Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-402-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (30.11.2002-26.05.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.08/32(207) Հոդ.735
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1.

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության կազմակերպման և դրա իրականացման, մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակի, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

 

ՀՈԴՎԱԾ 2.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքից և մաքսային ծառայության հարցերը կարգավորող իրավական այլ ակտերից:

Մաքսային ծառայության պաշտոնատար անձանց` սույն օրենքով չկարգավորվող աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և իրավական այլ ակտերով:

 

ՀՈԴՎԱԾ 3.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների միասնական կենտրոնացված համակարգն է:

 

ՀՈԴՎԱԾ 4.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Մաքսային ծառայության խնդիրներն են Հայաստանի Հանրապետության մաքսային քաղաքականության իրականացումը, մաքսային գործի և մաքսային մարմինների գործունեության արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողների իրավունքների և պարտականությունների իրականացման ապահովումը:

 

ՀՈԴՎԱԾ 5.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է մաքսային մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնող այն անձանց (այսուհետ` մաքսային ծառայող) վրա, որոնց սույն օրենքով նախատեսված կարգով կարող են շնորհվել մաքսային ծառայության հատուկ կոչումներ, և որոնք լիազորված են իրականացնել մաքսային մարմինների գործառույթների հետ կապված մասնագիտական գործունեություն:

2. Մաքսային մարմիններում նախատեսվում են նաև քաղաքացիական ծառայության և մաքսային մարմինների գործունեության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոններ:

Մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայողների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենքով և դրանից բխող իրավական ակտերով:

Մաքսային մարմինների գործունեության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

 

ՀՈԴՎԱԾ 6.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը ղեկավարում է պետական լիազոր մարմնի (այսուհետ` վերադաս մաքսային մարմին) ղեկավարը:

2. Մաքսային ծառայությունը հիմնվում է աստիճանակարգված ենթակայության սկզբունքի վրա: Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնի ղեկավարը և նրա տեղակալը վերադաս են մաքսատան պետի և մաքսային կետի պետի համար, իսկ մաքսատան պետը և նրա տեղակալը վերադաս են մաքսատան ենթակայության տակ գտնվող մաքսային կետի պետի համար:

3. Մաքսային ծառայողներն իրենց լիազորություններն իրականացնելիս ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, գործում են հրապարակայնորեն` ապահովելով պետական, առևտրային և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

ՀՈԴՎԱԾ 7.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

 

1. Մաքսային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Մաքսային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) մաքսային ծառայության բարձրագույն պաշտոններ`

վերադաս մաքսային մարմնի ղեկավար,

վերադաս մաքսային մարմնի ղեկավարի տեղակալ.

2) մաքսային ծառայության գլխավոր պաշտոններ`

վերադաս մաքսային մարմնի վարչության պետ,

վերադաս մաքսային մարմնի վարչության պետի տեղակալ,

վերադաս մաքսային մարմնի բաժնի պետ,

վերադաս մաքսային մարմնի մաքսատան պետ,

վերադաս մաքսային մարմնի մաքսատան պետի տեղակալ,

վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետ.

3) մաքսային ծառայության առաջատար պաշտոններ`

վերադաս մաքսային մարմնի բաժնի պետի տեղակալ,

վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետի տեղակալ,

վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետ,

վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի բաժանմունքի պետ,

վերադաս մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ.

4) մաքսային ծառայության կրտսեր պաշտոններ`

վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ,

վերադաս մաքսային մարմնի տեսուչ,

վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի գլխավոր մաքսային տեսուչ,

վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի ավագ մաքսային տեսուչ,

վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի մաքսային տեսուչ:

3. Մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(7-րդ հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-442-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 8.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի միայն բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող և վերադաս մաքսային մարմնի հաստատած համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

2. Մաքսային ծառայությունն իրականացվում է մաքսային ծառայության անցնելու մասին կնքված պայմանագրին համապատասխան, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Մաքսային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են մրցույթով:

 

ՀՈԴՎԱԾ 9.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Մաքսային ծառայության պաշտոնի չեն կարող նշանակվել այն անձինք, ովքեր`

1) դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զրկված են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 10.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ

 

1. Առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումը, բացառությամբ մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների նշանակումների, իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` կախված նրա մասնագիտական պատրաստվածության աստիճանից և պաշտոնից: Այդ ժամանակահատվածում համապատասխան պաշտոնեական պարտականություններ իրականացնող անձին հատուկ կոչում չի շնորհվում:

2. Փորձաշրջանի տևողությունը նշվում է ծառայության ընդունման մասին վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանում:

3. Փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 11.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

1. Մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) կնքվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու և վերադաս մաքսային մարմնի միջև, գրավոր ձևով, մինչև սույն օրենքով սահմանված մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի լրանալը:

2. Պայմանագրի կնքման կարգը և օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` վերադաս մաքսային մարմնի ներկայացմամբ:

3. Պայմանագրում սահմանվում են կողմերի իրավունքները, պարտականությունները և ստանձնած պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվությունը:

4. Մաքսային ծառայողներին տրվում են ծառայողական վկայականներ, որոնց ձևը հաստատում է նրանց պաշտոնի նշանակող անձը:

5. Սույն օրենքի 14-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով նախատեսված նշանակումների դեպքում սույն հոդվածով նախատեսված պայմանագիր չի կնքվում:

 

ՀՈԴՎԱԾ 12.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ և ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով մրցույթներ և ատեստավորումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է Մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով), որի կազմում, բացի Հանձնաժողովի նախագահից, ընդգրկվում է վեց անդամ` առաջադրված Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներով: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում է Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:

2. Հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 6 հոգի:

3. Հանձնաժողովի նախագահը և անդամներն իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած պաշտոնների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 13.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԸ

 

1. Մաքսային ծառայության կրտսեր պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է բաց մրցույթ: Բաց մրցույթին կարող են մասնակցել մաքսային ծառայողները և սույն օրենքի 8-9-րդ հոդվածների պահանջները բավարարող քաղաքացիները:

2. Մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը վերադաս մաքսային մարմինը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով:

3. Մրցույթն անցկացվում է նաև մրցույթին մասնակցելու համար մեկ մասնակցի դիմելու դեպքում:

Հանձնաժողովը մաքսային ծառայողին (քաղաքացուն) չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 8-9-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ ապագա աշխատանքը կապված է մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) մաքսային ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

4. Մրցույթը բաղկացած է երկու մասից` թեստավորում և հարցազրույց:

Թեստերը կազմվում են հանձնաժողովի սահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.

2) մաքսային ծառայության մասին օրենսդրություն.

3) մաքսային օրենսդրության ընդհանուր հարցեր.

4) վերադաս մաքսային մարմնի (կառուցվածքային ստորաբաժանման) իրավասություններին առնչվող իրավական ակտերի իմացություն.

5) մաքսային ծառայության համապատասխան պաշտոնի նկարագրով նախատեսված պահանջների իմացություն:

Թեստերի հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի:

Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ պատասխան:

Թեստավորումն անցկացվում է մասնակիցների համար ծածկագրերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է մաքսային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով նախատեսված լիազորությունների վերաբերյալ նրանց գործնական կարողությունները և անհատական հատկանիշները գնահատելու նպատակով:

Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքներում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Մրցույթում հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր փակ գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել են մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

Մրցույթի պայմանները չբավարարած անձանց, յոթնօրյա ժամկետում, այդ մասին հայտնվում է գրավոր:

5. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը փակ գաղտնի քվեարկության արդյունքում չի հավաքել մրցութային հանձնաժողովի քվեարկության մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն օրենքով սահմանված սահմանափակումներից որևէ մեկը, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:

Կրկնակի մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Կրկնակի մրցույթն անցկացվում է սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:

Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա մաքսային ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նոր մրցույթը հայտարարվում է կրկնակի մրցույթ անցկացնելուց երկու ամիս հետո:

6. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու (մրցույթին մասնակցելու) կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 14.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

1. Մաքսային ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարը կարող է տասնհինգօրյա ժամկետում մաքսային ծառայության պաշտոնների տվյալ կամ դրան հաջորդող խմբին դասվող մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողներից կատարել նշանակում` առաջնայնությունը տալով այն ծառայողներին, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը վերջին ատեստավորման արդյունքում կայացրել է սույն օրենքի 15-րդ հոդվածի տասներորդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը, ինչպես նաև մաքսային ծառայության ավելի երկար ստաժ ունեցող ծառայողներին:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետներում մաքսային ծառայության գլխավոր և առաջատար թափուր պաշտոնում նշանակում չկատարվելու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է փակ մրցույթ` սույն օրենքի 13-րդ հոդվածի երրորդից վեցերորդ մասերով սահմանված կարգով:

Փակ մրցույթին կարող են մասնակցել մաքսային ծառայողները, ինչպես նաև մաքսային ֆինանսական, բանկային, հարկային մարմիններում, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմինների ֆինանսական ծառայություններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և սույն օրենքի 8-9-րդ հոդվածների պայմանները բավարարող քաղաքացիները:

3. Սույն օրենքով նախատեսված մրցույթի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ վերադաս մաքսային մարմնի ղեկավարին տալիս է եզրակացություն: Եզրակացությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, վերադաս մաքսային մարմնի ղեկավարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում` առաջնայնությունը տալով այն մաքսային ծառայողներին (քաղաքացիներին), որոնց վերաբերյալ Հանձնաժողովը վերջին ատեստավորման արդյունքում կայացրել է սույն օրենքի 15-րդ հոդվածի տասներորդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը, ինչպես նաև մաքսային ծառայության (մասնագիտական աշխատանքի) ավելի երկար ստաժ ունեցող ծառայողներին (քաղաքացիներին): Մրցույթով անցած անձը մաքսային ծառայության պաշտոնում նշանակվում է մինչև սույն օրենքով սահմանված մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի լրանալը, բացառությամբ բաց մրցույթով առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոնի նշանակվող անձի, որը նշանակվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում փորձաշրջանն անցնող անձին այդ մասին հայտնվում է գրավոր:

4. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

5. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

6. Մաքսային մյուս ծառայողները պայմանագրի հիման վրա սահմանված կարգով պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:

7. Համապատասխան պաշտոնում նշանակվող անձը պետք է ունենա այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն հատուկ կոչումից երկու աստիճանից ոչ ցածր կոչում:

Սույն կետի պահանջները չեն տարածվում մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների նշանակումների վրա:

8. Մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 15.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Մաքսային ծառայողի ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

Մաքսային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

2. Մաքսային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրա անմիջական ղեկավարի պատճառաբանված միջնորդության հիման վրա` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ կամ մաքսային ծառայողի ցանկությամբ:

3. Ատեստավորումն անցկացվում է մաքսային ծառայողի անմիջական մասնակցությամբ:

4. Ատեստավորման ենթակա չեն`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող մաքսային ծառայողները, եթե նման ցանկություն չեն հայտնել.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող մաքսային ծառայողները, եթե նման ցանկություն չեն հայտնել:

5. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ մաքսային ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում, բացառությամբ հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող մաքսային ծառայողների:

6. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող մաքսային ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` 2 ամիս անց, սակայն ոչ ուշ, քան արձակուրդից վերադառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե վերջիններս ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

7. Ատեստավորման ենթակա մաքսային ծառայողները, ոչ ուշ, քան ատեստավորումից մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ մաքսային ծառայողի անմիջական ղեկավարը ներկայացնում է մաքսային ծառայողի ծառայողական բնութագիրը:

Մաքսային ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել մաքսային ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորումն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի միջոցով, իսկ վերադաս մաքսային մարմնի օպերատիվ ստորաբաժանումներում ծառայություն անցնողների համար նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման գծով` Հանձնաժողովի սահմանած կարգով:

Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է Հանձնաժողովը` սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով:

10. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի (համապատասխան դեպքերում նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման ստուգման) արդյունքներով կայացնում է հետևյալ եզրակացություններից մեկը և ատեստավորումն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարին.

1) շնորհել ավելի բարձր դասային կամ հատուկ կոչում.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով.

4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

11. Մաքսային ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք մինչև այդ արդյունքները մաքսային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնելը:

12. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարը, սույն հոդվածի տասներորդ մասով նախատեսված եզրակացությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) մաքսային ծառայողին ավելի բարձր հատուկ կոչում շնորհելու կամ տվյալ կոչումը շնորհելու իրավասու անձին համապատասխան միջնորդություն ներկայացնելու մասին.

2) մաքսային ծառայողի վերապատրաստում անցկացնելու մասին.

3) մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Նման որոշում կայացվում է նաև, եթե մաքսային ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:

Վերադաս մաքսային մարմնի ղեկավարը մաքսային ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրանց աշխատանքի ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում:

13. Սույն հոդվածով նախատեսված բնութագիրը (ութերորդ մաս), եզրակացությունը (տասներորդ մաս) և որոշումը (տասներկուերորդ մաս) կցվում են մաքսային ծառայողի անձնական գործին:

14. Սույն օրենքի հիման վրա մաքսային ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 16.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

1. Մաքսային ծառայողների վերապատրաստումն անցկացվում է մաքսային ծառայողի ատեստավորման արդյունքներից ելնելով` մաքսային ծառայության տվյալ պաշտոնի նկարագիրը փոփոխվելու, ինչպես նաև վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշած այլ դեպքերում:

Մաքսային ծառայության պաշտոնի նկարագիրը տվյալ պաշտոնը զբաղեցնող մաքսային ծառայողի համար օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված իրավունքները և պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մաքսային ծառայողին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև մաքսային ծառայության համապատասխան կոչում ունենալու պահանջները սահմանող, վերադաս մաքսային մարմնի հաստատած փաստաթուղթն է:

2. Մաքսային ծառայողի վերապատրաստման անցկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 17.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՈՒՄԸ

 

1. Առաջին անգամ մաքսային ծառայության ընդունված անձը, մինչև իրեն հատուկ կոչում շնորհելը, վերադաս մաքսային ղեկավարի ներկայությամբ հանդիսավոր պայմաններում պետք է երդվի`

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողի պաշտոնը` հանդիսավոր երդվում եմ` հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողի լիազորություններն իրականացնելիս խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենսդրությունը, քաղաքացու իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, պաշտպանել Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախությունը և անվտանգությունը, բարեխղճորեն կատարել պաշտոնեական պարտականությունները և արժանապատվորեն կրել մաքսային ծառայողի բարձր կոչումը»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով` յուրաքանչյուր ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Մաքսային ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը:

4. Մաքսային ծառայողի ստորագրած երդման տեքստը կցվում է նրա անձնական գործին:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 18.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողների համար սահմանվում են հետևյալ հատուկ կոչումները.

մաքսային ծառայության գեներալ-մայոր,

մաքսային ծառայության գնդապետ,

մաքսային ծառայության փոխգնդապետ,

մաքսային ծառայության մայոր,

մաքսային ծառայության կապիտան,

մաքսային ծառայության ավագ լեյտենանտ,

մաքսային ծառայության լեյտենանտ,

մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ:

2. Մաքսային ծառայողներին ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք առավելագույն հատուկ կոչումները, ինչպես նաև հատուկ կոչումների համար համապատասխան դրամական հավելավճարների չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին հատուկ կոչում շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` մաքսային ծառայության պաշտոնի նշանակման մասին վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:

4. Մաքսային ծառայողը հատուկ կոչումից զրկվում է զբաղեցրած պաշտոնից սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 8-րդ, 10-12-րդ և 15-րդ կետերով նախատեսված հիմքերով ազատվելու դեպքերում:

 

ՀՈԴՎԱԾ 19.

ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

2. Մաքսային ծառայության սույն օրենքով սահմանված մյուս հատուկ կոչումները շնորհում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:

3. Մաքսային ծառայության հատուկ կոչում շնորհելիս Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում մաքսային ծառայողի նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված դասային, հատուկ կամ զինվորական կոչումը:

4. Մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչումը շնորհվում է հաջորդական կարգով, զբաղեցրած պաշտոնին համապատասխան և նախորդ կոչումով ծառայության ժամկետի լրանալուց հետո, բացառությամբ սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերի:

5. Մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչում կարող է շնորհվել`

1) մինչև նախորդ կոչումը կրելու` սույն օրենքով սահմանված ժամկետի լրանալը, բայց զբաղեցրած պաշտոնին հասանելիքից ոչ բարձր, որպես խրախուսում, պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար.

2) զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն հատուկ կոչումից մեկ աստիճան բարձր կոչում կարող է շնորհվել նախորդ հատուկ կոչման ժամկետի ավարտից հետո` աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների համար.

3) մինչև նախորդ կոչումը կրելու` սույն օրենքով սահմանված ժամկետի լրանալը, կամ զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն հատուկ կոչումից մեկ աստիճան բարձր կոչում կարող է շնորհվել նաև ատեստավորման արդյունքներով:

6. Մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կամ վաղաժամկետ կոչում` մինչև մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչումը ներառյալ, ծառայության ողջ ընթացքում կարող է շնորհվել ոչ ավելի, քան երկու անգամ:

 

ՀՈԴՎԱԾ 20.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄ ԿՐԵԼՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Մաքսային ծառայության յուրաքանչյուր հատուկ կոչում կրելու համար սահմանվում են հետևյալ նվազագույն ժամկետները.

1) մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտի հատուկ կոչման համար` 2 տարի.

2) մաքսային ծառայության լեյտենանտի, մաքսային ծառայության ավագ լեյտենանտի, մաքսային ծառայության կապիտանի հատուկ կոչումների համար` 3 տարի.

3) մաքսային ծառայության մայորի, մաքսային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչումների համար` 4 տարի:

Մաքսային ծառայության գնդապետի և դրանից բարձր հատուկ կոչումները կրելու համար ժամկետներ չեն սահմանվում:

Մաքսային մարմիններում համապատասխան պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչումը շնորհվում է նախորդ կոչման ժամկետը լրանալու հաջորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 21.

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼԸ ՀԵՏԱՁԳԵԼԸ

 

1. Զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն հատուկ կոչում կրող մաքսային ծառայողին հերթական կոչում շնորհելը հետաձգվում է մինչև նրա պաշտոնի համապատասխան փոփոխելը, կամ սույն օրենքի 19-րդ հոդվածի հինգերորդ մասի 2-3-րդ կետերին կամ վեցերորդ մասին համապատասխան խրախուսելը:

2. Մաքսային ծառայողին, որն ունի գրավոր կարգապահական տույժ, կամ որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում կամ անցկացվում է ծառայողական քննություն ծառայողական կարգուկանոնը նրա խախտելու փաստի առթիվ, հատուկ կոչման շնորհման ներկայացնելը հետաձգվում է համապատասխանաբար մինչև կարգապահական տույժի կրման ժամկետի ավարտը կամ հարուցված քրեական հետապնդման կարճումը կամ ծառայողական քննության ավարտը` արդարացման հիմքերով:

3. Մաքսային ծառայողի անմիջական ղեկավարը (ղեկավարները) մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչում շնորհելուն ներկայացնելն անհիմն հետաձգելու դեպքում կրում է (են) օրենքով նախատեսված պատասխանատվություն:

4. Մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչում շնորհելուն ներկայացնելն անհիմն հետաձգելու դեպքում մաքսային ծառայողն իրավունք ունի պահանջել սահմանված բավարարումների փոխհատուցում այն չափով, որը նա կարող էր ստանալ, եթե նրան ժամանակին շնորհվեր հասանելիք կոչումը:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 22.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Մաքսային ծառայողը գործադիր իշխանության ներկայացուցիչ է, գտնվում է օրենքի և պետության պաշտպանության ներքո:

 

ՀՈԴՎԱԾ 23.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Մաքսային ծառայողն իրավունք ունի`

1) ծանոթանալ զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

2) ծառայողական պարտականությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստանալ տեղեկություններ և փաստաթղթեր.

3) իր լիազորությունների շրջանակներում որոշումներ ընդունել.

4) մաքսային ծառայության գծով առաջխաղացման և դրամական բավարարման չափերի մեծացման` հաշվի առնելով ծառայած տարիները, ծառայության արդյունքները և վերապատրաստման մակարդակը.

5) ծանոթանալ իր անձնական գործին կցվող բոլոր նյութերին, իր ծառայության գնահատականներին և այլ փաստաթղթերի` մինչև դրանք անձնական գործին կցելը, և ներկայացնել բացատրություններ.

6) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պահպանման համար հատկացված միջոցների հաշվին վերապատրաստվել.

7) կենսաթոշակային ապահովման` հաշվի առնելով ծառայած տարիները.

8) պահանջել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծառայողական քննության անցկացում` իր պատիվը և արժանապատվությունը վարկաբեկող տեղեկությունները, իր կարծիքով անհիմն մեղադրանքները հերքելու և վերացնելու նպատակով.

9) օգտագործել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, ինչպես նաև հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

2. Մաքսային ծառայողն ունի նաև սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված այլ իրավունքներ:

 

ՀՈԴՎԱԾ 24.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Մաքսային ծառայողը պարտավոր է`

1) իր իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարումը.

2) իր իրավասության սահմաններում ապահովել քաղաքացիների օրինական շահերի և իրավունքների պահպանումը.

3) կատարել վերադաս մաքսային մարմնի ղեկավարի ու պաշտոնատար անձանց` իրենց իրավասության սահմաններում տրված օրինական հրամաններն ու կարգադրությունները.

4) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրել քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դիմումները և ընթացք տալ դրանց.

5) պահպանել մաքսային ծառայության կարգապահական կանոնադրության պահանջները, ծառայողական տեղեկությունների հետ աշխատելու կարգը.

6) օրենքով սահմանված դեպքերում սկսել հետաքննության գործերը.

7) մասնակցել վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հաստատած ծրագրով անցկացվող ուսումնավարժական հավաքներին, մրցույթներին և այլ ծառայողական միջոցառումներին.

8) ճշգրիտ, ժամանակին, բարեխղճորեն և անշահախնդրորեն կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ պարտականություններ:

2. Մաքսային ծառայողի պարտականություններն ըստ զբաղեցրած պաշտոնի որոշում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:

 

ՀՈԴՎԱԾ 25.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Մաքսային ծառայողն իրավունք չունի`

1) զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) մաքսային մարմիններում հանդես գալ որպես երրորդ անձանց լիազորված անձ.

4) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել մաքսային մարմինների նյութատեխնիկական, տեղեկատվական և ֆինանսական միջոցները, պետական այլ գույք, ինչպես նաև ծառայողական տեղեկատվությունը.

5) իր ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

6) իր ծառայողական դիրքն ու միջոցներն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական, ինչպես նաև նրանց օգտին վերաբերմունք քարոզող կազմակերպությունների շահերի համար.

7) խախտել պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող նյութերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում` հրաժարվել անցնելու այդ գաղտնիքների հետ առնչվելու թույլտվության ձևակերպման սահմանված ընթացակարգը:

2. Մաքսային մարմիններում արգելվում է կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական կազմակերպությունների ձևավորումը:

3. Մաքսային մարմիններում արգելվում է համատեղ ծառայել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կապված անձանց (ծնողներ, ամուսիններ, եղբայրներ, քույրեր, զավակներ, ինչպես նաև ամուսինների եղբայրներ, քույրեր և նրանց զավակներ), եթե նրանց ծառայությունը կապված է մեկը մյուսի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

 

ՀՈԴՎԱԾ 26.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ԶԵՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ և ԿԱՐԳԸ

 

1. Նախքան ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման իրավասություն ստանալը, այնուհետև` պարբերաբար, մաքսային ծառայողները, վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով անցնում են հատուկ պատրաստություն և պիտանիության ստուգումներ: Նշված անձինք պարտավոր են ունենալ նաև տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն:

2. Սույն օրենքի 27-29-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում և կարգով` մաքսային ծառայողն իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք:

3. Մաքսային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց առաջ նախազգուշացնում է այդ մտադրության մասին` տալով իր պահանջները կատարելու համար բավարար ժամանակ, բացառությամբ անակնկալ, զինված, ռազմական տեխնիկայի և տրանսպորտային այլ միջոցների օգտագործմամբ հարձակումների և այլ իրադրությունների, եթե նման նախազգուշացումն ստեղծված իրավիճակում անտեղի է, անհնարին կամ կարող է առաջացնել վտանգ իր կամ այլ անձանց կյանքին և առողջությանը, հանգեցնել այլ ծանր հետևանքների:

4. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները մաքսային ծառայողը պետք է հասցնի նվազագույնի:

5. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման հետևանքով մահվան բոլոր դեպքերի կամ մարմնական վնասվածքների մասին մաքսային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում դատախազության և առողջապահության համապատասխան մարմիններ:

 

ՀՈԴՎԱԾ 27.

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ (ՈՒԺԻ) ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Մաքսային ծառայողները, իրենց պարտականությունների կատարման ընթացքում, իրավունք ունեն իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական հարկադրանք (ուժ)`

1) իրենց կամ այլ անձանց վրա կատարված հարձակումը կանխելու համար.

2) մաքսային մարմիններին պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների կառույցների և տրանսպորտային միջոցների վրա կատարված հարձակումը կանխելու համար.

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտին վարչական ձերբակալության ենթարկելու կամ մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շինություն հասցնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 28.

ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Մաքսային ծառայողներն իրավունք ունեն կիրառել ձեռնաշղթաներ, ռետինե մահակներ, արցունքաբեր նյութեր, փականքները բացելու գործիքներ, տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու համար նախատեսված միջոցներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ:

2. Իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս մաքսային ծառայողները հատուկ միջոցներ կարող են կիրառել`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը կանխելու համար.

2) մաքսային մարմնին պատկանող կամ նրա հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների և տրանսպորտային միջոցների վրա կատարված հարձակումը կանխելու համար.

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտին վարչական ձերբակալության ենթարկելու կամ մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շինություն հասցնելու համար, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց.

4) տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար, եթե դրա վարորդը չի կատարում մաքսային ծառայողի օրինական պահանջները:

3. Հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց, անչափահասների նկատմամբ հատուկ միջոցներ չեն կիրառվում, բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, խմբակային կամ այլ հարձակումների, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողությունների դեպքերի:

 

ՀՈԴՎԱԾ 29.

ԶԵՆՔԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված պաշտոններ զբաղեցնող մաքսային ծառայողներին ծառայողական պարտականություններ կատարելիս իրավունք է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրելու, պահելու և օգտագործելու զենք:

2. Զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային ծառայողներն իրավունք ունեն դա գործադրել`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը կանխելու համար, կամ եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգ.

2) զենքի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձը կանխելու համար:

3. Մինչև զենքի գործադրումը մաքսային ծառայողը պետք է կատարի նախազգուշական կրակոց, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերի:

4. Արգելվում է զենքի գործադրումը հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և մաքսային ծառայողի կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

5. Մաքսային ծառայողներին զենքով ապահովելու կարգը, զենքի ու զինամթերքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 30.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Անձնական անվտանգության ապահովման համար մաքսային ծառայողն իրավունք ունի օգտագործել սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ և անհատական պաշտպանության այլ միջոցներ:

 

ՀՈԴՎԱԾ 31.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԸ

 

1. Մաքսային ծառայության ստաժը ներառում է մաքսային ծառայողի մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու և մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ողջ ժամանակաշրջանը:

2. Մաքսային ծառայության ստաժը հաշվարկվում է մաքսային ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժի մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 32.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ և ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

1. Վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով մաքսային ծառայողին նույն մաքսային մարմնում, նույն տարածաշրջանի այլ մաքսային մարմնում կամ այլ տարածաշրջանի մաքսային մարմնում այլ պաշտոնի նշանակելը (այսուհետ` ծառայողական տեղափոխում) թույլատրվում է միայն մաքսային ծառայողի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

2. Մաքսային ծառայողին այլ տարածաշրջանի մաքսային մարմին ծառայողական տեղափոխման դեպքում նշված ծառայողի և նրա հետ բնակվող ընտանիքի անդամների համար ծառայության նոր վայրում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրվում է բնակելի տարածք կամ բնակելի տարածքի վարձակալման համար ամենամսյա դրամական փոխհատուցում:

3. Մաքսային ծառայողին այլ տարածաշրջան ծառայողական տեղափոխման դեպքում մաքսային ծառայողին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրվում է տեղափոխվելու և անձնական գույքը տեղափոխելու հետ կապված ծախսերի փոխհատուցում:

 

ՀՈԴՎԱԾ 33.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԴՐԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

Մաքսային ծառայության կրտսեր և առաջատար պաշտոններ զբաղեցնող բոլոր մաքսային ծառայողները պարտադիր, իսկ գլխավոր պաշտոններ զբաղեցնող մաքսային ծառայողները, իրենց ցանկությամբ, ոչ պակաս, քան յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, մասնակցում են վերադաս մաքսային մարմնի ուսումնական կենտրոնում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին:

 

ՀՈԴՎԱԾ 34.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ

 

1. Մաքսային ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Մաքսային ծառայողի անձնական գործը վարում է վերադաս մաքսային մարմնի համապատասխան ծառայությունը: Մաքսային ծառայողի ծառայողական տեղափոխման դեպքում նրա անձնական գործն ուղարկվում է ծառայության անցնելու նոր վայր:

2. Մաքսային ծառայողի անձնական գործի վարման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 35.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

Մաքսային ծառայողների համար սահմանվում է համազգեստ, որի ձևը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ կրելու կարգը` մաքսային մարմինը: Համազգեստը տրվում է անվճար:

 

ՀՈԴՎԱԾ 36.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ

 

1. Մաքսային ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների, քաղաքացիների և այլ անձանց համար:

2. Մաքսային ծառայողի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը և դրանց պատճենները նրա պահանջով տրվում են անվճար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Մաքսային ծառայողի պահանջները չկատարելը և (կամ) նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

ՀՈԴՎԱԾ 37.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասները հատուցվում են մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին, իսկ նշված ֆոնդում առկա միջոցների անբավարարության դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին:

Մաքսային ծառայողների օրինական գործողությունների արդյունքում անձանց պատճառված վնասները փոխհատուցման ենթակա չեն: Մաքսային ծառայողներն իրենց ապօրինի գործողությունների կամ անգործության, ինչպես նաև իրենց կայացրած ապօրինի որոշումների համար կրում են կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Մաքսային ծառայողի գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով և (կամ) դատարան:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 38.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մաքսային ծառայության կարգապահական կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 39.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

1. Հատուկ պատրաստություն անցած մաքսային ծառայողներին մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու և կանխարգելելու աշխատանքներում ներգրավելու կարգը, ինչպես նաև հատուկ հանձնարարությունների կատարման առանձնահատկությունները հաստատում է վերադաս մաքսային մարմինը:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային ծառայողի վերաբերյալ տեղեկություններն օրենքով սահմանված դեպքերում կարող են հրապարակվել միայն այդ ծառայողի գրավոր համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 40.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼԸ

 

1. Մաքսային ծառայողներն իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու նպատակով կարող են գործուղվել վերադաս մաքսային մարմնի ղեկավարի, ինչպես նաև մաքսատան պետի կամ մաքսային կետի պետի հրամանով:

2. Մաքսային ծառայողին գործուղելու պայմաններն ու կարգը, ինչպես նաև գործուղման ընթացքում մաքսային ծառայողի ծառայության առանձնահատկությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 41.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ

 

1. Մաքսային ծառայողի դրամական բավարարումը պայմանավորված է`

1) պաշտոնական դրույքաչափով.

2) շնորհված հատուկ կոչման հավելավճարով.

3) երկարամյա ծառայության հավելավճարով:

Պաշտոնական դրույքաչափը և շնորհված հատուկ կոչման հավելավճարը միասին կազմում են մաքսային ծառայողի ամսական դրամական բավարարումը:

2. Իրենց պաշտոնեական պարտականությունների բարեխիղճ կատարման և ծառայողական բարձր ցուցանիշների համար մաքսային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վճարվում են պարգևատրումներ` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով ու չափով` մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

3. Մաքսային ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու օրվանից դրամական բավարարման գումարների վճարումը դադարեցվում է, որը վերականգնվում է արդարացման կամ մեղադրանքը չհաստատվելու հիմքերով հարուցված քրեական հետապնդումը կարճվելու կամ ծառայողական քննությունն ավարտվելու օրվանից: Այս դեպքում մաքսային ծառայողին դրամական բավարարման գումարները վճարվում են նաև դրա դադարեցման ժամանակահատվածի համար:

 

ՀՈԴՎԱԾ 42.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՆՅՈՒԹԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Մաքսային ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հատկացվում են տրանսպորտային և կապի միջոցներ կամ տրանսպորտային և հեռահաղորդակցման ծախսերի դրամական փոխհատուցում:

2. Մաքսային ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո մաքսային ծառայողի մահվան դեպքում, եթե դա առաջացել է մաքսային ծառայողի ծառայողական գործունեության կապակցությամբ ստացված մարմնական վնասվածքների կամ հիվանդության հետևանքով, մահացած մաքսային ծառայողի ընտանիքին և նրա խնամքի ներքո գտնվող անձանց մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին վճարվում է նրա ամսական միջին դրամական վաստակի 12-ապատիկի չափով միանվագ գումար:

3. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքում, որոնք բացառում են նրա հետագա մասնագիտական ծառայությունը, ծառայողին մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին վճարվում է նրա ամսական միջին դրամական վաստակի 6-ապատիկի չափով միանվագ գումար:

4. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքում, որոնք չեն հանգեցրել նրա աշխատունակության կայուն կորստի և (կամ) մասնագիտական գործունեությամբ զբաղվելու անհնարինության, մաքսային ծառայողին մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին վճարվում է միանվագ գումար:

5. Ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո մաքսային ծառայողի մահվան դեպքում, եթե դա առաջացել է ծառայողական գործունեության կապակցությամբ նրա մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով, մաքսային ծառայողի խնամքի ներքո գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամներին ամեն ամիս պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվում է փոխհատուցում` մահացածի դրամական վաստակից նրանց բաժին ընկնող մասի և կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով` առանց հաշվի առնելու սույն հոդվածի երկրորդ մասի համաձայն ստացած գումարները: Դրամական վաստակի նշված մասը որոշելու համար մահացածի ամսական միջին աշխատավարձը բաժանվում է նրա խնամքին գտնվող ընտանիքի անդամների, այդ թվում` աշխատունակների թվի վրա:

6. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքում, որոնք բացառում են հետագայում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, ամեն ամիս` պետական բյուջեի միջոցների հաշվին, նրան վճարվում է փոխհատուցում` նրա ամսական միջին դրամական վաստակի և այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով` առանց հաշվի առնելու սույն հոդվածի երրորդ մասի համաձայն ստացած գումարները:

7. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման լրիվ ծավալով (ներառյալ` բաց թողնված օգուտը)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  6.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

ՀՈԴՎԱԾ 43.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ

1. Մաքսային ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ ձևերը.

1) ծառայողական պարտականությունները կատարելիս բարձր ցուցանիշներ ապահովելու համար`

- շնորհակալության հայտարարում,

- դրամական պարգևատրում,

- հուշանվերով պարգևատրում,

- վերադաս մաքսային մարմնի գովասանագրով պարգևատրում,

- կարգապահական տույժից, եթե այդպիսիք կան, վաղաժամկետ ազատում.

2) գերազանց ծառայության համար`

- հերթական հատուկ կոչման վաղաժամկետ շնորհում,

- զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն հատուկ կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում.

3) տասը տարուց ավելի բարեխիղճ ծառայության համար`

- «Մաքսային ծառայության առաջավոր», «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող» կրծքանշաններով պարգևատրում.

4) մաքսային գործի բնագավառում հատուկ ծառայությունների համար`

- «Մաքսային ծառայության առաջավոր», «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող» կրծքանշաններով պարգևատրում,

- անվանական զենքով պարգևատրում:

2. Մաքսային ծառայողին անվանական զենքով պարգևատրումն իրականացվում է «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

3. Մաքսային ծառայողները Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և կոչումների:

4. «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող», «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշանների, ինչպես նաև վերադաս մաքսային մարմնի գովասանագրի վերաբերյալ կանոնները և դրանցով պարգևատրման դեպքերը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

ՀՈԴՎԱԾ 44.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական կարգապահությունը խախտելու համար մաքսային ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական հետևյալ տույժերը.

1) դիտողություն.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) հատուկ կոչման իջեցում, բայց երկու աստիճանից ոչ ավելի.

5) մաքսային ծառայողի պաշտոնի իջեցում, բայց մեկ աստիճանից ոչ ավելի.

6) նյութական պատասխանատվության կիրառում.

7) մաքսային ծառայության պաշտոնից ազատում:

2. Սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է մաքսային ծառայողի ծառայության վայրի ստորաբաժանման ղեկավարը, իսկ սույն հոդվածի առաջին մասի 4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:

3. Սույն հոդվածի առաջին մասի 4-7-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են սահմանված կարգով անցկացված ծառայողական քննության արդյունքների հիման վրա վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննության հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

ՀՈԴՎԱԾ 45.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Սույն օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասով սահմանված պարտականությունները չկատարելու (ոչ պատշաճ կատարելու) համար, եթե դրա արդյունքում տեղի է ունեցել մաքսային վճարների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարների ավելի կամ թերի հաշվարկում (առաջադրում)` 100.000 դրամ և ավելի չափով, մաքսային ծառայողը (ծառայողները)`

1) վճարում է (են) տուգանք` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի 10 տոկոսի չափով, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված գումարը կազմում է 100.000-ից մինչև 500.000 դրամ.

2) վճարում է (են) տուգանք` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի 10-ից մինչև 25 տոկոսի չափով, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված գումարը կազմում է 500.000-ից մինչև 1000.000 դրամ.

3) վճարում է (են) տուգանք` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի 25-ից մինչև 50 տոկոսի չափով, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված գումարը կազմում է 1000.000 դրամից ավելի, և (կամ) ազատվում են մաքսային ծառայությունից:

2. Սույն օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ և 6-րդ կետերով սահմանված պարտականությունները չկատարելու համար մաքսային ծառայողը (ծառայողները)`

1) առաջին անգամ ստանում է (են) խիստ նկատողություն.

2) խիստ նկատողություն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, համանման խախտում կատարելու դեպքում վճարում է (են) տուգանք` ամսական միջին վաստակի մինչև 50 տոկոսի չափով, կամ ազատվում է (են) մաքսային ծառայությունից:

3. Սույն օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ և 4-րդ կետերով սահմանված պարտականությունները չկատարելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չկատարելու համար մաքսային ծառայողը (ծառայողները)`

1) առաջին անգամ ստանում է (են) նկատողություն.

2) նկատողություն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, համանման խախտում կատարելու համար վճարում է (են) տուգանք` ամսական միջին վաստակի մինչև 40 տոկոսի չափով, կամ ազատվում է (են) մաքսային ծառայությունից:

4. Սույն օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու համար մաքսային ծառայողը (ծառայողները)`

1) ստանում է (են) նկատողություն, եթե խախտումը տեղի է ունեցել մաքսային ծառայողի (ծառայողների) անզգուշությամբ.

2) վճարում է (են) տուգանք ամսական միջին վաստակի մինչև 40 տոկոսի չափով, եթե խախտումը տեղի է ունեցել դիտավորյալ.

3) նկատողությունն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, երկու և ավելի անգամ համանման խախտում կատարելու դեպքում իջեցվում կամ զրկվում է (են) հատուկ կոչումից կամ ազատվում մաքսային ծառայությունից:

5. Սույն հոդվածով նախատեսված տուգանքները վճարվում են մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ, իսկ պատասխանատվության միջոցները կիրառվում են կատարված խախտումների փաստերը ծառայողական քննությամբ հաստատվելուց հետո` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:

ՀՈԴՎԱԾ 46.

ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

1. Վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովը, վերադաս մաքսային մարմնի սահմանած կանոնադրությանը համապատասխան, անցկացնում է ծառայողական քննություններ և դրանց արդյունքների վերաբերյալ վերադաս մաքսային մարմնի ղեկավարին ներկայացնում է եզրակացություններ:

2. Վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից:

ՀՈԴՎԱԾ 47.

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Մաքսային մարմնի ղեկավարի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը ծառայողական կարգուկանոնի պահպանման գործում, ինչպես նաև խրախուսանքների և կարգապահական տույժերի կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության կարգապահական կանոնադրությամբ, որը հաստատում է վերադաս մաքսային մարմինը:

ՀՈԴՎԱԾ 48.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

1. Մաքսային ծառայողի ծառայությունը դադարում է մաքսային ծառայողի ծառայությունից ազատվելու (ազատելու) կամ նրա զոհվելու (մահանալու) դեպքում:

2. Մաքսային ծառայողին ծառայությունից ազատելու հիմքերն են`

1) անձնական դիմումը.

2) մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված մաքսային ծառայության առավելագույն տարիքի լրանալը.

3) կենսաթոշակի անցնելու իրավունք տվող ծառայած տարիների լրանալը.

4) հաստիքների կրճատումը կամ մաքսային մարմնի լուծարումը.

5) պետական այլ մարմնում աշխատանքի տեղափոխվելը.

6) Հայաստանի Հանրապետության ընտրովի մարմիններում ընտրվելը.

7) մաքսային ծառայողի առողջական վիճակի կապակցությամբ` մաքսային ծառայության համար պիտանիությունը սահմանափակող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի հանրապետական մարմնի ռազմաբժշկական հանձնաժողովի տված եզրակացությունը.

8) մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու` սույն օրենքով սահմանված կարգը խախտելը.

9) ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանությունը որոշելը.

10) ծառայողական կարգապահական կանոնները միանգամյա կոպիտ խախտելը կամ ծառայողական կարգապահական կանոնները պարբերաբար խախտելը:

Ծառայողական կարգապահական կանոնների կոպիտ խախտումների ցանկը, ինչպես նաև «ծառայողական կարգապահական կանոնների պարբերաբար խախտում» հասկացությունը սահմանվում են մաքսային ծառայության կարգապահական կանոնադրությամբ.

11) ազատազրկման դատապարտվելը.

12) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

13) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

14) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

16) մաքսային ծառայողի` զինվորական ծառայության զորակոչվելը:

3. Մաքսային ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. Մաքսային ծառայողն ամենամյա հերթական արձակուրդում գտնվելու կամ հիվանդության ժամանակահատվածում չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետում նշված դեպքի:

5. Սույն հոդվածի երկրորդ մասի 4-րդ և 9-րդ կետերում նշված հիմքերով մաքսային ծառայողն ազատվում է ծառայությունից, եթե սահմանված կարգով իրականացված ատեստավորման արդյունքներով որոշվել է նրա անհամապատասխանությունն զբաղեցրած պաշտոնին, կամ վերջին ատեստավորման արդյունքների ցածր մակարդակով նրան հնարավոր չէ տեղափոխել այլ պաշտոնի:

6. Սույն հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետում նշված հիմքով մաքսային ծառայողն ազատվում է ծառայությունից, եթե հնարավոր չէ նրան տեղափոխել առողջական վիճակին համապատասխան այլ ազատ պաշտոնի, կամ եթե տվյալ ծառայողը հրաժարվել է տեղափոխվել այդ պաշտոնին:

7. Հաստիքների կրճատման հետևանքով ծառայությունից առաջիկա ազատման վերաբերյալ մաքսային ծառայողը պետք է տեղեկացվի ազատվելուց առնվազն երկու ամիս առաջ:

8. Մաքսային ծառայությունից ազատվելու դեպքում մաքսային ծառայողը վերադաս մաքսային մարմին է հանձնում իր ծառայողական վկայականը, իրեն ամրագրված կնիքը, զենքը և պաշտոնեական պարտականությունների կատարման հետ կապված այլ միջոցներ:

ՀՈԴՎԱԾ 49.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԸ

1. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքին համապատասխան:

2. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում, մաքսային ծառայողի ցանկությամբ և տվյալ պաշտոնում նշանակում կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ, մաքսային ծառայողը կարող է մինչև հինգ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

Գ Լ ՈՒ Խ  7.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 50.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

1. Մաքսային ծառայողի ծառայությունից ազատումը կամ ծառայողական տեղափոխումն օրենքով սահմանված կարգով ապօրինի ճանաչվելու կամ զինվորական ծառայությունն ավարտելու և վերադառնալու դեպքում մաքսային ծառայողը ենթակա է վերականգնման այն պաշտոնում, որից նրան ազատել կամ տեղափոխել են:

2. Հերթական հատուկ կոչում շնորհելու և երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարների հաշվարկման համար վերականգնված մաքսային ծառայողի ծառայությունից ազատվելու օրվանից մինչև վերականգնվելու օրն ընկած ժամանակահատվածը ներառվում է ծառայության տարիների մեջ:

3. Մաքսային ծառայության վերականգնված ծառայողին, բացառությամբ զինվորական ծառայությունից վերադարձածի, վճարվում է ծառայությունից ազատման օրվանից մինչև վերականգնման օրը հասանելիք դրամական բավարարումը:

4. Մաքսային մարմինների ղեկավարները, որոնք ապօրինի որոշում են կայացրել մաքսային ծառայողի ծառայությունից ազատման կամ ծառայողական տեղափոխման մասին կամ հետաձգում են մաքսային ծառայողին ծառայությունում վերականգնելու մասին որոշման կատարումը, ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  8.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 51.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

1. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում հետագայում ծառայությունը շարունակելու նպատակով գրանցվում են`

1) սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով մաքսային ծառայության պաշտոնից ազատված անձինք.

2) սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով մաքսային ծառայության պաշտոնից ազատված անձինք` ընտրովի մարմիններում իրենց պաշտոնավարման ավարտից հետո:

2. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում մաքսային ծառայողների միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը երեք ամիս է:

Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում մաքսային ծառայողները գտնվում են մինչև սույն օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասում նշված ժամկետի լրանալը:

3. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գ Լ ՈՒ Խ  9.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ԵՎ ԿՆԻՔԸ

ՀՈԴՎԱԾ 52.

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Մաքսային մարմինները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

ՀՈԴՎԱԾ 53.

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ և ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԸ

Մաքսային գործի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքով սահմանվում է մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ:

ՀՈԴՎԱԾ 54.

ՄԱՔՍԱՅԻՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ և ԿՆԻՔԸ

1. Մաքսային ծառայությունը և դրա տրանսպորտային միջոցներն ունեն տարբերանշան, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Մաքսային մարմիններն ունեն կնիք` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով և յուրաքանչյուրն իր անվանմամբ:

3. Մաքսային հայտարարագրի գնահատում, մաքսային զննման ընտրողականություն կամ մաքսային հսկողություն իրականացնող մաքսային ծառայողներն ունեն անձնական կնիք` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով, մաքսային ծառայության անվանմամբ և համարակալմամբ:

Գ Լ ՈՒ  Խ  10.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 55.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Սույն օրենքը խախտելու համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 56.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 2 ամիս հետո:

2. Սույն օրենքով սահմանված կարգով մաքսային ծառայության կարգապահական կանոնադրությունն ընդունվելուց և մաքսային ծառայության պաշտոնների նկարագրերը հաստատվելուց հետո մաքսային մարմնի համապատասխան պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են մաքսային ծառայողներ:

3. Սույն օրենքով նախատեսված մաքսային ծառայողի առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 90 օր հետո:

4. Սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 10-րդ կետի հիմքով մաքսային ծառայողին պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը:

5. Վերադաս մաքսային մարմինը պարտավոր է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, ապահովել մաքսային ծառայողների հետ սույն օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված պայմանագրերի կնքումը:

6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված մաքսային ծառայության հատուկ և դասային կոչումները պահպանվում են:

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողներին հատուկ կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրության մասին» թիվ ՆԽ-574-1 որոշումը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հուլիսի 30
Երևան
ՀՕ-402-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.06.2024, ՀՕ-282-Ն ---------
29.02.2024, ՀՕ-101-Ն 27.03.2024, ՀՕ-402-Ն
25.10.2023, ՀՕ-318-Ն 25.11.2023, ՀՕ-402-Ն
01.03.2023, ՀՕ-76-Ն 06.04.2023, ՀՕ-402-Ն
07.12.2022, ՀՕ-549-Ն 02.01.2023, ՀՕ-402-Ն
16.11.2022, ՀՕ-414-Ն 15.12.2022, ՀՕ-402-Ն
09.06.2022, ՀՕ-169-Ն 01.07.2022, ՀՕ-402-Ն
12.04.2022, ՀՕ-90-Ն 14.05.2022, ՀՕ-402-Ն
16.12.2021, ՀՕ-424-Ն 01.01.2022, ՀՕ-402-Ն
26.05.2021, ՀՕ-216-Ն 14.06.2021, ՀՕ-402-Ն
25.03.2021, ՀՕ-126-Ն 09.04.2021, ՀՕ-402-Ն
21.01.2020, ՀՕ-18-Ն 22.02.2020, ՀՕ-402-Ն
14.11.2019, ՀՕ-226-Ն 01.02.2020, ՀՕ-402-Ն
23.03.2018, ՀՕ-263-Ն 09.04.2018, ՀՕ-402-Ն
01.03.2018, ՀՕ-137-Ն 31.03.2018, ՀՕ-402-Ն
20.12.2017, ՀՕ-24-Ն 18.01.2018, ՀՕ-402-Ն
21.12.2017, ՀՕ-284-Ն 01.01.2018, ՀՕ-402-Ն
06.12.2017, ՀՕ-228-Ն 30.12.2017, ՀՕ-402-Ն
17.12.2014, ՀՕ-259-Ն 09.01.2015, ՀՕ-402-Ն
12.12.2013, ՀՕ-178-Ն 01.07.2014, ՀՕ-402-Ն
10.06.2013, ՀՕ-69-Ն 20.07.2013, ՀՕ-402-Ն
13.11.2012, ՀՕ-199-Ն 01.01.2013, ՀՕ-402-Ն
19.03.2012, ՀՕ-114-Ն 31.05.2012, ՀՕ-402-Ն
29.11.2011, ՀՕ-297-Ն 01.01.2012, ՀՕ-402-Ն
22.12.2010, ՀՕ-251-Ն 09.01.2011, ՀՕ-402-Ն
18.11.2009, ՀՕ-212-Ն 26.12.2009, ՀՕ-402-Ն
17.09.2009, ՀՕ-171-Ն 26.10.2009, ՀՕ-402-Ն
07.04.2009, ՀՕ-96-Ն 16.05.2009, ՀՕ-402-Ն
23.10.2008, ՀՕ-175-Ն 27.11.2008, ՀՕ-402-Ն
03.10.2006, ՀՕ-167-Ն 11.11.2006, ՀՕ-402-Ն
24.12.2004, ՀՕ-71-Ն 10.02.2005, ՀՕ-402-Ն
11.04.2003, ՀՕ-539-Ն 26.05.2003, ՀՕ-402-Ն
19.11.2002, ՀՕ-442-Ն 30.11.2002, ՀՕ-402-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան