ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2022 թվականի N 491-Լ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի (Պ-214-28.03.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
15.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-214-28.03.2022-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է՝
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը սահմանել մեկ տարի, ինչպես նաև նախատեսել ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորություն:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը միտված է խորհրդարանական այս գործիքի լիարժեք գործարկմանը, հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների դերի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հիմնավորման մեջ նշվում է, որ փորձը ցույց է տվել, որ նախորդ խորհրդարանի գործունեության ընթացքում նշված ժամկետի ոչ բավարար լինելու արդյունքում ևս 6 ամսով երկարաձգվեց հանձնաժողովի լիազորությունների ժամկետը, ինչը նույնիսկ այս դեպքում բավարար չեղավ Քննիչ հանձնաժողովի բուն նպատակի իրագործման համար:
Անդրադառնալով նախագծին կից ներկայացված հիմնավորմանը՝ հարկ է նշել, որ այն հնարավորություն չի տալիս գնահատել նախագծով նախատեսվող փոփոխության կատարման անհրաժեշտությունը, այսինքն՝ հնարավոր չէ հասկանալ, թե ինչ ուսումնասիրությունների կամ փորձի հիման վրա է նախագծի հեղինակը եկել այն եզրահանգման, որ սահմանված ժամկետը բավարար չէ Քննիչ հանձնաժողովի բուն նպատակի իրագործման համար, և նախագծով նախատեսվող կարգավորումների առկայության պարագայում կբարձրանան հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների դերը և արդյունավետությունը: Հարկ է նշել, որ նախագծի ընդունման հիմնավորումն անհրաժեշտ է լրամշակել՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումը, որի համաձայն՝ հիմնավորման միջոցով նախագիծը մշակող պետական մարմինը պարզաբանում է իրավական ակտի ընդունման նպատակը, կարգավորման անհրաժեշտությունը, կարգավորման համար ընտրված եղանակի նպատակահարմարությունը, պարզաբանում է նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթն ու նպատակը, իրավական ակտի ընդունմամբ ակնկալվող արդյունքները:
Այս առումով հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «(…) օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ (…) Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում։»:
Միաժամանակ, առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 7-րդ մասում «վեց ամիս» և «վեց ամսով» բառերը փոխարինել համապատասխանաբար «մեկ տարի» և «մեկ տարով» բառերով:»:
Հաշվի առնելով արդեն ձևավորված քննիչ հանձնաժողովների առկայությունը 8-րդ գումարման Ազգային ժողովում՝ առաջարկում ենք հստակեցնել անցումային դրույթները:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|