«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մայիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 ապրիլի 2013 թ. |
թիվ 102-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 71-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարձրացնել բանկերում ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը, ինչպես նաև համապատասխանեցնել բանկերի ներքին հսկողության համակարգին ներկայացվող պահանջները Բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեի (BCBS) կողմից սահմանված սկզբունքներին,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իբ» կետերը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 72-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4-ը՝ համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 250-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 16-ի թիվ 40 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 71-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. ապրիլի 18 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի թիվ 102-Ն որոշմամբ |
ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 4
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնակարգով սահմանվում են բանկերում ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները:
2. Սույն կանոնակարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վրա այնքանով, որքանով կիրառելի է:
ԲԱԺԻՆ 2. ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Գլուխ 2. Ներքին հսկողության համակարգ
3. Ներքին հսկողության համակարգը բանկի ներքին կազմակերպական կառուցվածքի, գործարար գործընթացների, ռիսկերի կառավարման համակարգի, հաշվետվողականության, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողության իրականացման միջոցառումների համալիր է: Ներքին հսկողության համակարգն ուղղված է բանկի ակտիվների պահպանմանը, բանկի գործունեության անընդհատության ապահովմանը, բանկի գործունեությանը ներհատուկ ռիսկերի ժամանակին բացահայտմանը, գնահատմանն ու շարունակական կառավարմանը, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների՝ գործող ստանդարտներին համապատասխանության ապահովմանը, իրականացվող գործառնությունների արդյունավետության բարձրացմանը, բանկի գործունեության համապատասխանության ապահովմանը գործող օրենսդրությանը և բանկի ներքին իրավական ակտերին:
4. Ներքին հսկողության հիմնական նպատակներն են.
1) բանկային գործունեությանը բնորոշ ռիսկերի բացահայտումը և կառավարումը, բանկի աշխատանքների արդյունավետ կազմակերպումը և անձնակազմի արդյունավետ կառավարումը (գործառնական նպատակ),
2) բանկում որոշում կայացնելու համար անհրաժեշտ հաշվապահական, ֆինանսական և այլ հաշվետվությունների հուսալիության, ամբողջականության և ժամանակին ներկայացման, բանկի ներսում տեղեկատվության անհրաժեշտ հոսքերի ապահովումը (տեղեկատվական նպատակ),
3) բանկի գործունեության համապատասխանության ապահովումը Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի, բանկի կառավարման իրավասու մարմինների կողմից հաստատված ներքին իրավական ակտերի (կարգերի, կանոնակարգերի, ընթացակարգերի, հրահանգների, ուղեցույցների և այլն) պահանջներին (իրավական համապատասխանության նպատակ):
5. Ներքին հսկողության համակարգը ներառում է բանկի գլխամասի և մասնաճյուղերի ներքին հսկողության համակարգերը, որոնք կազմում են տրամաբանական ամբողջություն և հիմնվում են միևնույն չափանիշների և սկզբունքների վրա:
6. Բանկի ու բանկի դուստր և/կամ կախյալ և/կամ հսկվող ընկերությունների (առկայության դեպքում) ներքին հսկողության առանձին համակարգերը կազմում են տրամաբանական ամբողջություն և հիմնվում են միևնույն չափանիշների և սկզբունքների վրա այն դեպքում, երբ
1) բանկի ու բանկի դուստր և/կամ կախյալ և/կամ հսկվող ընկերությունների գործունեությունը կամ գործառնությունները փոխկապակցված են, կամ
2) բանկի դուստր և/կամ կախյալ և/կամ հսկվող ընկերություններն ունեն էական ազդեցություն բանկի ֆինանսական արդյունքների, ֆինանսական վիճակի կամ համբավի վրա:
7. Գործարար գործընթացների իրականացումը ամբողջությամբ կամ դրանց մի մասը բանկի դուստր, կախյալ կամ հսկվող ընկերությունների կողմից կարող է ապահովվել, այնքանով, որքանով չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
8. Բանկն ապահովում է, որպեսզի իր ներքին հսկողության համակարգը բավարարի առնվազն սույն կանոնակարգով սահմանված պահանջներին: Եթե բանկի կողմից իրականացվող առանձին գործառնությունների բնույթը, ծավալը կամ այդ գործառնություններից ստացվող բանկի ֆինանսական արդյունքները էական չեն բանկի համար կամ չեն առաջացնում էական ռիսկեր, ապա բանկը կարող է չպահպանել այդ գործառնությունների գծով սույն կանոնակարգով սահմանված ներքին հսկողության պահանջները՝ բանկի խորհրդի որոշմամբ հաստատված հիմնավորմամբ:
9. Բանկում պատշաճ ներքին հսկողության համակարգի ձևավորման, կենսագործունեության և արդյունավետության շարունակական մոնիտորինգի իրականացման համար պատասխանատու են բանկի խորհուրդը (այսուհետ նաև՝ խորհուրդ), գործադիր մարմինը, հսկողական գործառույթ իրականացնող անձինք, բանկի բոլոր աշխատակիցները` օրենքով և/կամ այլ իրավական ակտերով սահմանված իրենց պարտականությունների շրջանակներում: Սույն կանոնակարգի համաձայն՝ բանկի խորհրդի իրավասությանը վերապահվելիք պարտականությունները վերջինի կողմից իրականացվում են բանկում ներքին հսկողության ստանդարտների սահմանման ներքո:
10. Բանկերի ներքին հսկողության համակարգը նկարագրվում է բանկի ներքին իրավական ակտերում, որոնք հանդես են գալիս կարգերի, ընթացակարգերի, կանոնակարգերի, հրահանգների, ուղեցույցների և այլ ակտերի տեսքով:
11. Ներքին հսկողության համակարգը, դրա առանձին տարրերը բանկի խորհրդի կողմից սահմանված պարբերականությամբ, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, իսկ միջավայրի փոփոխությունների, ինչպես նաև նոր կամ նախկինում հսկողությունից դուրս մնացած էական ռիսկերի, առկա համակարգի էական թերությունների ու բացթողումների հայտնաբերման դեպքում՝ ողջամիտ ժամկետում, գնահատվում և անհրաժեշտության դեպքում վերանայվում են: Կատարված էական փոփոխությունները և փոփոխման հիմնավորումները, ինչպես նաև փոփոխության անհրաժեշտության բացակայության հիմնավորումները պատշաճ կարգով փաստաթղթավորվում են:
12. Միջավայրի փոփոխություններ են.
1) բանկի բիզնես ռազմավարության փոփոխությունը,
2) գործառնական միջավայրի էական նշանակություն ունեցող փոփոխությունները,
3) անձնակազմի էական նշանակություն ունեցող փոփոխությունը,
4) նոր կամ վերափոխված տեղեկատվական համակարգերը,
5) նոր կամ վերափոխված տեխնոլոգիաները,
6) նոր ծառայությունները, գործունեության տեսակները,
7) կազմակերպական կառուցվածքի փոփոխությունը,
8) բանկի վերակազմակերպումը,
9) բանկի կողմից դուստր և/կամ կախյալ և/կամ հսկվող ընկերությունների ստեղծումը, դուստր կամ կախյալ ընկերություններին մասնակցությունը,
10) միջազգային գործառնությունների ընդլայնումը,
11) էական նշանակություն ունեցող փոփոխությունները տնտեսական, ֆինանսական և/կամ բանկային գործունեության կարգավորման բնագավառում,
12) բանկի գործունեության, ռիսկայնության մակարդակի վրա էական ազդեցություն ունեցող ներքին և արտաքին այլ հանգամանքների ի հայտ գալը և այլն:
13. Բանկերի ներքին հսկողության համակարգը ապահովում է հուսալի և բնականոն բանկային գործունեության իրականացումը՝ հաշվի առնելով տվյալ բանկի գործունեության բնույթը, առկա ու հնարավոր ռիսկերը, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները, գործարար շրջանառության սովորույթները ու բանկի գործունեության միջավայրը:
14. Բանկի գործադիր մարմնի, ներքին հսկողական գործառույթներ իրականացնող անձանց, բանկի աշխատակիցների կողմից հայտնաբերված ներքին հսկողության համակարգի թերությունները և բացթողումները բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվում են խորհրդին:
15. Բանկն ապահովում է ներքին հսկողության համակարգը նկարագրող ներքին իրավական ակտերի հասանելիությունը բանկի անձնակազմին: Բանկն ապահովում է բանկի անձնակազմի տեղեկացվածությունը բանկի ներքին հսկողության համակարգը նկարագրող ներքին իրավական ակտերի դրույթներին` իրենց կողմից իրականացվող գործառույթների մասով:
16. Բանկի յուրաքանչյուր էական գործարար գործընթացի համար բանկում պետք է ներդրվեն համապատասխան հսկողական մեխանիզմներ: Հսկողական մեխանիզմները կարող են լինել կանխարգելող (ուղղված անցանկալի արդյունքների կանխարգելմանը), բացահայտող (ուղղված անցանկալի գործառնությունների բացահայտմանը), ինչպես նաև անցանկալի հետևանքները վերացնող (ուղղված անցանկալի հետևանքների վերացմանը): Անցանկալի արդյունքների/գործառնությունների բացահայտման, կանխարգելման և վերացման հսկողական մեխանիզմներն են.
1) բանկի գործունեության պարբերական ուսումնասիրությունը և գնահատումը բանկի կառավարման մարմինների կողմից (աշխատակիցներից կատարողականի վերաբերյալ հաշվետվությունների պահանջման, իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ աշխատակիցներին հարցերի տրման և նրանցից պատասխանների, պարզաբանումների և բացատրությունների ստացման և այլ միջոցներով),
2) բանկին պատկանող գույքի և առավել կարևոր փաստաթղթերի (այդ թվում՝ վարկային, ավանդային պայմանագրեր) ֆիզիկական պաշտպանվածության ապահովումը, ինչը ենթադրում է, որ բանկին պատկանող գույքը և առավել կարևոր փաստաթղթերը պաշտպանված են կորստից, չթույլատրված դուրսհանումից կամ օգտագործումից,
3) ներքին սահմանաչափերի, դրանցից թույլատրելի շեղումների սահմանումը և պահպանումը (օրինակ` առանձին գործարքների, գործունեության ցուցանիշների նկատմամբ և այլն),
4) որոշակի սահմանաչափերը գերազանցելու դեպքում որոշումների կայացումը, գործարքների հաստատումը և (կամ) թույլատրումը վերադաս իրավասու անձանց կողմից,
5) աշխատանքային պարտականությունների պատշաճ տարանջատումը և աշխատակիցներին շահերի բախում չպարունակող պարտականությունների հանձնարարումը,
6) գույքի և գրառումների համատեղ պահպանումը, երբ որոշակի գործընթացների համար հավասարապես հաշվետու են երկու կամ ավելի անձինք (օրինակ, երբ երկու կամ ավելի բանալիներից կամ գաղտնաբառերից յուրաքանչյուրը, որոնք պետք է օգտագործվեն դրամապահոց, արխիվ կամ այլ պահուստարան մուտքի իրավունք ստանալու համար, վստահվում են առանձին անհատների),
7) կրկնակի ստուգումը,
8) տվյալների և գրառումների համադրումը,
9) պարբերական գույքագրումը,
10) կրկնակի կամ բազմակի ստորագրությունների պահանջումը,
11) հայտնաբերված խախտումների, թերությունների, ինչպես նաև դրանց հետևանքով առաջացած անցանկալի երևույթների վերացման կապակցությամբ հանձնարարականներ տալը և դրանց պատշաճ ու ժամանակին կատարման նկատմամբ հսկողության իրականացումը, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը,
12) բանկի հայեցողությամբ` հսկողության այլ մեխանիզմներ:
ԲԱԺԻՆ 3. ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ, ԳՈՐԾԱՐԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ, ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Գլուխ 3. Կազմակերպական կառուցվածք, գործարար գործընթացներ, անձնակազմի կառավարում
17. Ներքին հսկողության համակարգը բանկի կազմակերպական կառուցվածքի առումով նվազագույնը նախատեսում է.
1) բանկի կազմակերպական կառուցվածքի մանրամասն նկարագիրը՝ սխեմատիկ և/կամ տեքստային ձևով,
2) բանկի ստորաբաժանումների ու աշխատակիցների պատշաճ տարանջատված պարտականություններն ու լիազորությունները: Պարտականությունների ու լիազորությունների տարանջատման ընթացքում նվազագույնը բացահայտվում ու վերահսկվում են շահերի բախման հնարավոր դեպքերն ու ոլորտները:
18. Բանկի ներքին հսկողության համակարգը բանկի գործարար գործընթացների առումով նվազագույնը ներառում է.
1) բանկի կողմից իրականացվող գործարար գործընթացների նկարագիրը, որը ներառում է բանկի կողմից իրականացվող բոլոր առևտրային գործառնությունների և կառավարչական ընթացակարգերի մանրամասն նկարագիրը՝ սխեմատիկ և/կամ տեքստային ձևով, այդ թվում՝
ա. նկարագրվող գործարար գործընթացի իրականացման քայլերի հերթականությունը,
բ. գործարար գործընթացի վերջնական արդյունքը` փաստաթղթի, գործարքի, տեղեկատվության կամ այլ տեսքով,
գ. գործարար գործընթացի իրականացման ժամկետները` ըստ քայլերի,
դ. կապը բանկի առանձին գործարար գործընթացների միջև,
ե. անհրաժեշտ հղումներ գործընթացը կանոնակարգող օրենքներին, այլ իրավական ակտերին կամ այլ ներքին ակտերին,
2) գործարար գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցների սահմանված և տարանջատված պարտականություններն ու լիազորությունները,
3) գործարար գործընթացների առանձին քայլերի իրականացմանն առնչվող ռիսկերի կանխարգելմանը կամ նվազեցմանն ուղղված ներքին հսկողության մեխանիզմները,
4) գործարար գործընթացի անխափան և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովման եղանակները և այդ տեղեկատվության հոսքերը բանկում (ստորաբաժանումների, ղեկավարների, աշխատակիցների միջև):
19. Բանկի առանձին գործընթացների և գործառնության իրականացումը և հաշվառումը (ներառյալ` հետագա հսկողության (post control-ի) ձևով) սկզբից մինչև վերջ չի դրվում միայն մեկ կամ փոխկապակցված անձանց վրա:
20. Ներքին հսկողության համակարգը անձնակազմի կառավարման քաղաքականության (կադրային քաղաքականության) առումով նվազագույնը նախատեսում է.
1) աշխատակիցներին աշխատանքի ընդունելու և ազատելու կարգը,
2) աշխատակիցների վերապատրաստման սկզբունքները,
3) աշխատակիցների վարձատրության, պարգևատրման կամ այլ ձևի նյութական խրախուսման (այսուհետ՝ վարձատրության քաղաքականություն) և կարգապահական պատասխանատվության ենթարկելու քաղաքականությունն ու կարգը,
4) աշխատակիցների առաջխաղացման, ռոտացիաների իրականացման կարգը,
5) արձակուրդային քաղաքականության սկզբունքները,
6) աշխատակիցների կատարած աշխատանքների գնահատման կարգը,
7) մասնագիտական աշխատանք կատարող աշխատակիցների աշխատատեղերի նկարագրությունը,
8) աշխատանքային էթիկայի կանոնները:
21. Բանկի բոլոր աշխատակիցներն առնվազն գրավոր ձևով տեղեկացվում են իրենց աշխատանքային պարտականությունների կատարման հետ առնչվող ռիսկերի, ներքին հսկողության համակարգում իրենց դերի, աշխատանքի վայրում և դրանից դուրս իրենց վարքագծին ներկայացվող պահանջների, իրենց կողմից թույլ տրված չարաշահումների, բացթողումների հետևանքների մասին:
22. Բանկի խորհրդի կողմից հաստատված վարձատրության քաղաքականությունն առնվազն բավարարում է հետևյալ պահանջներին.
1) չի խթանում բանկի աշխատակիցների կողմից չհիմնավորված ռիսկերի ստանձնումը, ինչպես նաև հաճախորդների նկատմամբ ոչ արդարացի վերաբերմունքի ցուցաբերումը,
2) համահունչ է բանկի խորհրդի կողմից հաստատված ռիսկի ախորժակին, բանկի երկարաժամկետ նպատակներին,
3) առնվազն վերաբերում է բանկի ղեկավարներին, ինչպես նաև բոլոր այն աշխատակիցներին, որոնց գործունեությունը կարող է էական ազդեցություն ունենալ բանկի ռիսկերի մակարդակի վրա,
4) վարձատրության քաղաքականության մշակման, կիրառման և մոնիթորինգի ժամանակ առնվազն բացահայտվում և վերահսկվում են շահերի բախման հնարավոր դեպքերն ու ոլորտները: Ընդ որում, հսկողական գործառույթներում ընդգրկված աշխատակիցների արդյունավետ աշխատանքին խոչընդոտող շահերի բախման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով հսկողական գործառույթներում ընդգրկված աշխատակիցների վարձատրությունը սահմանելիս կարող են կիրառվել գործունեության արդյունքների վրա հիմնված փոփոխուն վարձատրության մեխանիզմներ: Հսկողական գործառույթներում ընդգրկված աշխատակիցների վարձատրությունը կարող է ածանցվել համապատասխան հսկողական գործառույթի նպատակներին հասնելու արդյունքներից,
5) վարձատրության փոփոխուն բաղադրիչների կիրառման դեպքում ապահովվում է վարձատրության հաստատուն և փոփոխուն բաղադրիչների արդյունավետ համադրությունը:
23. Գործունեության արդյունքների վրա հիմնված վարձատրության փոփոխուն բաղադրիչի սահմանման դեպքում.
1) ապահովվում է, որպեսզի գործունեության արդյունքների գնահատման չափանիշները լինեն հստակ և օբյեկտիվորեն գնահատելի,
2) գործունեության արդյունքների գնահատումը կարող է հիմնվել ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական չափանիշների վրա,
3) հաշվի են առնվում ոչ միայն անհատի գործունեության արդյունքները, այլ նաև համապատասխան բիզնես միավորի գործունեության արդյունքները, ինչպես նաև բանկի գործունեության ընդհանուր արդյունքները (կիրառելիության դեպքում),
4) գործունեության արդյունքների հիման վրա վարձատրության աճ իրականացնելիս հաշվի են առնվում նաև գործունեության հետ կապված ներկա և ապագա ռիսկերը: Հաշվի առնելով ժամանակի ընթացքում գործունեության արդյունքների և դրանց հետ կապված ռիսկերի փոփոխման հավանականությունը՝ գործունեության արդյունքների գնահատումը, կիրառելիության դեպքում, իրականացվում է երկարաժամկետ կտրվածքով,
5) սահմանվում են վարձատրության փոփոխուն բաղադրիչի սահմանաչափեր, որոնք համահունչ են բանկի կապիտալի կառավարման ռազմավարությանը և կապիտալի արդյունավետ մակարդակը պահպանելու բանկի ունակությանը՝ հաշվի առնելով կապիտալի ներքին թիրախները և օրենսդրական պահանջները:
ԲԱԺԻՆ 4. ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Գլուխ 4. Ռիսկերի կառավարման համակարգ
24. Ռիսկերը, որոնց ենթարկված է կամ կարող է ենթարկվել բանկը, ներառում են ներքին և արտաքին հանգամանքներ, որոնք կարող են սպառնալ բանկի գործունեության անընդհատությանը կամ բացասական ազդեցություն ունենալ բանկի կապիտալի և/կամ շահույթի, ինչպես նաև գործարար համբավի վրա:
25. Բանկն ապահովում է խորհրդի կողմից հաստատված ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգի առկայություն, որը համահունչ է բանկի գործունեությանը բնորոշ ռիսկերի բնույթին, իրականացվող գործարար գործընթացների ծավալին և բարդությանը:
26. Բանկի ռիսկերի կառավարման համակարգն առնվազն ներառում է.
1) ռիսկերի կառավարման ռազմավարությունը, որով սահմանվում են ռիսկերի կառավարման առումով բանկի ընդհանուր մոտեցումները/նպատակները: Ընդ որում, ռիսկերի կառավարման ռազմավարության մշակման ժամանակ առնվազն հաշվի են առնվում բանկի խորհրդի կողմից հաստատված գործարար ծրագիրն ու բանկի կողմից իրականացվող գործարար գործընթացները, ներառյալ բանկի կողմից պատվիրակված գործընթացները,
2) խորհրդի կողմից հաստատված բանկի ռիսկի ախորժակը, այսինքն՝ ռիսկերի այն մասը, որը բանկը կարող է և ցանկանում է ստանձնել՝ չխաթարելով իր ֆինանսական կայունությունը և բնականոն գործունեությունը,
3) առանձին ռիսկերի կառավարման քաղաքականությունները, որոնցով առնվազն սահմանվում են.
ա. բանկի գործունեությանը ներհատուկ խելամտորեն կանխատեսելի և էական ռիսկերը՝ ըստ տեսակների: Ընդ որում, բանկի կողմից առնվազն դիտարկվում են սույն կանոնակարգի 27-րդ կետով սահմանված ռիսկերը, ինչպես նաև խմբի անդամ լինելու հետևանքով առաջացող լրացուցիչ ռիսկերը (կիրառելիության դեպքում),
բ. ռիսկի յուրաքանչյուր տեսակի համար ռիսկի ընդունելի սահմանաչափերը, սահմանված սահմանաչափերից թույլատրելի շեղումների դեպքերն ու չափերը,
գ. ռիսկերի նվազեցմանն ուղղված մեխանիզմների կիրառումը (օրինակ` ապահովագրություն, հեջավորում և այլն),
4) առանձին ռիսկերի ճանաչման, գնահատման, զսպման, դրանց մոնիթորինգի և հաշվետվողականության գործընթացները և գործիքները (ներառյալ՝ մոդելները (կիրառելիության դեպքում)),
5) ռիսկերի կառավարման գործընթացում բանկի առանձին կազմակերպական միավորների, ինչպես նաև աշխատակիցների պարտականություններն ու լիազորությունները,
6) բանկի կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացների քաղաքականությունը` համաձայն սույն կանոնակարգի 5-րդ գլխի:
27. Բանկը մշակում է ռիսկերի գնահատման գործող համակարգ՝ ուղղված առնվազն հետևյալ ռիսկերի գնահատմանը.
1) Վարկային ռիսկ
2) Շուկայական ռիսկ
3) Իրացվելիության ռիսկ
4) Գործառնական ռիսկ
5) Համբավի ռիսկ
6) Ռազմավարական (բիզնես մոդելի) ռիսկ
7) Երկրի ռիսկ:
(27-րդ կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն)
28. Վարկային ռիսկը հավանականություն է, որ գործարքի մյուս կողմը կխախտի բանկի հետ կնքած պայմանագրի պայմանները, ինչը բացասաբար կազդի բանկի շահույթի և (կամ) կապիտալի վրա՝ անկախ այն հանգամանքից՝ գործարքներն արտացոլվում են բանկի հաշվեկշռում, թե հանդես են գալիս որպես արտահաշվեկշռային հոդված: Ընդ որում, վարկային ռիսկն առաջանում է ցանկացած ժամանակ, երբ միջոցները տրամադրվում են, ներդրվում են կամ այլ կերպ հասանելի են դառնում փոխառուին (գործընկերոջը) և (կամ) պահանջի իրավունք է առաջանում բանկի համար և (կամ) բանկը ստանձնում է միջոցների տրամադրման պարտավորություն:
29. Բանկը պետք է ունենա մշակված մեթոդաբանություն, որը թույլ կտա գնահատել վարկային ռիսկը ինչպես առանձին փոխառուի/գործընկերոջ մակարդակով, այնպես էլ վարկային պորտֆելների կտրվածքով:
29.1. Չհեջավորված փոխառուների դեպքում բանկը պետք է գնահատի նաև փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված վարկային ռիսկը: Ընդ որում, չհեջավորված է համարվում այն փոխառուն, որի` պահանջի (օրինակ՝ փոխառություն, վարկ, լիզինգ, ֆակտորինգ) արժույթով արտահայտված ներհոսքերը (բացառությամբ՝ տվյալ պահանջի գումարի) վերջին մեկ տարվա ընթացքում քիչ են եղել կամ բանկի կանխատեսմամբ առաջիկա մեկ տարվա ընթացքում կարող են քիչ լինել նույն արժույթով արտահայտված դրամական արտահոսքերից (ներառյալ տվյալ պահանջի գծով կատարվող բոլոր վճարումները), և որի արտարժութային ռիսկը հեջավորված չէ տվյալ բանկում:
(29.1-ին կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն)
30. Որպես վարկային ռիսկի գնահատման գործիք բանկի կողմից ներքին վարկանշման համակարգեր կիրառվելու դեպքում վերջինները պետք է հնարավորություն տան բացահայտել և չափել առանձին գործիքների/փոխառուների վարկային ռիսկը: Ներքին վարկանիշները պետք է կիրառվեն ոչ միայն խնդրահարույց, այլ բոլոր ակտիվների նկատմամբ:
31. Բանկը պետք է իրականացնի վարկային ռիսկի վերլուծություն առանձին պորտֆելների գծով՝ բացահայտելով պորտֆելին բնորոշ խնդիրները՝ ներառյալ ռիսկի կենտրոնացումները: Հատուկ ուշադրություն պետք է հատկացվի խոշոր փոխառություններին: Կատարված վերլուծությունները պետք է փաստաթղթավորվեն:
32. Բանկը պետք է ունենա մեթոդաբանություն վարկային ռիսկի կենտրոնացումները բացահայտելու, չափելու, մոնիթորինգի ենթարկելու և կառավարելու համար: Նշված մեթոդաբանությունը պետք է անդրադառնա վարկային ռիսկի կենտրոնացումների տարբեր դրսևորումներին, ներառյալ՝
1) վարկային ռիսկի կենտրոնացումները միևնույն տնտեսական ոլորտում,
2) վարկային ռիսկի կենտրոնացումները միևնույն աշխարհագրական վայրում,
3) վարկային ռիսկի կենտրոնացումներն այն անձանց շրջանում, որոնց ֆինանսական դրությունը կախված է միևնույն ապրանքի/ծառայության գնից, կամ որոնք զբաղվում են նմանատիպ գործունեությամբ/գործում են միևնույն շուկայում/որդեգրել են նմանատիպ ներդրումային ռազմավարություն,
4) կոնկրետ անձին կամ փոխկապակցված անձանց խմբին տրամադրված խոշոր փոխառությունները,
5) վարկային ռիսկի անուղղակի կենտրոնացումները, օրինակ՝ միատեսակ գրավի գծով, մեկ երաշխավորի գծով կենտրոնացումները և այլն:
33. Վարկային ռիսկի կենտրոնացումների կառավարման մոտեցումները պետք է հստակ փաստաթղթավորվեն, և այդ փաստաթղթերում պետք է տրվեն վարկային ռիսկի կենտրոնացումների սահմանումը, դրանց նկատմամբ կիրառվող սահմանաչափերը և դրանց հաշվարկման կարգը: Սահմանաչափերը կարող են կիրառվել բանկի կապիտալի, ընդհանուր ակտիվների կամ վարկային պորտֆելի նկատմամբ:
34. Բանկը օրական կտրվածքով ուսումնասիրում է իր կողմից տրամադրված վարկային գծերի օգտագործման ծավալները: Դրա հիման վրա բանկը պարբերաբար գնահատում է իր առկա համախառն և զուտ ռիսկը (հաշվի առած գրավի և երաշխիքների առկայությունը):
35. Բանկը մշակում է վարկային ռիսկի զսպման մեխանիզմներ (ֆինանսական գրավ (համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի անբաժանելի մաս կազմող «Վարկային ռիսկի հաշվարկը» հավելված 3-ի 26-րդ կետի), երաշխիք/երաշխավորություն) օգտագործելու պարագայում առաջացող այլ ռիսկերի (մասնավորապես՝ գրավը ժամանակին իրացնելու անհնարինություն, երաշխավորի կողմից իր պարտականությունները կատարելուց խուսափում/հետաձգում, ապահովվածությունը հավաստող փաստաթղթերի անկատարություն կամ իրավական խնդիրներ պարունակող փաստաթղթերի առկայություն) կառավարմանն ուղղված մեթոդաբանություն և գործընթացներ, որոնց արդյունավետությունը պետք է պարբերաբար գնահատվի:
36. Շուկայական ռիսկը հավանականություն է, որ շուկայական գների (տոկոսադրույքներ, արտարժույթի փոխարժեքներ, բաժնային գործիքների գներ և այլն) տատանումը բացասական ազդեցություն կունենա բանկի կապիտալի և/կամ շահույթի վրա:
37. Կախված շուկայական ռիսկին բանկի հակվածության աստիճանից՝ ռիսկի գնահատման ներքին գործընթացը կարող է հիմնված լինել Վելյու ըթ ռիսկ (Value at Risk) կամ այլ մոդելների և/կամ սթրես-թեստերի արդյունքների վրա, ներառյալ ռիսկի կենտրոնացումների գնահատումը և սթրեսային շուկայական պայմաններում իրացվելիության խնդիրների առաջացման ռիսկը: Ներդրված մոդելները պետք է հնարավորություն տան բացահայտելու և չափելու բոլոր առևտրային գործառնություններից առաջացող ռիսկերը: Բանկի կողմից կիրառվող առևտրային գործիքների, ինչպես նաև առևտրային գործառնությունների իրականացման ռազմավարության փոփոխության դեպքում ռիսկերի գնահատման մոդելների և/կամ սթրես-թեստերի հիմքում ընկած մեթոդաբանությունները ևս պետք է կրեն համապատասխան փոփոխություններ:
38. Տոկոսադրույքի ռիսկը հավանականություն է, որ շուկայական տոկոսադրույքների անցանկալի տեղաշարժերը բացասական ազդեցություն կունենան բանկի կապիտալի և/կամ շահույթի վրա: Կարող է հանդես գալ ընդհանուր ռիսկի և/կամ հատուկ ռիսկի միջոցով: Ընդհանուր ռիսկը վերաբերում է տոկոսադրույքի նկատմամբ զգայուն գործիքի արժեքի այնպիսի տատանումներին, որոնք կապված են շուկայում տեղի ունեցող ընդհանուր տեղաշարժերի հետ, օրինակ՝ եկամտաբերության կորի փոփոխությունների հետ: Հատուկ ռիսկը վերաբերում է կոնկրետ գործիքին, որի գծով տոկոսադրույքի տատանումները շեղվում են շուկայական մակարդակից՝ պայմանավորված անհատական գործոններով, օրինակ՝ արժեթուղթ թողարկողի վարկունակությամբ:
39. Բանկը ապահովում է մինչև մարման ժամկետը պահվող ֆինանսական գործիքների տոկոսադրույքի ռիսկի գնահատման և կառավարման, ինչպես նաև այդ ռիսկի գծով անհրաժեշտ կապիտալի պահանջի գնահատման և ապահովման համար մշակված մեթոդաբանության առկայություն:
40. Բանկի առևտրային պորտֆելում առկա կենտրոնացումները պետք է գնահատվեն և ակտիվորեն կառավարվեն, իսկ կենտրոնացվածություն առաջացնող դիրքերի մասին տեղեկատվությունը պետք է պարբերաբար ներկայացվի գործադիր մարմնին և բանկի խորհրդին: Հատուկ ուշադրության պետք է արժանանան չդիվերսիֆիկացված և ցածր իրացվելիություն ունեցող գործիքներից բաղկացած պորտֆելները:
41. Արտարժութային ռիսկը հավանականություն է, որ արժույթի փոխարժեքի տատանումները բացասական ազդեցություն կունենան բանկի կապիտալի և/կամ շահույթի վրա: Վերաբերում է ինչպես առևտրային, այնպես էլ վարկային գործառնություններին:
42. Հաշվի առնելով արտարժութային ռիսկի ցածր կանխատեսելիությունը՝ բանկը պետք է ունենա արտարժութային ռիսկը գնահատելու և կառավարելու համար անհրաժեշտ ռեսուրսներ (համապատասխան մասնագիտացում ունեցող աշխատակիցներ, տվյալների բազաներ, տվյալների մշակման համակարգեր և այլն), որոնց բավարարությունը և արդյունավետությունը պետք է պարբերաբար գնահատվեն:
43. Արտարժութային գործառնությունների բնույթից ու բարդությունից կախված՝ բանկում պետք է ներդրվեն համապատասխան գործընթացներ, որոնք պետք է ուղղված լինեն ինչպես բանկի ընդհանուր արտարժութային ռիսկի կառավարմանը, այնպես էլ կոնկրետ գործիքների կամ որոշակի հաճախորդների գծով արտարժութային ռիսկի կառավարմանը:
44. Բանկը պետք է ունենա համապատասխան գործընթացներ նոր գործիքների ներդրման կամ նոր շուկաներում գործառնությունների իրականացման հետ կապված արտարժութային ռիսկի բացահայտման և կառավարման համար (նոր գործիքներ ներդնելու կամ նոր շուկաներում գործառնություններ իրականացնելու ծրագրեր ունենալու դեպքում): Արտարժութային ռիսկերի կառավարման/հեջավորման գործիքակազմը պետք է նախապես` մինչև նոր գործիքների ներդրումը/նոր շուկաներում գործառնությունների իրականացումը, հաստատվի բանկի խորհրդի կամ համապատասխան կոմիտեի կողմից:
45. Բանկի արտարժութային ռիսկի կառավարմանը վերաբերող փաստաթղթերով առնվազն սահմանվում են արտարժութային ռիսկի առաջացման բոլոր հնարավոր հիմնական աղբյուրները և արտարժույթի փոխարժեքի տատանումների ազդեցության գնահատումը բանկի կողմից իրականացվող գործառնությունների, ինչպես նաև բանկի գործունեության արդյունքների վրա: Ռիսկի գնահատման համակարգի հիմքում ընկած ենթադրությունները պետք է պարզ և հասկանալի լինեն ռիսկի կառավարիչների և բանկի ղեկավարության համար:
46. Բանկի արտարժութային ռիսկի կառավարմանը վերաբերող փաստաթղթերով նկարագրվում են արտարժութային ռիսկի կառավարման գործընթացի ներքին հսկողության համակարգը և այդ համակարգի համապատասխանության ու արդյունավետության գնահատման պարբերականությունը, ներքին հսկողության գործընթացների գնահատման համար պատասխանատու անձանց կամ ստորաբաժանման պարտականությունները և լիազորությունները:
47. Իրացվելիության ռիսկը հավանականություն է, որ բանկը բավարար իրացվելի միջոցներ չի ունենա պարտավորությունները ժամանակին մարելու համար: Կարող է հանդես գալ երկու եղանակով՝ միջոցների ներգրավման անհնարինություն և ակտիվների իրացվելիության ռիսկ: Առաջինը ենթադրում է, որ բանկը հնարավորություն չի ունենա համապատասխան ժամկետում միջոցներ ներգրավել շուկայից այնպիսի արժեքով, որը հասանելի է շուկայի այլ մասնակիցներին (օրինակ՝ բանկի վարկանիշի կամ հեղինակության անկման արդյունքում): Երկրորդ դեպքում բանկն ի վիճակի չէ շուկայում իրացնել իր ակտիվներն առանց գնային կորուստների (ոչ տարողունակ կամ ոչ իրացվելի շուկայական պայմաններում, երբ առկա են գնային զգալի տատանումներ կամ կոնկրետ բանկի ակտիվների նկատմամբ շուկայում անբավարար պահանջարկի դեպքում):
48. Բանկը գնահատում է այն շուկաների իրացվելիությունը, որտեղ գործունեություն է ծավալում, ինչպես նաև նախատեսում և ապահովում է իր իրացվելիության մակարդակին համարժեք կապիտալի առկայություն՝ հաշվի առնելով, որ բանկի կապիտալի մեծությունը կարող է ազդել ճգնաժամային իրավիճակներում բանկի՝ իրացվելիություն ներգրավելու հնարավորության վրա:
49. Բանկում ներդրվում է ակտիվների-պասիվների կառավարման արդյունավետ գործող համակարգ:
50. Բանկի կողմից գնահատվում է դրամական միջոցների ներհոսքը և արտահոսքը ամսական կտրվածքով՝ այդ թվում՝ այն ժամկետային պարտավորությունների տեսակարար կշիռը, որոնց գծով ցանկացած պահի կարող է ներկայացվել մարման պահանջ:
51. Գործառնական ռիսկը անբավարար կամ ձախողված ներքին գործընթացների, համակարգերի և մարդկային գործոնի կամ արտաքին գործոնների արդյունքում կորուստի առաջացման հավանականություն է, ինչը բացասական ազդեցություն կունենա բանկի կապիտալի և/կամ շահույթի վրա: Գործառնական ռիսկը ներառում է նաև իրավական ռիսկը:
52. Իրավական ռիսկը հավանականություն է, որ պայմանագրերի դրույթները, դատական գործերը, դատարանի որոշումները, վճիռները կամ այլ իրավական գործընթացները կընդհատեն կամ բացասական ազդեցություն կունենան բանկի գործառնությունների վրա:
53. Բանկի քաղաքականությամբ սահմանվում է գործառնական ռիսկի նկատմամբ կազմակերպության զգայունությունը, ներառյալ գործառնական ռիսկը բանկից դուրս փոխանցելու (օրինակ՝ պատվիրակման, ապահովագրության միջոցով) հնարավորությունը և մակարդակը:
54. Համբավի ռիսկը հավանականություն է, որ բանկի վերաբերյալ հանրության բացասական կարծիքը (իրականությանը համապատասխանող կամ չհամապատասխանող) կհանգեցնի հաճախորդների թվաքանակի նվազման, կոնտրագենտների/հաճախորդների հետ իրականացվող գործառնությունների ծավալի կրճատման, ծախսատար դատական գործընթացների և եկամտաբերության անկման: Համբավի ռիսկը կարող է առաջացնել նաև իրացվելիության խնդիրներ, բաժնետոմսերի գների անկում և այլն:
55. Ռազմավարական (բիզնես մոդելի) ռիսկն առաջանում է անհամապատասխան բիզնես ռազմավարության ընտրության դեպքում կամ ռազմավարության հիմքում ընկած ենթադրություններում, ցուցանիշներում, նպատակներում կամ այլ գործոններում բացասական տեղաշարժերի արդյունքում:
55.1. Երկրի ռիսկը հավանականությունն է, որ այլ երկրում տեղի ունեցող տնտեսական, սոցիալական և (կամ) քաղաքական պայմանները կամ իրադարձությունները բացասական ազդեցություն կունենան բանկի ռիսկի պրոֆիլի, իրացվելիության, կապիտալի և (կամ) շահույթի վրա:
(55.1-ին կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն)
55.2. Բանկը մշակում է ռեյտինգավորման համապատասխան համակարգեր այն երկրների գծով, որոնց ռեզիդենտների հետ բանկը կամ բանկի հաճախորդները իրականացնում են այնպիսի ֆինանսական գործառնություններ, որոնք էական են բանկի համար երկրի ռիսկի տեսանկյունից:
(55.2-րդ կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն)
55.3. Բանկը սահմանում է համապատասխան սահմանաչափեր սույն Կանոնակարգի 55.2-րդ կետով նախատեսված երկրների և վերջիններիս հետ կատարվող ֆինանսական գործառնությունների գծով: Ընդ որում, սույն կետով սահմանված սահմանաչափերը պետք է վերանայվեն առնվազն տարին մեկ անգամ:
(55.3-րդ կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն)
55.4. Սույն կանոնակարգի 55.2-55.3-րդ կետերով սահմանված պահանջները կարող են կիրառվել ոչ թե առանձին երկրների, այլ ընդհանուր տարածաշրջանի նկատմամբ, եթե բանկի հիմնավոր կարծիքով՝ տարածաշրջանի երկրները ենթակա են միևնույն կամ նմանատիպ երկրի ռիսկի:
(55.4-րդ կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն)
56. Յուրաքանչյուր գործառնություն, որը կարող է հանգեցնել բանկի խորհրդի կողմից հաստատված ռիսկերի կառավարման ռազմավարությունից, ռիսկի ախորժակից և (կամ) ռիսկի սահմանաչափերից չթույլատրված շեղմանը, հանգամանորեն քննարկվում և ներկայացվում է խորհրդի հաստատմանը:
57. Բանկի կողմից նոր գործառնությունների կամ գործիքների ներդրման դեպքում բանկը գնահատում է դրանց հավանական ազդեցությունը բանկի գործունեության ռիսկայնության մակարդակի վրա՝ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարելով ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգում:
57.1. Բանկի կողմից ռիսկերի կառավարման գործընթացում (ռիսկի ախորժակի սահմանում, ռիսկի չափում, կապիտալի համարժեքության ներքին գնահատում, ֆինանսական ցուցանիշների կանխատեսում) ներքին մոդելներ կիրառվելու դեպքում բանկը պետք է բացահայտի և նվազագույնի հասցնի մոդելի մեջ կիրառվող պարամետրերի սխալ նկարագրության, սխալ գնահատումների, թերի հիպոթեզների և (կամ) ենթադրությունների, մաթեմատիկական հաշվարկների սխալների, սխալ կամ թերի տվյալների, սխալ կամ թերի կիրառման, անբավարար մոնիթորինգի և (կամ) հսկողության արդյունքում առաջացող ռիսկերը:
(57.1-ին կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն)
57.2. Բանկի կողմից ռիսկերի կառավարման գործընթացում կիրառվող յուրաքանչյուր ներքին մոդելի համար բանկը պետք է ունենա ներքին կարգեր և գործընթացներ, որոնք նկարագրում են մոդելի մշակման և կիրառման ամբողջ կենսացիկլը, այդ թվում՝
1) մոդելի կիրառման անհրաժեշտության գնահատում,
2) մոդելի մշակում,
3) մոդելի գնահատում,
4) մոդելի հաստատում,
5) մոդելի պարբերական մոնիթորինգի իրականացում, այդ թվում` պատմական տվյալների հիման վրա թեսթավորում (առնվազն տարին մեկ անգամ),
6) մոդելում փոփոխությունների և ճշգրտումների իրականացում (ըստ անհրաժեշտության)։
(57.2-րդ կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն)
57.3. Բանկի կողմից ռիսկերի կառավարման գործընթացում կիրառվող յուրաքանչյուր ներքին մոդել հաստատումից առաջ պետք է անցնի գնահատում, որի պարագայում բանկը պետք է ապահովի գնահատման գործընթացի անկախությունն ու անաչառությունը։
(57.3-րդ կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն)
57.4. Սույն կանոնակարգի 57.2-րդ և 57.3-րդ կետերի պահանջները (բացառությամբ սույն կանոնակարգի 57.2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված պահանջների) պարտադիր չեն այն բանկերի համար, որոնք կիրառում են իրենց մայր կազմակերպությունների կողմից մշակված ներքին մոդելներ, պայմանով, որ առկա են բավարար հիմնավորումներ, որ մայր կազմակերպությունում ներդրված են մոդելների մշակման, գնահատման և հաստատման համարժեք մեխանիզմներ։
(57.4-րդ կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն)
58. Բանկի խորհրդի կողմից սահմանված պարբերականությամբ դիտարկվում և անհրաժեշտության դեպքում վերանայվում է ռիսկերի կառավարման գործընթացը, որպեսզի ապահովվի գործընթացի արդիականությունը և հիմնավորվածությունը: Ռիսկերի կառավարման գործընթացի վերանայման անհրաժեշտության բացակայության հիմնավորումները պատշաճ կարգով փաստաթղթավորվում են: Դիտարկման/վերանայման ենթակա հիմնական ոլորտներն առնվազն ընդգրկում են.
1) բանկի կապիտալի գնահատման ներքին գործընթացների համարժեքությունը բանկի կողմից իրականացվող գործառնությունների բնույթին, ծավալին և բարդությանը,
2) խոշոր ռիսկերի և ռիսկերի կենտրոնացումների բացահայտումը,
3) բանկի ռիսկայնության մակարդակի գնահատման ընթացքում օգտագործվող մուտքային տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը,
4) բանկի ռիսկայնության մակարդակի գնահատման ընթացքում օգտագործվող մեթոդների, սցենարների հիմնավորվածությունն ու արդյունավետությունը,
5) ենթադրությունների և օգտագործվող մուտքային տվյալների թեստավորումն ու վերլուծությունը:
59. Բանկի խորհուրդը պատասխանատու է ռիսկերի կառավարման համակարգի ձևավորման, կենսագործունեության և արդյունավետության շարունակական մոնիտորինգի ապահովման համար, իսկ գործադիր մարմինը՝ ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետ կիրառման, ինչպես նաև խորհրդի կողմից հաստատված ընթացակարգերի և այլ ներքին իրավական ակտերի՝ ամբողջ բանկում արդյունավետ շրջանառության ապահովման համար:
Գլուխ 5. Կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթաց (ICAAP)
60. Բանկը ապահովում է իր կողմից ստանձնած ռիսկերին համարժեք կապիտալի առկայություն, ինչպես նաև մշակում և օգտագործում է ռիսկերի մոնիթորինգի և կառավարման արդյունավետ մեխանիզմներ:
61. Բանկի գործադիր մարմինը պատասխանատվություն է կրում կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացների (այսուհետ նաև` ԿՀԳՆԳ) մշակման, բանկի ռիսկայնության նկարագրին և ռիսկերի կառավարման միջավայրին համարժեք կապիտալի նպատակային մակարդակ սահմանելու, ինչպես նաև կապիտալի մակարդակը ստանձնած ռիսկերին համապատասխանեցնելու համակարգ ներդնելու համար:
62. Բանկի գործադիր մարմինը և խորհուրդը դիտարկում են կապիտալի պլանավորումը որպես բանկի ռազմավարական նպատակներին հասնելու համար անհրաժեշտ տարր: Բանկի զարգացման ծրագրերը հստակ սահմանում են բանկի կապիտալի պահանջը, նախատեսվող կապիտալ ներդրումները, կապիտալի ցանկալի մակարդակը, ինչպես նաև կապիտալի համալրման հնարավոր աղբյուրները:
63. Որպես բանկի ռիսկերի կառավարման համակարգի բաղկացուցիչ մաս՝ բանկն առնվազն եռամսյակային պարբերականությամբ իրականացնում է կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթաց, որը պետք է համահունչ լինի բանկի գործունեությանը բնորոշ ռիսկերի բնույթին, ծավալին և բարդությանը:
64. Կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացի հիմնական տարրերն են՝
1) համապատասխան քաղաքականություններն ու ընթացակարգերը, որոնք սահմանում են ռիսկերը էական համարելու չափանիշները, ապահովում են բանկի կողմից բոլոր էական ռիսկերի ճանաչումը, չափումը և դրանց վերաբերյալ տեղեկատվության շրջանառությունը (կապիտալի մակարդակի բավարարության գնահատման ժամանակ հաշվի են առնվում բանկի կողմից ստանձնած բոլոր էական ռիսկերը: Արտաքին գործոնների, ինչպես օրինակ, բիզնես ցիկլերի և մակրոտնտեսական միջավայրի ազդեցությունը կապիտալի պահանջի վրա նույնպես գնահատվում է),
2) կապիտալի մեծությունը ստանձնած ռիսկերի մակարդակին հարաբերակցելու/համապատասխանեցնելու գործընթացը,
3) բանկի ռազմավարության և գործարար ծրագրի հիման վրա առկա և պոտենցիալ ռիսկերին կապիտալի համարժեքության գնահատման գործընթացը,
4) կապիտալի կառավարման գործընթացի ներքին հսկողության և ներքին աուդիտի դիտարկումների իրականացումը:
65. Բանկի խորհուրդը հաստատում է ԿՀԳՆԳ քաղաքականությունը, որն առնվազն ներառում է.
1) ԿՀԳՆԳ իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերի նկարագրությունը: Ընդ որում, ԿՀԳՆԳ իրականացման ընթացակարգերը պետք է համահունչ լինեն բանկի կազմակերպական կառուցվածքին և ռիսկերի կառավարման համակարգին,
2) ԿՀԳՆԳ-ի ընթացքում իրականացվող հաշվարկների ժամանակ օգտագործվող տեղեկատվության հավաքագրման, պահպանման, արժանահավատության ստուգման ընթացակարգերը, ինչպես նաև կիրառվող տվյալների որակի (ամբողջականություն, արժանահավատություն և այլն) նկատմամբ բանկի պահանջները,
3) այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում պետք է արտահերթ ԿՀԳՆԳ իրականացվի,
4) ԿՀԳՆԳ իրականացման հիմնական պատասխանատուները,
5) կառավարչական որոշումների կայացման, ինչպես նաև ռիսկերի կառավարման գործընթացներում ԿՀԳՆԳ արդյունքների կիրառման եղանակները,
6) ԿՀԳՆԳ արդյունքները շահագրգիռ ստորաբաժանումներին հասանելի դարձնելու ընթացակարգերը:
66. Բանկը ձևավորում է ռիսկերի մոնիթորինգի և հաշվետվողականության համապատասխան համակարգ, որը թույլ կտա գնահատել, թե ինչպես է բանկի ռիսկայնության մակարդակի փոփոխությունն ազդում կապիտալի պահանջարկի վրա: Բանկի գործադիր մարմինը և խորհուրդը սահմանված պարբերականությամբ ստանում են հաշվետվություն ռիսկերի կառավարման համար պատասխանատու անձանցից բանկի ռիսկայնության մակարդակի և դրան համարժեք կապիտալի պահանջի վերաբերյալ: Հաշվետվության բովանդակությունը պետք է հնարավորություն տա կառավարման մարմիններին.
1) գնահատել էական ռիսկերի մակարդակը և փոփոխման տենդենցները ու դրանց ազդեցությունը կապիտալի մակարդակի վրա,
2) գնահատել կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացների հիմքում ընկած ենթադրությունների հիմնավորվածությունը,
3) որոշել արդյոք բանկն ապահովում է ռիսկերին դիմակայելու համար անհրաժեշտ կապիտալի բավարար մակարդակ և արդյոք դա համապատասխանում է բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նպատակներին,
4) հիմնվելով ստացված հաշվետվությունների վրա գնահատել կապիտալի ապագա պահանջը և անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել բանկի ռազմավարական գործունեության ծրագրում:
67. Բանկն օգտագործում է ԿՀԳՆԳ-ի արդյունքները բացահայտելու համար արդյոք բանկի առկա կապիտալը բավարար է բանկի ստանձնած ռիսկերին դիմակայելու համար: Եթե առկա կապիտալի մեծությունը բավարար չէ, ապա բանկը նվազեցնում է ստանձնած ռիսկի մակարդակը կամ ավելացնում կապիտալի/պահուստների մեծությունը, որպեսզի ապահովի ինչպես կապիտալի նորմատիվային պահանջը, այնպես էլ ԿՀԳՆԳ-ի արդյունքում գնահատված կապիտալի լրացուցիչ պահանջը:
68. Բանկն ապահովում է նորմատիվային նվազագույն պահանջը գերազանցող կապիտալի համարժեքության ցուցանիշ՝ հիմք ընդունելով հետևյալ հանգամանքները.
1) Բանկի բնականոն գործունեության ընթացքում բանկի կողմից իրականացվող գործառնությունների ծավալը և տեսակները փոփոխվում են, ինչը հանգեցնում է նոր ռիսկերի առաջացման կամ առկա ռիսկերի ավելացման՝ առաջացնելով կապիտալի համալրման անհրաժեշտություն:
2) Եթե բանկը ստիպված լինի կապիտալ համալրել կարճ ժամանակահատվածում կամ շուկայական անբարենպաստ պայմաններում, ապա կապիտալի համալրումը բանկի համար կլինի ծախսատար:
3) Բանկի գործունեության ընթացքում առաջանում են ռիսկեր (տվյալ բանկի գործունեությանը հատուկ կամ մակրոտնտեսական նշանակության), որոնք ընդգրկված չեն կապիտալի համարժեքության նորմատիվային պահանջներում:
4) Բանկի կողմից կապիտալի համարժեքության նորմատիվային պահանջի խախտումը կարող է հանգեցնել վերահսկողի կողմից համապատասխան պատժամիջոցների կիրառման:
5) Եթե բանկն ակնկալում է ստանալ բարձր վարկանիշ միջազգային վարկանիշային կազմակերպությունների կողմից, ապա այն պետք է ունենա կապիտալի համարժեքության նվազագույն պահանջից ավելի կապիտալ:
69. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կապիտալի նվազագույն մակարդակից ավելի կապիտալի ապահովումը չպետք է դիտվի որպես բանկի աճող ռիսկերին դիմակայման միակ միջոց: Ոչ համարժեք ներքին հսկողության համակարգի կամ անարդյունավետ ռիսկերի կառավարման գործընթացների խնդիրները չպետք է լուծվեն ավելցուկային կապիտալի ձևավորմամբ:
Գլուխ 6. Սթրես-թեստավորում
(գլուխը խմբ. 11.10.19 թիվ 148-Ն)
70. Սթրես-թեստավորման համակարգը կազմում է բանկի ռիսկերի կառավարման գործընթացի մի մասը: Բանկն իրականացնում է սթրես-թեստավորում, որպես ռիսկերի գնահատման հիմնական մեթոդ կամ, առնվազն որպես զուգահեռ մեթոդ՝ ի լրումն ռիսկերի գնահատման վիճակագրական, էկոնոմետրիկ և կանխատեսող մոդելների։
71. Սթրես-թեստավորման արդյունքները ունեն կիրառական նշանակություն: Մասնավորապես` սթրես-թեստերն օգտագործվում են բանկի ռիսկի ախորժակը (առանձին ռիսկերի և դրանց բաղադրիչների գծով սահմանաչափերը) սահմանելու համար, իսկ քանակական սահմանաչափեր նախատեսված չլինելու դեպքում սթրես-թեստերի արդյունքներով կայացվում են հստակ որոշումներ կա՛մ ռիսկն ընդունելու, կա՛մ ռիսկը (ազդեցությունը) նվազեցնելու անհրաժեշտության վերաբերյալ: Սթրես-թեստերի արդյունքները կիրառվում են նաև երկարաժամկետ գործարար ծրագրերի կազմման, վերականգնման ծրագրերի մշակման, ինչպես նաև կապիտալի և իրացվելիության պլանավորման ժամանակ:
72. Բանկի խորհուրդը պատասխանատու է սթրես-թեստավորման արդյունավետ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման, իսկ գործադիր մարմինը՝ սթրես-թեստերի հետևողական իրականացման համար, մասնավորապես բանկի խորհուրդը և գործադիր մարմինը համոզվում են, որ սթրես-թեստերը պարբերաբար վերանայվում են, կիրառվող ենթադրություններն ու պայմանները համարժեք են։
73. Բանկն իրականացնում է`
1) միագործոն սթրես-թեստեր՝ զգայունության վերլուծություններ, որոնց նպատակն առանձին կամ սահմանափակ թվով ռիսկի գործոնների փոփոխությունների ազդեցության գնահատումն է բանկի կամ առանձին պորտֆելի վրա` առանց այլ գործոնների ազդեցությունը հաշվի առնելու,
2) սցենարային սթրես-թեստեր, որոնց նպատակը մի շարք ռիսկի գործոնների փոփոխությունների ազդեցության գնահատումն է բանկի կամ առանձին պորտֆելի վրա, որի դեպքում հաշվի են առնվում տարբեր ռիսկային գործոնների, այդ թվում` համակարգային, փոխազդեցության արդյունքները,
3) հակադարձ սթրես-թեստեր, որոնց նպատակն է գնահատել և բացահայտել այն սցենարները կամ ռիսկի գործոնները, որոնց դեպքում առաջանում է որպես մուտքային գործոն կիրառված հավանական կորուստը: Ընդ որում, մուտքային գործոնը որոշվում է բանկի կողմից՝ իր պորտֆելին, գործունեության մասշտաբին, բարդությանը և ռիսկայնությանը համապատասխան։
73.1. Սթրես-թեստերը ներառում են՝
1) բանկին հատուկ սթրես-ցուցանիշներ,
2) ֆինանսական շուկայի սթրես-ցուցանիշներ,
3) համախմբված՝ մակրոտնտեսական սթրես-ցուցանիշներ։
73.2. Բանկն իրականացնում է սթրես-թեստավորում բոլոր էական ռիսկերի գծով, որոնք ներառում են առնվազն հետևյալ ռիսկերը.
1) վարկային ռիսկ,
2) իրացվելիության ռիսկ,
3) գործառնական ռիսկ (ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների ազդեցությամբ պայմանավորված),
4) շուկայական ռիսկ՝ ըստ առանձին բաղադրիչների, մասնավորապես՝
ա. արտարժութային ռիսկ,
բ. բանկային պորտֆելում տոկոսադրույքի ռիսկ,
գ. առևտրային պորտֆելում շուկայական ռիսկ,
դ. գնային ռիսկ, եթե գնային ռիսկ պարունակող ակտիվների հանրագումարը գերազանցում է բանկի ընդհանուր հաշվեկշռային ակտիվների 3 տոկոսը,
5) վարակի ռիսկ (այլ բանկի/ֆինանսական կազմակերպության ֆինանսական խնդիրների հնարավոր բացասական ազդեցությունը տվյալ բանկի կապիտալի և (կամ) շահույթի վրա),
6) երկրի ռիսկ:
73.3. Բանկի իրացվելիության ռիսկի գծով իրականացվող սթրես-թեստը պետք է արտացոլի նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 2) Հավելված 12-ի 24-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված ներգրավված միջոցների վաղաժամկետ մարման հավանականության գնահատումը և գնահատման հիմքում ընկած ենթադրությունների հիմնավորումները:
(73.3-րդ կետը լրաց. 12.10.21 թիվ 154-Ն)
74. Դիտարկվող սցենարները ապահովում են ռիսկի համապարփակ գնահատում և համապատասխանում են բանկի բարդությանն ու ռիսկայնությանը, մասնավորապես.
1) սցենարները ապագային միտված են, ծայրահեղ, բայց հավանական,
2) սցենարները կառուցվում են ելնելով թե՛ հիփոթեզային, թե՛ պատմականորեն դիտարկված սթրեսային իրավիճակներից (հաշվի առնելով նաև շուկայում տեղի ունեցած վերջին սթրեսը): Հիփոթեզային սցենարների կիրառությունն անհրաժեշտ է, մասնավորապես, այն դեպքերում, երբ որևէ ռիսկի (պորտֆելի, պրոդուկտի, այդ թվում՝ նոր ներդրվող) գծով չի դիտարկվել սթրեսային իրավիճակ կամ բանկի վրա ազդող ռիսկի գործոնների գծով էական շոկերը փաստացի դիտարկվել են տարբեր ժամանակահատվածներում, սակայն հավանական է նաև դրանց միաժամանակյա տեղի ունենալը,
3) սցենարները մշակվում են բավարար մանրամասնեցված ըստ ռիսկի գործոնների, ինչպես նաև ըստ պորտֆելների, արժույթների, պրոդուկտների՝ համարժեք բանկի բարդությանն ու ռիսկայնությանը:
75. Իրականացվող սթրես-թեստերի ժամանակային հորիզոնը և սցենարը համապատասխանում են ԿՀԳՆԳ-ի ժամանակային հորիզոնին և արդյունքներին: Ընդ որում, սթրես-թեստերն իրականացվում են առնվազն առաջիկա 12-ամսյա ժամանակային հորիզոնով։
76. Սթրես-թեստավորումն իրականացվում է` հիմք ընդունելով բանկի կանխատեսումների վրա հիմնված հիմնական (բազային) սցենարը, որը ենթարկվում է շոկային ցնցումների` արտացոլելով ծայրահեղ, բայց հավանական իրավիճակների առնվազն երկու մակարդակներ (միջին և խիստ):
77. Եթե բանկի կողմից որոշակի ռիսկի գծով սթրես-թեստավորման գործընթացում դիտարկվող իրավիճակը կարող է ազդեցություն ունենալ բանկի գործունեությանն առնչվող այլ ռիսկերի վրա, ապա բանկը գնահատում է ինչպես յուրաքանչյուր ռիսկի գծով ազդեցություններն առանձին-առանձին, այնպես էլ համընդհանուր ազդեցությունը:
78. Վարկային, գործառնական, բանկային պորտֆելում տոկոսադրույքի, գնային, վարակի և երկրի ռիսկերի գծով սթրես-թեստավորումն իրականացվում է առնվազն եռամսյակային կտրվածքով, իսկ իրացվելիության, արտարժութային և առևտրային պորտֆելում շուկայական ռիսկերի գծով սթրես-թեստավորումն իրականացվում է առնվազն ամսական կտրվածքով։ Բանկային պորտֆելում տոկոսադրույքի ռիսկի գծով սթրես-թեստավորումը, այդ թվում՝ վարքագծային գործոնների/պարամետրերի գնահատումը (գնահատման թարմացումը) կարող է իրականացվել տարեկան պարբերականությամբ, եթե հիմնավորվում է, որ ռիսկի գնահատման տեսանկյունից բանկի հաշվեկշռի կառուցվածքում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել:
79. Բանկը պարբերաբար (առնվազն տարեկան մեկ անգամ) վերանայում է սթրես-թեստերը, մասնավորապես իրականացնում է՝
1) սթրես-թեստավորման գործընթացի արդյունավետության և ըստ նպատակի կիրառելիության գնահատում,
2) սթրես-սցենարների, այդ թվում՝ սցենարներում դիտարկված ռիսկի գործոնների ցանկի վերանայում,
3) բանկի ֆինանսական ցուցանիշների վրա սթրեսի ազդեցությունը գնահատող մոդելների, դրանց հիմքում ընկած ենթադրությունների արդիականության, որակական և քանակական հիմնավորումների համապատասխանության գնահատում և անհրաժեշտության դեպքում՝ վերանայում:
80. Բանկերն ապահովում են սթրես-թեստավորման գործընթացի ներքին կանոնակարգում, մասնավորապես.
1) բանկի ներքին իրավական ակտերով առնվազն սահմանվում են՝
ա. իրականացվող սթրես-թեստերի տեսակները (զգայունության, սցենարային կամ հակադարձ) և նպատակը,
բ. սթրես-թեստի սցենարի ընտրության սկզբունքները, ներառյալ նաև հիմնավորում սցենարի ծայրահեղ, բայց հավանական լինելու վերաբերյալ,
գ. ֆինանսական ցուցանիշների վրա ռիսկի գործոնների ազդեցությունը գնահատելու նպատակով կիրառվող մոդելների (ներառյալ ֆինանսական գործիքների գնագոյացման, վարքագծային գործոնների գնահատման) մեթոդաբանությունը,
դ. մոդելի վալիդացիայի գործընթացը և սկզբունքները,
ե. ժամանակային հորիզոնի ընտրության մեթոդաբանությունը,
զ. սթրես-թեստավորման գործընթացի վերանայման ընթացակարգը,
է. գործընթացի հիմնական պատասխանատուները,
ը. սթրես-թեստերի արդյունքների կիրառման եղանակները կառավարչական որոշումների կայացման, ինչպես նաև ռիսկերի կառավարման գործընթացներում,
թ. սթրես-թեստերի արդյունքները որոշում կայացնողներին, շահագրգիռ ստորաբաժանումներին հասանելի դարձնելու և Կենտրոնական բանկին տրամադրելու ընթացակարգերը:
2) սթրես-թեստերի հիմքում ընկած հիմնական ենթադրությունները, հիմնական սցենարները, սթրես-թեստերի ազդեցության գնահատման համար օգտագործվող հիմնական դատողությունները փաստաթղթավորվում են և շրջանառվում գործընթացի համար պատասխանատու անձանց միջև։
81. Բանկն իրականացնում է ներքին միջավայրում հնարավոր սթրեսային իրավիճակների կանխարգելմանը կամ դրանց հետևանքով առաջացող հնարավոր բացասական արդյունքների նվազեցմանն ուղղված միջոցառումներ:
Գլուխ 6.1 Վերականգնման ծրագիր
(գլուխը լրաց. 11.10.19 թիվ 148-Ն)
81.1 Բանկը պետք է ունենա ֆինանսական վիճակի էական վատթարացման դեպքում ֆինանսական վիճակի բարելավմանն ուղղված վերականգնման ծրագիր (այսուհետ՝ վերականգնման ծրագիր): Վերականգնման ծրագիրը պետք է համահունչ լինի բանկի գործունեության առանձնահատկություններին, բնորոշ ռիսկերի բնույթին, չափին և բարդությանը:
81.2 Վերականգնման ծրագիրը առնվազն պետք է ներառի՝
1) հավանական սցենարների նկարագրություն, որոնց տեղի ունենալու դեպքում բանկի ֆինանսական վիճակը էապես կվատթարանա,
2) հավանական սցենարների ազդեցությունը բանկի գործունեության հիմնական ուղղությունների, ոլորտների վրա,
3) նպատակային սահմանաչափեր/ցուցանիշներ, որը (որոնք) խախտելու դեպքում բանկը կկիրառի վերականգնման ծրագրով սահմանված միջոցառումները,
4) հավանական սցենարների տեղի ունենալու դեպքում բանկի կողմից ֆինանսական վիճակի վերականգնմանն ուղղված միջոցառումների նկարագրությունը:
81.3 Վերականգնման ծրագրում նկարագրված սցենարները.
1) վերականգնման ծրագրում ներառվող սցենարները պետք է լինեն ապագային միտված, ծայրահեղ, բայց հավանական և արտացոլեն հավանական սցենարների առնվազն երկու մակարդակ (միջին և խիստ),
2) վերականգնման ծրագրում պետք է ներառվեն առնվազն`
ա. երկու սցենար, որոնք, տեղի ունենալու դեպքում, բացասական ազդեցություն կունենան կոնկրետ տվյալ բանկի վրա,
բ. երկու սցենար, որոնք, տեղի ունենալու դեպքում, բացասական ազդեցություն կունենան ամբողջ ֆինանսական համակարգի և/կամ տնտեսության վրա, որն իր հերթին բացասական ազդեցություն կունենա բանկի վրա,
գ. երկու սցենար, որոնք կհամադրի վերոնշյալ երկու սցենարների տեղի ունենալը,
3) նկարագրված սցենարները պետք է արտացոլեն այն իրադարձությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ բանկի վրա՝ հաշվի առնելով բանկի ռիսկերի կառուցվածքը, գործունեության բնույթը, չափը, բանկային համակարգի մնացած մասնակիցների հետ փոխկապակցվածության աստիճանը և այլն:
81.4 Վերականգնման ծրագրում ներկայացվում է բանկի գործունեության հիմնական ուղղությունների, ոլորտների նկարագրությունը, ինչպես նաև վերականգնման ծրագրում նկարագրված սցենարների տեղի ունենալու դեպքում վերջիններիս վրա դրանց ազդեցությունը:
81.5 Նպատակային սահմանաչափերի/ցուցանիշների սահմանումը.
1) վերականգնման ծրագրով պետք է հստակ սահմանվեն նպատակային սահմանաչափեր/ցուցանիշներ, որոնք խախտելու դեպքում, բանկը կկիրառի վերականգնման ծրագրով նախատեսված միջոցառումները,
2) նպատակային սահմանաչափերը/ցուցանիշները պետք է լինեն և քանակական, և որակական, որոնք կարտացոլեն բանկի ֆինանսական դրությունը, և հնարավոր կլինի դրանց նկատմամբ մոնիտորինգ իրականացնել,
3) նպատակային սահմանաչափերը/ցուցանիշները պետք է առնվազն վերաբերեն բանկի՝
ա. կապիտալին,
բ. իրացվելիությանը,
գ. եկամտաբերությանը,
դ. ակտիվների որակին,
4) վերականգնման ծրագիրը պետք է ներառի նաև ֆինանսական շուկայի իրավիճակը արտացոլող նպատակային սահմանաչափեր/ցուցանիշներ, և մակրոտնտեսական նպատակային սահմանաչափեր/ցուցանիշներ:
81.6 Ֆինանսական վիճակի վերականգնմանն ուղղված միջոցառումները.
1) վերականգնման ծրագիրը պետք է ներառի վերականգնման ծրագրում նկարագրված սցենարներ տեղի ունենալու և (կամ) նպատակային սահմանաչափերի խախտման դեպքում բանկի կողմից իրականացվող միջոցառումների նկարագրությունը, իրականացման հաջորդականությունն ու իրականացման համար պահանջվող ողջամիտ ժամկետները, վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման համար պատասխանատու ստորաբաժանումների/աշխատակիցների շրջանակը, ինչպես նաև վերջիններիս միջև արդյունավետ հաղորդակցության իրականացման գործընթացների նկարագրությունը,
2) վերականգնման ծրագրում պետք է բացահայտել վերականգնման ծրագրով սահմանված յուրաքանչյուր միջոցառման իրականացման հետ կապված հնարավոր ռիսկերը,
3) վերականգնման ծրագիրը հաստատվում է Բանկի խորհրդի կողմից,
4) վերականգնման ծրագիրը պետք է վերանայվի առնվազն տարին մեկ անգամ, կամ ավելի հաճախ այն դեպքում, երբ փոխվում են օրինակ բանկի կազմակերպական կառուցվածքը, իրականցվող գործառնությունները, ստանձնված ռիսկերի մակարդակը, ռազմավարությունը, տեղի է ունենում ֆինանսական վիճակի փոփոխություն, եթե վերջիններս կարող են էական ազդեցություն ունենալ վերականգնման ծրագրով սահմանված միջոցառումների վրա,
5) բանկերը պետք է պարբերաբար ուսումնասիրեն արտաքին (էկզոգեն) և ներքին (էնդոգեն) գործոնները, որոնք կարող են ազդել բանկի գործունեության վրա և իրենց վերականգնման ծրագիրը համապատասխանեցնեն տեղի ունեցած փոփոխություններին,
6) բանկը վերականգնման ծրագիրը ներկայացնում է Կենտրոնական բանկ տարեկան պարբերականությամբ՝ մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը, ինչպես նաև յուրաքանչյուր փոփոխություն իրականացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում,
7) վերականգնման ծրագրով սահմանված միջոցառումները առնվազն տարեկան կտրվածքով փորձարկվում են` պարզելու համար դրանց արդյունավետությունը, և անհրաժեշտության դեպքում թարմացվում են: Փորձարկման արդյունքները պետք է փաստաթղթավորվեն բանկի կողմից և ներկայացվեն ՀՀ կենտրոնական բանկ մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ը:
ԲԱԺԻՆ 5. ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՅԼ ՏԱՐՐԵՐ
Գլուխ 7. Դրամարկղային գործառնություններ, ներդրումային գործունեություն, վարկերի կառավարում
82. Բանկի ներքին հսկողության համակարգը դրամարկղային գործառնությունների առումով նվազագույնը ներառում է.
1) գանձապահների տնօրինության տակ գտնվող կանխիկ միջոցների առավելագույն սահմանաչափերը,
2) կանխիկ միջոցների գույքագրման պարբերականությունը,
3) կանխիկ միջոցներով գործառնությունների իրականացման ներքին ընթացակարգերը, հսկողության մեխանիզմները,
4) կանխիկ միջոցների պահպանման և տեղափոխման անվտանգությունն ապահովող մեխանիզմները:
83. Բանկի ներքին հսկողության համակարգը ներդրումային գործունեության առումով, նվազագույնը ներառում է.
1) ներդրումային քաղաքականությունը,
2) ներդրումային պորտֆելի (ներդրումային գործիքների առանձին խմբերի) նպատակային (բենչմարք) կառուցվածքը, եկամտաբերությունը և ժամկետայնությունը,
3) ներդրումների վերաբերյալ որոշումների կայացման ներքին ընթացակարգերը, ներդրումների վերաբերյալ որոշումների կայացման համար անհրաժեշտ նվազագույն տեղեկատվությունը,
4) ներդրումային հանձնաժողովի կամ այլ պատասխանատու ստորաբաժանման կազմը, պարտականությունները և լիազորությունները, իսկ նման ստորաբաժանման բացակայության դեպքում՝ ներդրումների համար պատասխանատու անձի պարտականությունները և լիազորությունները,
5) ներդրումային սահմանափակումները (օրինակ՝ ըստ փոխառուների կամ ֆինանսական գործիքների վարկանիշների),
6) թույլատրելի կենտրոնացումների սահմանաչափերը (օրինակ՝ ըստ ներդրումային գործիքների, ըստ գործընկերների/արժեթուղթ թողարկողների/փոխառուների, ըստ տնտեսության ճյուղերի, ըստ բանկի հետ կապված անձանց և այլն),
7) ներդրումների բազմազանեցման (դիվերսիֆիկացման) սկզբունքները,
8) բանկի թղթակցային հաշիվների բացման և փակման սկզբունքները, այլ բանկերում հաշիվների մնացորդների մոնիթորինգի և համադրման իրականացման պարբերականությունը,
9) փոխառության ապահովվածության ընդունելի տեսակները,
10) ձեռք բերված արժեթղթերի թողարկողների և փոխառուների վարկունակության գնահատման պահանջը, այդ գնահատումները իրականացնելու կարգը, ժամկետներն ու պարբերականությունը, դրանց համար պատասխանատու անձանց և նրանց պարտականությունները,
11) դիլերների (ներդրումային գործարքներ կնքելու իրավասություն ունեցող աշխատակիցների) կողմից առանց համապատասխան ղեկավարի վավերացման կնքվող գործարքի (կամ գործարքների) տեսակները և թույլատրելի առավելագույն չափերը/սահմանաչափերը,
12) ներդրումների դասակարգման, չաշխատող ակտիվների գծով հնարավոր կորուստների պահուստի ձևավորման սկզբունքները, ընթացակարգերը, դրանց հաշվարկման և պարբերական մոնիտորինգի իրականացման համար պատասխանատու անձանց, նրանց պարտականությունների շրջանակները, ինչպես նաև բանկի ժամկետանց ակտիվների հետստացման ընթացակարգերը,
13) այլ բանկերում հաշիվների մնացորդների մոնիթորինգի և համադրման իրականացման համար պատասխանատու (անձանց) պաշտոնները, իրականացման պարբերականությունը,
14) բանկի պարտավորությունների կառուցվածքին և բնույթին բանկի ներդրումային գործունեության համապատասխանությունը ապահովելու, ինչպես նաև առկա անհամապատասխանությունների արդյունքում առաջացող ռիսկերը կառավարելու ընթացակարգերը,
15) ածանցյալ գործիքներով գործառնությունների իրականացման քաղաքականությունը, դրա իրականացման ներքին ընթացակարգերը, այդ թվում՝
ա. ածանցյալ գործիքներով գործառնություններից բխող ռիսկերի ճանաչման, գնահատման և կառավարման արդյունավետ համակարգի առկայություն,
բ. արտաբորսայական ածանցյալ գործիքներով գործառնություններ իրականացնելու դեպքում ածանցյալների արժեքի գնահատման մեթոդները:
84. Բանկի ներդրումային գործունեության վերաբերյալ բանկի խորհրդին և գործադիր մարմնին ներկայացվող հաշվետվություններն առնվազն ներառում են.
1) ներդրումների կառուցվածքը,
2) մարումների ժամանակացույցը,
3) ներդրումների եկամտաբերությունը,
4) ներդրումների որակի վերլուծությունը,
5) խնդրահարույց ներդրումները և դրանց հետստացման ուղղությամբ իրականացված միջոցառումները,
6) գրավադրված արժեթղթերը` ինչպես գումարային արտահայտությամբ, այնպես էլ որպես տոկոս` ներդրումային պորտֆելից,
7) իրականացված ածանցյալ գործառնությունները:
85. Բանկի ներքին հսկողության համակարգը վարկավորման գործընթացի (վարկերի, փոխառությունների, օվերդրաֆտների, վարկային գծերի, վարկային քարտերի, երաշխիքների, ֆակտորինգային և ֆինանսական վարձակալության (լիզինգային) գործառնությունների տրամադրման, այսուհետ՝ վարկ) առումով, նվազագույնը ներառում է.
1) բանկի նպատակային շուկաները, վարկավորման ընդունելի տեսակները (լիզինգային գործառնությունների իրականացման դեպքում` նաև այն գույքի տեսակները, որոնց լիզինգը բանկը մտադիր է իրականացնել),
2) վարկային պորտֆելի նպատակային (բենչմարք) կառուցվածքը, եկամտաբերությունը և ժամկետայնությունը,
3) վարկային կոմիտեի անդամների կազմը, վարկային կոմիտեի իրավասությունները և պարտականությունները, գործունեության և որոշումների ընդունման կարգը,
4) վարկային կենտրոնացումների սահմանաչափերը, այդ թվում` ըստ այն երկրների, որոնց կամ որոնց ռեզիդենտների հետ բանկը գործառնություններ է իրականացնում,
5) վարկային պորտֆելի բազմազանեցման (դիվերսիֆիկացիայի) սկզբունքները,
6) վարկերի տրամադրման, մոնիթորինգի և դրանց վերադարձման, այդ թվում` դատական և արտադատական, ընթացակարգը,
7) բանկում գնագոյացման (վարկավորման տոկոսադրույքների, ֆակտորինգային զեղչատոկոսների ձևավորման) սկզբունքները, ընդ որում՝ չհեջավորված փոխառուի դեպքում գնանշման ժամանակ բանկը պետք է հաշվի առնի նաև փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված վարկային ռիսկը,
8) ապահովման միջոցների (գրավի, երաշխավորության) ընդունելի տեսակները,
9) «վարկի գումար»/«ապահովում» հարաբերակցությունները տարբեր վարկային գործիքների (վարկերի տեսակների) համար` արտահայտված տոկոսով,
10) գրավի առարկայի վերաբերյալ հսկողության ձևերը (մասնավորապես` հիփոթեքային վարկավորման դեպքում) և այլ պահանջները (օրինակ` գրավադրված շենքի ապահովագրում),
11) հաստատված քաղաքականություններից և (կամ) սահմանաչափերից հնարավոր բացառությունների դեպքերը կամ հիմքերը,
12) վարկավորման սահմանաչափերը` ըստ վարկի գումարի, ժամկետի, այն երկրների, որոնց կամ որոնց ռեզիդենտների հետ բանկը գործառնություններ է իրականացնում, տոկոսի և տեսակի,
13) վարկերի տրամադրման համար պահանջվող, ինչպես նաև վարկային գործերում պահպանվող նվազագույն փաստաթղթերը և տեղեկատվությունը,
14) բանկի հետ կապված անձանց վարկավորման սկզբունքները,
15) բանկի կողմից մերժված հայտերի վերաբերյալ տեղեկատվության պահպանման և մերժումների հիմնավորվածության ուսումնասիրության կարգը,
16) վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգը, ապահովվածություն չունեցող վարկերի տրամադրման հիմքերը, դեպքերը,
17) փոխկապակցված անձանց վարկերի տրամադրման կարգը, սահմանաչափերը:
(85-րդ կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն)
86. Գրավի առարկայի գնահատման և վերահսկման ներքին հսկողության համակարգը նվազագույնը ներառում է՝
1) գրավի գնահատումն իրականացնող աշխատակիցների ընտրության և վերջիններիս աշխատանքի վերահսկման սկզբունքները,
2) անկախ գնահատող հանդիսացող անձանց ընտրության սկզբունքները,
3) գրավի վերագնահատումն իրականացնելու գործընթացը և հաճախականությունը,
4) գրավի առարկայի և դրա ապահովագրվածության վերահսկման գործընթացը և հաճախականությունը, հատկապես ֆիզիկապես բանկի հսկողությունից դուրս (գրավատուի օգտագործման ներքո) գտնվող գրավների գծով,
5) պահանջ՝ առ այն, որ գրավը գնահատող անձինք չպետք է շահագրգիռ լինեն վարկը տրամադրելու հարցում:
87. Ոսկյա իրերի գրավադրման պարագայում (եթե ոսկյա իրերը պահվում են գրավառուի մոտ) գրավի առարկայի գնահատման և պահպանման ներքին հսկողության համակարգը ներառում է.
1) պահանջ, որպեսզի գրավի առարկայի պահպանումը բանկի պահոցում իրականացվի փակ թափանցիկ պարկի մեջ, որը կնքված է (ստորագրության կամ իդենտիֆիկացման այլ միջոցներով) բանկի աշխատակցի ու գրավատուի կողմից,
2) պահանջ, որը կապահովի թափանցիկ պարկի բացումը միայն գրավատուի ու պարկը կնքած բանկի աշխատակցի ներկայությամբ. գրավատուի ներկայությունը պարկի բացման ժամանակ անհնար լինելու դեպքում, գրավատուի համաձայնության առկայության դեպքում պարկը բացվում է հատուկ ընթացակարգով (ուղղված գրավատուի շահերի պաշտպանությանը) առանց վերջինիս ներկայության,
3) պահանջ, որպեսզի բանկում պահվի յուրաքանչյուր գրավի առարկայի նկարագրությունը, որը ստորագրված կլինի բանկի աշխատակցի ու գրավատուի կողմից,
4) թափանցիկ պարկի բացման ժամը և օրը հավաստող անդորրագիրը հաճախորդի կողմից ստորագրելու պահանջ:
88. Բանկի վարկավորման գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերից շեղումները պատշաճ հիմնավորվում, փաստաթղթավորվում և պահվում են վարկային գործերում:
89. Վարկային գործերը նվազագույնը ներառում են հետևյալ փաստաթղթերը.
1) վարկային հայտ/դիմում,
2) վարկային կոմիտեի կամ իրավասու այլ մարմնի կամ անձի որոշումը,
3) վարկային պայմանագիր,
4) վարկառուի վարկանիշը (առկայության դեպքում),
5) վարկառուի իրավունակությունը կամ գործունակությունը հաստատող փաստաթղթեր,
6) վարկային ռեգիստրից կամ բյուրոներից ստացված հարցումները հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
7) գրավի կամ վարկի ապահովման այլ միջոցի պայմանագիր (ապահովվածության առկայության դեպքում),
8) գրավի կամ վարկի ապահովման այլ միջոցի վերաբերյալ այլ փաստաթղթեր (կիրառելիության դեպքում),
9) վարկառուի գործարար ծրագիր կամ վարկի վերադարձելիությունը հիմնավորող այլ տեղեկատվություն,
10) վարկառուի ֆինանսական հաշվետվությունները (կիրառելիության դեպքում),
11) վարկառուի ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունները (կիրառելիության դեպքում),
12) վարկառուի հետ նամակագրությունը (կիրառելիության դեպքում),
13) պատասխանատու անձի կողմից վավերացված գրառումներ վարկառուի հետ հեռախոսազրույցների և հանդիպումների մասին (կիրառելիության դեպքում),
14) վարկի մոնիթորինգի հաշվետվությունը/մոնիթորինգի հետ կապված բոլոր այլ փաստաթղթերը (առկայության դեպքում):
90. Վարկային գործերում առկա փաստաթղթերը պետք է նվազագույնը ներառեն հետևյալ տեղեկությունները (կամ էլեկտրոնային, կամ թղթային տեսքով).
1) վարկառուի անունը, ազգանունը և զբաղմունքը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը և գործունեության տեսակը), գրավատուները, երաշխավորները, այլ ապահովվածություն տրամադրած անձինք (առկայության դեպքում),
2) վարկի տրամադրման ամսաթիվը և մարման ժամկետը,
3) վարկի գումարը (սկզբնական գումարն ու ընթացիկ մնացորդը),
4) վարկի տրամադրման նպատակը՝ սպառողական, թե ձեռնարկատիրական, իսկ խոշոր վարկերի համար՝ վարկի օգտագործման նպատակայնությունը հիմնավորող փաստաթղթերը,
5) վարկի տոկոսադրույքը և վճարումների ժամանակացույցը,
6) գրավի տեսակը և գնահատված արժեքը (գրավի առկայության դեպքում),
7) վարկի կարգավիճակը` ընթացիկ կամ ժամկետանց (որքան ժամանակ),
8) վարկի վերաձևակերպումները կամ երկարաձգումները, վարկային պայմանագրի վերանայման պատճառների նկարագրությունը,
9) վարկի առնչությամբ կատարված ներքին և արտաքին ստուգումների արդյունքները,
10) վարկի դասակարգումը, դասակարգման պատճառները (դասակարգված լինելու դեպքում),
11) չաշխատող վարկերի վերադարձման համար ձեռնարկված քայլերի մասին տեղեկատվություն,
12) վարկառուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացած ցանկացած այլ փոխառությունների մասին տեղեկատվություն:
91. Վարկի մոնիթորինգի գործընթացը նվազագույնը ներառում է.
1) վարկի յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրումից առաջ (բացառությամբ առաջինի)` վարկի օգտագործման նպատակայնության ուսումնասիրություն (խոշոր գումարների դեպքում), բացառությամբ վարկային գծերի վարկային սահմանաչափերի,
2) վճարումների և վարկի մարումների գրանցում,
3) գրավի առարկայի պարբերական վերագնահատում,
4) վարկառուի վերաբերյալ ֆինանսական և գործառնական տեղեկատվության կանոնավոր ստացում, վերլուծություն, չհեջավորված փոխառուի դեպքում՝ նաև փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված ռիսկի գնահատում, ու, անհրաժեշտության դեպքում, վարկառուի հետ դրանց քննարկում,
5) վարկառուի հետ հեռախոսազրույցների միջոցով լրացուցիչ կապի պահպանում,
6) անհրաժեշտության դեպքում` զրույցներ վարկառուի մատակարարների, այլ կոնտրագենտների և հաճախորդների հետ,
7) վարկի գծով ստացված բոլոր տվյալների գրանցում,
8) անհրաժեշտության դեպքում՝ վարկառուին աջակցելու (վարկի վերադարձելիությունը ապահովելու) համար քայլերի ձեռնարկում,
9) հատուկ ուշադրություն այն վարկային գծերի նկատմամբ
ա. որոնք գերազանցում են բանկի ներքին իրավական ակտերով որոշված սահմանաչափերը (բացառություններ),
բ. որոնցում շարժ չկա,
գ. որոնցով մարումներն իրականացվում են հաճախորդի հաշվին մուտքագրվող վարկի նոր մասնաբաժնի հաշվին:
(91-րդ կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն)
92. Բանկի խորհրդին ու գործադիր մարմնին խորհրդի կողմից սահմանված պարբերականությամբ ներկայացվող բանկի վարկավորման գործունեությանը վերաբերող հաշվետվություններն առնվազն ներառում են.
1) վարկային պորտֆելի կառուցվածքը,
2) վարկային պորտֆելի որակը,
3) վարկերի հիմնական ուղղությունները,
4) վարկերի կենտրոնացումները,
5) խոշոր վարկերը,
6) բանկի հետ կապված անձանց տրված վարկերը,
7) խնդրահարույց (ժամկետանց) վարկերը, այդ վարկերի դասակարգումը հիմնավորող տեղեկատվություն, ժամկետանց վարկերի հետ ստացման (մարման) ուղղությամբ իրականացված միջոցառումները:
Գլուխ 8. Բանկի հիմնական միջոցների կառավարում
93. Բանկի ներքին հսկողության համակարգը հիմնական միջոցների կառավարման առումով նվազագույնը ներառում է.
1) բանկի հիմնական միջոցների ձեռքբերման, օտարման և դուրսգրման կանոնները,
2) հիմնական միջոցների ձեռքբերման/օտարման նպատակահարմարության որոշման չափանիշները,
3) բռնագանձման արդյունքում կամ այլ հիմքով բանկի սեփականությունը դարձած հիմնական միջոցների օտարման կամ օգտագործման սկզբունքները, ժամկետներն ու ընթացակարգերը,
4) հիմնական միջոցների պահպանման, հաշվառման ներքին ընթացակարգերը,
5) գույքագրման պարբերականությունը և ներքին ընթացակարգերը,
6) դուրս գրված հիմնական միջոցների տնօրինման սկզբունքներն ու ձևերը,
7) հիմնական միջոցների վերագնահատման պարբերականությունը, կարգը, վերագնահատման անհրաժեշտության որոշման սկզբունքները:
Գլուխ 9. Բանկի ավանդների և իրացվելիության կառավարում
94. Բանկի ներքին հսկողության համակարգը բանկում առկա ավանդների (ավանդային բազայի) և բանկային հաշիվների կառավարման առումով, նվազագույնը ներառում է.
1) ավանդային բազայի նպատակային (բենչմարք) կառուցվածքը (ցպահանջ, ժամկետային ավանդների տեսակարար կշիռը` հաշվի առնելով սեզոնայնության և այլ հնարավոր գործոնները),
2) ավանդներ ներգրավելու սկզբունքները,
3) բանկի հաճախորդների (առանձին նաև բանկի հետ կապված անձանց) հաշիվների բացման, վարման, հսկման և փակման սկզբունքները, կարգը, գործընթացները: Ընդ որում, փակման գործընթացները պետք է նվազագույնը ներառեն՝
ա) փակման պատճառների մասին տեղեկատվությունը,
բ) վճարային քարտային հաշիվների դեպքում՝ հաշվի փակման արդյունքում վճարային քարտի վերադարձման ընթացակարգերը,
գ) վճարային քարտային հաշիվների դեպքում՝ տվյալ հաշվով գործարքների՝ այդ թվում, օնլայն և օֆլայն գործարքների կասեցման կամ դադարեցման ընթացակարգերը,
(կետը խմբ. 08.12.15 թիվ 256-Ն)
4) հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքների որոշման սկզբունքները:
95. Բանկի ներքին հսկողության համակարգը իրացվելիության (ակտիվների և պարտավորությունների) կառավարման առումով նվազագույնը ներառում է.
1) բանկի իրացվելիության պահանջների բավարարման աղբյուրներն ու դրանց օգտագործման ուղիները,
2) բանկի ակտիվների գնագոյացման (տոկոսադրույքի որոշման) մեխանիզմը (հաշվի առնելով բանկի ֆոնդերի արժեքը, վերադիր ծախսերը, վարկային ռիսկը և վճարվող շահաբաժինները),
3) բանկի պարտավորությունների ցանկալի կամ նպատակային կառուցվածքը և ժամկետայնության սահմանները (օրինակ` բանկը կարող է սահմանել, որ բանկի կողմից թողարկված ավանդային սերտիֆիկատները չպետք է գերազանցեն բանկի համախառն պարտավորությունների որոշակի տոկոսը, իսկ այդ ավանդային սերտիֆիկատների ժամկետայնությունը որոշակի ժամկետից պակաս չպետք է լինի),
4) բանկին տրամադրված փոխառությունների գումարների սահմանաչափերը (ընդհանուր և ըստ տեսակների), ինչպես նաև համախառն տոկոսային ծախսերի սահմանաչափերը,
5) բանկի իրացվելիության պահանջները բավարարելու համար օգտագործվող ֆինանսավորման աղբյուրների կենտրոնացումների սահմանաչափերը (օրինակ` բանկը, որի պարտավորությունների մեծ մասը կազմում են մեկ անձի (ֆիզիկական կամ իրավաբանական) ավանդները, կախվածության մեջ է ընկնում այդ անձի գործողություններից),
6) փոխառությունները ըստ մարման ժամկետների բազմազանեցնելու (դիվերսիֆիկացնելու) պահանջը,
7) իրացվելիության պահանջները բավարարելու համար բանկի հետ կապված անձանցից (կազմակերպություններից) փոխառու միջոցների ներգրավման սահմանափակումները,
8) իրացվելի միջոցների առաջնային աղբյուրների սպառման դեպքում այլընտրանքային աղբյուրների ընտրության չափանիշները, դրանց հայթայթման ուղիները,
9) տոկոսադրույքի ռիսկը սահմանափակելու սկզբունքներն ու մեթոդները` ներառյալ հետհաշվեկշռային հոդվածների հետ առնչվող տոկոսադրույքի ռիսկը,
10) տոկոսային մարժայի նպատակային մակարդակը,
11) տոկոսադրույքների փոփոխության նկատմամբ զգայուն հետհաշվեկշռային հոդվածների սահմանաչափերը,
12) ակտիվների և պարտավորությունների կառավարման կոմիտեի (առկայության դեպքում) անդամների կազմը, նրանց նշանակման կարգը, պարտականությունները և լիազորությունները, ինչպես նաև ակտիվների և պարտավորությունների կառավարման համար պատասխանատու ստորաբաժանումը, դրա պարտականությունները և լիազորությունները,
13) միջոցների ներգրավման և տեղաբաշխման տոկոսադրույքի վերաբերյալ որոշումների կայացման մեխանիզմներն ու ընթացակարգերը,
14) բանկի ակտիվների և պարտավորությունների ժամկետայնության ճեղքվածքի թույլատրելի սահմանաչափերը,
15) բանկի անունից փոխառության գործարքներ կնքելու իրավասություն ունեցող աշխատակիցների համար առանց համապատասխան ղեկավարի վավերացման կնքվող գործարքի (կամ գործարքների) թույլատրելի առավելագույն չափերը/սահմանաչափերը,
16) բանկի այն ստորաբաժանումների աշխատանքների կոորդինացման եղանակները, որոնք կարող են իրենց կողմից իրականացվող գործառնություններով ազդել բանկի իրացվելիության մակարդակի վրա,
17) իրացվելիության արտահերթ պահանջները (ինչը կարող է ծագել եկամուտների նվազման, չաշխատող ակտիվների աճի, ավանդների կենտրոնացման հետևանքով) բավարարելու ծրագիրը,
18) ներգրավվող և տրամադրվող միջոցների դիվերսիֆիկացման մոտեցումները` ըստ առանձին արժույթների,
19) իրացվելիության ռիսկը նվազեցնելու նպատակով գրավի գների զգայունության ընթացիկ վերլուծություն իրականացնելու պահանջ,
20) պարբերաբար իրացվելիության ռիսկի սթրես-թեստեր իրականացնելու պահանջ` կարճաժամկետ և տևական, բանկին հատուկ և լայն շուկայական սթրեսային սցենարների գծով: Թեստավորման հաճախականությունը պետք է համահունչ լինի բանկի ակտիվների կառուցվածքին և իրացվելիության ռիսկերին ենթարկվածությանը,
21) իրացվելիության ճգնաժամի (չնախատեսված իրավիճակների) պայմաններում գործողությունների ծրագրի առկայության և այն պարբերաբար վերանայելու պահանջ` ներառյալ արտակարգ իրավիճակներում ֆինանսավորման ծրագրի առկայության պահանջ:
95.1. Բանկն ապահովում է իրացվելիության ռիսկի գնահատման ներքին կանոնակարգում, մասնավորապես՝ բանկի ներքին իրավական ակտերով առնվազն սահմանվում են այսուհետ՝ Կանոնակարգ 2-ի Հավելված 12-ով սահմանված բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվող արժեթղթերի 30-օրյա սթրեսային իրավիճակում գնի նվազման կամ արժեթղթի սահմանաչափի ճշգրտման գնահատման համար կիրառվող մոդելների մեթոդաբանությունը, մոդելի վալիդացիայի գործընթացը և սկզբունքները, գործընթացի վերանայման ընթացակարգը և գործընթացի հիմնական պատասխանատուները:
(95.1-ին կետը լրաց. 12.10.21 թիվ 154-Ն)
96. Բանկի խորհրդին ու գործադիր մարմնին նվազագույնը երկու ամիսը մեկ անգամ ներկայացվող հաշվետվությունները ներառում են հետևյալ տեղեկատվությունը.
1) բանկի` հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ձևավորված իրացվելի միջոցների պահանջը,
2) ընթացիկ իրացվելիությունը, ներառյալ բանկի իրացվելիության ծածկույթի նորմատիվի դինամիկան,
3) միջոցների ակնկալվող/կանխատեսվող պահանջը և զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվի դինամիկան,
4) միջոցների ներգրավման աղբյուրները,
5) ակտիվների ընթացիկ և ակնկալվող որակը,
6) ընթացիկ և ակնկալվող դրամական հոսքերը,
7) կապիտալի ընթացիկ և ակնկալվող մակարդակը,
8) միջոցների ներգրավման և իրացման «արժեքը» (օրինակ` ավանդների տոկոսադրույք, հնարավոր կորուստներ ակտիվների վաճառքից և այլն),
9) բանկի ակտիվների և պարտավորությունների կառավարման որակը,
10) տվյալներ բանկի ակտիվների եկամտաբերության մասին,
11) տոկոսային մարժան, տոկոսային մարժայի փոփոխության/տատանումների պատճառների վերլուծությունները,
12) տոկոսադրույքի նկատմամբ զգայուն գործիքների կենտրոնացումները,
13) տվյալ ժամանակաշրջանի դրությամբ ավանդային բազայի կառուցվածքը և դրա փոփոխման միտումները,
14) ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռի կառուցվածքի փոփոխման միտումները,
15) շուկայական կանխատեսումները,
16) բանկի տրամադրած փոխառությունների նպատակը, դրանց ֆինանսավորման աղբյուրները, գումարները, ժամկետները, ստացվելիք ու ստացված տոկոսավճարները:
(96-րդ կետը լրաց. 12.10.21 թիվ 154-Ն)
Գլուխ 10. Գործարար գործընթացների անընդհատության կառավարում
97. Բանկը բացահայտում, գնահատում, կառավարում և նվազեցնում է գործարար գործընթացների անընդհատությունը (շարունակականությունը) վտանգող ռիսկերը:
98. Գործարար գործընթացների անընդհատության կառավարման նպատակն է նվազեցնել կամ կանխարգելել արտակարգ իրավիճակ տեղի ունենալու դեպքում հնարավոր բացասական ազդեցությունը բանկի գործառնությունների, համբավի, շահութաբերության, ավանդատուների և այլ պարտատերերի, ֆինանսական համակարգի և (կամ) այլ շահագրգիռ անձանց վրա:
99. Այն գործառնությունները, որոնք անմիջականորեն չեն իրականացվում բանկի կողմից և պատվիրակվել են այլ անձանց, նույնպես ընդգրկվում են գործարար գործընթացների անընդհատության կառավարման համակարգում:
100. Գործարար գործընթացների անընդհատության կառավարումը (այսուհետ նաև՝ ԳԳԱԿ) իրենից ներկայացնում է համալիր և ամբողջական գործընթաց, որը ներառում է այն բոլոր միջոցառումները և գործողությունները, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակի դեպքում կարևոր նշանակություն ունեցող գործարար գործընթացների անընդհատության ապահովմանը և (կամ) վերականգնմանը նախապես սահմանված ժամկետներում և ծավալով:
101. Սույն գլխի իմաստով արտակարգ իրավիճակն այն իրավիճակն է, որի առաջացումը հնարավոր է, սակայն դժվար կանխատեսելի (ցածր հավանականություն ունեցող), և որը առաջացնում է կամ կարող է առաջացնել զգալի նյութական վնասներ կամ այլ բացասական հետևանքներ բանկի, նրա ավանդատուների կամ այլ պարտատերերի համար: Արտակարգ իրավիճակները ներառում են ինչպես արտաքին աղետները (օրինակ` բնական աղետներ, տեխնիկական վթարներ, պատերազմ (ռազմական գործողություններ), ավազակային հարձակումներ, զանգվածային անկարգություններ, համաճարակներ, դիվերսիաներ, զանգվածային գործադուլ), այնպես էլ ներքին աղետները, որոնք առաջանում են բանկի աշխատակիցների դիտավորյալ (չարամիտ) կամ անզգույշ (անփույթ, չմտածված) գործողությունների կամ անգործության, այդ թվում` անվտանգության ապահովման համակարգերի ստեղծման և շահագործման ընթացքում ոչ մասնագիտական կամ սխալ որոշումների ընդունման հետևանքով:
102. Սույն գլխի իմաստով կարևոր նշանակություն ունեցող գործընթացները բանկի այն գործառնությունները, գործընթացները, ռեսուրսները և ենթակառուցվածքներն են, որոնց խափանումը, ընդհատումը կամ բացակայությունը (այսուհետ` խափանումը) էական բացասական ազդեցություն կունենա բանկի գործառնությունների, համբավի, շահութաբերության, ավանդատուների և այլ պարտատերերի վրա և/կամ որոնք այդպիսին են ճանաչվել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից:
103. Բանկի գործարար գործընթացների անընդհատության կառավարման համակարգը նվազագույնը ներառում է.
1) բանկի գործարար գործընթացների անընդհատության կառավարման քաղաքականությունը` հաստատված բանկի խորհրդի կողմից,
2) բանկի գործարար գործընթացների վերլուծությունը, այդ թվում` ռիսկերի գնահատումը,
3) գործարար գործընթացների վերականգնման նպատակները և ռազմավարությունը,
4) գործարար գործընթացների անընդհատության ապահովման միջոցառումների ծրագիրը, այդ թվում` արտակարգ իրավիճակների կառավարման և վերականգնման ծրագիրը,
5) բանկի աշխատակիցների համար սեմինարների անցկացման և իրազեկվածության մակարդակի բարձրացման ծրագիրը,
6) գործարար գործընթացների անընդհատության ապահովման միջոցառումների ծրագրի պարբերական թեստավորման և վերանայման ծրագիրը:
104. Բանկի գործարար գործընթացների անընդհատության կառավարման համակարգը հարմարեցվում է բանկի գործունեության բնույթին, չափին և բարդությանը:
105. Բանկի գործարար գործընթացների անընդհատության կառավարման քաղաքականությունը այն հիմնական փաստաթուղթն է, որով սահմանվում են ԳԳԱԿ համակարգի ներդրման սկզբունքները և ուղղությունը: Քաղաքականությունը պետք է առնվազն պարունակի.
1) ԳԳԱԿ նպատակները, խնդիրները և ԳԳԱԿ համակարգի ներդրման բանկի որդեգրած մոտեցումը.
2) ԳԳԱԿ ներդրման համար պատասխանատու անձանց, թիմերի և (կամ) կոմիտեների ցանկը, նրանց հստակ իրավունքները, պարտականությունները և լիազորությունները:
106. Բանկի գործարար գործընթացների վերլուծության նպատակն է բացահայտել այն բոլոր գործարար գործընթացները, որոնք ունեն կարևոր նշանակություն, գնահատել դրանց խափանման ազդեցությունը բանկի վրա և որոշել վերականգնման առաջնահերթությունները:
107. Գործարար գործընթացների վերլուծության ժամանակ հաշվի է առնվում հետևյալը.
1) հավանական արտակարգ իրավիճակները (սցենարները),
2) գործարար գործընթացի խափանման հնարավոր բացասական ազդեցությունը բանկի ավանդատուների կամ այլ պարտատերերի վրա, ինչպես նաև ազդեցության գնահատումը ֆինանսական, իրավական կամ համբավի տեսանկյունից,
3) գործարար գործընթացների խափանման առավելագույն թույլատրելի ժամանակը:
108. Ռիսկերի գնահատման ժամանակ բացահայտվում են այն հնարավոր ռիսկերը (պատճառները), որոնք կարող են հանգեցնել կարևոր նշանակություն ունեցող գործարար գործընթացների խափանմանը: Այդ ռիսկերի գծով հաշվի են առնվում տեղի ունենալու հավանականությունը և տեղի ունենալու դեպքում հնարավոր ազդեցությունը:
109. Վերականգնման նպատակները բանկի կարևոր գործարար գործընթացների իրականացման նախապես սահմանված մակարդակներն (ծավալներն) են, ըստ որի պետք է վերականգնվեն այդ գործարար գործընթացները արտակարգ իրավիճակ տեղի ունենալուց հետո` նախապես սահմանված վերականգնման ժամկետում:
110. Բանկը սահմանում և փաստաթղթավորում է գործարար գործընթացների վերականգնման նպատակները և դրան հասնելու ռազմավարությունը` հիմք ընդունելով բանկի գործարար գործընթացների վերլուծության արդյունքները, բանկի գործունեության բնույթը, չափը և բարդությունը:
111. Բանկն ապահովում է գործարար գործընթացների անընդհատության ապահովման միջոցառումների ծրագրի համապատասխանությունը բանկի գործարար գործընթացների անընդհատության կառավարման քաղաքականությանը:
112. Գործարար գործընթացների անընդհատության ապահովման միջոցառումների ծրագրում նշվում են բոլոր այն միջոցառումները և պահանջվող տեղեկատվությունը, որը հնարավորություն կտա բանկին արդյունավետ կերպով կառավարել արտակարգ իրավիճակը սկզբնական փուլում, ինչպես նաև հետագայում վերականգնել կարևոր նշանակություն ունեցող գործարար գործընթացները:
113. Գործարար գործընթացների անընդհատության ապահովման միջոցառումների ծրագիրն առնվազն պարունակում է.
1) կարևոր նշանակություն ունեցող գործարար գործընթացների ցանկը,
2) յուրաքանչյուր կարևոր գործարար գործընթացի վերականգնման մակարդակը և վերականգնման ժամկետը,
3) յուրաքանչյուր կարևոր գործարար գործընթացի վերականգնման ռազմավարությունը և պահանջվող միջոցառումներն ու դրանց հաջորդականությունը,
4) գործարար գործընթացների անընդհատության ապահովման միջոցառումների համար պահանջվող ռեսուրսների և ենթակառուցվածքների նկարագրությունը,
5) արտակարգ իրավիճակի պայմաններում և դրանից հետո բանկի աշխատակիցների և թիմերի իրավունքները, պարտականությունները և լիազորությունները,
6) հաղորդակցման ծրագրերը:
114. Բանկի գործարար գործընթացների անընդհատության ապահովման միջոցառումների ծրագիրը թեստավորվում է առնվազն տարին մեկ անգամ, կամ ավելի հաճախ` գործարար գործընթացների կազմի, կառուցվածքի կամ բնույթի հետ կապված էական փոփոխությունների դեպքում: Գործարար գործընթացների անընդհատության ապահովման միջոցառումների ծրագրի թեստավորման արդյունքները փաստաթղթավորվում և ներկայացվում են բանկի խորհրդին:
115. Բանկերի տեղեկատվական համակարգերի անընդհատության ապահովման և կառավարման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ այլ իրավական ակտով:
Գլուխ 11. Վճարային համակարգեր, հետհաշվեկշռային գործառնություններ, մասնաճյուղերի կառավարում, տեղեկատվություն բանկի հետ կապված անձանց մասին, ՓԼ/ԱՖ
116. Բանկերի կողմից վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու ժամանակ ներքին հսկողություն իրականացնելու նպատակներն են՝ վճարահաշվարկային ծառայություններին բնորոշ ռիսկերի բացահայտումը, վերլուծությունը և կառավարումը, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով միջոցառումների իրականացումը:
117. Ներքին հսկողության համակարգը վճարահաշվարկային համակարգերի առումով նվազագույնը ներառում է.
1) օպերատորի կամ գործակալի հետ պայմանագիր կնքելիս գործունեության համառոտ նկարագրության տրամադրում,
2) համակարգում հնարավոր խափանումների և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների նկարագրություն:
118. Բանկի ներքին հսկողության համակարգը վճարային գործիքների (վճարման հանձնարարական, վճարման պահանջագիր, պարբերաբար վճարումների հանձնարարական, ուղղակի դեբետագրում (այսուհետև՝ կարգադրություն)) մասով նվազագույնը ներառում է.
1) գործարքների իրականացման, մասնավորապես կարգադրությունների ընդունման, մշակման, կատարման և մերժման ընթացակարգերի սահմանում,
2) գործարքների իրականացման ընթացքում հնարավոր ռիսկերի կանխարգելման համար կիրառվող ընթացակարգերի սահմանում,
3) բանկային հաշիվների և կանխիկ եղանակով իրականացված գործարքների ծավալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի սահմանում,
4) փաստաթղթերի պահպանման (արխիվացման) ընթացակարգերի սահմանում,
5) չպարզաբանված, մերժված և ուշացված գործարքների մասին տեղեկությունների տրամադրման, չպարզաբանված գործարքների բացահայտմանն ուղղված միջոցառումների ընթացակարգերի սահմանում:
119. Բանկի ներքին հսկողության համակարգը փաստաթղթային ակրեդիտիվի, փաստաթղթային ինկասոյի, երաշխիքների և այլ փաստաթղթային գործարքների գծով նվազագույնը ներառում է.
1) գործարքների իրականացման ընթացակարգեր,
2) յուրաքանչյուր գործիքի նկարագրություն,
3) ռիսկերի կառավարման մեխանիզմներ:
120. Բանկի ներքին հսկողության համակարգը չեկերով իրականացվող գործառնությունների մասով նվազագույնը ներառում է.
1) բանկի կողմից չեկերի թողարկման, սպասարկման և վճարման իրականացման ընթացակարգերը,
2) չեկային գրքույկի տրամադրման ժամանակ հաճախորդին նույնականացնող տվյալների մուտքագրում և պահպանում տվյալների բազայում,
3) այլ բանկերի վրա դուրս գրված չեկերի (ներառյալ` ըստ տեսակների) սպասարկման վերաբերյալ ընթացակարգերի սահմանում,
4) չեկով վճարում կատարելու մերժման պայմանների սահմանում,
5) կեղծ չեկերի հայտնաբերման և համապատասխան միջոցառումների ձեռնարկման ընթացակարգերի սահմանում:
121. Ներքին հսկողության համակարգը վճարային քարտերի թողարկման, պահպանման և սպասարկման մասով նվազագույնը ներառում է հետևյալ պահանջները՝
1) Վճարային քարտերի թողարկման, պահպանման և վճարային քարտը քարտապանին տրամադրման ընթացակարգեր, այդ թվում՝
ա. Տպված/թողարկված, սակայն քարտապանին դեռևս չտրամադրված վճարային քարտերը և ՊԻՆ-կոդի ծրարները բանկի տարածքային ստորաբաժանումներից տեղափոխման և բանկում պահպանման ընթացակարգեր,
բ. վճարային քարտերի և ՊԻՆ-կոդի տրամադրման ժամանակ քարտապանի տվյալները երրորդ անձանց, այդ թվում՝ թողարկողի աշխատակիցներին հասանելի լինելու հնարավորությունը նվազեցնող անվտանգության մեխանիզմներ,
գ. մոնիթորինգի իրականացման գործընթացի համար պատասխանատու աշխատակցի մասնագիտական համապատասխանության չափանիշներ:
2) Վճարային քարտերի սպասարկման ընթացակարգեր, այդ թվում՝
ա. բանկի կողմից առևտրի և/կամ ծառայություններ մատուցող կետերի (այսուհետ՝ սպասարկողների) համար վճարային քարտերի անկանխիկ սպասարկումը ապահովող (էքվայրինգի) ընթացակարգեր,
բ. բանկի կողմից կանխիկացման գործարքների իրականացման դեպքում տվյալ գործառույթը ապահովող ընթացակարգեր,
գ. բանկի կողմից կանխիկի մուտքագրման գործարքների իրականացման դեպքում տվյալ գործառույթը ապահովող ընթացակարգեր:
3) Վճարային քարտերով կատարված գործարքների մոնիթորինգի իրականացման և հսկողության ընթացակարգեր, այդ թվում՝
ա. սպասարկողների վարքագծի մոնիթորինգի իրականացման ընթացակարգեր,
բ. քարտապանների վարքագծի մոնիթորինգի իրականացման ընթացակարգեր,
գ. վճարային քարտով կատարված յուրաքանչյուր գործարքի կատարման (առնվազն քարտային հաշվից ելքերի) վերաբերյալ քարտապաններին կարճ հաղորդագրության (էս էմ էս) տրամադրման ընթացակարգեր,
դ. միջադեպեր (քարտի կորստի, բլոկավորման, չսպասարկման, բանկոմատի կողմից առգրավման կամ այլ) առաջանալու դեպքում քարտապանների իրական ժամանակում ահազանգմանը արձագանքելու ընթացակարգեր,
ե. բանկի վճարային քարտով կատարված գործարքների մոնիթորինգի համակարգի շուրջօրյա սպասարկման անընդհատության և հասանելիության ապահովման ընթացակարգեր,
զ. տեղի ունեցած միջադեպերին արագ արձագանքելու բանկի ահազանգման համակարգի շուրջօրյա սպասարկման անընդհատության և հասանելիության ապահովման ընթացակարգեր:
4) Մոնիթորինգի արդյունքում կասկածելի գործարքների հսկողության ընթացակարգեր, այդ թվում՝
ա. կասկածելի գործարքները այլ գործարքներից տարանջատելու և բացահայտելու արդյունավետ ինքնաշխատ մեխանիզմներ,
բ. կասկածելի գործարքները բացահայտելու համար պատասխանատու մասնագետների մասնագիտական համապատասխանության չափանիշներ,
գ. կասկածելի գործարքները բացահայտելու դեպքում քարտապանի կամ սպասարկողի հետ կապի հաստատման մեխանիզմներ,
դ. կասկածելի գործարքներ բացահայտելու դեպքում քարտապանի կամ սպասարկողի հետ կապ հաստատելու հնարավորության բացակայության դեպքում բանկի գործողությունները բնութագրող ընթացակարգեր,
ե. քարտապանի կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա միջոցների հետ գանձման գործընթաց (Chargeback) նախաձեռնելու ընթացակարգեր,
զ. միջոցների հետգանձման գործընթացի համար պատասխանատու աշխատակցի համար մասնագիտական համապատասխանության չափանիշներ:
5) Վիրտուալ (ինտերնետ) միջավայրում գործարքների անվտանգ կատարումը ապահովող համապատասխան չափանիշներ և հսկողության արդյունավետ մեխանիզմներ, այդ թվում՝
ա. որպես թողարկող քարտապանների կողմից կատարվող գործարքների տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգերի առկայության հետ կապված ընթացակարգեր՝ գաղտնագրված փակ բանալիների փոխանակման (օրինակ՝ 3 d secure), քարտապանին կարճ հաղորդագրություն (էս էմ էս) տրամադրելու և (կամ) բանկի կողմից միանգամյա կոդերի ձևավորման և տրամադրման միջոցով,
բ. որպես սպասարկում իրականացնող սպասարկողների կողմից կատարվող գործարքների տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգերի առկայության հետ կապված ընթացակարգեր՝ գաղտնագրված փակ բանալիների փոխանակման (3 d secure) և (կամ) բանկի կողմից միանգամյա կոդերի ձևավորման և տրամադրման միջոցով:
6) Բանկի կողմից հավաստագրման իրականացման ընթացակարգեր:
7) Բանկի կողմից քարտապանի նույնականացման ընթացակարգեր:
8) Թողարկողի կողմից քարտապանին տրամադրված վճարային քարտի կորստի դեպքում, նախքան քարտապանի բացահայտելը և կորստի վերաբերյալ թողարկողին տեղեկացնելը թողարկողի կողմից կիրառվող հնարավոր ռիսկերի կառավարմանն ուղղված ընթացակարգեր՝
ա. առանց շփման (contactless) կատարված և քարտապանի նույնականացում չպահանջող գործարքների դեպքում (անկախ գործարքը օնլայն կամ օֆլայն կատարելու հանգամանքից),
բ. թողարկողի կողմից քարտապանի նույնականացմամբ կատարված գործարքների դեպքում (անկախ գործարքը օնլայն կամ օֆլայն կատարելու հանգամանքից),
գ. Օֆլայն կատարված գործարքների և այդ գործարքների արդյունքում բացասական մնացորդի համար հնարավոր տույժերի կամ տուգանքների առաջացման դեպքում:
9) Վճարային քարտերի տվյալների հափշտակման, անօրինական ընթերցման արդյունքում պատրաստված կեղծ քարտերով կամ տվյալների անօրինական օգտագործմամբ վճարումների կատարման արդյունքում քարտապանի մոտ առաջացող ռիսկի կառավարմանն ուղղված ընթացակարգեր.
ա. առանց շփման (contactless) կատարված և քարտապանի նույնականացում չպահանջող գործարքների դեպքում (անկախ գործարքը օնլայն կամ օֆլայն կատարելու հանգամանքից),
բ. թողարկողի կողմից քարտապանի նույնականացմամբ կատարված գործարքների դեպքում (անկախ գործարքը օնլայն կամ օֆլայն կատարելու հանգամանքից),
գ. օֆլայն կատարված գործարքների և այդ գործարքների արդյունքում բացասական մնացորդի համար տույժերի կամ տուգանքների կիրառման դեպքում:
10) Տեղադրված բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների ֆիզիկական և տեխնիկական անվտանգության ապահովման վերաբերյալ ընթացակարգեր (տեղակայման վայրի ընտրությունը, անվտանգության միջոցառումները, համապատասխան պայմանագրերը և այլն), ինչպես նաև բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների միջոցով կատարված խարդախությունների և խափանումների պատճառների բացահայտմանն ու վերացմանն ուղղված ընթացակարգեր:
11) Աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների աշխատանքը բնականոն կերպով ապահովելու ընթացակարգերը, այդ թվում`
ա. բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների տեղադրման և սպասարկման հետ առնչվող ռիսկերի (օրինակ՝ լիցքավորման ժամկետների խախտում, կապի խափանում, գործարքը հավաստող թղթի վերջանալ, սարքավորման անսարքություն, այդ թվում և՝ տեսախցիկների, անսարքության հետևանքով հաճախորդների շահերի ոտնահարում և այլն) կառավարման և զսպման մեխանիզմներ,
բ. բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների լիցքավորման չափանիշները (հաշվի առնելով նախկինում կատարված գործարքների մոնիթորինգի արդյունքները, աշխատավարձերի վճարման օրերը, առաջիկա ոչ աշխատանքային և տոնական օրերի համար կանխիկ դրամի պահանջարկը և այլ հանգամանքներ),
գ. բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների ընթացիկ աշխատանքի ժամանակ տեխնիկական խնդիրների (թղթադրամը «կուլ տալու», վճարային քարտը հետ չվերադարձնելու և այլն) վերացման ընթացակարգերը,
դ. բանկոմատներում մնացած քարտերը քարտապաններին վերադարձնելու (տեղեկացնելը, տրամադրելու առավելագույն ժամկետները և այլն) ընթացակարգերը,
ե. բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների աշխատանքի դադարեցման դեպքերը և առավելագույն ժամկետները,
զ. ինքնասպասարկման սարքավորումների ընթացիկ աշխատանքային վիճակի մոնիթորինգի իրականացման ընթացակարգերը:
(կետը խմբ. 08.12.15 թիվ 256-Ն)
122. (կետն ուժը կորցրել է 08.12.15 թիվ 256-Ն)
123. Բանկի ներքին հսկողության համակարգը բանկային և դեպո հաշիվների սպասարկման վերաբերյալ առնվազն ներառում է հետևյալ պահանջները.
1) բանկում հաշիվների բացման, սպասարկման և դրանցով գործարքների կատարման վերաբերյալ ընթացակարգերի սահմանում,
2) հաճախորդների սպասարկման ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց տվյալների նույնականացման ընթացակարգերի սահմանում:
124. Բանկի ներքին հսկողության համակարգը հետհաշվեկշռային գործառնությունների մասով նվազագույնը ներառում է.
1) վարկային գծերի, օվերդրաֆտների, վարկային քարտերի, ակրեդիտիվների և երաշխիքների դիմումների տրամադրման պայմանները, տրամադրման համար պահանջվող նվազագույն փաստաթղթերի ցանկը, դրանց մշակման և ուսումնասիրման գործընթացը,
2) անհատական պահատեղերի վարձակալման պայմանները, ինչպես նաև անհատական պահատեղի համար պայմանագիր կնքելու պահանջը, որն առնվազն կնախատեսի հետևյալ դրույթները.
ա. միևնույն պահատեղից փոխկապակցված անձանց օգտվելու դեպքերն ու կարգը,
բ. այն արժեքների ցանկը (թմրանյութ, զենք և այլն), որոնք արգելված է պահել անհատական պահատեղերում,
գ. յուրաքանչյուր անգամ բանկի աշխատակցի ներկայությամբ անհատական պահատեղը բացելուց հետո հաճախորդին առանձին (անհատական պահատեղերի գտնվելու վայրից տարբեր) սենյակ տրամադրելու պահանջը,
դ. անհատական պահատեղի սենյակ մուտքի ժամը և օրը հավաստող անդորրագիրը հաճախորդի կողմից ստորագրելու պահանջը,
3) հավատարմագրային կառավարման գծով բանկի կողմից տրամադրվող ծառայությունները:
125. Վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային գործառնությունները կարգավորող ներքին իրավական ակտերի դրույթները/պահանջները պետք է համահունչ լինեն վարկային գործառնությունները կարգավորող ներքին ակտերի պահանջներին:
126. Բանկի մասնաճյուղերի կառավարմանը վերաբերող ներքին հսկողության համակարգը նվազագույնը ներառում է.
1) մասնաճյուղի աշխատակիցների նվազագույն/առավելագույն քանակը և նրանց ներկայացվող պահանջները,
2) մասնաճյուղի աշխատակիցների մասնագիտական մակարդակի գնահատումը, վերապատրաստումը,
3) բանկի գլխամաս տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունների բաշխումը,
4) բանկի բոլոր մասնաճյուղերում հաշվապահական հաշվառման և ներքին հաշվետվական միասնական համակարգի կիրառման սկզբունքները,
5) մասնաճյուղում առկա կանխիկ միջոցների սահմանաչափը, մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվող վարկավորման սահմանաչափերը (ըստ վարկերի տեսակների): Փոխառության գործարքներ կնքելու իրավասություն ունեցող աշխատակիցների համար առանց համապատասխան ղեկավարի վավերացման կնքվող գործարքի (կամ գործարքների) թույլատրելի առավելագույն չափերը/սահմանաչափերը,
6) մասնաճյուղի կողմից խոշոր միջոցների շարժի ու խոշոր գործարքների իրականացման դեպքում բանկի կողմից իրականացվող միջոցառումները:
127. Ներքին հսկողության համակարգը նախատեսում է բանկի հետ կապված անձանց մասին տեղեկատվության հավաքագրման, պահպանման (արխիվացման) և մշտապես թարմացման արդյունավետ ընթացակարգերի, ինչպես նաև բանկի հետ կապված անձանց հետ գործարքների կնքման արդյունավետ ընթացակարգերի առկայություն:
128. Բանկի հետ կապված անձանց հետ գործարքների կնքման ընթացակարգերը նվազագույնը բացահայտում և վերահսկում են շահերի բախման հնարավոր դեպքերն ու ոլորտները:
129. Բանկն ապահովում է բանկում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց, բանկի հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև բանկի հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» Կանոնակարգ 1-ի համաձայն Կենտրոնական բանկ պարբերաբար ներկայացվող հաշվետվությունների (տեղեկությունների) ստացումն ու ուսումնասիրությունը:
130. Բանկի հետ կապված անձանց մասին տեղեկատվությունը նվազագույնը ներառում է.
1) անձի անունը և բնակության վայրը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը և գտնվելու վայրը),
2) զբաղմունքը (իրավաբանական անձի դեպքում՝ գործունեության տեսակը),
3) կապվածության ձևը,
4) բանկից (իսկ հնարավորության դեպքում` նաև այլ բանկերից) ստացված բոլոր տեսակի վարկերը, փոխառությունները, կատարված ներդրումները, գրավը, պայմանական և այլ պարտավորությունները, ավանդները, բանկին տրված փոխառությունները և այլն:
131. Բանկի ներքին հսկողության համակարգը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առումով նվազագույնը ներառում է.
1) այն պարտադիր ընթացակարգերը, որոնք բանկի կողմից պետք է պահպանվեն հաճախորդների, պարտատերերի և այլ անձանց հետ ֆինանսական և (կամ) այլ գործառնություններ կատարելիս,
2) ֆինանսական կամ այլ գործառնությունների կատարման ընթացքում ներկայացման համար անհրաժեշտ տեղեկությունները,
3) բանկի հաճախորդների ռիսկայնության չափանիշները (բարձր ռիսկի հաճախորդների), յուրաքանչյուր ռիսկի խմբում ընդգրկված հաճախորդների նկատմամբ սահմանված պահանջները,
4) իրական շահառուի վերաբերյալ նվազագույն տեղեկությունների հավաքագրումը և հաճախորդների նույնականացման համար անհրաժեշտ նվազագույն ընթացակարգերը,
5) հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների գրանցման և պահպանման, ինչպես նաև կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, հաշվառման և պահպանման կարգը:
132. Բանկի ներքին դիտարկումների մարմինը նվազագույնը ուսումնասիրում է բանկի իրականացրած ֆինանսական գործառնությունների, բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների և աշխատակիցների գործողությունների համապատասխանությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական այլ ակտերի և բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին:
133. Բանկի ներքին իրավական ակտերը նվազագույնը ներառում են ներքին իրավական ակտերով նախատեսված ընթացակարգերի և պահանջների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման կարգը և պայմանները և դրանց չպահպանման համար բանկի ղեկավարների, աշխատակիցների և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող կառուցվածքային առանձին ստորաբաժանման կամ աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության կիրառման կարգն ու պայմանները և պատասխանատվության միջոցները:
ԲԱԺԻՆ 6. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Գլուխ 12. Տեղեկատվական և հաշվետվողականության համակարգեր
134. Ներքին հսկողության համակարգը նախատեսում է հուսալի և արդյունավետ տեղեկատվական և հաշվետվողականության համակարգերի առկայություն:
135. Բանկի հաշվապահական և այլ գրառումները, բանկում օգտագործվող տեղեկատվությունը պետք է լինեն արժանահավատ, ամբողջական, ներկայացվեն ժամանակին և պաշտպանված լինեն չարտոնված առնչություններից:
136. Ներբանկային տեղեկատվական հոսքերը և փաստաթղթաշրջանառության համակարգը օգտագործվում են կառավարման բոլոր մակարդակներում բանկային տարբեր գործառույթների/գործընթացների իրականացման և դրանց նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու համար:
137. Բանկի ներքին իրավական ակտերով սահմանվում են բանկի խորհրդին ու գործադիր մարմնին ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը և պարբերականությունը, հաշվետվությունների ներկայացման համար պատասխանատու ստորաբաժանումը/անձը: Բանկի խորհրդին և գործադիր մարմնին առնվազն ներկայացվում են սույն կանոնակարգի 4-րդ և 5-րդ բաժիններում նշված ոլորտների վերաբերյալ հաշվետվություններ, որոնք պետք է բավարարեն սույն կանոնակարգով սահմանված նվազագույն պայմաններին և հնարավորություն տան բանկի խորհրդին և գործադիր մարմնին.
1) գնահատել համապատասխան ոլորտի առկա վիճակը, փոփոխման միտումները, դրանց ազդեցությունը բանկի գործունեության, ռիսկայնության մակարդակի վրա,
2) ժամանակին և համարժեքորեն արձագանքել և անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցառումներ ձեռնարկել տվյալ ոլորտում բացահայտված խնդիրների լուծման ուղղությամբ,
3) գնահատել տվյալ ոլորտների համար պատասխանատու ստորաբաժանումների/անձանց կողմից կատարված աշխատանքի որակը, նրանց գործունեության արդյունավետությունը,
4) բարձրացնել խորհրդի և գործադիր մարմնի կողմից որոշումների կայացման գործընթացի արդյունավետությունը՝ խորհրդին և գործադիր մարմնին որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման միջոցով:
138. Բանկի ներքին ակտերով սահմանվում են որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը (հաշվետվություն, տեղեկանք, այլ), այդ տեղեկատվության տրամադրման կարգը և պարբերականությունը:
139. Բանկն ապահովում է տեղեկատվության պահպանման և մշակման էլեկտրոնային համակարգերի անվտանգությունը և դրանց աշխատանքի անընդհատությունը:
140. Բանկում հստակ կանոնակարգվում են բանկի համապատասխան ստորաբաժանումներից, բանկի մասնաճյուղերից տեղեկատվության ստացման, հաշվապահական հաշվառման, հաշվետվությունների կազմման և Կենտրոնական բանկ ներկայացման ընթացակարգերը:
141. Բանկի յուրաքանչյուր մասնաճյուղի վերաբերյալ բանկի խորհրդին և գործադիր մարմնին խորհրդի կողմից սահմանված պարբերականությամբ ներկայացվող տեղեկատվությունը նվազագույնը ներառում է.
1) մասնաճյուղի գործունեության վերլուծությունը, այդ թվում՝ մասնաճյուղի վարկային պորտֆելի, ավանդային բազայի կառուցվածքը, կենտրոնացումները, փոփոխման միտումները,
2) մասնաճյուղի կողմից սպասարկվող տարածաշրջանի տնտեսական վերլուծությունը,
3) հաճախորդների կողմից ներկայացված դիմում-բողոքները,
4) հաճախորդների թվաքանակի փոփոխությունների դինամիկան:
142. Բանկը նախատեսում է այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան ապահովել Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատությունը: Նման ընթացակարգերը առնվազն ներառում են.
1) նախքան բանկի գործարքների հաշվապահական ձևակերպումների կատարումը առկա տվյալների ստուգումն այն անձի կողմից, ով չի կնքել այդ գործարքները, որոշում չի կայացրել դրանք կնքելու վերաբերյալ և որևէ այլ ձևով չի մասնակցել գործարքների կնքման գործընթացին,
2) մինչև Կենտրոնական բանկ ներկայացնելը հաշվետվությունների ստուգումն այն անձի կողմից, ով չի կազմել այդ հաշվետվությունները, ինչպես նաև չի կնքել այդ գործարքները, որոշում չի կայացրել դրանք կնքելու վերաբերյալ և որևէ այլ ձևով չի մասնակցել գործարքների կնքման գործընթացին,
3) նման ստուգման արդյունքում հայտնաբերված տարբերությունների գրանցումը և դրանց առաջացման պատճառների ուսումնասիրումը և ապագայում նման դեպքերը բացառելուն ուղղված միջոցառումների առաջարկումն ու իրականացումը:
143. Ներքին հաշվետվողական համակարգի մաս կազմող հաշվետվական փաստաթղթերում արտացոլված տեղեկատվության ճշտությունը հաստատվում, իսկ հնարավորության դեպքում` նաև ստուգվում է հաշվետվություն տրամադրող ստորաբաժանման ղեկավարի կողմից, իսկ նման ստորաբաժանման բացակայության դեպքում՝ հաշվետվության ներկայացման համար պատասխանատու աշխատակցի կողմից:
144. Բանկն ապահովում է բանկի առավել կարևոր փաստաթղթերի (այդ թվում՝ վարկային, ավանդային պայմանագրեր և այլն) պահպանության արդյունավետ համակարգի առկայություն, որը հնարավորություն է տալիս ապահովել այդ փաստաթղթերի պաշտպանությունը կորստից, չթույլատրված դուրսհանումից կամ օգտագործումից: Բանկի ներքին իրավական ակտերով սահմանվում են նաև բանկի առավել կարևոր փաստաթղթերի պահպանման (արխիվացման) ձևը, ժամկետները և ընթացակարգերը:
ԲԱԺԻՆ 7. ՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
Գլուխ 13. Ընդհանուր դրույթներ
145. Որպես ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգի տարր՝ բանկը պետք է ունենա առնվազն հետևյալ հսկողական գործառույթները.
1) ռիսկերի կառավարման գործառույթ,
2) համապատասխանության ապահովման գործառույթ,
3) ներքին աուդիտի գործառույթ:
146. Հսկողական գործառույթների (բացառությամբ՝ ներքին աուդիտի գործառույթի) իրականացման համար պատասխանատու անձանց նշանակումը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, վարձատրության պայմանների հաստատումը, գործունեության պարբերական գնահատումը, խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառումն իրականացվում է բանկի գործադիր մարմնի կողմից՝ խորհրդի համաձայնությամբ:
147. Հսկողական գործառույթների առկայությունը չի ազատում բանկի խորհրդին կամ գործադիր մարմնին իրենց պարտականությունների կատարումից:
148. Բանկը հսկողական գործառույթները և դրանց հետ առնչվող հաշվետվողականության համակարգը ներդնում է բանկի կազմակերպական կառուցվածքում այնպես, որ հնարավորություն տրվի նշված գործառույթներն իրականացնել արդյունավետորեն:
149. Յուրաքանչյուր հսկողական գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի/անձանց լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են խորհրդի կողմից: Յուրաքանչյուր հսկողական գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը պարբերաբար ուսումնասիրում է այդ փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում գործադիր մարմնին և խորհրդին է ներկայացնում դրանք փոփոխելու հետ կապված իր առաջարկությունները:
150. Յուրաքանչյուր հսկողական գործառույթի համար պետք է նվազագույնի հասցվեն շահերի բախման հնարավոր դեպքերը: Եթե, այնուամենայնիվ, առկա է շահերի բախման որևէ դեպք, որը չի կարող կարգավորվել բանկի գործադիր մարմնի կողմից, ապա խնդիրը պետք է ներկայացվի բանկի խորհրդի քննարկմանն ու լուծմանը:
151. Յուրաքանչյուր հսկողական գործառույթի համար բանկն ապահովում է բավարար լիազորություններ, անկախություն և ռեսուրսներ՝ տվյալ գործառույթի համար սահմանված պարտականություններն արդյունավետորեն կատարելու և նպատակներին հասնելու համար:
152. Յուրաքանչյուր հսկողական գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ պետք է.
1) հնարավորություն ունենա անկախ և օբյեկտիվ կարծիք հայտնել պատասխանատվության իր ոլորտի խնդիրների, փաստացի ու հնարավոր խախտումների վերաբերյալ,
2) հնարավորություն ունենա անհրաժեշտության դեպքում հսկողություն իրականացնել ձեռնարկված ուղղիչ միջոցառումների և տրված առաջարկությունների իրականացման նկատմամբ,
3) հնարավորություն ունենա իր նախաձեռնությամբ խոսել յուրաքանչյուր աշխատակցի հետ, ստանալ իր պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները,
4) հնարավորություն ունենա անմիջապես խոսել և պարբերաբար հանդիպել (առանց գործադիր տնօրենի ներկայության) խորհրդի նախագահի հետ,
5) հնարավորություն ունենա ներգրավել իր գործառույթը պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ որակավորում և գիտելիքներ ունեցող աշխատակիցներ,
6) հնարավորություն ունենա արդյունավետորեն օգտագործել համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև կառավարչական տեղեկատվական համակարգերը (MIS):
153. Յուրաքանչյուր հսկողական գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ բանկի գործադիր տնօրենի հետ պարբերաբար քննարկում է տվյալ գործառույթի ռեսուրսների համարժեքությունը և անհրաժեշտության դեպքում պահանջում ճշգրտումներ: Եթե գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ համաձայնության չի գալիս գործադիր տնօրենի հետ, ապա այդ հարցը ներկայացվում է խորհրդի քննարկմանն ու լուծմանը:
154. Յուրաքանչյուր հսկողական գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ պարբերաբար գնահատում է տվյալ գործառույթի արդյունավետությունը, անհրաժեշտության դեպքում նախաձեռնում անհրաժեշտ բարեփոխումներ և դրանց նկատմամբ մոնիտորինգ իրականացնում: Նշված գնահատման արդյունքները խորհրդի կողմից սահմանված կարգով ներկայացվում են խորհրդին:
155. Յուրաքանչյուր հսկողական գործառույթի իրականացման արդյունավետությունը պարբերաբար գնահատվում է բանկի խորհրդի կողմից` խորհրդի կողմից սահմանված չափանիշներին համապատասխան: Գնահատման իրականացման նպատակով բանկի խորհուրդը սահմանում է հսկողական գործառույթների իրականացման համար պատասխանատու անձանց կողմից խորհրդին ներկայացվող հաշվետվությունների բովանդակությունը, ֆորմատը, հաճախականությունը: Հսկողական գործառույթների իրականացման համար պատասխանատու անձանց կողմից խորհուրդ ներկայացվող հաշվետվությունները առնվազն հնարավորություն են տալիս խորհրդին.
1) գնահատել հսկողական գործառույթների իրականացման համար պատասխանատու անձանց պատասխանատվության ոլորտների առկա վիճակը, փոփոխման միտումները, դրանց ազդեցությունը բանկի գործունեության, ռիսկայնության մակարդակի վրա,
2) ժամանակին և համարժեքորեն արձագանքել և անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցառումներ ձեռնարկել հսկողական գործառույթների իրականացման համար պատասխանատու անձանց կողմից բացահայտված խնդիրների լուծման ուղղությամբ,
3) գնահատել հսկողական գործառույթների իրականացման համար պատասխանատու անձանց կողմից կատարված աշխատանքի որակը, նրանց գործունեության արդյունավետությունը՝ հսկողական գործառույթների համար սահմանված նպատակներին հասնելու տեսանկյունից,
4) բարձրացնել խորհրդի կողմից որոշումների կայացման գործընթացի արդյունավետությունը՝ խորհրդին որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման միջոցով:
Գլուխ 14. Ռիսկերի կառավարման գործառույթ
156. Բանկը պետք է ունենա ռիսկերի կառավարման արդյունավետ գործառույթ, որը պետք է օժանդակի բանկին իր ռիսկերի ժամանակին բացահայտման, չափման, հսկողության, մոնիթորինգի և հաղորդակցման գործընթացում:
157. Ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը/անձինք
1) մասնագիտական վերլուծությունների, ռիսկերի դիտարկումների իրականացման և այլ միջոցներով օժանդակում են բանկի խորհրդին և գործադիր մարմնին իրենց պարտականությունների կատարման գործընթացում,
2) բացահայտում են բանկի գործունեությանը ներհատուկ ռիսկերը,
3) գնահատում, մոնիտորինգ են իրականացնում, օգնում են արդյունավետորեն կառավարել բացահայտված ռիսկերը: Վերջինս ներառում է ռիսկերը կլանելու բանկի ունակության գնահատումը՝ հաշվի առնելով ռիսկերի բնույթը, տեղի ունենալու հավանականությունը, կորելյացիան և հնարավոր բացասական ազդեցության աստիճանը,
4) տալիս են բանկի ռիսկի ընդհանուր նկարագիրը ինչպես միայն բանկի, այնպես էլ խմբային մակարդակով, եթե բանկը ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում,
5) պոտենցիալ ռիսկերի վաղ բացահայտման և գնահատման նպատակով պարբերաբար գնահատում են ներքին և արտաքին միջավայրը,
6) դիտարկում են բանկի վարձատրության քաղաքականության արդյունքում առաջացող ռիսկերը, խորհրդին պարբերաբար ազդակներ են փոխանցում բանկի վարձատրության քաղաքականության արդյունքում ստեղծված խթանների, ինչպես նաև ռիսկերի ստանձնման վարքագծի վրա վարձատրության քաղաքականության ազդեցության վերաբերյալ,
7) մշակում են բանկի խորհրդի կողմից հաստատվող ռիսկերի կառավարման ռազմավարությունը, ռիսկի ախորժակը, ինչպես նաև առանձին ռիսկերի կառավարման քաղաքականությունները,
8) խորհրդի կողմից հաստատված ընթացակարգի համաձայն իրենց գործառույթների մասով մասնակցում են բանկի կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացին, պարբերաբար իրականացնում են սթրես-թեստեր,
9) պարբերաբար խորհրդին, գործադիր մարմնին, անհրաժեշտության դեպքում նաև հսկողական գործառույթներ իրականացնող անձանց հաշվետվություններ են ներկայացնում բանկի ռիսկերի նկարագրի և ռիսկերի կառավարման գործընթացների վերաբերյալ,
10) փաստաթղթավորում և խորհրդին են ներկայացնում էական փոփոխությունները, որոնք ազդել են կամ կարող են ազդել բանկի ռիսկերի կառավարման համակարգի վրա՝ ներկայացնելով ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության պահպանմանն ու բարելավմանն ուղղված առաջարկություններ:
158. Առնվազն եռամսյակային պարբերականությամբ ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը խորհրդին է ներկայացնում հաշվետվություններ նվազագույնը հետևյալի վերաբերյալ.
1) բանկի ռիսկերի գնահատումը և ռիսկերի կառավարման նպատակով ձեռնարկված քայլերը,
2) բանկի ռիսկերի նկարագրի փոփոխությունների գնահատումը,
3) նախապես սահմանված ռիսկի սահմանաչափերի գնահատումը (կիրառելիության դեպքում),
4) ռիսկերի կառավարման հետ կապված խնդիրները՝ կապված խոշոր ծրագրերի և ներդրումների հետ (կիրառելիության դեպքում),
5) ռիսկային իրադարձությունների գնահատումը և անհրաժեշտ կանխարգելիչ/ուղղիչ միջոցառումների ձեռնարկումը:
159. Ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը ժամանակին պատշաճ կարգով խորհրդին, գործադիր մարմնին տեղեկացնում է այն բոլոր հանգամանքների մասին, որոնք կարող են էական բացասական ազդեցություն ունենալ բանկի ռիսկերի կառավարման համակարգի վրա:
Գլուխ 15. Համապատասխանության ապահովման գործառույթ
160. Բանկն ապահովում է համապատասխանության ապահովման արդյունավետ գործառույթի առկայություն, որը պետք է օժանդակի բանկին գործել օրենսդրության պահանջներին համապատասխան, ինչպես նաև խրախուսի և պահպանի համապատասխանության ապահովման կորպորատիվ մշակույթը:
161. Համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը/անձինք առնվազն իրականացնում են.
1) բանկում էթիկական կորպորատիվ մշակույթի ձևավորման խրախուսումն ու աջակցումը, որն արժեքավորում է պատասխանատու վարվելակերպը և աշխատակիցների գործունեության համապատասխանությունը օրենքների և այլ իրավական ակտերի, ներառյալ բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին: Այն ներառում է բանկի կորպորատիվ արժեքները ներկայացնող վարքագծի կանոնների վերաբերյալ սեմինարների և քննարկումների պարբերաբար կազմակերպումը՝ նպատակ ունենալով խրախուսել բարձր պրոֆեսիոնալիզմը և սահմանել աշխատակիցներից սպասվող վարքագիծը,
2) հիմնական իրավական և վերահսկողական պահանջների և դրանց՝ բանկի գործունեության համապատասխանության ապահովման հետ կապված ռիսկերի բացահայտում, գնահատում, կառավարում և համապատասխան շրջանառության ապահովում,
3) բանկի գործունեության վրա իրավական համակարգի հնարավոր փոփոխությունների ազդեցության և դրա հետ կապված հնարավոր ռիսկերի գնահատում,
4) իրավական, վերահսկողական և էթիկական պարտավորությունների հիմնական ոլորտներում պատշաճ քաղաքականության, գործընթացների ու հսկողության մեխանիզմների առկայության ապահովում և պատշաճ մոնիթորինգի իրականացում,
5) մեծ պատասխանատվություն կրող, ինչպես նաև բարձր ռիսկային գործունեությամբ զբաղվող աշխատակիցների համար հիմնական իրավական և վերահսկողական պարտավորությունների վերաբերյալ սեմինարների պարբերաբար կազմակերպում,
6) բանկի գործունեության համապատասխանության առումով թերությունների ու խախտումների բացահայտում, անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցառումների կիրառում:
162. Համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձն/անձինք առնվազն եռամսյակային պարբերականությամբ խորհրդին է ներկայացնում հաշվետվություններ, որոնք նվազագույնը ներառում են.
1) բանկի համապատասխանության գործառույթի հետ կապված ռիսկերի գնահատումը և ռիսկերի կառավարման նպատակով ձեռնարկված քայլերը,
2) բանկի տարբեր միավորների (բաժիններ, բիզնես միավորներ և այլն) գործունեության համապատասխանության գնահատումը ներքին ստանդարտներին և նպատակներին հետևելու տեսանկյունից,
3) ղեկավարների և բանկում այլ պատասխանատու աշխատանք իրականացնող անձանց հետ առնչվող համապատասխանության հետ կապված ցանկացած խնդիր, դրա հետ կապված հետազոտությունների արդյունքները և նախաձեռնված քայլերը,
4) բանկի այլ աշխատակիցների կամ կազմակերպական միավորների հետ առնչվող համապատասխանության հետ կապված էական խախտումներն ու խնդիրները, դրանց հետ կապված հետազոտությունների արդյունքները և նախաձեռնված քայլերը,
5) բանկի կամ ցանկացած աշխատակցի նկատմամբ որևէ կարգավորող կամ վերահսկող մարմնի կողմից կիրառված տուգանքները կամ այլ պատասխանատվության միջոցները:
163. Համապատասխանության գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը պետք է ունենա լիազորություն և պարտականություն պատշաճ կարգով անմիջապես խորհրդի նախագահին տեղեկացնել բանկի ղեկավարների կողմից էական անհամապատասխանության դեպքերի, ինչպես նաև բանկի պարտավորությունների մասով բանկի էական անհամապատասխանության դեպքերի վերաբերյալ:
Գլուխ 16. Ներքին աուդիտի գործառույթ
164. Բանկը պետք է ունենա ներքին աուդիտի արդյունավետ գործառույթ, որն առնվազն ենթադրում է անկախ և անկողմնակալ հավաստման (assurance) գործունեության իրականացում՝ ուղղված բանկի կառավարման, ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգերի և գործընթացների արդյունավետության բարձրացմանը և նպատակայնության ապահովմանը:
165. Բանկի ներքին հսկողության համակարգը ներքին աուդիտի գործունեության առումով, նվազագույնը ներառում է.
1) ներքին աուդիտի նպատակը, դերը, լիազորություններն ու պարտականությունները, գործունեության սկզբունքները,
2) ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից իրականացման ենթակա նվազագույն աշխատանքները,
3) ներքին աուդիտի գործունեության շրջանակները, ներքին աուդիտի կողմից մատուցվող հավաստման ծառայությունների բնույթը,
4) ներքին աուդիտի իրականացման և աուդիտորական հաշվետվությունների պատրաստման ու ներկայացման կարգը և ժամկետները,
5) ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աշխատակիցների ընտրության և նշանակման կարգը,
6) ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների երկարաժամկետ պլանավորման գործընթացը, տարեկան աշխատանքային ծրագրի մշակման ժամկետները, պլանավորման ժամանակ իրականացվող ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը:
166. Բանկն ապահովում է, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և անդամները իրենց գործառույթների իրականացման ընթացքում առաջնորդվեն հետևյալ սկզբունքներով.
1) Անկախության սկզբունք, որն ապահովելու համար ի թիվս օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և անդամները`
ա. աուդիտորական աշխատանքի պլանավորման, իրականացման, արդյունքների ամփոփման և շրջանառության հարցերում զերծ են երրորդ անձանց միջամտությունից,
բ. զերծ են մնում այնպիսի գործառույթների գնահատումից, որոնց իրականացման համար հանդիսացել են պատասխանատու անձ աուդիտորական դիտարկմանը նախորդող տարվա ընթացքում,
գ. իրենց աշխատանքների իրականացման ընթացքում բացառում են շահերի բախման այլ դեպքերը (շահերի բախում կարող է առաջանալ, օրինակ, բանկի խոշոր հաճախորդ լինելու կամ աուդիտի ենթակա ոլորտի վերաբերյալ խորհրդատվական ծառայություն մատուցելու արդյունքում):
2) Ազնվության սկզբունք, որն ապահովելու համար ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և անդամները`
ա. իրականացնում են իրենց գործառույթները՝ ցուցաբերելով ազնվություն, հոգատարություն և բարձր պատասխանատվություն աշխատանքի նկատմամբ,
բ. չեն ներգրավվում անօրինական գործունեության մեջ կամ չեն դառնում այնպիսի գործողությունների մասնակից, որոնք վարկաբեկում են աուդիտորի մասնագիտությունը կամ բանկին։
3) Օբյեկտիվության սկզբունք, որը ենթադրում է, որ ուսումնասիրվող գործունեության կամ գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելիս, գնահատելիս և շրջանառելիս ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և անդամները կիրառում են բարձր մասնագիտական օբյեկտիվություն (անկողմնակալություն): Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և անդամներն իրականացնում են բոլոր էական հանգամանքների հավասարակշռված գնահատում և դատողություններ իրականացնելիս չեն առաջնորդվում սեփական կամ այլ անձանց շահերով: Օբյեկտիվության սկզբունքն ապահովելու համար ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և անդամները`
ա. չեն ներգրավվում ցանկացած գործունեության, գործողության կամ հարաբերության մեջ, որը կարող է վտանգել նրանց անկողմնակալ գնահատումները` հանգեցնելով բանկի շահերի ոտնահարմանը և (կամ) աուդիտորների մասնագիտական դատողությունների որակի նվազմանը,
բ. բացահայտում են իրենց հայտնի դարձած բոլոր էական փաստերը, որոնք չբացահայտվելու դեպքում կաղավաղվեն աուդիտի ենթակա գործունեությանն առնչվող հաշվետվությունները:
4) Գաղտնիության սկզբունք, որը ենթադրում է, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և անդամները ապահովում են իրենց կողմից ստացված տեղեկատվության գաղտնիությունը և չեն բացահայտում առանց համապատասխան իրավասության առկայության՝ պայմանավորված բացահայտում կատարելու իրավական կամ մասնագիտական պարտավորությամբ (եթե առկա չէ գաղտնիք համարվող տեղեկատվության տրամադրման օրենսդրական արգելք): Գաղտնիության սկզբունքն ապահովելու համար ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և անդամները`
ա. զգուշավորություն են ցուցաբերում իրենց պարտականությունների իրականացման ընթացքում ձեռքբերված տեղեկատվության օգտագործման և պահպանման հարցում,
բ. չեն օգտագործում տեղեկատվությունը անձնական շահի համար կամ ցանկացած այլ կերպ, որը կհակասի օրենքներին կամ բանկի սահմանված նպատակներին և էթիկայի նորմերին (եթե առկա չէ գաղտնիք համարվող տեղեկատվության տրամադրման օրենսդրական պահանջ):
5) Կոմպետենտության սկզբունք, որը ենթադրում է, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և անդամները տիրապետում են համապատասխան գիտելիքների, հմտությունների և փորձառության, որոնք անհրաժեշտ են ներքին աուդիտի գործառույթն արդյունավետորեն իրականացնելու համար: Կոմպետենտության սկզբունքն ապահովելու համար ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և անդամները`
ա. ներգրավվում են միայն այնպիսի ոլորտներում, որոնց համար ունեն անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և փորձառություն,
բ. շարունակաբար կատարելագործում են իրենց ունակությունները և իրենց կատարած աշխատանքի արդյունավետությունն ու որակը:
167. Ներքին աուդիտի աշխատանքների պլանավորումը կատարվում է ռիսկերի գնահատման հիման վրա, որոնց արդյունքները պատշաճ կարգով փաստաթղթավորվում են: Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պատասխանատու է ռիսկերի վրա հիմնված աուդիտորական աշխատանքների երկարաժամկետ պլանավորման, ինչպես նաև ռիսկերի վրա հիմնված տարեկան աշխատանքային ծրագրի մշակման համար: Ներքին աուդիտի ղեկավարը պարբերաբար գնահատում և անհրաժեշտության դեպքում վերանայում է աշխատանքների երկարաժամկետ պլանավորման արդյունքները, ինչպես նաև տարեկան աշխատանքային ծրագիրը: Յուրաքանչյուր վերանայում (այդ թվում՝ վերանայման հիմնավորումները) պատշաճ կարգով փաստաթղթավորվում են:
168. Ներքին աուդիտի աշխատանքների պլանավորման ժամանակ աշխատանքների առաջնահերթությունները որոշելիս նվազագույնը հաշվի են առնվում.
1) բանկի ռիսկերի կառավարման համակարգը, այդ թվում՝ ռիսկերի կառավարման ռազմավարությունը, ռիսկի ախորժակը, ռիսկերի առանձին տեսակների կառավարման քաղաքականությունները,
2) բանկի գործառնությունների և գործընթացների ռիսկայնության գնահատման արդյունքները,
3) բանկի գործառնությունների և գործընթացների կարևորությունը բանկի նպատակներին հասնելու տեսանկյունից, բարդությունը, ծավալները, այդ ոլորտի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության (կոմպետենտության) աստիճանը,
4) նախկինում իրականացված համանման աուդիտի արդյունքները:
169. Յուրաքանչյուր տարի խորհուրդը հաստատում է ներքին աուդիտի ստորաբաժանման տարեկան աշխատանքային ծրագիրը, որը նվազագույնը ներառում է.
1) այն ոլորտները, որոնք ենթակա են աուդիտի,
2) յուրաքանչյուր ոլորտում աուդիտորական աշխատանքների նկարագրությունը,
3) ծրագրի գործողության շրջանակները (ներառյալ աուդիտի իրականացման ժամանակացույցը):
170. Ներքին աուդիտի աշխատանքները նվազագույնը ներառում են.
1) բանկի քաղաքականության, գործընթացների, դրանց փաստաթղթավորման և հսկողական մեխանիզմների կիրառման համարժեքության և արդյունավետության դիտարկումը և գնահատումը՝ բանկի, խմբի (եթե բանկը խմբի անդամ է հանդիսանում), բանկի մասնաճյուղերի (առկայության դեպքում), բիզնես միավորի, բիզնես ոլորտի, ինչպես նաև բաժնի կամ այլ կազմակերպական միավորի կտրվածքով,
2) ռիսկերի կառավարման, համապատասխանության ապահովման գործառույթների արդյունավետության պարբերական գնահատումը,
3) բանկի կառավարման և տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացների գնահատումը, որոշումների կայացման գործընթացում օգտագործվող տեղեկատվության արժանահավատության գնահատումը,
4) ռիսկերի բացահայտման և այդ ռիսկերի կառավարմանն ուղղված արդյունավետ և ժամանակին քայլերի ձեռնարկման գնահատումը,
5) աշխատանքային փաստաթղթերի և գրանցումների ամբողջականության և համարժեքության, ինչպես նաև գործարքների համապատասխան և պատշաճ հաշվառման գնահատումը,
6) բանկի ֆինանսական հաշվետվություններում ակտիվների պատշաճ ներկայացման, իսկ անհրաժեշտության դեպքում` ակտիվների ֆիզիկապես առկայության և ակտիվների պահպանման եղանակների գնահատումը (օրինակ` կանխիկ դրամ) և պարտավորությունների լիովին բացահայտված և պատճառաբանված լինելու գնահատումը,
7) գրավի և այլ հետհաշվեկշռային միջոցների պատշաճ գնահատման, հաշվառման և պաշտպանվածության գնահատումը, այդ թվում` տեղերում ուսումնասիրությունների միջոցով,
8) բանկի և բանկի ղեկավարների կողմից իրականացվող գործունեության համապատասխանության գնահատումը գործող օրենքների, նորմատիվ և այլ իրավական ակտերի պահանջներին, այդ թվում՝ բանկի կարգերին (կանոնակարգերին, ընթացակարգերին, հրահանգներին, ուղեցույցներին և այլն),
9) բանկի աշխատակիցների և կազմակերպական միավորների կողմից բանկի ներքին քաղաքականություններին և կարգերին (կանոնակարգերին, ընթացակարգերին, հրահանգներին, ուղեցույցներին) համապատասխան գործելու գնահատումը,
10) եկամուտների հաշվառման և իրականացված ծախսերի հիմնավորվածության գնահատումը` օրենսդրության և բանկի ներքին կանոնակարգերի համապատասխանության տեսանկյունից (օրինակ` վարկերի զեղչերի, ավանդների տոկոսների, մարումների ուշացումների համար տույժերի, ծառայությունների դիմաց վճարումների և ժամկետանց վարկերի ընտրանքային ստուգումները` դրանց ճշտությունը գնահատելու համար),
11) բանկի ներքին հսկողության համակարգի արդյունավետության և բանկի ռիսկերին համարժեք լինելու գնահատումը,
12) յուրաքանչյուր աշխատակցի կողմից իր իրավասությունների շրջանակներում ներքին հսկողության համակարգում իր գործառույթների իրականացման գնահատումը,
13) ներքին տեղեկատվական և հաշվետվողական համակարգի գնահատումը,
14) բանկի կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացի իրականացման ուսումնասիրումը և արդյունավետության գնահատումը,
15) բանկի աշխատակիցներին տրված լիազորությունների (օրինակ` վարկերի տրամադրում, լիազորագրերի, պայմանագրերի, փոխանցումների և այլ տիպի իրավական կամ հաշվապահական փաստաթղթերի ստորագրում) գնահատումը` հնարավոր չարաշահումները բացառելու նպատակով,
16) վարկավորման գործընթացի, վարկերի դասակարգման, վարկերից կորուստների, վարկերի դուրսգրումների և հետվերադարձի գործընթացի ուսումնասիրությունը,
17) բանկում ներդրված ԳԳԱԿ համակարգի արդյունավետության և համարժեքության գնահատումը, գործարար գործընթացների անընդհատության ապահովման միջոցառումների ծրագրի համապատասխանության գնահատումը բանկի գործարար գործընթացների անընդհատության կառավարման քաղաքականությանը, գործարար գործընթացների անընդհատության ապահովման միջոցառումների ծրագրի թեստավորման և վերանայման արդյունավետության գնահատումը,
18) բանկի կողմից պատվիրակված գործառույթների արդյունավետության գնահատումը:
171. Ներքին աուդիտի գործառույթն ապահովում է, որ բանկի բոլոր էական ռիսկային ոլորտները և պարտավորությունները ողջամիտ ժամանակահատվածում և պարբերականությամբ ենթարկվեն աուդիտի:
172. Յուրաքանչյուր աուդիտի համար ներքին աուդիտորները մշակում են ծրագիր, որով սահմանվում են տվյալ աուդիտի նպատակը, շրջանակը, տևողությունը, ռեսուրսների բաշխումը, ինչպես նաև անհրաժեշտ այլ մանրամասներ:
173. Աուդիտի պլանավորման ժամանակ ներքին աուդիտորները հաշվի են առնում.
1) աուդիտի ենթակա գործառույթների նպատակները, այդ գործառույթների իրականացման հսկողական մեխանիզմները,
2) աուդիտի ենթակա գործառույթների, նպատակների, ռեսուրսների, գործառնությունների հետ կապված էական ռիսկերը և այն միջոցները, որոնք օգտագործվում են ռիսկերի հնարավոր ազդեցությունը թույլատրելի մակարդակի վրա պահելու համար,
3) աուդիտի ենթակա գործառույթների կառավարման, ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համարժեքությունն ու արդյունավետությունը,
4) աուդիտի ենթակա գործառույթների կառավարման, ռիսկերի կառավարման և հսկողության համակարգերի էական բարելավման հնարավորությունները:
174. Աուդիտի պլանավորման ժամանակ ներքին աուդիտորներն իրականացնում են աուդիտի ենթակա գործառույթին բնորոշ ռիսկերի նախնական գնահատում, ինչպես նաև տվյալ գործառույթի գծով էական սխալների, խարդախությունների, անհամապատասխանությունների և այլ ռիսկային գործոնների ի հայտ գալու հավանականությունների գնահատում: Աուդիտի նպատակները պետք է համահունչ լինեն այդ գնահատման արդյունքներին:
175. Աուդիտի շրջանակները պետք է լինեն բավարար՝ աուդիտի նպատակներին հասնելու համար:
176. Ներքին աուդիտորները պետք է իրականացնեն ռեսուրսների արդյունավետ բաշխում՝ աուդիտի սահմանված նպատակներին հասնելու համար՝ հաշվի առնելով աուդիտի ենթակա գործառույթների բնույթը, բարդությունը, ժամանակային սահմանափակումները, առկա ռեսուրսները:
177. Ներքին աուդիտը մերժում է բանկի գործադիր մարմնի կողմից աուդիտի կամ այլ գործողությունների իրականացման պահանջը, եթե այն չի համապատասխանում բանկի խորհրդի կողմից հաստատված ներքին աուդիտի գործառույթի նպատակներին կամ կարող է խոչընդոտել աուդիտի տարեկան ծրագրի արդյունավետ իրականացմանը:
178. Աուդիտի պլանավորման ժամանակ ներքին աուդիտորները մշակում են նաև աշխատանքների իրականացման ծրագիր՝ սահմանելով տեղեկատվության բացահայտման, վերլուծության, գնահատման և փաստաթղթավորման ընթացակարգերը: Աշխատանքային ծրագիրը հաստատվում է նախքան աուդիտի սկիզբը, իսկ դրանում կատարվող ցանկացած փոփոխություն հաստատվում է ողջամիտ ժամկետում:
179. Ներքին աուդիտորները բացահայտում, վերլուծում, գնահատում և փաստաթղթավորում են բավարար տեղեկատվություն՝ աուդիտի նպատակներին հասնելու համար:
180. Ներքին աուդիտի աշխատակիցներին տրվում են բավարար լիազորություններ իրենց պարտականությունները կատարելու համար: Նրանք պետք է իրավասու լինեն ստանալու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (տեղեկությունները) և մուտք գործելու ստուգվող ստորաբաժանում ու այլ տարածքներ, որտեղ պահվում են փաստաթղթեր (արխիվներ), կանխիկ դրամ, այլ արժեքներ (դրամապահոցներ), տվյալների համակարգչային մշակումներ՝ ստուգվող ստորաբաժանման ղեկավարի կամ նրա կողմից լիազորված աշխատակցի պարտադիր ներգրավմամբ:
181. Ներքին աուդիտորները բանկում իրականացված յուրաքանչյուր աուդիտի արդյունքներն ամփոփում են հաշվետվությամբ, որն առնվազն պետք է ներառի.
1) կատարված աուդիտորական աշխատանքների նկարագրությունը,
2) աուդիտի արդյունքում բացահայտված խախտումներն ու թերությունները և դրանց վերացման վերաբերյալ առաջարկված միջոցառումները,
3) հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման մասին ներքին աուդիտի եզրակացությունը:
182. Սույն կանոնակարգի 181-րդ կետում նշված հաշվետվությունը տրամադրվում է աուդիտի ենթարկված միավորի ղեկավարին: Վերջինս հաշվետվության վերաբերյալ տալիս է գրավոր կարծիք՝ արտահայտելով իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը՝ համապատասխան հիմնավորումներով, որը ստորագրվում է աուդիտի ենթարկված միավորի ղեկավարի կողմից ու կազմում է հաշվետվության անբաժան մասը:
183. Ներքին աուդիտը նվազագույնը կատարում է հետստուգումային հսկողություն բանկի ստորաբաժանումների կողմից այն միջոցառումների իրականացման նկատմամբ, որոնք առաջարկվել են ներքին և արտաքին աուդիտի արդյունքում և հաստատվել են խորհրդի կողմից կամ առաջարկվել են Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ստուգումների արդյունքում:
184. Հետստուգումային հսկողության արդյունքների հիման վրա, սահմանված ժամկետում, իսկ այդպիսին սահմանված չլինելու դեպքում՝ առնվազն եռամսյակը մեկ, համապատասխան պատասխանատու անձանց կողմից կազմվում և բանկի խորհրդին են ներկայացվում հաշվետվություններ` ներքին և արտաքին աուդիտի, ինչպես նաև Կենտրոնական բանկի ստուգումների արդյունքներով կատարված առաջարկությունների և/կամ հանձնարարականների իրականացման վերաբերյալ: Խորհրդին ներկայացվող հաշվետվությունները նկարագրում են բանկում առկա նշանակալից ռիսկերը, հսկողության միջոցառումները, կորպորատիվ կառավարման խնդիրները (եթե այդպիսիք կան):
185. Ներքին աուդիտը պատշաճ կարգով փաստաթղթավորում և պահպանում է իր կողմից իրականացված աուդիտի հետ կապված բոլոր հիմնական փաստաթղթերը, այդ թվում՝ ներքին աուդիտի եզրահանգումները հիմնավորող դիտարկումների, վերլուծությունների արդյունքները, աուդիտի ընտրանքի մեթոդաբանությունը, տվյալ մեթոդաբանության ընտրության հիմնավորումը: Ներքին աուդիտի աշխատանքային փաստաթղթերը պարունակում են տեղեկատվություն ներքին աուդիտի բոլոր փուլերի և գործընթացների վերաբերյալ, ներառյալ աուդիտի աշխատանքների պլանավորում, իրականացում, արդյունքների ամփոփում, հետագա հսկողության իրականացում:
ԲԱԺԻՆ 7. ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Գլուխ 17. Գործարար վարվելակերպ, սպառողների շահերի պաշտպանություն
186. Գործարար վարվելակերպի գծով բանկում պատշաճ գործընթացներ ապահովելը նպատակ ունի ապահովել բանկի հաճախորդների (սպառողների) շահերի պաշտպանության բավարար մակարդակ:
187. Գործարար վարվելակերպի և սպառողների շահերի պաշտպանության առումով բանկի ներքին հսկողության համակարգը նվազագույնը ներառում է.
1) Բանկի կողմից մատուցվող ծառայությունների, դրանց մատուցման քաղաքականությունը նկարագրող ներքին իրավական ակտերի առումով`
ա. մատուցվող յուրաքանչյուր ծառայության մանրամասն նկարագրությունը, այդ թվում`
1. ծառայությունների մատուցման պայմանները (կանոնները), ծառայությունների պայմանագրերի օրինակելի ձևերը,
2. մատուցվող ծառայությունների սակագները (այդ թվում՝ միջնորդավճարներն ու այլ վճարները, դրանց ցանկը), դրանք փոփոխելու պայմաններն ու կարգը,
3. ծառայություններ մատուցելու համար սպառողներից պահանջվող փաստաթղթերի ցանկը (տեղեկությունները),
բ. մատուցվող ծառայությունների սակագների (այդ թվում՝ միջնորդավճարների ու այլ վճարների) սահմանման գործընթացը նկարագրող ընթացակարգերը,
գ. հիմնական ծառայությունների հետ լրացուցիչ ծառայություններ մատուցելու քաղաքականությունը,
դ. հաճախորդի համար բանկի կողմից մատուցվող ծառայության հասանելիությունը սահմանափակող բոլոր պայմանները,
ե. բանկի կողմից գործարքները մերժելու (ծառայությունը մատուցելուց հրաժարվելու) չափանիշները և ընթացակարգերը,
զ. ծառայություն մատուցելու ընթացքում թույլ տրված սխալները շտկելու ընթացակարգերը,
է. բանկի նախաձեռնությամբ ինչպես կոնկրետ հաճախորդին, այնպես էլ ընդհանարապես բանկի կողմից ծառայությունների մատուցումը ընդհատելու ընթացակարգերը,
ը. հաճախորդի կողմից պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու դեպքում բանկի կողմից իրականացվող գործընթացները (այդ թվում նաև` տուժանքների կամ հաճախորդի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների նկարագրությունը),
թ. սահմանված ընդհանուր պայմաններից տարբերվող պայմաններով ծառայություններ մատուցելու (առավել/նվազ բարենպաստ պայմաններով պայմանագրեր կնքելու) ընթացակարգերը, այդ թվում՝ այն չափանիշները, որոնց հիման վրա բանկի իրավասու մարմնի կողմից կընդունվեն նմանատիպ որոշումներ,
2) շահերի բախումների կանխարգելումն ու կարգավորումը նկարագրող ներքին իրավական ակտերի առումով`
ա. բանկի, բանկի ղեկավարների և աշխատակիցների մոտ շահերի բախումների կանխարգելման միջոցները և կարգավորման ընթացակարգերը,
բ. հաճախորդների սպասարկման ընթացքում շահերի հնարավոր բախման դեպքերի բացահայտմանն ու բացառմանն ուղղված ընթացակարգերը,
3) բողոքների քննման գործընթացները նկարագրող ներքին իրավական ակտերի առումով`
ա. հաճախորդների բողոքների ընդունման, քննարկման, դրանց արդյունքում որոշումների ընդունման, պատասխանելու, այդ գործընթացի նկատմամբ մոնիթորինգի իրականացման ընթացակարգերը,
բ. հաճախորդների բանավոր բողոքների քննության գործընթացը, այդ գործընթացի նկատմամբ մոնիթորինգի իրականացման ընթացակարգերը (ընդ որում, հաճախորդների գրավոր կամ բանավոր բողոքների ընդունման և քննման գործառույթը չի կարող իրականացվել այն աշխատակցի կողմից, ով անմիջականորեն ներգրավված է եղել հաճախորդներին ծառայությունների մատուցման գործում),
4) Բանկի կողմից տեղեկությունների հրապարակման քաղաքականությունը սահմանող ներքին իրավական ակտերի առումով`
ա. բանկի կողմից իր և իր կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը,
բ. բանկի կողմից իր վերաբերյալ տեղեկությունների հրապարակման ձևերի, միջոցների, ընթացակարգերի (մամուլ, ինտերնետ, ցուցատախտակ, տեղեկատվական ամփոփագիր և այլն) նկարագրությունը,
գ. բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները հաճախորդների համար հասանելի դարձնելու ձևերի, միջոցների, ընթացակարգերի (մամուլ, ինտերնետ, ցուցատախտակ, տեղեկատվական ամփոփագիր և այլն) նկարագրությունը,
դ. բանկի կողմից գովազդի իրականացման գործընթացը նկարագրող ընթացակարգերը, գովազդային և այլ հրապարակվող նյութերը սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից գնահատելու կարգը,
ե. բանկի և բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տարբեր ձևերով, միջոցներով (մամուլ, ինտերնետ, տեղեկատվական ամփոփաթերթեր. թերթոններ, բրոշյուրներ, գրքույկներ և այլն) հրապարակվող տեղեկատվության ժամանակին թարմացումը, արժանահավատությունը և համահունչությունը ապահովող ներքին ընթացակարգերը,
5) Բանկի կողմից հաճախորդների սպասարկման քաղաքականությունը սահմանող ներքին իրավական ակտերի առումով`
ա. բանկի և հաճախորդի միջև հաղորդակցման սկզբունքները, կարգը, ձևերը,
բ. պայմանագիրը կնքելուց առաջ, պայմանագրի կնքման ընթացքում և պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության ցանկը (այդ թվում՝ բանավոր տեղեկատվության մասով նվազագույն տեղեկատվության ցանկը), այդ տեղեկատվության տրամադրման ձևերն ու կարգը,
գ. բանկի` հաճախորդներին սպասարկող անձնակազմի, հաճախորդներին անմիջական խորհրդատվություն տվող աշխատակիցների համապատասխան հմտությունները, որակների չափանիշներն ու վարվելակերպի նորմերը սահմանող քաղաքականությունը:
188. Սույն կանոնակարգի 187-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ընթացակարգերը նկարագրող իրավական ակտերի ընդունումը պարտադիր չէ, եթե տվյալ ընթացակարգը իր էությամբ կիրառելի չի լինի մատուցվող ծառայության նկատմամբ:
189. Գործարար վարվելակերպի և սպառողների շահերի պաշտպանության առումով բանկի կողմից մշակված գործընթացներն ու ընթացակարգերը ապահովում են հաճախորդների նկատմամբ արդարացի վերաբերմունքը, որն առնվազն ենթադրում է.
1) բանկային ծառայությունների մշակման և մատուցման ընթացքում հաճախորդների կարիքների և շահերի դիտարկում,
2) հաճախորդի հետ պայմանագիրը կնքելուց առաջ և պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդին պարզ, արժանահավատ, ժամանակին և հաճախորդի կարիքներին համարժեք տեղեկատվության տրամադրում,
3) հաճախորդի կարիքներին անհամապատասխան ծառայությունների մատուցման խուսափում,
4) հաճախորդին տրված խորհրդատվության բարձր որակի ապահովում,
5) հաճախորդների դիմում-բողոքների և/կամ պահանջների արդարացի և ժամանակին քննում,
6) հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության պահպանում,
7) հաճախորդների խելամիտ սպասումների արդարացում,
8) սահմանված ընդհանուր պայմաններից տարբերվող պայմաններով ծառայությունների մատուցում (առավել/նվազ բարենպաստ պայմաններով պայմանագրերի կնքում) բացառապես համապատասխան չափանիշների առկայության դեպքում:
190. Բանկի գործարար ծրագրով հաճախորդների նկատմամբ արդարացի վերաբերմունքի ցուցաբերումը պետք է սահմանվի որպես նպատակ և այն պետք է հաշվի առնվի որոշումների կայացման գործընթացներում:
191. Բանկը պետք է ապահովի գործարար վարվելակերպի և սպառողների շահերի պաշտպանության առումով մշակված գործընթացների ու ընթացակարգերի, ինչպես նաև բարձր պրոֆեսիոնալիզմի և վարքագծի կանոնների պահպանումը բանկի աշխատակիցների կողմից:
192. Բանկն ապահովում է իր կողմից ծառայությունների մշակման և դրանց մատուցման գործընթացը սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից գնահատելու համապատասխան մեխանիզմների և այդ մեխանիզմների կիրառման արդյունքում ստացված գնահատականների վերաբերյալ գործադիր մարմնին և խորհրդին տեղեկացնելու ընթացակարգերի առկայություն:
(հավելվածը խմբ., փոփ. 08.12.15 թիվ 256-Ն, լրաց., փոփ. 30.03.18 թիվ 38-Ն, լրաց., խմբ. 11.10.19 թիվ 148-Ն, լրաց. 12.10.21 թիվ 154-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.10.2024, թիվ 167-Ն | 01.01.2025, թիվ 102-Ն | |
14.12.2022, թիվ 215-Ն | 24.04.2023, թիվ 102-Ն | |
12.10.2021, թիվ 154-Ն | 21.04.2022, թիվ 102-Ն | |
11.10.2019, թիվ 148-Ն | 11.11.2019, թիվ 102-Ն | |
30.03.2018, թիվ 38-Ն | 01.06.2018, թիվ 102-Ն | |
08.12.2015, թիվ 256-Ն | 18.01.2016, թիվ 102-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|