ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԳԴ5/0004/01/16 |
ԳԴ5/0004/01/16 | ||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ` | Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատախազ՝ |
Ա. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ | |
պաշտպան` |
Հ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ |
2020 թվականի մայիսի 26-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Վահան Արտաշեսի Մարգարյանի և Վարդան Ժորայի Ներսիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2015 թվականի հունվարի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62201115 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ Վարդան Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Վահան Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի մայիսի 4-ի որոշմամբ Վ.Ներսիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի մայիսի 5-ի որոշմամբ Վ.Մարգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի` 2015 թվականի մայիսի 18-ի որոշմամբ թիվ 62201115 քրեական գործից Վ.Մարգարյանի և Վ.Ներսիսյանի կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Սևադա Հայրապետյանի կատարած հանցանքի դրդչություն կատարելու վերաբերյալ մասն անջատվել և առանձնացվել է առանձին վարույթում` շնորհելով թիվ 62211815 համարը:
Նախաքննության մարմնի` 2016 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ Վ.Մարգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննության մարմնի` 2016 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ Վ.Ներսիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
2016 թվականի փետրվարի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 18-ի դատավճռով Վ.Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքը վերաորակվել է, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Վ.Մարգարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Վ.Մարգարյանը ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվությունից, և այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Նույն դատավճռով Վ.Ներսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքը վերաորակվել է, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Վ.Ներսիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Վ.Ներսիսյանը ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվությունից, և այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
3. Մեղադրող Վ.Լազարյանի և ամբաստանյալ Վ.Մարգարյանի պաշտպան Հ.Սուքիասյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ պաշտպանի բողոքը բավարարվել է, իսկ մեղադրողի բողոքը` մերժվել:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 18-ի դատավճիռը բեկանվել և փոփոխվել է: Վ.Մարգարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Վ.Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է:
Նույն որոշմամբ Վ.Ներսիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ: Վ.Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է:
Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 18-ի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Ամբաստանյալ Վ.Մարգարյանի պաշտպան Հ.Սուքիասյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի բողոքը վարույթ ընդունելը մերժել: Պաշտպանը գտել է, որ բողոքում բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերը: Բացի այդ, պաշտպանը նշել է, որ բողոքի հիմնավորումները փաստարկված չեն, չեն բխում գործի նյութերից և գործում առկա ապացույցների համակցությունից:
Դատավարության մյուս մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմնի կողմից Վահան Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «նա, 2011 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում աշխատելով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետի պաշտոնում, ունենալով ոստիկանության փոխգնդապետի հատուկ կոչում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, սպասարկվող տարածքում կատարված հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու, այդ ցուցանիշներն առերևույթ բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից, կարիերիստական դրդումներով, խմբային շահերից ելնելով, իր օպերատիվ գծով տեղակալ Վարդան Ներսիսյանի հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Սևադա Հայրապետյանին նյութապես ապահովելու խոստումներով համոզելու եղանակով դրդել են առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերել, իր մոտ ապօրինի պահել, փոխադրել զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց հետագայում այն, իբրև, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունք հայտնաբերելու, իբր, թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքի բացահայտում արձանագրելու նպատակով: Սևադա Հայրապետյանի կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուց, պահելուց և փոխադրելուց հետո, պայմանավորվածության համաձայն, Վահան Մարգարյանի ու Վարդան Ներսիսյանի կազմակերպմամբ խեղաթյուրվել է իրականությունը, ձևակերպվել է, թե իբր, Սևադա Հայրապետյանը թմրամիջոց պահելու կասկածանքով 2014 թվականի օգոստոսի 8-ին բերման է ենթարկվել Մարտունու բաժին, և հրավիրված, մոլորության մեջ գտնվող ընթերակաների ու օպերատիվ այլ աշխատակիցների ներկայությամբ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցը, որի մասին կազմվել են համապատասխան դատավարական արձանագրություններ և կցվել իբր բացահայտված հանցագործության վերաբերյալ նախապատրաստված նյութերին: Սևադա Հայրապետյանի խոստովանական բացատրությամբ հանդերձ նյութերը, ըստ ենթակայության, ուղարկվել են Մարտունու քննչական բաժին, դեպքի առթիվ հարուցվել և քննվել է քրեական գործ, Սևադա Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. հոկտեմբերի 30-ի դատավճռով 1 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելուց հետո Սևադա Հայրապետյանը փաստացի 4 ամիս գտնվել է անազատության մեջ` քրեակատարողական հիմնարկում: Վահան Մարգարյանի և Վարդան Ներսիսյանի վերը նշված գործողություններն էական վնաս են պատճառել Սևադա Հայրապետյանի իրավունքներին և օրինական շահերին, պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը, խաթարվել է արդարադատության շահը, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք` Սևադա Հայրապետյանը դատապարտվել է ազատազրկման, որի արդյունքում խախտվել է վերջինիս ազատության իրավունքը, որպես բարձրագույն արժեք:
Այսպես`
Վահան Մարգարյանը, հանդիսանալով հիշյալ բաժնի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ բաժնի աշխատանքները կազմակերպելու, իր ենթակա աշխատողներին գործնական օգնություն ցույց տալու, աշխատանքները վերահսկելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձ, 2014 թվականի օգոստոսի 4-ին մեկնարկած «Կանեփ-կակաչ 2014» համալիր հանրապետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում բաժնի ցուցանիշները բարելավելու անձնական շահագրգռվածությունից, կարիերիստական դրդումներով խմբային շահերից ելնելով, իր օպերատիվ գծով տեղակալ Վարդան Ներսիսյանի հետ նախնական համաձայնությամբ 2014 թվականի օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին են հրավիրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Սևադա Հայրապետյանին, և նրա նկատմամբ, իբր, բարիդրացիական վերաբերմունքի համար փոխադարձ ծառայություններ մատուցելու հորդորով իր աշխատասենյակում համոզել, դրդել են ապօրինաբար որևէ տեղից ձեռք բերել, իր գրպանում պահել, փոխադրել զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որպեսզի կարողանան իրականությունը խեղաթյուրելով ձևակերպել, թե, իբր, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հիշյալ թմրամիջոցը հայտնաբերվել է նրան բերման ենթարկելուց հետո կատարված անձնական խուզարկության ժամանակ, կարողանան արձանագրել հանցագործության բացահայտման դեպք: Սևադա Հայրապետյանին հորդորել են նաև գործի քննության բոլոր փուլերով խոստովանական ցուցմունքներ տալ, քրեական վարույթն իրականացնող մյուս մարմիններից թաքցնել իրականությունը, ներկայացրել են, որ դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ, նրան մեղադրանք կառաջադրվի, ապա դատարանը նրան կդատապարտի առանց իրացնելու նպատակի ապօրինի թմրամիջոց պահելու համար: Միաժամանակ նախատեսել են իրենց գործողությունների արդյունքում առաջացող ծանր հետևանքները` Սևադա Հայրապետյանի ազատազրկման դատապարտվելու հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի` ինքնավստահորեն հույս են ունեցել, որ դրանք կկանխվեն, և Սևադա Հայրապետյանին երաշխավորել են, որ կնշանակվի անազատության հետ չկապված պատիժ: Ստանալով Սևադա Հայրապետյանի համաձայնությունը` Վահան Մարգարյանը պլանավորած հետագա գործողությունների կազմակերպումը հանձնարարել է Վարդան Ներսիսյանին:
Պայմանավորվածության համաձայն` Սևադա Հայրապետյանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի անտառամերձ հատվածում վայրի աճած կանեփի բույսից քաղել, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել, փոխադրել է զգալի չափերով մարիխուանա տեսակի 0.61 գրամ թմրամիջոց: Դրանից հետո` 2014 թվականի օգոստոսի 8-ին` ժամը 15:50-ի սահմաններում, Վարդան Ներսիսյանը նույն բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր Ավետիք Դանիելյանի միջոցով Սևադա Հայրապետյանին հրավիրել է ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ կազմվել է ապօրինի թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով վերջինիս բերման ենթարկելու մասին իրականությանը չհամապատասխանող արձանագրություն: Ապա հրավիրված և իրականության մասին չտեղեկացված ընթերակաների ներկայությամբ Սևադա Հայրապետյանը ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում նրա գրպանից հայտնաբերվել է 0.61 գրամ կանեփանման զանգված, այդ մասին ևս կազմվել է անձնական խուզարկության ենթարկելու արձանագրություն: Նշված գործողությունների և դրանց արդյունքների մասին Վարդան Ներսիսյանը զեկուցել է Վահան Մարգարյանին:
Դրանից հետո Վահան Մարգարյանի և Վարդան Ներսիսյանի կողմից ՀՀ ոստիկանության հերթապահ մասի միջոցով ներկայացվել է թմրամիջոցի հայտնաբերման և բացահայտման մասին օպերատիվ ամփոփագիր:
Այնուհետև Սևադա Հայրապետյանի կողմից ապօրինի թմրամիջոց պահելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ՔԿ Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում Սևադա Հայրապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ, խոստովանել կատարած հանցանքը, և գործն ուղարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 2014 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճռով 1 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելուց հետո Սևադա Հայրապետյանը փաստացի շուրջ 4 ամիս գտնվել է անազատության մեջ` քրեակատարողական հիմնարկում:
Սևադա Հայրապետյանի` ազատազրկման վայրում գտնվելու ընթացքում վերջինիս կնոջ` Նորետա Էլոյանի բողոքի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի ընթացքում իրենց կատարած հանցավոր արարքները չբացահայտվելու, Նորետա Էլոյանի կողմից ներկայացված բողոքից հրաժարվելու, իրականությունը կրկին խեղաթյուրելու նպատակով Վահան Մարգարյանն անձամբ, ինչպես նաև իր մտերիմ ընկեր Արմեն Ավետիսյանի և Վարդան Ներսիսյանի միջոցով Նորետա Էլոյանին են տվել 5000 ԱՄՆ դոլար, 263.000 ՀՀ դրամ, երկու բջջային հեռախոս և չորս պարկ ալյուր:
Վահան Մարգարյանի և Վարդան Ներսիսյանի վերը շարադրված դիտավորյալ գործողությունների արդյունքում կատարվել է Սևադա Հայրապետյանի կատարած հանցանքի դրդչություն, կազմված դատավարական փաստաթղթերում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը, էական վնաս է պատճառվել Սևադա Հայրապետյանի իրավունքներին և օրինական շահերին, պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը, խաթարվել է արդարադատության շահը, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք` Սևադա Հայրապետյանը դատապարտվել է ազատազրկման, որի արդյունքում խախտվել է վերջինիս ազատության իրավունքը, որպես բարձրագույն արժեք»1:
6. Նախաքննության մարմնի կողմից Վարդան Ներսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «նա, 2011 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում աշխատելով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնում, ունենալով ոստիկանության փոխգնդապետի հատուկ կոչում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, սպասարկվող տարածքում կատարված հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու, այդ ցուցանիշներն առերևույթ բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից կարիերիստական դրդումներով, խմբային շահերից ելնելով, նույն բաժնի պետ Վահան Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Սևադա Հայրապետյանին նյութապես ապահովելու խոստումներով համոզելու եղանակով դրդել են առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերել, իր մոտ ապօրինի պահել, փոխադրել զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց, հետագայում այն, իբրև, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունք հայտնաբերելու, իբր, թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքի բացահայտում արձանագրելու նպատակով: Սևադա Հայրապետյանի կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուց, պահելուց և փոխադրելուց հետո, պայմանավորվածության համաձայն, Վարդան Ներսիսյանի ու Վահան Մարգարյանի կազմակերպմամբ խեղաթյուրվել է իրականությունը, ձևակերպվել է, թե, իբր, Սևադա Հայրապետյանը թմրամիջոց պահելու կասկածանքով 2014 թվականի օգոստոսի 8-ին բերման է ենթարկվել Մարտունու բաժին, և հրավիրված, մոլորության մեջ գտնվող ընթերակաների ու օպերատիվ այլ աշխատակիցների ներկայությամբ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցը, որի մասին կազմվել են համապատասխան դատավարական արձանագրություններ և կցվել, իբր, բացահայտված հանցագործության վերաբերյալ նախապատրաստված նյութերին: Սևադա Հայրապետյանի խոստովանական բացատրությամբ հանդերձ նյութերը, ըստ ենթակայության, ուղարկվել են Մարտունու քննչական բաժին, դեպքի առթիվ հարուցվել և քննվել է քրեական գործ, Սևադա Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. հոկտեմբերի 30-ի դատավճռով 1 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելուց հետո Սևադա Հայրապետյանը փաստացի 4 ամիս գտնվել է անազատության մեջ` քրեակատարողական հիմնարկում:
Վահան Մարգարյանի և Վարդան Ներսիսյանի վերը նշված գործողությունն էական վնաս են պատճառել Սևադա Հայրապետյանի իրավունքներին և օրինական շահերին, պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը, խաթարվել է արդարադատության շահը, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք` Սևադա Հայրապետյանը դատապարտվել է ազատազրկման, որի արդյունքում խախտվել է վերջինիս ազատության իրավունքը, որպես բարձրագույն արժեք:
Այսպես`
Վարդան Ներսիսյանը, հանդիսանալով հիշյալ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի անմիջական ղեկավարում իրականացնող և քրեական հետախուզության գծով օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման համար անձնական պատասխանատվություն կրող պաշտոնատար անձ, 2014 թվականի օգոստոսի 4-ին մեկնարկած «Կանեփ-կակաչ 2014» համալիր հանրապետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում բաժնի ցուցանիշները բարելավելու անձնական շահագրգռվածությունից կարիերիստական դրդումներով, խմբային շահերից ելնելով, նույն բաժնի նախկին պետ Վահան Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ 2014 թվականի օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին են հրավիրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Սևադա Հայրապետյանին, և նրա նկատմամբ, իբր, բարիդրացիական վերաբերմունքի համար փոխադարձ ծառայություններ մատուցելու հորդորով համոզել, դրդել են ապօրինաբար որևէ տեղից ձեռք բերել, իր գրպանում պահել, փոխադրել զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որպեսզի կարողանան իրականությունը խեղաթյուրելով ձևակերպել, թե, իբր, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հիշյալ թմրամիջոցը հայտնաբերվել է նրան բերման ենթարկելուց հետո կատարված անձնական խուզարկության ժամանակ, կարողանան արձանագրել հանցագործության բացահայտման դեպք: Սևադա Հայրապետյանին հորդորել են նաև գործի քննության բոլոր փուլերով խոստովանական ցուցմունքներ տալ, քրեական վարույթն իրականացնող մյուս մարմիններից թաքցնել իրականությունը, ներկայացրել են, որ դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ, նրան մեղադրանք կառաջադրվի, ապա դատարանը նրան կդատապարտի առանց իրացնելու նպատակի ապօրինի թմրամիջոց պահելու համար: Միաժամանակ նախատեսել են իրենց գործողությունների արդյունքում առաջացող ծանր հետևանքները` Սևադա Հայրապետյանի ազատազրկման դատապարտվելու հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի` ինքնավստահորեն հույս են ունեցել, որ դրանք կկանխվեն և Սևադա Հայրապետյանին երաշխավորել են, որ կնշանակվի անազատության հետ չկապված պատիժ:
Պայմանավորվածության համաձայն` Սևադա Հայրապետյանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի անտառամերձ հատվածում վայրի աճած կանեփի բույսից քաղել, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել, փոխադրել է զգալի չափերով մարիխուանա տեսակի 0.61 գրամ թմրամիջոց: Դրանից հետո` 2014 թվականի օգոստոսի 8-ին` ժամը 15:50-ի սահմաններում, Վարդան Ներսիսյանը նույն բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր Ավետիք Դանիելյանի միջոցով Սևադա Հայրապետյանին հրավիրել է ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ կազմվել է ապօրինի թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով վերջինիս բերման ենթարկելու մասին իրականությանը չհամապատասխանող արձանագրություն: Ապա հրավիրված և իրականության մասին չտեղեկացված ընթերակաների ներկայությամբ Սևադա Հայրապետյանը ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում նրա գրպանից հայտնաբերվել է 0.61 գրամ կանեփանման զանգված, այդ մասին ևս կազմվել է անձնական խուզարկության ենթարկելու արձանագրություն:
Դրանից հետո Վարդան Ներսիսյանի և Վահան Մարգարյանի կողմից ՀՀ ոստիկանության հերթապահ մասի միջոցով ներկայացվել է թմրամիջոցի հայտնաբերման և բացահայտման մասին օպերատիվ ամփոփագիր:
Այնուհետև Սևադա Հայրապետյանի կողմից ապօրինի թմրամիջոց պահելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ՔԿ Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում Սևադա Հայրապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ, խոստովանել կատարած հանցանքը, և գործն ուղարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 2014 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճռով 1 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելուց հետո Սևադա Հայրապետյանը փաստացի շուրջ 4 ամիս գտնվել է անազատության մեջ` քրեակատարողական հիմնարկում:
Սևադա Հայրապետյանի ազատազրկման վայրում գտնվելու ընթացքում վերջինիս կնոջ` Նորետա Էլոյանի բողոքի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի ընթացքում իրենց կատարած հանցավոր արարքները չբացահայտվելու, Նորետա Էլոյանի կողմից ներկայացված բողոքից հրաժարվելու, իրականությունը կրկին խեղաթյուրելու նպատակով Վարդան Ներսիսյանը և Վահան Մարգարյանը նրան են տվել 5000 ԱՄՆ դոլար, 263.000 ՀՀ դրամ, երկու բջջային հեռախոս և չորս պարկ ալյուր:
Վահան Մարգարյանի և Վարդան Ներսիսյանի վերը շարադրված դիտավորյալ գործողությունների արդյունքում կատարվել է Սևադա Հայրապետյանի կատարած հանցանքի դրդչություն, կազմված դատավարական փաստաթղթերում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը, էական վնաս է պատճառվել Սևադա Հայրապետյանի իրավունքներին և օրինական շահերին, պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը, խաթարվել է արդարադատության շահը, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք` Սևադա Հայրապետյանը դատապարտվել է ազատազրկման, որի արդյունքում խախտվել է վերջինիս ազատության իրավունքը, որպես բարձրագույն արժեք»2:
7. Ամբաստանյալ Վ.Մարգարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ բաժնի ցուցանիշները վատ լինելու, Ս.Հայրապետյանին թմրամիջոց առաջարկելու հարցեր Վ.Ներսիսյանի հետ չի քննարկել, Ս.Հայրապետյանին նյութական խոստումներ տալու ու շահագրգռելու ոչ մի պայմանավորվածություն Վ.Ներսիսյանի հետ չի ունեցել, և որևէ հանցավոր համաձայնության չի եկել, մինչև Ս.Հայրապետյանին ձերբակալելը վերջինիս հետ այդ գործով ոչ մի առնչություն չի ունեցել և Ս.Հայրապետյանն իր աշխատասենյակում չի եղել:
2014 թվականի հուլիս ամսին ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ Ս.Հայրապետյանն ապօրինի ձեռք է բերել և պահում է թմրամիջոց, իսկ օգոստոսի 8-ին վերջինս թմրամիջոց պահելու կասկածանքով օպերատիվ աշխատողների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին, ինչի մասին Վ.Ներսիսյանն իրեն զեկուցել է ներքին կապով: Նշված օրը Ս.Հայրապետյանին տեսել է Վ.Ներսիսյանի աշխատասենյակում՝ հայտնաբերված թմրամիջոցի վերաբերյալ փաստաթղթեր կազմելիս, իսկ նախորդ օրերին նրա հետ առնչություն չի ունեցել: Ս.Հայրապետյանը Վ.Ներսիսյանի մոտ խոստովանել է, որ կանեփանման զանգվածն իրենն է:
Ս.Հայրապետյանի գործով դատական նիստի օրը՝ վերջինիս ոստիկանության Մարտունու բաժնի ձերբակալվածներին պահելու վայր բերելուց հետո, Ն.Էլոյանն առաջին հարկում աղմկել է: Քանի որ չեն կարողացել նրան հանդարտեցնել, Ս.Հայրապետյանին բերել են այդտեղ, որպեսզի սաստի կնոջը: Բաժնի աշխատանքները չխաթարելու համար նրանց բարձրացրել են իր աշխատասենյակ, որտեղ Ն.Էլոյանը հայտնել է, որ շատ պարտքեր ունեն և հարցրել, թե երեխաների վիճակը ինչ պետք է լինի: Ինքը խոստացել է օգնել և այդ ժամանակ Ս.Հայրապետյանի տղային հեռախոս է տվել, իսկ Ն.Էլոյանի գնալուց հետո հանձնարարել է 4 պարկ ալյուր տանել Ս.Հայրապետյանի տուն: Հետագայում ինքը և Վ.Ներսիսյանը տեղեկացել են, որ իրենց հետ ունեցած խոսակցությունները Ն.Էլոյանը և նրա տղան ձայնագրել են, ներկայացրել ներքին անվտանգության վարչություն, ինչից հետո իրեն և Վ.Ներսիսյանին ազատել են աշխատանքից:
Ն.Էլոյանը զանգել է իր ընկեր Արմեն Ավետիսյանին, որից հետո վերջինս հանդիպել է նրան։ Նրանց միջև եղել է գումարային խոսակցություն և պայմանավորված գումարը՝ 5000 ԱՄՆ դոլարը, Ա.Ավետիսյանը մաս-մաս տվել է Ն.Էլոյանին, որից 3000 ԱՄՆ դոլարը Վ.Ներսիսյանն էր տվել: Ա.Ավետիսյանի և Ն.Էլոյանի հանդիպման մասին իմացել է հետագայում: Ըստ Ա.Ավետիսյանի խոսքերի՝ նշված գումարն օգնության կարգով է տվել, որպեսզի Ն.Էլոյանը չբողոքի: Ինքը տեղյակ չի եղել, որ Ս.Հայրապետյանի դատվածությունը մարված չէ, այնուամենայնիվ հնարավոր է, որ Ս.Հայրապետյանի դատվածության հետ կապված խոսակցություն ունեցած լինի, սակայն չի հիշում, թե կոնկրետ ինչ են խոսել:
Նախաքննության ընթացքում Վ.Մարգարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2014 թվականի օգոստոսի 6-ին կամ 7-ին Վ.Ներսիսյանը հայտնել է, որ առաջարկել է Ս.Հայրապետյանին թմրամիջոց պահել, որից հետո իրենց ծառայողները նրան կբերեն բաժին և կձևակերպեն, թե իբր դա նրա մոտից է հայտնաբերվել: Իր այն մտահոգությանը, որ Ս.Հայրապետյանը նախկինում դատապարտված է, և կարող են խնդիրներ առաջանալ, Վ.Ներսիսյանը պատասխանել է, որ Ս.Հայրապետյանի դատվածությունը մարված է, իսկ եթե հարկ լինի, կօգնեն նրան: Մի քանի օր անց Վ.Ներսիսյանը տեղեկացրել է, որ Ս.Հայրապետյանի վերաբերյալ կազմում են փաստաթղթեր, ինչից հետո Վ.Ներսիսյանի աշխատասենյակում տեսել է Ս.Հայրապետյանին։ Վերջինիս այն հարցին, թե իր վերջը ինչ է լինելու, պատասխանել է, որ լավ կլինի: Վ.Ներսիսյանն այդ քայլին գնացել է ցուցանիշներ ապահովելու նպատակով: Ինքը համաձայնվել է, քանի որ Վ.Ներսիսյանը վստահեցրել է, որ ոչ մի խնդիր չի առաջանա, կարող է այդ գործը նորմալ ավարտել: Եթե Վ.Ներսիսյանի և Ս.Հայրապետյանի միջև պայմանավորվածություն չլիներ, Ս.Հայրապետյանի մոտ թմրամիջոց չէին հայտնաբերի: Վ.Մարգարյանը նաև նշել է, որ Վ.Ներսիսյանն է պայմանավորվել Ս.Հայրապետյանի հետ իրենց գործողությունների վերաբերյալ3:
7.1. Ամբաստանյալ Վ.Ներսիսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ համաձայն չէ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով իրեն առաջադրված մեղադրանքի հետ, բայց գիտակցում է, որ կատարել է որոշակի արարք, որի համար ենթակա է քրեական պատասխանատվության: Վերջինս նշել է, որ եթե Վ.Մարգարյանը ոչնչից տեղյակ չէր, ապա ինչու պետք է Ս.Հայրապետյանը զանգահարեր նրան, ինչու պետք է Վ.Մարգարյանն օգներ Ս.Հայրապետյանի ընտանիքին: Եթե Վ.Մարգարյանը ոչնչից տեղյակ չլիներ, Ն.Էլոյանի բողոքելու ժամանակ իրեն կասեր` դու ես արել, դու էլ գնա պատասխան տուր: Եթե միայն ինքը Ս.Հայրապետյանին հանցանք կատարելուն դրդեր, Վ.Մարգարյանը և նրա ընկերները չէին միջամտի այդ հարցին:
2014 թվականի օգոստոսի 7-ին աշխատանքները վերլուծելու ժամանակ Վ.Մարգարյանը խոսել է «Կանեփ-կակաչ 2014» միջոցառման շրջանակներում թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք հայտնաբերելու անհրաժեշտության մասին և հայտնել, որ ըստ բաժնի օպերաշխատողի` Ս.Հայրապետյանն ապօրինի թմրամիջոց է պահում: Նրա հարցին, թե արդյոք ապօրինի թմրամիջոցի վերաբերյալ տեղեկություններ կան, ինքը պատասխանել է, որ Ս.Հայրապետյանի վերաբերյալ առկա է օպերատիվ հաղորդում: Վ.Մարգարյանը հանձնարարել է Ս.Հայրապետյանին բերել իր մոտ, իսկ ինքը գնացել և այդ մասին Վաղաշենում հայտնել է Ս.Հայրապետյանին, ով խոստացել է գալ գործերն ավարտելուց հետո, այնուհետև վերադարձել է բաժին։ Որոշ ժամանակ անց Ս.Հայրապետյանը 2-3 անգամ զանգահարել է իրեն, սակայն զանգերին չի պատասխանել` մտածելով չխառնվել Վ.Մարգարյանի և Ս.Հայրապետյանի խոսակցություններին: Երբ քիչ անց Վ.Մարգարյանը ներքին հեռախոսակապով կանչել է իր աշխատասենյակ, տեսել է Վ.Մարգարյանին և Ս.Հայրապետյանին զրուցելիս: Վ.Մարգարյանը Ս.Հայրապետյանին ասել է, որ նրա օգնության կարիքը կա, իսկ իրեն ասել է, որ Ս.Հայրապետյանը թմրամիջոցով կգա, և պետք է ձևակերպեն որպես հայտնաբերում: Ինքը և Ս.Հայրապետյանը գնացել են իր աշխատասենյակ` հետագա անելիքները պայմանավորվելու համար: Ինքը Ս.Հայրապետյանին հարցրել է, թե արդյոք չի վախենում դատապարտվելուց, իսկ Ս.Հայրապետյանը պատասխանել է, որ ինը երեխաների հորը ով պետք է դատապարտի, բացի այդ հայտնել է, որ Վ.Մարգարյանը նրան խոստացել է, որ չեն դատապարտի: Վ.Մարգարյանն իրեն հանձնարարել է նաև պարզել Ս.Հայրապետյանի դատվածության մարվածության հանգամանքը: Պարզելով, որ Ս.Հայրապետյանի դատվածությունը մարված է, այդ մասին զեկուցել է Վ.Մարգարյանին: Նույն օրը Վ.Մարգարյանը հանձնարարել է Ս.Հայրապետյանին փոխանցել, որ իրեն էլ չզանգի և կապն իր՝ Վ.Ներսիսյանի հետ պահի: Հաջորդ օրը Ս.Հայրապետյանն իր զանգերին չի պատասխանել: Ինքը օպերլիազոր Ա.Դանիելյանին ուղարկել է Ս.Հայրապետյանի հետևից: Ս.Հայրապետյանի և Ա.Դանիելյանի գալուց հետո վերջիններս մնացել են իր աշխատասենյակում, իսկ ինքը գնացել է Վ.Մարգարյանի մոտ և զեկուցել, որ Ս.Հայրապետյանն իր մոտ է, և մոտը թմրամիջոց կա: Վ.Մարգարյանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել: Ինքը նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ Ս.Հայրապետյանի հետ է մտել Վ.Մարգարյանի աշխատասենյակ, բայց դա այդպես չէ: Իրականում իր աշխատասենյակում արձանագրություն կազմելու ժամանակ ներս է եկել Վ.Մարգարյանը, ով Ս.Հայրապետյանի այն հարցին, թե իր վերջը ինչ է լինելու, պատասխանել է, որ ամեն ինչ լավ կլինի:
Ս.Հայրապետյանի գործով դատական նիստի նախորդ օրը՝ հոկտեմբերի 29-ին, իր աշխատասենյակի պատուհանից տեսել է Ս.Հայրապետյանին ու Վ.Մարգարյանին ոստիկանության բակում զրուցելիս: Հետագայում Վ.Մարգարյանն իրեն պատմել է, որ Ս.Հայրապետյանը եկել էր հարցնելու, թե ինչ է լինելու:
2014 թվականի հոկտեմբերի 30-ին, երբ բաժնի ձերբակալվածներին պահելու վայր են բերել Ս.Հայրապետյանին, հերթապահ մասում Ն.Էլոյանն աղմկել է: Վ.Մարգարյանը հանձնարարել է իր աշխատասենյակ բերել Ս.Հայրապետյանին, հետո կանչել է իրեն, ապա նաև Ս.Հայրապետյանի կնոջն ու տղային: Ս.Հայրապետյանի կնոջ այն հայտարարությանը, թե պարտքեր ունեն, հաց չեն կարողանում գնել, Վ.Մարգարյանը խոստացել է ալյուր ուղարկել և նույն օրն օպերլիազոր Ա.Դանիելյանի միջոցով 4 պարկ ալյուր է ուղարկել Ս.Հայրապետյանի տուն: Վ.Մարգարյանը Ս.Հայրապետյանի տղային տվել է նաև հեռախոս:
Դեկտեմբերի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Վ.Մարգարյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, վերջինս իրեն հասկացրել է, որ մոտը գումար ունենա, որպեսզի հանդիպեն: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վ.Մարգարյանի ընկեր Ա.Ավետիսյանը: Զրույցի ժամանակ Վ.Մարգարյանն ասել է, որ Ն.Էլոյանին համոզել են գրել, որ բողոք չունի, և համաձայնվել են հարցը լուծել 7000 ԱՄՆ դոլարով, որից ինքը պետք է տա 3500 ԱՄՆ դոլարը: Ինքը 2000 ԱՄՆ դոլար տվել է Վ.Մարգարյանին, իսկ հաջորդ օրը 1000 ԱՄՆ դոլար տվել է Ա.Ավետիսյանին՝ խնդրելով իր փոխարեն տալ մնացած 500 ԱՄՆ դոլարը` հետագայում վերադարձնելու պայմանով: Հետո իմացել է, որ Ն.Էլոյանը պահանջել է 5000 ԱՄՆ դոլար, իսկ Ա.Ավետիսյանը և Վ.Մարգարյանը խաբելով իրենից ավելի շատ գումար են վերցրել: Բացի այդ, Ա.Ավետիսյանը, դարձյալ խաբելով, Ն.Էլոյանին ասել է, որ այդ գումարը տալիս է Վ.Մարգարյանի դեմ չբողոքելու համար, իսկ Վ.Ներսիսյանը գումար չի տալիս, ինչից ելնելով էլ Ս.Հայրապետյանը միայն իր դեմ է բողոքել: Ինքը Հատուկ քննչական ծառայության շենքում Ն.Էլոյանին հայտնել է, որ այդ գումարից 3000 ԱՄՆ դոլարն ինքն է տվել և հետ չի պահանջում: Այդ պատճառով Ս.Հայրապետյանը դատարանում հայտնել է ճշմարտությունը:
Նախաքննության ընթացքում Վ.Ներսիսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ս.Հայրապետյանի գործով դատական նիստի նախորդ օրը` 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, Վ.Մարգարյանն իրեն պատմել է, որ բաժնի դիմաց հանդիպել է Ս.Հայրապետյանին, ով եկել էր հետաքրքրվելու գործի քննությունից և ում նա վստահեցրել է, որ դատարանում խնդիրներ չի ունենա: Այդ օրը Վ.Մարգարյանն իրեն նույնպես վստահեցրել է, որ խնդիրներ չեն լինի, քանի որ Ս.Հայրապետյանն ինը երեխա ունի, և քիչ քանակով թմրամիջոցի համար նրան չեն կալանավորի:
2014 թվականի հոկտեմբերի 30-ին՝ դատական նիստից հետո, Վ.Մարգարյանի աշխատասենյակում Ս.Հայրապետյանը, իր ներկայությամբ դիմելով Վ.Մարգարյանին, հարցրել է, թե այս ինչ սարքեցին իր գլխին, ինչի համար դա արեցին, ինչին Վ.Մարգարյանը պատասխանել է, որ չէր սպասում, որ դատավորը կարող է նման պատիժ նշանակել: Ս.Հայրապետյանը տեղեկացրել է, որ պարտքեր ունի, որոնք իրենք խոստացել են մարել: Նույն պահին Վ.Մարգարյանը 4 պարկ ալյուր է ուղարկել Ս.Հայրապետյանի տուն, իսկ հետագայում Ն.Էլոյանին տվել են նաև 263.000 ՀՀ դրամ և սննդամթերք4:
7.2. Տուժող Ս.Հայրապետյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2014 թվականի օգոստոսի 8-ին ոստիկանությունում Վ.Մարգարյանը և Վ.Ներսիսյանը լուցկու տուփի մեջ լցված կանեփ են առաջարկել՝ ասելով, որ պետք է օգնի իրենց: Իր մտավախությանը, որ եթե չկարողանան հետո օգնել՝ կդատապարտվի, Վ.Մարգարյանը և Վ.Ներսիսյանը պատասխանել են, որ դրա համար իրեն ամենաշատը մեկ տարի դատապարտեն` ավելացնելով, որ կմտնի դատարանի դահլիճ և դուրս կգա: Ինքն ասել է, որ այդ պայմաններում ինչպես ցանկանում են, թող այդպես էլ անեն:
Երբ Վ.Ներսիսյանի հետ միասին գնացել են ոստիկանություն, սկզբից մտել են Վ.Մարգարյանի աշխատասենյակ: Վ.Ներսիսյանը Վ.Մարգարյանին ասել է, որ Սևադային բերել են ու հարցրել, թե հետո ինչ պետք է անեն: Այդ ժամանակ է եղել նրանց կողմից իրեն թմրամիջոց առաջարկելը:
Մի անգամ ոստիկանությունում հանդիպելով Վ.Մարգարյանին և Վ.Ներսիսյանին` ասել է, որ գործը շատ է ձգձգվում։ Վերջիններս պատասխանել են, որ ոչինչ, կեսից հետ չեն կանգնելու: Այդ ժամանակ Վ.Մարգարյանը թույլատրել է բարձրանալ իր աշխատասենյակ, իսկ մնացած բոլոր հարցերով Վ.Ներսիսյանի հետ է խոսել:
Դատարանից ծանուցում ստանալուց հետո գնացել է ոստիկանություն, մոտեցել է ոստիկանության դիմաց կանգնած Վ.Մարգարյանին, տեղեկացրել է, որ իրեն դատարանից ծանուցում է եկել և հարցրել, թե նա ինչ է մտածում այդ կապակցությամբ: Վ.Մարգարյանը պատասխանել է, որ ամեն ինչ պայմանավորված է, ինչպես ասել են՝ այդպես էլ կլինի: Դատից հետո Վ.Մարգարյանի աշխատասենյակում կնոջ և որդու ներկայությամբ հարցրել է, թե ինչ է լինելու իր վերջը, չէ որ ընտանիք պետք է պահի ու շատ պարտքեր ունի: Վ.Մարգարյանը և Վ.Ներսիսյանը վստահեցրել են, որ ամեն ինչ կանեն և իր տան բոլոր հարցերը կլուծեն:
Այն ժամանակ մտածել է, որ եթե Վ.Մարգարյանը և Վ.Ներսիսյանը նման պաշտոններ են զբաղեցնում ու վստահեցնում են, որ ամեն ինչ նրանց ներկայացրածով է լինելու, հետևաբար կարելի է վստահել: Ինքը չգիտի՝ Վ.Ներսիսյանը և Վ.Մարգարյանը, առաջարկելով իրեն թմրամիջոց պահել, չարաշահել են լիազորությունները, թե ոչ, բայց կարող է ասել, որ նրանք իրեն դրդել են այդ քայլին գնալ: Մինչև դատարան գնալը ներքուստ համոզված է եղել, որ հնարավոր է, որ ազատազրկվի, բայց քանի որ ոստիկանապետը և նրա տեղակալն իրեն վստահեցրել են, որ լավ կլինի, հավատացել է նրանց:
Մինչ ներքին անվտանգության վարչություն բողոք ներկայացնելը Վ.Ներսիսյանը և Վ.Մարգարյանը տվել են 263.000 ՀՀ դրամ, 4 պարկ ալյուր և երկու բջջային հեռախոս, իսկ 5000 ԱՄՆ դոլարը տվել են բողոքելուց հետո, որպեսզի կինը բողոքը հետ վերցնի:
Ս.Հայրապետյանը հայտնել է նաև, որ Վ.Ներսիսյանը Վ.Մարգարյանի աշխատասենյակում իրեն ասել է, որ ցուցանիշների հետ կապված խնդիրներ կան: Իսկ դատական նիստից մեկ օր առաջ ոստիկանության դիմաց Վ.Մարգարյանը վստահեցրել է, որ ամեն ինչ լավ է լինելու:
Նախաքննության ընթացքում տուժող Ս.Հայրապետյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2014 թվականի օգոստոսի 8-ին Վ.Մարգարյանին չի տեսել: 2014 թվականի ընթացքում նշված թմրամիջոցի գործով նրան տեսել է մեկ անգամ հոկտեմբերի 29-ին, երբ հարցրել է, թե ինչ է լինելու իր գործը: Վ.Մարգարյանը պատասխանել է՝ «մտի դատարան, դուրս արի և տուն գնա»: Վ.Ներսիսյանն իրեն հայտնել է, որ ամեն ինչի մասին պետը տեղյակ է, այդ իսկ պատճառով հոկտեմբերի 29-ին, մոտենալով Վ.Մարգարյանին, հարցրել է, թե իր գործն ինչ է լինելու: Ինքը Վ.Մարգարյանի հետ նրա աշխատասենյակում պայմանավորվածություն չի ունեցել թմրամիջոց պահելու հարցով:
Նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների առումով տուժողը հայտնել է, որ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքն այն մասին, որ Վ.Մարգարյանի աշխատասենյակում չի եղել, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին ճշմարտությունը հայտնել է դատաքննության ընթացքում, ըստ որի` ինքը մեկ-երկու րոպեով եղել է Վ.Մարգարյանի աշխատասենյակում5:
7.3. Վկա Ն.Էլոյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2014 թվականի օգոստոսի 8-ին ոստիկանությունից վերադառնալուց հետո ամուսինը պատմել է, որ Վ.Ներսիսյանը և Վ.Մարգարյանն ասել են, որ թմրամիջոցի հարցով պետք է օգնի: Ինքը ցանկացել է գնալ ոստիկանություն` պարզելու տեղի ունեցածը, բայց Ս.Հայրապետյանը չի թողել՝ ասելով, որ պաշտոնով մարդիկ ինչու պետք է խաբեն: Ամուսնուն ասել են նաև, որ տանը պետք է չիմանան ոստիկանություն կանչելու պատճառը և հավատացրել, որ դատարանից տուն կգնա: Հոկտեմբերի 27-ին դատարանից ծանուցում են ստացել, որ դատական նիստը լինելու է նոյեմբերի 1-ին: Ս.Հայրապետյանը գնացել է ոստիկանություն, ուր նրան վստահեցրել են, որ խնդիր չունի, դատարանից տուն է գնալու: Դատական նիստի օրը` դատարանից Ս.Հայրապետյանին ոստիկանություն տանելուց հետո, Վ.Մարգարյանի աշխատասենյակում եղել են Վ.Ներսիսյանը, ինքը, տղան, ամուսինը: Վերջինս հարցրել է, թե ինչու այսպես ստացվեց, չէ որ իրեն ասում էին, որ ամեն ինչ լավ է լինելու, դատարանից տուն է գնալու: Վ.Մարգարյանը և Վ.Ներսիսյանը վստահեցրել են, որ բոլոր հարցերով կօգնեն: Հաջորդ օրն իրենց տանը տեսել է Վ.Մարգարյանի ուղարկած 4 պարկ ալյուրը: Դատական նիստից երկու օր հետո ոստիկանության աշխատակից Ավոն իրենց տուն է բերել 100.000 ՀՀ դրամ, իսկ մեկ շաբաթ անց բերել է ևս 100.000 ՀՀ դրամ: Բացի այդ, Վ.Ներսիսյանը 63.000 ՀՀ դրամ է տվել իրեն: Իրենց տվել են նաև 2 բջջային հեռախոս:
Իր կողմից բողոք ներկայացնելուց հետո իրենց տուն է եկել Ա.Ավետիսյանը, ներկայացել որպես Վ.Մարգարյանի մտերիմ ընկեր և պահանջել ձայնագրությունները։ Ինքը դրա դիմաց 5000 ԱՄՆ դոլար է պահանջել: Ա.Ավետիսյանը սկզբից տվել է 1400 ԱՄՆ դոլար և միասին գնացել են, որպեսզի ինքը բողոքը հետ վերցնի: Հետագայում իրեն տվել են նաև պահանջված գումարի մնացած մասը: Ա.Ավետիսյանն իրենից պահանջել է թղթի վրա գրել պարտք-պահանջ չունենալու մասին: Ա.Ավետիսյանի կողմից գումար տալու նպատակն եղել է այն, որ ինքը չբողոքի Վ.Մարգարյանի դեմ:
Մինչև դատական նիստի օրն իր այն հարցին, թե ինչ է լինելու գործի վերջը, ամուսինը պատասխանել է, որ անհանգստանալու կարիք չկա, խոստացել են, որ լավ է լինելու: Ամուսինը հավատացել է Վ.Ներսիսյանի և Վ.Մարգարյանի խոսքերին, ովքեր վստահեցրել են, որ նրա դատվածությունը մարված է, ինը երեխա ունի, չի դատվի: Մինչ այդ գործը Վ.Մարգարյանը և Վ.Ներսիսյանն իրենց դրամական օգնություն չեն ցուցաբերել6:
7.4. Վկա, տուժողի որդի Վահան Հայրապետյանը ցուցմունք է տվել այն մասին, որ մորից տեղեկացել են հորը ոստիկանություն կանչելու պատճառի մասին, ինչը հայրը հետագայում հաստատել է: Հորը վստահեցրել են, որ չի դատապարտվի և դատարանից տուն կգնա: Երբ գնացել են ոստիկանություն հորը տեսակցության, Վ.Ներսիսյանը և Վ.Մարգարյանը խոստացել են, որ ամեն ինչ կանեն, և լավ կլինի: Հետագայում ոստիկանության աշխատակիցներից Ավոն իր հիշելով 150.000-ից 160.000 ՀՀ դրամի չափով դրամական օգնություն է բերել, այնուհետև բերել են բրինձ, ձեթ և այլն: Դրանից հետո Ա.Ավետիսյանը, ներկայանալով որպես բարեգործ, բողոքը հետ վերցնելու համար իրենց է տվել 5000 ԱՄՆ դոլար: Գումարի մի մասը տվել է առավոտյան, երբ պետք է Ա.Ավետիսյանի հետ գնային բողոքը հետ վերցնելու, իսկ մյուս մասը` նույն օրը երեկոյան: Գումարը տալուց հետո իրենցից թուղթ է վերցրել Վ.Մարգարյանի նկատմամբ բողոք չունենալու վերաբերյալ:
Հայրը պատմել է, որ ոստիկանությունում Վ.Մարգարյանը և Վ.Ներսիսյանն ասել են, որ թմրամիջոցի գործն իր վրա վերցնի, որի դիմաց խոստացել են լավություն անել:
Դատական նիստի օրը Վ.Ներսիսյանի աշխատասենյակում վերջինս ասել է, որ չէին սպասում, որ հայրը կդատվի, նույն խոսակցությունը եղել է Վ.Մարգարյանի աշխատասենյակում, որտեղ Վ.Մարգարյանն իրեն նաև հեռախոս է տվել: Հետո 3-4 պարկ ալյուր են բերել իրենց տուն` ասելով, որ այն ուղարկել են Վ.Ներսիսյանը և Վ.Մարգարյանը: Բացի իրեն տված հեռախոսից, Ավոն կրկին հեռախոս է տվել` ասելով, որ այն Վ.Մարգարյանն է ուղարկել7:
7.5. Վկա, տուժողի որդի Երեմ Հայրապետյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ըստ մոր պատմածի՝ հորն առաջարկել են թմրամիջոցի գործ վերցնել իր վրա` հավաստիացնելով, որ չի դատապարտվի և դատարանից դուրս կհանեն: Հայրը թմրամիջոցի գործը վերցրել է իր վրա, իսկ նրանք չեն կարողացել դատարանից ազատել հորը: Հետագայում իրենց տուն բերել են 4 պարկ ալյուր և 260.000 ՀՀ դրամից ավելի գումար: Մայրն ասել է, որ գումարը նրանք են ուղարկել, իսկ ալյուրը բերելիս ասել են, որ դա Վ.Մարգարյանն է ուղարկել: Ա.Ավետիսյանը 5.000 ԱՄՆ դոլար տվել է, որպեսզի իրենք չբողոքեն: Գումարը տալու ժամանակ Ա.Ավետիսյանն ասել է, որ Վ.Մարգարյանն իր ընկերն է, բայց գումարը տալիս է որպես երեխաներին օգնություն` ավելացնելով, որ չբողոքեն: Հետո Ա.Ավետիսյանը մորից թուղթ է վերցրել` բողոք չունենալու մասին:
Հոր վերաբերյալ թմրամիջոցի գործը Վ.Մարգարյանը և Վ.Ներսիսյանն են սարքել՝ ասելով, որ թմրամիջոցի գործ վերցնի իր վրա պայմանով, որ նրանք կազատեն հորը: Հայրը, նրանց մտերիմ համարելով, համաձայնվել է` հայտնելով, որ եթե կազատեն, խնդիր չկա8:
7.6. Վկա Ժենիկ Մանուկյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալներն իրեն շատ անգամներ են օգնել: Բացի իրենից, Վ.Մարգարյանը Սուսան Գրիգորյանին է օգնել 5000 ՀՀ դրամով, Նունե Սուքիասյանին՝ ալյուրով, Նազոյի աղջկան` ալյուրով և ձեթով: Ամեն անգամ, երբ դիմել է Վ.Մարգարյանին, նա իրեն տվել է 5000 ՀՀ դրամ: Վ.Մարգարյանն իր օգնությունների դիմաց իրենից ոչինչ չի ակնկալել և ինքն էլ հանցանք չի կատարել: Ամսեկան ամենաքիչը երկու անգամ գնացել է Վ.Մարգարյանի մոտ, և նա իրեն տվել է 1000-5000 ՀՀ դրամ9:
7.7. Վ.Մարգարյանի, Վ.Ներսիսյանի, Ա.Ավետիսյանի, Ս.Հայրապետյանի, Ա.Դանիելյանի և մյուսների մուտքային ու ելքային հեռախոսազանգերի, տեղանշման վերաբերյալ տեղեկությունները պարունակող լազերային սկավառակների և դրանց զննության արձանագրության համաձայն`
- Ս.Հայրապետյանը 2014 թվականի օգոստոսի 7-ին` ժամը 14:44:52-ին և 14:45:42-ին, զանգահարել է Վ.Մարգարյանին.
- Ս.Հայրապետյանը Վ.Մարգարյանին զանգահարել է նաև 2014 թվականի հոկտեմբերի 30-ին` ժամը 09:18:37-ին և 09:23:03-ին.
- 2014 թվականի դեկտեմբերին Վ.Ներսիսյանի և Ա.Ավետիսյանի միջև կատարվել է շուրջ 14 հեռախոսազանգ10:
7.8. Ի տարբերություն 2013 թվականի անցկացված միջոցառման շրջանակում արձանագրված թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկելու մեկ դեպքի` 2014 թվականին այդ միջոցառման շրջանակում բացի Ս.Հայրապետյանից, այլ անձանց բերման ենթարկելու դեպքեր Մարտունու բաժնում չեն արձանագրվել11։
8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(…) Մեղադրանքի այն մասը, որ. «Վահան Մարգարյանի և Վարդան Ներսիսյանի (...) գործողություններն էական վնաս են պատճառել Սևադա Հայրապետյանի իրավունքներին և օրինական շահերին, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք` Սևադա Հայրապետյանը դատապարտվել է ազատազրկման, որի արդյունքում խախտվել է վերջինիս ազատության իրավունքը, որպես բարձրագույն արժեք: (...) Միաժամանակ նախատեսել են իրենց գործողությունների արդյունքում առաջացող ծանր հետևանքները` Սևադա Հայրապետյանի ազատազրկման դատապարտվելու հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի` ինքնավստահորեն հույս են ունեցել, որ դրանք կկանխվեն և Սևադա Հայրապետյանին երաշխավորել են, որ կնշանակվի անազատության հետ չկապված պատիժ, (...) որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք` Սևադա Հայրապետյանը դատապարտվել է ազատազրկման, որի արդյունքում խախտվել է վերջինիս ազատության իրավունքը, որպես բարձրագույն արժեք», Դատարանը, ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով, որը կբացառեր հակառակի ողջամիտ հավանականությունը, հաստատված չի համարում:
(...)
Դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում բացակայում է հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր տարր հանդիսացող արարքի և հետևանքի միջև պատճառահետևանքային կապը` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու որակյալ հանցակազմի մասով:
Այսպես, թեև դատաքննությամբ հետազոտված որոշ ապացույցներով ամբաստանյալներ Վ.Մարգարյանը և Վ.Ներսիսյանը տուժող հանդիսացող Ս.Հայրապետյանին հայտնել են, որ չի դատապարտվի և դատարանի դահլիճից կգնա տուն, սակայն, այդ արարքը պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում տուժող հանդիսացող Ս.Հայրապետյանի դատապարտման և պատիժ կրելու հետ, մասնավորապես, դատաքննությամբ հետազոտված վերը նշված ապացույցներից, ինչպես նաև ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքից բխում է, որ Ս.Հայրապետյանը, պայմանավորվածության համաձայն, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի անտառամերձ հատվածում վայրի աճած կանեփի բույսից քաղել, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել, փոխադրել է զգալի չափերով մարիխուանա տեսակի 0.61 գրամ թմրամիջոց: ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճռով Ս.Հայրապետյանը դատապարտվել է ազատազրկման` 1 տարի ժամկետով, վերը նշված արարքը կատարելու համար: Այսինքն, Ս.Հայրապետյանը ազատազրկման է դատապարտվել և որոշակի ժամկետով պատիժ է կրել իր կատարած հանցանքի համար և դրա արդյունքում նրա ազատության իրավունքը ոչ թե խախտվել, այլ սահմանափակվել է, այն է` դատարանի դատավճռով կիրառվել է պետական հարկադրանքի միջոց` հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ, որը արտահայտվել է օրենքով նախատեսված անձի ազատության իրավունքի սահմանափակմամբ:
Այսինքն, տուժող հանդիսացող Ս.Հայրապետյանի ազատության իրավունքը տվյալ պարագայում չի խախտվել, այլ սահմանափակվել է, որը դրսևորվել է Դատարանի կողմից իր կատարած արարքի համար պատիժ նշանակելով և այդ պատիժը կրելով և այդ սահմանափակումը պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում ամբաստանյալների արարքի հետ: Փաստորեն, սույն գործով ամբաստանյալների արարքում, բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը:
(...) [Տ]վյալ պարագայում ամբաստանյալների կատարած արարքի արդյունքում Ս.Հայրապետյանին անմիջականորեն չի պատճառվել և չէր էլ կարող պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային էական վնաս:
(...)
Դատարանը հանգում է այն հետևության, որ սույն գործով ամբաստանյալները և տուժող հանդիսացող Ս.Հայրապետյանը հանցակիցներ են ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով նախատեսված հանցագործության մասով, մասնավորապես, Ս.Հայրապետյանը հանդիսացել է կատարող, որի համար (...) ենթարկվել է քրեական պատասխանատվության և պատժի, իսկ Վ.Մարգարյանը և Վ.Ներսիսյանը հանդիսացել են դրդիչներ, որի համար սույն քրեական գործով մեղադրվում են:
(...) Դատարանը գտնում է, որ Վահան Արտաշեսի Մարգարյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին (...):
(...) Դատարանը գտնում է, որ Վարդան Ժորայի Ներսիսյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին (...)»12:
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Ինչպես հետևում է (...) մեղադրանքների բովանդակային վերլուծությունից, նախաքննության մարմինը պաշտոնական լիազորությունները չարաշահելու հանցակազմի որակյալ հատկանիշի առկայությունը պայմանավորել է բացառապես նրանով, որ Սևադա Հայրապետյանը դատապարտվել է ազատազրկման` գտնելով, որ դրա արդյունքում խախտվել է Սևադա Հայրապետյանի` բարձրագույն արժեք հանդիսացող ազատության իրավունքը («[Խ]աթարվել է արդարադատության շահը, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք` Սևադա Հայրապետյանը դատապարտվել է ազատազրկման, որի արդյունքում խախտվել է վերջինիս ազատության իրավունքը, որպես բարձրագույն արժեք»): Այն դեպքում, երբ հենց նույն մեղադրանքների փաստական կողմերի նկարագրության մեջ նախաքննության մարմինը հենց ինքն է հաստատված համարել և փաստել, որ Սևադա Հայրապետյանը դատապարտվել և ազատազրկման ձևով պատիժ է կրել իր իսկ կատարած արարքի համար (…)»:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերը նշվածն արդեն իսկ բավարար հիմք է տալիս համաձայնելու Առաջին ատյանի դատարանի` (...) առնվազն այն դատողություններին, որ. «(...) [Տ]վյալ պարագայում բացակայում է հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր տարր հանդիսացող արարքի և հետևանքի միջև պատճառահետևանքային կապը` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու որակյալ հանցակազմի մասով: (...) Ս.Հայրապետյանը ազատազրկման է դատապարտվել և որոշակի ժամկետով պատիժ է կրել իր կատարած հանցանքի համար և դրա արդյունքում նրա ազատության իրավունքը ոչ թե խախտվել, այլ սահմանափակվել է, այն է` դատարանի դատավճռով կիրառվել է պետական հարկադրանքի միջոց` հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ, որը արտահայտվել է օրենքով նախատեսված անձի ազատության իրավունքի սահմանափակմամբ: Այսինքն, տուժող [ճանաչված] Ս.Հայրապետյանի ազատության իրավունքը տվյալ պարագայում չի խախտվել, այլ սահմանափակվել է, որը դրսևորվել է դատարանի կողմից [նրա] կատարած արարքի համար պատիժ նշանակելով և այդ պատիժը կրելով (...)»:
(…)
Ամփոփելով վերը շարադրվածը` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Մեղադրողի` (...) վերաքննիչ բողոքը բավարարելու իրավաչափ հիմքեր չկան, ուստի այն ենթակա է մերժման:
(…) [Մ]արիխուանա տեսակի թմրամիջոցի զգալի չափն այլևս սկսվում է 2.5 գրամից, իսկ առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոց, որպիսին տվյալ դեպքում հանդիսանում է 0.61 գրամ մարիխուանան, ապօրինի ձեռք բերելուն, պահելուն և փոխադրելուն դրդելը հանցագործություն չի համարվում՝ ՀՀ քրեական օրենսգրքով այդպիսին նախատեսված չլինելու հիմքով (...): Այլ կերպ` սույն գործով ամբաստանյալներ Վարդան Ներսիսյանին և Վահան Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքում բացակայում է հանցակազմը:
(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն գործով ամբաստանյալների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումն ինքնին ենթակա է դադարեցման` հենց միայն մեղսագրվող համապատասխան արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
(…)
Առաջադրված մեղադրանքում Վահան Մարգարյանն իրեն մեղավոր չի ճանաչել և տված ցուցմունքներով հերքել է իր կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման հանգամանքը` ընդհանրապես, և իրեն վերագրվող արարքի շարժառիթի իրատեսական լինելը, իր կողմից Սևադա Հայրապետյանին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուն, պահելուն կամ փոխադրելուն որևէ կերպ դրդելու կամ այդ հարցով Վարդան Ներսիսյանի հետ որևէ պայմանավորվածություն ունենալու հանգամանքները մասնավորապես (...):
(...) [Գ]ործի նյութերից երևում է, որ Վահան Մարգարյանի մեղադրանքի առանցքային հանգամանքների վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունների հիմքում դրվել են ինչպես ներքին հակասություններով լի, այնպես էլ միմյանց հակասող ցուցմունքներ, այդ թվում` ակնհայտորեն գործի ելքով շահագրգռված և Վահան Մարգարյանի հանդեպ առերևույթ բացասական տրամադրված.
- Վարդան Ներսիսյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքները, որոնք ոչ միայն հակասում են մյուսների կողմից տրված ցուցմունքներին ու արժանահավատության տեսանկյունից կասկած չհարուցող գրավոր ապացույցներով հիմնավորվող փաստական տվյալներին, այլև ակնհայտորեն հակասում են հենց միմյանց (...),
- Սևադա Հայրապետյանի կողմից դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները, որոնք Վահան Մարգարյանին վերաբերելի մասով ակնհայտորեն հակասում են հենց իր իսկ կողմից նախաքննության ընթացքում տրված բոլոր ցուցմունքներին (...),
- Սևադա Հայրապետյանի կնոջ ու որդիների` ներքին հակասություններով լի և դատաքննությամբ հետազոտված մյուս փաստական տվյալների, այդ թվում նաև` հենց միմյանց ու Սևադա Հայրապետյանի կողմից տրված ցուցմունքների հետ էական հակասությունների մեջ գտնվող ցուցմունքները, որոնք դրանով հանդերձ, իրենցում կոնկրետ Վահան Մարգարյանի կողմից Սևադա Հայրապետյանին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուն, պահելուն կամ փոխադրելուն որևէ կերպ դրդելու կամ այդ հարցով Վարդան Ներսիսյանի հետ որևէ պայմանավորվածություն ունենալու հանգամանքների վերաբերյալ, բացի ենթադրությունից, էական նշանակություն ունեցող որևէ կոնկրետ փաստ չեն պարունակում (...):
Դրա հետ մեկտեղ, այլ աղբյուրներից ստացված և Առաջին ատյանի դատարանի դատաքննությամբ հետազոտված մյուս տեղեկություններից [վկաներ Ա.Դանիելյանի նախաքննական և դատաքննական, Ա.Ավետիսյանի դատաքննական, Ժ.Մանուկյանի դատաքննական ցուցմուքները] (…) ամբողջությամբ, իսկ [ապացույցների] (…) զգալի մասը (տե՛ս, օրինակ, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում հայտնաբերված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալները, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժնի քննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2014 թվականի օգոստոսի 6-ի որոշումը, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի` թիվ Ե-40/18-7-2439 և թիվ Ե-40/18-7-2526 գրությունները, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի՝ 2017 թվականի փետրվարի 23-ի թիվ 3/1614 և ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի՝ 2015 թվականի հուլիսի 9-ի թիվ 24/1959 գրությունները, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առնթեր ՀԿԳ ավագ քննիչի՝ 2015 թվականի հունվարի 29-ի թիվ 18-150կգ-15 գրությունը, 2015 թվականի դեկտեմբերի 4-ի` քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը) ընդհանուր առմամբ համընկնում և հիմնավորում են ամբաստանյալ Վահան Մարգարյանի` իր անմեղության վերաբերյալ պնդումները, իսկ սույն որոշման [մեջ] (...) շարադրված մյուս փաստական տվյալները` չեն հակասում և առնվազն չեն հերքում դրանք:
Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն գործով դատաքննությամբ հետազոտված ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով, որը կբացառի հակառակի ողջամիտ հավանականությունը, չեն հերքվել ամբաստանյալ Վահան Մարգարյանի անմեղության վերաբերյալ վերջինիս և նրա պաշտպանի` Առաջին ատյանի դատարանի դատաքննության ընթացքում և սույն որոշման 20-րդ կետում շարադրված վերաքննիչ բողոքում ներկայացված պնդումները: Այլ կերպ` առկա է ամբաստանյալ Վահան Մարգարյանի անմեղության վերաբերյալ չփարատված կասկած, որն այն աստիճան ցածր չէ, որպեսզի հնարավորություն տար հաղթահարելու անմեղության կանխավարկածը, և բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, անվերապահ հետևություն անել առ այն, որ ամբաստանյալ Վահան Մարգարյանը մեղավորությամբ կատարել է նախաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով որակված, իսկ Առաջին ատյանի դատարանի իրավական գնահատականի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված, իրեն վերագրվող արարքը (…)»13:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.
10. Բողոքի հեղինակը նշել է, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքները վերաորակելու մասով մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժելով և ամբաստանյալ Վ.Մարգարյանի նկատմամբ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, չի կիրառել այն նյութական օրենքը, որը ենթակա էր կիրառման, ինչպես նաև սխալ է գնահատել գործում առկա ապացույցները:
10.1. Ըստ բողոքաբերի` ամբաստանյալների արարքները պատճառահետևանքային կապի մեջ են տուժող Ս.Հայրապետյանի դատապարտման և պատիժ կրելու հետ: Տվյալ դեպքում տեղի է ունեցել պետական իշխանություն կրող անձանց կողմից անձին հանցավոր արարք կատարելու դրդչություն, որն անձը չէր կատարի առանց այդ դրդչության և դրա համար քրեական պատասխանատվության ու պատժի չէր ենթարկվի, և նրա ազատությունը չէր սահմանափակվի: Բողոքաբերը գտել է, որ ամբաստանյալների արարքներում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը:
10.2. Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ հիմնավոր չեն Վերաքննիչ դատարանի պնդումները` Վ.Մարգարյանի մեղադրանքի առանցքային հանգամանքների վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կողմից իր հետևությունները ներքին հակասություններով լի, միմյանց հակասող և ակնհայտորեն գործի ելքով շահագրգռված անձանց ցուցմունքների վրա կառուցած լինելու և այդպիսով առանց ապացույցների բավարար համակցության Վ.Մարգարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման համար մեղադրական դատավճիռ կայացնելու վերաբերյալ:
10.3. Բողոքաբերը գտել է նաև, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել կիրառման ենթակա քրեական օրենքը, ինչպես նաև քրեական գործով հետազոտված ապացույցներին տվել է սխալ իրավաբանական գնահատական: Արդյունքում խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ կայացնելու պահանջը:
11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը, Վ.Մարգարյանին և Վ.Ներսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, նրանց նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով և Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ վերջիններիս ազատել պատժից:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունները՝ ամբաստանյալ Վ.Ներսիսյանին մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու, ինչպես նաև ամբաստանյալ Վ.Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ:
13. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը) (…):
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (…)»:
13.1. Քննարկվող հանցակազմի հիմնական անմիջական օբյեկտը հանրային իշխանության համակարգի որևէ օղակի նորմալ գործունեությունն է: Միաժամանակ, քննարկվող հանցակազմն ունի նաև լրացուցիչ օբյեկտ՝ մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, քաղաքացիների, կազմակերպությունների, պետության գույքային, տնտեսական և այլ շահերը:
13.2. Պաշտոնեական լիազորությունների չարաշահման օբյեկտիվ կողմն իր մեջ ընդգրկում է երեք պարտադիր հատկանիշ`
ա) պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը հակառակ ծառայության շահերի օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը,
բ) հանրորեն վտանգավոր հետևանքները` անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին էական վնաս հասցնելու ձևով,
գ) պատճառական կապն արարքի և հետևանքների միջև:
13.3. Պաշտոնեական դիրքի օգտագործումը, նախ, կարող է դրսևորվել պաշտոնատար անձի կողմից իրեն վերապահված լիազորությունները հակառակ ծառայության շահերի իրականացնելով: Պաշտոնատար անձի լիազորությունները սահմանվում են համապատասխան իրավական ակտերով: Հետևաբար, որպես պաշտոնեական լիազորությունների օգտագործում՝ պետք է դիտարկել այնպիսի արարքի կատարումը, որը բխում է պաշտոնատար անձի լիազորություններից: Միևնույն ժամանակ, պաշտոնեական լիազորությունների չարաշահման հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ այդ լիազորություններն օգտագործվեն հակառակ ծառայության շահերի, այսինքն՝ կատարվող արարքը չպետք է բխի ծառայողական անհրաժեշտությունից: Ընդ որում, որպես ծառայության շահեր պետք է դիտարկել ոչ միայն այն պետական մարմնի, հիմնարկի, կազմակերպության կամ ձեռնարկության շահերը, որտեղ աշխատում է տվյալ պաշտոնատար անձը, այլև առհասարակ հանրային կառավարման համակարգի շահերը:
Պաշտոնեական լիազորությունների չարաշահման օբյեկտիվ կողմը կարող է դրսևորվել նաև պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով, երբ պաշտոնատար անձը, իր հեղինակությունն օգտագործելով, ներգործում է մեկ ուրիշ անձի վրա՝ դրդելով նրան հանցանքի կատարման: Այս պարագայում նրա արարքը պետք է որակել որպես համապատասխանաբար պաշտոնեական լիազորությունների չարաշահում և այն հանցագործության դրդչություն, որի կատարմանը նա դրդել է:
13.4. Պաշտոնեական լիազորությունների չարաշահման հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ են հանրորեն վտանգավոր հետևանքները: Քննարկվող հանցակազմի դեպքում այդպիսի հետևանք է համարվում անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին պատճառված էական վնասը: Էական վնասը կարող է դրսևորվել ոչ միայն գույքային, այլ նաև ոչ գույքային վնասի ձևով:
Այդպիսի վնաս կարող են համարվել մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարումը, իշխանության մարմինների հեղինակազրկումը, նրանց գործունեության խաթարումը, հասարակական կարգի խախտումը, խոշոր չափերի հափշտակությունների կամ այլ ծանր հանցագործությունների պարտակումը և այլն:
Ոչ գույքային վնասի էական լինելը գնահատելիս պետք է հաշվի առնել քաղաքացիներին, հասարակությանը և պետությանը հասցված բարոյական վնասի ծանրությունը, տուժած քաղաքացիների քանակը, ոտնահարված իրավունքների ու ազատությունների կարևորությունը, դրանց ոտնահարման աստիճանը, հիմնարկության, կազմակերպության կամ ձեռնարկության նորմալ գործունեության խաթարման աստիճանը և այլն:
13.5. Պաշտոնեական լիազորությունների չարաշահման հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է մեղքի դիտավորյալ ձևով: Ընդ որում, նշված հանցանքը կարող է կատարվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ:
Պաշտոնեական լիազորությունների չարաշահման սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հանցագործության շարժառիթը: ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածում որպես այդպիսին նշված են շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությունը կամ խմբային շահերը:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը՝ շահադիտական շարժառիթից ելնելով, որպես կանոն, դրսևորվում է պաշտոնատար անձի կողմից հանցանքը նյութական օգուտ ստանալու կամ ծախսերից կամ պարտավորություններից խուսափելու համար կատարելով:
Անձնական այլ շահագրգռվածությունը կարող է դրսևորվել բազմազան ձևերով: Դրա հիմնական դրսևորումներն են ապօրինի վարքագծի վրա հիմնվող կարիերիզմը, հովանավորչությունը, իրականությունը բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու ցանկությունը, փոխադարձ ծառայություն ստանալու, տեղի ունեցած իրավախախտումներն ու հանցագործությունները թաքցնելու ցանկությունը և այլն: Անձնական շահագրգռվածության դրսևորում է նաև ծառայության շահի կեղծ ընկալումը, երբ պաշտոնատար անձն արդարանում է նրանով, որ իր արարքը, իբր, չի հակասում այն կազմակերպության շահերին, որտեղ ինքն աշխատում է, դեռ ավելին, օգտակար է այդ շահերի համար: Բայց, եթե նման դեպքերում, պաշտոնատար անձի արարքը հակասում է առհասարակ հանրային կառավարման համակարգի բնականոն գործունեության շահերին, ապա քննարկվող հանցակազմն առկա է:
Խմբային շահագրգռվածությունը կարող է դրսևորվել անձանց միավորումների շահերը պաշտպանելու ցանկության ձևով:
13.6. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական պատասխանատվություն է նախատեսվում ծանրացնող հանգամանքներում պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելը:
Հարկ է նշել, որ «ծանր հետևանքներ»-ն արժեքավորվող հասկացություն է: Ծանր հետևանքներ կարող են համարվել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները, խոշոր արտադրական կամ այլ բնույթի վթարը, տրանսպորտի աշխատանքի կամ արտադրական գործընթացի երկարատև խափանումը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների ու ձեռնարկությունների աշխատանքի կազմալուծումը, առանձնապես խոշոր չափերի նյութական վնասը, մարդու մահը կամ առողջությանը ծանր վնաս հասցնելը և այլն:
13.7. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմը և դրա որակյալ տեսակը նյութական հանցակազմեր են, այսինքն՝ ավարտված հանցագործության առկայությունն օրենսդիրը կապում է հանրորեն վտանգավոր հետևանքի առաջացման հետ: Այլ կերպ, դրանց օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ են հանդիսանում` արարքը, հանրորեն վտանգավոր հետևանքը, արարքի ու հետևանքի միջև պատճառահետևանքային կապը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արարքի և հանրորեն վտանգավոր հետևանքի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում անդրադառնալ հետևյալ հարցերին`
ա) հանցավորի արարքը ժամանակային առումով նախորդե՞լ է հետևանքի (հանցավոր արդյունքի) առաջացմանը, թե՝ ոչ.
բ) հանցավորի արարքն արդյո՞ք հետևանքի առաջացման անհրաժեշտ պայման է (այսինքն, այնպիսի պայման, առանց որի հետևանքը վրա չէր հասնի), թե՝ ոչ.
գ) հանցավորի արարքը տվյալ իրադրության մեջ տվյալ հետևանքն առաջացնելու իրական հնարավորություն պարունակե՞լ է, թե հետևանքն առաջացել է նրա արարքի հետ պատահականորեն կապված այլ անձի արարքի կամ այլ հանգամանքների ազդեցության արդյունքում:
Քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի՝ արարքի և հանրորեն վտանգավոր հետևանքի միջև պատճառական կապի առկայության մասին հնարավոր է հետևության հանգել միայն վերոնշյալ երեք հարցերին դրական պատասխան տալու դեպքում: Հակառակ պարագայում, պետք է արձանագրել, որ բացակայում է համապատասխան պատճառական կապը, հետևաբար նաև` հանցակազմի օբյեկտիվ կողմը:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Վ.Մարգարյանին և Վ.Ներսիսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով14.
- Առաջին ատյանի դատարանը, Վ.Մարգարյանին և Վ.Ներսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքները վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, արձանագրել է, որ բացակայում է հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր տարրը՝ արարքի և հետևանքի միջև պատճառահետևանքային կապը` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու որակյալ հանցակազմի մասով։ Առաջին ատյանի դատարանը նշել է, որ թեև դատաքննությամբ հետազոտված որոշ ապացույցների համաձայն՝ ամբաստանյալներ Վ.Մարգարյանը և Վ.Ներսիսյանը տուժող Ս.Հայրապետյանին հայտնել են, որ չի դատապարտվի և դատարանի դահլիճից կգնա տուն, սակայն, նրանց արարքները պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում տուժող Ս.Հայրապետյանի դատապարտման և պատիժ կրելու հետ: Ըստ Առաջին ատյանի դատարանի՝ Ս.Հայրապետյանն ազատազրկման է դատապարտվել և որոշակի ժամկետով պատիժ է կրել իր կատարած հանցանքի համար և դրա արդյունքում նրա ազատության իրավունքը ոչ թե խախտվել, այլ սահմանափակվել է, այն է` դատարանի դատավճռով կիրառվել է պետական հարկադրանքի միջոց` հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ, որն արտահայտվել է օրենքով նախատեսված անձի ազատության իրավունքի սահմանափակմամբ և այդ սահմանափակումը պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում ամբաստանյալների արարքների հետ15:
- Վերաքննիչ դատարանը համաձայնվել է Առաջին ատյանի դատարանի այն դատողությունների հետ, որ ամբաստանյալների արարքները պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում տուժող Ս.Հայրապետյանի դատապարտման և պատիժ կրելու հետ:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը Վ.Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով արդարացրել է` արարքում հանցակազմի բացակայության հիմքով՝ փաստելով, որ առկա է ամբաստանյալ Վ.Մարգարյանի անմեղության վերաբերյալ չփարատված կասկած, որն այն աստիճան ցածր չէ, որպեսզի հնարավորություն տար հաղթահարելու անմեղության կանխավարկածը, և բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը՝ անվերապահ հետևություն անել առ այն, որ ամբաստանյալ Վ.Մարգարյանը մեղավորությամբ կատարել է նախաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով որակված, իսկ Առաջին ատյանի դատարանի իրավական գնահատականի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանող արարքը16:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 7-7.8-րդ կետերում վկայակոչված ապացույցների և 13-13.7-րդ կետերում մեջբերված իրավադրույթների ու արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, համաձայնվելով Առաջին ատյանի դատարանի կողմից Վ.Ներսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելու հետ, ինչպես նաև Վ.Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելով, պատշաճ գնահատման չի ենթարկել գործում առկա ապացույցները, ինչպես նաև պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել ամբաստանյալների արարքների և տուժող Ս.Հայրապետյանի դատապարտման ու պատիժ կրելու միջև պատճառահետևանքային կապի առկայության հարցը:
16. Այսպես, անդրադառնալով ամբաստանյալների արարքների և տուժող Ս.Հայրապետյանի դատապարտման ու պատիժ կրելու միջև պատճառահետևանքային կապի առկայության հարցին, Վերաքննիչ դատարանը համաձայնվել է Առաջին ատյանի դատարանի այն դատողության հետ, որ տուժող Ս.Հայրապետյանի ազատության իրավունքը տվյալ պարագայում չի խախտվել, այլ սահմանափակվել է, որը դրսևորվել է դատարանի կողմից նրա կատարած արարքի համար պատիժ նշանակելով և այդ պատիժը կրելով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վերոնշյալ դատողության հետ համաձայնվելով, հաշվի չի առել այն, որ ամբաստանյալների կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը դրսևորվել է նրանում, որ Ս.Հայրապետյանին նյութապես ապահովելու վերաբերյալ խոստումներով համոզելու եղանակով նրանք դրդել են վերջինիս առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն, պահելուն և փոխադրելուն ու միաժամանակ երաշխավորել են, որ նա չի զրկվի ազատությունից։ Այսինքն, ամբաստանյալների գործողությունների արդյունքում է Ս.Հայրապետյանի մոտ ծագել հանցանք կատարելու դիտավորությունը: Այլ կերպ, առանց ամբաստանյալների դրդչության և տված երաշխիքի, Ս.Հայրապետյանը չէր կատարի այն արարքը, որի համար ենթարկվել է քրեական պատասխանատվության և կրել է ազատազրկման ձևով պատիժ՝ փաստացի շուրջ 4 (չորս) ամիս գտնվելով անազատության մեջ՝ քրեակատարողական հիմնարկում: Այս առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել քրեական գործում առկա այն փաստական տվյալները, համաձայն որոնց` Ս.Հայրապետյանի կողմից Վ.Մարգարյանի և Վ.Ներսիսյանի առաջարկին համաձայնվելը և առանց իրացնելու նպատակի ապօրինի թմրամիջոց ձեռք բերելը, պահելը, փոխադրելը պայմանավորված է եղել նաև բարձր պաշտոններ զբաղեցնող Վ.Մարգարյանին և Վ.Ներսիսյանին վստահելու և հավատալու հանգամանքով17: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Մարգարյանը հանդիսացել է ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետը, իսկ Վ.Ներսիսյանը` նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը, վերջիններս օժտված են եղել իրենց ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ կարգադրիչ լիազորություններով և կոչված լինելով կանխել, խափանել, հայտնաբերել և բացահայտել հանցագործությունները, ըստ նրանց առաջադրված մեղադրանքների, կատարել են արարքներ, որոնք ուղղակիորեն հակասում են ոստիկանության առջև դրված խնդիրներին18:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքների հաշվառմամբ՝ ամբաստանյալների արարքների և տուժող Ս.Հայրապետյանի դատապարտման ու պատիժ կրելու միջև պատճառահետևանքային կապի առկայության հարցը որոշելու նպատակով ստորադաս դատարանները պետք է քննարկեին այն, թե արդյո՞ք ամբաստանյալներ Վ.Մարգարյանի և Վ.Ներսիսյանի արարքները վերոնշյալ հետևանքների (տուժող Ս.Հայրապետյանի դատապարտման ու պատիժ կրելու) առաջացման անհրաժեշտ պայման են եղել (այսինքն, այնպիսի պայման, առանց որի հետևանքը վրա չէր հասնի), և արդյո՞ք ամբաստանյալների արարքները տվյալ իրադրության մեջ նշված հետևանքներն առաջացնելու իրական հնարավորություն պարունակել են, թե՞ հետևանքներն առաջացել են նրանց արարքների հետ պատահականորեն կապված այլ անձի արարքի կամ այլ հանգամանքների ազդեցության արդյունքում:
17. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` ամբաստանյալ Վ.Մարգարյանին մեղավոր ճանաչելու մասով բեկանելով և վերջինիս արդարացնելով, ըստ էության, բավարարվել է ապացույցների թվարկմամբ և դրանցում առկա հակասությունների մասին ընդհանուր բնույթի դատողություններ անելով՝ առանց մատնանշելու, թե որոնք են այդ հակասությունները և արդյոք դրանք ունեն էական նշանակություն առաջադրված մեղադրանքը գնահատելու հարցում19: Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ապացույցների միջև հակասության առկայության դեպքում դատարանները, դրանցից յուրաքանչյուրը ենթարկելով բազմակողմանի հետազոտման ու գնահատման, պետք է դրանց արժանահավատության հարցում գան համապատասխան հետևության` մասնավորապես նշելով, թե որ ապացույցն են առավել արժանահավատ գնահատում20:
17.1. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել՝
- Վ.Մարգարյանի՝ որպես կասկածյալ տված ցուցմունքը21.
- Ս.Հայրապետյանի դատվածությունը մարված լինելու կամ չլինելու հանգամանքը պարզելու վերաբերյալ Վ.Ներսիսյանի և Վ.Մարգարյանի ցուցմունքները: Հատկանշական է, որ հետագայում, երբ Վ.Մարգարյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, այնուամենայնիվ նշել է, որ հնարավոր է, որ Ս.Հայրապետյանի դատվածության հետ կապված խոսակցություն ունեցած լինի,
- գործում առկա ապացույցներն այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Ս.Հայրապետյանի գործով դատական նիստի նախորդ օրը, Վ.Մարգարյանը Ս.Հայրապետյանին վստահեցրել է, որ դատարանում խնդիրներ չեն առաջանա22,
- ամբաստանյալներ Վ.Մարգարյանի և Վ.Ներսիսյանի կողմից ու նրանց անունից տուժողի ընտանիքին նյութական օգնություն ցուցաբերելու (4 պարկ ալյուր, երկու բջջային հեռախոս, 263.000 ՀՀ դրամ, 5000 ԱՄՆ դոլլար) մասին գործում առկա տվյալները: Հատկանշական է, որ տուժող Ս.Հայրապետյանի ընտանիքին ցուցաբերված օգնությունն ակնհայտորեն գերազանցում է Վ.Մարգարյանի և Վ.Ներսիսյանի կողմից այլ անձանց ցուցաբերված նյութական օգնության ծավալները23,
- այն փաստական տվյալները, համաձայն որոնց` Վ.Մարգարյանի ընկեր Ա.Ավետիսյանը նրա անունից 5.000 ԱՄՆ դոլար է տվել Ն.Էլոյանին՝ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն ներկայացրած բողոքը հետ վերցնելու համար,
- 2014 թվականի օգոստոսի 7-ին (այդ օրը, ըստ Վ.Ներսիսյանի ցուցմունքի, Վ.Մարգարյանի աշխատասենյակում հանդիպել են Ս.Հայրապետյանին) և հոկտեմբերի 30-ին (Ս.Հայրապետյանի գործով դատական քննության օրը` առավոտյան) Ս.Հայրապետյանի կողմից Վ.Մարգարյանին զանգահարելու վերաբերյալ գործում առկա տվյալները: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Ս.Հայրապետյանի` վերը նշված օրերին կատարված զանգերին Վ.Մարգարյանի չպատասխանելու հանգամանքն ստորադաս դատարանի կողմից պետք է գնահատվեր գործում առկա այն տվյալների համատեքստում, համաձայն որոնց՝ Վ.Մարգարյանն ասել է, որ Ս.Հայրապետյանն այլևս իրեն չզանգահարի և կապ պահպանի Վ.Ներսիսյանի հետ:
- «Կանեփ-կակաչ 2014» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի կողմից ցուցանիշներ ապահովելու վերաբերյալ գործում առկա տվյալները: Այս առումով, հատկանշական է, որ ի տարբերություն 2013 թվականի անցկացված միջոցառման շրջանակում արձանագրված՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկելու մեկ դեպքի` 2014 թվականին այդ միջոցառման շրջանակում բացի Ս.Հայրապետյանից, այլ անձանց բերման ենթարկելու դեպքեր Մարտունու բաժնում չեն արձանագրվել24:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` ամբաստանյալ Վ.Մարգարյանին մեղավոր ճանաչելու մասով բեկանելով և վերջինիս արդարացնելով, կայացրել է չպատճառաբանված դատական ակտ: Մինչդեռ, դատական ակտի պատճառաբանությունները պետք է կառուցվեն տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին25:
18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունները՝ ամբաստանյալ Վ.Ներսիսյանին մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու, ինչպես նաև ամբաստանյալ Վ.Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ, հիմնավորված և պատճառաբանված չեն:
19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ, 127-րդ, 358-րդ և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածների խախտումներ: Այսինքն, թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածներով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում և քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք հիմք են Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:
Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է մեղադրողի և ամբաստանյալ Վ.Մարգարյանի պաշտպանի վերաքննիչ բողոքները քննության առնի` հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները:
20. Անդրադառնալով ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ.Մարգարյանի և Վ.Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը մասնակիորեն` ամբաստանյալ Վահան Արտաշեսի Մարգարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և ամբաստանյալ Վարդան Ժորայի Ներսիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Ամբաստանյալներ Վահան Արտաշեսի Մարգարյանի և Վարդան Ժորայի Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
______________________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթեր 164-168:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթեր 211-215:
3 Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:
4 Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:
5 Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:
6 Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:
7 Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:
8 Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:
9 Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:
10 Տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթեր 100-126:
11 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 203-204:
12 Տե՛ս քրեական գործ, հատոր 16, թերթեր 76-224:
13 Տե՛ս քրեական գործ, հատոր 19, թերթեր 1-102:
14 Տե՛ս սույն որոշման 5-6-րդ կետերը:
15 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
16 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
17 Տե՛ս սույն որոշման 7.2-7.3-րդ կետերը:
18 Տե’ս «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը:
19 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
20 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Վարդան Անտոնյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԼԴ2/0056/01/16 որոշման 19-րդ կետը:
21 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
22 Տե՛ս սույն որոշման 7.1-7.2-րդ կետերը:
23 Տե՛ս սույն որոշման 7.6-րդ կետը:
24 Տե՛ս սույն որոշման 7.8-րդ կետը:
25 Տե՛ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գևորգ Խնուսյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մարտուն Հակոբյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16, Արարատ Սարգսյանի գործով 2019 թվականի հունիսի 12-ի թիվ ԵԱԴԴ/0005/01/17 որոշումները, Գեղամ Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշման 19-րդ կետը։
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|