ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԱՐԱԴ/0043/04/13 2022 թ. | ||
Սնանկության գործ թիվ ԱՐԱԴ/0043/04/13 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի փետրվարի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ ըստ դիմումի Ընկերության` կամավոր սնանկությունը ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությանը պահանջել է իրեն ճանաչել սնանկ:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խաչատրյան) 02.12.2013 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա. Աթաբեկյան) (այսուհետ՝ Դատարան) 18.06.2021 թվականի որոշմամբ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին Ընկերության սնանկության գործով կառավարչի միջնորդությունը բավարարվել է և հաստատվել է Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վաճառքի ծրագիրը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.08.2021 թվականի որոշմամբ Դատարանի 18.06.2021 թվականի ««Հինգերորդ աստղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին» որոշման դեմ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Կարեն Թունյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ, 51-րդ, 55-րդ, 56-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ու կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է սնանկ ճանաչված պարտապանի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար սահմանված արդար դատաքննության, դատական պաշտպանության, դրա մատչելիության ու արդյունավետ միջոցների երաշխավորման օրենքով սահմանված պահանջները, բողոքաբերին զրկել է իր իրավունքներն ու օրինական շահերը ոտնահարող և օրենքով սահմանված կարգի խախտմամբ դատարան ներկայացված միջնորդությունը բավարարելու վերաբերյալ ոչ իրավաչափ դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանն իր 26.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1542 որոշմամբ արձանագրել է, որ օրենքը չի նախատեսում պարտապանի գույքն իր հայեցողությամբ տնօրինելու կառավարչի բացարձակ ազատություն, և այն դեպքերում, երբ կառավարչի կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում տարբեր գործողությունների չկատարումը կամ ոչ պատշաճ, անբարեխիղճ կատարումը կարող է հակասել պարտապանի և պարտատերերի գույքային շահերին, հանգեցնել սնանկության գործընթացի մասնակիցների իրավունքների ոտնահարման և վնաս պատճառման, չի կարող արգելք լինել սնանկության գործընթացի մասնակիցների, այդ թվում՝ պարտապանի համար և նրանք իրավասու են օրենքի ուժով դիմելու դատարան:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ բողոքաբերը վերաքննիչ բողոքում պատճառաբանել է, որ Դատարան ներկայացված գույքի վաճառքի ծրագիրն էական վտանգներ է պարունակում իր համար, չի ապահովում գույքի արդյունավետ և անվտանգ իրացում օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացնելիս թույլ է տրվել Ընկերության դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը, կրկին հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք սնանկ ճանաչված պարտապանը կարող է իր անունից ինքնուրույն իրացնել իր դատավարական իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես՝ անձամբ բողոքարկել սնանկության գործի շրջանակներում կայացված՝ իր իրավունքները ենթադրաբար խախտող դատական ակտը։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը, այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը սնանկության գործով դիմում է դատարան` նույն օրենքով նախատեսված դեպքերում:
Նույն հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը՝ պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանը և պարտատերը (պարտատերերը) կարող են սնանկության գործը վարող դատավորին բողոքարկել կառավարչի գործողությունները կամ անգործությունը: Բողոքը կարող է դատարան ներկայացվել այն օրվանից սկսած 10 օրվա ընթացքում, երբ բողոքարկողը իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ (…) պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանը (ղեկավարը) գործում է նույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կարգով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի թույլտվության: Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը` նույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի ղեկավարը լուծարումից հետո զրկվում է գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքներից:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պարտապանի կողմից նույն հոդվածի առաջին և երկրորդ մասերի պահանջների խախտումով կնքված ցանկացած գործարք առոչինչ է:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանի վճռով սնանկ ճանաչված պարտապանը սնանկ ճանաչվելուց հետո այլ դատական գործերով իր անունից ինքնուրույն չի կարող իրացնել իր դատավարական իրավունքներն ու պարտականությունները, քանի որ նրա անունից ի պաշտոնե հանդես է գալիս սնանկության գործով կառավարիչը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի վճռով սնանկ ճանաչված պարտապանը սնանկ ճանաչվելուց հետո չի կարող զրկվել նույն սնանկության գործի շրջանակներում իր դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից (օրինակ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի հիմքով կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելը, սնանկության գործի շրջանակներում կայացված դատական ակտերը բողոքարկելը, նույն օրենքով սահմանված դեպքերում առարկություններ ներկայացնելը և այլն) (տե՛ս, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2014 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը 26.01.2021 թվականի թիվ ՍԴՈ-1572 որոշմամբ արձանագրել է, որ պարտապանի՝ սնանկ ճանաչվելու փաստն ինքնին ենթադրում է, որ վերջինս չի կարողացել կատարել իր ֆինանսական պարտավորությունները, այդ իսկ պատճառով սնանկ ճանաչվելուց հետո դատարանի կողմից նշանակվում է սնանկության գործով կառավարիչ, որի լիազորություններն էլ հանգում են պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման ապահովմանը: Հենց դա է պատճառը, որ օրենսդիրը սնանկության գործով կառավարչին է վերապահել դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը: Նման իրավակարգավորումը չի կարող դիտարկվել որպես պարտապանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, քանի որ բոլոր դեպքերում այդ իրավունքն իրացվում է անկախ նրանից՝ անմիջականորեն դատարան է դիմում պարտապանը, թե նրա անունից՝ սնանկության գործով կառավարիչը:
Վերոշարադրյալ դրույթների և իրավական մեկնաբանությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո սնանկության գործով կառավարիչը գործում է պարտապանի անունից և իրականացնում է մի շարք գործողություններ, ներառյալ իրացնում է պարտապանի դատավարական իրավունքներն ու պարտականությունները։ Այսպիսի կարգավորում նախատեսելու օրենսդրի գլխավոր նպատակն այն է, որ իր ֆինանսական պարտավորությունները չկատարած պարտապանի անունից, և ի շահ վերջինիս գործողություններն իրականացվի առավել պրոֆեսիոնալ անձի, տվյալ դեպքում՝ սնանկության գործով կառավարիչի կողմից և որ միաժամանակ վերջինիս կողմից պատշաճ հսկողությամբ կանխվի պարտապանի գույքի տնօրինման կամ պարտապանի համար պարտավորություն առաջացնող գործողությունների կատարումը։ Արդյունքում՝ ի շահ պարտապանի իրացվում են նրա բոլոր իրավունքները կառավարչի կողմից, և այն դեպքերում, երբ պարտապանը գտնում է, որ կառավարչի գործողությունները կամ անգործությունը կատարվել են ի վնաս իրեն, նա իրավասու է բողոքարկել դրանք։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հնարավոր են նաև դեպքեր, երբ սնանկության վարույթի շրջանակներում պարտապանի մոտ անհամաձայնություն է առաջացել ոչ թե կառավարչի գործողության, այլ այդ գործողության հիման վրա դատարանի կայացրած դատական ակտի կապակցությամբ, ինչը հանգեցրել է կայացված ակտը պարտապանի կողմից բողոքարկելու իրավունքի իրացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով պարտապանի և սնանկության գործով կառավարչի շահերի միջև առկա հակասությունը տվյալ հարցի առնչությամբ։
Նշվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը (տե՛ս, Եվրոպական դատարանի Dumitru Gheorghe v. Romania գործով 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
ՀՀ վճռաբեկ դատարանն, անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է (տե´ս, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ թեև օրենսդրի կողմից սահմանվել է պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո վերջինիս դատավարական իրավունքները և պարտականությունները սնանկության գործով կառավարչի կողմից իրացվելու և կառավարչի ոչ բարեխիղճ գործողությունները (անգործությունը) պարտապանի կողմից բողոքարկելու իրավական հնարավորություն, սակայն վերը թվարկված օրենսդրական կառուցակարգերը, այդուհանդերձ, չեն կարող սահմանափակել պարտապանի՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքը բոլոր այն դեպքերում, երբ չնայած կառավարչի կողմից իր պարտականությունների պատշաճ իրականացմանը, այդ պարտականությունների իրականացման դատավարական եղանակների հարցի շուրջ հակասություն է ծագել պարտապանի և կառավարչի շահերի միջև։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ կայացված դատական ակտը հակասում է պարտապանի շահերին, և վերջինս ունի անհամաձայնություն դատարանի եզրահանգումների հետ, նա անձամբ պետք է օժտված լինի այդ դատական ակտը բողոքարկելու իրավասությամբ։ Նման դեպքում պարտապանի անհամաձայնությունը կապված է ոչ թե կառավարչի գործողությունների, այլ դատարանի կողմից կատարված պատճառաբանությունների և եզրահանգումների հետ։
Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 26.01.2021 թվականի թիվ ՍԴՈ-1572 որոշման՝ սնանկության վարույթում սնանկության գործով կառավարիչը հանդես է գալիս ոչ թե պարտապանի կամ պարտատիրոջ կողմում, այլ օրենքի սահմաններում իրականացնում է իր՝ որպես սնանկության գործով կառավարչի լիազորությունները, որոնք ուղղված են պարտապանի և պարտատիրոջ շահերի հավասարակշռմանը:
Վերոնշյալ իրավիճակում դատավարական առումով պարտապանի և սնանկության գործով կառավարչի շահերը չեն համընկնում, կառավարիչն այդպիսի դատական ակտը բողոքարկելու իր իրավունքից չի օգտվում, քանի որ կայացված դատական ակտը բարենպաստ է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սնանկության գործով կառավարիչը հավասարապես հանդիսանում է նաև պարտատերերի շահերի ներկայացուցիչը։ Նշվածից տարբերվող մոտեցման պարագայում ապահովված չեն կարող համարվել պարտապանի՝ դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքները (տե´ս, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «2ԷԴ» ՓԲԸ-ի թիվ ՍնԴ/0497/04/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Ընկերությունը դիմում է ներկայացրել դատարան և պահանջել է իրեն ճանաչել սնանկ, որը ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2013 թվականի վճռով բավարարվել է։
Դատարանը 18.06.2021 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարչի միջնորդությունը բավարարել է և հաստատել է Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վաճառքի ծրագիրը:
Վերաքննիչ դատարանն Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին Դատարանի 18.06.2021 թվականի որոշման դեմ պարտապանի անունից վերաքննիչ բողոք կարող է ներկայացնել միայն պարտապանի սնանկության գործով կառավարիչը՝ նկատի ունենալով, որ պարտապանին պատկանող գույքի պահպանմանն ու վաճառքին ուղղված մի շարք լիազորություններ, այդ թվում՝ անշարժ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելուն վերաբերող հարցերով բողոք ներկայացնելը, օրենսդիրը վերապահել է սնանկության գործով կառավարչին՝ միաժամանակ սահմանափակելով պարտապանի՝ գույքի տնօրինմանն ուղղված գործողությունների իրականացումը, քանի որ առանց նշված սահմանափակումների հնարավոր չի լինի ապահովել սնանկության վարույթի ներդաշնակ ընթացքը, պարտապանի գույքի պահպանումը և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարումը: Մինչդեռ սույն դեպքում Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին Դատարանի 18.06.2021 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել հենց պարտապան Ընկերության կողմից։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում Դատարանի 18.06.2021 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել այն անձը, ով դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում սնանկության գործով կառավարիչը, գործելով օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում, միջնորդել է դատարանին հաստատել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վաճառքի ծրագիրը։ Այդ միջնորդության բավարարման արդյունքում կայացված դատական ակտի եզրահանգումների հետ անհամաձայնության արդյունքում էլ պարտապանը կամահայտնություն է դրսևորել իրացնելու իր դատավարական իրավունքները և բողոքարկել է Դատարանի կայացրած որոշումը։
Վերաքննիչ դատարանի կողմից կատարված վերլուծությունների արդյունքում ստացվում է, որ պարտապան Ընկերությունը դատարան դիմելու իրավասություն չունի, և Ընկերության ներկայիս կարգավիճակում վերջինիս անունից Դատարանի որոշումը բողոքարկելու իրավասություն ունի միայն սնանկության գործով կառավարիչը։ Սակայն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության գործով կառավարիչն իր միջնորդության բավարարման արդյունքում կայացված դատական ակտը բողոքարկելու նպատակ չի կարող հետապնդել։ Ուստի Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն կարևոր հանգամանքը, որ առաջացած իրավիճակում պարտապանին դատական ակտը բողոքարկելու հնարավորություն չտալու պարագայում խախտվում է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով նախատեսված դատական պաշտպանության իրավունքը։
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն գործի փաստերը, արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ պարտապանի մոտ առկա է անհամաձայնություն կայացված դատական ակտի կապակցությամբ, և որը պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռման համատեքստում չի բողոքարկվել կառավարչի կողմից և այդպիսի բողոքարկում չի էլ ենթադրվում, պետք է առկա լինի պարտապանի կողմից իր համար անբարենպաստ դատական ակտն անմիջականորեն բողոքարկելու իրավական հնարավորություն։
Սույն գործով պարտապան Ընկերությունը բողոքարկել է Դատարանի որոշումը՝ որպես բողոքարկման հիմք նշելով ոչ թե սնանկության գործով կառավարչի գործողությունների հետ անհամաձայնությունը, այլ Դատարանի կատարած պատճառաբանությունների և եզրահանգումների ոչ իրավաչափ լինելը։ Ուստի նման դեպքում, հաշվի առնելով վերը շարադրված իրավական վերլուծությունները, պարտապանի բողոքարկման իրավունքի սահմանափակումը Վերաքննիչ դատարանի կողմից չի կարող իրավաչափ համարվել։
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը վերացնելու լիազորությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե բացակայում են վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
|
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|