Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.11.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.11.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՎԴ/0053/01/18

ԱՎԴ/0053/01/18

Նախագահող դատավոր՝  ԿՄարդանյան

 Դատավորներ`

 Ա. Մնացականյան

 Մ. Արղամանյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

 Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 մասնակցությամբ դատախազ՝

 Լ. ՇԻՐՎԱՆՅԱՆԻ

պաշտպան՝

Հ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2021 թվականի նոյեմբերի 26-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով Սերինե Ռաֆիկի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի ապրիլի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի մայիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 27101817 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ Սերինե Ռաֆիկի Հայրապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրյալ Ս.Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ Ս.Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

2018 թվականի մայիսի 30-ին նախաքննության մարմնի կողմից հայտարարվել է քրեական գործով նախաքննության ավարտ, և նույն թվականի հունիսի 29-ին գործով կազմվել է մեղադրական եզրակացություն:

2018 թվականի հուլիսի 4-ին ՀՀ Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Ռ.Գևորգյանի (այսուհետ՝ նաև Դատախազ) որոշմամբ Ս.Հայրապետյանին մեղսագրված արարքը որակվել է մեղադրական եզրակացությամբ տրված որակումից նվազ ծանր պատասխանատվություն նախատեսող` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քրեական գործը, մեղադրական եզրակացության հաստատված փոփոխություններով, ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ Ս.Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել և քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

3. Մեղադրող Ռ.Գևորգյանի և տուժողի ներկայացուցիչ Ա.Թևոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: 2021 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքի քննության ընթացակարգը վերանայվել է և որոշվել բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում։

Ս.Հայրապետյանի պաշտպաններ Ա.Ղազարյանը և Հ.Սարգսյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Նախաքննության մարմնի կողմից 2018 թվականի հունիսի 29-ին կազմած մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի համաձայն. «[Սերինե Հայրապետյանը] մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքի համար, որ նա, իր և գործատուի միջև 01.10.2017 թվականին կնքված աշխատանքային թիվ 6 պայմանագրի հիման վրա հանդիսանալով նախկին «Արտաշատի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, իսկ 14.09.2007 թվականին «Արտաշատի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի և ներկայիս «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ի միաձուլվելուց հետո, ԲԿ-ի տնօրենի 2013 թվականի մարտի 5-ի հրամանով ստանալով Արտաշատի պոլիկլինիկական ծառայության վերահսկման լիազորություն, որից հետո վերը նշված 01.10.2007 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի հետ 01.07.2013 թվականին կնքված թիվ 1 համաձայնագրի 2.1.7 կետի համաձայն ունենալով պաշտոնական հրահանգներով կամ տնօրենի հրամաններով և կարգադրություններով իր համար սահմանված պարտականությունների կատարման պարտավորություն, այնուհետև ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 1-ի N 07-Ն հրամանի հիման վրա ԲԿ-ի տնօրենի կողմից 14.03.2016 թվականին տրված թիվ 61 հրամանով հանդիսանալով ՀՀ քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական ստուգման կարգի պահպանման, վերահսկման պատասխանատուն և տեղեկացված լինելով, որ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացությունը, ըստ ԲԿ-ի գնացուցակի պետք է տրամադրվի 5.000 ՀՀ դրամ վճարի դիմաց, ունենալով կազմակերպական-տնօրինչական լիազորություններ, այսինքն՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է՝ 272 քաղաքացիների, առանց պարտադիր վճարման ենթակա գումար գանձելու, տվել է ԲԿ-ի տնօրենի կողմից ներկայացված և ՀՀ Արարատի մարզպետի կողմից հաստատված «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ի 2016 թվականին վճարովի ծառայությունների գնացուցակի 14-րդ բաժնի 6-րդ ենթաբաժնի «բ» կետով որպես 3 և ավելի բաղադրիչ պարունակող զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության մասին 5.000 ՀՀ դրամ վճարի դիմաց տրամադրվող բժշկական եզրակացություններ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ին 1.360.000 ՀՀ դրամ գույքային վնասի չափով պատճառվել է էական վնաս։ Այսպիսով՝ Սերինե Ռաֆիկի Հայրապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մեղավորությամբ հանրության համար վտանգավոր արարք կատարելու, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ»1:

6. Դատախազի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի որոշման համաձայն՝ «(…) [Ա]պացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է որ. Սերինե Հայրապետյանը, 14.09.2007թ. «Արտաշատի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի և «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի միաձուլվելուց հետո, իր և գործատուի միջև 01.10.2007թ. կնքված աշխատանքային թիվ 6 պայմանագրի հիման վրա փաստացի հանդիսանալով «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի փոխտնօրեն և ի պաշտոնե ղեկավարելով նույն ԲԿ-ի Արտաշատի պոլիկլինիկան, իսկ «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի 2013 թվականի մարտի 5-ի թիվ 45 հրամանով ստանալով «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի պոլիկլինիկական ծառայության վերահսկման լիազորություն, որից հետո վերը նշված աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի հետ 01.07.2013թ. կնքված թիվ 1 համաձայնագրի 2.1.7 կետի համաձայն` ունենալով պաշտոնական հրահանգներով կամ տնօրենի հրամաններով և կարգադրություններով իր վրա դրված պարտականությունների կատարման անմիջական ղեկավարի օրինական պահանջներին ենթարկվելու պարտավորություն, իսկ ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 1-ի N 07-Ն հրամանի հիման վրա «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի 14.03.2016թ. տրված թիվ 61 հրամանով լինելով ՀՀ քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ, ունենալով ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 1-ի N 07-Ն հրամանի համաձայն` ՀՀ քաղաքացիներին տրամադրվող զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների բացակայության մասին բժշկական եզրակացություններն իր ստորագրությամբ ու կնիքով հաստատելու լիազորություն, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել իր վրա դրված պարտականությունները, այն է` պատշաճ վերահսկում չի իրականացրել քաղաքացիներին տրամադրվող զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների բացակայության մասին ՀՀ Արարատի մարզպետի կողմից հաստատված «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների 2016 թվականի գնացուցակի 14-րդ բաժնի 6-րդ ենթաբաժնի «բ» ենթակետով սահմանված` երեք և ավելի բաղադրիչ պարունակող 5.000 ՀՀ դրամ վճարի դիմաց տրամադրվող բժշկական եզրակացությունների տրամադրման գործընթացի նկատմամբ, ինչի հետևանքով 272 քաղաքացիների, առանց գումար գանձելու, իսկ 16 քաղաքացիներից 5.000 ՀՀ դրամի փոխարեն 3.000 ՀՀ դրամ գումար գանձելու պայմաններում տրամադրվել են զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայությունների մասին բժշկական եզրակացություններ, որի հետևանքով «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ի օրինական շահերին 1.392.000 ՀՀ դրամ գույքային վնասի ձևով պատճառվել է էական վնաս։ Վերոգրյալի հիման վրա անհրաժեշտ է սույն քրեական գործով Ս.Հայրապետյանին մեղսագրված հանցագործությունը որակել մեղադրական եզրակացությամբ կատարված որակումից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մաս, նվազ ծանր պատասխանատվություն նախատեսող օրենքին համապատասխան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով»2:

7. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Ս.Հայրապետյանի պաշտպաններ Ա.Ղազարյանը և Հ.Սարգսյանը միջնորդել են վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: 2018 թվականի հոկտեմբերի 27-ի դատական նիստում վերջիններս ներկայացրել են գրավոր միջնորդություն այն պատճառաբանությամբ, որ դատախազի կողմից սույն քրեական գործը դատարան է ուղարկվել ըստ էության քննելու` առանց քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված պարտադիր ընթացակարգի պահպանման Ս.Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակված մեղադրանքը առաջադրելու3:

8. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Համադրելով [Նախաքննության մարմնի կողմից կազմված մեղադրակական եզրակացության և Դատախազի՝ 04.07.2018թ. թիվ 27101817 քրեական գործով հանցագործությունը մեղադրական եզրակացությամբ կատարված որակումից նվազ ծանր պատասխանատվություն նախատեսող օրենքին համապատասխան որակելու և այդ փոփոխություններով մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին որոշման մեջ] (…) առկա փաստական հանգամանքները` Դատարանն արձանագրում է, որ դրանցում առկա են էական բազմաթիվ տարբերություններ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ կողմը նկարագրող հանգամանքներում: Այսինքն՝ թե մեղադրանքի ծավալի, թե գործողությունների նկարագրության առումով կատարվել են էական փոփոխություններ:

Դատարանը փաստում է, որ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատախազն իրավասու է վերաորակել արարքը նվազ ծանր պատասխանատվություն նախատեսող հոդվածով, սակայն միևնույն ժամանակ օրենսդիրը նույն հոդվածի 2-րդ մասով իմպերատիվ պահանջ է դրել այն մասին, որ նախորդ մեղադրանքից փաստական հանգամանքներով էապես տարբերվող մեղադրանքով փոխարինելու հիմքերի առկայության դեպքում` դատախազը պարտավոր է գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ մեղադրանք առաջադրելու կամ մեղադրանքը փոխելու համար: Հետևաբար` Դատարանը գտնում է, որ դատախազի կողմից սույն քրեական գործի շրջանակներում թույլ է տրվել դատավարական խախտում. այն է` դատախազը պարտավոր լինելով, հիմքերի առկայության պայմաններում` գործը, փաստական հանգամանքներով նախորդ ներկայացված մեղադրանքից էապես տարբերվող մեղադրանքով փոխարինելու կամ մեղադրանքը լրացնելու համար, քննիչին վերադարձնել` իր 04.07.2018թ. որոշմամբ Սերինե Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքը վերաորակել է նվազ ծանր պատասխանատվություն նախատեսող օրենքին համապատասխան` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, որից հետո քրեական գործն ուղարկել է դատարան` ըստ էության քննության առնելու համար:

(…) [Դ]ատախազի 04.07.2018թ. որոշումը, Սերինե Հայրապետյանի (…) պաշտպանական իրավունքի իրացման տեսանկյունից որևէ կերպ չի կարող փոխարինել որպես մեղադրյալ ներգրավելու ինչպես որոշմանը, այնպես էլ մեղադրանք առաջադրելու կարգին և իրավական հետևանքներին` անկախ Ս.Հայրապետյանին նախկինում առաջադրված մեղադրանքի նկատմամբ նվազ ծանր պատասխանատվություն նախատեսող քրեաիրավական որակումից: Դատարանը փաստում է, որ սույն գործով Սերինե Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով չկա հաստատված մեղադրական եզրակացություն և այն չի կարող քննության առարկա լինել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով` չկա առաջադրված մեղադրանք, այլ առկա է դատախազի որոշում` թիվ 27101817 քրեական գործով հանցագործությունը մեղադրական եզրակացությամբ կատարված որակումից նվազ ծանր պատասխանատվություն նախատեսող օրենքին համապատասխան որակելու և այդ փոփոխություններով մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որում սակայն դատախազի կողմից չեն կատարվել սահմանադրական և քրեադատավարական վերաբերելի իրավական նորմերի հրամայական պահանջները, ինչպես նաև օրենքով նախատեսված դատավարական միջոցներ չեն ձեռնարկվել Սերինե Հայրապետյանին սահմանված պատշաճ ընթացակարգով մեղադրանք առաջադրելու համար, որպիսի թույլ տրված սխալի հետևանքով խախտվել է ամբաստանյալի (…) պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:

Դատարանը փաստում է նաև, որ դատախազի կողմից չի պահպանվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 333-րդ հոդվածի պահանջը, այն է՝ նրա կողմից չի հրապարակվել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, այլ հրապարակվել է իր կողմից 04.07.2018թ. կայացված որոշման հատվածը:

(…) Դատարանը հանգում է այն հետևության, որ առկա է ամբաստանյալ Սերինե Ռաֆիկի Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք` արարքի մեջ հանցակազմ չկա, ուստի` քրեական հետապնդումը նրա նկատմամբ ենթակա է դադարեցման»4։

9. Վերաքննիչ դատարանը 2019 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) [Թ]եև Դատախազն իր որոշմամբ Սերինե Հայրապետյանին վերագրել է առավել նվազ պատասխանատվություն նախատեսող արարքի կատարում, սակայն որոշման մեջ նշել է այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք էականորեն տարբերվում են Սերինե Հայրապետյանին նախորդ ներկայացված մեղադրանքից։ Վերաքննիչ դատարանը հատկապես կարևորում է, որ Դատախազը Սերինե Հայրապետյանի մեղադրանքի ծավալում է ներառել նաև 16 քաղաքացիներից 5000 ՀՀ դրամի փոխարեն 3000 ՀՀ դրամ գանձելու փաստը, որի հաշվառմամբ փոխել է նաև պատճառված գույքային վնասի չափը։ Նշվածից առավել ակնհայտ է, որ Դատախազն իր որոշման մեջ նշել է այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք էականորեն տարբերվում են Սերինե Հայրապետյանին նախորդ ներկայացված մեղադրանքից։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրանքը փաստական հանգամանքներով նախորդ ներկայացված մեղադրանքից էապես տարբերվող մեղադրանքով փոխարինելու դեպքում, Դատախազը պարտավոր էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քրեական գործը վերադարձներ Քննիչին։ (…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կառուցակարգի նախատեսումը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ մեղադրանքի փոփոխման ընթացակարգի պահպանման հրամայականով, ինչն առանցքային նշանակություն ունի մեղադրյալի պաշտպանության իրավունքի իրական և արդյունավետ կազմակերպման ապահովման տեսանկյունից։

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում Սերինե Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի փոփոխումը հնարավոր էր միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-203-րդ հոդվածներով սահմանված պահանջների պահպանմամբ, ինչը սույն գործով պահպանված չէ։ Վերաքննիչ դատարանի համար ամբողջությամբ ընդունելի է Սերինե Հայրապետյանի պաշտպանության իրավունքի խախտման վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հիմնավորումները։

Անդրադառնալով Դատախազի վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ մեղադրական եզրակացությունը և 2018 թվականի հուլիսի 04-ի որոշումը տրամադրվել է Սերինե Հայրապետյանին, ինչով և ապահովվել է նրա պաշտպանության իրավունքը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանց տրամադրումը չէր կարող երաշխավորել պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացում, քանի որ առաջադրված մեղադրանքի փոփոխման ՀՀ քրեադատավարական ընթացակարգի խախտումը զրկել է Սերինե Հայրապետյանին մեղադրյալի այն իրավունքներից, որոնք նա կարող էր ունենալ սահմանված ընթացակարգով մեղադրանքը փոփոխելու դեպքում (…)»5։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի մեկնաբանել քրեադատավարական նորմերը, որի արդյունքում կիրառել է այն օրենքը, որը չպետք է կիրառեր՝ կայացնելով անօրինական և անհիմն դատական ակտ, որը խաթարում է արդարադատության բուն էությունն ու հակասում է Վճռաբեկ դատարանի՝ Ֆրունզիկ Գալստյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Բողոքաբերը, վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածը, նշել է որ այն հատուկ նորմ է, որով դատախազի վրա պարտականություն է դրված, առանց առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու, փոխել առաջադրված մեղադրանքի որակումը՝ պայմանով, որ այն պետք է նվազ ծանր պատասխանատվություն նախատեսի: Բողոքաբերի պնդմամբ՝ մեղադրյալի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մասին հիմնավորումը ներկայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ իրավական ընթացակարգով, որի շրջանակում մեղադրյալն իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվել է իրեն մեղսագրվող արարքի բնույթի և հիմքի մասին, ինչպես նաև նրան տրվել են բավարար ժամանակ և հնարավորություններ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար։ Արդյունքում, բողոքաբերը եզրահանգել է, որ մեղադրյալի պաշտպանության իրավունքը չի խախտվել, այլ ընդհակառակը՝ վերը նշված հիմնավորմամբ վերականգնվել են մեղադրյալի խախտված իրավունքները:

Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 176-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 4-րդ ու 24-րդ հոդվածները՝ բողոքաբերը նշել է, որ դատախազն օժտված չէ մեղադրանք առաջադրելու լիազորությամբ, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով որոշում կայացնելուց հետո դատախազն այլ գործողություններ կատարելու լիազորություն չունի, հետևաբար չնախատեսված լիազորությունների չիրականացումը չի կարող համարվել դատախազի կողմից թույլ տրված՝ քրեադատավարական նորմերի խախտում:

Բողոք ներկայացրած անձի կարծիքով, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ անհիմն նեղացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով դատախազին վերապահված լիազորության շրջանակը: Ըստ բողոքաբերի՝ հնարավոր չէ արարքի որակումը փոխել առանց մեղադրանքի ձևակերպման մեջ որոշակի փոփոխություններ կատարելու, իսկ դա կարող է հանգեցնել մեղադրանքների ծավալների որոշակի տարբերությունների։ Ուստի բողոքաբերի պնդմամբ՝ յուրաքանչյուր դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառումը նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով դատախազին տրված լիազորությունը կդարձնի ձևական և առարկայազուրկ:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2019 թվականի ապրիլի 25-ի որոշումը և քրեական գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով ըստ էության քննելու համար:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ամբաստանյալ Ս.Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին Առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումները:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածը սահմանում է.

«1. Դատախազը մեղադրական եզրակացությամբ գործն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, պարտավոր է ընդունել հետևյալ որոշումներից մեկը`

(...)

2) իր որոշմամբ մեղադրանքի ձևակերպումից հանել առանձին կետեր, որակել հանցագործությունն այն օրենքին համապատասխան, որն, ի տարբերություն մեղադրական եզրակացությամբ կատարված որակումից, նախատեսում է նվազ ծանր պատասխանատվություն, և այդ փոփոխություններով հաստատել մեղադրական եզրակացությունը.

(...):

2. Մեղադրանքը լրացնելու կամ այն առավել ծանր կամ փաստական հանգամանքներով նախորդ ներկայացված մեղադրանքից էապես տարբերվող մեղադրանքով փոխարինելու հիմքերի առկայության դեպքում դատախազը պարտավոր է գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ մեղադրանք առաջադրելու կամ մեղադրանքը փոխելու համար»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 20-րդ կետի համաձայն` մեղադրանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացված հիմնավորումն է` որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման մասին։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «[Մեղադրական եզրակացության] եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի մասին տեղեկությունները և առաջադրված մեղադրանքի ձևակերպումը՝ նշելով տվյալ հանցագործությունը նախատեսող քրեական օրենքի նորմերը (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք:

2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը։ (…)»։

14. Անդրադառնալով մեղադրանքի (մեղադրանքի ձևակերպման) հասկացությանը՝ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի՝ այն կոնկրետ անձին մեղսագրվող հանցավոր գործողության կամ անգործության նկարագրությունն է դատավարական փաստաթղթերում։ Կառուցվածքային առումով մեղադրանքը բաղկացած է գործով հաստատված՝ հանրության համար վտանգավոր և հակաիրավական արարքի կատարման հանգամանքների ամբողջությունից և քրեական օրենքի կոնկրետ նորմից, որի հատկանիշներին համապատասխանում է նշված փաստական հանգամանքների ամբողջությունը։ Այլ խոսքով՝ մեղադրանքի տարրեր են կազմում մեղադրանքի ձևակերպումը և դրա իրավաբանական որակումը6։

15. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի կապակցությամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները՝
- Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի կիրառության շրջանակը պետք է գնահատվի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ արդար դատաքննության ավելի ընդհանուր իրավունքի լույսի ներքո: Քրեական հարցերում մեղադրյալին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ ամբողջական, մանրամասն տեղեկատվության տրամադրումը և, հետևաբար, իրավաբանական որակումը, որ դատարանը կարող էր տվյալ հարցով տալ, կարևոր նախապայման է՝ վարույթի արդարությունն ապահովելու համար7,

- Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը կապված են նրանով, որ մեղադրանքի բնույթի ու հիմքի վերաբերյալ տեղեկացվելու իրավունքը պետք է դիտարկվի մեղադրյալի՝ իր պաշտպանությունը նախապատրաստելու իրավունքի լույսի ներքո8,

-Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետը պաշտպանյալին իրավունք է տալիս տեղեկացված լինել ոչ միայն մեղադրանքի «հիմքի» մասին, այսինքն՝ այն արարքների, որոնք նա ենթադրաբար կատարել է, և որոնց վրա հիմնված է մեղադրանքը, այլև մեղադրանքի «բնույթի», այսինքն՝ այդ արարքներին տրված իրավական բնութագրի մասին9:

16. Վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով նախատեսված լիազորությունների իրացմամբ դատախազի կողմից մեղադրանքի փոփոխությունը կատարվում է երկու տարբեր իրավական ընթացակարգերով՝ դատախազի կողմից անմիջականորեն կամ գործը քննիչին վերադարձնելով, որոնցից յուրաքանչյուրի կիրառումն ուղղակիորեն կախված է մեղադրանքի ծավալի և իրավաբանական որակման փոփոխությունից: Այն դեպքերում, երբ անհրաժեշտ է նվազեցնել մեղադրանքի ծավալը, մասնավորապես՝ մեղադրանքի ձևակերպումից հանել առանձին կետեր կամ արարքը որակել այնպիսի հոդվածով, որը նախատեսում է նվազ ծանր պատասխանատվություն, ապա դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լիազորված է իր որոշմամբ անմիջականորեն համապատասխան փոփոխություններ կատարել մեղադրական եզրակացության մեջ և հաստատել այն այդ փոփոխություններով։ Ի տարբերություն նշված կարգավորման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասը դատախազի համար նախատեսում է լրացուցիչ մեղադրանք առաջադրելու կամ մեղադրանքը փոփոխելու համար գործը քննիչին վերադարձնելու մասին որոշում կայացնելու իմպերատիվ պահանջ այն դեպքում, երբ անհրաժեշտ է.

- լրացնել մեղադրանքը,

-առաջադրված մեղադրանքը փոխարինել առավել ծանր մեղադրանքով,

-մեղադրանքը փոխարինել նախկինում ներկայացված մեղադրանքից՝ փաստական հանգամանքներով էապես տարբերվող մեղադրանքով:

Վերոնշյալ օրենսդրական կարգավորումը բխում է մեղադրանքից պաշտպանվելու համար բավարար ժամանակ և հնարավորություն ունենալու՝ ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 3-րդ կետով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով երաշխավորված իրավունքից, որն արդար դատաքննության իրավունքի հիմնարար պահանջներից մեկն է։ Վերոնշյալ քրեադատավարական նորմերից բխում է, որ օրենսդրական կարգավորման հիմքում դրված է իրավաչափ այն գաղափարը, որ մեղադրանքի ձևակերպման փոփոխության, մասնավորապես, դրա իրավական և փաստական կողմի լրացման, իրավական կողմի խստացման կամ փաստական կողմի էական փոփոխության դեպքում պետք է կիրառվեն մեղադրանքի փոփոխման և լրացման դատավարական ընթացակարգերը՝ պահպանելով մեղադրանք առաջադրելու կարգը։ Միայն նշված դատավարական ընթացակարգերի պահպանմամբ՝ հնարավոր կլինի ապահովել պաշտպանության իրավունքի տարրերից՝ ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին տեղեկացվելու պահանջը (ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետ, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետ), որից ուղղակիորեն բխում է նաև մեղադրանքից պաշտպանվելու համար բավարար ժամանակ և հնարավորություն ունենալու երաշխիքի իրացումը։

16.1. Ինչ վերաբերում է մեղադրանքը լրացնելու դատավարական ինստիտուտին, ապա այն ենթադրում է մեղադրանքի ծավալի ընդլայնում՝ հանցավոր գործունեության նոր դրվագներ ներառելով կամ մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքների շրջանակն առանձին հանգամանքներով լրացնելով կամ արարքը մի քանի հոդվածներով որակելով, եթե նախկինում այն որակված է եղել մի հոդվածով, կամ միևնույն հոդվածի սահմաններում նաև այլ կետերով կամ մասերով որակելով:

Անդրադառնալով առաջադրված մեղադրանքն ավելի ծանր մեղադրանքով փոխարինելուն՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն վերաբերում է անձին մեղսագրվող արարքին տրված իրավական գնահատականը խստացնելուն՝ մեղադրանքի ծավալը լրացնելով և (կամ) մեղադրանքը փոփոխելով կամ առանց դրա։

Ինչ վերաբերում է գործը քննիչին վերադարձնելու երրորդ դեպքին, այն է՝ մեղադրանքը նախկինում ներկայացված մեղադրանքից՝ փաստական հանգամանքներով էապես տարբերվող մեղադրանքով փոխարինելու էությանը, ապա այն ենթադրում է հանցակազմի տարրերը կազմող փաստական հանգամանքների էական փոփոխություն՝ առանց արարքին տրված իրավական գնահատականը փոփոխելու կամ նույնիսկ արարքը նվազ ծանր պատասխանատվություն նախատեսող նորմով որակելով:

16.2. Վերոշարադրյալ վերլուծության լույսի ներքո անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի՝ վերը հիշատակված կարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը մեղադրական եզրակացությամբ ստացված գործը քննիչին չվերադարձնելու հնարավորություն նախատեսում է միայն մեղադրանքի ծավալի նեղացման և (կամ) առանց փաստական հանգամանքների էական փոփոխության անձին մեղսագրված արարքը նվազ խիստ պատասխանատվություն նախատեսող նորմով վերաորակելու դեպքում։ Մեղադրանքի լրացման կամ մեղադրանքի փոփոխման մնացած բոլոր դեպքերում մեղադրանք առաջադրելու կամ մեղադրանքը փոփոխելու համար գործը քննիչին վերադարձնելու մասին որոշում կայացնելու իմպերատիվ պահանջ է նախատեսված։

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հունիսի 29-ին կազմված մեղադրական եզրակացությամբ Ս.Հայրապետյանին մեղսագրվել են պաշտոնատար անձի՝ որպես հանցագործության հատուկ սուբյեկտի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի սուբյեկտիվ և օբյեկտիվ կողմի հատկանիշներ՝ նշելով, որ վերջինս «ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 1-ի N 07-Ն հրամանի հիման վրա ԲԿ-ի տնօրենի կողմից 14.03.2016 թվականին տրված թիվ 61 հրամանով հանդիսա[ցել է] ՀՀ քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական ստուգման կարգի պահպանման, վերահսկման պատասխանատուն և տեղեկացվ[ած է եղել] (…), որ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացությունը, ըստ ԲԿ-ի գնացուցակի պետք է տրամադրվի 5.000 ՀՀ դրամ վճարի դիմաց, ունե[ցել է] կազմակերպական-տնօրինչական լիազորություններ, այսինքն՝ հանդիսա[ցել է] պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները», արդյունքում առանց պարտադիր վճարման ենթակա՝ 5.000 ՀՀ դրամ գումարը գանձելու, 272 քաղաքացիների տրամադրվել են բժշկական եզրակացություններ, և «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ին 1.360.000 ՀՀ դրամի չափով գույքային վնաս է պատճառվել10։ Մինչդեռ Դատախազի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ փոփոխվել են Ս.Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված վերոնշյալ փաստական հանգամանքները։ Այսպես, նշված որոշմամբ փաստվել է, որ Ս.Հայրապետյանը վերոնշյալ նույն հրամանների ուժով եղել է ոչ թե քննարկվող բժշկական եզրակացությունները տրամադրելու գործընթացի պատասխանատուն, այլ «ՀՀ քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ», ով «ունե[ցել] է ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 1-ի N 07-Ն հրամանի համաձայն` ՀՀ քաղաքացիներին տրամադրվող զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների բացակայության մասին բժշկական եզրակացությունները իր ստորագրությամբ ու կնիքով հաստատելու լիազորություն», անձնական շահագրգռվածության և մեղքի դիտավորյալ ձևի փոխարեն նշվել է, որ վերջինս «իր կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել իր վրա դրված պարտականությունները, այն է` պատշաճ վերահսկում չի իրականացրել քաղաքացիներին տրամադրվող զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների բացակայության մասին (…) բժշկական եզրակացությունների տրամադրման գործընթացի նկատմամբ»: Բացի այդ, նշված որոշմամբ Ս.Հայրապետյանին մեղսագրվել է նաև 16 քաղաքացիներից 5.000 ՀՀ դրամի փոխարեն 3.000 ՀՀ դրամ գումարի դիմաց բժշկական եզրակացությունների տրամադրելը և «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ին, ոչ թե 1.360.000 ՀՀ դրամի, այլ 1.392.000 ՀՀ դրամ գույքային վնասի պատճառելը11:

18. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ դատախազի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի որոշման պատճառաբանական մասում նշվել են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք էականորեն տարբերվում են Ս.Հայրապետյանին առաջադրված նախորդ մեղադրանքից, սակայն դատախազի կողմից չի պահպանվել գործը քննիչին վերադարձնելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ նշել է, որ դատախազի կողմից չի պահպանվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 333-րդ հոդվածի պահանջը, այն է՝ նրա կողմից հրապարակվել է ոչ թե մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, այլ իր՝ 2018 թվականի հուլիսի 4-ի որոշումից հատված: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի իմպերատիվ պահանջն այն մասին, որ գործի քննությունը դատարանում կատարվում է միայն այն ամբաստանյալի նկատմամբ և այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել, եզրահանգել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացված մեղադրանքով դատարանում քրեական գործի քննություն չի կարող իրականացվել` մեղադրանք առաջադրված չլինելու և հետագա դատաքննության՝ առարկայազուրկ լինելու պատճառով։ Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ հակառակ դեպքում` կխախտվեն Ս.Հայրապետյանի արդար դատաքննության և պաշտպանության իրավունքները: Արդյունքում Առաջին ատյանի դատարանն արձանագրել է քրեական հետապնդումը բացառող հիմքի՝ արարքում հանցակազմի բացակայության առկայությունը12:

19. Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ՝ նշելով, որ Սերինե Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի փոփոխումը հնարավոր էր միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-203-րդ հոդվածներով սահմանված պահանջների պահպանմամբ, ինչը սույն գործով պահպանված չէ։ Արդյունքում Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ ընդունելի է համարել Սերինե Հայրապետյանի պաշտպանության իրավունքի խախտման վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հիմնավորումները13:

20. Սույն որոշման 17-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից բխում է, որ Դատախազի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ Ս.Հայրապետյանին մեղսագրված արարքի, մասնավորապես՝ դրա օբյեկտիվ կողմի փաստական հանգամանքներն էապես տարբերվում են Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հունիսի 29-ին կազմած մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում տեղ գտած փաստական հանգամանքներից: Բացի այդ, Դատախազի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ մեղադրանքը ոչ միայն փոփոխվել է, այլ նաև լրացվել է՝ ներառելով նաև 16 քաղաքացիներից 5.000 ՀՀ դրամի փոխարեն 3.000 ՀՀ դրամ գումարի դիմաց բժշկական եզրակացությունների տրամադրում և արդյունքում «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ին, ոչ թե 1.360.000 ՀՀ դրամի, այլ 1.392.000 ՀՀ դրամ գույքային վնասի պատճառումը։ Ուստի, սույն որոշման 13-15.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումներն առ այն, որ Դատախազը մեղադրանք առաջադրելու կամ մեղադրանքը փոփոխելու համար գործը քննիչին ուղարկելու մասին որոշում չկայացնելով և իր որոշմամբ Ս.Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը լրացնելով ու այն փաստական հանգամանքներով էապես տարբերվող մեղադրանքով փոխարինելով, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որի հետևանքով Ս.Հայրապետյանին պատշաճ դատավարական ընթացակարգով մեղադրանք չի առաջադրվել՝ խախտելով վերջինիս պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

21. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Ս.Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելով, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Ուստի ներկայացված վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի ապրիլի 25-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.Վճռաբեկ բողոքը մերժել: Սերինե Ռաֆիկի Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի նոյեմբերի 19-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի ապրիլի 25-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 12, թերթեր 154-155:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 12, թերթ 7:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթ 101-102:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 107-110:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 14, թերթեր 71-73:

6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11, Արկադի Պապյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշումները։

7 Տես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Pe՜lissier-ը and Sassi v. France» գործով 1999 թվականի մարտի 25-ի վճիռը, գանգատ թիվ 25444/94, կետ 52, «Sejdovic v. Italy» գործով 2006 թվականի մարտի 1-ի վճիռը, գանգատ թիվ 56581/00, կետ 90։

8 Տես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Pe՜lissier-ը and Sassi v. France» գործով 1999 թվականի մարտի 25-ի վճիռը, գանգատ թիվ 25444/94, կետ 54, «Dallos v. Hungary» գործով 2001 թվականի մարտի 1-ի վճիռը, գանգատ թիվ 29082/95, կետ 47։

9 Տես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Mattoccia v. Italy» գործով 2000 թվականի հուլիսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 23969/94, կետ 59, «Penev v. Bulgaria» գործով 2010 թվականի հունվարի 7-ի վճիռը, գանգատ թիվ 20494/04, կետ 32,42։

10 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

13 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան