Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.03.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0643/01/19

Նախագահող դատավոր՝

 Ս. Համբարձումյան

Դատավորներ՝

 Ն. Հովակիմյան

 Ա. Նիկողոսյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

     

30 մարտի 2022 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Արսեն Աշոտի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի փետրվարի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում, 2019 թվականի հունիսի 1-ին հարուցվել է թիվ 14859719 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունիսի 3-ի որոշմամբ Արգամ Իսաղուլյանը ճանաչվել է տուժող:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունիսի 19-ի որոշմամբ Արսեն Աշոտի Գևորգյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունիսի 20-ի որոշմամբ Ա.Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հունիսի 20-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, որը հետագայում երկարացվել է:

2019 թվականի սեպտեմբերի 2-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ բավարարվել է ամբաստանյալ Ա․Գևորգյանի պաշտպան Հ․Անանյանի միջնորդությունը և Ա.Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով՝ գրավի չափ սահմանելով 4․000․000 (չորս միլիոն) ՀՀ դրամը։

4. Առաջին ատյանի դատարանը՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 5 (հինգ) ամիս 21 (քսանմեկ) օր ժամկետով: Նշանակված պատժի մեջ հաշվակցել է նրա՝ 2019 թվականի հունիսի 18-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 9-ը՝ արգելանքի տակ գտնվելու 5 (հինգ) ամիս 21 (քսանմեկ) օր ժամկետը և Ա.Գևորգյանին ազատել պատժի կրումից: Ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողնվել է անփոփոխ:

5. Մեղադրող Կ.Մելքոնյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2021 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն. բեկանվել և փոփոխվել է Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճիռը, Ա.Գևորգյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասից վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնների կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 5 (հինգ) ամիս 21 (քսանմեկ) օրը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս 9 (ինը) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ, Ա.Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով: Ամբաստանյալ Ա.Գևորգյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության բնակության վայրի համապատասխան ստորաբաժանման վրա:

Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

6. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Ամբաստանյալ Ա.Գևորգյանի պաշտպան Հ.Անանյանը վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել՝ խնդրելով Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը մերժել:

Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Արսեն Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2019 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի 52 հասցեում գտնվող «Սաս» սուպերմարկետին հարակից կանգառում, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել կանգառում կանգնած` չպարզված աղջկա հասցեին, որի ընթացքում իրեն կարգի հրավիրելու Արգամ Իսաղուլյանի դիտողությունը ցավագին ընդունելով, նրանից վրեժ լուծելու չնչին առիթով, խուլիգանական դրդումներով, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, շրջապատին հակադրվելու, նրա նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ, մարդկային համակեցության կանոնների նկատմամբ ակնհայտ արհամարհանք դրսևորելով, հայհոյանքներ տալով, իր մոտ գտնվող սուր ծակող-կտրող գործիքով, դիտավորությամբ երկու անգամ հարվածել է Արգամ Իսաղուլյանի կրծքավանդակին՝ կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի առաջային անոթային գծով 4-րդ կողի շրջանի կտրված-ծակված չթափանցող վերքի և կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի միջին ամրակային գծով 5-6-րդ միջկողային շրջանի կտրված-ծակված կրծքավանդակի խոռոչ՝ թափանցող վերքի, վերքային խողովակի ընթացքում սրտապարկի և սրտի վնասմամբ, հեմոպերկարդի և ձախակողմյան հեմոթորաքսի ձևով դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս»1:

8. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) [Դ]ատարանը, (...) հանգում է հետևության, որ ամբաստանյալ Արսեն Աշոտի Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով առաջադրված մեղադրանքը որակված է սխալ, այդ որակումը չի համապատասխանում դատարանում հետազոտված ապացույցներին և պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով: (...) Անդրադառնալով վերոնշյալ հոդվածով ամբաստանյալ Արսեն Գևորգյանի նկատմամբ պատիժ նշանակելու, պատժի տեսակի և չափի հարցերին Դատարանը հաշվի է առնում ինչպես կատարված հանցագործության բնույթը, հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա անձը: Դատարանն ամբաստանյալ Ա.Գևորգյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում այն, որ նա ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ տուժողին պատճառված վնասը, նախկինում դատապարտված կամ արատավորված չի եղել, վատառողջ է։

Դատարանն ամբաստանյալ Ա.Գևորգյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում:

Հաշվի առնելով ամբաստանյալ Ա.Գևորգյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, ինչպես նաև պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, Դատարանը գտնում է, որ նրան ուղղելու, նոր հանցագործությունները կանխելու, ինչպես նաև սոցիալական արդարությունը վերականգնելու համար նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով»2։

9. Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բեկանելով ու փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Ա.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով արձանագրել է հետևյալը. «(...) [Ա]րսեն Գևորգյանը 2019 թվականի մայիսի 30-ին, ժամը 22։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտաս 52 հասցեում գտնվող «Սաս» սուպերմարկետին հարակից կանգառում ինչ-որ արտահայտություններ է թույլ տվել այնտեղ կանգնած չպարզված աղջկա հասցեին, որից հետո իրեն է մոտեցել կանգառում գտնվող տուժող Արգամ Իսաղուլյանը և փորձել է կարգի հրավիրել։ Նրանց միջև առաջացած վիճաբանությունը վերածվել է փոխադարձ կարճատև կռվի, որի ընթացքում սկզբից Ա.Իսաղուլյանը ձեռքով հարվածել է Ա.Գևորգյանի դեմքին, այնուհետև՝ ոտքով որովայնին, իսկ Ա.Գևորգյանն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է Արգամ Իսաղուլյանի կրծքավանդակին՝ դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք։ (...) Առաջին ատյանի դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ՝ (...) ամբաստանյալ Ա.Գևորգյանի արարքը իրավաբանորեն ճիշտ չի որակվել, (...) որի արդյունքում ամբաստանյալի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասից պետք է վերաորակել նույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։

(...) [Վ]երաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում վերջինիս կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը (կատարածը ծանր հանցագործություն է), ամբաստանյալի անձը` նախկինում դատապարտված չի եղել, որպես վերջինիս պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում վատառողջ լինելը (տառապում է հարմարվողական ռեակցիաների խանգարում դեպրեսիվ տրամադրությամբ, ընդհանրացված տագնապային խանգարում, անձի հիստերիկ խանգարում ախտորոշմամբ հիվանդություններով), կատարած հանցագործությունը տուժողի վարքագծի հակաօրինականությամբ պայմանավորված լինելը, հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ հատուցված լինելը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն անդրադառնալով ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին, հաշվի առնելով հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, վերջինիս պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոնշյալ հանգամանքները, ամբաստանյալի՝ սույն գործով 5 (հինգ) ամիս 21 (քսանմեկ) օր կալանքի տակ գտնվելու հանգամանքը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում հանգում է այն հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու և հնարավոր է համարում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով` հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը (...)»3։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում `ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ, 61-63-րդ, 70-րդ հոդվածները: Ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել վերջինիս կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող, ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները։

Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժն անհիմն կերպով պայմանականորեն չի կիրառել, ինչի արդյունքում նա ազատվել է իր նկատմամբ նշանակված պատիժը կրելուց։

Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ անհրաժեշտ նշանակություն չի ստացել այն հանգամանքը, որ Ա.Գևորգյանը դանակով երկու հարված է հասցրել տուժողի կենսական կարևոր օրգանների շրջաններում, այդ թվում՝ նաև կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ հատվածում՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Բացի այդ, ստորադաս դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ ամբաստանյալը գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս:

Վերաքննիչ դատարանը, որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դիտելով տուժողի հակաօրինական վարքագիծը, ճիշտ չի վերլուծել գործի հանգամանքները, հաշվի չի առել, որ միջադեպը տեղի է ունեցել ամբաստանյալի հակաբարոյական արարքի արդյունքում, իսկ տուժողը փորձել է պաշտպանել հասարակական շահը և կարգի հրավիրել ամբաստանյալին:

11. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Ա.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 3-ի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Գևորգյանի նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ առանց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթների կիրառման:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»։

14. Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձել է իր մի շարք նախադեպային որոշումներում4:

15. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը և այլն5:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, 2019 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի 52 հասցեում գտնվող «Սաս» սուպերմարկետի հարակից կանգառում, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել կանգառում կանգնած` չպարզված աղջկա հասցեին, որի ընթացքում իրեն կարգի հրավիրելու Ա.Իսաղուլյանի դիտողությունը ցավագին ընդունելով, նրանից վրեժ լուծելու չնչին առիթով, խուլիգանական դրդումներով, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, շրջապատին հակադրվելու, նրա նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ, մարդկային համակեցության կանոնների նկատմամբ ակնհայտ արհամարհանք դրսևորելով, հայհոյանքներ տալով, իր մոտ գտնվող սուր ծակող-կտրող գործիքով, դիտավորությամբ երկու անգամ հարվածել է Ա.Իսաղուլյանի կրծքավանդակին՝ կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի առաջային անոթային գծով 4-րդ կողի շրջանի կտրված-ծակված չթափանցող վերքի և կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի միջին ամրակային գծով 5-6-րդ միջկողային շրջանի կտրված-ծակված կրծքավանդակի խոռոչ՝ թափանցող վերքի, վերքային խողովակի ընթացքում սրտապարկի և սրտի վնասմամբ, հեմոպերկարդի և ձախակողմյան հեմոթորաքսի ձևով դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս6։

Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Ա.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով և գնահատելով կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործության կատարման հանգամանքները, եղանակն ու գործիքը, ամբաստանյալ Ա.Գևորգյանի անձը բնութագրող տվյալները՝ գտել է, որ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը, հետևաբար՝ պատժի նպատակների իրացվելիությունն ապահովելու նպատակով, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Ա.Գևորգյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը7։

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ, ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով Ա.Գևորգյանի կողմից կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, նրա անձը, վատառողջ լինելը, կատարած հանցագործությունը տուժողի վարքագծի հակաօրինականությամբ պայմանավորված լինելը, հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ հատուցված լինելը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, արձանագրել է, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ Ա.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը8։

17. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում վկայակոչված և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկել՝

- խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա,

- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,

- հանցագործության գործիքը, մասնավորապես՝ ամբաստանյալի մոտ սուր կտրող-ծակող գործիքի՝ դանակի առկայությունը և հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելը,

- հասցված մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ ամբաստանյալը երկու հարված է հասցրել տուժողի կենսական կարևոր օրգանի շրջանում՝ կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ հատվածին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող այնպիսի ծանր մարմնական վնասվածք, որն ուղեկցվել է կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի առաջային անոթային գծով 4-րդ կողի շրջանի կտրված-ծակված չթափանցող վերքի և կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի միջին ամրակային գծով 5-6-րդ միջկողային շրջանի կտրված-ծակված կրծքավանդակի խոռոչ՝ թափանցող վերքի, վերքային խողովակի ընթացքում սրտապարկի և սրտի վնասմամբ, հեմոպերկարդի և ձախակողմյան հեմոթորաքսի ձևով:

18. Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ յուրաքանչյուր դեպքում որևէ հանգամանք մեղմացնող համարելու համար, այն պետք է բավարարի որոշակի չափանիշների: Մասնավորապես,

ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,

բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը,

գ) այն հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները. հանգամանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի և թույլատրելի լինեն, դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում, ինչպես նաև պետք է պահպանվեն ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջները»9։

19. Սույն գործով Վերաքննիչ դատարանը, որպես Ա.Գևորգյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դիտելով տուժողի հակաօրինական վարքագիծը, պատշաճ իրավական գնահատականի չի ենթարկել գործում առկա փաստական տվյալները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը որոշման պատճառաբանական մասում հաստատված համարելով այն հանգամանքը, որ Ա.Գևորգյանը «Սաս» սուպերմարկետի հարակից կանգառում ինչ-որ արտահայտություններ է թույլ տվել այնտեղ կանգնած չպարզված աղջկա հասցեին, որից հետո Ա.Գևորգյանին է մոտեցել կանգառում գտնվող Ա.Իսաղուլյանը և փորձել կարգի հրավիրել նրան, այնուամենայնիվ որպես Ա.Գևորգյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք վկայակոչել է տուժողի հակաօրինական վարքագիծը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոշարադրյալը հիմք է տալիս եզրակացնելու, որ վեճի պատճառ է հանդիսացել ամբաստանյալ Ա.Գևորգյանի վարքագիծը, իսկ տուժողը փորձել է կարգի հրավիրել նրան, ինչից հետո է միայն վեճը վեր ածվել փոխադարձ կարճատև կռվի, որի ընթացքում Ա.Իսաղուլյանը հարվածել է Ա.Գևորգյանի դեմքին և որովայնին, իսկ Ա.Գևորգյանն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է տուժողի կրծքավանդակին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ տուժողը դրսևորել է հակաօրինական վարքագիծ, հիմնավոր չէ և չի բխում Վերաքննիչ դատարանի կողմից իսկ հաստատված փաստական տվյալներից10, ուստի այն չի կարող համարվել ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք և դրվել Ա.Գևորգյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում:

20. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ ուշադրություն չի դարձրել խախտված հասարակական հարաբերության բնույթին ու կարևորությանը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին, օգտագործված գործիքին, հարվածների քանակին, տուժողի առողջությանը պատճառված վնասի բնույթին և մարմնական վնասվածքների տեղակայմանը:

Ուստի, նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված անձը բնութագրող տվյալները` նախկինում դատապարտված չլինելը և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ վատառողջ լինելը, հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելը չեն կարող ողջամտորեն նվազեցնել Ա.Գևորգյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բավարար չեն նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանական չկիրառելու և պատժի նպատակների իրացումն ապահովելու համար:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված չէ:

21. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն` թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում: Ուստի անհրաժեշտ է Ա.Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի փետրվարի 3-ի որոշումը: ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Արսեն Գևորգյանի նկատմամբ նշանակված վերջնական պատիժը պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արսեն Աշոտի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 3-ի որոշումը բեկանել և փոփոխել: Արսեն Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել՝ Արսեն Աշոտի Գևորգյանին թողնելով կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս 9 (ինը) օր ժամկետով:

2. Պատժի կրման սկիզբը հաշվել Արսեն Աշոտի Գևորգյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

____________________________________________

1Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 141-143:

2Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 45-60:

3Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 69-146:

4Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

5Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը:

6Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

7Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

8Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

9Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշումը:

10Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: