ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/1136/01/19 | ||||||
Գործ թիվ ԵԴ/1136/01/19 |
|||||||
|
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
|
Ս. Օհանյանի | |
|
|
|
2022 թվականի հունվարի 27-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մայիսի 4-ի որոշման դեմ ամբաստանյալ Կարեն Կառլենի Ալոյանի պաշտպան Լ.Պինգոլցյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 16864919 քրեական գործը և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ Կարեն Կառլենի Ալոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության մարմնի նույն օրվա որոշմամբ Կ.Ալոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2019 թվականի դեկտեմբերի 25-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, ամբաստանյալ Կարեն Ալոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք՝ 1 (մեկ) ամիս ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է փաստացի արգելանքի վերցվելու օրվանից, իսկ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
3. Պաշտպան Ա.Հոբոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի մայիսի 4-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Կ.Ալոյանի պաշտպան Լ.Պինգոլցյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հունվարի 18-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով հաստատված է համարել, որ ամբաստանյալ Կ.Ալոյանը. «(...) քննությամբ չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել զգալի չափերով՝ 0,0037 գրամ քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
Այսպես.
Կարեն Կառլենի Ալոյանը, առանց իրացնելու նպատակի, իր սեփական օգտագործման համար, քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք է բերել և իր մոտ պահել է զգալի չափերով՝ 0,0037 գրամ քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, ինչը 2019 թվականի օգոստոսի 1-ին նետել է «Գազել» մակնիշի ավտոմեքենայի հետևի սրահի ձախ պատուհանից (...), երբ ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են ավտոմեքնենան և փորձել են նրան բերման ենթարկել: (...) [Թ]մրամիջոցը հայտնաբերվել է 2019 թվականի օգոստոսի 1-ին նույն վայրից՝ դեպքի վայրի զննությամբ (...)»1:
6. 2021 թվականի օգոստոսի 3-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է պաշտպան Լ.Պինգոլցյանի դիմումը՝ ամբաստանյալ Կ.Ալոյանի նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն առերևույթ թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական և նյութական իրավունքի հիմնարար խախտում: Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 17-րդ, և 358-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը. արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը, խախտվել են ամբաստանյալի ազատության և արդար դատաքննության իրավունքները: Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ Հասմիկ Սարգսյանի գործով թիվ ՍԴ/0080/01/17 որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը:
7.1. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մայիսի 4-ի որոշումը, ամբաստանյալ Կարեն Ալոյանի նկատմամբ նշանակված 1 (մեկ) ամիս ժամկետով կալանքը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
8. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք և ելնելով Մխիթար Էլոյանի և այլոց գործով որոշմամբ արտահայտված դիրքորոշումից առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում2՝ անհրաժեշտ է գտնում քննարկման առարկա դարձնել ամբաստանյալ Կ.Ալոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը:
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Կ․Ալոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)
6) անցել են վաղեմության ժամկետները, (…)
5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «(...) 2. Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(...)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով (...)»:
11. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Կ.Ալոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2019 թվականի օգոստոսի 1-ին3։ Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2020 թվականի դեկտեմբերի 24-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2021 թվականի մայիսի 4-ին4: Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ5:
13. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.Ալոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրացել է 2021 թվականի օգոստոսի 1-ին, իսկ այդ պահի դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:
Հետևաբար, Կ.Ալոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել, և քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Վճռաբեկ դատարանը, միաժամանակ, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Կ.Ալոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու պայմաններում, վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է համարում6:
14. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Կարեն Կառլենի Ալոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել, իսկ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված 0.0037 գրամ քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը` ոչնչացնել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415․1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ամբաստանյալ Կարեն Կառլենի Ալոյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մայիսի 4-ի որոշումը բեկանել, Կարեն Կառլենի Ալոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճել:
2. Կարեն Կառլենի Ալոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը` վերացնել:
3. Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված 0.0037 գրամ քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը` ոչնչացնել:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 87։
2 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մխիթար Էլոյանի և այլոց գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը։
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 87։
4 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։
5 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: