ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0060/01/19 | ||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
|
Ս. Օհանյանի |
8 ապրիլի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Ստեփան Մարատի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հունիսի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի և տուժողի ներկայացուցիչ Մ.Մարուքյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է թիվ 61205617 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Նշված գործով «Պուլհամ Հոլդինգս» ՍՊ ընկերությունը ճանաչվել է տուժող:
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ Ստեփան Մարատի Մարտիրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ նույն օրվա որոշմամբ Ս.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
2017 թվականի հոկտեմբերի 25-ին Ս.Մարտիրոսյանը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնությունում և ձերբակալվել:
2018 թվականի սեպտեմբերի 6-ին Ս.Մարտիրոսյանը «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, և հաջորդ օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ Ս.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ, իսկ նույն թվականի նոյեմբերի 2-ի և դեկտեմբերի 28-ի որոշումներով երկարացվել է` յուրաքանչյուր անգամ երկու ամիս ժամկետով:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունվարի 31-ի որոշմամբ Ս.Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ մեղադրյալ Ս.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով, և գրավի չափ է սահմանվել 25.000.000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամը:
2019 թվականի փետրվարի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մարտի 28-ի որոշմամբ տուժողի ներկայացուցիչների միջնորդությունը բավարարվել է, և Ս.Մարտիրոսյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավը վերացվել է։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 6-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մարտի 28-ի որոշումը բեկանվել է, և Ս.Մարտիրոսյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառված 25.000.000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամի չափով գրավը թողնվել է անփոփոխ։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունվարի 14-ի դատավճռով Ս.Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Նշանակված պատժին հաշվակցվել է արգելանքի տակ գտնվելու 1 (մեկ) տարի 4 (չորս) ամիս 28 (քսանութ) օրը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 7 (յոթ) ամիս 2 (երկու) օր ժամկետով: Ս.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացվել է, և նա կալանքի է վերցվել դատական նիստերի դահլիճից՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2020 թվականի հունվարի 14-ից:
Նույն դատավճռով քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն, և վճռվել է Ս.Մարտիրոսյանից հօգուտ «Պուլհամ հոլդինգս» ՍՊ ընկերության բռնագանձել 20.203.565.650 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում:
3. Պաշտպան Կ.Բատիկյանի և ամբաստանյալ Ս.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հունիսի 8-ի որոշմամբ պաշտպանի բողոքը մերժել է, իսկ ամբաստանյալի բողոքը՝ բավարարել, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունվարի 14-ի դատավճիռը` պատժի մասով բեկանել և փոփոխել է՝ Ս.Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով պատիժ նշանակելով ազատազրկում՝ 6 (վեց) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ի օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, և ամբաստանյալն ազատվել է նշանակված պատժից: Ս.Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նա ազատվել է արգելանքից՝ դատական նիստի դահլիճում:
Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
Վերաքննիչ դատարանի դատավոր Լ.Աբգարյանը հայտնել է հատուկ կարծիք` գտնելով, որ ամբաստանյալ Ս.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հունվարի 14-ի դատավճիռը թողնել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել պաշտպան Կ.Բատիկյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը և տուժողի ներկայացուցիչ Մ.Մարուքյանը։ Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 1-ի որոշումներով Կ.Բատիկյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, իսկ տուժողի ներկայացուցիչ Մ.Մարուքյանի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի մարտի 15-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
2022 թվականի փետրվարի 15-ին պաշտպան Կ.Բատիկյանը Վճռաբեկ դատարան է ներկայացրել ամբաստանյալ Ս.Մարտիրոսյանի և նրա որդիների առողջության վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:
Դատավարության մասնակիցների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.4-րդ հոդվածով սահմանված ժամկետում վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Ստեփան Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «[Ն]ա 2010-2015 թվականների ընթացքում, «Pulham Holdings Ltd.» ընկերությունից՝ այդ ընկերության սեփականատիրոջ վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով կատարել է ընկերությանը պատկանող գույքի առանձնապես խոշոր՝ 20.203.565.650 ՀՀ դրամին համարժեք 49.045.000 ԱՄՆ դոլար գումարի չափերով հափշտակություն:
Այսպես.
Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում մշտապես բնակվող Ստեփան Մարատի Մարտիրոսյանը, դեռևս 1990-ական թվականներին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում ծանոթացել է ազգությամբ հայ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, գործարար Վիտալի Սարգսի Գրիգորյանցի հետ: Ծանոթությունից հետո նրանց միջև շարունակվել է շփումը, որը ժամանակի ընթացքում վերածվել է գործարար հարաբերությունների: Ստեփան Մարտիրոսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործունեություն ծավալող, Վիտալի Գրիգորյանցին պատկանող ընկերության տնօրեն: Տարիների ընթացքում Վիտալի Գրիգորյանցի մոտ Ստեփան Մարտիրոսյանի հանդեպ ձևավորվել է վստահություն:
Այդ հանգամանքից օգտվելով, Ստեփան Մարտիրոսյանը մտադրվել է Վիտալի Գրիգորյանցից խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: Իր հանցավոր մտադրության իրագործման նպատակով, Ստեփան Մարտիրոսյանը 2010 թվականի սկզբին Վիտալի Գրիգորյանցին առաջարկել է ներդրումներ կատարել ֆիլմերի արտադրության մեջ, վստահեցնելով, որ նման ներդրումների դիմաց հնարավոր է ստանալ մեծ եկամուտներ, շեշտադրելով յուրաքանչյուր ֆիլմից տարեկան առնվազն 20 և ավելի տոկոսների եկամուտ ստանալու հնարավորության մասին, այդ կերպ շահագրգռելով Վիտալի Գրիգորյանցին ներդրումներ կատարելու հարցում: Հասկանալով, որ իր առաջարկությունը Վիտալի Գրիգորյանցի մոտ հետաքրքրություն է առաջացրել, ձեռնամուխ է եղել իր հանցավոր մտադրության իրագործմանը: Ստեփան Մարտիրոսյանը Վիտալի Գրիգորյանցին ներկայացրել է «Envision Entertainment» ընկերությունը և հորդորել այդ ընկերության միջոցով մուտք գործել ֆիլմարտադրության շուկա, պատճառաբանելով, որ տվյալ ոլորտում նրանք չունեն համապատասխան կապեր, գործարար համբավ, իսկ իր կողմից առաջարկվող ընկերությունը երկար տարիներ ֆիլմարտադրության ոլորտում է, մասնագիտացված ընկերություն է, ուստի ավելի նպատակահարմար է ներդրումները կատարել այդ ընկերության միջոցով, մինչդեռ նրա այդ պնդումն ու հավաստիացումը, թե «Envision Entertainment» ընկերությունը նախկինում զբաղվել է ֆիլմարտադրությամբ, խաբեություն է եղել, քանի որ տվյալ ընկերությունը հիմնադրվել և գործունեություն է ծավալել 2010 թվականից: Բացի այդ, Ստեփան Մարտիրոսյանը, խեղաթյուրելով իրականությունը, հայտնել է, թե իբրև այդ ընկերության հիմնադիր-տնօրենն իր ընկեր Ջեֆֆ (Ջեֆֆրի) Հովարդն է, թաքցնելով այն փաստը, որ իրականում ինքն է հանդիսանում «Envision Entertainment» ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը և ընկերության տնօրենը, իսկ Ջեֆֆ (Ջեֆֆրի) Հովարդ տվյալներով անձ գոյություն չունի:
Վիտալի Գրիգորյանցը, վստահելով Ստեփան Մարտիրոսյանին, տվել է իր համաձայնությունը ֆիլմերի արտադրությունում ներդրումներ կատարելու վերաբերյալ: Պայմանավորվածություն են ձեռք բերել, որ ֆիլմերում ներդրում կատարելուց և ֆիլմերի եկամուտների նկատմամբ իրավունքներ ձեռք բերելուց հետո, դրանք պետք է վաճառվեն դեռևս ֆիլմի ձևավորման փուլում՝ նախքան նկարահանումները սկսելը, այսինքն այն ժամանակ, երբ ձևավորված լինի ֆիլմի բյուջեն, դերասանական կազմը: Միաժամանակ, Վիտալի Գրիգորյանցը Ստեփան Մարտիրոսյանին է վստահել ֆիլմերի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու, ապա նաև դրանք վաճառելու կամ այլ ֆիլմերի նկատմամբ իրավունքների հետ փոխանակելու հարցում ֆիլմերի արտադրությամբ, վաճառքով և ձեռք բերմամբ զբաղվող ընկերությունների հետ բանակցությունների վարումը, կազմակերպչական աշխատանքների իրականացումը:
Ստեփան Մարտիրոսյանի առաջարկած ֆիլմերի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու համար Վիտալի Գրիգորյանցը ներդրումները կատարել է իրեն պատկանող «Pulham Holdings Ltd.» ընկերության միջոցով: Այդ նպատակով 2010-2013 թվականների ընթացքում թվով 14 ֆիլմերի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու համար «Pulham Holdings Ltd.» ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունում առկա հաշվեհամարից, իսկ ֆիլմերից մեկում ներդրման դեպքով նաև Վիտալի Գրիգորյանցին պատկանող «Martens Services» և «Waikoloa Mauka» ընկերությունների հաշվի համարներից ընդհանուրը 39.338.373.132 ՀՀ դրամին համարժեք 98.019.905 ԱՄՆ դոլար գումար է փոխանցվել Ստեփան Մարտիրոսյանին պատկանող «Envision Entertainment» ընկերության հաշվի համարին, որից 370.180.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը նախատեսված է եղել առաջին 10 ֆիլմերով՝ 1 ֆիլմի համար 100.000 ԱՄՆ դոլար որպես միջնորդավճար «Envision Entertainment» ընկերությանը վճարելու համար:
Տուժողի կամքի վրա ներազդելով և պարբերաբար ստանալով հիշյալ գումարները, Ստեփան Մարտիրոսյանը, իրականացրել է խարդախության եղանակով ուրիշի գույքին տիրանալու իր հանցավոր մտադրությունը՝ ֆիլմերում ներդրել է փոխանցված գումարների մի մասը՝ 47.974.905 ԱՄՆ դոլար գումարը, իսկ մնացած, առանձնապես խոշոր չափի՝ 20.203.565.650 ՀՀ դրամին համարժեք 49.045.000 ԱՄՆ դոլար գումարը խաբեությամբ հափշտակել է, օգտագործելով խաբեության տարբեր մեխանիզմներ:
Մասնավորապես՝ մի դեպքում խաբեությունը կայացել է նրանում, որ որոշ ֆիլմերի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու դեպքում Ստեփան Մարտիրոսյանը ներդրողին հաղորդել է ֆիլմերի նկատմամբ իրավունքի ձեռք բերման արժեքի մասին իրականությանը չհամապատասխանող՝ իրական արժեքը գերազանցող տվյալներ և ստանալով այդ ֆիլմերում ներդրման նպատակով իր ղեկավարած ընկերությանը փոխանցված գումարները, իրավունքների ձեռք բերման իրական արժեքի խեղաթյուրմամբ (ներդրման իրական արժեքից ավել նշելով) կազմված, իբրև Ջեֆֆրի Հովարդի կողմից ստորագրված պայմանագրեր է տրամադրել «Pulham Holdings Ltd.» ընկերությանն այն մասին, որ իբրև յուրաքանչյուր ֆիլմի համար կատարված վճարման դիմաց «Envision Entertainment» ընկերությունը փոխանցված գումարի չափով պրոդյուսերական ընկերությունից ձեռք է բերել, ապա «Pulham Holdings Ltd.» ընկերությանն է փոխանցել այդ ֆիլմերի նկատմամբ իրավունքները, այնինչ իրականում ներդրման նպատակով փոխանցված գումարների մի մասն է միայն ներդրել ֆիլմերում, իսկ մյուս մասը՝ խաբեությամբ հափշտակել է: Մասնավորապես, «End Of Watch», «I, Alex Cross», «Broken City», «Two Guns», «Lone Survivor» վերնագրերով ֆիլմերում ներդրում կատարելու համար «Pulham Holdings Ltd.» ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունում առկա հաշվեհամարից «Envision Entertainment» ընկերությանն է փոխանցվել ընդհանուրը 40.690.000 ԱՄՆ դոլար, որից նշված ֆիլմերում ներդրվել է 23.975.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած՝ 6.626.906.850 ՀՀ դրամին համարժեք 16.715.000 ԱՄՆ դոլար գումարը Ստեփան Մարտիրոսյանը խաբեությամբ հափշտակել [է]:
Մեկ այլ դեպքում՝ «Sin City 2», «Captive», «Pierre Pierre» վերնագրերով ֆիլմերում ներդրման համար «Pulham Holdings Ltd.» ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունում առկա հաշվեհամարից «Envision Entertainment» ընկերությանն է փոխանցվել ընդհանուրը 26.330.000 ԱՄՆ դոլար գումար, որոնք ստանալով, Ստեփան Մարտիրոսյանն այդ գումարները պրոդյուսերական ընկերություններին չի փոխանցել, սակայն, ներդրողին տրամադրել է ներդրման փաստը և ներդրման գումարները պրոդյուսերական ընկերությունների հաշվի համարներին փոխանցված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր, այդ կերպ խաբեությամբ հափշտակելով «Pulham Holdings Ltd.» ընկերությանը պատկանող ընդհանուրը 10.715.478.800 ՀՀ դրամին համարժեք 26.330.000 ԱՄՆ դոլար գումարը:
Ներդրողից խաբեությամբ հիշյալ գումարները հափշտակելու իր հանցավոր մտադրության բարեհաջող իրագործման հանգամանքը գիտակցելով, օգտագործելով ֆիլմարտադրության ոլորտում ներդրողի մոտ առաջացած հետաքրքրվածության գործոնը, Ստեփան Մարտիրոսյանը Վիտալի Գրիգորյանցին առաջարկել է ֆիլմերի համար հատուկ էֆեկտներ ստեղծելու նպատակով Մալայզիայում հիմնադրել «Base Animation Malasia» անվանումով ընկերություն, ներկայացնելով, որ նման ընկերությունն ապահովելու է մեծ եկամուտներ, քանի որ Մալայզիայում ֆիլմերի արտադրությունն առավել արդյունավետ է, էժան, առկա են շահեկան հարկային պայմաններ: Ստեփան Մարտիրոսյանը վստահեցրել է, թե իբր Չինաստանում գործող հանրահայտ «Base FX» ընկերությունն օգնելու է իրենց ստեղծվող ընկերության կազմակերպչական աշխատանքներում, ապահովելու է աշխատուժ: Նախատեսված է եղել, որ «Pulham Holding» ընկերությունը հիմնադրվող ընկերությունում ներդնելու է 6.000.000 ԱՄՆ դոլար:
Քանի որ Մալայզիայում ընկերության հիմնադրումը տարբեր պատճառներով ձգձգվել է, Ստեփան Մարտիրոսյանն առաջարկել է ընկերությունը հիմնադրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: 2015 թվականի հունվարի 25-ին ԱՄՆ-ում հիմնադրվել է «Base Animation Malasia Inc.» անվանումով ընկերությունը: Ստեփան Մարտիրոսյանը ձեռք է բերել ընկերության բաժնեմասերը և նշանակվել ընկերության տնօրեն: «Pulham Holdings Ltd.» ընկերությունից` Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունում «Pulham Holdings Ltd.» ընկերության հաշվի համարին առկա դրամական միջոցներից, 2015 թվականի փետրվարի 2-ին, հոկտեմբերի 15-ին, նոյեմբերի 4-ին և նոյեմբերի 11-ին ընդհանուրը 2.861.180.000 ՀՀ դրամին համարժեք 6.000.000 ԱՄՆ դոլար գումար է փոխանցվել «Base Animation Malasia Inc.» ընկերությանը՝ Մալայզիայում հիմնադրվող «Բեյս Անիմեյշն Մալայզիա ՍԴՀ.ԲՀԴ.» ընկերությունում որպես կապիտալ ներդնելու համար: Ստանալով հիշյալ գումարը, Ստեփան Մարտիրոսյանը խեղաթյուրելով իրականությունը, «Pulham Holdings Ltd.» ընկերության սեփականատիրոջը և ներկայացուցիչներին հայտնել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև Մալայզիայում հիմնադրվել է նախատեսված ընկերությունը, հայտնել է ընկերության՝ Մալայզիայում գրանցման համարներ, որոնք իրականում գոյություն չեն ունեցել, տվել ընկերության գրանցման վկայագիր, իսկ «Pulham Holdings Ltd.» ընկերության կողմից փոխանցված 6.000.000 ԱՄՆ դոլար գումարը խաբեությամբ հափշտակել է:
Տուժողին պատկանող ֆինանսական միջոցներն իրենը դարձնելու վերը նկարագրված գործընթացում, յուրաքանչյուր դեպքում տուժողի մոտ ավելի մեծ գումարի ներդրման ցանկություն առաջացնելու, ինչպես նաև իր հանցավոր մտադրությունն անխափան իրագործելու նպատակով, Ստեփան Մարտիրոսյանը, «Pulham Holdings Ltd.» ընկերության կողմից յուրաքանչյուր դեպքով ֆիլմերի նկատմամբ ունեցած իրավունքներն իբր թե հետագայում վաճառելու փուլում, ընկերության ներկայացուցիչներին տրամադրել է իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր առ այն, որ ֆիլմերի նկատմամբ «Pulham Holdings Ltd.» ընկերության ունեցած իրավունքները վաճառվել են ավելի մեծ արժեքով, քան դրանց ձեռքբերման արժեքն է: Բացի այդ, Ստեփան Մարտիրոսյանը որոշ ֆիլմերի իրավունքների ձեռք բերման դեպքում ներկայացրել է, թե իբրև ձեռքբերման գումարի մի մասը վճարվել է նախորդ ֆիլմերի իրավունքների վաճառքից գոյացած եկամուտներից, այնինչ, իրականում, ձեռք բերված մի շարք ֆիլմերի նկատմամբ իրավունքներն ի սկզբանե պատկանել են «Envision Entertainment» ընկերությանը, դրանք որևէ այլ ընկերության չեն վաճառվել, «Pulham Holdings Ltd.» ընկերությանը չեն փոխանցվել, ավելին, Ստեփան Մարտիրոսյանն առանց «Pulham Holdings Ltd.» ընկերության գիտության և թույլտվության, «Envision Entertainment» ընկերության անվամբ որոշ ֆիլմեր հանձնել է կինովարձույթի, ստացել եկամուտներ և միայն 2017 թվականին, երբ բացահայտվել է խաբեության փաստը, իսկ ֆիլմերը որևէ եկամուտ չեն ապահովել, Ստեփան Մարտիրոսյանը ֆիլմերի նկատմամբ իր ընկերության ունեցած իրավունքները փոխանցել է «Pulham Holdings Ltd.» ընկերությանը:
Ֆիլմերում ներդրումներ կատարելու, ինչպես նաև հատուկ էֆեկտների արտադրման համար ընկերություն հիմնադրելու կեղծ նպատակով «Pulham Holdings Ltd.» ընկերությունից հափշտակված գումարները Ստեփան Մարտիրոսյանը տնօրինել է սեփական հայեցողությամբ, մասնավորապես՝ փոխանցված գումարները խաբեությամբ հափշտակելով, նա շուրջ 10.000.000 ԱՄՆ դոլար է փոխանցել իր, քրոջ անձնական հաշվի համարներին, խաղատներում իր ունեցած հաշվի համարներին և այլն: Բացի այդ, փաստացի «Pulham Holdings Ltd.» ընկերությանը պատկանող (այդ ընկերության միջոցներով ձեռք բերված) ֆիլմերի նկատմամբ իրավունքները սեփական հայեցողությամբ օգտագործել է ի շահ իրեն պատկանող «Envision Entertainment» ընկերության, մասնավորապես՝ 2013 թվականի մարտի 29-ին կնքված պայմանագրով «Envision Entertainment» ընկերության անվամբ «Row 1» ընկերությունից ստացել է 1.500.000 ԱՄՆ դոլարի կարճաժամկետ միջանկյալ փոխառություն, ինչի կապակցությամբ ընկերության պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով «Row 1» ընկերությանն է տրամադրել 9 ֆիլմերի նկատմամբ «Envision Entertainment» ընկերության ունեցած իրավունքների և տոկոսների նկատմամբ գրավի իրավունքը, իսկ մեկ այլ դեպքում, գործարար Դմիտրի Դոյխենի հանդեպ ունեցած 7.695.000 ԱՄՆ դոլարի գումարային պարտավորությունների մի մասը փորձել է փոխհատուցել «Pulham Holdings Ltd.» ընկերության կողմից փոխանցված գումարներով ֆիլմերում ձեռք բերված իրավունքներով, ներկայացնելով, որ այդ իրավունքները պատկանում են իրեն պատկանող «Envision Entertainment» ընկերությանը: Այսինքն, տվյալ դեպքերում արդեն, ֆիլմերի նկատմամբ իրավունքները ներկայացրել է որպես իր սեփականություն, այնինչ, դրանք և դրանցից ակնկալվող եկամուտները պետք է հանդիսանային «Pulham Holdings Ltd.» ընկերության սեփականությունը, քանի որ ըստ պայմանավորվածության և պայմանագրի կետերի յուրաքանչյուր ֆիլմի ձեռք բերման դիմաց «Envision Entertainment» ընկերությանը հասանելի 100.000 ԱՄՆ դոլար միջնորդավճարից բացի, այդ ընկերությունը որևէ այլ շահաբաժին, որպես սեփականություն չպետք է ունենար:
Երբ մի քանի ֆիլմերում ներդրումներ կատարելուց հետո, Վիտալի Գրիգորյանցը պահանջել է Ստեփան Մարտիրոսյանից իրեն հանձնել վաճառված ֆիլմերի արդյունքում գոյացած եկամուտները, որը, ըստ հաշվարկների կազմել է շուրջ 56.000.000 ԱՄՆ դոլար, «Pulham Holdings Ltd.» ընկերության կողմից ֆիլմերի նկատմամբ իրավունքների ձեռք բերման համար «Envision Entertainment» ընկերությանը փոխանցված գումարների մի մասն իր կողմից խաբեությամբ հափշտակած լինելու հանգամանքը թաքցնելու և չբացահայտվելու նպատակով, Ստեփան Մարտիրոսյանն առաջարկել է ստացված այդ եկամուտը ներդնել «Hasbro» նախագծում («Hasbro» ընկերության կողմից 10 ֆիլմերի արտադրության նախագիծ) վստահեցնելով, որ ներդրումների դիմաց հնարավոր է ստանալ միլիարդավոր դոլարների եկամուտ: Ստեփան Մարտիրոսյանն ուղարկել է «Hasbro» նախագծում գումար ներդնելու պայմանագրի նախագիծ, որում կեղծ տեղեկություններ են ներառված եղել, թե նախորդ ֆիլմերից ինչ շահույթ է իբր ստացվել և, որ այդ գումարներն ուղղվելու են «Hasbro» նախագծում «Pulham Holdings Ltd.» ընկերության կողմից ներդրումներ կատարելուն: 2014 թվականի օգոստոսի 15-ին կնքված վերջնական պայմանագրում, գումարի հափշտակման փաստը թաքցնելու նպատակով, նշվել է, որ «Pulham Holdings Ltd.» ընկերության կողմից իբրև ներդրված 50 միլիոն ԱՄՆ դոլարը Արաբական Միացյալ Էմիրություններում՝ «NAS Partners» անվանումով միջնորդական ընկերության հաշվի համարին, այնինչ, իրականում «Envision Entertainment» ընկերությունը «Hasbro» ընկերության կողմից պատրաստված և սեփականության իրավունքով այդ ընկերությանը պատկանող մտավոր սեփականության առարկա հանդիսացող 10 առանձին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերը ֆինանսավորելու համար ինչպես իր, այնպես էլ «Pulham Holdings Ltd.» ընկերության կողմից 2018 թվականի հունվարի 4-ի դրությամբ որևէ գումար չի փոխանցել Դուբայում գործող «ՆԱՍ Փարթներս ընդ Ասսոշիեյթս» ընկերության հաշվի համարին»1:
6. Առաջին ատյանի դատարանը, իր 2020 թվականի հունվարի 14-ի դատավճռով անդրադառնալով Ս.Մարտիրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին, արձանագրել է հետևյալը. «(...) [Ա]մբաստանյալ Ս.Մարտիրոսյանին պատիժ նշանակելիս Դատարանը հաշվի է առնում ինչպես կատարված հանցագործությունների բնույթը, հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա անձը:
Դատարանն ամբաստանյալ Ս.Մարտիրոսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում հանցագործություն կատարելու պահին խնամքին 3 անչափահաս երեխաների գտնվելը:
Դատարանն ամբաստանյալ Ս.Մարտիրոսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում:
Հաշվի առնելով Ս.Մարտիրոսյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, Դատարանը գտնում է, որ նրան ուղղելու, նոր հանցագործությունները կանխելու և սոցիալական արդարությունը վերականգնելու համար նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի:
Միաժամանակ Դատարանը նպատակահարմար չի գտնում նրան մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գույքի բռնագրավում լրացուցիչ պատժի նշանակումը (...)»2։
7. Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(...) [Հ]աշվի առնելով Ս.Մարտիրոսյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, ինչպես նաև մեղմացնող հանգամանքների առկայությունը՝ հանցանքը կատարելու պահին 3 անչափահաս երեխաների առկայությունը (...), որոնցից երկուսը մինչև 14 տարեկան, նախկինում դատված չլինելը, ամբաստանյալի տարիքը՝ վերջինը ներկա պահին 62 տարեկան է, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալին 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելով՝ նշանակել է անձին և վերջինի արարքին անհամաչափ խիստ պատիժ:
Վերոգրյալից բացի, Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ս.Մարտիրոսյանը (...) ընդհանուրը՝ 2 (երկու) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր գտնվել է նախնական կալանքի տակ:
Վերոգրյալի հաշվառմամբ, առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի դրույթներով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ս. Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատժաչափը պետք է մեղմացվի և նշանակվի պատիժ՝ ազատազրկում 6 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման, ինչը Վերաքննիչ դատարանի համոզմամբ բավարար է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրացվելիությունն ապահովելու համար (...)»3։
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել դատական սխալ, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-63-րդ հոդվածների նորմերը, պատշաճ չի գնահատել գործի հանգամանքներն իրենց համակցության մեջ, հաշվի չի առել կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ մի շարք որոշումներով հայտնած դիրքորոշումներին:
Բողոքի հեղինակը հատկանշական է համարել, որ Ս.Մարտիրոսյանի կողմից հանցավոր արարքները կատարվել են տևական ժամանակ, կրել են շարունակական բնույթ, կատարված հափշտակության չափն իր բնույթով բացառիկ է իրավակիրառ պրակտիկայում, իսկ վերջինս հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու ուղղությամբ որևէ գործողության ձեռնամուխ չի եղել:
Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը փաստել է, որ նշանակված պատժաչափը մեղմացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված չեն, Վերաքննիչ դատարանը ծանրակշիռ փաստարկներ չի ներկայացրել, թե ինչու է Ս.Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված յոթ տարի ժամկետով ազատազրկումն անարդար և ակնհայտ խիստ, իսկ վերջինիս խնամքին մինչև 14 տարեկան երեխաների առկայությունը չի հակակշռում նրա նկատմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատժին, չի նվազեցնում նրա և նրա կատարած հանցանքի հանրային վտանգավորությունը։
Անդրադառնալով Ս.Մարտիրոսյանի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներին՝ բողոքաբերը փաստել է, որ դրանք արդեն իսկ հաշվի են առնվել Առաջին ատյանի դատարանի կողմից, որի արդյունքում էլ վերջինիս նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ:
8.1. Վերոշարադրյալի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը խնդրել է մասնակիորեն՝ նշանակված պատժի մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 8-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2020 հունվարի 14-ի դատավճռին:
9. Տուժող` «Պուլհամ Հոլդինգս» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Մ.Մարուքյանը, ներկայացրած բողոքում վերլուծելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, փաստել է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելով և համաներմամբ վերջինիս պատժից ազատելով թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ սույն գործում առկա չեն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժաչափը մեղմացնելու իրավաչափ հիմքեր, բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել Ս.Մարտիրոսյանի անձի և նրա կատարած հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին վկայող մի շարք հանգամանքներ:
9.1. Վերոշարադրյալի հիման վրա, տուժողի ներկայացուցիչ Մ.Մարուքյանը խնդրել է մասնակիորեն՝ նշանակված պատժի մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 8-ի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի՝ 2020 հունվարի 14-ի դատավճիռը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Ս.Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատժաչափը փոփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։
11. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»։
Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»։
Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները։
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով (...)»։
Մեջբերված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ։ Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են։ Հետևաբար, կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի4, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա` ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից5։
11.1. Միևնույն ժամանակ անդրադառնալով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում պատիժ նշանակելու առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանն իր որոշումներում մշտապես ընդգծել է, որ հափշտակությունների և սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունների դեպքում պատճառված նյութական վնասը հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող կարևոր գործոն է, ինչը դատարանի կողմից պատիժ նշանակելու գործընթացում պետք է պատշաճ գնահատականի արժանանա: Մասնավորապես, որքան մեծ է հանցագործությամբ պատճառված վնասի չափը, այնքան բարձր է արարքի հանրային վտանգավորության աստիճանը, և վերջինիս նվազման տեսանկյունից էական նշանակություն ունի հանցագործությամբ պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնված լինելու հանգամանքը: Ուստի քննարկվող հանցագործություններով պատիժ նշանակելիս դատարանը պետք է, ի թիվս այլ հանգամանքների, գնահատման ենթարկի հանցագործությամբ պատճառված վնասը, դրա չափը, ինչպես նաև՝ որքանով է այն մոտ կոնկրետ հանցակազմի հասարակ կամ որակյալ տեսակի առավելագույն կամ նվազագույն չափին, վնասը վերականգնված լինելու կամ չլինելու կամ մասնակի վերականգնված լինելու հանգամանքները և այլն6:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, վերաքննիչ դատարանը մեղմացնում կամ խստացնում է պատիժը` ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով»։
12.1. Վերոգրյալ նորմը մեկնաբանելով սույն որոշման 11-րդ կետում մեջբերված քրեաիրավական նորմերի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը Նարեկ Սարգսյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «[Վ]երաքննիչ դատարանն իրավասու է պատժի մասով փոփոխել առաջին ատյանի դատարանի դատական ակտը հետևյալ դեպքերում.
1) առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս չեն պահպանվել պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները,
2) առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս հաշվի չեն առնվել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,
3) առաջին ատյանի դատարանի կողմից վերոնշյալ հանգամանք(ներ)ը հաշվի չառնելը հանգեցրել է անհամաչափ և պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման։
(...) [Ա]ռաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս վերոնշյալ պահանջների չպահպանման վերաբերյալ վերաքննիչ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված։ Այլ կերպ ասած՝ պատիժն ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու հիմքով առաջին ատյանի դատարանի դատական ակտը փոփոխելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե պատժի նշանակման հատկապես որ սկզբունքը կամ սկզբունքները չեն պահպանվել, հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող որ հանգամանքները հաշվի չեն առնվել և արդյոք այդ հանգամանքները հաշվի չառնելն է հանգեցրել անհամաչափ և պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման։ Այսինքն` եթե վերաքննիչ դատարանը, գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, պետք է պատճառաբանի, թե ինչում է արտահայտվել պատժի խստության կամ մեղմության ակնհայտությունը»7։
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-2015 թվականների ընթացքում «Pulham Holdings Ltd.» ընկերությունից՝ այդ ընկերության սեփականատիրոջ վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով կատարել է ընկերությանը պատկանող գույքի առանձնապես խոշոր՝ 20.203.565.650 ՀՀ դրամին համարժեք 49.045.000 ԱՄՆ դոլար գումարի չափով հափշտակություն9:
Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Ս.Մարտիրոսյանի կատարած հանցագործության բնույթը, հանրության համար վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքի՝ հանցագործությունը կատարելու պահին խնամքին 3 անչափահաս երեխաների գտնվելը, որոշել է Ս.Մարտիրոսյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ յոթ տարի ժամկետով9:
Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակել է անձին և վերջինիս արարքին անհամաչափ խիստ պատիժ։ Վերաքննիչ դատարանը նման հետևության է հանգել՝ հաշվի առնելով Ս.Մարտիրոսյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, մեղմացնող հանգամանքները՝ հանցանքը կատարելու պահին 3 անչափահաս երեխաների առկայությունը, որոնցից երկուսը մինչև 14 տարեկան, ամբաստանյալի նախկինում դատված չլինելը, տարիքը՝ վերջինը ներկա պահին 62 տարեկան է, ծանրացնող հանգամանքների բացակայությունը։ Վերաքննիչ դատարանն իր հետևությունը հիմնավորել է նաև նրանով, որ Ս.Մարտիրոսյանը 2 (երկու) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր գտնվել է նախնական կալանքի տակ10:
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները դիտարկելով սույն որոշման 11-12.1-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով ստորադաս դատարանի դատական ակտը, թույլ է տվել դատական սխալ։
Այսպես, Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժն անարդարացի է` խիստ լինելու պատճառով, չի պատճառաբանել և կոնկրետ փաստական հանգամանքների մատնանշմամբ չի հիմնավորել, թե ինչում է արտահայտվել դրա խստության ակնհայտությունը։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ս.Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելիս պատշաճ գնահատման չի ենթարկել կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, մասնավորապես այն, որ Ս.Մարտիրոսյանի կողմից հանցավոր արարքները կատարվել են տևական ժամանակահատվածում, կրել են շարունակական բնույթ, նրա կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման արդյունքում տուժողից հափշտակվել է 20.203.565.650 ՀՀ դրամին համարժեք 49.045.000 ԱՄՆ դոլար գումար, որը մի քանի հազար անգամ գերազանցում է հափշտակությունների համար նախատեսված առանձնապես խոշոր չափի նվազագույն շեմը11, ինչպես նաև այն, որ ամբաստանյալը հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել:
14.1. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող գնահատված՝ նախկինում դատապարտված չլինելու և 62 տարեկան լինելու հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք անձը բնութագրող հանգամանքներ են և սույն որոշմամբ արձանագրված` կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Ս.Մարտիրոսյանի կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժը մեղմացնելու համար։
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը ողջամտորեն նվազեցնող չի կարող գնահատվել այնպիսի հանգամանք, որը բնութագրական է անձանց լայն շրջանակին և բխում է անձի կողմից քաղաքացիական հասարակությունում հաստատված կարգը պահպանելու պարտականությունից: Մասնավորապես, իրավահպատակ վարքագիծը բնորոշ է հասարակության լայն շրջանակներին և յուրաքանչյուր քաղաքացու հասարակական պարտքն է: Հետևապես, անձի կողմից նախկինում հանցանք կատարած կամ դատապարտված չլինելը չի կարող դիտարկվել որպես անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք12:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից Ս.Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելու համար հիմք հանդիսացած հանգամանքներից հանցանքը կատարելու պահին 3 անչափահաս երեխաների առկայությանը և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությանը, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք արդեն իսկ հաշվի են առնվել Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս, իսկ Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին չի պատճառաբանել, թե ինչում է դրսևորվել դրանց գնահատման ոչ պատշաճ լինելը։
Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ս.Մարտիրոսյանի և նրա որդիների վերաբերյալ պաշտպան Կ.Բատիկյանի՝ 2022 թվականի փետրվարի 15-ին Վճռաբեկ դատարան ներկայացրած բժշկական փաստաթղթերին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք բավարար չեն Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու համար:
Ուստի, հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից ամբաստանյալ Ս.Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատժաչափը փոփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն։
15. Ամփոփելով` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման։ Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-399-րդ հոդվածներով նախատեսված՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, պահպանելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, հաշվի առնելով հանցավորի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, կատարված հանցագործության՝ հանրության վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ամբաստանյալի նկատմամբ նշանակել է համաչափ պատիժ։ Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 8-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունվարի 14-ի դատավճռին։
Նկատի ունենալով, որ Ս.Մարտիրոսյանը 2017 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2019 թվականի փետրվարի 14-ը, 2019 թվականի մարտի 28-ից մինչև 2019 թվականի մայիսի 6-ը և 2020 թվականի հունվարի 14-ից մինչև 2021 թվականի հունիսի 8-ը սույն գործով համապատասխանաբար 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս 20 (քսան) օր, 1 (մեկ) ամիս 8 (ութ) օր և 1 (մեկ) տարի 4 (չորս) ամիս 25 (քսանհինգ) օր գտնվել է կալանքի տակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված՝ 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկմանը ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ հաշվակցել նրա կալանքի տակ գտնվելու՝ 2 (երկու) տարի 9 (ինը) ամիս 23 (քսաներեք) օր ժամկետը և Ս.Մարտիրոսյանին թողնել կրելու 4 (չորս) տարի 2 (երկու) ամիս 7 (յոթ) օր ժամկետով ազատազրկում՝ առանց գույքի բռնագրավման՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան արգելանքի վերցնելու պահից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել։ Ամբաստանյալ Ստեփան Մարատի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հունիսի 8-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 14-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ամբաստանյալ Ստեփան Մարատի Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկմանը հաշվակցել անազատության մեջ գտնվելու՝ 2 (երկու) տարի 9 (ինը) ամիս 23 (քսաներեք) օր ժամկետը, և վերջնական թողնել կրելու 4 (չորս) տարի 2 (երկու) ամիս 7 (յոթ) օր ժամկետով ազատազրկում՝ առանց գույքի բռնագրավման: Պատժի կրման սկիզբը հաշվել Ստեփան Մարատի Մարտիրոսյանին արգելանքի վերցնելու օրվանից:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 16-րդ, թերթեր 203-210:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 27-րդ, թերթեր 151-200:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 30-րդ, թերթեր 1-133:
4 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
5 Պատիժ նշանակելիս դատարանի հայեցողության սահմանների վերաբերյալ, mutatis mutandis, տե՛ս Վճռաբեկ դատարանի` Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14 որոշումները:
6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ալեքսան Սարգսյանի գործով 2009 թվականի հունիսի 2-ի թիվ ՀՅՔՐԴ3/0109/01/08, Գրիգոր Պետրոսյանի գործով 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԿԴ/0126/01/10, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Սամվել Հովսեփյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԼԴ/0193/01/10 որոշումները:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 24-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 6-րդկետը:
10 Տե՛ս սույն որոշման 7-րդկետը:
11 Տե՛ս ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասը։
12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արամայիս Հովհաննեսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշման 20-րդ կետը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Ե. Դանիելյան Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|