Գլխավոր տեղեկություն
Համար
N 727-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2022 թվականի N 727-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և «Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունվարի 21-ի ՀՕ-4-Ն օրենքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 11-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ և 23-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 21-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ե․ գնման առարկայի պահանջվող ծավալը և գնման գինը,»,

բ. 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«բ. 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա, և առկա են պլանավորված, սակայն տվյալ գնման համար օրենքով սահմանված կարգով չնախատեսված ֆինանսական միջոցներ, հայտով ներկայացվում է նաև նմանատիպ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման համար պլանավորվելիք գնման գինը.».

2) 23-րդ կետի՝

ա. 2-րդ ենթակետում «յոթանասունապատիկը» բառը փոխարինել «ութսունապատիկը» բառով,

բ. 4-րդ ենթակետով հաստատված ցանկի 12-րդ տողը «ծրագրային,» բառից հետո լրացնել «կապի ծառայությունների, անվտանգության սարքերի և սարքավորումների, ներառյալ դրանց սպասարկման,» բառերով,

գ. 5-րդ ենթակետում «երեսուն» բառը փոխարինել «ութսուն» բառով.

3) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում անգործության ժամկետը լրանալու, իսկ պայմանագիր կնքվելու դեպքում դրա հաջորդող օրը հանձնաժողովը համարվում է լուծարված:».

4) 32-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. իր կողմից հաստատված հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում, որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության մասին: Որակավորման ապահովում չի ներկայացվում, եթե ընտրված մասնակիցը կամ տվյալ ընթացակարգի շրջանակում վերջինիս կողմից՝ որպես պաշտոնական ներկայացուցիչ, մատակարարվող ապրանքներն արտադրող կազմակերպությունը, հայտերը բացելու օրվա դրությամբ ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & Poor’s) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առնվազն Հայաստանի Հանրապետությանը շնորհված սուվերեն վարկանիշի չափով: Եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գնման գինը ՝

- չի գերազանցում գնումների բազային միավորի ութսունապատիկը, որակավորման ապահովման չափը հավասար է գնման գնի տասնհինգ, իսկ գերազանցելու դեպքում՝ երեսուն տոկոսին.

- չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, որակավորման ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով, բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, որոնց դեպքում ապահովումը ներկայացվում է սույն պարբերությամբ նախատեսված երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով,

- գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, որակավորման ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով,

- պակաս է կնքվելիք պայմանագրի գնից, ապա որակավորման ապահովման չափը հաշվարկվում է պայմանագրի գնի նկատմամբ,»,

բ. 1-ին ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե. հրավերով նախատեսված դեպքերում հայտի ապահովում, որի չափը հավասար է գնման գնի հինգ տոկոսին: Եթե մասնակցի գնային առաջարկը գերազանցում է գնման գինը, ապա հայտի ապահովման չափը հավասար է գնային առաջարկի հինգ տոկոսին: Գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում բանկային երաշխիքի ձևով հայտի ապահովումը ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով՝ պայմանով, որ դրա բնօրինակը մասնակիցը գնահատող հանձնաժողովին ներկայացնում է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երևանի ժամանակով 17:00-ն՝ ուղեկցող գրությամբ: Հայտի ապահովումը վերադարձվում է պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում հայտի ապահովումը վերադարձվում է անգործության ժամկետն ավարտվելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե գնման ընթացակարգի արդյունքները բողոքարկված չեն: Բողոքի առկայության դեպքում հայտի ապահովումը վերադարձվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին գնահատող հանձնաժողովի որոշումն անփոփոխ թողնելու մասին դատարանի եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:»,

գ. 1-ին ենթակետի «է» պարբերությունը «հայտարարություն`» բառից հետո լրացնել «գնման տվյալ գործընթացի շրջանակում անբարեխիղճ մրցակցության,» բառերով,

դ. 9-րդ և 10-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Ընդ որում, պայմանագրի ապահովման չափը կազմում է պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գնի տասը տոկոսը: Եթե պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գինը պակաս է կնքվելիք պայմանագրի գնից, ապա պայմանագրի ապահովման չափը հաշվարկվում է պայմանագրի գնի նկատմամբ: Շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա ինչպես հայտի, այնպես էլ պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե մասնակիցը հայտի ապահովումը ներկայացրել է սույն կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված չափից ավելի, ապա հայտը համարվում է հրավերի պահանջներին բավարարող և ենթակա չէ մերժման.

10) եթե գնման ընթացակարգը կազմակերպվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա և պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին նախատեսված չեն ֆինանսական միջոցներ, ապա որակավորման և պայմանագրի ապահովումները ներկայացվում են միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին նախատեսված ֆինանսական միջոցները գերազանցում են գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, սակայն պայմանագրի ամբողջական կատարման համար հետագայում ևս պահանջվում են ֆինանսական միջոցներ, ապա պայմանագրի և որակավորման ապահովումները, հատկացված ֆինանսական միջոցների մասով, ներկայացվում են բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի, իսկ պահանջվող ֆինանսական միջոցների մասով` միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով.»,

ե. ուժը կորցրած ճանաչել 15-րդ և 24-րդ ենթակետերը,

զ. 17-րդ ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. մասնակիցը հայտ ներկայացնում է մեկից ավելի չափաբաժինների համար, ապա կարող է ներկայացնել, ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ մեկ հայտի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ հայտի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է ներկայացված չափաբաժինների գնման գների հանրագումարի նկատմամբ՝ հաշվի առնելով սույն կետի 1-ին ենթակետի «ե» պարբերության պահանջները,

բ. մասնակիցն ընտրված է ճանաչվում մեկից ավելի չափաբաժինների մասով, ապա կարող է ներկայացնել, ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ մեկ պայմանագրի և մեկ որակավորման ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ պայմանագրի կամ մեկ որակավորման ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է ներկայացված չափաբաժինների գնման գների հանրագումարի նկատմամբ՝ հաշվի առնելով սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության և նույն կետի 9-րդ ենթակետի պահանջները,

գ. մասնակիցը զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից որևէ չափաբաժնի մասով, ապա հայտի ապահովումը վճարվում է միայն այդ չափաբաժնի նկատմամբ հաշվարկված ապահովման չափով,»,

է. 19-րդ, 20-րդ և 21-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19) եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձևով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում.

20) եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, ապա մասնակիցը հայտի ապահովում չի ներկայացնում.

21) հայտերի գնահատումն իրականացվում է դրանց ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե գնման ընթացակարգի չափաբաժինների քանակը գերազանցում է յոթանասունհինգ չափաբաժինը, ապա հայտերի գնահատումն իրականացվում է դրանց ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված քսան աշխատանքային օրվա ընթացքում.»,

ը. 26-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. այն դեպքի, երբ պայմանագրի կատարումը փուլային է, և յուրաքանչյուր փուլի կատարումն ուղղակիորեն փոխկապակցված չէ պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան ստացվելիք վերջնարդյունքի հետ: Սույն պարբերության կիրառման դեպքում յուրաքանչյուր փուլի արդյունքը պատվիրատուի կողմից ընդունվելուց ապահովման գումարը նվազեցվում է այդ փուլի գումարի նկատմամբ հաշվարկված համամասնությամբ:

Ընդ որում, եթե ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման պայմանագրերը կնքվում են օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, ապա առկա ֆինանսական հատկացումների շրջանակում տվյալ տարվա համար կնքված համաձայնագրի (համաձայնագրերի) մասով ներկայացված որակավորման ապահովումը ենթակա է վերադարձման այդ համաձայնագիրը (համաձայնագրերը) կատարողի կողմից ողջ ծավալով պատշաճ կատարվելու և դրա արդյունքը պատվիրատուի կողմից ամբողջական ընդունվելու դեպքում: Հետագայում կատարողի կողմից պայմանագիրը չկատարելու հետևանքով միակողմանի լուծվելու դեպքում վերջինիցս գանձվում է պայմանագրի չկատարված մասի համար ներկայացված որակավորման ապահովումն ամբողջությամբ.».

5) 40-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նախագահը (նիստը նախագահողը) նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված գնման գինը։»,

բ. 4-րդ ենթակետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է գնային առաջարկը և (կամ) հայտի ապահովումը, կամ եթե դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ սույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի:»,

գ. 5-րդ ենթակետում «հաջորդաբար տեղեր զբաղեցրած» բառերը փոխարինել «այդպիսին չճանաչված» բառերով, իսկ «գնման հայտով սահմանված գինը» բառերը՝ «գնման գինը» բառերով,

դ. 5-րդ և 6-րդ ենթակետերի «ա» պարբերություններում «հաջորդաբար տեղեր զբաղեցրած» բառերը փոխարինել «այդպիսին չճանաչված» բառերով,

ե. 5-րդ և 6-րդ ենթակետերի «բ» պարբերությունները «բանակցությունների վարման» բառերից հետո լրացնել «պայմանների, տևողության,» բառերով,

զ. 5-րդ ենթակետի «ե» պարբերությունում «գնման հայտով սահմանված գինը» բառերը փոխարինել «գնման գինը» բառերով և նույն պարբերությունում ու 6-րդ ենթակետի «ե» պարբերությունում «հաջորդական տեղերն զբաղեցրած» բառերը փոխարինել «այդպիսին չճանաչված» բառերով,

է. 5-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, եթե դրան ներկա մասնակիցների ներկայացրած գները գերազանցում են գնման գինը, ապա գնահատող հանձնաժողովը կարող է բանակցությունների արդյունքում ցածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցին հայտարարել ընտրված մասնակից՝ պայմանով, որ վերջինիս հետ կնքվող պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ են մտնում գնման գինը գերազանցող չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ նախատեսվելու և դրա հիման վրա կողմերի միջև համաձայնագիր կնքելու դեպքում: Ընդ որում, համաձայնագիրը կնքվում է լրացուցիչ ֆինանսական միջոցները նախատեսվելուն հաջորդող տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետները երկարաձգելով պայմանագրի կնքման օրվանից մինչև համաձայնագրի կնքման օրն ընկած ժամանակահատվածով: Սույն պարբերության համաձայն կնքված պայմանագիրը լուծվում է, եթե կնքելուն հաջորդող վաթսուն օրացուցային օրվա ընթացքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում: Սույն պարբերության պահանջները չեն կիրառվում էլեկտրոնային աճուրդով գնում կատարելու ընթացակարգի դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ հայտ ներկայացրել է մեկ մասնակից կամ հրավերի պահանջներին բավարար է գնահատվել միայն մեկ մասնակցի հայտ.»,

ը. 5-րդ և 6-րդ ենթակետերի «է» պարբերություններում «գնման հայտով սահմանված գինը» բառերը փոխարինել «գնման գինը» բառերով,

թ. 6-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին ամենաբարձր գնահատական ստացած մասնակցի գինը գերազանցում է գնման գինը, ապա գնահատող հանձնաժողովը կարող է այդ մասնակցին հայտարարել ընտրված մասնակից՝ պայմանով, որ ընտրված մասնակցի հետ կնքվող պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ են մտնում գնման գինը գերազանցող չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ նախատեսվելու և դրա հիման վրա կողմերի միջև համաձայնագիր կնքվելու դեպքում: Ընդ որում, համաձայնագիրը կնքվում է լրացուցիչ ֆինանսական միջոցները նախատեսվելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ ծառայության մատուցման ժամկետները երկարաձգելով պայմանագրի կնքման օրվանից մինչև համաձայնագրի կնքման օրն ընկած ժամանակահատվածով: Սույն պարբերության համաձայն կնքված պայմանագիրը լուծվում է, եթե կնքելուն հաջորդող երեսուն օրացուցային օրվա ընթացքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում: Սույն պարբերության պահանջները չեն կիրառվում այն դեպքում, երբ հայտ ներկայացրել է մեկ մասնակից կամ հրավերի պահանջներին բավարար է գնահատվել միայն մեկ մասնակցի հայտ,».

6) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«41. Եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ ներառյալ այն դեպքերը, երբ հայտում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:».

7) 43-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) իր և գնահատող հանձնաժողովի` հայտերի բացման և գնահատման նիստին ներկա անդամների կողմից ստորագրված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունների բնօրինակներից արտատպված (սկանավորված) տարբերակները հրապարակում է տեղեկագրում, բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 20-րդ կետերի հիման վրա կատարվող գնումների:».

8) ուժը կորցրած ճանաչել 45-րդ և 48-րդ կետերը.

9) 69-րդ կետի 1-ին ենթակետում «առնվազն յոթ» բառերը փոխարինել «առնվազն հինգ» բառերով.

10) 102-րդ կետում «դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 15-ը» բառերով.

11) 106-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«106. Հաշվետվությունը լիազորված մարմնին չներկայացնելը հանգեցնում է տվյալ գնման պայմանագրի ֆինանսավորման կասեցմանը` մինչև հաշվետվությունը ներկայացնելը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունումը:».

12) 109-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կետում նշված անձը պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ տալիս է դրական եզրակացություն, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում են պայմանագրի պայմաններին կամ մատակարարված ապրանքի որակական հատկանիշները գերազանցում են պայմանագրով սահմանված պահանջները՝ ապահովելով կարիքի բավարարումը:».

13) ուժը կորցրած ճանաչել 19-րդ բաժինը:

2. Սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան


19.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: