1) խոչընդոտեն ճանապարհային երթևեկության ապահովմանն ու անվտանգությանը, փողոցների ու մայթերի անցմանը, խանգարեն փողոցների ու մայթերի մեքենայացված մաքրմանը,

2) սահմանափակեն տեսանելիությունը ավտոճանապարհների վրա,

3) առաջացնեն երթևեկության մասնակիցների կուրացում (լույսով, այդ թվում՝ նաև անդրադարձող),

4) հանդիսանան հետիոտնի շարժմանը արգելք,

5) լինեն ճանապարհների վտանգավոր հատվածներում և տեղադրվեն լուսամփոփների ու ճանապարհային կանգնակների վրա։

33. Գովազդ տեղադրել չի թույլատրվում՝

1) բնակելի շենքերի մոտ, եթե դրանք հանդիսանում են աղմուկի, տատանման, հզոր ճառագայթման և էլեկտրամագնիսական դաշտի, ուժեղ լույսի, այդ թվում՝ տատանվող աղբյուր.

2) թանգարաններում, պատմական և ճարտարապետական հուշարձանների վրա, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա և դրանց տարածքում.

3) «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վրա և դրանց տարածքներում (պետական հաշվառման վերցրած պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցների, դրանց համակառույցների և համալիրների, իրենց գրված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքների վրա, ինչպես նաև պատմամշակութային արգելոցներում).

4) Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող փողոցներում կրկնաձիգ գրաժապավենների (տրանսպարանտ) միջոցով, բացառությամբ համապետական համաքաղաքային նշանակության միջոցառումների ազդարարման նպատակով կարճաժամկետ տեղադրման դեպքերի.

5) ճանապարհային ցանցում, երբ այն անհամապատասխան է ճանապարհատրանսպորտային տվյալ իրավիճակի հետ և նմանություն ունի (արտաքին տեսքով, պատկերով և ձայնային էֆեկտով) ճանապարհային նշանների, ճանապարհային երթևեկության կազմակերպման և այլ տեխնիկական միջոցների հետ։

(33-րդ կետը խմբ. 16.03.12 N 417-Ն)

34. Վահանակային կայանքները (վահանակները) տեղեկատվության համար մակերես նախատեսող կոնստրուկցիաներ են՝ բաղկացած հիմքից, հիմնակմախքից (կարկաս) և տեղեկատու դաշտից: Տեղեկատու դաշտը կարող է լինել մեծ (առավելագույնը 7 մ x 14 մ), միջին (առավելագույնը 3մ x 6մ) կամ փոքր (առավելագույնը 1.5 մ x 3.5 մ) չափերի: Վահանակները կարող են լինել երկկողմանի կամ միակողմանի (գովազդի հակառակ կողմը պարտադիր դեկորատիվ ձևավորվում է) կատարմամբ: Երևան քաղաքում տեղադրվող տեղեկատու դաշտով գովազդային վահանակի կրող հենասյան վրա պետք է նշված լինի գովազդակրի անվանումը և հեռախոսահամարը:

(34-րդ կետը փոփ., խմբ. 18.03.16 N 490-Ն)

34.1 Երևանի քաղաքապետի կողմից սահմանված գործունեության ուղղվածության առանձին ոլորտների համար, գովազդային վահանակները պետք է լինեն միասնական գունային, ոճային ձևավորմամբ լուծումներով, որոնց էսքիզները հաստատում է Երևանի քաղաքապետը:

(34.1-ին կետը լրաց. 18.03.16 N 490-Ն)

35. (կետը հանվել է 18.03.16 N 490-Ն)

36. Մայրուղիներում և խճուղիներում մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև հեռավորությունը կախված դրանց չափերից, չի կարող պակաս լինել՝

1) 15քմ և ավելի՝ 150մ

2) 10-15քմ՝ 100մ

3) 6-10քմ՝ 90մ

4) 4-6քմ՝ 50մ

5) 2-4քմ՝ 25մ

6) մինչև 2քմ՝ 15մ։

37. Պողոտաներում և փողոցներում, որոնցում տրանսպորտային միջոցների թույլատրելի արագությունը 60կմ/ժամ է, մեկ ուղղությամբ երկու վահանակների միջև հեռավորությունը, կախված դրանց չափերից, չի կարող պակաս լինել՝

1) 15քմ և ավելի` 120մ

2) 6-15քմ՝ 90մ

3) 2-6քմ՝ 20մ

4) մինչև 2քմ՝ 4մ։

(37-րդ կետը փոփ. 18.03.16 N 490-Ն)

38. Փողոցներում, որոնցում տրանսպորտային միջոցների թույլատրելի արագությունը 60կմ/ժամ-ից պակաս է, ինչպես նաև նեղ փողոցներում և նրբանցքներում, մեկ ուղղությամբ երկու վահանակների միջև հեռավորությունը, կախված դրանց չափերից, չի կարող պակաս լինել՝

1) 10-12քմ՝ 60մ

2) 6-10քմ՝ 50մ

3) 4-6քմ՝ 30մ

4) մինչև 4քմ՝ 20մ։

38.1. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու համար նախատեսված շենքերի և շինությունների վրա տեղադրվող գովազդի առավելագույն չափը կարող է լինել 1.2 մ x 1.8 մ, ընդ որում` գովազդը պետք է ապահովված լինի լուսավորությամբ:

(38.1-ին կետը լրաց. 30.04.15 N 320-Ն)

38.2. Սգո ծիսակատարությունների համար նախատեսված ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտների գովազդի առավելագույն չափը կարող է լինել 1 մ x 1.5 մ և բաղկացած լինեն «սգո» և (կամ) «պարագաներ» և (կամ) «ծառայություններ» բառերից՝ իրենց համապատասխան հոլովաձևերով և շաղկապներով:

(38.2-րդ կետը լրաց. 30.04.15 N 320-Ն)

39. Շենքի տանիքին տեղադրվող տանիքային կայանքները պետք է ունենան հակահրդեհային և հոսանքի վթարային անջատման համակարգ։ Ամրակցման տարրերը, ինչպես և կոնստրուկցիայի կրող մասի հակառակ կողմը պետք է ծածկվեն դեկորատիվ պանելով։

40. Պատի մեծանկարների տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է կոնստրուկցիայի, իսկ դրա բացակայության դեպքում՝ անմիջական չափերով։

41. Հենասյուների կամ շենքերի վրա ամրակցվող երկկողմանի հարթակային վահանակների՝ բարձակների առավելագույն չափը չի կարող ավելի լինել 1.25մ x 2.0մ: Շահագործման անվտանգության նպատակով բարձակները տեղադրվում են հողի մակերևույթից ոչ պակաս, քան 4.5մ բարձրության վրա: Մեկ հիմքի վրա չի կարող տեղադրվել մեկից ավելի բարձակ: Բարձակի տեղեկատու դաշտի մակերեսը հաշվարկվում է կողմերի ընդհանուր մակերեսով։

42. Էլեկտրոնային էկրաններ կարող են տեղադրվել շենքերի տանիքներին, շենքերի պատերի խուլ հատվածներին, վերգետնյա անցումների վրա, ճանապարհների կենտրոնական բաժանարար գոտիներում և խաչմերուկներում:

Էկրանային (վերարտադրող) սարքավորումների մակերեսը որոշվում է էկրանի վերարտադրվող պատկերի մակերեսով։

Էլեկտրոնային էկրանների տեղադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները`

ա) «Էլեկտրոնային էկրանի որևէ հատված չի կարող գտնվել ճանապարհի երթևեկելի մասի վրա, բացառությամբ վերգետնյա անցումների վրա տեղադրված էլեկտրոնային էկրանների:

բ) Յուրաքանչյուր խաչմերուկում չի կարող տեղադրվել 1-ից ավելի էլեկտրոնային վահանակ:

գ) Ցանկացած չափի էլեկտրոնային էկրանների միջև հեռավորությունը չի կարող պակաս լինել 200 մետրից:

դ) Էլեկտրոնային Էկրանի յուրաքանչյուր տեղադիրի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից սահմանվում են առանձին չափորոշիչներ` կապված բարձրության և տեղեկատու դաշտի մակերեսի հետ, որոնք հաշվի են առնում տվյալ տարածքի ճարտարապետական առանձնահատկությունները։

(42-րդ կետը խմբ. 16.03.12 N 417-Ն)

43. Դրոշակների, հովհարների (մարկիզ) գովազդային տեղեկատու մակերեսները որոշվում են բոլոր կողմերի մակերեսով:

44. Վիտրաժային արտաքին գովազդի միջոցների (դռների և լուսամուտափեղկերի վրա, լուսամուտափեղկից ներս տեղադրված, սակայն դրսից տեսանելի գովազդ) մակերեսները հաշվարկվում են փաստացի տեղադրված գովազդի չափով:

45. Շտենդերները՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից աշխատանքային ժամերի ընթացքում տեղադրվող արտաքին գովազդի շարժական և ժամանակավոր միջոցները, պետք է ունենան Երևանի քաղաքապետի կողմից հաստատված էսքիզներին համապատասխան միասնական գունային, ոճային ձևավորմամբ լուծումներ: Շտենդերները կարող են տեղադրվել մայթերին, որոնց նվազագույն լայնքը կազմում է 3.5մ:

(45-րդ կետը փոփ. 18.03.16 N 490-Ն)

45.1. Շենք-շինությունների ճակատային հատվածների վրա թույլատրելի գովազդի տեղադիրը, չափը, գունային լուծումը և գովազդի պատրաստման համար օգտագործվող նյութերը որոշվում են համաձայն` Երևանի քաղաքապետի կողմից հաստատված սխեմայի։

(45.1-ին կետը լրաց. 16.03.12 N 417-Ն)

46. Նշված կանոններին չհամապատասխանող գովազդի միջոցները ենթակա են համապատասխանեցման սույն կանոններին՝ մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նշված ժամկետում գովազդի միջոցները կանոններին չհամապատասխանեցնելու դեպքում դրանք ենթակա են ապամոնտաժման՝ սահմանված կարգով:

(46-րդ կետը լրաց. 07.05.10 N 99-Ն)

47. Սույն հավելվածի 38.2-րդ կետում նշված կանոնին չհամապատասխանող գովազդի միջոցները ենթակա են համապատասխանեցման նշված կանոնին՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: Նշված ժամկետում չհամապատասխանեցնելու դեպքում դրանք ենթակա են ապամոնտաժման՝ սահմանված կարգով:

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 07.05.10 N 99-Ն, փոփ., լրաց. 15.03.11 N 199-Ն, լրաց., խմբ. 16.03.12 N 417-Ն, լրաց. 30.04.15 N 320-Ն, լրաց., փոփ., խմբ. 18.03.16 N 490-Ն, 21.06.22 N 611-Ն)

 

 

 

Հավելված N 2

Երևան քաղաքի ավագանու

2009 թվականի նոյեմբերի 18-ի

N 37-Ն որոշման

 

Ձև 1

______________________________________________

(վարչական շրջանի անվանումը)

 

______________________________________________

(վարչական շրջանի ղեկավարի անունը, ազգանունը)

 

______________________________________________

(դիմողի անուն, ազգանուն/անվանում, հասցեն)

 

______________________________________________

(իրավաբանական անձի պետական գրանցման համարը, գտնվելու վայրը)

 

______________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, հասցեն)

 

______________________________________________

(դիմողի բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

______________________________________________

(բնակության վայր/գտնվելու վայր, պետական գրանցման համար)

 

Դիմում

 

Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդ տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվություն տրամադրելու մասին

 

Խնդրում եմ տրամադրել ստորև նշված պայմաններով արտաքին գովազդ տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվություն:

 

Գովազդային միջոցի վայրը ___________________

Գովազդի տեղաբաշխման ժամկետը ___________________

 

Այդ նպատակով խնդրում եմ՝

□ տրամադրել հողամաս (եթե գովազդի միջոցը տեղադրվելու է հողամասի վրա)

□ տրամադրել Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի օգտագործման համաձայնություն (եթե գովազդը, գովազդի միջոցը տեղադրվելու է հենասյուների կամ այլ գույքի վրա):

 

Կից ներկայացնում եմ՝

 

1. դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2. գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը)՝ գովազդի չափերի նշումով, իսկ էլեկտրոնային էկրանի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ էլեկտրոնային գովազդային նյութերը կրիչով,

3. գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը) երկու օրինակից՝ գովազդի չափերի նշումով,

4. եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

5. տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները,

6․ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր։

 
 Դիմող՝

________________
(ստորագրություն)

_________________________
(անուն, ազգանուն)

 «___» _______ թ.    

 

Ձև 2

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ _______________ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ)

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ____

 

Տրվում է

______________________________________________

գովազդակրի անունը, անվանումը

 

______________________________________________

արտաքին գովազդի տեղաբաշխման

(տեղադրման) վայրը (տեղը)

 

______________________________________________

արտաքին գովազդ տեղաբաշխելու (տեղադրելու) միջոցը

(վահանակ, լուսատախտակ, գրաժապավեն, պաստառ և այլն)

 

______________________________________________

գովազդի տեսակը

 

Գովազդի մակերեսը _____ քմ

 

 Թույլտվության գործողության ժամկետը`    «__»___________ թ.

Երևանի __________ վարչական շրջանի ղեկավար` __________________

 

 « ___ » _________ թ.  

 Կ. Տ.

 

Ձև 3

 

______________________________________________

(վարչական շրջանի անվանումը)

 

______________________________________________

(վարչական շրջանի ղեկավարի անունը, ազգանունը)

 

______________________________________________

(դիմողի անուն, ազգանուն/անվանում, հասցեն)

 

______________________________________________

(իրավաբանական անձի պետական գրանցման համարը, գտնվելու վայրը)

 

______________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, հասցեն)

 

______________________________________________

(դիմողի բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

______________________________________________

(բնակության վայր/գտնվելու վայր, պետական գրանցման համար)

 

Դիմում

 

Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի միջոց տեղադրելու թույլտվություն տրամադրելու մասին

 

Խնդրում եմ տրամադրել ստորև նշված պայմաններով արտաքին գովազդի միջոց տեղադրելու թույլտվություն:

 

Գովազդային միջոցի տեղադրման վայրը ___________________

Գովազդի միջոցի տեղադրման ժամկետը ___________________

 

Այդ նպատակով խնդրում եմ՝

□ տրամադրել հողամաս (եթե գովազդի միջոցը տեղադրվելու է հողամասի վրա)

□ տրամադրել Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի օգտագործման համաձայնություն (եթե գովազդը, գովազդի միջոցը տեղադրվելու է հենասյուների կամ այլ գույքի վրա):

 

Կից ներկայացնում եմ՝

 

1. դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2. գովազդի միջոցի նախագիծը, այն կոնստրուկցիա, կառույց կամ տեխնիկական այլ միջոց լինելու դեպքում՝ համապատասխան փորձաքննության եզրակացությունը,

3. եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

4. տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները,

5. հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր։

 

 Դիմող՝

 ________________
(ստորագրություն)

_________________________
(անուն, ազգանուն)

 «___» _______ թ.    

 

Ձև 4

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ _______________ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ____

 

Տրվում է

______________________________________________

դիմումատուի անունը, անվանումը

 

______________________________________________

արտաքին գովազդի միջոցի

(տեղադրման) վայրը (տեղը)

 

գովազդի միջոցի մակերեսը _____ քմ

 

 Թույլտվության գործողության ժամկետը`    «__»___________ թ.

 

Երևանի __________ վարչական շրջանի ղեկավար` __________________

 

 « ___ » _________ թ.  

 Կ. Տ.

 

(հավելվածը լրաց. 18.03.16 N 490-Ն, խմբ. 21.06.22 N 611-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան