Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-42
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.11.2002-01.03.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/7-8(1107-1108) հոդ.82, ապրիլ 1996
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
04 մարտի 1996 թ.

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական և ֆինանսական հիմունքները:

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Հիմնական հասկացություններ

 

1. Բժշկական օգնություն և սպասարկում` բնակչությանը կանխարգելիչ բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցում:

2. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակներ ցուցաբերող ֆիզիկական և իրավաբանական անձ, անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն` անկախ կազմակերպական-իրավական տեսակից և սեփականության ձևից:

3. Առողջապահական պետական նպատակային ծրագրեր` ամենամյա ծրագրեր, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը և որոնց ֆինանսավորումն արտահայտված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում:

Առողջապահության պետական նպատակային ամենամյա ծրագիրը պետական բյուջեի նախագծի կազմում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողով: Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը և զարգացումը, որի ծավալները որոշվում են առողջապահության պետական նպատակային ծրագրերին համապատասխան:

(1-ին հոդվածը խմբ. 21.03.00 ՀՕ-43, փոփ. 23.10.02 ՀՕ-435-Ն)

 

Հոդված 2.

Բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակները

 

Բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակներն են`

ա) առաջնային բժշկական օգնությունը` որպես յուրաքանչյուր մարդու համար անվճար, առավել մատչելի մեթոդների և տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, որը երաշխավորվում է պետության կողմից.

բ) մասնագիտացված բժշկական օգնությունը` որպես ախտորոշման և բժշկական առանձնահատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ:

Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը և կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 3.

Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ձևերը
 

Բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում են`

հիվանդանոցային ձևով, երբ անհրաժեշտ է բժշկական միջոցառումների համալիր կիրառում` ախտորոշում, բուժում, տևական հսկողություն և հատուկ խնամք.

արտահիվանդանոցային ձևով, երբ դրա իրականացման համար չեն պահանջվում հիվանդանոցային պայմաններ:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 4.

Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու մարդու իրավունքը
 

Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Հայաստանի Հանրապետությունում ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալ անվճար` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այդ ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն և սպասարկում ստանալ բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ աղբյուրների հաշվին:

Այլ պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

 

Հոդված 5.

Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս
 

Բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի`

ա) ընտրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին.

բ) ստանալ բժշկական օգնություն և սպասարկում` հիգիենայի պահանջներին համապատասխանող պայմաններում.

գ) պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից.

դ) իրազեկ լինել իր հիվանդության մասին և համաձայնություն տալ բժշկական միջամտության համար.

ե) հրաժարվել բժշկական միջամտությունից, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից.

զ) արժանանալ հարգալից վերաբերմունքի` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից:

 

Հոդված 6.

Բժշկական օգնության և սպասարկման ընթացքում հասցված վնասի փոխհատուցում ստանալու մարդու իրավունքը
 

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման ընթացքում իր առողջությանը հասցված վնասի դիմաց ստանալ փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 7.

Առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու մարդու իրավունքը
 

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մատչելի ձևով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին:

Մարդու առողջական վիճակի մասին տեղեկությունը նրա կամքին հակառակ չի կարող հաղորդվել նրան կամ այլ անձանց, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից:

18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված հիվանդների առողջական վիճակի մասին տեղեկությունները տրվում են նրանց օրինական ներկայացուցիչներին:

 

Հոդված 8.

Համաձայնություն բժշկական միջամտության համար
 

Մարդու համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից:

Բուժողի կամ բուժվողի պահանջով համաձայնությունը կարող է լինել նաև գրավոր:

18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված հիվանդին, ինչպես նաև այն դեպքերում, երբ հիվանդի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը, բժշկական միջամտության համար համաձայնությունը տրվում է նրա օրինական ներկայացուցչի կողմից:

Օրինական ներկայացուցչի բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ, բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը, ելնելով հիվանդի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից:

 

Հոդված 9.

Մարդու վերարտադրողական իրավունքը
 

Յուրաքանչյուր զույգ կամ յուրաքանչյուր ոք իրավունք ունի`

ա) որոշել իր երեխաների թիվը և նրանց ծնվելու ժամկետները.

բ) անցանկալի հղիությունից և հղիության արհեստական ընդհատումից խուսափելու նպատակով օգտվել ընտանիքի պլանավորման արդյունավետ և անվնաս միջոցներից ու մեթոդներից, դրանց վերաբերյալ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ:

գ) հղիության ընթացքում ստանալ հղիության և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնություն և սպասարկում` պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Հղիության արհեստական ընդհատումը և բժշկական ամլացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Յուրաքանչյուր ոք, ներառյալ դեռահասը, իրավունք ունի տեղեկություններ ստանալ իր սեռական առողջության պահպանման հարցերի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, դրանց բարդությունների և հետևանքների մասին:

(9-րդ հոդվածը լրաց. 06.11.00 ՀՕ-110)

 

Հոդված 10.

Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու երեխայի իրավունքը
 

Յուրաքանչյուր երեխա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում իրավունք ունի ստանալ անվճար բժշկական օգնություն և սպասարկում:

 

Հոդված 11.

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդու իրավունքը
 

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդն իրավունք ունի անվճար ստանալ պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն և սպասարկում և բուժվել այդ նպատակի համար նախատեսված հատուկ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում:

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 12.

Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները

 

Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման վայրերում պատիժ կրող անձինք իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն և սպասարկում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 13.

Զինծառայողների և զորակոչիկների բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը
 

Զինծառայողները և զորակոչիկներն իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն և սպասարկում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 14.

Արտակարգ իրավիճակներում տուժած մարդկանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները
 

Արտակարգ իրավիճակներում տուժած մարդիկ բժշկական օգնություն և սպասարկում են ստանում անվճար` պետության կողմից երաշխավորված կարգով:

 

Հոդված 15.

Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները

 

Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն և սպասարկում Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

 

Հոդված 16.

Բժշկական օգնության և սպասարկման իրականացումը առանց մարդու համաձայնության
 

Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 17.

Բժշկական միջամտությունից հրաժարվելը

 

Յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվել բժշկական միջամտությունից կամ պահանջել ընդհատել այն, բացի սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված դեպքերից:

Բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը` հնարավոր հետևանքների նշումով, գրանցվում է բժշկական փաստաթղթերում և հավաստվում հիվանդի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից:

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 18.

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և նրանց իրավունքները

 

Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում:

Բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կրթություն, մասնագիտացում ստացած, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու լիցենզիա ստացած անձինք:

Այլ պետություններում բժշկական կրթություն ստացած անձանց թույլատրվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացնել բժշկական գործունեություն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`

ա) միավորվել մասնագիտական միություններում և դրանց միջոցով մասնակցել առողջապահական պետական նպատակային և ապահովագրական ծրագրերի մշակմանը, բժշկական գործունեության լիցենզավորմանը, իրենց իրավունքների պաշտպանությանը և միության կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացմանը.

բ) պաշտպանել իրենց մասնագիտական պատիվը և արժանապատվությունը.

գ) ապահովագրել իրենց մասնագիտական գործունեությունը:

 

Հոդված 19.

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտականությունները և պատասխանատվությունը
 

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են`

ա) յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից.

բ) ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին.

գ) յուրաքանչյուրին տեղյակ պահել նրան տրամադրվելիք բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների, տրամադրման կարգի և պայմանների մասին.

դ) յուրաքանչյուր մարդու կամ բժշկական օգնության համար այլ վճարողների պահանջով տրամադրել անհրաժեշտ տվյալներ հիվանդին ցուցաբերած բժշկական օգնության և սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների և այդ նպատակով կատարված ծախսերի մասին.

ե) ապահովել մարդու բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից.

զ) ներկայացնել վիճակագրական և այլ տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

է) հոգատար և հարգալից վերաբերմունք ցուցաբերել հիվանդների նկատմամբ:

Իրենց մեղքով մարդու առողջությանը հասցրած վնասի համար, ինչպես նաև մարդու առողջական վիճակի մասին տեղեկություններ հայտնելու դեպքում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, ապօրինի բժշկական գործունեությամբ զբաղվող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

Հոդված 20.

Գործունեության առանձնակի տեսակներով զբաղվող մարդկանց պարտադիր բժշկական հետազոտումը
 

Առանձին մասնագիտությունների, ինչպես նաև առանձին ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների աշխատողները մարդկանց առողջության պահպանման, վարակիչ և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով, նախքան նրանց աշխատանքի ընդունվելը և աշխատելու ընթացքում պարտավոր են պարբերաբար ենթարկվել բժշկական հետազոտման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գործատուները պարտավոր են հատուցել իրենց աշխատողների պարտադիր բժշկական հետազոտությունների անցկացման ծախսերը:

 

Հոդված 21.

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս նոր դեղերի, մեթոդների, ձևերի, միջոցների կիրառումը և կենսաբժշկական հետազոտությունների անցկացումը

 

Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս թույլատրվում է նոր դեղերի, մեթոդների, ձևերի, միջոցների կիրառում և կենսաբժշկական հետազոտությունների անցկացում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Մարդկանց բուժման նպատակով նոր դեղերի, մեթոդների, ձևերի, միջոցների կիրառումը, ցանկացած կենսաբժշկական հետազոտություն կարող է իրականացվել միայն նրանց իրազեկված գրավոր համաձայնության դեպքում:

Մարդը իրավունք ունի հրաժարվել հետազոտությանը մասնակցելուց դրա ցանկացած փուլում:

 

Հոդված 22.

Բժշկական փորձաքննությունը

 

Մարդկանց առողջական վիճակի որոշման նպատակով հիվանդության, վնասվածքի, աշխատունակության կորստի և այլ դեպքերում կատարվում է բժշկական փորձաքննություն:

Բժշկական փորձաքննության ձևերն են`

- ժամանակավոր անաշխատունակության,

- բժշկասոցիալական,

- ռազմաբժշկական,

- դատաբժշկական:

Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը որոշում է մարդու աշխատանքից ժամանակավոր ազատման անհրաժեշտությունը և ժամկետները` պայմանավորված աշխատողի առողջական վիճակով, նրա ժամանակավոր կամ մշտապես այլ աշխատանքի փոխադրումը, ինչպես նաև մարդու բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման հարցը:

Բժշկասոցիալական փորձաքննությունը որոշում է մարդու աշխատունակության կորստի աստիճանը, հաշմանդամության խումբը և պատճառը, սահմանում է նրա բժշկական, սոցիալական, աշխատանքային վերականգնման տեսակները, ծավալը և անցկացման ժամկետները, տալիս է երաշխավորություն աշխատանքի տեղավորման համար:

Ռազմաբժշկական փորձաքննությունը որոշում է զինվորական ծառայության անցնելու ենթակա քաղաքացիների, զինծառայողների, պահեստազորի զինծառայողների առողջական վիճակով պայմանավորված զինծայության պիտանիությունը, հաստատում է զինծառայողների և զինծառայությունից արձակվածների հիվանդությունների, վնասվածքների պատճառահետևանքային կապը զինծառայության հետ, սահմանում է բժշկական, սոցիալական, աշխատանքային վերականգնման իրականացման տեսակները, ծավալը և ժամկետները:

Դատաբժշկական փորձաքննությունն իրականացվում է իրավասու մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

Բժշկական փորձաքննության իրականացման, վիճելի դեպքերում կրկնական, լրացուցիչ, ինչպես նաև անկախ բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական փորձաքննության եզրակացության դատական կարգով գանգատարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(22-րդ հոդվածը փոփ. 11.10.00 ՀՕ-90)

 

Հոդված 23.

Էվթանազիայի արգելումը

 

Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Էվթանազիան` հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որևէ գործողությամբ և միջոցներով:

Այն անձինք, ովքեր հիվանդին գիտակցաբար դրդում են Էվթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 24.

Ախտաբանաանատոմիական հերձումները

 

Ախտաբանաանատոմիական հերձումներն անցկացվում են մահվան պատճառի որոշման և ախտորոշիչ նպատակներով:

Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 25.

Բժշկական օգնության և սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրները

 

Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրներն են`

ա) հատկացումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

բ) ապահովագրական հատուցումները.

գ) մարդկանց անմիջական վճարումները.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեով նախատեսված հատկացումներով իրականացնում է առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման երաշխավորված ֆինանսավորում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին` անկախ դրանց կազմակերպական-իրավական տեսակից և սեփականության ձևից:

Բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումն ապահովագրական հատուցումներով իրականացվում է կնքված ապահովագրական պայմանագրերի համաձայն:

Մարդկանց կողմից անմիջական վճարումներ կատարվում են, եթե մատուցվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների և ծավալների ֆինանսավորումն ամբողջությամբ կամ մասամբ չի իրականացվում սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ» և «դ» կետերում նշված աղբյուրներից:

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 26.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան

4 ապրիլի 1996 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-42

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.10.2024, ՀՕ-373-Ն 18.11.2024, ՀՕ-42
28.02.2024, ՀՕ-115-Ն 27.09.2024, ՀՕ-42
22.05.2024, ՀՕ-245-Ն 20.06.2024, ՀՕ-42
11.04.2024, ՀՕ-164-Ն 17.05.2024, ՀՕ-42
11.04.2024, ՀՕ-155-Ն 08.05.2024, ՀՕ-42
07.02.2024, ՀՕ-49-Ն 14.03.2024, ՀՕ-42
25.10.2023, ՀՕ-338-Ն 01.01.2024, ՀՕ-42
16.11.2023, ՀՕ-359-Ն 01.12.2023, ՀՕ-42
25.10.2023, ՀՕ-325-Ն 27.11.2023, ՀՕ-42
25.10.2023, ՀՕ-321-Ն 17.11.2023, ՀՕ-42
12.07.2023, ՀՕ-270-Ն 17.08.2023, ՀՕ-42
12.07.2023, ՀՕ-271-Ն 17.08.2023, ՀՕ-42
08.12.2022, ՀՕ-537-Ն 02.01.2023, ՀՕ-42
04.03.2022, ՀՕ-54-Ն 01.01.2023, ՀՕ-42
07.12.2022, ՀՕ-516-Ն 01.01.2023, ՀՕ-42
26.10.2022, ՀՕ-388-Ն 24.11.2022, ՀՕ-42
06.07.2022, ՀՕ-304-Ն 22.10.2022, ՀՕ-42
07.07.2022, ՀՕ-291-Ն 29.07.2022, ՀՕ-42
09.06.2022, ՀՕ-208-Ն 01.07.2022, ՀՕ-42
04.03.2022, ՀՕ-45-Ն 21.03.2022, ՀՕ-42
04.06.2021, ՀՕ-262-Ն 28.06.2021, ՀՕ-42
16.07.2020, ՀՕ-379-Ն 07.08.2020, ՀՕ-42
06.05.2020, ՀՕ-268-Ն 30.05.2020, ՀՕ-42
13.04.2020, ՀՕ-193-Ն 14.04.2020, ՀՕ-42
31.03.2020, ՀՕ-162-Ն 01.04.2020, ՀՕ-42
21.03.2018, ՀՕ-164-Ն 07.04.2018, ՀՕ-42
16.01.2018, ՀՕ-72-Ն 10.02.2018, ՀՕ-42
06.10.2015, ՀՕ-113-Ն 04.05.2016, ՀՕ-42
30.04.2015, ՀՕ-26-Ն 28.05.2015, ՀՕ-42
03.10.2011, ՀՕ-258-Ն 05.11.2011, ՀՕ-42
25.10.2010, ՀՕ-155-Ն 01.03.2011, ՀՕ-42
23.10.2002, ՀՕ-435-Ն 28.11.2002, ՀՕ-42
06.11.2000, ՀՕ-110 08.12.2000, ՀՕ-42
11.10.2000, ՀՕ-90 15.11.2000, ՀՕ-42
21.03.2000, ՀՕ-43 08.05.2000, ՀՕ-42
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան