Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 133
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.12.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 133

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ (ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի մասին» (կցվում է) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«    »           -ի 20   թվականի

թիվ

քաղ.        

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ (ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 86-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության՝ կից ներկայացվող հիմնական ուղղությունները (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ) և իրականացման փուլերը։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝

տրանսպորտի բնագավառում զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ազգային ռազմավարություններ (պլաններ, ծրագրեր) նախապատրաստելիս և իրականացնելիս հաշվի առնել Հիմնական ուղղությունները.

միջոցներ ձեռնարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տրանսպորտի բոլոր տեսակներով փոխադրումներ իրականացնելիս առկա սահմանափակումները մինչև 2025 թվականը հանելու ուղղությամբ։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ՝

ապահովել Հիմնական ուղղությունների հաջորդական փուլային իրականացումն այն միջոցառումների պլանների («ճանապարհային քարտեզների») հիման վրա, որոնք յուրաքանչյուր երեք տարվա համար հաստատվում են Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից՝ հաշվի առնելով դրանցում այն միջոցառումների հնարավոր ընդգրկումը, որոնք դուրս են համապատասխան եռամյա ժամանակաշրջանից, ինչպես նաև այն պլանները, որոնք տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկա ստեղծելիս թույլատրում են անդամ պետությունների կողմից դրանց իրականացման համար տարբեր արագությունների հնարավորություն.

մշակել օդային տրանսպորտի հարցերով միջոցառումների պլան («ճանապարհային քարտեզ») (նշելով կոնկրետ փուլերը, միջոցառումները և ժամկետները), և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը.

մշակել Հիմնական ուղղությունների իրականացման միջոցառումների պլան («ճանապարհային քարտեզ») (նշելով կոնկրետ փուլերը, միջոցառումները և ժամկետները), և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

20    թվականի թիվ     որոշմամբ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունները և իրականացման փուլերը

 

I. Ընդհանուր դրույթներ

 

Սույն Հիմնական ուղղությունները մշակվել և իրականացվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին (այսուհետ՝ «Միության մասին» պայմանագիր), ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին ու խնդիրներին համապատասխան։

Սույն Հիմնական ուղղություններով սահմանվում են ավտոմոբիլային, օդային, ջրային և երկաթուղային տրանսպորտի միասնական տրանսպորտային տարածքի և Միության տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի հետագա ձևավորման և զարգացման պայմաններն ու փուլերը՝ հաշվի առնելով միջազգային իրավակարգավորման տարբերությունները, տրանսպորտի տարբեր տեսակների տեխնոլոգիական առանձնահատկությունները և անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքի վիճակը։

Միությունն ունի բարձր տնտեսական ներուժ, անդամ պետությունների տնտեսությունների միասնական ծավալը ավելի քան 2,2 տրիլիոն ԱՄՆ դոլար է։ Դրա հետ մեկտեղ, տնտեսական աճի բարձրացումը պահանջում է տրանսպորտային ծառայությունների առաջանցիկ զարգացում՝ ապրանքների արտադրության մեծացող ծավալի պայմաններում փոխադրումների աճող պահանջարկը բավարարելու համար։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ արդյունաբերական արտադրության 1 տոկոս աճն առաջացնում է փոխադրումների ծավալի մեծացնում 1,5 - 1,7 տոկոսով։

Անդամ պետությունների բարենպաստ աշխարհագրական դիրքն այնպիսի համաշխարհային տնտեսական դերակատարների և շուկաների միջև, ինչպիսիք են Եվրոպական միության և Հարավարևելյան Ասիայի երկրները, Չինաստանը, առաջացնում է դրանց հետաքրքրվածությունը Միության հետ ինտեգրման զարգացման հարցում, այդ թվում՝ Միության և Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու կառուցման գործընթացների կապակցմանն առնչվող նախաձեռնությունների շրջանակներում։

Անդամ պետությունների միջև տնտեսական կապերն ապահովվում են տրանսպորտի գործնականորեն բոլոր տեսակներով, որոնց զարգացումն իրականացվում է տնտեսության այլ ճյուղերի հետ փոխգործակցությամբ (մեքենաշինություն, վառելիքային էներգետիկա, ագրարային արդյունաբերություն, շինարարություն, լեռնային մետաղագործություն, գյուղատնտեսություն և այլն), ինչը տնտեսական աճի կարևոր գործոններից մեկն է։

Անդամ պետությունները հետևողականորեն զարգացնում են իրենց տրանսպորտային համալիրների առկա ներուժը՝ սույն Հիմնական ուղղություններին համապատասխան։

Անդամ պետություններն ինքնուրույն մշակում, ձևավորում և իրականացնում են ազգային տրանսպորտային քաղաքականություն, այդ թվում՝ ընդունում են տրանսպորտի զարգացման ազգային ծրագրեր և տրանսպորտային քաղաքականության իրականացման այլ միջոցներ, որոնք չեն հակասում սույն Հիմնական ուղղություններին։

Սույն Հիմնական ուղղությունների դրույթներով չեն շոշափվում անդամ պետությունների՝ միջազգային այն պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնց մասնակիցներն են իրենք։

Սույն Հիմնական ուղղությունների նպատակներով օգտագործվում են հետևյալ հասկացությունները, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

եվրասիական տրանսպորտային միջանցք՝ այն երթուղիների ամբողջությունը, որոնք ինտեգրված են այդ թվում անդամ պետությունների տարածքներով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների ցանցում, և միջազգային հաղորդակցության մեջ ապահովում են ուղևորների և բեռների փոխադրումը դրանց առավել մեծ կենտրոնացվածության ուղղություններով, ինչպես նաև այդ փոխադրումների իրականացման տեխնոլոգիական և կազմակերպաիրավական պայմանների ամբողջությունը.

ինտելեկտուալ տրանսպորտային համակարգ՝ ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու ավտոմատացման միջոցների ինտեգրումը տրանսպորտային ենթակառուցվածքի, տրանսպորտային միջոցների և օգտագործողների հետ, որն ուղղված է տրանսպորտային գործընթացի անվտանգության և արդյունավետության բարձրացմանը.

ուղղակի-խառը փոխադրում՝ տրանսպորտի երկու կամ ավելի տեսակներով փոխադրումը միասնական փոխադրման փաստաթղթով՝ ձևակերպված ամբողջ ընթացուղու համար։

Սույն Հիմնական ուղղություններում օգտագործվող այլ հասկացություններ ընկալվում են «Միության մասին» պայմանագրով սահմանված իմաստներով:

 

II. Անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղություններն ու իրականացման փուլերը

 

Անդամ պետություններն իրականացնում են համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականություն, որն ուղղված է միասնական տրանսպորտային տարածքի հետևողական և փուլային ձևավորմանը՝ մրցակցության, բաց լինելու, անվտանգության, հուսալիության, հասանելիության և էկոլոգիականության սկզբունքների հիման վրա, և Միության տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծմանը, որտեղ ստեղծվում են տրանսպորտային ծառայությունների մատուցման հավասար (պարիտետային) պայմաններ՝ հաշվի առնելով «Միության մասին» պայմանագրով նախատեսված առանձնահատկությունները։

Սույն Հիմնական ուղղություններն իրականացվում են անդամ պետությունների կողմից՝ փուլային եղանակով՝ հաշվի առնելով՝

«Միության մասին» պայմանագրում ամրագրված՝ անդամ պետությունների՝ տրանսպորտի հարցերով պայմանավորվածությունները.

անդամ պետություններից յուրաքանչյուրի ազգային շահերը, դրանց տնտեսական զարգացման մակարդակը, տրանսպորտային ծառայությունների ազգային շուկայի զարգացման աստիճանը.

տնտեսության տրանսպորտային ոլորտի կարգավորման առանձնահատկություններն ու դրա ճյուղերի յուրահատկությունը.

անդամ պետությունների՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելիս, ինչպես նաև միջազգային պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունները.

անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ ընդհանուր մոտեցումների մշակման և կիրառման հնարավորությունները՝ տրանսպորտային ծառայությունների համաշխարհային շուկայում ընդհանուր առավելությունների ապահովման նպատակով։

Սույն Հիմնական ուղղությունների առանձին դրույթներն իրականացվում են միջազգային պայմանագրերի կնքման և Միության մարմինների կողմից ակտերի ընդունման միջոցով։

Անդամ պետությունները փուլ առ փուլ անցկացնում են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանը և Միության տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծմանն ուղղված միջոցառումներ՝ ելնելով ճյուղային զարգացման առանձնահատկություններից և «Միության մասին» պայմանագրում տրանսպորտի առանձին տեսակների համար ամրագրված դրույթներից։

Անդամ պետությունները վարում են ավտոմոբիլային, օդային, ջրային և երկաթուղային տրանսպորտի ոլորտում Միության տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծմանն ուղղված համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականություն՝ հաշվի առնելով սույն Հիմնական ուղղությունների համապատասխան բաժինների դրույթները։

Տրանսպորտային ծառայությունների ազատականացման կարգը, պայմանները և փուլայնությունը սահմանվում են Միություն շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով։ Ընդ որում, առանձին անդամ պետությունների համար կարող են նախատեսվել ազատականացման ավելի ուշ ժամկետներ, ինչն այլ անդամ պետությունների համար Միության տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման մասով գործունեություն իրականացնելու խոչընդոտ չէ։

Սույն Հիմնական ուղղությունների նպատակներն իրագործվում են հետևյալ խնդիրների լուծման միջոցով.

տրանսպորտի ոլորտում ընդհանուր առավելությունների ապահովմանն ուղղված համաձայնեցված միջոցների ընդունում և միջազգային լավագույն փորձի իրագործում, այդ թվում՝ Եվրոպայի և Ասիայի միջև տարանցիկ տրանսպորտատնտեսական կապեր իրականացնելիս աջակցություն՝ Միության աշխարհագրական առավելությունների ավելի լիակատար իրականացմանը, միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրություն, վերլուծություն և համաձայնեցված ներդրում.

անդամ պետությունների տրանսպորտային համակարգերի ինտեգրում՝ միջազգային տրանսպորտային համակարգին, որի շրջանակներում անդամ պետությունները՝

սահմանում են տրանսպորտի բնագավառում այն միջազգային պայմանագրերի ցանկը, որոնցով հնարավոր է համակարգված դիրքորոշումների մշակումը՝ միջազգային կազմակերպություններում անդամ պետությունների շահերը հաշվի առնելու նպատակով.

ստեղծում են պայմաններ՝ անդամ պետությունների տրանսպորտային գործունեության սուբյեկտների կողմից տրանսպորտային ծառայությունների արտահանման ծավալների մեծացման և աշխարհագրության ընդլայնման համար.

իրագործում են համատեղ նախագծեր տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում՝ Միության կառուցման գործընթացը միջազգային տրանսպորտային նախաձեռնություններին կապակցելու շրջանակներում.

Միության կողմից իր տարանցիկ ներուժի արդյունավետ օգտագործում, ինչը նախատեսում է՝

տրանսպորտային ենթակառուցվածքի գրավչության բարձրացում.

օպտիմալ պայմաններ (ճկուն, գրավիչ սակագներ, հսկողության տեսակների օպտիմալացում և պարզեցում, լոգիստիկ տեխնոլոգիաների կատարելագործում և այլն) ուղևորների և բեռների միջազգային փոխադրում իրականացնելու համար.

այնպիսի ծրագրերի մշակում և իրագործում, որոնք նպաստում են ուղևորների և բեռների տարանցիկ ու բազմամոդալ փոխադրումների զարգացմանը.

տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացում՝ հետևյալի միջոցով՝

ուղևորային և բեռնային փոխադրումների բնագավառում հաջող առաջադեմ և միջազգային լավագույն փորձի ներդրում, ուղևորների համար տրանսպորտային հասանելիության, կանոնավորության և հարմարավետության ապահովում, բեռների առաքման բնագավառում առաջադեմ լոգիստիկ տեխնոլոգիաների կիրառում.

շարժակազմի նորացման համար պայմանների ստեղծում.

ուղևորային փոխադրումների ծառայությունների սպառողների տեղեկատվական ապահովման համակարգերի զարգացում.

պայմանների ստեղծում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց՝ տրանսպորտային ենթակառուցվածքին և հասարակական ուղևորատար տրանսպորտի տրանսպորտային միջոցներին անարգել, հարմար և անվտանգ հասանելիության համար.

տրանսպորտում անվտանգության ապահովում, այդ ոլորտում անդամ պետությունների օրենսդրության կատարելագործում, այդ թվում ՝ հաշվի առնելով միջազգային այն պայմանագրերի դրույթները, որոնց մասնակիցներն են անդամ պետությունները.

շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա տրանսպորտի վնասակար ներգործության նվազեցում, վառելիքի այլընտրանքային տեսակների և էներգիայի վերականգնվող աղբյուրների ներդրում՝ ջերմոցային գազերի արտանետման նվազեցման և տնտեսող ու էկոլոգիական տրանսպորտային միջոցների կիրառման մասնաբաժնի մեծացման նպատակով.

բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորում, տրանսպորտի ոլորտում նախագծերի զարգացման գործում կապիտալ ներդրումների ներգրավման խթանում, այդ թվում՝ նորարական տեխնոլոգիաների մշակման և ներդրման, փոխադրումների ռեսուրսատարության և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության նվազեցման, պրակտիկայում պետական-մասնավոր գործընկերության և կոնցեսիոն համաձայնագրերի մեխանիզմների լայն ներդրման, ինչպես նաև ներդրումային գրավչությունը բարձրացնելու համար այլ պայմանների ստեղծման միջոցով։

Սույն Հիմնական ուղղություններն իրագործվում են՝ հաշվի առնելով հետևյալ առաջնահերթությունները՝

եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծում ու զարգացում՝ հետևյալի միջոցով՝

անդամ պետությունների կողմից տրանսպորտային միջանցքների և երթուղիների համաձայնեցված սահմանում.

անդամ պետությունների առաջարկություններով տրանսպորտային միջանցքների և երթուղիների ցանկի ձևավորում՝ Միության մարմնի կողմից դրա հաստատմամբ.

եվրասիական տրանսպորտային միջանցքների տեխնոլոգիական համատեղելիության ապահովում.

երթևեկության պլանավորման համակարգում և կարգավարացում.

գրավիչ և ճկուն սակագնային պայմանների համաձայնեցում.

մաքսային և հսկողության այլ ձևերի ընթացակարգերի պարզեցում.

ուղղակի-խառը փոխադրումների զարգացում.

ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի (այդ թվում՝ տեղեկատվական համակարգերի) ներդրում և ժամանակակից այնպիսի տեխնիկական միջոցների (տեխնիկական հագեցվածության) կիրառում, որոնք թույլ են տալիս պարզեցնել ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվության փոխանցումը.

ժամանակակից ճանապարհամերձ և ուղեկցող ծառայության զարգացում.

Միության շրջանակներում տարանցիկ ներուժի իրագործում և զարգացում, եվրասիական տրանսպորտային կապերի ընդլայնմանն ուղղված միջոցների մշակում և իրագործում, տարանցման ազատության ապահովում՝ հաշվի առնելով անդամ պետությունների՝ տրանսպորտի տարբեր տեսակների զարգացման հարցերով պայմանավորվածությունները, ուղևորների և բեռների տեղափոխման վրա ազդող արգելքների վերացում և ընթացակարգերի պարզեցում.

տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համակարգում, որի շրջանակներում անդամ պետությունները՝

փոխադարձաբար տեղեկացնում են տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների ստեղծման կամ կատարելագործման՝ իրագործման նպատակով պլանավորվող նախագծերի մասին.

ապահովում են արդյունաբերանորարարական ենթակառուցվածքի օբյեկտների (արդյունաբերական կլաստերների, արդյունաբերական պարկերի և տեխնոպարկերի) զարգացման՝ իրագործման համար պլանավորվող կոոպերացիոն նախագծերի կապվածությունն անդամ պետություններում տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների ստեղծման՝ իրագործվող և իրագործման համար պլանավորվող նախագծերի հետ.

ապահովում են սահմանակից ենթակառուցվածքի «նեղ հատվածների» վերացումը, կցվանքային կետերի և անցակետերի տեխնիկական հագեցվածությունը՝ հաշվի առնելով տնտեսական նպատակահարմարությունը.

այնպիսի լոգիստիկ կենտրոնների և տրանսպորտային կազմակերպությունների ստեղծում, որոնք ապահովում են փոխադրման գործընթացների օպտիմալացումը, անդամ պետությունների տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված ազգային նախագծերի և ծրագրերի իրագործման վերաբերյալ փոխադարձ տեղեկացումը, տրանսպորտային-լոգիստիկ ծառայությունների համաշխարհային շուկայում անդամ պետությունների մասնաբաժնի ավելացումը.

կադրային ներուժի ներգրավում ու օգտագործում՝ տրանսպորտի բնագավառում բարձր մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների ռացիոնալ օգտագործման համար պայմանների ստեղծման, մասնագետների նկատմամբ մասնագիտական և որակավորման պահանջների ներդաշնակեցման, ուսուցման ոլորտում համագործակցության զարգացման, ինչպես նաև մասնագետների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման, կադրերի պատրաստում և անձնակազմի որակավորման բարձրացում ապահովող մրցունակ կենտրոնների զարգացման միջոցով.

տրանսպորտի ոլորտում գիտության և նորարարությունների զարգացում, այդ թվում՝

համատեղ հետազոտությունների պլանավորման և անցկացման համար պայմանների ստեղծում՝ նորարարական տեխնոլոգիաների և ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի, էներգախնայող տեխնոլոգիաների, էկոլոգիական («կանաչ») տեխնոլոգիաների, այդ թվում՝ վառելիքի այլընտրանքային տեսակների օգտագործումն ընդլայնող և ջերմոցային գազերի արտանետման ծավալների նվազեցում թույլ տվող տեխնոլոգիաների, արագընթաց և ճեպընթաց տրանսպորտային համակարգերի, GPS/ԳԼՈՆԱՍՍ նավագնացական արբանյակային համակարգերի, փոխադրումների կազմակերպման տեղեկատվական տեխնոլոգիաների, անօդաչու տրանսպորտային միջոցների մշակման և ներդրման նպատակով.

ժամանակակից, մրցունակ գիտակրթական համատեղ կենտրոնների ձևավորում և զարգացում.

գիտատեխնիկական համագործակցության, տեղեկատվության, առաջադեմ փորձի փոխանակման («նոու-հաու») ընդլայնում՝ տրանսպորտային տեխնոլոգիաների զարգացման նպատակով։

 

Ավտոմոբիլային տրանսպորտը

 

Ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 13 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման՝ 2016-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար ծրագրի» իրականացումն է։

Ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունները հետևյալն են:

Ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի զարգացումը։

Իրագործման փուլերը՝

անդամ պետություններում առկա ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի վերլուծություն.

ազգային ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի փոխգործակցության նկատմամբ համաձայնեցված մոտեցումների մշակում և ընդունում.

ազգային ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի փոխգործակցության կատարելագործում:

Ուղևորային փոխադրումների զարգացումը։

Իրագործման փուլերը՝

անդամ պետություններում ուղևորային փոխադրումների շուկայի այժմյան վիճակի վերլուծություն.

ավտոմոբիլային ուղևորային փոխադրումների կազմակերպման և հսկողության կատարելագործման նկատմամբ համաձայնեցված մոտեցումների մշակում և ընդունում.

ուղևորային փոխադրումների ծառայությունների շուկայի տեղեկատվական ապահովման ստեղծում ու զարգացում։

Ավտոմոբիլային ճանապարհների ենթակառուցվածքի զարգացումը և պահպանվածության ապահովումը։

Իրագործման փուլերը՝

անդամ պետությունների՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների մեջ մտնող ավտոմոբիլային ճանապարհների շահագործման բնութագրերի վերլուծության անցկացում.

անցկացված վերլուծության հիման վրա՝ սահմանային թույլատրելի զանգվածներին, սռնու բեռնվածությանը, ավտոտրանսպորտային միջոցների եզրաչափքերին ներկայացվող համաձայնեցված պահանջների և եվրասիական տրանսպորտային միջանցքներով երթևեկության համար դրանց կիրառումն սկսելու ժամկետների սահմանում.

միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելիս սահմանային թույլատրելի զանգվածներին, սռնու բեռնվածությանը, ավտոտրանսպորտային միջոցների եզրաչափքերին Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 827 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին (ՄՄ ՏԿ 014/2011) համապատասխան ներկայացվող պահանջների սահմանում.

խոշորաեզրաչափ և (կամ) ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների՝ անդամ պետությունների տարածք (տարածքով, տարածքից) մուտքի (ելքի) և տեղափոխման նկատմամբ հսկողության մեխանիզմի կատարելագործում՝ հաշվի առնելով այն անդամ պետությունների օրենսդրությունը, որոնց ավտոմոբիլային ճանապարհներով իրականացվում է երթևեկությունը՝ ավտոտրանսպորտային միջոցների թույլատրելի քաշային և եզրաչափքային պարամետրերի մասով.

ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով պահանջների կատարելագործում։

Անդամ պետությունների ավտոտրանսպորտային ծառայությունների որակի և տարանցիկ ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացումը։

Իրագործման փուլերը՝

այն արգելքների հայտնաբերումն ու վերացումը, որոնք խոչընդոտում են անդամ պետությունների միջև ավտոմոբիլային հաղորդակցության զարգացմանն ու ավտոմոբիլային տրանսպորտի ծառայությունների մատուցմանը.

բարենպաստ պայմանների ստեղծում՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների և տրանսպորտային ենթակառուցվածքի, այդ թվում՝ ճանապարհամերձ և ուղեկցող ծառայության զարգացման համար․

մեկ անդամ պետության փոխադրողների համար այլ անդամ պետությունների տարածքով տարանցման ազատության ապահովում։ Այն ապրանքների համար, որոնց նկատմամբ անդամ պետություններից մեկը միակողմանիորեն ընդունել է սահմանափակող միջոցներ, այդպիսի տարանցման ազատությունն ապահովվում է դրանց տեղափոխման հետագծելիության մեխանիզմի ներդրման պայմանով.

անդամ պետությունների իրավասու մարմինների փոխգործակցության կազմակերպում՝ եվրասիական տրանսպորտային միջանցքներով միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելիս՝ ծանրաքաշ և (կամ) խոշորաեզրաչափ ավտոտրանսպորտային միջոցներն անցնելու և վտանգավոր բեռներ փոխադրելու համար հատուկ թույլտվությունների ձևակերպման և տրամադրման ընթացակարգերի համաժամեցման մասով.

Միության արտաքին սահմանին երրորդ երկրների փոխադրողների հետ առաջացող վիճելի իրավիճակների կարգավորման, Միության տարածքում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների պայմանների կատարման մասով սահմանված պահանջները խախտելու դեպքում ավտոտրանսպորտային միջոցների վերադարձի առկա պրակտիկայի ուսումնասիրություն և ընդհանուր մոտեցումների մշակում (անհրաժեշտության դեպքում).

անդամ պետությունների ավտոտրանսպորտային միջոցների հավաքակայանի վիճակի վերլուծություն, դրա նորացմանն ուղղված բարենպաստ պայմանների ստեղծման համար համաձայնեցված միջոցների մշակում և կիրառում։

Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրականացման հետ կապ ունեցող աշխատակիցների մասնագիտական իրավասության ապահովումը։

Իրագործման փուլերը՝

անդամ պետությունների՝ միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպման համար պատասխանատու վարորդների և մասնագետների մասնագիտական պատրաստվածության հարցերը կարգավորող օրենսդրության վերլուծություն.

մասնագետներին ներկայացվող մասնագիտական և որակավորման պահանջների ներդաշնակեցման նկատմամբ համաձայնեցված մոտեցումների մշակում և ընդունում.

անդամ պետությունների՝ միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի աշխատակիցներին ներկայացվող մասնագիտական և որակավորման պահանջների ներդաշնակեցում՝ ընդունված համաձայնեցված մոտեցումների հիման վրա, կրթությունը և անհրաժեշտ որակավորման առկայությունը հավաստող փաստաթղթերին, համապատասխան ուսումնական կենտրոններին և կրթական կազմակերպություններին, կրթության որակի հսկողությանը և դրա գիտամեթոդական ապահովմանը ներկայացվող պահանջների ներդաշնակեցում։

 

Օդային տրանսպորտը

 

«Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության («Միության մասին» պայմանագրի թիվ 24 հավելված) III բաժնի համաձայն՝ Միությունում օդային տրանսպորտի զարգացումը նախատեսում է օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի փուլային ձևավորում։

Անդամ պետությունների միջև օդային հաղորդակցությունը կարգավորվում է միջազգային պայմանագրերի դրույթներով, այդ թվում՝ երկկողմանի։

Անդամ պետությունների քաղաքացիական ավիացիայի զարգացումը, անդամ պետությունների միջև ավիափոխադրումերի հարցերով միջազգային համագործակցության կազմակերպումը և համակարգումն իրականացվում են Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) շրջանակներում։

Օդային տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունները հետևյալն են:

Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում` քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։

Իրագործման փուլերը՝

քաղաքացիական ավիացիայի բնագավառում անդամ պետությունների օրենսդրության վերլուծություն՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) ստանդարտներին և առաջարկվող պրակտիկային համապատասխանության մասով.

քաղաքացիական ավիացիայի բնագավառում անդամ պետությունների օրենսդրության փոփոխությունների նկատմամբ համաձայնեցված մոտեցումների մշակում և ընդունում.

քաղաքացիական ավիացիայի բնագավառում անդամ պետությունների նորմատիվ իրավական բազայի համապատասխանեցում՝ ընդունված համաձայնեցված մոտեցումներին։

Շրջակա միջավայրի վրա քաղաքացիական ավիացիայի բացասական ազդեցության նվազեցում։

Իրագործման փուլերը՝

անդամ պետությունների ավիացիոն ընկերությունների օդանավերի համակազմի՝ ավիացիոն աղմուկի մասով ԻԿԱՕ-ի պահանջներին համապատասխանության գնահատում.

օդանավերի շահագործման նկատմամբ համաձայնեցված մոտեցումների մշակում և ընդունում՝ հաշվի առնելով անդամ պետություններում կանոնավոր օդային հաղորդակցությունների ժամանակ ավիացիոն աղմուկի մասով ԻԿԱՕ-ի պահանջները։

Արդար և բարեխիղճ մրցակցության ապահովում։

Իրագործման փուլերը՝

քաղաքացիական ավիացիայի բնագավառում այնպիսի արգելքների (խնդրահարույց հարցերի) հայտնաբերում և վերացում, որոնք խոչընդոտում են անդամ պետությունների միջև օդային տրանսպորտով փոխադրումների շուկայում մրցակցության զարգացմանը.

իրականացվող սակագնային քաղաքականության և անդամ պետությունների աերոնավիգացիոն սպասարկման ու օդանավակայանների ծառայությունների համար կիրառվող կարգավորվող սակագների, ինչպես նաև անդամ պետությունների օդանավակայանների և աերոնավիգացիայի ծառայություններին հասանելիության պայմանների վերլուծություն.

օդանավակայանների և աերոնավիգացիայի ծառայություններ մատուցելիս հավասար (ոչ խտրական) սակագնային պայմանների կիրառման նկատմամբ համաձայնեցված մոտեցումների մշակում և ընդունում.

անդամ պետությունների միջև կանոնավոր օդային փոխադրումներ կատարելիս անդամ պետությունների՝ օդային հաղորդակցության մասին միջազգային պայմանագրերին համապատասխան նշանակված և լիազորված ավիաընկերությունների համար անհավասար (խտրական) պայմանների ստեղծումը, ինչպես նաև օդային տարածքի օգտագործման համար անդամ պետությունների ավիաընկերություններից լրացուցիչ վճարների գանձումը թույլ չտալը.

անդամ պետությունների միջազգային օդանավակայաններում այլ անդամ պետության ավիաընկերություններին ոչ առևտրային նպատակներով տեխնիկական վայրէջքի իրավունքի անխոչընդոտ տրամադրում.

անդամ պետությունների ավիաընկերությունների համար օդանավակայանների վերգետնյա ենթակառուցվածքին հավասար (ոչ խտրական) հասանելիության ապահովում, այդ թվում՝ անդամ պետությունների ավիաընկերությունների համար օդանավակայանների և աերոնավիգացիայի ծառայություններին հասանելիության կարգավորման նկատմամբ համաձայնեցված մոտեցումների մշակում և ընդունում այնպիսի պայմաններով, որոնք ոչ պակաս բարենպաստ են, քան այն պայմանները, որոնք ստեղծվել են այն անդամ պետությանը պատկանող ավիաընկերությունների համար, որի տարածքում մատուցվում են օդանավակայանների և աերոնավիգացիայի ծառայություններ։

Օդանավերի համակազմի նորացման, օդանավակայանների վերգետնյա ենթակառուցվածքի օբյեկտների արդիականացման և զարգացման նպատակով պայմանների ստեղծում՝ ԻԿԱՕ-ի ստանդարտներին և առաջարկվող պրակտիկային համապատասխան։

Իրագործման փուլերը՝

անդամ պետությունների օդանավերի համակազմի վիճակի, նորացման խնդիրների, օդանավերի համալրման և արդիականացման վերլուծություն.

այնպիսի բարենպաստ պայմանների ստեղծում (այդ թվում՝ մաքսասակագնային կարգավորման, մաքսային վարչարարության և այլ ոլորտներում), որոնք նպաստում են օդանավերի համակազմի նորացմանը, ինչպես նաև օդանավերի և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ավիացիոն շարժիչների, պահեստամասերի և սարքավորումների ներմուծմանը.

անդամ պետությունների կողմից ավիացիոն ենթակառուցվածքում ներդրումներ ներգրավելու համար բարենպաստ պայմանների ստեղծում.

օդանավակայանների ենթակառուցվածքի, աերոդրոմային սարքավորումների, օդանավերի թռիչքների աերոնավիգացիոն և ռադիոտեխնիկական ապահովման զարգացում և արդիականացում։

Թռիչքների անվտանգության և ավիացիոն անվտանգության ապահովում։

Իրագործման փուլերը՝

թռիչքների անվտանգությունն ու ավիացիոն անվտանգությունն ապահովելիս ԻԿԱՕ-ի ստանդարտների և առաջարկվող պրակտիկայի կիրառում.

անդամ պետությունների ավիացիոն ընկերությունների օդանավերի համակազմի՝ Կոնվենցիայի 6-րդ հավելվածով նախատեսված պահանջներին համապատասխանության գնահատում.

անցումային շրջանի սահմանում այն օդանավերի համակազմի փոխարինման համար, որոնք չեն համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հավելվածով նախատեսված պահանջներին.

այն օդանավերի շահագործման արգելք, որոնք չեն համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հավելվածով նախատեսված պահանջներին.

ավիացիոն իրադարձությունների ինտեգրված տեղեկատվական տվյալների բազայի ստեղծում՝ անդամ պետությունների թռիչքների անվտանգության կառավարման համակարգերի համար.

անդամ պետություններում օդային երթևեկության սպասարկման համակարգերի ներդաշնակեցում՝ «անկար» օդային տարածք ստեղծելու նպատակով։

Օդային հաղորդակցության ընդլայնում։

Իրագործման փուլերը՝

անդամ պետությունների միջև օդային հաղորդակցության առկա սահմանափակումների վերլուծություն.

միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») հիման վրա՝ օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի փուլային ձևավորում՝ սույն Հիմնական ուղղությունների իրագործման նպատակով։

 

Ջրային տրանսպորտ

 

Ջրային տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունները հետևյալն են։

Ծովային տրանսպորտ

Իրագործման փուլերը՝

միջազգային կազմակերպություններում անդամ պետությունների կոնսոլիդացված դիրքորոշումը ձևավորելիս համաձայնեցված մոտեցումների մշակում.

դեպի երրորդ երկրներ (երրորդ երկրներից) փոխադրումներ կազմակերպելիս անդամ պետությունների նավահանգիստներում ընթացակարգերի պարզեցմանն ուղղված միջոցների մշակում.

Ներքին ջրային տրանսպորտ

Իրագործման փուլերը՝

Միության շրջանակներում նավագնացության մասին միջազգային պայմանագրի ընդունում.

ներքին ջրային տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության վերլուծություն՝ ներդաշնակեցման ենթակա ուղղությունների որոշման և համաձայնեցման նպատակով.

անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում՝ համաձայնեցված ուղղություններին համապատասխան.

համաձայնեցված միջոցների մշակում և ընդունում՝ ներքին ջրային տրանսպորտի նավատորմի նորացման մասով նպաստավոր պայմանների ստեղծման նպատակով.

անդամ պետությունների համար ներքին ջրային ուղիներով նավերի անցման կարգի կատարելագործում.

կադրերի պատրաստման ծրագրերի ներդաշնակեցում.

անդամ պետությունների կողմից նավերի և կազմակերպությունների անձնակազմերի անդամների վկայականների, դիպլոմների և փաստաթղթերի փոխադարձ ճանաչում։

 

Երկաթուղային տրանսպորտ

 

«Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության («Միության մասին» պայմանագրի թիվ 24 հավելված) V բաժնին համապատասխան և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի ու ակտերի վրա հիմնվելով, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի, Երկաթուղիների համագործակցության կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության տարածաշրջանային կազմակերպությունների և այլ միջազգային (միջկառավարական և միջգերատեսչական) կազմակերպությունների աշխատանքի արդյունքները, ինչպես նաև երկկողմանի ու բազմակողմանի պայմանագրերը հաշվի առնելով՝ անդամ պետությունները հետևողականորեն ու փուլ առ փուլ իրագործում են երկաթուղային տրանսպորտի ոլորտում համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականություն։ Այդպիսի քաղաքականության հիմնական ուղղությունները հետևյալն են։

Միասնական տրանսպորտային տարածքի գործունեության համար պայմանների կատարելագործում։

Իրագործման փուլերը՝

գնացքների երթևեկության կազմակերպման հետ կապված թերությունների վերացման, այդ թվում՝ փոխադրումների համաձայնեցման նկատմամբ մոտեցումների մշակում ու ընդունում և բեռների փոխադրման կազմակերպման ու ձևակերպման ոչ թղթային տեխնոլոգիաների ներդրում.

տեղեկատվության, այդ թվում՝ երրորդ երկրների հետ ապրանքների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկատվության փոխանակումը կազմակերպելու համար ինստիտուցիոնալ (իրավական) պայմանների ստեղծում, այդ թվում՝ երրորդ երկրների փոխադրողների, ֆիզիկական և իրավաբանական անձանց (բեռնառաքողների, Էքսպեդիտորների) կողմից անդամ պետությունների փոխադրողներին նշված տեղեկատվության ներկայացում.

սահմանների հատման դյուրացման, արգելքների վերացման և ուղևորների ու բեռների անխոչընդոտ տեղափոխման վրա ազդող ընթացակարգերը պարզեցնելու նկատմամբ համաձայնեցված մոտեցումների մշակում և ընդունում՝ ուղևորատար և բեռնատար գնացքների ուշացումների վրա ազդող պատճառների վերացման նպատակով.

երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման ծառայությունների առնչությամբ ճկուն սակագնային քաղաքականության իրականացում, այդ թվում՝ անդամ պետությունների տարածքներով բեռները երրորդ երկրներից դեպի երրորդ երկրներ տարանցման կարգով փոխադրելիս անդամ պետությունների փոխադրողների կողմից համաձայնեցված միջանցիկ սակագնային դրույքաչափերի կիրառման միջոցով.

անդամ պետությունների միջև միջազգային ուղևորահաղորդակցության զարգացում.

բարձր հարմարավետությամբ վագոններից կազմված այն գնացքներով ուղևորային փոխադրումների զարգացման կազմակերպում և համաձայնեցում, որոնք շարժվում են երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով՝ ժամանակացույցի առանձին գծերով.

միջազգային հաղորդակցության մեջ ուղևորային փոխադրումների որակի բարձրացման, այդ թվում՝ գնացքների երթևեկության ժամանակացույցի օպտիմալացման, ընթացուղու վրա ստուգման գործառնություններ անցկացնելու վրա ծախսվող ժամանակի կրճատման, շարժակազմի պարկի նորացման միջոցով համատեղ միջոցառումների իրագործում.

անդամ պետությունների միջև արագընթաց և ճեպընթաց ուղևորային հաղորդակցության ստեղծման ու զարգացման վերաբերյալ համաձայնեցված մոտեցումների մշակում և ընդունում՝ հաշվի առնելով երկաթուղային տրանսպորտի զարգացման առանձնահատկություններն ու անդամ պետություններից յուրաքանչյուրի աշխարհագրական դիրքը։

Երկաթուղային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի գործունեության համար պայմանների ստեղծում՝ բացառությամբ փոխադրման ծառայությունների և ենթակառուցվածքի ծառայությունների:

Իրագործման փուլերը՝

անդամ պետությունների օրենսդրության վերլուծության անցկացում՝ երկաթուղային տրանսպորտի՝ փոխադրման հետ կապված հնարավոր լրացուցիչ ծառայությունների և դրանց իրականացման պայմանների սահմանման նպատակով.

Միության շրջանակներում այնպիսի միջազգային պայմանագրերի կնքում (անհրաժեշտության դեպքում), որոնք կանոնակարգում են ազատականացման սկզբունքները (ծառայությունների առևտրի կարգավորման իրավական հիմքերի, այդ թվում՝ հատուկ տնտեսական միջոցների կիրառման), երկաթուղային տրանսպորտի փոխադրման հետ կապված՝ լրացուցիչ ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները։

 

III. Անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման սպասվելիք արդյունքները

 

Սույն Հիմնական ուղղությունների իրագործումը թույլ կտա ապահովել անդամ պետությունների տրանսպորտային համակարգի անցումը գործունեության որակապես նոր մակարդակի։

Անդամ պետությունների տրանսպորտային համակարգի զարգացումը կապահովի տրանսպորտային ծառայություններում բնակչության և տնտեսության կարիքների բավարարումը, ինչպես նաև կբարձրացնի անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքի հասանելիությունը։

Տրանսպորտի բոլոր տեսակներն ուղղված կլինեն որակյալ, մրցունակ տրանսպորտային ծառայությունների մատուցմանը, ինչը թույլ կտա էապես մեծացնել տարանցիկ փոխադրումների մասնաբաժինը։

Տրանսպորտային ենթակառուցվածքի վիճակի ընդհանուր բարելավման և հեռանկարային զարգացման հաշվին անդամ պետությունների տրանսպորտային միջանցքները գրավիչ կդառնան բեռների և ուղևորների տարանցիկ փոխադրումների համար։

Տարանցիկ ներուժի օգտագործումը կապահովի անդամ պետությունների և դրանց տրանսպորտային ընկերությունների բյուջեներ էական ֆինանսական մուտքեր։

Տրանսպորտն ավելի հասանելի կդառնա բնակչության համար, տրանսպորտային ծառայությունների արժեքը համաչափ կլինի անդամ պետությունների քաղաքացիների եկամուտների մակարդակին։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան