Գլխավոր տեղեկություն
Համար
N 430-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 28.04.2022
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 430-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1181-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 23-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1181-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կառուցվածքում՝

1) միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչությունն անվանափոխել միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության.

2) ստեղծել միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչություն:

2. Որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Միջազգային իրավական հարցերով» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

3. Որոշման հավելվածի 1-ին կետում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ եվրոպական դատարան) Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Միջազգային իրավական հարցերով» բառերով:

4. Որոշման հավելվածի 4-րդ կետի՝

1) 2-րդ ենթակետում «Офис Представителя Республики Армения в Европейском суде по правам человека Аппарата Премьер-министра Республики Армения» բառերը փոխարինել «Офис Представителя по международно-правовым вопросам Аппарата Премьер-министра Республики Армения» բառերով․

2) 3-րդ ենթակետում «Office of the Representative of the Republic of Armenia before the European Court of Human Rights of the Office of the Prime Minister of the Republic of Armenia» բառերը փոխարինել «Office of the Representative on International Legal Matters of the Office of the Prime Minister of the Republic of Armenia» բառերով .

3) 4-րդ ենթակետում «Bureau du Représentant de la République d'Arménie devant la Cour Européenne des Droits de l'Homme du Personnel de Premier Ministre de la République d'Arménie» բառերը փոխարինել «Bureau du Représentant sur les Affaires Juridiques Internationales du Personnel de Premier Ministre de la Republique d'Armenie» բառերով:

5. Որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետում «եվրոպական դատարանում» բառերը փոխարինել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ եվրոպական դատարան)» բառերով:

6. Որոշման հավելվածի 9-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրմանն աջակցելը.

4) Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելուն, վճիռների և որոշումների կատարման գործընթացի կազմակերպմանն օժանդակելը.»:

7. Որոշման հավելվածի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ ենթակետերով՝

«5) միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, արբիտրաժային կամ օտարերկրյա դատարանների վճիռների և որոշումների ճանաչման և կատարման, ինչպես նաև դրանց բողոքարկման գործընթացի կազմակերպմանն աջակցելը.

6) հաշտարարության կարգով Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վեճի լուծմանն օժանդակելը։»:

8. Որոշման հավելվածի 10-րդ կետի 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«19) իր գործառույթների շրջանակներում, ինքնուրույն կամ համագործակցելով միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ կառույցների հետ, Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրմանը միտված ծրագրերի իրականացում, այդ թվում՝ մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկագրերի, ուղեցույցների և տեղեկատվական թերթիկների կազմում և հրապարակում.»:

9. Որոշման հավելվածի 10-րդ կետի 24-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«24) միջազգային արբիտրաժային տրիբունալներում, օտարերկրյա և միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության նպատակով պետության դիրքորոշման և մարտավարության մշակմանն ուղղված աշխատանքների իրականացում.»:

10. Որոշման հավելվածի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-24.10 ենթակետերով՝

«24.1) միջազգային արբիտրաժային տրիբունալներում, օտարերկրյա և միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննության ենթակա կամ քննվող վեճի արտադատական կարգով, այդ թվում՝ բանակցությունների և հաշտարարության եղանակով, լուծմանն ուղղված աշխատանքների իրականացում.

24.2) միջազգային արբիտրաժային տրիբունալներում, օտարերկրյա և միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերով ներգրավված միջազգային իրավախորհրդատուների և (կամ) իրավաբանական գրասենյակների, փորձագետների և (կամ) փորձագիտական ընկերությունների հետ աշխատանքների իրականացում.

24.3) միջազգային արբիտրաժային տրիբունալներում, օտարերկրյա և միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննության ենթակա կամ քննվող վեճի հիմքում ընկած փաստական հանգամանքների ու իրավական փաստարկների հավաքագրմանը, ուսումնասիրությանն ու վերլուծությանն ուղղված աշխատանքների իրականացում.

24.4) միջազգային արբիտրաժային տրիբունալներում, օտարերկրյա և միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերով ներկայացվող դիմումների, գրությունների, առարկությունների և այլ փաստաթղթերի մշակմանն ուղղված աշխատանքների իրականացում.

24.5) միջազգային արբիտրաժային տրիբունալներում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող վեճի շրջանակներում արբիտրաժային տրիբունալի կազմավորմանն ուղղված աշխատանքների իրականացում.

24.6) օտարերկրյա դատարանների վարույթում գտնվող գործի քննությանը որպես երրորդ կողմ ներգրավվելու վերաբերյալ դիրքորոշման մշակմանն ուղղված աշխատանքների իրականացում.

24.7) միջազգային արբիտրաժային տրիբունալներում օտարերկրյա և միջազգային դատարանների կողմից կայացված որոշումների և վճիռների ճանաչմանն ու կատարմանը, անհրաժեշտության դեպքում դրանց վիճարկմանն ու չեղյալ ճանաչմանն ուղղված աշխատանքների իրականացում.

24.8) Հայաստանի Հանրապետության անունից կնքվող երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի նախագծերի, օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքվող միջազգային արբիտրաժը որպես վեճի լուծման մեխանիզմ սահմանող պայմանագրերի նախագծերի ուսումնասիրություն և դրանց վերաբերյալ դիրքորոշման մշակմանն ուղղված աշխատանքների իրականացում.

24.9) ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության կողմից նշանակվող արբիտրների հաշտարարների թեկնածու առաջադրելու նպատակով ուսումնասիրության և վերլուծության իրականացում.

24.10) միջազգային կազմակերպություններում շրջանառելու նպատակով իրավասու մարմինների հետ համատեղ իրավական փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացում:»:

11. Որոշման հավելվածի 22-րդ կետի 2-րդ ենթակետում «այլ միջազգային» բառերը փոխարինել «օտարերկրյա» բառով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետ՝

«5) միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչություն:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

26.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան