ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0803/11/19 | ||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
|
Ս. Օհանյանի |
1 ապրիլի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունիսի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի հուլիսի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում (այսուհետ` նաև Նախաքննության մարմին) Մասիս Բանդիկյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Երևանի կայազորի զինվորական դատախազ Ա.Անտոնյանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ դիմող Մ.Բանդիկյանի ներկայացուցիչ Ս.Աղվանյանի բողոքը մերժվել է, և հաստատվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին վերոհիշյալ որոշման օրինականությունը:
2. Դատախազ Ա.Անտոնյանի որոշման դեմ դիմող Մ.Բանդիկյանի ներկայացուցիչ Ս.Աղվանյանը 2019 թվականի հոկտեմբերի 4-ին բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել այն, պարտավորեցնել հարուցել քրեական գործ և իրականացնել նախաքննություն։
Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մարտի 24-ի որոշմամբ դիմողի ներկայացուցիչ Ս.Աղվանյանի բողոքը բավարարվել է, և Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հուլիսի 8-ի որոշումը վերացվել է:
3. Դատախազ Ա.Անտոնյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հունիսի 4-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մարտի 24-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Երևանի թիվ 1 զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարի պարտականությունների ժամանակավոր կատարող Կ.Հովհաննիսյանի՝ 2019 թվականի մայիսի 30-ի զեկուցագրի համաձայն՝ Վարդգես Վաչագանի Չարխիֆալակյանն ընդգրկված է Երևանի թիվ 1 զինվորական կոմիսարիատի 1992 թվականին ծնված քաղաքացիների Ձև 3 ամփոփացուցակում, սակայն դեռևս չի ներկայացել զինվորական հաշվառման1:
5.1. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված գրության համաձայն՝ Վ.Չարխիֆալակյանին մինչև 16 տարին լրանալը՝ 2000 թվականի օգոստոսի 7-ին անձնագրային և վիզաների վարչության կողմից տրվել է ՀՀ քաղաքացու AE սերիայի թիվ 0604280 անձնագիրը: Նշված անձնագիրը, վավերականության ժամկետը լրանալու կապակցությամբ, 2006 թվականի հուլիսի 26-ին փոխանակվել է AG սերիայի թիվ 0583862 անձնագրով, որը վավերական է եղել մինչև 2008 թվականի մարտի 31-ը (մինչև 16 տարին լրանալը)2:
5.2. ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի թիվ 1 զինվորական կոմիսարիատի աշխատակից Գևորգ Աբրահամյանի բացատրության համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչ, 1992 թվականի մարտի 31-ին ծնված Վ.Չարխիֆալակյանը թեև ընդգրկված է 1992 թվականին ծնվածների ձև 3 ամփոփացուցակում, սակայն չի ներկայացել զինվորական հաշվառման կանգնելու համար, և տվյալ դեպքում վերջինս չի համարվում կցագրված3:
6. Նախաքննության մարմնի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2019 թվականի հուլիսի 8-ի որոշման համաձայն՝ «(…) Վարդգես Վաչագանի Չարխիֆալակյանը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով պարտավոր լինելով զինվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար ներկայանալ հաշվառման՝ (փաստացի բնակության) վայրի զինկոմիսարիատ, չի ներկայացել, ու նյութերի նախապատրաստման ընթացքում, թեև ձեռք են բերվել որոշակի փաստական տվյալներ այն մասին, որ Վարդգես Վաչագանի Չարխիֆալակյանը դուրս է մնացել զինվորական հաշվառումից, սակայն նա «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով սահմանված կարգով չի ներկայացել զինկոմիսարիատ, նախնական կցագրում չի անցել, 1992թ.-ի ծնված արական սեռի ներկայացուցիչների հաշվառման այբբենական գրքում չի ընդգրկվել, բժշկական հանձնաժողովի կողմից զինծառայության համար նրա պիտանիության հարցը չի որոշվել, ուստի Վարդգես Վաչագանի Չարխիֆալակյանի կողմից զինհաշվառումից դուրս մնալու պարագայում Արաբկիրի զինկոմիսարիատի առանձին աշխատակիցները դիտավորություն կամ անփութություն չեն դրսևորել, քանի որ մինչև Վարդգես Վաչագանի Չարխիֆալակյանի զորակոչային տարիքի լրանալը՝ 27 տարեկան հասակը, վերջինս զինկոմիսարիատ չի ներկայացել և զինկոմիսարիատը նրա վերաբերյալ համապատասխան մարմիններից տեղեկություններ չի ստացել, 1992թ. ծնված արական սեռի ներկայացուցիչների հաշվառման այբբենական գրքում ընդգրկված չէ, սակայն անցնում է զինկոմիսարիատի ձև 3 ամփոփացուցակով, որպիսի պայմաններում հիշյալ փաստով բացակայում է հանցակազմը (…)»4:
7. Դատախազի՝ 2019 թվականի սեպտեմբերի 3-ի որոշման համաձայն՝ «(…) [Կ]ցագրման ենթակա են 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիները, կցագրման պահից սկսված տվյալ անձը կարող է հանդիսանալ ՀՀ զինված ուժերի կոմպլեկտավորման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների ապահովմանը միտված իրավական ակտերով սահմանվող իրավահարաբերությունների սուբյեկտ։
Բացի այդ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության սույն հոդվածի դիսպոզիցիայում նախատեսված արարքներից մեկը կատարելու դեպքում՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելու համար՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում։ Իսկ նախազորակոչային տարիքի հասած արական սեռի քաղաքացու կողմից զինկոմիսարիատ չներկայանալը և չկցագրվելը չի կարող դիտվել վերոգրյալ հանցագործության օբյեկտիվ կողմի դրսևորում (…)»5:
8. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մարտի 24-ի որոշման համաձայն. «(…) Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ և 185-րդ հոդվածների իրավակարգավորումներից հետևում է, որ Դատախազը քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի և քննիչի որոշման օրինականությունը ստուգելիս լիազորված է հաստատել կամ վերացնել այդ որոշումը, վերջին դեպքում նաև հարուցել քրեական գործ, և լիազորված չէ ինքնուրույն պատճառաբանել, առավել ևս իրավական գնահատման արժանացնել այն արարքները, որոնց վերաբերյալ ներկայացված՝ հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող [մարմինն] իրավական գնահատական չի տվել, մասնավորապես, ենթադրյալ դեպքի առկայության կամ բացակայության, դրանով պայմանավորված նաև հանցակազմի բացակայության մասին:
Այսպիսով, նյութերի նախապատրաստության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների բավարարության, ինչպես նաև նյութական և դատավարական օրենսդրության պահանջների պահպանման տեսանկյունից քրեական գործ հարուցելը մերժելու մասին վիճարկվող՝ Քննիչի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը գնահատելով, Դատարանը հանգում է հետևության, որ դիմողի ներկայացուցչի՝ Հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում վարույթն իրականացնող մարմինը ենթադրյալ հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ չի ձեռնարկել, նշված հանցագործության դեպքի առկայության կամ բացակայության, դրանով պայմանավորված արարքում հանցակազմի առկայության մասին իրավական գնահատական չի տվել:
Դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն իրականացվել անհրաժեշտ միջոցներ (քննչական և դատավարական գործողություններ), որոնց պարզման նպատակով վարույթն իրականացնող մարմինն առաջին հերթին պետք է օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի գնահատման ենթարկի Հաղորդմամբ հայտնած տեղեկությունները հիմնավորող և հերքող փաստական տվյալները և ձեռնամուխ լինի գործի հանգամանքները բազմակողմանիորեն հիմնավորող փաստական տվյալների ձեռք բերմանը, ինչն իրավական հիմք կստեղծի առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը, հաղթահարելով համապատասխան որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստական հանգամանքների անհրաժեշտ «շեմը», կայացնի լիարժեք հիմնավորված որոշում (…)»6։
9. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 4-ի որոշման համաձայն. «(…) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ Վարդգես Չարխիֆալակյանի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու վերաբերյալ նախնական ստուգում չի իրականացվել և հանցագործության մասին հաղորդմամբ նշված ենթադրյալ այդ հանցավոր արարքի հանցակազմի առկայության կամ բացակայության հանգամանքին իրավական գնահատական չի տրվել։ Այդ մասին Առաջին ատյանի դատարանում սույն բողոքի քննության ընթացքում փաստել է նաև քննիչը նշելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նյութեր նախապատրաստելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ հիմքեր չեն եղել։
Վերաքննիչ դատարանը անդրադառնալով Երևանի կայազորի զինվորական դատախազ Ա.Անտոնյանի «Բողոքն ամբողջությամբ մերժելու և քրեական գործ հարուցելը մերժելու որոշման օրինականությունը հաստատելու մասին» 2019 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմանը, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ և 185-րդ հոդվածների իրավակարգավորումներից հետևում է, որ Դատախազը քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի և քննիչի որոշման օրինականությունը ստուգելիս լիազորված է հաստատել կամ վերացնել այդ որոշումը, վերջին դեպքում նաև հարուցել քրեական գործ, և լիազորված չէ ինքնուրույն պատճառաբանել, առավել ևս իրավական գնահատման արժանացնել այն արարքները, որոնց վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմինը իրավական գնահատական չի տվել (…)։
Վերաքննիչ դատարանը ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Գ.Թադևոսյանի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 2019 թվականի հուլիսի 8֊ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը գնահատելով, գալիս է այն եզրահանգման, որ դիմողի ներկայացուցչի հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում վարույթն իրականացնող մարմինն ենթադրյալ հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ չի ձեռնարկել, նշված հանցագործության դեպքի առկայության կամ բացակայության, դրանով պայմանավորված արարքում հանցակազմի առկայության մասին իրավական գնահատական չի տվել (…)»7:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքի հեղինակի կարծիքով՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերում չեն պատճառաբանել, թե որ անձի որ իրավունքն է խախտվել և ինչում է այն դրսևորվել, ինչպես նաև որպես իրավունքի խախտում արձանագրելով վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշակի գործողություններ չկատարելը՝ դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության օբյեկտի շրջանակներից՝ արդյունքում կայացնելով չհիմնավորված և անօրինական դատական ակտեր:
Ավելին, բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանները, վարույթն իրականացնող մարմնի համար սահմանելով քրեական գործ հարուցելու պարտականություն, հաշվի չեն առել, որ նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, որոնք իրենց ամբողջության մեջ բավարար են եղել Վ.Չարխիֆալակյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի բացակայությունը փաստելու համար։
Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը, վերլուծելով իրավահարաբերության ծագման պահին գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի տարրերը և գնահատելով սույն քրեական գործում առկա փաստական տվյալները, նշել է, որ նախազորակոչային տարիքի հասած արական սեռի քաղաքացու կողմից զինկոմիսարիատ չներկայանալը և չկցագրվելը չի կարող դիտվել վերոգրյալ հանցագործության օբյեկտիվ կողմի դրսևորում, ուստի Վ.Չարխիֆալակյանը չի կարող հանդիսանալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության սուբյեկտ:
Անդրադառնալով Վ.Չարխիֆալակյանի արարքը գնահատականի չարժանացնելու մասին ստորադաս դատարանների պնդումներին, բողոքաբերն ընդգծել է, որ վարույթն իրականացնող մարմնի որոշման նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերում տրված ձևակերպումներից ակնհայտ է, որ քննիչի կողմից քննարկվել է Վ.Չարխիֆալակյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության կամ բացակայության հարցը, և վերջինիս անունը որոշման եզրափակիչ մասում չշեշտելն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ նշված որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու համար։
11. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և կայացնել նոր դատական ակտ՝ հաստատելով քրեական գործ հարուցելը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու մասին Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հուլիսի 8-ի որոշումը վերացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին։
(…)
5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն։ Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն` «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»։
Վճռաբեկ դատարանը Մանվել և Լիդա Հովհաննիսյանների գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) [Դ]ատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում ներկայացված բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում իր դատական ակտում պետք է հստակ պատճառաբանի՝
ա) վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական օրենսդրության որ պահանջն է խախտվել և ինչում է այն դրսևորվել,
բ) դրա հետևանքով անձի որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել8:
13.1. Միևնույն ժամանակ անդրադառնալով քրեական գործի հարուցման փուլի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններին` Վճռաբեկ դատարանը Սիրվարդ Գևորգյանի գործով նշել է, որ պայմանավորված դատական վերահսկողության խնդիրներով դրանք ընդգրկում են հետևյալ հարցադրումները.
«ա) արդյոք պահպանվել են «Քրեական գործ հարուցելը» վերտառությունը կրող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխում զետեղված պահանջները,
բ) արդյոք վիճարկվող որոշմամբ վարույթն իրականացնող մարմնի եզրահանգումները համապատասխանում են նրա կողմից ձեռք բերված տվյալների ամբողջությանը,
գ) արդյոք ձեռք են բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար,
դ) վեր հանված խախտումներն արդյոք հանգեցրել են անձի իրավունքների կամ օրինական շահերի խախտման»9։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Նախաքննության մարմինը Մ.Բանդիկյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ Վ.Չարխիֆալակյանի կողմից զինհաշվառումից դուրս մնալու պարագայում Արաբկիրի զինկոմիսարիատի առանձին աշխատակիցները դիտավորություն կամ անփութություն չեն դրսևորել, քանի որ մինչև Վ.Չարխիֆալակյանի զորակոչային տարիքը լրանալը՝ 27 տարեկանը, վերջինս զինկոմիսարիատ չի ներկայացել, և զինկոմիսարիատը նրա վերաբերյալ համապատասխան մարմիններից տեղեկություններ չի ստացել, վերջինս 1992 թվականի ծնված արական սեռի ներկայացուցիչների հաշվառման այբբենական գրքում ընդգրկված չէ, որպիսի պայմաններում հիշյալ փաստով բացակայում է հանցակազմը10:
- Վերոնշյալ որոշման դեմ ներկայացված բողոքն Առաջին ատյանի դատարանը բավարարել է այն հիմնավորմամբ, որ վարույթն իրականացնող մարմինը ենթադրյալ հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ չի ձեռնարկել, նշված հանցագործության դեպքի առկայության կամ բացակայության, և դրանով պայմանավորված արարքում հանցակազմի առկայության մասին իրավական գնահատական չի տվել: Առաջին ատյանի դատարանն ընդգծել է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի գնահատման ենթարկի հաղորդմամբ հայտնած տեղեկությունները և ձեռնամուխ լինի գործի հանգամանքները բազմակողմանիորեն հիմնավորող փաստական տվյալների ձեռքբերմանը, ինչն իրավական հիմք կհանդիսանա լիարժեք հիմնավորված որոշում կայացնելու համար11:
- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, իր հերթին փաստել է, որ Վ.Չարխիֆալակյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու վերաբերյալ նախնական ստուգում չի իրականացվել և հանցագործության մասին հաղորդմամբ նշված ենթադրյալ հանցավոր արարքի հանցակազմի առկայության կամ բացակայության հանգամանքին իրավական գնահատական չի տրվել12:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-13.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերում հստակ չեն պատճառաբանել, թե վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական օրենսդրության պահանջների խախտումն ինչում է դրսևորվել և Նախաքննության մարմնի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2019 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ դիմող Մ.Բանդիկյանի ո՞ր իրավունքները կամ ազատություններն են խախտվել։
Ավելին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ ներկայացված բողոքը բավարարելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելիս, պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել Մ.Բանդիկյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալները, մասնավորապես ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ու համապատասխան տարածքային զինկոմիսարիատ կատարված հարցման արդյունքները, զինվորական կոմիսարիատի աշխատակցի բացատրությունը, որոնք հիմք են տալիս փաստելու, որ Վ.Չարխիֆալակյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առերևույթ հատկանիշներ, այլ կերպ՝ քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր առկա չեն։ Հետևաբար, այս առումով Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում բողոքաբերի այն փաստարկին, որ նյութերի նախապատրաստման ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար են եղել Վ.Չարխիֆալակյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության մասին հետևության հանգելու համար, ինչի մասին իրավաչափորեն նշել է նաև Նախաքննության մարմինը՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ13:
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հուլիսի 8-ի որոշումը վերացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:
16. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մ.Բանդիկյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականության ու հիմնավորվածության ստուգման ընթացքում ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 358-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի՝ հիմք են Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու և փոփոխելու համար: Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Մ.Բանդիկյանի ներկայացուցիչ Ս.Աղվանյանի բողոքը պետք է մերժել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Մասիս Բանդիկյանի ներկայացուցիչ Ս.Աղվանյանի բողոքի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի մարտի 24-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունիսի 4-ի որոշումը բեկանել և փոփոխել: Դիմող Մ.Բանդիկյանի ներկայացուցիչ Ս.Աղվանյանի բողոքը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
______________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 41:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 60-63:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 101-102:
4 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 10-11:
5 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 12-16:
6 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 156-168:
7 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 34-42:
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Մանվել և Լիդա Հովհաննիսյանների գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՐԱԴ/0001/11/14 որոշման 18-րդ կետը:
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սիրվարդ Գևորգյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԼԴ/0018/11/16 որոշման 12-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
13 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
|
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|