ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0150/06/20 | ||||
Գործ թիվ ԵԴ/0150/06/20 |
|||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
|
Ս. Օհանյանի | |
|
|
|
2022 թվականի հունվարի 27-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արմեն Արտաշեսի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի մարտի 4-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում (այսուհետ՝ նաև Նախաքննության մարմին) հարուցվել է թիվ 58205120 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով ու 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 7-ի որոշմամբ Արմեն Արտաշեսի Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով և 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի մարտի 8-ի որոշմամբ Նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ա.Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ բավարարվել է մեղադրյալ Ա.Պողոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը ևս 2 (երկու) ամսով երկարացնելու մասին Նախաքննության մարմնի միջնորդությունը:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2020 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ մերժվել է այլ խափանման միջոցի՝ գրավի կիրառմամբ մեղադրյալ Ա.Պողոսյանին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։
3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել, մեղադրյալ Ա.Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխել է և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել գրավը` 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամի չափով:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:
Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.4-րդ հոդվածով սահմանված ժամկետում վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Նախաքննության մարմնի կողմից մեղադրյալ Արմեն Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով ու 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար. «[Ա.Պողոսյանը] շահադիտական դրդումներով, պատվերով` 190.000 ԱՄՆ դոլարի վարձատրության դիմաց ստանձնելով կազմակերպել ՀՀ քաղաքացի Արսեն Բենիկի Չիչյանի սպանությունը, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու շուրջ նախնական համաձայնության է եկել ՀՀ քաղաքացի Լևոն Ռուբենի Խուդոյանի հետ` խոստանալով վարձատրության կեսը հատկացնել հանցանքի կատարումից հետո և սպանություն իրականացնելու համար տրամադրելով հրազեն հանդիսացող` 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ինչպես նաև 1000 ԱՄՆ դոլար: Ի կատարումն Արմեն Պողոսյանի ցուցումի, վերջինիս անմիջական կազմակերպմամբ և ղեկավարմամբ Լևոն Խուդոյանը, վերահսկելով Արսեն Բենիկի Չիչյանի տեղաշարժը, 2014թ. հունիսի 23-ին` ժամը 01:25-ի սահմաններում, Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի 31-րդ շենքի բակում հրազենից կրակոցներ է արձակել զբոսանքի դուրս եկած Արսեն Բենիկի Չիչյանի ուղղությամբ, պատճառելով վերջինիս մարմնական վնասվածքներ, սակայն կազմակերպչի գործողությունները չեն հաջողվել կամքից անկախ պատճառներով: Չբավարարվելով արդյունքով` ստացված պատվերով սպանությունն ավարտին հասցնելու և հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Արմեն Պողոսյանը ցուցում է տվել Լևոն Խուդոյանին շարունակել վերահսկել Արմեն Չիչյանի տեղաշարժը և առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացնել վերջինիս սպանություն: Բացի դրանից, նպատակադրվելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել նաև ՀՀ քաղաքացիներ Ժան Հակոբի Նազարի-Դեխնավիին, Սարգիս Վարդգեսի Մկրտչյանին, Լաերտ Վանիկի Կարապետյանին, Արամայիս Լևոնի Կիրակոսյանին և Գագիկ Վարդանի Միրզոյանին, Լևոն Խուդոյանին հանձնարարել է վերահսկել նաև թվարկված անձանց տեղաշարժը, նույն առաջադրանքը Սարգիս Մկրտչյանի և Արամայիս Կիրակոսյանի դեպքում տալով նաև Տիգրան Հովակիմյանին` պատվերով սպանության իրականացման դյուրին պայմանների և ժամանակի ընտրությունը թողնելով իր հայեցողությանը: Հիշյալ անձանց տեղաշարժը վերահսկելու, սպանությունը նախապատրաստելու և իրականացնելու համար Արմեն Պողոսյանը Լևոն Խուդոյանի համար ծանոթի` Արմեն Խաչատրյանի միջոցով, Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի 1-ին շենքում վարձակալել է բնակարան, վճարել է դրա վարձավճարը և հոգացել վերջինիս ամենօրյա ծախսերը, տրամադրել է տրանսպորտային միջոց` «OPEL» մակնիշի, 36DG494 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, քողարկման և անճանաչելի դառնալու համար նախատեսված շպարման պիտույքներ` կեղծամներ, բեղեր, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք է բերել և տվել հրազեն հանդիսացող` գործարանային համարները ջնջված 7.62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակ, խլացուցիչով ու նշանոցով ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ և դրանց համապատասխանող, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք մինչև 2020 թվականի փետրվարի վերջը նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են Լևոն Խուդոյանի համար վարձակալած բնակարանում: Թիրախավորված անձանց դիակները սպանությունից հետո հուղարկավորելու և հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Արմեն Պողոսյանը և Լևոն Խուդոյանը քննարկել և ընտրել են համապատասխան վայրեր, սակայն Արմեն Պողոսյանը հանցավոր նպատակին չի հասել կամքից անկախ հանգամանքներով, քանի որ ի վերջո Լևոն Խուդոյանը նախապատրաստվող սպանությունների մասին հաղորդել է իրավապահ մարմիններին:
Բացի դրանից, Արմեն Պողոսյանը, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք բերելով իր լուսանկարով, սակայն 19.02.1970թ. ծնված Արմեն Ռազմիկի Անտոնյանի տվյալներով ՌԴ քաղաքացու N754664894 իրավունք վերապահող ակնհայտ կեղծ անձնագիրը, դրա օգտագործմամբ 2018 թվականի հոկտեմբերի 8-ին ՌԴ Մոսկվա քաղաքից ինքնաթիռով` թիվ 477 չվերթով, ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը, իսկ հոկտեմբերի 13-ին նույն ակնհայտ կեղծ փաստաթղթի օգտագործմամբ նույն անցակետով կրկին ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և թիվ 906 չվերթով լքել Հայաստանի Հանրապետությունը»1։
6. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ բավարարելով մեղադրյալ Ա.Պողոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Նախաքննության մարմնի միջնորդությունը եզրահանգել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու հավանականության վտանգը շարունակում է բարձր մնալ2։
7. Առաջին ատյանի դատարանը, մերժելով այլ խափանման միջոցի՝ գրավի կիրառմամբ մեղադրյալ Ա.Պողոսյանին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) [Ո]րպես նոր ի հայտ եկած հանգամանք պաշտպանական կողմը Միջնորդությամբ հայտնել է մեղադրյալ Արմեն Պողոսյանի մոտ առողջական խնդիրների առկայությունը, և այդ խնդիրների հետ կապված արգելանքի տակ գտնվելու ժամանակ համապատասխան բուժօգնություն չցուցաբերելը:
Մինչդեռ, առկա չէ կալանքը կրելուն խոչընդոտող մեղադրյալի մոտ առկա հիվանդության վերաբերյալ բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջնորդագիր, որը կարող էր հիմք հանդիսանալ Արմեն Պողոսյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոփոխելու համար:
Ինչ վերաբերում է Միջնորդությամբ նշված՝ Մեղադրյալի առողջական վիճակի վատթարացմանը, դրա հետ կապված՝ նշանակված բժշկական խորհուրդներն ի կատար չածվելու մասին պաշտպանական կողմի պնդումներին, որպիսի հանգամանքները հայտնի չեն եղել Արմեն Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը քննության առնելու ժամանակ, [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է հետևյալը. (...) [ա]ռողջական վիճակի վատթարացումն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ Արմեն Պողոսյանին կալանքից այլ խափանման միջոցի կիրառմամբ ազատ արձակելու համար, վերջինս առողջական կոնկրետ վիճակի վատթարացման դեպքում կալանքի տակ գտնվելու պայմաններում իրավունք ունի ստանալ անհետաձգելի բժշկական օգնություն, այդ թվում՝ զննվել իր ընտրած բժշկի կողմից, իսկ մասնագիտացված բուժօգնության կարիք ունենալու դեպքում՝ փոխադրվել հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն: Ամփոփելով (...) արձանագրվածը՝ [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ առկա չեն այնպիսի նոր հանգամանքներ, որոնց հիման վրա կարող է թույլատրելի ճանաչվել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալ Արմեն Պողոսյանին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը, հետևաբար Միջնորդությունը ենթակա է մերժման»3։
8. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` արձանագրել է հետևյալը. «(...) [Թ]եև [Առաջին ատյանի դատարանի] հիմնավորումներն ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար, այնուամենայնիվ, ներկայացված նյութերում առկա է «Էրեբունի» բժշկական կենտրոնից տրված տեղեկանք, համաձայն որի` հայտնվել է, որ որոշվել է Արմեն Պողոսյանին դուրս գրել ստացիոնարից` արտահիվանդանոցային պայմաններում բուժումը շարունակելու, ԼՕՌ մասնագետի մոտ 4 օր անց կրկնակի այց իրականացնելու և 20 օր անց քթի հարակից խոռոչների [համակարգչային շերտագրություն] հետազոտություն իրականացնելու պայմանով, սակայն ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի կողմից տրված տեղեկանքի համաձայն` «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից խորհուրդներում նշված [համակարգչային շերտագրություն] հետազոտություն չի իրականացվել` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 3345-Ա հրամանի: Այսինքն` վերոգրյալից հետևում է, որ պետությունը` ի դեմս քրեակատարողական ծառայության, չի կատարել ազատությունից զրկված անձ Արմեն Պողոսյանի առողջությունը պաշտպանելու իր պոզիտիվ պարտականությունը` հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 3345-Ա հրամանը, ինչն անընդունելի է:
(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Արմեն Պողոսյանին անհրաժեշտ և անհապաղ բժշկական օգնություն չտրամադրելը և այդ պայմաններում շարունակական կալանավորված պահելը կարող է հանգեցնել ՄԻԵԿ 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման, ուստի նախաքննության մարմինը, դատախազությունը և քրեակատարողական ծառայությունը պարտավոր էին և պարտավոր են ապահովել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու» մասին ՀՀ օրենքի 13-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված` անազատության մեջ գտնվող մեղադրյալի իրավունքը` ստանալու անհրաժեշտ և պատշաճ բուժօգնություն պետության միջոցների հաշվին կամ բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին, ընդ որում` ինչպես ՔԿՀ-ում, այնպես էլ հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատությունում, ինչը սույն դեպքում փաստացի ժամանակին չի կատարվել: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այս իրավունքից որևէ նահանջ չի կարող լինել և իրավասու մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել մեղադրյալի անհրաժեշտ և պատշաճ բուժօգնություն ստանալու հնարավորությունը` չզրկելով նրան նաև իր նախընտրած հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատությունում և բժշկի մոտ բուժում ստանալու իրավունքից:
Այսպիսով` Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոգրյալ եզրահանգումները, մասնավորապես` Արմեն Պողոսյանին անհրաժեշտ և անհապաղ բժշկական օգնություն չտրամադրելը, նրա ներկայիս առողջական վիճակը, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալ Արմեն Պողոսյանի նկատմամբ այլ խափանման միջոցի` գրավի կիրառմամբ և տվյալ դեպքում 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամի չափով գրավն ի զորու է չեզոքացնել կալանավորման հիմքերի առկայությունը»4:
9. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ Ա.Պողոսյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին հասցեագրված՝ 2020 թվականի նոյեմբերի 25-ի գրության համաձայն՝ «(...) «Էրեբունի» բժշկական կենտրոնից ստացված գրության համաձայն՝ [Ա.Պողոսյանը] դուրս է գրվել դեղորայքային բուժման խորհուրդներով, որոշվել է [նրան] դուրս գրել ստացիոնարից՝ արտահիվանդանոցային պայմաններում բուժումը շարունակելու, ԼՕՌ մասնագետի մոտ 4 օր անց կրկնակի այց իրականացնելու և 20 օր անց քթի հարակից խոռոչների [համակարգչային շերտագրություն] հետազոտություն իրականացնելու պայմանով։ Հայտնել՝ կատարվե՞լ են արդյոք [Ա.Պողոսյանի] հետագա բուժման վերաբերյալ համապատասխան բժշկական փաստաթղթերում նշված բոլոր, այդ թվում՝ հիշյալ ցուցումները, եթե այո, ապա բժշկական ինչպիսի՞ միջամտություններ են կատարվել. եթե ոչ, ապա ինչ պատճառաբանությամբ։ Բժշկի ցուցումները կատարված չլինելու դեպքում անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանց կատարումն ապահովելու և Ա.Պողոսյանի մոտ առկա վերջնական առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ հայտնելու ուղղությամբ»5։
9.1. Նշված գրությանն ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վարդաշեն» ստորաբաժանման բժիշկ Ն.Վանյանը 2020 թվականի դեկտեմբերի 2-ի գրությամբ հայտնել է. ««Էրեբունի» ԲԿ-ից դուրս գրվելուց հետո «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ Ա.Պողոսյանին տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել և ներկայումս առկա չէ։ (...) [Վ]երոնշյալ բժշկական կենտրոնից դուրս գրվելուց հետո արտահիվանդանոցային պայմաններում Ա.Պողոսյանը ստացել է և ստանում է «էրեբունի» ԲԿ-ում նշանակված (...) դեղերը՝ (...) [Ա.Պողոսյանի] առողջական վիճակը ներկայումս բավարար է։ (...) «Էրեբունի» ԲԿ-ի կողմից խորհուրդներում նշված [համակարգչային շերտագրություն] հետազոտություն չի իրականացվել համաձայն ՀՀ առողջապահության [նախարարի՝] 27 սեպտեմբերի 2020թ. թիվ 3345-Ա հրամանի։ Հնարավորինս արագ կկազմակերպվի [համակարգչային շերտագրություն] հետազոտություն և Ա.Պողոսյանի մոտ առկա վերջնական առողջության վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տվյալներ»6։
9.2. 2021 թվականի օգոստոսի 4-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Արմեն Արտաշեսի Պողոսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը՝ ըստ էության քննելու համար, և Ա.Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը թողնվել է անփոփոխ7։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում: Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է անձի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 137-րդ և 143-րդ հոդվածների կարգավորումների համատեքստում Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Այսպես, բողոքաբերի պնդմամբ՝ այն, որ Ա.Պողոսյանին մեղսագրվում են առանձնապես ծանր, ինչպես նաև ծանր, միջին և ոչ մեծ ծանրության ենթադրյալ հանցագործություններ, ինչպես նաև գործի նյութերից բխող մյուս հանգամանքները վկայում են, որ գրավը չի կարող լինել գործուն երաշխիք՝ ազատության մեջ գտնվելու դեպքում Ա.Պողոսյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման վտանգը չեզոքացնելու համար։
10.1. Բողոքաբերը փաստարկել է, որ մեղադրյալ Ա.Պողոսյանի պատշաճ վարքագիծն ավելի մեղմ խափանման միջոցի՝ գրավի ընտրությամբ ապահովելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը պայմանավորված է զուտ նրա առողջական վիճակով, մինչդեռ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ, 21-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածների համադրված վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ բացառապես կալանավորված անձի առողջական վիճակը որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու հիմք դիտարկելու համար իրավասու մարմնի տրամադրության տակ առնվազն պետք է լինեն՝ բժշկական հանձնաժողովի եզրակացությունը, որը կհաստատի կալանավորված անձի մոտ ծանր հիվանդության առկայությունը, և դրա վրա հիմնված՝ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջնորդագիրը, որպիսիք սույն գործով չեն ներկայացվել։
Բացի այդ, ըստ բողոքի հեղինակի, ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով չի բացառվել անազատության մեջ պահվող անձանց անհրաժեշտ՝ առողջական համապատասխան վիճակով պայմանավորված պահանջվող բուժօգնության տրամադրումը, այլ ընդհակառակը՝ համապատասխան ցուցումների առկայության դեպքում այն եղել է երաշխավորված, ու կալանավորված անձանց կյանքին ընդհանուր առմամբ, նշված ակտի ուժով, վտանգ սպառնալ չէր կարող։ Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ՝ գործի նյութերը որևէ տվյալ չեն պարունակում նաև կոնկրետ դեպքում մեղադրյալ Ա.Պողոսյանի առողջությանը սպառնացող վտանգի և դրանց չեզոքացմանը խոչընդոտելու մասին։
Բողոքաբերը նշել է նաև, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 3-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես առողջական վիճակի հիմքով պայմանավորված՝ կալանավորված անձանց ազատ արձակելու ընդհանուր պարտավորություն առաջացնող դրույթ։
11. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմանը։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք մեղադրյալ Ա.Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուց հետո ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող էին հիմք ծառայել գրավի կիրառմամբ նրան կալանքից ազատ արձակելու համար։
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(...) Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել»։
Նույն օրենսգրքի 151-րդ հոդվածի 3.1-րդ կետի համաձայն՝ «Դատարանը կամ դատախազը կարող է փոփոխել կամ վերացնել որպես խափանման միջոց ընտրված կալանքը, եթե առկա է կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն: Ծանր հիվանդությամբ տառապող անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի հարցը լուծելիս դատարանը կամ դատախազը հաշվի է առնում վերագրվող հանցագործության ծանրությունը, մեղադրյալի անձնավորությունը և այլ հանգամանքներ»։
Մեջբերված դատավարական նորմի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը, հաշվի առնելով կալանավորման՝ անձի անձնական ազատության իրավունքին ինտենսիվ միջամտության բնույթը, սահմանել է կալանավորումը կիրառելուց հետո այն առավել մեղմ խափանման միջոցով փոխարինելու հարցը քննարկելու ինքնավար ընթացակարգ։ Մասնավորապես, քրեական վարույթի բնականոն ընթացքն ապահովելու համար կալանավորման միջոցով անձի անձնական ազատությունը սահմանափակված լինելու դեպքում դատարանը հետագայում կարող է թույլատրելի ճանաչել անձի հիմնական իրավունքները և ազատություններն առավել նվազ սահմանափակող այլ խափանման միջոցի ընտրությամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը՝ պայմանով, որ՝
- ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանք(ներ), որոնք անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելիս անհայտ էին կամ չէին կարող հայտնի լինել դատարանին,
- այդ հանգամանք(ներ)ն իր(ենց) որակական հատկանիշներով ինքնին կամ գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություն անել քրեադատավարական ներգործության ավելի մեղմ միջոցով անձի պատշաճ վարքագիծն ապահովելու հնարավորության մասին։ Այսինքն, խոսքն այն հանգամանքների մասին է, որոնք կալանավորված անձի՝ ազատության մեջ գտնվելու դեպքում հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող բավարար գործոններ կարող են համարվել՝ հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի և վերջինիս մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելուց հետո դատարանը, նոր հանգամանք(ներ) ի հայտ գալու կամ հայտնի դառնալու հիմքով քննության առնելով անձի պատշաճ վարքագիծը վերջինիս հիմնական իրավունքները և ազատություններն առավել նվազ սահմանափակող խափանման միջոցի կիրառմամբ ապահովելու հնարավորության հարցը, պետք է հաշվի առնի նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հանգամանքները։
13.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք 135-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`
1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.
3) (...) առողջական վիճակը. (…)»:
Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակներում անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը ու վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր ու գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին8։
13.2. Անդրադառնալով քրեական դատավարության ընթացքում անձի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու նպատակով նրա նկատմամբ խափանման միջոցի կիրառման և դրա տեսակի ընտրության իրավաչափության տեսանկյունից առողջական վիճակը գնահատելու հանգամանքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև օրենսդիրն անձի մոտ ծանր հիվանդության առկայությունը նախատեսել է որպես խափանման միջոց ընտրված կալանքից նրան ազատելու ինքնուրույն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3.1-րդ մասով նախատեսված հիմք՝ սահմանելով հատուկ ընթացակարգ, այնուամենայնիվ, կարևորել է խափանման միջոց կիրառելու ու դրա տեսակի ընտրության իրավաչափության համատեքստում անձի առողջական վիճակի պատշաճ գնահատումը, ինչը նաև բխում է դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի արգելքի սահմանադրական ու կոնվենցիոն պահանջից: Մասնավորապես, ազատությունից զրկելու համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) շարունակաբար ընդգծել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես առողջական վիճակի հիմքով կալանավորված անձին ազատ արձակելու կամ նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու ընդհանուր պարտավորություն սահմանող դրույթ, անգամ եթե նա տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հատկապես դժվար է բուժել9։ Այնուամենայնիվ, այն պետության համար առաջացնում է ազատությունից զրկված անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը, այդ թվում` անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու միջոցով պաշտպանելու պարտականություն10։ Այդ հանգամանքը Եվրոպական դատարանը շեշտել է նաև Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրած վճռում` նշելով, որ ազատությունից զրկված բոլոր անձանց համար պետք է ապահովվեն այնպիսի պայմաններ, որոնք համատեղելի են նրանց արժանապատվությունը հարգելու հետ, նրանք չպետք է ենթարկվեն այնպիսի ծանրության տառապանքների կամ զրկանքների, որոնք գերազանցում են անազատության մեջ գտնվելուն ներհատուկ տառապանքի անխուսափելի աստիճանը, նրանց առողջությունն ու բարեկեցությունը պետք է պատշաճորեն պահպանվի, ի թիվս այլ միջոցների` անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու միջոցով` հաշվի առնելով ազատությունից զրկելու հետ կապված գործնական պահանջները11։
Ծանր հիվանդ անձի ազատազրկումը Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխանելու հարցը քննարկելիս Եվրոպական դատարանը հաշվի է առնում տարբեր հանգամանքներ, այդ թվում՝ անձի առողջական վիճակի տեսանկյունից նրա կալանքի տակ գտնվելու նպատակահարմարությունը12։
Այս առնչությամբ հարկ է արձանագրել, որ ներպետական օրենսդրությամբ երաշխավորված է կալանավորման եղանակով ազատությունից զրկված անձանց ֆիզիկական առողջության պահպանությունը՝ պահանջվող բժշկական օգնություն տրամադրելու միջոցով, ընդ որում՝ նաև իր կողմից ընտրված բժշկի կողմից զննվելու, հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն փոխադրվելու միջոցով13։ Ուստի այն դեպքում, երբ անձի մոտ կհաստատվի հիվանդության առկայությունը, էական նշանակություն կարող է ունենալ այն հանգամանքների գնահատումը, որոնք կարող են վկայել կալանքի տակ գտնվելու պայմաններում նրա ֆիզիկական առողջությունը պատշաճ պահպանելու խոչընդոտների, հետևապես նաև՝ կալանավորման եղանակով անձի ազատությունը սահմանափակելու աննպատակահարմարության մասին։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Ա.Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով ու 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, մեղադրանք է առաջադրվել՝ ա) շահադիտական դրդումներով երկու և ավելի անձանց սպանությունը նախապատրաստելու, բ) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք պահելու, գ) ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և դ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար14։
- Առաջին ատյանի դատարանը, քննարկելով այլ խափանման միջոցի՝ գրավի կիրառմամբ մեղադրյալ Ա.Պողոսյանին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը, ներկայացված նյութերի հետազոտմամբ գտել է, որ թեև Ա.Պողոսյանի առողջական առկա վիճակի վերաբերյալ տեղեկությունները հայտնի չեն եղել վերջինիս կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելիս, սակայն առկա չէ կալանքը կրելուն խոչընդոտող հիվանդության վերաբերյալ բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա կալանավորված անձանց պահելու վարչակազմի միջնորդագիրը, որը կարող էր ընտրված կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու հիմք լինել։ Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով մեղադրյալ Ա.Պողոսյանի առողջական վիճակի վատթարացման, ցուցված բժշկական խորհուրդները կատարված չլինելու պնդմանը, նշել է, որ վերջինիս առողջական վիճակի վատթարացումն ինքնին չի կարող հիմք լինել այլ խափանման միջոցի կիրառմամբ նրան կալանքից ազատ արձակելու համար, քանի որ Ա.Պողոսյանը կալանքի տակ գտնվելու պայմաններում իրավունք ունի ստանալ անհետաձգելի բժշկական օգնություն, այդ թվում՝ զննվել իր ընտրած բժշկի կողմից, իսկ մասնագիտացված բուժօգնության կարիք ունենալու դեպքում՝ փոխադրվել հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ առկա չեն այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող էին հիմք լինել ընտրված կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու համար15։
- Վերաքննիչ դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ արձանագրել է, որ իրավաչափ է կալանքի տակ գտնվելու պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումը, այնուամենայնիվ, գտել է, որ մեղադրյալ Ա.Պողոսյանին ցուցված համակարգչային շերտագրություն հետազոտությունը սահմանված ժամկետում չի կատարվել։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ անհրաժեշտ և անհապաղ բժշկական օգնություն չտրամադրելը և այդ պայմաններում շարունակական կալանքի տակ գտնվելը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված արգելքի խախտման։
Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով մեղադրյալ Ա.Պողոսյանի առկա առողջական վիճակը, անհրաժեշտ և անհապաղ բժշկական օգնություն վերջինիս տրամադրված չլինելը, գտել է, որ 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամի չափով գրավն ի զորու է երաշխավորելու մեղադրյալ Ա.Պողոսյանի պատշաճ վարքագիծը՝ ազատության մեջ գտնվելու դեպքում16։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատման ենթարկելով սույն որոշման 13-13.2-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ նախ և առաջ անհրաժեշտ է արձանագրել, որ ինչպես իրավացիորեն նշել է Առաջին ատյանի դատարանը17, յուրաքանչյուր դեպքում առողջական վիճակով պայմանավորված՝ անձի նկատմամբ ընտրված կալանավորումը կարող է փոխվել բժշկական հանձնաժողովի համապատասխան եզրակացության և դրա հիման վրա կալանավորված անձանց պահելու վարչակազմի կողմից միջնորդագրի առկայության դեպքում։ Սակայն, քանի որ նշված եզրակացության և միջնորդագրի բացակայությունն ինքնին չէր բացառում առողջական վիճակով պայմանավորված պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում չտրամադրելու հիմքով կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ հարցի քննարկումը, ուստի Ա.Պողոսյանի նկատմամբ ընտրված կալանավորումն ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելու հարցի քննարկումն իրավաչափ էր։
Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առողջական վիճակով պայմանավորված անհրաժեշտ բժշկական հետազոտությունը սահմանված ժամկետում կատարված չլինելու պայմաններում Ա.Պողոսյանին շարունակական կալանքի տակ պահելու դեպքում Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված արգելքի հնարավոր խախտման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողությունը կառուցված չէ գործի փաստական տվյալներից բխող հետևությունների վրա։ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում չի վկայակոչել որևէ փաստական տվյալ առ այն, որ սահմանված ժամկետում համակարգչային շերտագրություն հետազոտությունն իրականացված չլինելը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել մեղադրյալ Ա.Պողոսյանի առողջական վիճակի վատթարացման։
Վերոգրյալի հետ մեկտեղ, Վերաքննիչ դատարանը, սահմանափակվելով մեղադրյալ Ա.Պողոսյանի առկա առողջական վիճակի ընդհանրական վկայակոչմամբ՝ առանց դրա վերաբերյալ կոնկրետ տվյալ մատնանշելու, վերլուծելու և գնահատելու, որևէ հիմնավորում չի ներկայացրել առ այն, որ տվյալ պարագայում մեղադրյալ Ա.Պողոսյանին համակարգչային շերտագրություն հետազոտության չենթարկելը բացասաբար է անդրադարձել կամ կարող էր անդրադառնալ նրա առկա առողջական վիճակի վրա, ինչն էլ իր հերթին կարող էր հիմք հանդիսանալ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված արգելքի հնարավոր խախտման վերաբերյալ հետևության գալու համար։ Այդպիսի փաստական տվյալ(ներ) առկա չէ նաև ներկայացված նյութերում։
Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի և ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանման բժշկի միջև տեղի ունեցած թղթակցության համաձայն՝ քրեական հետապնդման մարմնի կողմից հրահանգվել է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ա.Պողոսյանին ցուցված և չկատարված հետազոտությունների կատարումն ապահովելու ուղղությամբ, և նրա առողջական առկա վիճակի վերաբերյալ տրամադրել լրացուցիչ տվյալներ, ինչին ի պատասխան հայտնվել է, որ հնարավորինս արագ կկազմակերպվի համակարգչային շերտագրություն հետազոտությունը և Ա.Պողոսյանի առողջական առկա վիճակի վերաբերյալ կտրամադրվեն լրացուցիչ տվյալներ18, այսինքն՝ Ա.Պողոսյանի առողջական վիճակի պահպանության հարցը գտնվել է քրեական հետապնդման մարմնի հատուկ հսկողության ներքո։
Միևնույն ժամանակ, սույն գործում առկա փաստական հանգամանքները հիմք չեն տալիս եզրահանգելու նաև, որ մեղադրյալ Ա.Պողոսյանին անհրաժեշտ բուժօգնությունը չի կարող պատշաճ կազմակերպվել անազատության մեջ գտնվելու պայմաններում։
15.1. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն առանցքային է համարում այն հանգամանքը, որ մեղադրյալ Ա.Պողոսյանին ցուցված հետազոտություններից՝ համակարգչային շերտագրությունը ժամանակին չկատարելը, արձանագրված փաստական տվյալների հաշվառմամբ, չի կարող դիտարկվել որպես բավարար չափով համոզիչ և հիմնավորված փաստարկ այլ խափանման միջոցի կիրառմամբ մեղադրյալ Ա.Պողոսյանին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը թույլատրելի ճանաչելու համար։
16. Վճռաբեկ դատարանը նաև արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Ա.Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու հարցի քննարկման արդյունքում այն թույլատրելի ճանաչելիս չի պահպանել Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի պահանջները և անտեսել է սույն գործի փաստական հանգամանքների առանձնահատկությունները, որոնք իրենց համակցության մեջ, բավարար էին մեղադրյալ Ա.Պողոսյանի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար։ Մեղադրյալ Ա.Պողոսյանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, ակնկալվող պատժի խստությունը, ենթադրյալ հանցավոր արարքները հանցակիցների ներգրավմամբ կատարելը, հանցակցությամբ կատարված ենթադրյալ հանցագործությունների մեխանիզմում ունեցած դերակատարումը, ենթադրյալ հանցագործությանը նրա մասնակցության բնույթն ու աստիճանը, ինչպես նաև ի սկզբանե ենթադրյալ հանցավոր արարքները՝ դրանք թաքցնելուն ուղղված գործողություններով զուգակցելը և սույն գործի մյուս փաստական հանգամանքների համակցությունը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ գործի քննության տվյալ փուլում մեղադրյալ Ա.Պողոսյանի՝ ազատության մեջ գտնվելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի պատշաճ քննությանը խոչընդոտելու հավանականության ռիսկը շարունակում է բավականին բարձր լինել։ Սակայն, վերոնշյալ փաստական հանգամանքները, որոնք իրենց համակցության մեջ բավարար էին մեղադրյալի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար, համակողմանի գնահատման չեն ենթարկվել Վերաքննիչ դատարանի կողմից։ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Ա.Պողոսյանին 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամի չափով գրավի կիրառմամբ կալանքից ազատելու հնարավորությունը թույլատրելի ճանաչելով, հաշվի չի առել, որ կոնկրետ դեպքում խափանման միջոց գրավն ի զորու չէ հակակշռելու մեղադրյալ Ա.Պողսյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը` հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի և վերջինիս մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։
17. Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ Ա.Պողոսյանի պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով կալանավորմանը նախապատվություն տալուց հետո ի հայտ չեն եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող էին հիմք ծառայել այլ խափանման միջոցի կիրառմամբ` նրան կալանքից ազատ արձակելու համար։
18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 137-րդ և 151-րդ հոդվածների պահանջների խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է, և Ա.Պողոսյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում19, ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ այն եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Արմեն Արտաշեսի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 124-127:
2 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 59-86:
3 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 92-97:
4 Տե՛ս նյութեր, հատոր 4, թերթեր 97-107:
5 Տե՛ս նյութեր, հատոր 4, թերթեր 86-87:
6 Տե՛ս նյութեր, հատոր 4, թերթեր 89-90:
7 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ/1035/01/21 քրեական գործը:
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վահագն Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը:
9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Gelfmann v. France գործով 2004 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 25875/03, կետ 50։
10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Sarban v. Moldova գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 3456/05, կետ 77։
11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Davtyan v. Armenia գործով 2015 թվականի մայիսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 29736/06, կետ 81։
12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mouisel v. France գործով 2002 թվականի նոյեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 67263/01, կետեր 40-42, mutatis mutandis Վճռաբեկ դատարանի` Արթուր Օսիպյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԿԴ/0046/01/16 որոշումը:
13 Տե՛ս «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 21-րդ հոդվածները։
14 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
15 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
16 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
17 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
18 Տե՛ս սույն որոշման 9-րդ և 9.1-րդ կետերը:
19 Տե՛ս սույն որոշման 9.2-րդ կետը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: