ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գանգատ թիվ 32568/11
ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄՆ
ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2021 թվականի ապրիլի 13-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Իլզե Ֆրայվիրտ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով 2011 թվականի մայիսի 18-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
հաշվի առնելով Պատասխանող կառավարության կողմից ներկայացված դիտարկումները և դիմումատուների կողմից ի պատասխան ներկայացված դիտարկումները,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.
ՓԱՍՏԵՐԸ
1. Դիմումատու կազմակերպությունը «Հայոց համազգային շարժում» քաղաքական կուսակցություն է, որը հիմնադրվել է 1988 թվականին, և որի գրասենյակը գտնվում է Երևանում: Դիմումատու կազմակերպությանը ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Վ. Գրիգորյանն ու պրն Տ. Եգորյանը և Ստրասբուրգում գտնվող մասնագիտական գործունեություն չծավալող իրավաբան պրն Ե. Սահակյանը։
2. Հայաստանի կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը։
3. Գործով փաստերը, ինչպես ներկայացրել են կողմերը, ամփոփ շարադրվում են ստորև:
4. 2010 թվականի օգոստոսի 30-ին դիմումատու կազմակերպությունն օրենքով սահմանված կարգով Երևանի քաղաքապետարանին տեղեկացրել է Երևան քաղաքի Ազատության հրապարակում 2010 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 18:00-ից մինչև 22:00-ը, հանրահավաք կազմակերպելու իր մտադրության մասին, որին պետք է հաջորդեր երթ:
5. 2010 թվականի սեպտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանն արգելել է դիմումատու կազմակերպությանն իրականացնել նշված հանրահավաքը հետևյալ հիմքերով: Նախ՝ տեղական իշխանությունները պայմանագրով ստանձնել էին պարտավորություններ հրապարակում տեղադրված կարուսելների և երեխաների համար նախատեսված այլ ժամանցային վայրերի մասով: Երկրորդ՝ 2010 թվականի հոկտեմբերի 10-ին կայանալիք Երևանի օրվան նվիրված տոնակատարությանը նախապատրաստվելու նպատակով տարբեր համույթների և մշակութային կազմակերպությունների կողմից հրապարակում նախատեսվում էր իրականացնել նախապատրաստական աշխատանքներ և փորձեր, այդ թվում՝ նաև 2010 թվականի սեպտեմբերի 17-ին: Դիմումատու կազմակերպությանն առաջարկվել է իր հանրահավաքը, այնուհետև նաև երթն անցկացնել այլ վայրում, նույն օրը և նույն ժամին:
6. 2010 թվականի սեպտեմբերի 6-ին դիմումատու կազմակերպությունն արգելքը վիճարկել է Վարչական դատարանում՝ պնդելով, որ խախտվել է ներպետական իրավունքը և Կոնվենցիայի 11-րդ հոդվածը:
7. 2010 թվականի սեպտեմբերի 7-ին Վարչական դատարանը մերժել է դիմումատու կազմակերպության բողոքը՝ գտնելով, որ արգելքը համապատասխանում է ներպետական իրավունքին և չի խախտել դիմումատու կազմակերպության՝ հավաքների ազատության իրավունքը: Հնարավոր չի եղել թույլ տալ դիմումատու կազմակերպությանը միջոցառումն անցկացնել այն վայրում, որտեղ արդեն նախատեսված է եղել իրականացնել այլ միջոցառումներ, քանի որ այդպես կխախտվեին մյուսների իրավունքները: Հետևաբար առաջարկվել է, որ դիմումատու կազմակերպությունն իր հանրահավաքն իրականացնի նույն օրը և նույն ժամին, սակայն այլ վայրում: Առաջարկվող վայրը ևս գտնվել է Կենտրոն թաղամասում, Ազատության հրապարակից ոչ շատ հեռու, և եղել է հանրահավաքի համար հարմար ամենամոտ հանրային վայրը: Այդ վայրում արդեն իրականացվել էին տարբեր հանրահավաքներ, այդ թվում՝ դիմումատու կազմակերպության կողմից: Ավելին, այդ վայրից հնարավոր էր մեկնարկել երթը, և երթուղին որևէ կերպ չեր խախտվի:
8. 2010 թվականի հոկտեմբերի 11-ին դիմումատու կազմակերպությունը Վճռաբեկ դատարան է ներկայացրել վճռաբեկ բողոք սույն որոշման դեմ՝ պնդելով, որ վերջինիս հանրահավաքն արգելվել է առանց արգելքը հիմնավորող այլ միջոցառումների:
9. 2010 թվականի հոկտեմբերի 20-ին Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով: 2010 թվականի նոյեմբերի 19-ին սույն որոշման օրինակն ուղարկվել է դիմումատու կազմակերպությանը:
ԲՈՂՈՔԸ
10. Դիմումատու կազմակերպությունը բողոք է ներկայացրել առ այն, որ Երևանի քաղաքապետարանի՝ 2010 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ խախտվել են Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
11. Դիմումատու կազմակերպությունը բողոքել է, որ 2010 թվականի սեպտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանի կողմից հանրահավաք անցկացնելու արգելքը խախտել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները, որոնցով, այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանվում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության իրավունք...
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»
12. Կառավարությունը նշել է, որ դիմումատու կազմակերպությունը չի ներկայացրել իր գանգատը վերջնական որոշումը կայացնելու ամսաթվից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ինչպես պահանջվում էր Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով։ Մասնավորապես դիմումատու կազմակերպության կողմից 2010 թվականի հոկտեմբերի 11-ին բերված վճռաբեկ բողոքը, ինչը եղել է միջոցառման նախատեսված ամսաթվից հետո, իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չի եղել, և հնարավոր չի եղել փոխհատուցում տրամադրել դիմումատու կազմակերպությանը, որը քաջատեղյակ է եղել այդ փաստի մասին:
13. Դիմումատու կազմակերպությունը կառավարության փաստարկների վերաբերյալ մեկնաբանություններ չի ներկայացրել:
14. Դատարանը վերահաստատում է, որ որպես կանոն, վեցամսյա ժամկետն սկսվում է հաշվարկվել իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու գործընթացում՝ վերջնական որոշման ամսաթվից: Այն դեպքում, երբ ի սկզբանե պարզ է, որ իրավական պաշտպանության ոչ մի արդյունավետ միջոց հասանելի չէ դիմումատու կազմակերպության համար, այդ ժամանակահատվածը հաշվարկվում է բողոքարկված միջոցառումների մասով ակտերի ամսաթվից կամ այդ ակտի մասին կամ դիմումատուի վրա դրա ազդեցության կամ նրա նկատմամբ խախտումների մասին իմանալու օրվանից (տե՛ս Վարնավան և այլք ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Varnava and Others v. Turkey] [GC], թիվ 16064/90 և ևս 8-ը, § 157, ՄԻԵԴ 2009):
15. Սույն գործում Դատարանը նշել է, որ դիմումատու կազմակերպությունը նախատեսում էր հանրահավաքն անցկացնել 2010 թվականի սեպտեմբերի 17-ին և այդ մասին ծանուցում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան 2010 թվականի օգոստոսի 30-ին: Երևանի քաղաքապետարանը 2010 թվականի սեպտեմբերի 1-ի իր որոշմամբ արգելել է դիմումատու կազմակերպությանն անցկացնել նախատեսված հանրահավաքը: 2010 թվականի սեպտեմբերի 7-ին դիմումատու կազմակերպության բողոքի հիման վրա Վարչական դատարանը որոշումն անփոփոխ է թողել: Դիմումատու կազմակերպությունը կիրառել է ներպետական իրավունքով նախատեսված՝ որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իր իրավունքը, սակայն դա արել է միայն 2010 թվականի հոկտեմբերի 11-ին, այսինքն՝ միջոցառման նախատեսված ամսաթվից մի քանի շաբաթ հետո: Հետևաբար հարց է առաջանում, թե արդյոք նշված բողոքով հնարավոր էր ապահովել փոխհատուցում` դիմումատու կազմակերպության ներկայացրած դժգոհությունների առնչությամբ, և արդյոք դա պետք է հաշվի առնել վեցամսյա ժամկետը հաշվարկելու համար:
16. Դատարանը համարում է, որ նշված բողոքը կորցրել է իր նպատակն այնքանով, որքանով դա վերաբերել է դիմումատու կազմակերպության՝ 2010 թվականի սեպտեմբերի 17-ին հանրահավաք անցկացնելու մտադրությանը, և այլևս չի կարող տրամադրել այնպիսի անհապաղ փոխհատուցում, որը թույլ կտա դիմումատու կազմակերպությանն իրականացնել իր միջոցառումը՝ բեկանելով Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված արգելքը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք նշված բողոքը կարող էր ապահովել post factum փոխհատուցում, ապա Դատարանը նախկինում նշել է, որ Հայաստանի օրենսդրությունը չի նախատեսում հանրահավաք անցկացնելու արգելքին առնչվող իրավական պաշտպանության որևէ միջոց, որով կտրամադրվի post hoc բնույթի փոխհատուցում, ինչպես օրինակ՝ դիմումատու կազմակերպության՝ խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության իրավունքի խախտման ճանաչումն է և անհրաժեշտության դեպքում փոխհատուցման տրամադրումը (տե՛ս Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հայաստանի [Helsinki Committee of Armenia v. Armenia], թիվ 59109/08, § 36, 2015 թվականի մարտի 31): Սույն գործով նյութերում չկա ոչինչ, որ կստիպի Դատարանին հանգել այլ եզրակացության՝ դիմումատու կազմակերպության կողմից 2010 թվականի հոկտեմբերի 11-ին ներկայացված վճռաբեկ բողոքի վերաբերյալ: Դա նշանակում է, որ նշված բողոքը գործով կոնկրետ հանգամանքներում չի եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, և Կոնվենցիայի 35 հոդվածի 1-ին կետի իմաստով վերջնական որոշումը եղել է Վարչական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը: Այնուամենայնիվ, դիմումատու կազմակերպությունը Դատարան է դիմել միայն 2011 թվականի մայիսի 18-ին, որն ավելի ուշ է, քան որոշումը կայացնելու ամսաթվից հետո վեցամսյա ժամկետը:
17. Հետևաբար գանգատը ներկայացված է ժամկետի խախտմամբ և ենթակա է մերժման՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի համաձայն։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Հայտարարում է գանգատն անընդունելի:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2021 թվականի մայիսի 20-ին։
Իլզե Ֆրայվիրտ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի |
Յոլիեն Շուկինգ Նախագահ |
