Գլխավոր տեղեկություն
Համար
N 514-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 15.04.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2022 թվականի N 514-Ն

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N 39 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 2022 թվականի ընթացքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ ապրանքներ)՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 6400 հատից ոչ ավելի ծավալով:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին լիազոր մարմին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N 39 որոշման 1-ին և 3-րդ կետերի կիրարկման իմաստով:

3. Հաստատել ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է ֆիզիկական անձանց կողմից «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ազատ շրջանառության նպատակով ներմուծված տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնց մաքսային հայտարարագրերը գրանցվել են 2022 թվականի հունվարի 1-ից հետո, իսկ իրավաբանական անձանց կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N 39 որոշման ուժի մեջ մտնելու պահից գրանցված հայտարարագրերի նկատմամբ:

              

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

           

15.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

          

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 15-ի N 514-Ն որոշման

      

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

   

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են 2022 թվականի ընթացքում, Հայաստանի Հանրապետություն սակագնային արտոնության կիրառմամբ, էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ ծագող հարաբերությունները:

2. Սույն որոշմամբ նախատեսված մաքսատուրքի սակագնային արտոնության կիրառման նպատակով՝ հայտարարատուն ապրանքի ներմուծումից հետո ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում մաքսային հայտարարագիրը:

3. Սույն կարգով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից գրանցումը դիտվում է որպես լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N 39 որոշման 1-ին և 3-րդ կետերի կիրարկման իմաստով:

4. Սույն որոշմամբ նախատեսված սակագնային արտոնության կիրառման նպատակներով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում ապրանքի հայտարարագրի գրանցում է համարվում ԵՏՄ մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված տեղեկությունների ներկայացման արդյունքում մաքսային մարմինների կողմից նախնական մաքսային հայտարարագրում ճշգրտումների (փոփոխությունների, լրացումների) գրանցումը։

5. Սույն կարգով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի գրանցումը կամ բացթողումը սակագնային արտոնության կիրառմամբ մերժվում է, եթե սույն որոշմամբ սահմանված՝ սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծվող (ներմուծված) ապրանքների նախատեսված քանակն սպառվել է նշված փաստաթղթերի գրանցման կամ բացթողման պահի դրությամբ:

6. Ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառմամբ բացթողումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից ժամանակագրական սկզբունքով՝ հերթականությամբ՝ հիմք ընդունելով մաքսային հայտարարագրերի գրանցման օրը, իսկ դրանց քանակական հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ հայտարարագրման համակարգի կիրառմամբ։ Միաժամանակ գրանցված մաքսային հայտարարագրերի առկայության պարագայում սակագնային արտոնության կիրառման հնարավորությունը տրամադրվում է առավել վաղ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատած ապրանքներին:

7. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում 2022 թվականի ընթացքում ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման մասին տեղեկատվություն։

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

  

15.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

           

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2022 թվական: