Գլխավոր տեղեկություն
Համար
N 675-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 13.05.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2022 թվականի N 675-Ն

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական մրցանակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով սահմանել կրթական վեց մրցանակ լավագույն ուսանողների համար` «գլխավոր մրցանակ», «լավագույն ասպիրանտ» (I և II կարգ), «լավագույն մագիստրանտ» (I և II կարգ), «լավագույն բակալավր» (I և II կարգ) և լավագույն սովորողների համար` 2023 թվականից` «գլխավոր մրցանակ» և «լավագույն աշակերտ» (I և II կարգ):

2. Սահմանել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակների շնորհման և հանձնման կարգը` համաձայն հավելվածի:

3. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակների մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացվում է «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ համաձայն ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի։

4. Առաջարկել «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի կազմը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում՝

1) կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը.

2) լավագույն ուսանողների կրթական մրցանակների մրցանակաբաշխության մասնակից բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը.

3) լավագույն սովորողների կրթական մրցանակների մրցանակաբաշխության մասնակից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

13.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

 մայիսի 13-ի N 675-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն ուսանողներին և սովորողներին ամենամյա կրթական մրցանակների շնորհման համար թեկնածուներին ներկայացվող պահանջները, առաջադրման կարգը և կրթական մրցանակի յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված պարգևատրման չափը և մրցանակների քանակը:

2. Մրցանակին կարող են հավակնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ ուսանողները և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանի սովորողները՝ կրթության բնագավառի պետական լիազոր մարմնի առաջադրած պայմաններին համապատասխանող և նրա կողմից հաստատված ցանկում ընդգրկված բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանի սովորողները, ովքեր տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՏ) ոլորտում, ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն, մասնակից են եղել ՏՏ ոլորտի տարբեր նորարարական աշխատանքներին (մրցույթներ, տպագրված հոդվածներ)։

3. Մրցանակի հավակնորդները դիմումները ներկայացնում են իրենց բարձրագույն ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարությանը՝ մրցանակաբաշխության հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում և զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ) հրապարակված հայտարարության հիման վրա: Բարձրագույն ուսումնական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարությունը դիմումների դիտարկումից հետո յուրաքանչյուր անվանակարգի համար լավագույն տասը հավակնորդների փաստաթղթերի փաթեթները 5-օրյա ժամկետում ներկայացնում է մրցանակաբաշխության հանձնաժողովին:

4. Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը կատարում է հավակնորդների փաստաթղթերի փաթեթների զննում, ձևավորում է հավակնորդների վերջնական ցանկը և ներկայացնում մրցանակաբաշխության հանձնաժողովին: Վերջինս, ըստ հավակնորդների հետ անցկացվող անհատական հարցազրույցների և սույն կարգի 2-րդ կետի պահանջներին առավել բավարարման արդյունքների, կատարում է հաղթողների վերջնական ընտրությունը:

5. Մրցանակաբաշխության մասնակից յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն համապատասխան մրցույթին մասնակցում է բոլոր անվանակարգերով։

6. Կրթական մրցանակի յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված պարգևատրման չափը և մրցանակների քանակը`

1) լավագույն ուսանողների համար.

 

Մրցանակների անվանակարգը

Պարգևատրման չափը

Մրցանակների քանակը

Գլխավոր մրցանակ

1200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

1 (մեկ)

Լավագույն ասպիրանտ (I կարգ)

1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

6 (վեց)

Լավագույն ասպիրանտ (II կարգ)

750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

6 (վեց)

Լավագույն մագիստրանտ (I կարգ)

750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

6 (վեց)

Լավագույն մագիստրանտ (II կարգ)

500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

6 (վեց)

Լավագույն բակալավր (I կարգ)

500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

6 (վեց)

Լավագույն բակալավր (II կարգ)

400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

6 (վեց)

2) լավագույն սովորողների համար.

 

Մրցանակների անվանակարգը

Մեկ մրցանակի պարգևատրման չափը

Մրցանակների քանակը

Գլխավոր մրցանակ

500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

1 (մեկ)

Լավագույն աշակերտ (I կարգ)

200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

5 (հինգ)

Լավագույն աշակերտ (II կարգ)

100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

5 (հինգ)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան