Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0482/02/14

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0482/02/14

Նախագահող դատավոր՝  Գ. Խանդանյան

Դատավորներ՝

 Ա. Մխիթարյան

 Ս. Թորոսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2021 թվականի դեկտեմբերի 30-ին,

գրավոր ընթացակարգով քննելով Ռուզաննա Պողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ռուզաննա Պողոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձ ՀՀ տարածքային կառավարման նախարարության` 08.10.2013 թվականի թիվ 1764-Ա և 29.01.2014 թվականի թիվ 68-Ա հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ռուզաննա Պողոսյանը պահանջել է անվավեր ճանաչել 08.10.2013 թվականի թիվ 1764-Ա և 29.01.2014 թվականի թիվ 68-Ա հրամանները, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 19.12.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ս. Միքայելյան, դատավորներ` Ն. Բարսեղյան, Հ. Ենոքյան) 27.04.2015 թվականի որոշմամբ Ռուզաննա Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2014 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) 05.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Մ. Հարթենյան, դատավորներ` Կ. Չիլինգարյան, Ա. Խառատյան) 25.01.2019 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2018 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.04.2019 թվականի որոշմամբ Ռուզաննա Պողոսյանի ներկայացուցչի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, մերժվել է և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2019 թվականի որոշման դեմ Ռուզաննա Պողոսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 04.12.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.04.2021 թվականի որոշմամբ Ռուզաննա Պողոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 04.12.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզաննա Պողոսյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 66-րդ և 381-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները։

 

Սույն գործով Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա փաստերի և ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն:

«Արտեմիսիա» բնաբուժության կենտրոնի կողմից Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ուղղված 19.012016 թվականի գրությունը թույլատրելի ապացույց չէ, այն պատճառով, որ կենտրոնն առանց բողոքաբերի համաձայնության իրավունք չուներ տեղեկություններ փոխանցել այլ անձի կամ կազմակերպության։ Հետևաբար Վերաքննիչ դատարանը պետք է գնահատեր նշված ապացույցը ապացույցների շարքից հանել-չհանելու իրավաչափության հարցը, այլ ոչ թե անհիմն եզրակացության հանգեր այն մասին, որ քանի դեռ այդ փաստաթղթի կեղծ լինելու հարց ստորադաս դատարանում չի քննվել, չի կարող այն վերաքննության առարկա դառնալ:

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմը 14102013-04112013 թվականներին աշխատանքից բողոքաբերի բացակայությունը հարգելի է համարել նաև այն պատճառաբանությամբ, որ այդ օրերի համար վերջինիս վարձատրել են, այսինքն՝ այդ օրերին աշխատանքից բողոքաբերի բացակայելը դիտել են հարգելի։

08.10.2013 թվականի թիվ 1764-Ա հրամանն իրավաչափ ճանաչելիս, ստորադաս դատարանները հաշվի չեն առել բողոքաբերի նախկինում կատարած աշխատանքը, մեղքի բացակայությունը և նշված հրամանի համար հիմք հանդիսացող փաստերի վերաբերյալ արձանագրությունների բացակայությունը: Իսկ այդ ապացույցի բացակայության բացասական ռիսկն օրենքով սահմանված կարգով պետք է կրի պատասխանող կողմը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22042021 թվականի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.10.2013 թվականի թիվ 1764-Ա հրամանի համաձայն` ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու համար Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը (հատոր 1-ին, գ.թ. 29).

2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 29.01.2014 թվականի թիվ 68-Ա հրամանի համաձայն` հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.01.2014 թվականի թիվ 06-Ա հրամանը և ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնն զբաղեցնող Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող Ռուզաննա Պողոսյանը 29012014 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից (հատոր 1-ին, գ.թ. 34)

3) Ռուզաննա Պողոսյանը 28022014 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան և պահանջել է անվավեր ճանաչել 08.10.2013 թվականի թիվ 1764-Ա և 29.01.2014 թվականի թիվ 68-Ա հրամանները, իրեն վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը (հատոր 1-ին, գ.թ. 3-5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսացող դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնից ազատելու հետ կապված իրավական վեճը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության, թե վարչական դատավարության կարգով՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: (…):

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: (…):

Համանման կարգավորումներ են նախատեսվել նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ։ Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից բխում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձը ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում:

Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը՝ օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նաև դատավարական նորմերով սահմանված այն դատարանի և այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանը այն վերապահված է օրենքով: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշումը):

Սույն գործի հարուցման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի (ուժը կորցրել է 09042018 թվականին) 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:

Համանման կարգավորում է նախատեսվել նաև գործող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։ Այսպես՝ 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննում են քաղաքացիական կամ քրեական մասնագիտացման դատավորները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործը հարուցվել և առաջին ատյանի դատարանում քննվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) նորմերով:

Նախկին օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։

Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Համանման կարգավորում է նախատեսվել նաև 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած և սույն գործով վերաքննիչ ու վճռաբեկ բողոքների քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

Վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ենթակայությունը՝ որպես դատավարական ինստիտուտ, դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որոնք կարգավորում են դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև։ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր իրավասության դատարանի ենթակայության շրջանակն ընդգրկում է բոլոր գործերը՝ բացառությամբ մասնագիտացված դատարանների քննությանը վերապահված գործերի, իսկ մասնավորապես` վարչական դատարանի ենթակայության շրջանակը ներառում է հանրային իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերը։ Փաստորեն, դատական գործերի տարանջատումը քաղաքացիականի և վարչականի պայմանավորված է այդ գործերով վիճելի իրավահարաբերության բնույթով. կոնկրետ գործի՝ ենթակայության հարցը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել այդ գործով վիճելի իրավահարաբերության բնույթը, այսինքն՝ այն հարցը, թե արդյոք տվյալ գործը ծագում է հանրային, թե մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճից:

Այսպիսով, իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի ենթակայության հարցը որոշվում է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մի շարք որոշումներում անդրադարձել է հանրային և մասնավոր իրավահարաբերությունների տարբերակման և դրա հիման վրա դատական գործերի ենթակայության տարանջատման հարցին: Այսպես, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշման՝ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ենթակա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1) արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,

2) արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,

3) արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե՝ ոչ:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0823/05/14, թիվ ՎԴ/0830/05/14 և թիվ ՎԴ/1621/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումները):

 ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, որ գործի՝ առարկայական ընդդատության [ենթակայության] կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում ընդհանուր իրավասության դատարանը, ի տարբերություն վարչական դատարանի, իրավասու չէ այն հանձնել այլ դատարանի քննությանը: Տվյալ պարագայում ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթն այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության։ Այսինքն՝ այն դեպքում, երբ որևէ գործի քննության ընթացքում պարզվում է, որ այն վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության (տե՛ս, Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի կիրառմամբ իրականացվել է սույն գործով վերաքննության վարույթը, ինչպես նաև իրականացվում է վճռաբեկության վարույթը, ենթակայության կանոնի խախտումն ամրագրել է որպես ստորադաս ատյանի դատական ակտն անվերապահորեն բեկանելու հիմք: Մասնավորապես, այսպիսի խախտման ի հայտ գալու պայմաններում վերադաս դատական ատյանը, անկախ քննության ենթակա բողոքի հիմքերից և հիմնավորումներից, պարտավոր է բեկանել ստորադաս դատական ատյանի դատական ակտը: Դատական ակտի անվերապահ բեկանման հանգեցնող խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք (տե'ս, Վարուժան Գրիգորյանն ընդդեմ ՀՀ Արարատի մարզպետարանի թիվ ԱՎԴ/4225/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2021 թվականի որոշումը):

 

Սույն գործով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 29.01.2014 թվականի թիվ 68-Ա հրամանի համաձայն` հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.01.2014 թվականի թիվ 06-Ա հրամանը և ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին «գ» կետով և 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնն զբաղեցնող Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնն զբաղեցնող Ռուզաննա Պողոսյանը 29.01.2014 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Դիմելով դատարան՝ Ռուզաննա Պողոսյանը պահանջել է անվավեր ճանաչել 08.10.2013 թվականի թիվ 1764-Ա և 29.01.2014 թվականի թիվ 68-Ա հրամանները, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը։

Դատարանը վեճը քննել և 04122020 թվականի վճռով հայցը մերժել է, իսկ Վերաքննիչ դատարանը 22042021 թվականի որոշմամբ Ռուզաննա Պողոսյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սույն գործով ծագած իրավական վեճի՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշման՝ դատական կարգով վիճարկելու պարագայում ենթակայության հարցին, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 26.05.2011 թվականին ընդունված, 01.01.2012 թվականին ուժի մեջ մտած և 20.11.2019 թվականին ուժը կորցրած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային ծառայությունը պետությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը, պետական և համայնքային պաշտոնները։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:

Համանման կարգավորում է նախատեսվել նաև 09.04.2019 թվականից ուժի մեջ մտած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն` հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենքներով և համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը:

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համայնքային ծառայությունը հանրային ծառայության ինքնուրույն տեսակ է:

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ համայնքային ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից անկախ մասնագիտական գործունեություն է, որը կատարվում է համայնքների ղեկավարների աշխատակազմերում՝ (Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում) Հայաստանի Հանրապետության օրենքներով այդ մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով։

Նույն հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ համայնքային ծառայող է համարվում համայնքի ղեկավարի աշխատակազմում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող անձը։

Վերը նշված իրավական կարգավորումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվոր Ռուզաննա Պողոսյանը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային պաշտոնը՝ ծածկագիր 32-349։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հայցվորը, լինելով հանրային ծառայող, այն է՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ, դիմելով դատական պաշտպանության, ակնկալել է իր հանրային (համայնքային) ծառայությունից ազատելու հետ կապված վեճի լուծում, որը պայմանավորված է եղել իրեն զբաղեցրած պաշտոնից ազատելով:

Այսինքն՝ սույն գործով վեճը կապված է հանրային ծառայությունից ազատելու հետ: Մասնավորապես, հայցվորը, հանդիսանալով հանրային ծառայող, դատական պաշտպանության է դիմել այդ ծառայությունից ազատելու հետ կապված վեճով և պահանջել է անվավեր ճանաչել 08.10.2013 թվականի թիվ 1764-Ա և 29.01.2014 թվականի թիվ 68-Ա հրամանները, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վեճը վերաբերում է հանրային ծառայությունից ազատելու ընթացքում հայցվորի իրավունքների ենթադրյալ խախտմանը, որի պաշտպանության հայցի քննությունը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ ընդդատյա է ՀՀ վարչական դատարանի քննությանը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անկախ վճռաբեկ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, սույն գործով առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանի վճռի անվերապահ բեկանման ենթակա լինելու հիմքը առկա է եղել նաև վերաքննիչ բողոքի քննության ժամանակ։ Մասնավորապես սույն գործի հարուցման հիմք հանդիսացած հայցադիմումը վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, ուստի Դատարանը Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի ուժով պարտավոր էր վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության։ Մինչդեռ, Դատարանը գործի վարույթը չի կարճել, այլ քննել ու դատական ակտ է կայացրել վարչական դատարանի ենթակայությանը վերապահված՝ հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, որպիսի պայմաններում Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի ըստ էության քննությունն իրավաչափ համարվել չի կարող, քանի որ գործն ի սկզբանե ենթակա չէր քննության քաղաքացիական դատավարության կարգով, այլ կերպ ասած՝ գործի հարուցումը և ըստ էության քննությունն իրականացվել են օրինականության սկզբունքի խախտմամբ՝ խախտելով նաև իրավասու դատարանի կողմից անձի՝ իր գործի քննության իրավունքը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ հիմքի և հիմնավորումների, ինչպես նաև դրանց կապակցությամբ ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկների գնահատմանը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործի վարույթը կարճելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով։

Նույն հոդվածի նախավերջին պարբերության համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռուզաննա Պողոսյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ուժով ազատված է եղել հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման, պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2021 թվականի որոշումը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2022 թվական: