Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-63
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (10.12.2005-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/11(1111) հոդ.135, 15 հունիս 1996
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.05.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

15 մայիսի 1996 թ.

 

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ագրարային պետական տեսչությունների գործունեության իրավական, տնտեսական և կազմակերպական ապահովման հիմունքները, կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, անհատ ձեռներեցների (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտներ), ինչպես նաև քաղաքացիների ու ագրարային պետական տեսչությունների փոխհարաբերությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1.

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում ագրարային պետական տեսչությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով և ագրարային պետական տեսչությունների կանոնադրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2.

ԱԳՐԱՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Ագրարային կանոնները` գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների կողմից պարտադիր կատարման միջոցառումների համալիր են, որոնց իրականացումն ապահովում է գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկությունների պահպանության ու վերականգնման, գյուղատնտեսական մթերքների ու արտադրանքի, տրակտորների, գյուղատնտեսական մեքենաների և գործիքների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշները: Ագրարային կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ հոդվածը փոփ. 05.11.02 ՀՕ-450-Ն, 24.10.05 ՀՕ-203-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 3.

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ագրարային պետական տեսչությունները վերահսկում են ագրարային կանոնների և գյուղատնտեսական գործունեությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի ակտերով ու օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով սահմանված պահանջների կատարումը:

Ագրարային պետական տեսչություններն իրենց վերահսկողական գործունեությունն իրականացնում են ագրարային պետական տեսուչների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 4

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Ագրարային պետական տեսչությունները պետական լիազորված մարմիններ են, որոնք կազմակերպվում են վարչատարածքային սկզբունքով և գործում են հանրապետական գործադիր մարմնի համակարգում:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծվում են հետևյալ ագրարային պետական տեսչությունները`

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 05.11.02 ՀՕ-450-Ն)

բ) երկրագործության.

գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 24.10.05 ՀՕ-203-Ն)

դ) գյուղատնտեսական տեխնիկայի.

Ագրարային պետական տեսչությունների կազմում կարող են գործել ահազանգման կետեր, հենակետեր, լաբորատորիաներ և կառուցվածքային այլ ստորաբաժանումներ:

Ագրարային պետական տեսչությունների մասին կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(4-րդ հոդվածը փոփ. 23.10.02 ՀՕ-430-Ն, 05.11.02 ՀՕ-450-Ն, 24.10.05 ՀՕ-203-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 5.

ՀՈՂԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(5-րդ հոդվածն ուժը կորցրել է 05.11.02 ՀՕ-450-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 6.

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Երկրագործության պետական տեսչությունը վերահսկողություն է իրականացնում`

ա) հողերի մշակության, պարարտանյութերի օգտագործման, մոլախոտային բուսականության դեմ պայքարի,

բ) սերմանյութերի, ցանքանյութերի և տնկանյութի (արմատակալների) արտադրության, ներմուծման և իրացման, դրանց ցանքային պիտանիության և որակի ստուգման,

գ) բույսերի տարածված և կարանտին հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ տարվող պայքարի,

դ) թունանյութերի, հանքային պարարտանյութերի փոխադրման, պահպանման, իրացման և ոչնչացման,

դ1) գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկությունների պահպանության ու վերականգնման, դրանց արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի իրականացման ու բազմաբնույթ կադաստրի վարման,

ե) հողում, բուսաբուծական մթերքներում և հումքում թունանյութերի, վտանգավոր միացությունների անթույլատրելի քանակի կանխարգելման ուղղություններով:

(6-րդ հոդվածը լրաց. 05.11.02 ՀՕ-450-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 7.

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(7-րդ հոդվածը փոփ. 23.10.02 ՀՕ-430-Ն, ուժը կորցրել է 24.10.05 ՀՕ-203-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 8.

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը վերահսկողություն է իրականացնում`

ա) տրակտորների, ինքնագնաց շասսիների և տրակտորային կցանքների պետական հաշվառման ու միասնական համարանիշների ապահովման,

բ) տրակտորների, ինքնագնաց գյուղատնտեսական այլ մեքենաների վարման իրավունքի փաստաթղթերի ապահովման,

գ) գյուղատնտեսական մեքենաների, տրակտորների ու գործիքների տեխնիկական վիճակի և շահագործման կանոնների կատարման ուղղություններով:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 9.

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Ագրարային պետական տեսուչը սույն օրենքով սահմանված խնդիրներին և գործունեության ուղղություններին համապատասխան իրավունք ունի`

ա) կատարել տեսչական ստուգումներ գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների արտադրական տարածքներում (այգի, ցանքատարածք և այլն), ինչպես նաև արտադրական և պահեստային շինություններում.

բ) պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ և այլ տեղեկություններ ու վերցնել փորձանմուշներ.

գ) տալ պարտադիր կատարման համար ցուցումներ` ագրարային կանոնների բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով և հետևել դրանց իրականացմանը.

դ) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով նշանակել վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու պետական մարմիններին ներկայացնել հաղորդումներ` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 10.

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ագրարային պետական տեսուչը պարտավոր է`

ա) վերահսկել ագրարային կանոնների կատարումը գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների կողմից.

բ) ագրարային կանոնների խախտման դեպքում կիրառել օրենքով սահմանված ներգործության միջոցներ.

գ) օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվելու դեպքեր հայտնաբերելիս համապատասխան մարմիններին ներկայացնել հաղորդումներ.

դ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև քաղաքացիների մասին ցանկացած, այդ թվում առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.

ե) պահպանել տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների օրենքով սահմանված իրավունքները.

զ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների բնականոն աշխատանքին.

է) իրավասու պետական մարմինների պահանջով ներկայացնել տեղեկանքներ ագրարային կանոնները խախտելու հետևանքով պատճառած վնասի չափի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 11.

ՏԵՍՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱԶՄՎՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ագրարային կանոնների խախտման դեպքում ագրարային պետական տեսուչը օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է արձանագրություն հատուկ համարակալված պաշտոնաթերթերի վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 12.

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիներն իրավունք ունեն`

ա) օրենքով սահմանված կարգով գանգատարկել ագրարային պետական տեսուչի գործողությունները.

բ) դատական կարգով պահանջել ագրարային պետական տեսուչի ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի, այդ թվում` բացթողնված օգուտների հատուցում:

 

ՀՈԴՎԱԾ 13.

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Տնտեսավարող սուբյեկտներն ու քաղաքացիները պարտավոր են`

ա) կատարել ագրարային կանոնները.

բ) չխոչընդոտել տեսչական աշխատանքների ընթացքին.

գ) կատարել ագրարային պետական տեսուչի օրինական պահանջներն ու ցուցումները.

դ) հատուցել իրենց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասները` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 14.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

ՀՈԴՎԱԾ 15.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
նախագահ

Լ. Տեր-պետրոսյան


10 հունիսի 1996 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-63