Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.05.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՔԴ/0112/01/14

ԵԱՔԴ/0112/01/14

Նախագահող դատավոր՝  Մ. Պետրոսյան

Դատավորներ՝

 Մ. Պապոյան

 Ս. Համբարձումյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

 Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 Ե. Դանիելյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 

 

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

մասնակցությամբ դատախազ՝

Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻ

 

ամբաստանյալ`

Կ. ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻ

 

պաշտպան`

Ն. ՆՈՐԻԿՅԱՆԻ

տուժողի իրավահաջորդ

Ն. ՍԱՀԱԿՅԱՆԻ

 

2020 թվականի մայիսի 26-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 4-ի որոշման դեմ ամբաստանյալ Կարեն Սանդրոյի Ջուլհակյանի պաշտպան Ն.Նորիկյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է թիվ 90956912 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2014 թվականի մայիսի 22-ին Կարեն Սանդրոյի Ջուլհակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով։

2014 թվականի հուլիսի 25-ին թիվ 90965912 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 21-ի դատավճռով Կ.Ջուլհակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով: Նույն դատավճռով դատապարտվել են նաև Մհեր Վլադիմիրի Դավիդյանցը և Արկադի Սամվելի Չախոյանը։

ՀՀ Ազգային ժողովի՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ՝ Կ.Ջուլհակյանն ազատվել է պատժից:

3. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 21-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել ամբաստանյալ Մ.Դավիդյանցի պաշտպան Ե.Սարգսյանը, մեղադրող Լ.Պետրոսյանը, ամբաստանյալ Կ.Ջուլհակյանի պաշտպան Ն.Նորիկյանը, ամբաստանյալ Ա.Չախոյանի պաշտպան Գ.Հակոբյանը:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ մեղադրողի և պաշտպան Ն.Նորիկյանի վերաքննիչ բողոքները մերժել է, պաշտպաններ Ե.Սարգսյանի և Գ.Հակոբյանի վերաքննիչ բողոքները՝ բավարարել. Մ.Դավիդյանցին և Ա.Չախոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչել է անմեղ և արդարացրել` կատարված հանցագործությանը վերջիններիս մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

4.1 Վերաքննիչ դատարանի դատավոր Մ.Պապոյանը Կ.Ջուլհակյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի բացակայության վերաբերյալ մնացել է հատուկ կարծիքի:

5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ամբաստանյալ Կ.Ջուլհակյանի պաշտպան Ն.Նորիկյանը և տուժողի իրավահաջորդ Նվեր Սահակյանը։ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ տուժողի իրավահաջորդի բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, իսկ պաշտպանի վճռաբեկ բողոքը 2019 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մյուս մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Կարեն Ջուլհակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(…) [Ն]ա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ 14203 զորամասում` (կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ) որպես գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, կոչումով մայոր, 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ՊՆ հավաքակայանի բուժկետում` որպես հերթապահ բժիշկ հերթապահություն իրականացնելիս, անփույթ վերաբերմունք է ցուցաբերել իր ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք։

Կ.Ջուլհակյանը, ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատարի կողմից 2012 թվականի նոյեմբերի 16-ին տրված թիվ 1157 հրամանով ընդգրկվել է ՀՀ ՊՆ հավաքակայանի բուժկետի հերթապահության գրաֆիկում որպես 2012 թվականի դեկտեմբերի 21-ին բուժկետում հերթապահություն ստանձնող հերթապահ բժիշկ: Հերթապահություն իրականացնելիս, Կ.Ջուլհակյանը, պարտավոր լինելով զննելու բուժկետ ընդունված բոլոր հիվանդներին, ցուցաբերելու անհրաժեշտ բուժօգնություն, հոսպիտալիզացիայի կարիք ունեցողներին ուղարկելու համապատասխան բաժանմունքներ, 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ժամը 20:05-ին հավաքակայանի բուժկետում զննել է նույն օրը ՀՀ ՊՆ հավաքակայանում պատվաստված, ջերմության գանգատներով իրեն դիմած, ՀՀ ՊՆ Էրեբունու զինկոմիսարիատից զորակոչված Նորայր Նվերի Սահակյանին։ Վերջինիս մոտ 38.30 ջերմություն արձանագրելուց հետո Նորայր Սահակյանի առողջական վիճակը ճիշտ չգնահատելով կատարել է ախտանիշային բուժում` նրան տալով ջերմիջեցնող դեղամիջոց, որի ազդեցությունը կրել է ժամանակավոր բնույթ: Ժամը 20:40-ին Կ.Ջուլհակյանը կրկին կատարել է ջերմաչափում և Նորայր Սահակյանի մոտ արձանագրելով 37.30 ջերմություն ու տեսնելով, որ ջերմությունը չի իջել մինչև նորմայի սահմանները, Նորայր Սահակյանի ջերմության բարձրացման պատճառը պարզելու համար դինամիկ հսկողություն սահմանելու և հետագա բուժումը կազմակերպելու համար հոսպիտալիզացնելու փոխարեն, Նորայր Սահակյանին հանձնել է հավաքակայանի ՌՈ աշխատակցին: Արդյունքում Նորայր Սահակյանը բարձր ջերմությունով տեղափոխվել է ՊԲ հավաքակետ, որտեղից 2012 թվականի դեկտեմբերի 22-ին ժամը 13-ի սահմաններում շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Իվանյանի զինհոսպիտալ, որտեղ էլ 2012 թվականի դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, ժամը 00:20-ի սահմաններում, Նորայր Սահակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, վերջինս տեղափոխվել է նույն հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք և առավոտյան 08:30-ի սահմաններում գրանցվել է Նորայր Սահակյանի կենսաբանական մահը»1:

7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) [Չ]նայած լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողովային փորձագետի թիվ 214/լ եզրակացության մեջ նշվել է, որ Կարեն Ջուլհակյանի գործողությունների և Նորայր Սահակյանի մահվան միջև պատճառական կապը չի կարող հանդիսանալ ուղղակի անմիջական, սակայն ինչպես նշված է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 48/հձ եզրակացության մեջ` (...) Ն.Սահակյանի առողջական վիճակը ճիշտ չի գնահատվել և ձեռք չեն առնվել համապատասխան բժշկական միջոցներ` մասնավորապես տարվել է միայն ախտանիշային բուժում (տրվել է ջերմիջեցնող դեղամիջոց), որի ազդեցությունը կրել է ժամանակավոր բնույթ: Դատարանը փաստում է, որ հավաքակայանում 38.3 աստիճան ջերմություն արձանագրելուց հետո բժիշկ Կ.Ջուլհակյանի կողմից նորակոչիկ Ն.Սահակյանի առողջական վիճակը ճիշտ չի գնահատվել, դինամիկ հսկողություն չի սահմանվել: Հետագա բուժումը կազմակերպելու և նրան հոսպիտալացնելու փոխարեն, տվյալ իրադրությունում, Կ.Ջուլհակյանը կարող էր և պարտավոր էր նախատեսել Ն.Սահակյանի վիճակի հետագա վատթարացումը: Այսինքն` Կարեն Ջուլհակյանի գործողությունները (անգործությունը) նույնպես բերել են հիվանդ Նորայր Սահակյանի վիճակի վատթարացմանը և ծանր հետևանքների առաջացմանը:

(…)

Անդրադառնալով ամբաստանյալ(…) Կարեն Ջուլհակյանին (…) ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքին, ապա դատարանը, գործով ձեռք բերված (…) ապացույցները՝ ամբաստանյալ Կ.Ջուլհակյանի, տուժողի իրավահաջորդ Նվեր Սահակյանի, վկաներ Հասմիկ Թունյանի, Արսեն Գալստյանի, Սուրեն Աբրահամյանի, Էդուարդ Արզումանյանի, Կարեն Վարդանյանի, Վալերի Ավագյանի, Դավիթ Ղարագյոզյանի, Արտաշես Սայիյանի, Անահիտ Գրիգորյանի, Սահակ Օհանյանի, Ավետիք Նազարեթյանի, փորձագետ Հասմիկ Երանոսյանի ցուցմունքները, դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 1129/46 եզրակացությունը, հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 48/հձ եզրակացությունը, Իվանյանի զինհոսպիտալի ինֆեկցիոն, ընդունարան և վերակենդանացման բաժանմունքների հիվանդների հաշվառման մատյանների զննության արձանագրությունը, ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատարի 16.11.2012թ. թիվ 1157 հրամանը, ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատարի կողմից 05.12.2012թ. հաստատված՝ կենտրոնական հավաքակայանի հերթապահության գրաֆիկը, ՊԲ հավաքակետի պետի 13.12.2012թ. թիվ 293 և 20.12.2012թ. թիվ 299 հրամանների քաղվածքները, ՊԲ 33466 զորամասի հրամանատարի 21.12.2012թ. թիվ 356 հրամանի քաղվածքը, զննված և որպես ապացույց ճանաչված «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված թիվ 13.3855 լազերային սկավառակի, դրանից արտատպված Մհեր Դավիդյանցի, Արկադի Չախոյանի, Անահիտ Գրիգորյանի, Սահակ Օհանյանի, Արտաշես Սայիյանի միջև 2012 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 23-ը կայացած հեռախոսազանգերի և սպասարկվող կայանների վերծանումները, «Արմենտել» և «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ից ստացված Կ.Ջուլհակյանին, Հ.Թունյանին, Վ.Պողոսյանին, Ս.Աբրահամյանին և Ա.Գրիգորյանին պատկանող բջջային հեռախոսահամարների` 21.12.2012թ. դրությամբ կատարված հեռախոսազանգերի վերծանումները, զննված և որպես ապացույց ճանաչված` Ն.Սահակյանի անվամբ լրացված բժշկական գրքույկը, Կ.Ջուլհակյանի կողմից ներկայացված՝ ՀՀ ՊՆ հավաքակայանում 21.12.2012թ. իր կողմից Ն.Սահակյանին բուժզննության ենթարկելու մասին արձանագրված Ա4 չափի թուղթը, Ն.Սահակյանի անվամբ լրացված թիվ 2720/54/2370 հիվանդության պատմագիրը, լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողովային փորձագետի թիվ 214/լ եզրակացությունը] գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, գտնում է, որ ամբաստանյալ(…) Կարեն Ջուլհակյանի (…) մեղավորությունը` ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, ապացուցված է»2:

8. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Կ.Ջուլհակյանը, ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ 14203 զորամասում` որպես գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ՊՆ հավաքակայանի բուժկետում` որպես հերթապահ բժիշկ հերթապահություն իրականացնելիս, անփույթ վերաբերմունք է ցուցաբերել իր պարտականությունների նկատմամբ, այն է` իր վրա դրված պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, չի նախատեսել ծանր վնասի առաջացումը, սակայն պարտավոր էր և կարող էր դա նախատեսել:

Վերաքննիչ դատարանի նման հետևությունը պայմանավորված է եղել նրանով, որ նորակոչիկ Նորայր Սահակյանին բուժզննության ենթարկելիս` պարզելով, որ վերջինիս ջերմությունը կազմել է 38.3 աստիճան, ապա դեղամիջոց տալուց հետո` պարզելով, որ ջերմությունը նվազել է և կազմել 37.3 աստիճան, այսինքն` Ն.Սահակյանի ջերմությունը չի գտնվել նորմայի սահմաններում, կարող էր և պարտավոր էր նախատեսել Ն.Սահակյանի վիճակի հետագա վատթարացումը, ըստ այդմ էլ` պետք է ցուցաբերեր անհրաժեշտ բուժօգնություն, այդ թվում` հոսպիտալացներ վերջինիս:

Սակայն, Կ.Ջուլհակյանի կողմից Ն.Սահակյանին «Պարացետամոլ» դեղահաբ տալուց, ապա վերջինիս ջերմությունը փոքր-ինչ նվազելուց հետո, անմիջապես հանձնել է հավաքակայանի ՌՈ աշխատակցին, ինչն էլ հանգեցրել է ծանր հետևանքների, այն է` Ն.Սահակյանի մահվան:

Ինչ վերաբերում է լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 214/լ եզրակացությամբ տրված հետևություններին այն մասին, որ Կ.Ջուլհակյանի գործողությունների և Նորայր Սահակյանի մահվան միջև պատճառական կապը չի կարող հանդիսանալ ուղղակի անմիջական, սակայն ինչպես սույն գործով ձեռք բերված մյուս ապացույցներով, այնպես էլ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 48/հձ եզրակացությամբ հաստատված և հիմնավորված է, որ Ն.Սահակյանի առողջական վիճակը ճիշտ չի գնահատվել և ձեռք չեն առնվել համապատասխան բժշկական միջոցներ` մասնավորապես տարվել է միայն ախտանիշային բուժում (տրվել է ջերմիջեցնող դեղամիջոց), որի ազդեցությունը կրել է ժամանակավոր բնույթ:

(…)

[Ա]մբաստանյալ Կ.Ջուլհակյանի կողմից իր ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ վերաբերմունքը հանգեցրել է տուժող Նորայր Սահակյանի մահվան, ինչը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, Կ.Ջուլհակյանի կողմից կատարած գործողության (անգործության) և առաջացած հետևանքի միջև գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ: Այսինքն, ամբաստանյալ Կ.Ջուլհակյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները (օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ), որոնց վերաբերյալ Առաջին ատյանի դատարանը հանգել է օրինական և հիմնավոր հետևության»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերը նշել է, որ թեև հնարավոր չէ միանշանակ գնահատական տալ Կ.Ջուլհակյանի իրականացրած գործողություններին, սակայն կարելի է փաստել, որ Ն.Սահակյանի առողջական վիճակը ճիշտ չգնահատելը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է եղել Կ.Ջուլհակյանի նեղ մասնագիտական՝ ինֆեկցիոն հիվանդությունների բնագավառի գիտելիքների բացակայությամբ: Կ.Ջուլհակյանի գործողությունների և Ն.Սահակյանի մահվան միջև առկա պատճառական կապն ուղղակի անմիջական չէ, քանի որ Ն.Սահակյանի վիճակի վատացումը շարունակվել է նաև ՊՆ Կենտրոնական հավաքակայան տեղափոխելուց հետո, որտեղ տևական ժամանակի ընթացքում թույլ են տրվել բացթողումներ, որոնք հանգեցրել են հիվանդի վիճակի վատթարացմանը և մահվանը:

9.1. Անդրադառնալով Կ.Ջուլհակյանի ծառայողական պարտականությունների ոչ լիարժեք կատարմանը, բողոքաբերը նշել է, որ նա կատարել է ջերմաչափում, զարկերակային ճնշման չափում, դեղորայքի տրամադրում, ինչն էլ ապացուցում է, որ իր պարտականությունները կատարել է բարեխիղճ, հետևաբար Ն.Սահակյանի մահվան և Կ.Ջուլհակյանի պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման միջև բացակայում է հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշը՝ պատճառական կապը:

9.2. Բողոք բերած անձի պնդմամբ` գործով ձեռք չի բերվել ապացույցների բավարար համակցություն, հետևաբար, չի հաղթահարվել ամբաստանյալ Կ.Ջուլհակյանի անմեղության կանխավարկածը: Բացի այդ, վերջինս ընդգծել է նաև այն հանգամանքը, որ սույն գործով առկա է դատավորի հատուկ կարծիք, որն էապես տարբերվում է բողոքարկվող դատական ակտի բովանդակությունից, քանի որ փաստում է Կ.Ջուլհակյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշների բացակայությունը:

10. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Կ.Ջուլհակյանի մասով ամբողջությամբ բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 4-ի որոշումը և հռչակել Կ.Ջուլհակյանի անմեղությունը։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Կ.Ջուլհակյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

12. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Կ.Ջուլհակյանին մեղսագրված արարքի իրավական գնահատականի վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության:

13. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.Ջուլհակյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքում հաստատված, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքված են ամբաստանյալ Կ.Ջուլհակյանի, տուժողի իրավահաջորդի, վկաների, փորձագետի ցուցմունքներով, դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 1129/46, հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 48/հձ եզրակացություններով, քրեական գործում առկա իրեղեն ապացույցներով և այլ փաստաթղթերով4:

14. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Կ.Ջուլհակյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Կ.Ջուլհակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...) 

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»: 

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»: 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ (…) [կետում] նշված [հիմքով] գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»: 

16.1. Վերոգրյալ նորմի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման:

16.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»5: 

16.3. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլոց, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող դրույթի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում6: 

17. ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքները, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով (…)»:

18. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը(…)»։

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

(…)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:

19. ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-ին մասում նկարագրված արարքը անզգույշ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում տասը տարին, ուստի այն դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի:

20. Քրեական հետապնդումը բացառող՝ քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում7: Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում` դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում` պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է8:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Կ.Ջուլհակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2012 թվականի դեկտեմբերի 23-ին9: ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով որակված՝ Կ.Ջուլհակյանին մեղսագրված արարքը կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2017 թվականի նոյեմբերի 21-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2019 թվականի փետրվարի 4-ին10։ Նշված որոշման դեմ ամբաստանյալ Կ.Ջուլհակյանի պաշտպան Ն.Նորիկյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ11։

22. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-20-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.Ջուլհակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2017 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել։ Հետևաբար, Կ.Ջուլհակյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետը դեռևս Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու օրվա դրությամբ անցած է եղել: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, պատշաճ ուշադրության չարժանացնելով նշված հանգամանքը, 2019 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ չի քննարկել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Կ.Ջուլհակյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը:

23. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Կ.Ջուլհակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը չդադարեցնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար։

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կ.Ջուլհակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, և քրեական գործի վարույթը՝ կարճել: Հիշյալ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ անձն արդեն իրացրել է օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իր իրավունքը: Այլ խոսքով՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ անձն արդեն հնարավորություն ունեցել է ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար, պարտավոր չէ անձից լրացուցիչ ճշտել, թե նա չի առարկում արդյոք, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

24. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Կարեն Սանդրոյի Ջուլհակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Կարեն Սանդրոյի Ջուլհակյանի վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 21-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 4-ի որոշումը բեկանել մասնակիորեն, Կարեն Սանդրոյի Ջուլհակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճել:

2. Կարեն Սանդրոյի Ջուլհակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

3. Իրեղեն ապացույց ճանաչված՝ Նորայր Սահակյանի հիվանդության պատմագիրը վերադարձնել Իվանյանի անվան զինվորական հոսպիտալ:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 38-40:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 12-րդ, թերթեր 142-160:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 15-րդ, թերթեր 65-66:

4 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

5 Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը:

6 Տե՛ս, mutatis mutandis, Մխիթար Էլոյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ որոշման 14-րդ կետը։

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14 որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումը։

8 Տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ վերը հիշատակված որոշման 25-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: