Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.12.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1274/02/13

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1274/02/13

Նախագահող դատավոր՝  Ա Խառատյան 

Դատավորներ՝

 Ս. Թորոսյան

 Դ Սերոբյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ալբերտ և Անահիտ Հակոբյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.09.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան (այսուհետ` Դեսպանատուն) ընդդեմ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների, երրորդ անձ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Դեսպանատունը պահանջել է անվավեր ճանաչել Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին 13.04.2012 թվականին տրված թիվ 2957 և թիվ 2958 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 10.04.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Տ Նազարյան, դատավորներ Ն Բարսեղյան, Ա Պետրոսյան) 29.06.2018 թվականի որոշմամբ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 10.04.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է: Դատավոր Ն. Բարսեղյանը ներկայացրել է հատուկ կարծիք:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.02.2020 թվականի որոշմամբ Դեսպանատան վճռաբեկ բողոքը բավարարվել է, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2018 թվականի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.09.2020 թվականի որոշմամբ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 10.04.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ալբերտ և Անահիտ Հակոբյանները (ներկայացուցիչ՝ Վարդան Առաքելյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-1228-րդ հոդվածների, 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Դեսպանատունն որևէ հավակնություն չի կարող ունենալ վեճի առարկա հողամասի նկատմամբ, քանի որ Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 0,04164հա հողամասի նկատմամբ գրանցված է Դեսպանատան միայն օգտագործման իրավունքն, իսկ սեփականության իրավունքը` նույն հասցեում գտնվող 999,3քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ, առանց հողամասի։

 Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ եթե նույնիսկ ընդունենք, որ հայցվորը սույն գործով հանդիսանում է շահագրգիռ անձ և իրավունք ունի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջով դիմել դատարան, ապա տվյալ դեպքում հայցը հարուցվել է ոչ պատշաճ պատասխանողների դեմ, քանի որ ժառանգության իրավունքի վկայագրերը նրանց տրվել է գործունեությունն արդեն իսկ դադարեցված նոտարի կողմից, հետևաբար հայցը կարող էր ներկայացվել ընդդեմ նոտարական պալատի և քննվել վարչական դատավարության կարգով, այլ ոչ թե՝ քաղաքացիական։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն պետք է կարճեր սույն գործի վարույթը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 30.09.2020 թվականի որոշումը՝ հայցը մերժել կամ կարճել գործի վարույթը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 1960 թվականի գույքային թերթի համաձայն` Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 65 տունը պատկանել է Արևշատ Հակոբյանին, ով պատասխանողներ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների հայրն է (հատոր 1-ին, գ.թ. 95-96, 101-102).

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ «Գույքի առանձին որակական, քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» 10.04.2012 թվականի թիվ ԱՏ-05/04/2012-1-0175 տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեին անհատական կարգով բնակելի տան համար հատկացված, ըստ 12.06.1960 թվականի 39 տոմար 26 գույքաթերթի տվյալների՝ 371,3քմ մակերեսով հողամասը մնում է հաշվառված հանգուցյալ Արևշատ Հակոբյանի անվամբ, սակայն նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարված չէ (հատոր 1-ին, գ.թ. 64).

3) Արևշատ Հակոբյանի և Արուսյակ Հովհաննիսյանի (ամուսնության գրանցումից հետո` Հակոբյան) ամուսնության վերաբերյալ 10.03.1956 թվականին քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության գրքում կատարվել է թիվ 322 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 69).

4) Արևշատ Հակոբյանը մահացել է 10.11.1983 թվականին, իսկ Արուսյակ Հակոբյանը՝ 01.09.1998 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 67-68).

5) Նոտար Էմմա Շաբոյանի կողմից 20.10.2000 թվականին տրված, սեղանամատյանի թիվ 3-3561 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արևշատ Աղասարի Հակոբյանի (մահացած՝ 10.11.1983 թվականին) գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում երեխաները` Ալբերտ և Անահիտ Հակոբյանները։ Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող բնակելի տնից և 371,3քմ մակերեսով հողամասից (ժառանգական գործի համար 1347) (հատոր 1-ին, գ.թ. 8).

6) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ և Ալբերտ Հակոբյանների ընդդեմ Դեսպանատան՝ հողամասն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, գործարքի առոչնչության հետևանքները կիրառելու և սեփական հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, և ըստ Դեսպանատան հակընդդեմ հայցի` ժառանգության վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 03.03.2006 թվականի վճռով հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարել. անվավեր է ճանաչել Ալբերտ և Անահիտ Հակոբյանների անվամբ 20.10.2000 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (հատոր 1-ին, գ.թ. 9-10).

7) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-006-3-7 մատյանի 000204 համարի տակ գրանցվել է Դեսպանատան օգտագործման իրավունքը Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 0,04164հա հողամասի նկատմամբ, ինչպես նաև սեփականության իրավունքը` նույն հասցեում գտնվող 999,3քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ, և 21.12.2011 թվականին Դեսպանատանը տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 2846215 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 11-18).

8) Ալբերտ և Անահիտ Հակոբյաններն Արևշատ և Արուսյակ Հակոբյանների ժառանգական գույքի համար ժառանգական իրավունքի վկայագրեր ստանալու մասին 29.03.2012 թվականին դիմում են ներկայացրել ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարին։ Նոտար Էմմա Շաբոյանի կողմից 13.04.2012 թվականին տրվել են թվով երկու ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր` դրանք գրանցելով սեղանամատյանում թիվ 2957 և թիվ 2958 համարների տակ: Սեղանամատյանում 2957 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արուսյակ Հակոբյանի (մահացած՝ 01.09.1998 թվականին), ժառանգներ են հանդիսանում Ալբերտ և Անահիտ Հակոբյանները։ Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 371,3քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնից։ Սեղանամատյանում թիվ 2958 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արևշատ Հակոբյանի (մահացած՝ 10.11.1983 թվականին) ժառանգներ են հանդիսանում Ալբերտ և Անահիտ Հակոբյանները։ Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 371,3քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնից (հատոր 1-ին, գ.թ. 61-63):

9) Սույն գործով Դեսպանատան հայցի առարկան Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին 13.04.2012 թվականին տրված թիվ 2957 և թիվ 2958 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելն է, իսկ հայցի փաստական հիմքը այն է, որ 03.03.2006 թվականի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռով ապացուցվել է պատասխանողների կողմից ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու, բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու պահանջով դատարան դիմած չլինելու և վիճելի անշարժ գույքի նկատմամբ ժառանգության իրավունք չունենալու հանգամանքները (հատոր 1-ին, գ.թ. 4-7):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսացող դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե արդյոք ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերի քննությունը կարող է իրականացվել քաղաքացիական դատավարության կարգով այն պարագայում, երբ ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու հիմքում դրված է նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկումը:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից բխում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում:

Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը, օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նաև դատավարական նորմերով սահմանված այն դատարանի և այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանը այն վերապահված է օրենքով: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը:

Վերոգրյալ իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի ճիշտ ընդդատության որոշումն ունի գործնական կարևոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից՝ տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ և հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի խախտմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործն առաջին ատյանի դատարանում քննվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) նորմերով:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սույն գործի քննության ժամանակ գործող ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:

Նախկին օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։

Սույն գործի հարուցման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (ուժը կորցրել է 07.01.2014 թվականին), ի թիվս 8-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված գործերի, 161-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վարչական դատարանին ընդդատյա է համարել նաև նոտարի անգործությունը, ինչպես նաև նոտարական գործողությունները, բացառությամբ գործարքի վավերացման գործողության, բողոքարկելու վերաբերյալ գործերը:

09.04.2018 թվականից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ՝ վարչական դատարան) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`

1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.

2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.

3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը։

Փաստորեն, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանել է վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր շրջանակը, իսկ նույն օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական դատարանին ընդդատյա գործերի շրջանակից բացառել է այն գործերը, որոնք ընդդատյա են այլ դատարանների:

Վերոնշվածից բխում է, որ օրենսդիրը հստակ տարանջատել է այն գործերի ցանկը, որոնք ենթակա են կոնկրետ դատարանների քննությանը: Ընդ որում, այդօրինակ տարանջատումն ուղղակիորեն բխում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վարչական դատարանի կողմից գործերի քննության դատավարական առանձնահատկություններից: Մասնավորապես, եթե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված է մրցակցության սկզբունքը, համաձայն որի՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, ապա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված է գործի փաստական հանգամանքներն է ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքը, համաձայն որի՝ վարչական դատարանը կաշկանդված չլինելով վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով, իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։

Միևնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Հատուկ վարույթներ» վերտառությամբ բաժնում օրենսդիրը նախատեսել է նաև վարչական դատարանին ընդդատյա այլ գործեր: Մասնավորապես նշված բաժնում (գլուխ 31, հոդվածներ 220-222) ներառվել է նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը:

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը, նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերը:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, որի շահերը շոշափում է նոտարի գործողությունը կամ անձը, որին մերժվել է նոտարական գործողություն կատարելը, կարող է կատարված նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը բողոքարկել դատարան:

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության միջոցի արդյունավետության հարցին, արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ժառանգության իրավունքի վկայագիրը վարչական դատարանում վիճարկելու իրավական հնարավորության հիմնախնդրին և նշել է, որ ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջը չի կարող դիտարկվել որպես նոտարական գործողությունը վիճարկելու պահանջ, եթե ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրված չէ նոտարական գործողությունների վիճարկումը(տե՛ս, Սերժիկ Պողոսյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձ Ստյոպիկ Պողոսյանի թիվ ՎԴ/4901/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի, Հուսիկ Թադևոսյանն ընդդեմ Արմեն Արիստակեսյանի, ՀՀ Արմավիրի նոտարական տարածքի նոտար Անժելա Ցականյանի թիվ ԱՐԴ1/0019/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումները):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգության իրավունքի վկայագրի վիճարկման հայցապահանջի ենթակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե այդ պահանջի հիմքում արդյոք ընկած է նոտարական գործողությունների վիճարկման փաստարկը, թե՝ ոչ: Այլ կերպ ասած, այն դեպքում, երբ ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրված է նոտարական գործողությունների վիճարկումը, ապա այն ենթակա է քննության վարչական դատարանի կողմից` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը, կարևորելով գործերի առարկայական ընդդատությունը, դատավարական օրենսգրքերով սահմանել է այդ կանոնը խախտելու իրավական հետևանքը, որը դատական ակտի անվերապահ բեկանումն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի (...) 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Ընդ որում, Նախկին օրենսգրքով ևս սահմանված է եղել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի վարույթը կարճելու պարտադիր պահանջ: Այսպես. Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի՝ առարկայական ընդդատության [ենթակայության] կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում ընդհանուր իրավասության դատարանը, ի տարբերություն վարչական դատարանի, իրավասու չէ այն հանձնել այլ դատարանի քննությանը: Տվյալ պարագայում ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթն այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության։ Այսինքն՝ այն դեպքում, երբ որևէ գործի քննության ընթացքում պարզվում է, որ այն վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության (տե՛ս, Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

 Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի կիրառմամբ իրականացվել է սույն գործով վերաքննության վարույթը, ինչպես նաև իրականացվում է վճռաբեկության վարույթը, ենթակայության կանոնի խախտումն ամրագրել է որպես ստորադաս ատյանի դատական ակտն անվերապահորեն բեկանելու հիմք: Մասնավորապես, այսպիսի խախտման ի հայտ գալու պայմաններում վերադաս դատական ատյանը, անկախ քննության ենթակա բողոքի հիմքերից և հիմնավորումներից, պարտավոր է բեկանել ստորադաս դատական ատյանի դատական ակտը: Դատական ակտի անվերապահ բեկանման հանգեցնող խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք (տե՛ս, Տաթևիկ Գալստյանն ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1118/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի կարգավորմանը համանման կարգավորում է նախատեսվել նաև 09042018 թվականից ուժի մեջ մտած և սույն գործով վերաքննիչ ու վճռաբեկ բողոքների քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ առարկայական ընդդատության կանոնների խախտման իրավական հետևանքը դատավարության ցանկացած փուլում գործի վարույթը կարճելն է: Ընդ որում, առարկայական ընդդատության կանոնների խախտումն օրենսդիրը որակել է այնպիսի դատավարական խախտում, որը հանգեցնում է դատական ակտի անվերապահ բեկանմանը՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից:

Այսինքն՝ առարկայական ընդդատության խախտումն օրենսդիրը համարել է այնպիսի դատավարական խախտում, որի առկայությունը վերադաս ատյաններում հաստատվելու պարագայում դատական ակտի անվերապահ բեկանման հիմք է հանդիսանում նույնիսկ այն դեպքում, երբ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքը նշված դատավարական խախտման հիմք չի պարունակում։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով դիմելով դատարան Դեսպանատունը պահանջել է անվավեր ճանաչել Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին 13.04.2012 թվականին տրված թիվ 2957 և թիվ 2958 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, որպես դրանց ոչ իրավաչափ լինելու փաստարկ հայտնելով, որ 03.03.2006 թվականի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռով ապացուցվել է պատասխանողների կողմից ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու, բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու պահանջով դատարան դիմած չլինելու և վիճելի անշարժ գույքի նկատմամբ ժառանգության իրավունք չունենալու հանգամանքները։

Այսինքն՝ թիվ 2957 և թիվ 2958 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի վիճարկման հիմքում Դեսպանատունը դրել է նոտարի գործողության ոչ իրավաչափ լինելը, մասնավորապես՝ վերջինիս կողմից ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն օրենքով սահմանված կարգի, այդ թվում ժամկետների խախտմամբ տալու հանգամանքը, ուստի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերի ենթակայության առանձնահատկությունների վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջը ենթակա է եղել ՀՀ վարչական դատարանի քննությանը, քանի որ թիվ 2957 և թիվ 2958 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի վիճարկման հիմքում դրված է նոտարի գործողության ոչ իրավաչափ լինելը, մասնավորապես՝ վերջինիս կողմից ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ տալու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, որպիսի պայմաններում Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի ըստ էության քննությունն իրավաչափ համարվել չի կարող, քանի որ գործն ի սկզբանե ենթակա չէր քննության քաղաքացիական դատավարության կարգով, այլ կերպ ասած՝ գործի հարուցումը և ըստ էության քննությունն իրականացվել են օրինականության սկզբունքի խախտմամբ՝ խախտելով նաև իրավասու դատարանի կողմից անձի՝ իր գործի քննության իրավունքը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին 13.04.2012 թվականին տրված թիվ 2957 և թիվ 2958 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջով սույն գործի քննությունն ընդդատյա (ենթակա) է եղել ՀՀ վարչական դատարանի քննությանը, այսինքն՝ ստորադաս դատարաններում առկա է եղել գործի վարույթը կարճելու ինչպես Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետով, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք, այն է՝ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, ուստի անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից Դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է եղել անվերապահ բեկանման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, իսկ սույն գործի վարույթը՝ կարճման, քանի որ ստորադաս դատարաններում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, այն է՝ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով։ Ընդ որում, թեև նշված դատավարական խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով դատական ակտի անվերապահ բեկանման հիմք է հանդիսանում նույնիսկ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, այդուհանդերձ պետք է արձանագրել, որ տվյալ դեպքում վճռաբեկ բողոքով բողոքաբերը բարձրացրել է հենց ժառանգության իրավահարաբերություններից բխող վեճերի ենթակայության հարցի վերաբերյալ հարց, որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք նշելով վկայակոչված վեճերի ենթակայությանն առնչվող իրավակարգավորումների կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությունը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարաններում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, որպիսի պայմաններում Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի ըստ էության քննությունն իրավաչափ համարվել չի կարող, քանի որ գործն ի սկզբանե ենթակա չէր քննության քաղաքացիական դատավարության կարգով, այլ կերպ ասած՝ գործի հարուցումը և ըստ էության քննությունն իրականացվել են օրինականության սկզբունքի խախտմամբ՝ խախտելով նաև իրավասու դատարանի կողմից անձի՝ իր գործի քննության իրավունքը:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործի վարույթը կարճելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (…) գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Տվյալ դեպքում սույն գործով դատական պաշտպանության իրենց իրավունքն իրացնելու նպատակով Ալբերտ և Անահիտ Հակոբյանները պետական տուրք են վճարել 20.000 ՀՀ դրամի չափով Դատարանի 10.04.2017 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք (հատոր 4-րդ, գ.թ 46) և 20.000 ՀՀ դրամի չափով Վերաքննիչ դատարանի 30.09.2020 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար, ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերող անձանց կողմից կատարված դատական ծախսը՝ վճարված 40.000 ՀՀ դրամը, վերոգրյալ իրավանորմի ուժով Դեսպանատնից պետք է բռնագանձվի հօգուտ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.09.2020 թվականի որոշումը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից հօգուտ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների բռնագանձել 20.000 ՀՀ դրամ, որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու և 20.000 ՀՀ դրամ, որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով 2021 թվականի դեկտեմբերի 10-ի կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

10122021 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի դեկտեմբերի 10-ին գրավոր ընթացակարգով քննելով Ալբերտ և Անահիտ Հակոբյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12102020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան (այսուհետ` Դեսպանատուն) ընդդեմ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների, երրորդ անձ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12102020 թվականի որոշումը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ս Անտոնյանս, Տ Պետրոսյանս, Ա Բարսեղյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Դեսպանատունը պահանջել է անվավեր ճանաչել Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին 13.04.2012 թվականին տրված թիվ 2957 և թիվ 2958 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 10.04.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Տ Նազարյան, դատավորներ Ն Բարսեղյան, Ա Պետրոսյան) 29.06.2018 թվականի որոշմամբ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 10.04.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է: Դատավոր Ն. Բարսեղյանը ներկայացրել է հատուկ կարծիք:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.02.2020 թվականի որոշմամբ Դեսպանատան վճռաբեկ բողոքը բավարարվել է, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2018 թվականի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 1210.2020 թվականի որոշմամբ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 10.04.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ալբերտ և Անահիտ Հակոբյանները (ներկայացուցիչ՝ Վարդան Առաքելյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-1228-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Դեսպանատունը որևէ հավակնություն չի կարող ունենալ վեճի առարկա հողամասի նկատմամբ, քանի որ Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 0,04164հա հողամասի նկատմամբ գրանցված է Դեսպանատան միայն օգտագործման իրավունքը, իսկ սեփականության իրավունքը` նույն հասցեում գտնվող 999,3քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ գրանցված է առանց հողամասի։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ եթե նույնիսկ ընդունենք, որ հայցվորը սույն գործով հանդիսանում է շահագրգիռ անձ և իրավունք ունի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջով դիմել դատարան, ապա տվյալ դեպքում հայցը հարուցվել է ոչ պատշաճ պատասխանողների դեմ, քանի որ ժառանգության իրավունքի վկայագրերը նրանց տրվել են գործունեությունն արդեն իսկ դադարեցված նոտարի կողմից, հետևաբար հայցը կարող էր ներկայացվել ընդդեմ նոտարական պալատի և քննվել վարչական դատավարության կարգով, այլ ոչ թե՝ քաղաքացիական։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն պետք է կարճեր սույն գործի վարույթը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.09.2020 թվականի որոշումը՝ հայցը մերժել կամ կարճել գործի վարույթը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 1960 թվականի գույքային թերթի համաձայն` Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 65 տունը պատկանել է Արևշատ Հակոբյանին, ով պատասխանողներ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների հայրն է (հատոր 1-ին, գ.թ. 95-96, 101-102).

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ «Գույքի առանձին որակական, քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» 10.04.2012 թվականի թիվ ԱՏ-05/04/2012-1-0175 տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեին անհատական կարգով բնակելի տան համար հատկացված, ըստ 12.06.1960 թվականի 39 տոմար 26 գույքաթերթի տվյալների՝ 371,3քմ մակերեսով հողամասը մնում է հաշվառված հանգուցյալ Արևշատ Հակոբյանի անվամբ, սակայն նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարված չէ (հատոր 1-ին, գ.թ. 64).

3) Արևշատ Հակոբյանի և Արուսյակ Հովհաննիսյանի (ամուսնության գրանցումից հետո` Հակոբյան) ամուսնության վերաբերյալ 10.03.1956 թվականին քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության գրքում կատարվել է թիվ 322 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 69).

4) Արևշատ Հակոբյանը մահացել է 10.11.1983 թվականին, իսկ Արուսյակ Հակոբյանը՝ 01.09.1998 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 67-68).

5) Նոտար Էմմա Շաբոյանի կողմից 20.10.2000 թվականին տրված, սեղանամատյանի թիվ 3-3561 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արևշատ Աղասարի Հակոբյանի (մահացած՝ 10.11.1983 թվականին) գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում երեխաները` Ալբերտ և Անահիտ Հակոբյանները։ Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող բնակելի տնից և 371,3քմ մակերեսով հողամասից (ժառանգական գործի համար 1347) (հատոր 1-ին, գ.թ. 8).

6) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ և Ալբերտ Հակոբյանների ընդդեմ Դեսպանատան՝ հողամասն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, գործարքի առոչնչության հետևանքները կիրառելու և սեփական հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, և ըստ Դեսպանատան հակընդդեմ հայցի` ժառանգության վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 03.03.2006 թվականի վճռով հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարել. անվավեր է ճանաչել Ալբերտ և Անահիտ Հակոբյանների անվամբ 20.10.2000 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (հատոր 1-ին, գ.թ. 9-10).

7) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-006-3-7 մատյանի 000204 համարի տակ գրանցվել է Դեսպանատան օգտագործման իրավունքը Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 0,04164հա հողամասի նկատմամբ, ինչպես նաև սեփականության իրավունքը` նույն հասցեում գտնվող 999,3քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ, և 21.12.2011 թվականին Դեսպանատանը տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 2846215 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 11-18).

8) Ալբերտ և Անահիտ Հակոբյաններն Արևշատ և Արուսյակ Հակոբյանների ժառանգական գույքի համար ժառանգական իրավունքի վկայագրեր ստանալու մասին 29.03.2012 թվականին դիմում են ներկայացրել ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարին։ Նոտար Էմմա Շաբոյանի կողմից 13.04.2012 թվականին տրվել են թվով երկու ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր` դրանք գրանցելով սեղանամատյանում 2957 և 2958 համարների տակ: Սեղանամատյանում 2957 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արուսյակ Հակոբյանի (մահացած՝ 01.09.1998 թվականին), ժառանգներ են հանդիսանում Ալբերտ և Անահիտ Հակոբյանները։ Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 371,3քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնից։ Սեղանամատյանում 2958 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արևշատ Հակոբյանի (մահացած՝ 10.11.1983 թվականին) ժառանգներ են հանդիսանում Ալբերտ և Անահիտ Հակոբյանները։ Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 371,3քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնից (հատոր 1-ին, գ.թ. 61-63):

9) Սույն գործով Դեսպանատան հայցի առարկան Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին 13.04.2012 թվականին տրված թիվ 2957 և 2958 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելն է, իսկ հայցի փաստական հիմքը այն է, որ 03.03.2006 թվականի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռով ապացուցվել է պատասխանողների կողմից ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու, բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու պահանջով դատարան դիմած չլինելու և վիճելի անշարժ գույքի նկատմամբ ժառանգության իրավունք չունենալու հանգամանքները (հատոր 1-ին, գ.թ. 4-7):

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ս Անտոնյանս, Տ Պետրոսյանս, Ա Բարսեղյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ՝ վարչական դատարան) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`

1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.

2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.

3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը։

Միևնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Հատուկ վարույթներ» վերտառությամբ բաժնում օրենսդիրը նախատեսել է նաև վարչական դատարանին ընդդատյա այլ գործեր: Մասնավորապես նշված բաժնում (գլուխ 31, հոդվածներ 220-222) ներառվել է նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը:

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը, նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերը:

 «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, որի շահերը շոշափում է նոտարի գործողությունը կամ անձը, որին մերժվել է նոտարական գործողություն կատարելը, կարող է կատարված նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը բողոքարկել դատարան:

ՀՀ սահմանադրական դատարանն, անդրադառնալով դատական պաշտպանության միջոցի արդյունավետության հարցին, արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ժառանգության իրավունքի վկայագիրը վարչական դատարանում վիճարկելու իրավական հնարավորության հիմնախնդրին և նշել է, որ օրենսդիրը նոտարական գործողության կատարման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերն ընդդատյա էր համարել վարչական դատարանին, իսկ այն դեպքերում, երբ վեճը վերաբերում էր ոչ թե հանրային իրավահարաբերություններին, այլ մասնավոր իրավահարաբերություններին, մասնավորապես` ժառանգական իրավունքին, ապա տվյալ գործերը վարչական դատարանում քննության ենթակա չէին: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն, եթե ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրված չէ նոտարական գործողությունների վիճարկումը, ապա այդ գործը չի ծագում հանրային իրավահարաբերություններից, այլ ծագում է մասնավոր իրավահարաբերություններից, հետևաբար ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (տե՛ս, Սերժիկ Պողոսյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձ Ստյոպիկ Պողոսյանի թիվ ՎԴ/4901/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի, Հուսիկ Թադևոսյանն ընդդեմ Արմեն Արիստակեսյանի, ՀՀ Արմավիրի նոտարական տարածքի նոտար Անժելա Ցականյանի թիվ ԱՐԴ1/0019/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի, Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի ընդդեմ Էմմա Մինբաշիրովայի, Թումանյանի նոտարական տարածքի նոտար Ա. Մաղաքյանի, ՀՀ Լոռու մարզի Մղարթի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման թիվ ԼԴ/2540/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումները):

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից բխում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում:

Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը, օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նաև դատավարական նորմերով սահմանված այն դատարանի և այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանը այն վերապահված է օրենքով: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը:

Վերոգրյալ իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների հիման վրա գտնում ենք, որ գործի ճիշտ ընդդատության որոշումն ունի գործնական կարևոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից՝ տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ և հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի խախտմանը: Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանել է վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր շրջանակը, իսկ նույն օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական դատարանին ընդդատյա գործերի շրջանակից բացառել է այն գործերը, որոնք ընդդատյա են այլ դատարանների:

Վերոնշվածից բխում է, որ օրենսդիրը հստակ տարանջատել է այն գործերի ցանկը, որոնք ենթակա են կոնկրետ դատարանների քննությանը: Ընդ որում այդօրինակ տարանջատումն ուղղակիորեն բխում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վարչական դատարանի կողմից գործերի քննության դատավարական առանձնահատկություններից: Մասնավորապես, եթե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված է մրցակցության սկզբունքը, համաձայն որի՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, ապա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքը, համաձայն որի՝ վարչական դատարանը կաշկանդված չլինելով վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով, իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։

Հարկ ենք համարում նշել, որ դատական գործերի տարանջատումը քաղաքացիականի և վարչականի պայմանավորված է այդ գործերով վիճելի իրավահարաբերության բնույթով. կոնկրետ գործի` ենթակայության հարցը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել այդ գործով վիճելի իրավահարաբերության բնույթը, այսինքն` այն հարցը, թե տվյալ գործը ծագում է հանրային, թե մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճից:

Անդրադառնալով ժառանգության վկայագրի անվավեր ճանաչման հարցին՝ կարծում ենք, որ ժառանգության իրավունքի վկայագրի վիճարկման հայցապահանջի ենթակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե այդ պահանջի հիմքում ընկած է նոտարական գործողությունների վիճարկման փաստարկը, թե՝ ոչ: Այլ կերպ ասած, այն դեպքում, երբ ժառանգության իրավունքի վիճարկման հայցապահանջի հիմքում ընկած է նոտարական գործողությունների վիճարկումը, ապա այդ հայցապահանջը ծագում է հանրային իրավահարաբերություններից բխող վեճից և գործն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ այն դեպքում, երբ ժառանգության իրավունքի վիճարկման հայցապահանջի հիմքում ընկած չէ նոտարական գործողությունների վիճարկումը, ապա այդ հայցապահանջը ծագում է մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճից և գործը ենթակա է ընդհանուր իրավասության դատարանին:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Այգեստանի 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր է հանդիսացել Արևշատ Հակոբյանը, ով պատասխանողներ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների հայրն է։ Արևշատ Հակոբյանը 10.11.1983 թվականին մահացել է: Նոտար Էմմա Շաբոյանի կողմից 20.10.2000 թվականին վավերացված, սեղանամատյանի թիվ 3-3561 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Արևշատ Աղասարի Հակոբյանի, մահացած 10.11.1983թ. գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում հավասար բաժիններով երեխաները՝ Ալբերտ և Անահիտ Հակոբյանները: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է եղել Երևան քաղաքի Այգեստանի 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող բնակելի տնից և 371.3քմ մակերեսով հողամասից, որի պատկանելությունը ժառանգատուին հաստատված է 12.06.1960թ. տրված 39 տոմարի 26 գույքաթերթով /ժառանգական գործի համար 1347/։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Անահիտ և Ալբերտ Հակոբյանների ընդդեմ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան՝ հողամասն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, գործարքի առոչնչության հետևանքները կիրառելու և սեփական հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հակընդդեմ հայցի` ժառանգության վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 03.03.2006 թվականին կայացրել է թիվ 06-1596 վճիռը, որով հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը բավարարվել` անվավեր է ճանաչվել Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին 20.10.2000 թվականին նոտար Էմմա Շաբոյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը։ 30.08.2006 թվականին վճիռը մտել է օրինական ուժի մեջ: 13.05.2005 թվականի՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի թիվ 2-628 վճռի համաձայն ճանաչվել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան օգտագործման իրավունքը Երևան քաղաքի Այգեստանի 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող բնակելի տան 425.5 քմ մակերեսով փաստացի զբաղեցրած հողամասի նկատմամբ: 21.12.2011 թվականին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը տրված թիվ 2846215 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Այգեստանի 9 փողոցի թիվ 2 ա, 999,3քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչվել է դեսպանատան սեփականության, իսկ 0,04164 հա հողամասի նկատմամբ` օգտագործման իրավունքը: Ալբերտ և Անահիտ Հակոբյանները 13.04.2012 թվականին կրկին դիմել են ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանին: Վերջինս վավերացրել է թվով երկու ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը` 2957 և 2958 համարների տակ։ Թիվ 2957 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արուսյակ Հակոբյանի` մահացած 01.09.1998 թվականին, ժառանգ են հանդիսանում Ալբերտ և Անահիտ Հակոբյանները: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է եղել Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 371.3քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնից: Գույքը պատկանել է հանգուցյալի ամուսնուն` Արևշատ Հակոբյանին։ Թիվ 2958 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արևշատ Հակոբյանի` մահացած 10.11.1983 թվականին, ժառանգ են հանդիսանում Ալբերտ և Անահիտ Հակոբյանները: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է եղել Երևան քաղաքի Այգեստանի 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 371.3 քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնից:

Սույն գործը հարուցվել է Դեսպանատան հայցադիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել պատասխանողներին տրված ժառանգության իրավունքի վկայագրերը, որպիսի պահանջի իրավական հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ, 305-րդ հոդվածները, 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը, իսկ փաստական հիմքում այն հանգամանքը, որ պատասխանողները բաց են թողել ժառանգությունը ընդունելու ժամկետը, բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու պահանջով չեն դիմել դատարան և, հետևաբար, չունեն ժառանգության իրավունք վիճելի անշարժ գույքի նկատմամբ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 10.04.2017 թվականի վճռով հայցը բավարարել է արձանագրելով, որ 03.03.2006 թվականի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռով ապացուցվել է այն, որ պատասխանողները բաց են թողել ժառանգությունն ընդունելու ժամկետը, բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու պահանջով չեն դիմել դատարան, և հետևաբար չունեն ժառանգության իրավունք վիճելի անշարժ գույքի նկատմամբ։

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2018 թվականի որոշմամբ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է և Դատարանի 10.04.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է, այն պատճառաբանությամբ, որ սույն գործով հայցվորի կողմից չեն վիճարկվել նոտարի գործողության իրավաչափությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը, ավելին, սույն գործով հայցը ներկայացված չէ նոտարի դեմ: Գործով պատասխանողներ են ներգրավված Ալբերտ և Անահիտ Հակոբյանները, իսկ նոտարը ներգրավված է որպես երրորդ անձ: Մասնավորապես, հաշվի առնելով, որ տվյալ դեպքում հայցվորը վիճարկել է ոչ թե նոտարի նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը, այլ խնդրել է անվավեր ճանաչել պատասխանողներին տրված ժառանգության իրավունքի վկայագրերը, որպիսի պահանջի իրավական հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ, 305-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը, իսկ փաստական հիմքում այն հանգամանքը, որ պատասխանողները բաց են թողել ժառանգությունը ընդունելու ժամկետը, բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու պահանջով չեն դիմել դատարան և, հետևաբար, չունեն ժառանգության իրավունք վիճելի անշարժ գույքի նկատմամբ:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով ներկայացված պահանջը չի բխել հանրային իրավահարաբերություններից, ուստի գործն ընդդատյա է եղել ոչ թե ՀՀ վարչական դատարանի քննությանը, այլ ընդհանուր իրավասության դատարանի քննությանը, հետևաբար այս մասով բողոքաբերների փաստարկն անհիմն է:

 Արդյունքում` Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել վերաքննիչ բողոքի այն հիմքը և դրա վերաբերյալ հիմնավորումները, ըստ որի` սույն գործով ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը շահագրգիռ անձ չի հանդիսանում, այն դեպքում, երբ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայմանն է: Նման պայմաններում, հաշվի առնելով սույն որոշման պատճառաբանություններում կատարված այն հետևությունը, որ հայցվորը որևէ հավակնություն խնդրո առարկա հողամասի նկատմամբ չի կարող ունենալ, ժառանգության իրավունքի վկայագրերը վիճարկելիս և դրանք անվավեր ճանաչվելը վերջինիս որևէ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ու վերականգնմանն ուղղված չէ, ուստի ներկայացված պահանջն անհիմն է և մերժման ենթակա:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.02.2020 թվականի որոշմամբ Դեսպանատան վճռաբեկ բողոքը բավարարվել է, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2018 թվականի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով պատասխանողներին 20.10.2000 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու մասին Դեսպանատան հայցապահանջը քննելիս Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Դեսպանատանը, փաստորեն, դիտել է որպես շահագրգիռ անձ՝ 03.03.2006 թվականին կայացնելով գործն ըստ էության լուծող, Դեսպանատան հակընդդեմ հայցը բավարարող դատական ակտ: Ընդ որում, Դեսպանատան հակընդդեմ հայցի հիման վրա անվավեր ճանաչված, Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը վերաբերել է նաև Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 371,3քմ մակերեսով հողամասին։ Փաստորեն, մեկ անգամ արդեն իսկ քննվել է Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին նախկինում տրված, Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող հողամասը ներառող ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու մասին Դեսպանատան հայցը, և վերջինս ըստ էության համարվել է շահագրգիռ անձ։ Ընդ որում, նախկինում քննված և սույն քաղաքացիական գործերով Դեսպանատան ու Ալբերտ և Անահիտ Հակոբյանների միջև առկա նյութաիրավական վեճը նույնաբնույթ է՝ վիճարկվում է միևնույն հողամասի նկատմամբ տրված ժառանգության իրավունքի վկայագրերի իրավաչափությունը, նմանատիպ են նաև նախկինում քննված և սույն քաղաքացիական գործերի փաստական հանգամանքները:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ սույն քաղաքացիական գործով վիճարկվող ժառանգության իրավունքի վկայագրերում ներառված հողամասի նկատմամբ Դեսպանատունն ունի օգտագործման իրավունք, իսկ դրա վրա գտնվող բնակելի տան նկատմամբ` սեփականության իրավունք, որոնք գրանցվել են ավելի վաղ (21.12.2011 թվական), քան ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից տրվել են սույն գործով վիճարկվող ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (13.04.2012 թվական):

Վճռաբեկ դատարանը գտել է, որ Դեսպանատունն ունի իրավական շահագրգռվածություն իրեն սեփականության իրավունքով պատկանող շինությամբ ծանրաբեռնված և իր կողմից օգտագործվող հողամասին վերաբերող ժառանգության իրավունքի վկայագրերի իրավաչափությունը դատական կարգով գնահատման առարկա դարձնելու հարցում։ Այսինքն` Դեսպանատունն իրավունք ունի վիճարկելու ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 13.04.2012 թվականին տրված` սեղանամատյանում 2957 և 2958 համարների տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, որոնց հիման վրա Ալբերտ և Անահիտ Հակոբյանները ձեռք են բերել նշված հասցեում գտնվող հողամասը (դրա մասերը)։

Վերաքննիչ դատարանի 1210.2020 թվականի որոշմամբ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների վերաքննիչ բողոքը մերժելիս արձանագրել է, որ անհիմն է համարում բողոքում տեղ գտած` Դատարանին վերագրված դատավարական և նյութական իրավունքի նորմերի խախտման մասին փաստարկները և եզրահանգել է, որ դրանք հիմք չեն կարող ծառայել օրինական և հիմնավորված դատական ակտը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջը ենթակա է եղել ՀՀ վարչական դատարանի քննությանը, քանի որ թիվ 2957 և թիվ 2958 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի վիճարկման հիմքում դրված է նոտարի գործողության ոչ իրավաչափ լինելը, մասնավորապես՝ վերջինիս կողմից ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ տալու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, որպիսի պայմաններում Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի ըստ էության քննությունն իրավաչափ համարվել չի կարող, քանի որ գործն ի սկզբանե ենթակա չէր քննության քաղաքացիական դատավարության կարգով, այլ կերպ ասած՝ գործի հարուցումը և ըստ էության քննությունն իրականացվել են օրինականության սկզբունքի խախտմամբ՝ խախտելով նաև իրավասու դատարանի կողմից անձի՝ իր գործի քննության իրավունքը:

 

Մինչդեռ, սույն գործով պահանջի հիմքը ոչ թե նոտարի գործողությունների վիճարկումն է, այլ անմիջականորեն ժառանգման իրավահարաբերություններից բխող, ժառանգությունն ընդունելու, ժառանգության բացման վայրի և ժառանգության զանգվածի կապակցությամբ ծագած վեճը, հետևաբար, սույն վեճը վերաբերում է ոչ թե հանրային իրավահարաբերություններին, այլ ժառանգական իրավահարաբերություններին։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն՝ եթե ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրված չէ նոտարական գործողությունների վիճարկումը, ապա այդ գործը չի ծագում հանրային իրավահարաբերություններից, այլ ծագում է մասնավոր իրավահարաբերություններից, հետևաբար ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

Տվյալ դեպքում հայցվորի կողմից չի վիճարկվել նոտարի գործողությունների իրավաչափությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը, ավելին՝ սույն գործով հայցը ներկայացված չէ նոտարի դեմ։ Գործով պատասխանողներ են ներգրավված եղել Ալբերտ և Անահիտ Հակոբյանները, իսկ նոտար Է. Շաբոյանը սույն գործով ներգրավված է որպես երրորդ անձ։ Մասնավորապես, տվյալ դեպքում հայցվորը վիճարկել է ոչ թե նոտարի նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը, այլ խնդրել է անվավեր ճանաչել պատասխանողներին տրված ժառանգության իրավունքի վկայագրերը, որպիսի պահանջի իրավական հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ, 305-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը, իսկ փաստական հիմքում այն հանգամանքը, որ պատասխանողները բաց են թողել ժառանգությունը ընդունելու ժամկետը, բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու պահանջով չեն դիմել դատարան և, հետևաբար, չունեն ժառանգության իրավունք վիճելի անշարժ գույքի նկատմամբ, այլ ոչ թե նոտարի գործողություններն են ոչ իրավաչափ՝ վերջինիս կողմից ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ տալու հիմքով, ինչպես արձանագրել է Վճռաբեկ դատարանը:

Նման պայմաններում գտնում ենք, որ Դեսպանատան կողմից ներկայացված պահանջը, անկախ դրա ձևակերպումից, բովանդակային առումով ուղղված է եղել պատասխանողների կողմից ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնված լինելու հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ չհանդիսանալու, հետևաբար և նրանց տրված ըստ օրենքի ժառանգությունն իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու միջոցով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.02.2020 թվականի որոշմամբ, սույն գործով պատասխանողներին տրված թիվ 2957 և թիվ 2958 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու մասին Դեսպանատան հայցապահանջը մերժելու մասին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2018 թվականի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը քննելիս, փաստորեն, դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի ի սկզբանե առկայության պայմաններում, որևէ անդրադարձ չի կատարել քաղաքացիական գործի վարույթը կարճման ենթակա լինելու հանգամանքին, ավելին՝ ըստ էության քննել է Դեսպանատան կողմից ներկայացրած վճռաբեկ բողոքը, արձանագրելով, որ բողոք բերած անձը սույն գործով ներկայացված հայցի շրջանակներում հանդիսանում է շահագրգիռ անձ, հետևաբար նրա կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ևս ենթակա է քննության ամբողջ ծավալով։

Գտնում ենք, որ գործի նախորդ քննության ընթացքում գործի վարույթը կարճման ենթակա լինելու մասին եզրահանգման բացակայության պայմաններում, բացակայում է նաև գործի արդեն նոր քննության ընթացքում Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից գործն ի սկզբանե քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու մասին եզրահանգման գալը, նկատի ունենալով, որ դրա արդյունքում սահմանափակվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:

Ավելին՝ գտնում ենք, որ նման մոտեցումը նպատակ է հետապնդում բացառել միևնույն հանգամանքի (քննարկվող հողամասի նկատմամբ տրված ժառանգության իրավունքի վկայագրերը վիճարկելու հարցում) վերաբերյալ հակասական դատական ակտերի գոյության հնարավորությունը՝ ապահովելով իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի վերլուծությունները բխում են սույն գործի փաստերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունից, որի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ է:

 

Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` նկատի ունենալով, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30092020 թվականի որոշումը բեկանելու հիմքեր առկա չեն:

 

Է. Սեդրակյան

Ս. ԱնտոնյաՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տ. Պետրոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան