ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԿԴ/0190/01/17 |
Գործ թիվ ԵԿԴ/0190/01/17 |
Նախագահող դատավոր՝ | Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Ս. Համբարձումյան |
Մ. Մարաբյան |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի Հ. Ա սատրյանի | |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
|
| |
մասնակցությամբ դատախազ` |
Ս. Անդրեասյանի |
2020 թվականի մայիսի 25-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 12-ի որոշման դեմ Էդգար Համբարձումի Շաբոյանի պաշտպան Ա.Հոբոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի մայիսի 17-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է թիվ 15174117 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
2017 թվականի հունիսի 13-ին Էդգար Համբարձումի Շաբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2017 թվականի հունիսի 20-ին Է.Շաբոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:
2017 թվականի հուլիսի 14-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2018 թվականի հոկտեմբերի 4-ի դատավճռով Է.Շաբոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 1 (մեկ) ամիս ժամկետով:
3. Ամբաստանյալ Է.Շաբոյանի պաշտպան Ա.Հոբոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2019 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի դատավճիռը՝ նշանակված պատժի մասով, փոփոխել է և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ Է.Շաբոյանին ազատել է Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նշանակված 1 (մեկ) ամիս ժամկետով կալանքի ձևով պատժից:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի որոշման դեմ ամբաստանյալ Է.Շաբոյանի պաշտպան Ա.Հոբոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Էդգար Շաբոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա 2017 թվականի մայիսի 10-ին ժամը 22։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բյուզանդի 101 շենքի բակում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ՝ ձեռքերով, ոտքերով և քարերով հարվածներ է հասցրել իր նախկին հարևանուհուն՝ Զակազ Իբոյի Թամոյանին և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որն արտահայտվել է աջ ազդրի վերին երրորդականի դրսային մակերեսի քերծվածքի, ձախ ազդրի միջին երրորդականի ներսային մակերեսի, ձախ բազկի վերին երրորդականի ներսային մակերեսի արյունազեղումների, գանգուղեղային տրավմայի, գանգուղեղի ցնցման ախտանիշների ձևով»1:
6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հետազոտելով և գնահատելով ապացույցներն իրենց համակցությամբ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, ապացուցված է համարում այն, որ Է.Շաբոյանը կատարել է արարք, որը նախատեսված է` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որի համար վերջինս ենթակա է պատժի»2։
7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) [Ք]րեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները հանգամանորեն հետազոտվել և օբյեկտիվ գնահատման են ենթարկվել դատաքննության ընթացքում և եզրակացությունները կառուցվել են միայն ապացույցների համալիր գնահատականի հիման վրա, քրեական գործի քննության նախորդ փուլում թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են դատական սխալի, հետևաբար, նման պայմաններում վերաքննիչ բողոքը բավարարելու, այն է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 04-ի դատավճիռը բեկանելու և ամբաստանյալ Էդգար Շաբոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում արդարացման դատական ակտ կայացնելու անհրաժեշտ ու բավարար հիմքեր չկան»3։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն անհիմն են և չպատճառաբանված:
Ի հիմնավորումը վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չեն գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, ինչը հանգեցրել է Է.Շաբոյանի իրավունքների խախտման: Մասնավորապես, գործում առկա ապացույցներով՝ ամբաստանյալի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ստացված լազերային սկավառակը զննության ենթարկելու մասին կազմված արձանագրությամբ հերքվում է Է.Շաբոյանին մեղսագրված արարքի կատարման փաստը: Հետևապես, բացի տուժող Զակազ Թամոյանի ցուցմունքից, գործում առկա չէ որևէ այլ ապացույց, որը կարող է վկայել Է.Շաբոյանի կողմից Զ.Թամոյանին դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հանգամանքը:
9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի որոշումը և ճանաչել ու հռչակել Էդգար Շաբոյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Է.Շաբոյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
11. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Է.Շաբոյանին մեղսագրված արարքի իրավական գնահատականի վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության:
12. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Է.Շաբոյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքում հաստատված, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքված են տուժող Զ.Թամոյանի, վկաներ Ռ.Հակոբյանի և Ն.Շեկոյանի դատաքննական ցուցմունքներով, դատաբժշկական փորձաքննության թիվ 1030 եզրակացությունով, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ստացված լազերային սկավառակում առկա տեղեկատվություններով, նշված սկավառակը զննության ենթարկելու մասին արձանագրությունով և դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված ու իրեղեն ապացույց ճանաչված քարերի առկայության փաստով:
13. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Է.Շաբոյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)
6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:
Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ (…) [կետում] նշված [հիմքով] գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:
14.1 Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման:
14.2 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»4:
14.3 Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլոց, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում5:
15. ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)
3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:
16. ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված կալանքի ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու ամիսը, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:
17. Քրեական հետապնդումը բացառող քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:
Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում6: Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում` դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում` պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է7:
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Է.Շաբոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղսագրված արարքն ավարտվել է 2017 թվականի մայիսի 10-ին8: ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով որակված՝ Է.Շաբոյանին մեղսագրված արարքը կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2018 թվականի հոկտեմբերի 4-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2019 թվականի փետրվարի 12-ին: Նշված որոշման դեմ ամբաստանյալ Է.Շաբոյանի պաշտպան Ա.Հոբոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ9:
Վերոշարադրյալից բխում է, որ Է.Շաբոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2019 թվականի մայիսի 10-ի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել:
19. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-17-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դատական ակտը կայացնելու օրվա դրությամբ Է.Շաբոյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է, ուստի վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
20. Հիշյալ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ անձն արդեն իրացրել է օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իր իրավունքը: Այլ խոսքով՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ անձն արդեն հնարավորություն ունեցել է ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար, բացակայում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ անձի դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը:
21. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Էդգար Համբարձումի Շաբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Էդգար Համբարձումի Շաբոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 12-ի որոշումը բեկանել, Էդգար Համբարձումի Շաբոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճել:
2. Էդգար Համբարձումի Շաբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:
3. Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված քարերը՝ ոչնչացնել։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 94-96։
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 96-104։
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 74։
4 Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը:
5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Մխիթար Էլոյանի և այլոց վերաբերյալ թիվ ԵԿԴ/0211/01/10 գործով 2011 թվականի հուլիսի 13-ի որոշման 14-րդ կետը։
6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ թիվ ԳԴ5/0022/01/10 գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ թիվ ԵՇԴ/0055/01/11 գործով 2014 թվականի մարտի 28-ի որոշումը, Հրանտ Մազմանյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0121/11/14 գործով 2015 թվականի մարտի 27-ի որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի վերաբերյալ թիվ ԱՎԴ2/0016/01/14 գործով 2017 թվականի ապրիլի 12-ի որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0180/01/15 գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի որոշումը։
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ գործով վերը հիշատակված որոշման 25-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 2-4-րդ կետերը։
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Ս. Ա
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|