Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.05.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0010/14/19

Գործ թիվ ԵԴ/0010/14/19

Նախագահող դատավոր՝  Ն. Հովակիմյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Ն. Թումանյանի

 

2021 թվականի մայիսի 26-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Աստղիկ Ռազմիկի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 28-ի որոշման դեմ պաշտպան Ա.Թումասյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 28-ի թիվ ԵԿԴ/0064/01/15 որոշմամբ Աստղիկ Խաչատրյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվությունից ու պատժից, և նրա նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում՝ հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում:

1.1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ Ա.Խաչատրյանի նկատմամբ հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը փոխարինվել է արտահիվանդանոցային հարկադիր բուժմամբ և տեղամասային հոգեբույժի մոտ հսկողությամբ:

1.2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ա.Հակոբյանի՝ 2019 թվականի փետրվարի 21-ի միջնորդությունը բավարարվել է, և Ա.Խաչատրյանի նկատմամբ կիրառվող հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը փոխարինվել է հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժմամբ:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ Ա.Խաչատրյանի պաշտպան Ա.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողել օրինական ուժի մեջ։

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Ա.Խաչատրյանի պաշտպան Ա.Թումասյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի մայիսի 17-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

4. ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն Ա.Հակոբյանը 2019 թվականի փետրվարի 21-ի միջնորդությանը կցել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման հանձնաժողովի թիվ 01/19 եզրակացությունը, որի համաձայն՝ «(...) Ա.Խաչատրյանը 2015 թվականին երկու անգամ անցել է ստացիոնար ԴՀՓ, որի թիվ 54 և 114 եզրակացությունների համաձայն, Աստղիկ Ռազմիկի Խաչատրյանը տառապել է և տառապում է «Անձի պարանոիդ խանգարում» հոգեկան հիվանդությամբ և ճանաչվել է անմեղսունակ: (…) 2018 թվականի փետրվարի 20-ին Ա.Խաչատրյանը «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲ ընկերությունում զննվել է արտահիվանդանոցային հարկադիր հիվանդների վերանայման հանձնաժողովի կողմից, [և] հիմք ընդունելով Ա.Խաչատրյանի հոգեկան վիճակը՝ եզրակացվել է շարունակելու արտահիվանդանոցային հարկադիր բուժումը և հսկողությունը։ (…) [Վ]երջին զննումից հետո Ա.Խաչատրյանը տեղամասային հոգեբույժի մոտ չի ներկայացել (…)։ 2019 թվականի փետրվարի 15-ին տեղամասային հոգեբույժ Ա.Պողոսյանը ներկայացրել է միջնորդություն արտահիվանդանոցային հարկադիր հիվանդների վերանայման հանձնաժողովի նախագահին՝ Ա.Խաչատրյանի հարկադրանքի միջոցը փոխելու նպատակով։ Հանձնաժողովը վերլուծելով վերոշարադրյալը և առաջնորդվելով ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի «արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 350 որոշման 23-րդ կետով, միջնորդություն է ներկայացնում Աստղիկ Ռազմիկի Խաչատրյանի նկատմամբ կիրառվող արտահիվանդանոցային հարկադիր բուժումը և հսկողությունը փոխարինել հիվանդանոցային հարկադիր բուժմամբ ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում տեղավորելու մասին (…)»1։

5. Առաջին ատյանի դատարանը, քննարկելով միջնորդությունը, 2019 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Դատարանը, հաշվի առնելով, որ Ա.Խաչատրյանը չի հաճախում տեղամասային հոգեբույժի մոտ և չի ստանում դեղորայք, իրեն հիվանդ չի համարում և հայտարարում է, որ կամովին չի շարունակի բուժումը, նկատի ունենալով, որ (…) 2018 թվականի փետրվարի 20-ի եզրակացության համաձայն՝ Ա.Խաչատրյանը արտահիվանդանոցային հարկադիր բուժումը և հսկողությունը շարունակելու կարիք ունի, գտնում է, որ նրա նկատմամբ կիրառվող հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը պետք է փոխարինել հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժմամբ (…)»2։

6. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Ա.Խաչատրյանը (...) տեղեկացված լինելով իր (...) պարտականությունների մասին՝ չի կատարել դրանք, մասնավորապես (...) տեղամասային հոգեբույժի մոտ չի ներկայացել, հետևապես չի ստացել ու չի ընդունել նշանակված դեղահաբերը, հայտարարել է, որ հիվանդ չի և կամովին չի շարունակի բուժումը։ Նշվածը կհանգեցնի նրա հոգեկան առողջության վիճակի վատթարացման՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով (…)»3։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական նորմերի էական խախտումներ, որի արդյունքում կայացրել են չհիմնավորված և չպատճառաբանված որոշումներ:

Մասնավորապես, ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, բացի այդ ստորադաս դատարանների որոշումները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Արտավազդ Ծատուրյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0045/14/13 և Գրիգոր Գրիգորյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0011/14/15 որոշումներով արտահայտված դիրքորոշումներին:

Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանները իրավասու չէին քննել և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխել ավելի ծանր հարկադրանքի միջոցով՝ բժշկական հաստատության եզրակացության բացակայության պայմաններում։

Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ դատարանը չէր կարող բժշկական հարկադրանքի միջոցի տեսակը փոխելու որոշում կայացնել հիմք ընդունելով անձի կողմից տեղամասային հոգեբույժի մոտ չհաճախելը, դեղորայք չստանալը և իրեն առողջ համարելու հանգամանքը՝ առանց քննարկման առարկա դարձնելու օրենքով չթույլատրված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այն կատարած սուբյեկտի անձը, նրա հոգեկան վիճակն ու վարքագիծը, ինչպես նաև իրականացվող բուժման տևողությունն ու պայմանները:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանել և Ա.Խաչատրյանի նկատմամբ կիրառվող արտահիվանդանոցային հարկադիր բուժումը և տեղամասային հոգեբույժի մոտ հսկողությունն ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում հիվանդանոցային հարկադիր բուժմամբ փոխարինելու մասին ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի՝ 2019 թվականի փետրվարի 21-ի միջնորդությունը՝ մերժել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ազատությունից զրկելու հետ կապված բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու կարգի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր։ Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար։

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ա.Խաչատրյանի արտահիվանդանոցային հարկադիր բուժումը և տեղամասային հոգեբույժի մոտ հսկողությունն ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժմամբ փոխարինելու մասին ստորադաս դատարանների հետևությունները։

11. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

ե. անձանց օրինական կալանքի վերցնելը՝ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը,

(...)»:

11.1. Վերոնշյալ կարգավորումը մեկնաբանելիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ անձը չի կարող ազատությունից զրկվել «հոգեկան հիվանդ» լինելու հիմքով, եթե բավարարված չեն հետևյալ երեք նվազագույն պայմանները.

- պետք է օբյեկտիվ բժշկական փորձաքննություններով հիմնավորված լինի, որ անձն ունի հոգեկան հիվանդություն, բացառությամբ երբ պահանջվում է անձին կալանավորել հրատապ կարգով,

- անձի հոգեկան խանգարումը պետք է այն տեսակի խանգարում լինի, որի դեպքում հարկադիր պահումն արդարացված է։ Պետք է ապացուցված լինի, որ տվյալ հանգամանքներում անհրաժեշտ է անձին զրկել ազատությունից,

- հոգեկան խանգարումը՝ հաստատված օբյեկտիվ բժշկական ապացույցներով, պետք է առկա լինի ազատազրկման ողջ ժամանակահատվածի ընթացքում4։

Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ հոգեկան հիվանդ համարվող անձին ազատությունից զրկելը չի կարող համարվել Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ե) կետին համապատասխանող, եթե ազատությունից զրկելու մասին որոշումը կայացվել է՝ չստանալով բժշկական փորձագետի եզրակացությունը5։ Եթե չկա որևէ այլ հնարավորություն, օրինակ՝ երբ տվյալ անձը հրաժարվում է ներկայանալ զննության, ապա պետք է փորձել առնվազն բժշկական փորձագետի գնահատում կազմակերպել տվյալ անձի հոգեկան առողջության փաստացի վիճակի առնչությամբ գրավոր նյութերի հիման վրա, ինչը չանելու դեպքում հնարավոր չի լինի պնդել, թե բավարար չափով հիմնավորվել է անձի հոգեկան հիվանդություն ունենալը6։

12. ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ դատարանը կարող է նշանակել այն անձի նկատմամբ՝

1) ով սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով նախատեսված արարքը կատարել է անմեղսունակության վիճակում.

(…)։

2. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ նշանակվում են միայն այն դեպքերում, երբ հոգեկան խանգարումները կապված են այդ անձանց կողմից այլ էական վնաս պատճառելու հնարավորության կամ իր կամ այլ անձանց համար վտանգավորության հետ։ (...)»։

ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ են՝

1) հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը.

2) հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը.

3) հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը։ (...)»։

ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս դատարանը հաշվի է առնում անձի հոգեկան հիվանդությունը, նրա կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը։

2. Անձի առողջանալու կամ նրա հիվանդության բնույթի այնպիսի փոփոխության դեպքում, երբ վերանում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու անհրաժեշտությունը, դատարանը բժշկական հաստատության եզրակացության հիման վրա որոշում է կայացնում դրանց կիրառումը դադարեցնելու մասին։

3. Բժշկական հաստատության եզրակացության հիման վրա դատարանը կարող է որոշում կայացնել նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելու մասին»։

12.1. ՀՀ Կառավարության՝ 2010 թվականի ապրիլի 1-ի «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 350 որոշման 23-րդ կետի համաձայն՝ «Արտահիվանդանոցային հարկադիր հսկողության ու բուժման մեջ գտնվող անձի կողմից պարտականությունների չկատարման դեպքում՝ հարկադիր բուժումն իրականացնող բժշկական կազմակերպության տնօրինությունը հայտնում է հարկադիր բուժումը նշանակած դատարանին, հիվանդի բնակավայրի՝ ոստիկանության տարածքային բաժին, իսկ հոգեբույժը գրավոր դիմում է բժշկական հանձնաժողովի նախագահին՝ հարկադրանքի տեսակը փոխելու նպատակով»։

13. Անդրադառնալով բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելիս դատարանի կողմից քննության առարկա դարձվող հարցերի շրջանակին` Վճռաբեկ դատարանն Արտավազդ Ծատուրյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է, որ՝ «(...) Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն քննելիս դատարանը կաշկանդված չէ բժշկական հաստատության եզրակացությամբ։

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելու վերաբերյալ միջնորդության քննարկման յուրաքանչյուր դեպքում դատարանը բժշկական հաստատության կողմից տրված համապատասխան եզրակացության հետ մեկտեղ պետք է քննարկման առարկա դարձնի և հաշվի առնի նաև անձի կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը։ Մասնավորապես, դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի այն հարցը, թե ինչ օբյեկտի, ինչպիսի հասարակական հարաբերությունների դեմ է ուղղված եղել անձի ոտնձգությունը։ Օրինակ՝ մարդու կյանքի և առողջության դեմ կատարված հանրորեն վտանգավոր արարքը կարող է վկայել այն կատարած անձի ավելի բարձր վտանգավորության մասին։

Դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի նաև հանրորեն վտանգավոր արարք կատարած սուբյեկտի անձը։ Մասնավորապես՝ դատարանը պետք է քննարկի նրա նկատմամբ իրականացվող բուժման տևողությունը, պայմանները, նրա ներկա հոգեկան վիճակը, վարքագիծը։ Դատարանը պետք է ուշադրություն դարձնի նաև այն հանգամանքների վրա, թե արդյոք տվյալ անձը նախկինում հանրորեն վտանգավոր արարք կատարել և համապատասխան բուժում ստացել է, թե ոչ։ Այս հանգամանքների պարզումը ևս կարող է էական նշանակություն ունենալ անձի` իր կամ շրջապատի համար վտանգավորության աստիճանը պարզելու հարցում։

[Ն]շված հանգամանքների համատեղ գնահատմամբ միայն դատարանը կարող է հիմնավորված որոշում կայացնել անձի նկատմամբ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելու կամ անփոփոխ թողնելու մասին»7։

Զարգացնելով Արտավազդ Ծատուրյանի գործով արտահայտած դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանը Գրիգոր Գրիգորյանի գործով արձանագրել է. «(...) Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի ենթարկվող անձի նկատմամբ, նրա վիճակի էական բարելավման դեպքում, մարդասիրության սկզբունքից ելնելով, կարող է փոփոխվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը` նշանակելով օրենքով նախատեսված` ավելի մեղմ ռեժիմ ունեցող հարկադրանքի միջոց։ Միևնույն ժամանակ անձի վիճակի համապատասխան վատթարացման դեպքում նրա նկատմամբ կիրառվող բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը կարող է փոփոխվել ավելի խիստ ռեժիմ ունեցող միջոցով։ Անձի վիճակի բարելավման կամ վատթարացման հանգամանքը գնահատելիս դատարանը բժշկական հաստատության կողմից տրված համապատասխան եզրակացության հետ մեկտեղ քննության առարկա պետք է դարձնի հանրորեն վտանգավոր արարք կատարած սուբյեկտի անձը, ինչպես նաև նրա կատարած արարքի բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը։ Մասնավորապես հանրորեն վտանգավոր արարք կատարած սուբյեկտի անձը գնահատելիս դատարանը պետք է քննարկի նրա նկատմամբ իրականացվող բուժման տևողությունը, պայմանները, նրա ներկա հոգեկան վիճակը, վարքագիծը, ուշադրություն դարձնի նաև այն հանգամանքների վրա, թե արդյոք տվյալ անձը նախկինում հանրորեն վտանգավոր արարք կատարել և համապատասխան բուժում ստացել է, թե` ոչ(...)։

Այսպիսով, յուրաքանչյուր դեպքում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելիս դատարանը պետք է քննության առարկա դարձնի նաև այն, թե դատարանի կողմից նախորդ անգամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելուց հետո ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել հանրորեն վտանգավոր արարք կատարած սուբյեկտի անձը (նրա ներկա հոգեկան վիճակը, վարքագիծը), ինչպես նաև նրա կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը»8։

14. Սույն որոշման 11.1-րդ կետում մեջբերված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հիման վրա վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատությունից զրկելու հետ կապված բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելիս անհրաժեշտ է համապատասխան բժշկական եզրակացություն, որը կպարունակի բժշկական հիմնավորումներ դրա կիրառման անհրաժեշտության վերաբերյալ։ Այլ կերպ, անձի ազատության հիմնարար իրավունքի սահմանափակման համատեքստում պետք է քննարկման առարկա դարձվի ազատությունից զրկելու հետ կապված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառման համապատասխան բժշկական ցուցումի առկայության հանգամանքը՝ գնահատման ենթարկելով անձի հոգեֆիզիոլոգիական հատկանիշների, հոգեկան վիճակի հնարավոր փոփոխությունները, իր կամ այլ անձանց համար վտանգ ներկայացնելու ռիսկայնության, անձի վարքագծի փոփոխության հարցերը։

Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանն անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցի տեսակը փոխելիս և ազատությունից զրկելու հետ կապված բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելիս պետք է հիմնվի բժշկական եզրակացության մեջ առկա՝ անձի հոգեկան առողջության վիճակի բարելավման կամ վատթարացման վերաբերյալ տեղեկությունների, նրա վարքագծի, բուժման տևողության, պայմանների վրա՝ միաժամանակ համակցության մեջ գնահատելով նաև անձի կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչի մասին նշվել է Արտավազդ Ծատուրյանի գործով որոշման շրջանակներում։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքների համատեղ գնահատմամբ և դրանց վերաբերյալ կազմված բժշկական եզրակացության հիման վրա միայն դատարանը կարող է հիմնավորված որոշում կայացնել անձի նկատմամբ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելու կամ անփոփոխ թողնելու մասին։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- 2019 թվականի փետրվարի 21-ին ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն Ա.Հակոբյանը, հիմք ընդունելով միայն Աստղիկ Խաչատրյանի կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու հանգամանքը, և ղեկավարվելով ՀՀ Կառավարության՝ 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350 որոշմամբ, դատարան է ներկայացրել միջնորդություն՝ Ա.Խաչատրյանի նկատմամբ կիրառվող արտահիվանդանոցային հարկադիր բուժումը և տեղամասային հոգեբույժի մոտ հսկողությունն ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հիվանդանոցային հարկադիր բուժմամբ փոխարինելու մասին9,

- Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ արձանագրելով, որ Ա.Խաչատրյանը տեղամասային հոգեբույժի մոտ չի հաճախում, չի ստանում նշանակված դեղորայքը, իրեն հիվանդ չի համարում և կամովին չի շարունակի բուժումը, բավարարել է ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի միջնորդությունը, Ա.Խաչատրյանի նկատմամբ կիրառվող հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը փոխարինել հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժմամբ10,

- Վերաքննիչ դատարանը, համաձայնվելով Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ արտահայտված դիրքորոշումների հետ, այն թողել է օրինական ուժի մեջ11։

16. Սույն որոշման 11-14-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ա.Խաչատրյանի նկատմամբ նշանակված արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժմամբ փոխարինելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն արժանացրել սույն գործով առանցքային նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Այսպես, ստորադաս դատարանները Ա.Խաչատրյանի նկատմամբ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելու հիմքում դրել են միայն նրա կողմից իր պարտականությունները չկատարելը, այն է՝ տեղամասային հոգեբույժի մոտ չհաճախելը, դեղորայք չստանալը և իրեն առողջ համարելը։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակի փոփոխության պայմանները չեն կարող որևէ կերպ նույնացվել անձի նկատմամբ խափանման միջոցի տեսակի փոփոխության պայմանների հետ։ Այլ կերպ, զուտ անձի կողմից իր պարտականությունները չկատարելը չի կարող դիտարկվել որպես անձի նկատմամբ կիրառված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակի փոփոխման բավարար պայման՝ այդ պարտականությունների կատարումն ապահովելու համար։ Հարկ է ընդգծել, որ ի տարբերություն խափանման միջոցի, որի կիրառման նպատակն անձի հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը կանխելն է, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը նպատակաուղղված է անձի բուժման ապահովմամբ նրա հոգեկան հիվանդությունից բխող՝ իր կամ հասարակությանը ներկայացվող վտանգը կանխելուն։ Հետևաբար, ստորադաս դատարաններն Ա.Խաչատրյանի նկատմամբ նշանակված արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժմամբ փոխարինելիս չէին կարող սահմանափակվել բացառապես նրա կողմից իր վրա դրված պարտականությունների չկատարման փաստով, այլ պետք է պարզեին այդպիսի փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան բժշկական ցուցումի առկայության հանգամանքը։

Սույն գործով թեև ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն Ա.Հակոբյանը 2019 թվականի փետրվարի 21-ի միջնորդությանը կցել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման հանձնաժողովի թիվ 01/19 եզրակացությունը, սակայն այն չի պարունակում Ա.Խաչատրյանի նկատմամբ նշանակված արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժմամբ փոխարինելու անհրաժեշտությունը հիմնավորող բժշկական ցուցում։ Մասնավորապես, նշված եզրակացության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն պարունակում է տեղեկություններ գործի դատավարական նախապատմության և փաստական հանգամանքների մասին, այլ ոչ թե Ա.Խաչատրյանի հոգեկան առողջության վիճակի և նրա նկատմամբ կիրառված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխարինելու անհրաժեշտության մասին12։ Նման պայմաններում, ստորադաս դատարանները չէին կարող թիվ 01/19 եզրակացությունը բավարար գնահատել՝ Ա.Խաչատրյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելու համար։ Այլ կերպ, թեև «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության՝ 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350 որոշման 23-րդ կետը, որին հղում էր կատարել միջնորդության մեջ նաև իրավասու մարմինը, թույլ է տալիս արտահիվանդանոցային հարկադիր հսկողության ու բուժման մեջ գտնվող անձի կողմից պարտականությունների չկատարման դեպքում սկսել հարկադրանքի տեսակը փոխելու գործընթաց, սակայն համապատասխան բժշկական ցուցումի բացակայության պայմաններում այդ գործընթացն իրականացվել չի կարող։

Հետևաբար, Ա.Խաչատրյանի կողմից միայն տեղամասային հոգեբույժի մոտ չհաճախելու, դեղորայք չստանալու և իրեն առողջ համարելու հանգամանքի հիման վրա, բժշկական եզրակացության մեջ նրա հոգեկան վիճակի վերաբերյալ տեղեկությունների բացակայության պայմաններում, Ա.Խաչատրյանի նկատմամբ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխվել չէր կարող։

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ա.Խաչատրյանի արտահիվանդանոցային հարկադիր բուժումը և տեղամասային հոգեբույժի մոտ հսկողությունն ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժմամբ փոխարինելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։

17. Հիմք ընդունելով վերոշարադրյալ հիմնավորումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի սխալ կիրառում, ինչն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է։ Ուստի վճռաբեկ բողոքը պետք է բավարարել, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 28-ի որոշումը բեկանել և փոփոխել, իսկ ՀՀ առողջապահության նախարարության ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն Ա.Հակոբյանի միջնորդությունը՝ մերժել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 418-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Աստղիկ Ռազմիկի Խաչատրյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 28-ի որոշումը բեկանել և փոփոխել: ՀՀ առողջապահության նախարարության ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն Ա.Հակոբյանի միջնորդությունը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________________________

1Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-4:

2Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 90-92:

3Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 46-52:

4Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ilnseher v. Germany [GC] գործով 2018 թվականի դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատներ թիվ 10211/12 և 27505/14, կետ 127, Stanev v. Bulgaria [GC] գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, կետ 145, Shtukaturov v. Russia գործով 2008 թվականի մարտի 27-ի վճիռը, գանգատ թիվ 44009/05, կետ 114, Varbanov v. Bulgaria գործով 2000 թվականի հոկտեմբերի 5-ի վճիռը, գանգատ թիվ 31365/96, կետ 45։

5Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ruiz Rivera v. Switzerland գործով 2014 թվականի փետրվարի 18-ի վճիռը, գանգատ թիվ 8300/06, կետ 59, S.R. v. the Netherlands գործով 2012 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը, գանգատ թիվ 13837/07, կետ 31։

6Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Constancia v. the Netherlands գործով 2015 թվականի մարտի 3-ի որոշումը, գանգատ թիվ 73560/12, կետ 26, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը թույլատրելի համարեց գանգատաբերի հոգեկան վիճակի բժշկական զննության փոխարեն առկա այլ տեղեկությունները որպես հիմք ընդունելը։

7Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արտավազդ Ծատուրյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0045/14/13 որոշման 15-րդ կետը։

8Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գրիգոր Գրիգորյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0011/14/15 որոշման 17-18-րդ կետերը։

9Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

10Տե՛ս սույն որոշման 1.2-րդ և 5-րդ կետերը։

11Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

12Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան