ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0016/11/18 | ||||
Գործ թիվ ԵԴ/0016/11/18 |
|||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե. Դանիելյանի Ա. Պողոսյանի Ս. Օ քարտուղարությամբ` Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ մասնակցությամբ դատախազ` Հ. Պ
2022 թվականի մայիսի 25-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման դեմ դիմող Նախշուն Արամի Ենգիբարյանի ներկայացուցիչ Ա.Պապիկյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2016 թվականի փետրվարի 4-ին Նախշուն Ենգիբարյանը ՀՀ գլխավոր դատախազին դիմում է ներկայացրել այն մասին, որ իր որդուն՝ կալանքի տակ գտնվող Հրաչյա Գևորգյանին ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում (այսուհետ` նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ) թունավորել են:
2016 թվականի փետրվարի 26-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հետաքննիչ Հ.Սավդալյանը որոշում է կայացրել Ն.Ենգիբարյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Երևան քաղաքի դատախազ Ա.Դավթյանի՝ 2016 թվականի մարտի 22-ի որոշմամբ վերը նշված որոշումը վերացվել է, և ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 63202016 քրեական գործը:
1.1. 2017 թվականի ապրիլի 7-ին Արմավիրի մարզի դատախազությունում ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի (այսուհետ` նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ) դատապարտյալ Հ.Գևորգյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշերով հարուցվել է թիվ 57200117 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (այսուհետ` նաև Նախաքննության մարմին):
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունիսի 16-ի որոշմամբ վերոնշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է 57200117 համարով:
1.2. Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ թիվ 57200117 քրեական գործի նյութերով հարուցվել է նոր՝ թիվ 62239017 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նույն օրը թիվ 62239017 քրեական գործը միացվել է թիվ 57200117 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 57200117 համարով:
2. Նախաքննության մարմինը 2017 թվականի նոյեմբերի 30-ին որոշում է կայացրել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի աշխատակիցներ Սմբատ Բուլղադարյանի, Նոնա Օհանյանի և Արմեն Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով հանցագործության դեպքի բացակայության, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի աշխատակիցներ Ն.Օհանյանի, Ա.Ղուկասյանի, ինչպես նաև Հ.Գևորգյանի բուժումն իրականացրած բուժանձնակազմի և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բուժանձնակազմի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով, Հ.Գևորգյանի և Ն.Ենգիբարյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի մեկ այլ որոշմամբ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի պետ Լևոն Մարկոսյանի, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի բուժական գծով տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանի, նյարդաբան Արման Ավագյանի, հոգեբույժ Գաբրիել Ահարոնյանի, նարկոլոգ Սուրեն Նազինյանի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցների նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների պատասխանատու պաշտոնատար անձանց, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (այսուհետ` նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ), ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի և ՀՀ արդարադատության նախարարության բժշկական աշխատանքային հանձնաժողովի աշխատակիցների նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ և 308-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել:
Նախաքննության մարմնի նույն օրվա՝ մեկ այլ որոշմամբ թիվ 57200117 քրեական գործով վարույթը կասեցվել է` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:
Վերոհիշյալ որոշումների դեմ դիմող Ն.Ենգիբարյանի ներկայացուցիչներ Ն.Կարապետյանցի և Ա.Պապիկյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ մերժվել է:
3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հունիսի 14-ի որոշմամբ դիմող Ն.Ենգիբարյանի ներկայացուցիչներ Ն.Կարապետյանցի և Ա.Պապիկյանի բողոքը մերժվել է:
4. Դիմող Ն.Ենգիբարյանի ներկայացուցիչներ Ն.Կարապետյանցի և Ա.Պապիկյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 14-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել դիմող Ն.Ենգիբարյանի ներկայացուցիչ Ա.Պապիկյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. 2016 թվականի փետրվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Ն.Ենգիբարյանի դիմումի հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ 1964 թվականին ծնված Հրաչյա Գևորգյանը 2011 թվականի հոկտեմբերի 18-ից պատիժ է կրում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: 2014 թվականի ապրիլի 26-ին Հ.Գևորգյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և «Ուղիղ աղու արյունահոսող պոլիպ, օտար մարմին (մետաղյա) ստամոքսում» նախնական ախտորոշմամբ ընդունվել վիրաբուժական բաժանմունք: 2014 թվականի նոյեմբերի 14-ին Հ.Գևորգյանը վիրահատվել է, որից հետո՝ 2015 թվականի փետրվարի 3-ին, տեղափոխվել ինֆեկցիոն բաժանմունք` «Վիճակ թութքահատումից հետո, պորտային ճողվածք», «Քրոնիկական եղնջացան», «Ալերգիկ դերմատիտ» ախտորոշմամբ, որին համապատասխան ստացել է դեղորայքային բուժում: 2015 թվականի փետրվարի 16-ից Հ.Գևորգյանը զուգահեռաբար ընդգրկվել է նաև մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում: 2015 թվականի փետրվարի 25-ին Հ.Գևորգյանը բուժման նպատակով շտապ կարգով ուղարկվել է «էրեբունի» բժշկական կենտրոն։ Կատարված հետազոտությունների արդյունքում Հ.Գևորգյանի մոտ ախտորոշվել է «Երկկողմանի սուր բլթային թոքաբորբ», և նույն օրը վերջինս տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կետրոն, որտեղ էլ ախտորոշվել են «Սուր շնչական անբավարարություն II աստիճանի», «Երկկողմանի ստորբլթային թոքաբորբ», «Հեպատիտ C» հիվանդությունները: 2015 թվականի մարտի 12-ին հիվանդը բավարար վիճակում դուրս է գրվել «Արմենիա» բժշկական կետրոնից և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: 2015 թվականի ապրիլի 28-ին Հ.Գևորգյանը «Խրոնիկ բրոնխիտ», «Խրոնիկ հեպատիտ» ախտորոշումներով դուրս է գրվել և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ։
6.1. Հ.Գևորգյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Հ.Գևորգյանը 2017 թվականի մարտի 31-ին, «Ասենտո-նևրոտիկ սինդրոմ, էնցեֆալոպատիա, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում» նախնական ախտորոշմամբ նախ՝ տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, այնուհետև` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապօգնության և վերակենդանացման բաժանմունք, որտեղ վերջինիս մոտ ախտորոշել են` «Հեպատիտ C», «Լյարդ-բջջային անբավարարություն», «Հոգեկան և վարքային խանգարումներ` կապված նարկոմանիայի հետ» հիվանդությունները, խորհուրդ է տրվել նարկոլոգի ամբուլատոր հսկողություն: Մեկ օր անց` 2017 թվականի ապրիլի 1-ին, Հ.Գևորգյանը դուրս է գրվել և կրկին տեղափոխվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ էլ բժշկական կոնսիլիումը որոշել է, որ նա ստացիոնար բուժման կարիք չունի, այլ կարիք ունի դիսպանսեր հսկողության՝ պատժի կրման հիմնական վայրում, որպիսի հիմնավորմամբ նույն օրը դատապարտյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ, որտեղ էլ 2017 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, մահացել է:
7. Տուժող Հրաչյա Գևորգյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2011 թվականի հոկտեմբերի 18-ին ձերբակալվել է, որից հետո տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ, այնուհետև 2014 թվականի ապրիլի 26-ին առողջական վիճակը շատ է վատացել, տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և շուրջ 7-8 ամիս անց վիրահատվել։ Վիրահատությունից հետո իրեն շուրջ մեկ ամիս լավ է զգացել, վերջույթներում դող չի ունեցել, կարողացել է նորմալ խոսել և ինքնուրույն տեղաշարժվել։ Այնուհետև, տեղափոխվել է «ալերգիայի» բաժանմունք, որտեղ մեթադոն տեսակի դեղի հետ իրեն ներարկել են այլ հոգեմետ դեղեր, որոնցից իրեն վատ է զգացել։ Այդ մասին հայտնել է բժիշկներին, ովքեր պատասխանել են, որ ամեն ինչ նորմալ է, կանցնի։ 2015 թվականի փետրվարի 25-ին աոողջական վիճակը կտրուկ վատացել է և տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Քաղաքացիական հիվանդանոցում մի քանի օր «կոմայի» մեջ գտնվելուց հետո գիտակցության է եկել և դրանից հետո չի կարողացել ինքնուրույն ուտել, տեղաշարժվել և նորմալ խոսել։ 2015 թվականի մարտի 12-ին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, իսկ նույն թվականի ապրիլի 29-ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ իրեն բուժմաս տեղափոխելու փոխարեն 5 օր պահել են կարանտինում, որից հետո միայն տեղափոխել բուժմաս: Հայտնել է նաև, որ իր համոզմամբ՝ առողջական վիճակի կտրուկ վատացումը պայմանավորված է եղել մեթադոնի հետ բժիշկների կողմից տրված այլ դեղեր օգտագործելու հետ, որը կազմակերպել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի այդ ժամանակվա պետի տեղակալ Ս.Բուլղադարյանը1։
8. Վկա Նախշուն Ենգիբարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2015 թվականի փետրվարին տեղեկացել է, որ որդու առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան անգիտակից վիճակում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Միաժամանակ համոզմունք է հայտնել, որ որդու առողջական վիճակի կտրուկ վատացումը պայմանավորված է վերջինիս թունավորելու հետ, քանի որ Հ.Գևորգյանը կալանավորվելիս եղել է առողջ: Հայտնել է նաև, որ որդուն վերջին անգամ տեսել է 2015 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին դատարանում, երբ վերջինս արդեն գամված էր սայլակին և չէր կարողանում խոսել2։
9. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանն ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ 2015 թվականի փետրվար ամսից մինչև մայիս ամիսը աշխատել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում որպես պետի տեղակալ: Ինչ վերաբերում է Հ.Գևորգյանի հայտնած տեղեկություններին, ապա դրանք իրականությանը չեն համապատասխանում, նպատակ ունեն իրեն զրպարտելու: Դատապարտյալների միջև տարածված խոսակցությունների համաձայն, որը հասել է նաև իրեն, Հ.Գևորգյանի վիճակի վատթարացման պատճառը եղել է մեթադոնային բուժման մեջ գտնվելու ընթացքում ինչ-որ հոգեմետ դեղ օգտագործելը, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել գերդոզավորում, և վերջինս ընկել է կոմայի մեջ3:
10. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի` 2017 թվականի նոյեմբերի 6-ի գրության համաձայն` ազատազրկման ձևով պատիժ կրելու ընթացքում Հ.Գևորգյանին քրեակատարողական հիմնարկի որևէ աշխատակցի, դատապարտյալի կամ կալանավորի կողմից թունավորելու կամ այլ եղանակով նրա կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու, վերջինիս կողմից թմրամիջոց, հոգեմետ նյութեր կամ շրջանառությունից հանված այլ թմրամիջոցներ ձեռք բերելու կամ օգտագործելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով ձեռնարկված միջոցառումները դրական արդյունք չեն տվել4:
11. ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի պետ Լևոն Մարկոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականի մարտի 31-ին Հ.Գևորգյանը շտապ կարգով տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Նույն օրն իրեն է զանգահարել վերոնշյալ ՔԿՀ-ի պետի բժշկական գծով տեղակալ Ա.Բաղդասարյանը և հայտնել, որ Հրաչյայի վիճակը ծանր է, հիմնարկի բժիշկների եզրակացության համաձայն կարիք ունի ռեանիմացիոն միջոցառումների, այդ իսկ պատճառով հիվանդը տեղափոխվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ վերակենդանացման բաժանմունք: Հաջորդ օրն իրեն է զանգահարել Հ.Գևորգյանին ուղեկցող աշխատակիցը, հայտնել, որ հիվանդին դուրս են գրում և հարցրել, թե ուր տեղափոխեն նրան, ինքը պատասխանել է, որ տանեն ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Դրանից մոտ մեկ ժամ անց իրեն է զանգահարել Ա.Բաղդասարյանը և հայտնել, որ ըստ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից տրված էպիկրիզի՝ հիվանդը ստացիոնար բուժման կարիք չունի: Նույն օրը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժիշկների կոնսիլիումը նույնպես որոշում է կայացրել, որ Հ.Գևորգյանը ստացիոնար բուժման կարիք չունի, և վերջինս տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ, որտեղ ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Տեսնելով, որ Հ.Գևորգյանի առողջական վիճակը շարունակում է պրոգրեսիվորեն վատանալ՝ հիվանդին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու կարգադրագիր է պահանջել: 2017 թվականի ապրիլի 5-ին ստացվել է վերջինիս հոսպիտալացնելու թույլտվությունը, և նա այդ նպատակով խցից տեղափոխվել է հերթապահ մաս, որտեղ էլ վիճակը կտրուկ վատացել է և արձանագրվել կենսաբանական մահը:
Քննիչի այն հարցին, թե ճիշտ էր արդյո՞ք Հ.Գևորգյանին 2017 թվականի ապրիլի 1-ին կրկին «Արմավիր» ՔԿՀ ընդունելը, Լ.Մարկոսյանը պատասխանել է, որ ինքը գտել է և ներկայումս էլ այն կարծիքին է, որ Հ.Գևորգյանը կարիք ուներ մանրակրկիտ հետազոտության և դրա արդյունքում ռացիոնալ բուժման, որը հնարավոր էր կազմակերպել միայն ստացիոնար պայմաններում5:
11.1. Լ.Մարկոսյանը լրացուցիչ ցուցմունքով պատասխանելով քննիչի այն հարցին, թե ի՞նչ է եղել Հ.Գևորգյանի նախորդ բժշկական քարտի հետ և ինչու՞ է նրա համար կրկնօրինակ բժշկական քարտ բացվել, հայտնել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Հ.Գևորգյանի կողմից տրված հաղորդման առթիվ հարուցված մեկ այլ քրեական գործով այն առգրավվել է6:
12. ՀՀ արդարադատության նախարարության բժշկական աշխատանքային հանձնաժողովի նախագահ Կարո Առուստամյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հիմնարկներում գտնվող դատապարտված անձանց կողմից պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների քննարկումն իրականացվում է հետևյալ եղանակով. տվյալ հիմնարկի բժշկական սպասարկման բաժանմունքի պետը հիվանդության կասկածների վերաբերյալ հայտնում է ՀՀ ԱՆ ՔԿ վարչության բժշկական սպասարկման բաժանմունքի պետին, վերջինս այդ մասին տեղեկացնում է բժշկական աշխատանքային հանձնաժողովին: Հանձնաժողովն այցելում է հիվանդին, տեղում կատարում է զննում, իսկ անհրաժեշտության դեպքում ներգրավում այլ մասնագետներ կամ ուղեգրում է հիվանդին դուրս՝ լաբորատոր գործիքային հետազոտությունների: Հիվանդությունը հաստատվելու դեպքում հանձնաժողովի որոշմամբ դատապարտյալը ներկայացվում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստին, իսկ հերքման դեպքում՝ ոչ: Հ.Գևորգյանի վերաբերյալ հայտնել է, որ վերջինիս մոտ 2016 թվականի փետրվարի 22-ին նյարդաբանի զննման արդյունքում ախտորոշվել է պատժի կրմանը խոչընդոտող հիվանդություն՝ «Պարկինսոնի հիվանդություն, արտահայտված ակինետո-ռիգիդային համախտանիշով, դիզարթրիա՝ հենաշարժողական ֆունկցիայի խիստ խանգարումով», որից հետո՝ 2016 թվականի մարտի 31-ին նա ենթարկվել է զննման, իսկ 2016 թվականի մայիսի 26-ին՝ էլեկտրոնեյրոմիոգրաֆիկ հետազոտության: 2016 թվականի հունիսի 5-ին հրավիրվել է բժշկական կոնսիլիում և նույն օրը որոշում է կայացվել, որ Հ.Գևորգյանի մոտ նյարդային համակարգի ախտահարման նշաններ չեն հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ նա «Պարկինսոնի համախտանիշ» հիվանդությամբ չի տառապել, ուստի միջգերատեսչական հանձնաժողովի նիստին չի ներկայացվել7:
13. 2016 թվականի մայիսի 4-ի դատաբժշկական փորձաքննության թիվ 39/հձ. եզրակացության համաձայն՝ «(...) Հրաչյա Հենզելի Գևորգյանը տառապում է հետևյալ հիվանդություններով` «Մնացորդային երևույթներ տարած երկկողմանի ստորբլթային թոքաբորբից հետո, հեպատիտ «C», ալերգիկ դերմատիտ, հոգեակտիվ նյութերի օգտագործման հետևանքով առաջացած շարժումների դիսոցացված խանգարումներով»:
(...)
Ներկայումս ստույգ տարբերակել, որոշել, թե ինչն է Հ.Գևորգյանի մոտ 25.02.2016-ի վիճակի կտրուկ վատացման պատճառը` հնարավոր չէ, սակայն ելնելով առկա տվյալներից կարելի է ենթադրել, որ առողջության վատացումը կարող էր պայմանավորված լինել ինչպես երկկողմանի ստորբլթային թոքաբորբ հիվանդության և դրա հետևանքով առաջացած 2-րդ աստիճանի սուր շնչական անբավարարությունից, այնպես էլ «մետադոն» դեղի միանվագ թույլատրելի չափաբաժնից բազմաթիվ անգամներ գերազանցող չափաբաժին ընդունելուց` գերդոզավորումից, ինչը բերել է հոգեակտիվ նյութերի օգտագործման հետևանքով առաջացած շարժումների դիսոցացված խանգարումների, իսկ առողջության վատթարացումը և առաջացած հետևանքներն առողջությանը պատճառել են ծանր վնաս` կյանքի համար վտանգավորության հատկանիշներով (...)»8։
14. 2017 թվականի ապրիլի 7-ի թիվ 16-2560 դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության համաձայն` «(...) [Ն]երկայացված բժշկական փաստաթղթերի տվյալների համադրությունը հիմք է տալիս եզրակացնել, որ [2014 թվականի ապրիլի 26-ից մինչև 2015 թվականի մայիսի 20-ը] բուժօգնությունների ցուցաբերման փուլերում [«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի, «Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոնների, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի] համապատասխան բուժանձնակազմերի կողմից բժշկական օգնության և սպասարկման այնպիսի թերություններ և բացթողումներ, որոնք Հ.Գևորգյանի առողջությանը վնաս պատճառեին կամ գտնվեին պատճառական կապի մեջ նշված ժամկետում նրա առողջական վիճակի վատացման հետ, թույլ չեն տրվել:
(...) Համադրելով բժշկական փաստաթղթերի տվյալները և նկատի ունենալով այն, որ «Արմենիա» ՀԲԿ-ում մոտ 12 օր հիվանդին միացված է եղել արհեստական շնչառության ապարատ` գտնում ենք, որ Հ.Գևորգյանի առողջական վիճակի կտրուկ վատացումը հնարավոր է պայմանավորված լիներ ինչպես 2-րդ աստիճանի սուր շնչական անբավարարությամբ, այնպես էլ չի բացառվում առաջանար մեթադոնային բուժման ծրագրով բուժական դեղաչափեր ստանալուն զուգահեռ 25.02.2015թ–ին այլ տեսակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և/կամ հակացուցված այլ դեղամիջոցների որոշակի չափաքանակների առանց բժշկի նշանակման օգտագործելու հետևանքով։
(...)
Ինչ վերաբերում է Հ.Գևորգյանի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժսանմաս, այնուհետև` խուց, տեղափոխությունները եղել են ժամանակին և հիմնավորված, թե` ոչ, հստակ և հիմնավոր եզրահանգումներ կատարել հնարավոր չէ՝ ներկայացված համապատասխան բժշկական փաստաթղթերում նրա ընդհանուր վիճակի վերաբերյալ գրառումների ոչ լիարժեք, սակավաթիվ և խրթին լինելու պատճառով, ինչպես նաև այն հանգամանքի, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դուրս գրվելիս ԲԱՀ-ի կողմից 28.04.2015թ–ին տրված «Խրոնիկական բրոնխիտ։ Խրոնիկական հեպատիտ» ախտորոշումից հետո «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո բժշկական քարտում չկան հիվանդի առողջական վիճակի և ցուցաբերված բուժօգնության վերաբերյալ բավարար տվյալներ, որով հնարավոր լիներ եզրահանգումներ կատարել տվյալ ժամանակահատվածում նրա ընդհանուր վիճակի, ցուցաբերված բուժօգնության ծավալների, ժամկետների և տեղափոխությունների վերաբերյալ (...)»9։
15. Դիակի դատաբժշկական փորձաքննության՝ 2017 թվականի հունիսի 5-ի թիվ 34 եզրակացության համաձայն՝ «(...) Հ.Գևորգյանի մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթների սուր անբավարարությունից, չափավոր արտահայտված աթերոսկլերոզի հետևանքով, որը առավելապես ախտահարել է սրտի պսակաձև անոթները, աորտան և ուղեղի հիմի անոթները: (...) Հ.Գևորգյանը կենդանության օրոք տառապել է նաև խրոնիկական պերսիստենցող հեպատիտով, որը չի գտնվում ուղղակի պատճառական կապի մեջ մահվան անմիջական պատճառի հետ, բայց և այնպես կարող էր նպաստել նրան»:
Նույն եզրակացության համաձայն՝ Հ.Գևորգյանի մարմնի վրա հայտնաբերվել են առողջությանը պատճառված թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մի շարք մարմնական վնասվածքներ՝ արյունազեղումներ, քերծվածքներ: Դրանք պատճառվել են կենդանության օրոք՝ մահվանից 4-10, 1-4, 4-6, 2-4, 1-2 օր առաջ, և դրանք կարող էին պատճառվել ինչպես սահմանափակ մակերես ունեցող բութ կոշտ առարկայով կամ առարկաներով անմիջական ուղղակի հարվածների հետևանքով, այնպես էլ չի բացառվում դրանց առաջացման հնարավորությունն այդպիսի առարկաներին հարվածվելու հետևանքով10:
16. 2017 թվականի հոկտեմբերի 17-ի դատաբժշկական թիվ 183/հձ փորձաքննության եզրակացության «Գործի հանգամանքները» մասի համաձայն՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Հ.Գևորգյանի անվամբ լրացված բժշկական քարտի տվյալների ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինս 2016 թվականի փետրվարի 22-ին ենթարկվել է նյարդաբանի զննման և ախտորոշվել է «Պարկինսոնի հիվանդություն, արտահայտված ակինետո-ռիգիդային համախտանիշով, դիզարթրիա՝ հենաշարժողական ֆունկցիայի խիստ խանգարումով»:
Նույն եզրակացության համաձայն՝ ի թիվս այլ հարցերի, փորձագիտական հանձնաժողովը հետևության է հանգել, որ. «(...) «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Հրաչյա Գևորգյանի մոտ կատարված հետազոտություններն իրենց տեսակներով, ծավալով և բնույթով, ինչպես նաև իրականացված ախտանիշային բուժումը համապատասխանել են նրա մոտ ախտորոշված հիվանդություններին, իսկ ստացիոնարից դուրս գրումը, բժշկական տեսանկյունից, եղել է հիմնավորված:
(...)
Փորձաքննությանը ներկայացված «Արմավիր» ՔԿ հիմնարկում Հ.Գևորգյանի անվամբ լրացված բժշկական քարտի կրկնօրինակում 01/04/2017-02/04/2017թ.-ի ժամանակահատվածին վերաբերող գրառումներ չկան, ուստի դատողություններ անել 2017թ. ապրիլի 1-ին նրան «Արմավիր» ՔԿ հիմնարկ ընդունելուց հետո՝ օբյեկտիվ վիճակի, գտնվելու պայմանների, ինչպես նաև՝ կատարված հետազոտությունների և բուժման տեսակի ու ծավալի մասին՝ հնարավոր չէ, վերջիններս, ամենայն հավանականությամբ՝ չեն եղել, իսկ 03/04/2017-04/04/2017թ.-ին կատարված գրառումների համաձայն՝ Հ.Գևորգյանի վիճակն եղել է անբավարար, ծանր, բացասական դինամիկայի առկայությամբ (...): Հ.Գևորգյանին կատարվել է զննում, «Կորդիամին»-ի ներարկում, ինչը հակացուցված չի եղել, սակայն այն չէր կարող որևէ էական ազդեցություն ունենալ ախտաբանության զարգացման կամ բուժման վրա, ինչպես նաև նշվել է՝ վերջինիս շտապ կարգով վերակենդանացման բաժանմունք կամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու անհրաժեշտության մասին։
(...)
Համաձայն սույն փորձաքննությանը ներկայացված բժշկական փաստաթղթերի, ՀՀ կառավարության 26/05/2006թ.-ի թիվ 825-Ն որոշման թիվ 2 հավելվածով նախատեսված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում ընդգրկված որևէ հիվանդությամբ (հիվանդություններով) Հրաչյա Գևորգյանը չի տառապել:
Հ.Գևորգյանի առողջական վիճակի կտրուկ վատացումը հնարավոր է պայմանավորված լիներ ինչպես 2-րդ աստիճանի սուր շնչական անբավարարությամբ, այնպես էլ չի բացառվում առաջանար մեթադոնային բուժման ծրագրով բուժական դեղաչափեր ստանալուն զուգահեռ 25.02.2015թ-ին այլ տեսակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և/կամ հակացուցված այլ դեղամիջոցների որոշակի չափաքանակների առանց բժշկի նշանակման օգտագործելու հետևանքով»11։
17. Քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2017 թվականի նոյեմբերի 30-ի որոշումը քննիչը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Սմբատ Բուլղադարյանի, Նոնա Օհանյանի և Արմեն Ղուկասյանի կողմից մեթադոն տեսակի դեղի հետ հակացուցված այլ դեղորայք տալու միջոցով Հրաչյա Գևորգյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վերաբերյալ բացի գործի ելքով շահագրգռված անձանց՝ վերջինիս և Նախշուն Ենգիբարյանի կողմից ցուցմունքներով հայտնած ենթադրություններից, այլ ապացույցներ ձեռք չեն բերվել:
(...) [Գ]ործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում չեն հաստատվել (...) Հրաչյա Գևորգյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վերջինիս հայտնած կասկածները, իսկ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի` հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի: Փաստորեն, Հրաչյա Գևորգյանի և Նախշուն Ենգիբարյանի հայտնած հանգամանքներն իրենցից ներկայացնում են կասկած, որոնք կատարված նախաքննությամբ չեն փարատվել, ավելին՝ հարցաքննություններով և փորձաքննություններով հերքվել են (...):
(...) [Հ]արկ է արձանագրել, որ որևէ տվյալներ չկան, որոնք կվկայեն, որ Հրաչյա Գևորգյանի առողջությանը պատճառված վնասն առաջացել է «Արմենիա» ՀԲԿ-ի կամ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բուժաշխատակիցների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով (...)»12:
17.1. Քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2017 թվականի նոյեմբերի 30-ի երկրորդ որոշումը պատճառաբանվել է հետևյալ կերպ. «(...) Վարույթն իրականացնող մարմինը փաստում է, որ որևէ տվյալներ չկան, որոնք կվկայեն, որ Հրաչյա Գևորգյանի մահը վրա է հասել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կամ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժաշխատակիցների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
Բացի այդ, նախաքննությամբ ձեռք չեն բերվել նաև այնպիսի տվյալներ, որոնք կմատնանշեն ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց, այդ թվում` բժշկական սպասարկման բաժնի աշխատակիցների կողմից ծառայողական պարտականությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ինչպես նաև պաշտոնեական անփութություն ցուցաբերելու մասին: (...)
Անդրադառնալով Հրաչյա Գևորգյանի մոտ 22.02.2016թ-ին ախտորոշված «Պարկինսոնի հիվանդություն, արտահայտված ակինետո-ռիգիդային համախտանիշով, դիզարթրիա՝ հենաշարժողական ֆունկցիայի խիստ խանգարումով» հիվանդության հայտնաբերումից հետո ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի և ՀՀ ԱՆ բժշկական աշխատանքային հանձնաժողովի աշխատակիցների գործողություններին, վարույթն իրականացնող մարմինը փաստում է, որ հիշյալ ախտորոշումից հետո Հրաչյա Գևորգյանը զննվել է բժիշկ-մասնագետների կողմից, ենթարկվել լաբորատոր-գործիքային հետազոտությունների, ներկայացվել է ՀՀ ԱՆ բժշկական աշխատանքային հանձնաժողովի կոնսիլիումին, որոնց արդյունքում հերքվել է նրա մոտ վերը նշված ախտորոշման առկայությունը, որից հետո ԲԱՀ-ի կողմից որոշում է կայացվել, որ Հրաչյա Գևորգյանի մոտ նյարդային համակարգի ախտահարման նշաններ առկա չեն: Բացի այդ Հրաչյա Գևորգյանի մոտ հիշյալ ախտորոշումը հերքվել է Գուրգեն Հովհաննիսյանի ցուցմունքով, որ վերջինս հիշյալ հիվանդությամբ չի տառապել, թիվ 183/հձ եզրակացությամբ (...), հետևաբար՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի և ՀՀ ԱՆ բժշկական աշխատանքային հանձնաժողովի աշխատակիցների արարքներում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ և 308-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հանցակազմը»13:
17.2. Նախաքննության մարմնի՝ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին 2017 թվականի նոյեմբերի 30-ի որոշման համաձայն` «(...) [Կ]ատարված նախաքնության ընթացքում հարցաքննվել են հնարավոր բոլոր այն անձինք, ովքեր կարող էին տեղեկություններ ունենալ Հրաչյա Գևորգյանի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքների մասին: Նրանք ցուցմունքներով հերքել են Հրաչյա Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրված լինելու հանգամանքը, ավելին` հայտնել են, որ նա մարմնական վնասվածքներ է ստացել իր իսկ գործողությունների արդյունքում: Փորձագետը չի բացառել Հրաչյա Գևորգյանի կողմից մահճակալից վայր ընկնելու պայմաններում նշված վնասվածքների ստացման հնարավորությունը, նրա դրսևորած վարքագիծը ենթադրությունների տեղիք է տալիս, որ նա կարող էր իրեն վնասել, օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Հրաչյա Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրված լինելու մասին որևէ տեղեկություն չի ստացվել: Միևնույն ժամանակ վարույթն իրականացնող մարմինը փաստում է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցները հանդիսանում են գործի ելքով շահագրգիռ անձիք և նրանց ցուցմունքները, առանց օբյեկտիվ այլ ապացույցների, չեն կարող բավարար համարվել Հրաչյա Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրված չլինելու փաստը հաստատված համարելու առումով, հետևաբար գտնում եմ, որ քրեական գործով վարույթը ենթակա է կասեցման՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով (...)»14:
18. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հունիսի 14-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Ս]ույն գործի նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, մասնավորպես՝ հարցաքննվել են քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ, բժիշկներ, ինչպես նաև տուժողի իրավահաջորդը, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, ինչպես նաև մի քանի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություններ, բացի այդ, բազմիցս երկարացվել է նախաքննության ժամկետը գործի արդյունավետ քննությունն ապահովելու համար: Դատարանն արձանագրում է, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից իրականացված քննության արդյունքում ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալների համակցություն, որոնք թույլ կտային քրեական հետապնդում իրականացնել այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Վարույթն իրականացնող մարմինը քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ կայացնելիս հիմք է ընդունել դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, որոնց արդյունքներից հնարավոր չէ հետևության գալ հակառակի վերաբերյալ:
(…)
Այսպիսով՝ նախաքննության մարմինը ձեռք չի բերել որևէ փաստական տվյալ, որով կհիմնավորվեր, որ սույն գործով տուժողին բժշկական օգնություն ցուցաբերելիս, ինչպես նաև բուժսպասարկում իրականացնելիս բուժանձնակազմի կողմից չեն կատարվել իրենց մասնագիտական պարտականությունները կամ ոչ պատշաճ են դրանք իրականացվել, որն էլ հանգեցրել է Հ.Գևորգյանի մահվան: Իր հերթին, նախաքննության մարմինը տուժողի մահվան կապակցությամբ իրականացրել է արդյունավետ քննություն:
(…)
Ինչ վերաբերում է գործի վարույթը կասեցնելու մասին որոշմանը, ապա դատարանն արձանագրում է, որ այն գործի ելքը որոշող վերջնական ակտ չէ և դատարանի կողմից դրա վերացումը կոնկրետ դեպքում կկրի ձևական բնույթ, քանի որ համապատասխան հիմքերի առկայության դեպքում այն կարող է վերսկսվել ինչպես քննիչի, այնպես էլ դատախազի որոշմամբ (…)»15:
19. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, 2018 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ փաստել է, որ «(…) Դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, նախաքննական մարմինն իրավաչափ որոշումներ է կայացրել թիվ 57200117 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կասեցնելու մասին, որի հետևանքով դիմող Ն.Ենգիբարյանի իրավունքներն ու օրինական շահերը չեն խախտվել, դիմողի ներկայացուցչի բողոքը քննության առնելիս Դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են դատական սխալի (…)»16:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
20. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» վերտառությամբ երկու որոշումները և «Քրեական գործով վարույթը կասեցնելու մասին» որոշումն անհիմն են, դրանցում տեղ գտած քննիչի եզրահանգումները կամայական են և Հ.Գևորգյանին տևաբար պատշաճ բուժօգնություն չտրամադրելու, ինչպես նաև նրա առողջությանը վնաս պատճառող գործողություններ կատարելու փաստերով մեղավոր անձանց քրեական պատասխանատվության չենթարկելու նպատակ են հետապնդում:
Բողոքաբերը, շարադրելով և վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները, գտել է, որ վարույթն իրականացնող մարմինը պետության բացառիկ հոգածության ներքո գտնվող անձին անհրաժեշտ տեսակի, ծավալի և բնույթի բժշկական օգնություն չտրամադրելու, նրան հասցված մարմնական վնասվածքների, ինչպես նաև վերջինիս մահվան կապակցությամբ արդյունավետ և պատշաճ քննություն չի կատարել:
Ըստ բողոքի հեղինակի՝ ստորադաս դատարանների դատական ակտերը ևս անհիմն են և չպատճառաբանված, դրանցով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, բողոքաբերը, մեջբերելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 61-րդ, 63-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ, 58-րդ, 80-րդ հոդվածները, ինչպես նաև վկայակոչելով տուժողի իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք միջազգային-իրավական ակտեր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև` Եվրոպական դատարան) և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներ, եզրահանգել է, որ ստորադաս դատարանները բողոքը մերժելու մասին որոշումներ կայացնելով փաստացի անտեսել են տուժողի իրավունքները:
21. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը, վերացնել քննիչի՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» վերտառությամբ երկու որոշումները և «Քրեական գործով վարույթը կասեցնելու մասին» որոշումն ու ճանաչել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման փաստերով մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով արդյունավետ և պատշաճ քննություն իրականացնելուց հրաժարվելու փաստը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
22. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ Հ.Գևորգյանի մահվան փաստի առթիվ իրականացված քննությունը եղել է արդյունավետ:
23. ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Եվրոպական կոնվենցիա) 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: (…)»:
24. Մեջբերված սահմանադրական և կոնվենցիոն նորմերով ամրագրված է կյանքի իրավունքը` որպես անձի հիմնարար իրավունք:
24.1. Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված նորմին, այն մեկնաբանել է որպես այդ դրույթի նյութաիրավական կողմի ենթադրյալ խախտման կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պարտականություն սահմանող նորմ` հաշվի առնելով այս իրավունքի հիմնարար բնույթը17:
25. Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի ընթացակարգային բաղադրիչի արդյունավետ քննության մասով Եվրոպական դատարանն իր դիրքորոշումներում բազմիցս ընդգծել է, որ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը պետություններին պարտավորեցնում է ոչ միայն ձեռնպահ մնալ անձանց կյանքի նկատմամբ դիտավորյալ, անօրինական ոտնձգություններից, այլ նաև սահմանում է, որ պետությունները պետք է իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց կյանքի պաշտպանության համար համապատասխան քայլեր ձեռնարկեն18: Կյանքի իրավունքի պատշպանությունն անուղղակիորեն պետությունից պահանջում է անձանց մահվան կապակցությամբ պաշտոնապես օբյեկտիվ քննություն իրականացնել: Նման քննություն իրականացնելու պարտականությունը ծագում է բոլոր դեպքերում՝ սպանության կամ կասկած հարուցող մահվան դեպքերում՝ անկախ նրանից, թե հանցանք կատարած անձինք անհատներ են, թե պետական մարմիններ կամ անհայտ անձինք19:
Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջն է, որ իրավասու մարմինները գործեն պատշաճ ջանասիրությամբ ու արագությամբ և պարտավոր լինեն նախաձեռնել քննություն, որն ի վիճակի է նախ որոշակիացնել այն հանգամանքները, որոնցում դեպքը տեղի է ունեցել և կարգավորող համակարգի գործունեության ցանկացած թերություն, երկրորդ` բացահայտել դրանում ներգրավված պետական պաշտոնյաներին և մարմիններին20:
25.1. Քննությունն արդյունավետ կարող է համարվել այն դեպքում, երբ հնարավոր կլինի քննությամբ ձեռք բերված փաստերը համադրել և հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկել: Իշխանությունները տեղի ունեցած իրադարձությունը բացահայտելու համար պետք է ձեռնարկեն հասանելի, խելամիտ քայլեր՝ վկաների հարցաքննություն, դատաբժշկական փորձաքննության նշանակում, ինչպես նաև դիահերձում, ինչը թույլ կտա բացահայտել առկա վնասվածքների ամբողջական և իրական պատկերը, ինչպես նաև մահվան պատճառը21: Քննության եզրակացությունը պետք է հիմնված լինի գործով առկա փաստերի ամբողջական, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա:
25.2. Եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս ընդգծել է, որ քննության արդյունավետությունը գնահատելիս կարևոր է հատկապես այն հանգամանքը, թե որքան արագ են իշխանություններն արձագանքում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոքներին, ինչը նպաստում է հանրության վստահության պահպանմանը՝ օրինականության ամրապնդման և անօրինական գործողությունների նկատմամբ հանդուրժողականության բացառման հարցում22:
25.3. Եվրոպական դատարանն ընդգծել է, որ քննությունը պետք է լինի մանրամասն: Դա նշանակում է, որ տեղի ունեցածը բացահայտելու նպատակով իրավասու մարմինները պետք է իրականացնեն լուրջ ջանքեր և քննությունն ավարտելիս կամ իրենց որոշումները պատճառաբանելիս չհենվեն շտապողական կամ թույլ պատճառաբանված եզրահանգումների վրա: Նրանք պետք է կատարեն իրենց համար հասու բոլոր ողջամիտ քայլերը, որպեսզի ձեռք բերեն դեպքի հետ կապված ապացույցները, ներառյալ, ի թիվս այլոց, ականատեսների հարցաքննությունը և բժշկական ապացույցները: Քննության ցանկացած թերություն, որը հարցականի տակ է դնում վնասվածքների պատճառները կամ պատասխանատու անձանց պարզելու կարողությունը, վտանգում է այս չափանիշի իրագործումը23:
25.4. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված մի շարք վճիռներում արձանագրվել է, որ պետությունն իր պոզիտիվ պարտականության շրջանակներում չի կատարել մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն, ինչը հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի խախտման24: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ քննություն իրականացնող մարմինները չեն գործել բավարար ջանասիրությամբ և չեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի պարզեն տուժողի մահվան հանգամանքները25:
26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար (...)»:
26.1. Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում մշտապես ընդգծել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված` կյանքի իրավունքի առաջնային և հիմնարար բնույթը26: Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած մոտեցումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(…) Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի խախտման կապակցությամբ իրականացվող քննության արդյունավետության գնահատման հիմնական չափանիշներից են`
ա) իրավասու մարմինները պետք է գործեն պատշաճ ջանասիրությամբ և արագությամբ,
բ) քննության արդյունքում պետք է հստակեցվեն դեպքի հանգամանքները,
գ) պետք է կատարվի մանրամասն քննություն, որն անհրաժեշտ է գործով ապացույցներ ձեռք բերելու համար: Վարույթն իրականացնող մարմինները պետք է ձեռնպահ մնան շտապողական կամ թույլ պատճառաբանված հետևություններից, քանի որ քննության ցանկացած թերություն, որը հարցականի տակ է դնում մահվան պատճառները պատասխանատու անձանց կողմից պարզելու կարողությունը, վտանգում է քննության արդյունավետությունը, հետևաբար և Կոնվենցիայի 2-րդ հոդվածով պետության ստանձնած պարտավորությունների իրագործումը:
Այն դեպքում, երբ պետության վերահսկողության ներքո (ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկում և այլն) գտնվող անձը մահանում է, և պետությունը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ուժով պարտավորություն է կրում ներկայացնելու մահվանը հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատրություն, ապա իրավասու մարմինները (պաշտոնատար անձինք) կասկածելի մահվան փաստի առթիվ պետք է հարուցեն քրեական գործ և քրեադատավարական ողջ գործիքակազմի ներգրավմամբ իրականացնեն հնարավոր ողջամիտ քայլերը` դեպքի հանգամանքները պարզելու համար: (...)»27:
26.2. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կալանավորված, դատապարտված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձի մահվան դեպքերում քննություն իրականացնող մարմինները պետք է գործեն արդյունավետ, կատարեն մանրամասն քննություն, ձեռնարկեն հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անձի մահվան պատճառները պարզելու համար՝ միաժամանակ ձեռնպահ մնալով մահվան հանգամանքների վերաբերյալ հապճեպ կամ չհիմնավորված վերջնական գնահատականներ տալուց: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ պետության վերահսկողության ներքո գտնվող անձանց մահվան դեպքերով վերը նշված պահանջներին համապատասխանող քննությունը միայն կարող է համարվել արդյունավետ և համահունչ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչին:
27. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Նախաքննության մարմինը 2017 թվականի նոյեմբերի 30-ի որոշումներով քրեական հետապնդում չի իրականացրել և քրեական գործով վարույթը կասեցրել է այն պատճառաբանությամբ, որ նախաքննության ընթացքում կատարվել են հնարավոր բոլոր քննչական ու դատավարական գործողությունները և ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կվկայեին Հ.Գևորգյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մասին կամ, որ Հ.Գևորգյանի մահը վրա է հասել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կամ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժաշխատակիցների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով28:
- Առաջին ատյանի դատարանը, քննարկելով դիմող Ն.Ենգիբարյանի ներկայացուցիչներ Ա.Պապիկյանի և Ն.Կարապետյանցի բողոքը, մերժել է այն` նշելով, որ գործի նախաքննության ընթացքում տուժող Հ.Գևորգյանի մահվան փաստի առթիվ իրականացվել է արդյունավետ քննություն, քննչական և դատավարական գործողությունները քննիչի կողմից կատարվել են օրենքով սահմանված քրեադատավարական ընթացակարգին համապատասխան և կայացվել են քրեական հետապնդում չիրականացնելու մասին օրինական և հիմնավոր որոշումներ: Ինչ վերաբերում է գործի վարույթը կասեցնելու մասին որոշմանը, ապա Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ այն գործի ելքը որոշող վերջնական ակտ չէ և համապատասխան հիմքերի առկայության դեպքում կարող է վերսկսվել29:
- Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, նախաքննական մարմինն իրավաչափ որոշումներ է կայացրել թիվ 57200117 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կասեցնելու մասին, որի հետևանքով դիմող Ն.Ենգիբարյանի իրավունքներն ու օրինական շահերը չեն խախտվել30:
28. Նախորդ կետում շարադրված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 23-26.2-րդ կետերում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Հ.Գևորգյանի մահվան դեպքի առթիվ իրականացված քննության արդյունավետությունը գնահատելիս համակողմանի ուշադրության չեն արժանացրել գործի փաստական հանգամանքները։ Մասնավորապես, ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ՝
- Նախաքննության մարմինը «լուրջ ջանքեր» չի գործադրել պարզելու, թե որն է եղել 2015 թվականի փետրվարի 25-ին Հ.Գևորգյանի առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառը: Մասնավորապես այս առումով վարույթն իրականացնող մարմինը պատշաճ քննության առարկա չի դարձրել Հ.Գևորգյանի ցուցմունքներն այն մասին, որ «մեթադոն» տեսակի դեղի հետ ինքը բժիշկների կողմից ստացել է նաև այլ հոգեմետ դեղեր31, ինչպես նաև գործի քննության ընթացքում նշանակված դատաբժշկական հանձնաժողովային երեք փորձաքննությունների եզրակացությունները, ըստ որոնց՝ չի բացառվում, որ Հ.Գևորգյանի առողջական վիճակի կտրուկ վատացումն առաջանար մեթադոնային բուժման ծրագրով բուժական դեղաչափեր ստանալուն զուգահեռ այլ տեսակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և/կամ հակացուցված այլ դեղամիջոցների որոշակի չափաքանակների առանց բժշկի նշանակման օգտագործելու հետևանքով32: Այս առումով հատկանշական են նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի այդ ժամանակվա պետի տեղակալ Ս.Բուլղադարյանի ցուցմունքն այն մասին, որ դատապարտյալների միջև տարածված խոսակցությունների համաձայն, որը հասել է նաև իրեն, Հ.Գևորգյանի վիճակի վատթարացման պատճառը եղել է հոգեմետ դեղ օգտագործելը33, և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի գրությունն այն մասին, որ Հ.Գևորգյանի կողմից թմրամիջոց, հոգեմետ նյութեր կամ շրջանառությունից հանված այլ թմրամիջոցներ ձեռք բերելու կամ օգտագործելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով ձեռնարկված օպերատիվ միջոցառումները դրական արդյունք չեն տվել34: Մինչդեռ, նշված փաստական տվյալների առկայության պայմաններում, այդ կապակցությամբ քննություն չի կատարվել, քննիչը կատարված նախաքննության ընթացքում այդ կապակցությամբ անհրաժեշտ հարցեր չի ուղղել Ս.Բաղդասարյանին՝ պարզելու, թե կոնկրետ ովքեր են նման տեղեկություններ հայտնել և միջոցներ չի ձեռնարկել այդ անձանց հարցման ենթարկելու և նրանցից այդ հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինը չի պարզել, թե հնարավոր էր արդյո՞ք, որ անազատության մեջ և հսկողության տակ պահվող դատապարտյալը կարողանար ձեռք բերել և օգտագործել արգելված նյութեր,
- վարույթն իրականացնող մարմինը պատշաճ քննության առարկա չի դարձրել այն փաստը, որ 2015 թվականի փետրվարի 25-ին Հ.Գևորգյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կետրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել են «Սուր շնչական անբավարարություն II աստիճանի», «Երկկողմանի ստորբլթային թոքաբորբ», «Հեպատիտ C» հիվանդությունները, 2015 թվականի մարտի 12-ին հիվանդը բավարար վիճակում դուրս է գրվել և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ապա 2015 թվականի ապրիլի 29-ին՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այս առումով Նախաքննության մարմինը քայլեր չի ձեռնարկել պարզելու՝ արդյո՞ք Հ.Գևորգյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում ստացել է իր մոտ ախտորոշված հիվանդություններին համապատասխան բուժում թե ոչ, նշված ՔԿՀ-ների բժշկական մասում արդյո՞ք եղել են բավարար պայմաններ նման հիվանդություններով տառապող անձին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար թե ոչ, առկա է եղել արդյո՞ք համապատասխան մասնագիտացում ունեցող բուժանձնակազմ, կանոնավոր հետազոտություններ իրականացնելու պայմաններ, անհրաժեշտ սարքավորումներ, համապատասխան դեղորայք և այլն,
- Նախաքննության մարմնի կողմից մանրամասն քննություն չի տարվել նաև ստուգելու, թե Հ.Գևորգյանի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժսանմաս, այնուհետև` խուց, տեղափոխությունները եղել են ժամանակին և հիմնավորված, թե` ոչ, քանի որ ըստ դատաբժշկական փորձաքննության թիվ 16-2560 եզրակացության՝ հստակ և հիմնավոր եզրահանգումներ կատարել հնարավոր չի եղել՝ ներկայացված համապատասխան բժշկական փաստաթղթերում նրա ընդհանուր վիճակի վերաբերյալ գրառումների ոչ լիարժեք, սակավաթիվ և խրթին լինելու պատճառով, ինչպես նաև այն հանգամանքի, որ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո բժշկական քարտում հիվանդի առողջական վիճակի և ցուցաբերված բուժօգնության վերաբերյալ բավարար տվյալներ չեն եղել, որով հնարավոր լիներ եզրահանգումներ կատարել տվյալ ժամանակահատվածում նրա ընդհանուր վիճակի, ցուցաբերված բուժօգնության ծավալների, ժամկետների և տեղափոխությունների վերաբերյալ35։ Այս մասով վարույթն իրականացնող մարմինը քննություն չի իրականացրել և չի պարզել, թե որն է այդ ժամանակահատվածից հետո բժշկական քարտում համապատասխան տվյալների անբավարարության պատճառը, ինչպես նաև չեն ձեռնարկվել քայլեր՝ ստուգելու և պարզելու Հ.Գևորգյանի հայտնած տեղեկություններն այն մասին, որ իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս տեղափոխելու փոխարեն 5 օր պահել են կարանտինում, որից հետո նոր միայն տեղափոխել բուժմաս36,
- վարույթն իրականացնող մարմինը միջոցներ չի ձեռնարկել պարզելու, թե 2016 թվականի փետրվարի 22-ին նյարդաբանի զննման արդյունքում Հ.Գևորգյանի մոտ պատժի կրմանը խոչընդոտող հիվանդություն՝ «Պարկինսոնի հիվանդություն, արտահայտված ակինետո-ռիգիդային համախտանիշով, դիզարթրիա՝ հենաշարժողական ֆունկցիայի խիստ խանգարումով» ախտորոշվելուց հետո ի՞նչ հետազոտություններ են իրականացվել և ինչու՞ է ախտորոշումից շուրջ 5 ամիս անց որոշվել, որ նա այդ հիվանդությամբ չի տառապել: Քննիչը չի փորձել նաև սպառիչ պատասխան ստանալ այն հարցին, թե նման ախտորոշումը հաստատելու կամ հերքելու համար ի՞նչ կարգ է գործում, և բավարարվել է այդ մասին ՀՀ արդարադատության նախարարության բժշկական աշխատանքային հանձնաժողովի նախագահ Կ.Առուստամյանի ցուցմունքը հիմք ընդունելով37,
- վարույթն իրականացնող մարմինը պատշաճ գնահատման չի արժանացրել այն, որ 2017 թվականի մարտի 31-ին Հ.Գևորգյանը «Արմավիր» ՔԿՀ-ից շտապ կարգով, «Աստենո-նևրոտիկ սինդրոմ (էնցելոպատիա) գլխուղեղի արյան շրջանառության դինամիկ խանգարում» ախտորոշմամբ տեղափոխվել է նախ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ապա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ հիշյալ ախտորոշումը ոչ հաստատվել է, ոչ էլ հերքվել, ինչը վկայում է այն մասին, որ այդ մասով համապատասխան հետազոտություններ չեն իրականացվել,
- Նախաքննության մարմնի կողմից պատշաճ գնահատման չի ենթարկվել նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի պետ Լ.Մարկոսյանի ցուցմունքն այն մասին, որ իր կարծիքով՝ Հ.Գևորգյանը կարիք ուներ մանրակրկիտ հետազոտության և դրա արդյունքում ռացիոնալ բուժման, որը հնարավոր էր կազմակերպել միայն ստացիոնար պայմաններում38, և այս առումով միջոցներ չի ձեռնարկել պարզելու, թե 2017 թվականի ապրիլի 1-ից վիճակի շարունակական վատթարացման պայմաններում ինչու՞ Հ.Գևորգյանին հիվանդանոց կամ այլ մասնագիտացված հաստատություն տեղափոխելու մասին որոշումն ավելի շուտ չի կայացվել և արդյո՞ք մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում անձի վիճակը կայունացնելու համար ձեռնարկված միջոցառումներն արդյունավետ են եղել,
- քննիչը բավարար միջոցներ չի ձեռնարկել պարզելու, թե որտե՞ղ է գտնվում Հ.Գևորգյանի նախորդ բժշկական քարտը և ինչու՞ է «Արմավիր» ՔԿՀ-ում նրա անվամբ կրկնօրինակ քարտ լրացվել, ինչու՞ այդ քարտում 2017 թվականի ապրիլի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածին վերաբերող գրառումներ առկա չեն: Ավելին՝ ունենալով տվյալներ այն մասին, որ բժշկական քարտի բնօրինակը հնարավոր է, որ առգրավված լինի Հ.Գևորգյանի կողմից տրված հաղորդման առթիվ հարուցված մեկ այլ քրեական գործով39, որևէ միջոց չի ձեռնարկվել այն հայտնաբերելու ուղղությամբ,
- վարույթն իրականացնող մարմինը գործի քննության ընթացքում քայլեր չի ձեռնարկել պարզելու նաև, թե Հ.Գևորգյանի մարմնի վրա հայտնաբերված և մահվանից 4-10, 1-4, 4-6, 2-4, 1-2 օր առաջ պատճառված մարմնական վնասվածքներն40 ինչու՞ չեն արձանագրվել քրեակատարողական հիմնարկների կողմից և ինչու՞ այդ կապակցությամբ անմիջապես քննություն չի ձեռնարկվել:
29. Նախորդ կետում վկայակոչված հանգամանքների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Հ.Գևորգյանի մահվան դեպքի առթիվ իրականացված քննության կապակցությամբ չեն ձեռնարկվել բոլոր ողջամիտ քայլերը, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ: Այսինքն` վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված դատավարական խախտումների պայմաններում արդյունավետ քննություն չի իրականացվել, ինչը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել ստորադաս դատարանների կողմից։ Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ Հ.Գևորգյանի մահվան փաստի առթիվ իրականացված քննությունը եղել է արդյունավետ, հիմնավոր չէ։
30. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտ կայացնելիս, ստորադաս դատարանները թույլ են տվել Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական բաղադրիչի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Վերոշարադրյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու, դիմող Ն.Ենգիբարյանի ներկայացուցիչներ Ն.Կարապետյանցի և Ա.Պապիկյանի բողոքը բավարարելու և Ն.Ենգիբարյանի իրավունքների` սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականություն սահմանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Նախշուն Արամի Ենգիբարյանի ներկայացուցիչներ Ն.Կարապետյանցի և Ա.Պապիկյանի բողոքի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հունիսի 14-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը բեկանել ու փոփոխել: Դիմողի ներկայացուցիչներ Ն.Կարապետյանցի և Ա.Պապիկյանի բողոքը բավարարել՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Ն.Ենգիբարյանի իրավունքների խախտումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
____________________________
1 Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:
2 Տե՛ս, քննիչի կողմից ներկայացված նյութերը:
3 Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:
4 Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:
5 Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:
6 Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:
7 Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:
8 Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:
9 Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:
10 Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:
11 Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:
12 Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:
13 Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:
14 Տե՛ս քննիչի կողմից ներկայացված նյութերը:
15 Տե՛ս թիվ ԵԴ/0016/11/18 քրեական գործի նյութերը, էջեր 51-56:
16 Տե՛ս թիվ ԵԴ/0016/11/18 քրեական գործի նյութերը, էջեր 111-141:
17 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ McCann and Others v. The United Kingdom գործով 1995 թվականի սեպտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 18984/91, կետեր 157-164, Ergi v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 23818/94, կետ 82, Assenov and Others v. Bulgaria գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 24760/94, կետեր 101-106:
18 Ի թիվս այլոց, տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Օsman v. the Սnited Kingdom գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 87/1997/871/1083, կետ 115:
19 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Nachova and Օthers v. Bulgaria գործով 2005 թվականի հուլիսի 6-ի վճիռը, գանգատներ թիվ 43577/98, 43579/98, կետ 110:
20 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Kats and Others v. Ukraine, 2008 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 29971/04, կետ 116:
21 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Tanrikulu v. Turkey գործով 1999 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 23763/94, կետ 109 և GՖl v. Turkey գործով 2000 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 22676/93, կետ 89:
22 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Hugh Jordan v. United Kingdom գործով 2001 թվականի մայիսի 4-ի վճիռը, գանգատ թիվ 24746/94, կետ 108, Yasa v. Turkey գործով 1998 թվականի սեպտեմբերի 2-ի վճիռը, զեկույցներ 1998-IV, էջեր 2439-2440, կետեր 102-104:
23 Տե՛ս, ի թիվս այլոց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Gorelov v. Russia, 2014 թվականի հունվարի 9-ի վճիռը, գանգատ թիվ 49072/11, կետ 52:
24 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Muradyan v. Armenia գոծով 2016 թվականի նոյեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 11275/07, Movsesyan v. Armenia գործով 2017 թվականի նոյեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 27524/09 և այլն, Mkrtchyan v. Armenia գործով 2020 թվականի մայիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 3673/11:
25 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` նույն վճիռները:
26 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Սեյրան Այվազյանի գործով 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-17/08, Լևոն Գուլյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԿԴ/0051/11/09, Կարեն Փափազյանի գործով 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԷԴ/0002/11/10, Սուսաննա Անտոնյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0077/11/12, Ռուզաննա Նիազյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԿԴ/0118/11/13 որոշումները:
27 Մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ռուզաննա Նիազյանի վերաբերյալ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԿԴ/0118/11/13 որոշման 25-26-րդ կետերը:
28 Տե՛ս սույն որոշման 17-17.2-րդ կետը։
29 Տե՛ս սույն որոշման 18-րդ կետը։
30 Տե՛ս սույն որոշման 19-րդ կետը։
31 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
32 Տե՛ս սույն որոշման 13-14–րդ և 16-րդ կետերը:
33 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
34 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
35 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը:
36 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
37 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
38 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
39 Տե՛ս սույն որոշման 11.1-րդ կետը:
40 Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|