Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-159-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (05.08.2006-07.04.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.26/40(495) Հոդ.870
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հուլիսի 7-ին

 

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ

 

Հոդված 1.

Դատական ծառայությունը

 

1. Դատական ծառայությունը օրենքով դատարաններին, ինչպես նաև դատական իշխանության մարմիններին վերապահված լիազորությունների ու գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեությունն է: Դատական ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության մասն է։

2. Դատական ծառայությունն իրականացվում է դատական դեպարտամենտի՝

1) կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում.

2) առանձնացված ստորաբաժանումներում:

3. Դատական ծառայություն չի համարվում պաշտոնավարումը դատավորի պաշտոնում, ինչպես նաև դատարանի նշանակած փորձագետների, մասնագետների, անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների, ինչպես նաև տեխնիկական սպասարկման և պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձանց գործունեությունը։

4. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համարվում են դատական դեպարտամենտի աշխատողներ, և նրանց հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 2.

Դատական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը

 

1. Դատական ծառայության հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե սույն օրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն։

2. Դատական ծառայողների միջև ծառայողական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի (այսուհետ` դատարանների նախագահների խորհուրդ) որոշումներով և դատական դեպարտամենտի կանոնադրությամբ։

 

Հոդված 3.

Դատական դեպարտամենտը

 

1. Դատական դեպարտամենտը պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է դատարաններին, դատավորների ընդհանուր ժողովին, դատարանների նախագահների խորհրդին և արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ու քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը:

2. Դատական դեպարտամենտը դատարաններին և արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունն ապահովում է առանձնացված ստորաբաժանումների միջոցով:

3. Դատական դեպարտամենտը գործում է վճռաբեկ դատարանի նախագահի հաստատած կանոնադրության հիման վրա:

4. Դատական դեպարտամենտը՝

1) իրականացնում է կադրային քաղաքականությունը, ֆինանսաբյուջետային, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումներ՝ ուղղված դատական իշխանության արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծմանը.

2) կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների միջոցով իրականացնում է դատարանների, դատարանների նախագահների խորհրդի, դրա հանձնաժողովների, արդարադատության խորհրդի աշխատակազմի դերը.

3) նախապատրաստում է դատավորների ընդհանուր ժողովի, դատարանների նախագահների խորհրդի և դրա հանձնաժողովների նիստերը.

4) վերլուծում և ամփոփում է դատական պրակտիկան և դատական վիճակագրությունը.

5) վարում է դատավորների անձնական գործերը.

6) կազմակերպում է դատարանների պաշտոնական ինտերնետ կայքի աշխատանքը.

7) իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով, դատական դեպարտամենտի կանոնադրությամբ, դատարանների նախագահների և արդարադատության խորհրդի որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

5. Դատական դեպարտամենտը արդարադատության խորհրդի աշխատակազմ առանձնացված ստորաբաժանման միջոցով`

1) կատարում է արդարադատության խորհրդի աշխատակարգային որոշումները, ինչպես նաև արդարադատության խորհրդի այն անդամի հանձնարարությունները, որին արդարադատության խորհրդի որոշմամբ տրվել են հանձնարարություններ.

2) նախապատրաստում է արդարադատության խորհրդի նիստերը, արդարադատության խորհրդի անդամներին և շահագրգիռ անձանց է ուղարկում արդարադատության խորհրդում քննվող հարցերի վերաբերյալ նյութերը, արձանագրում է արդարադատության խորհրդի նիստերը, առաքում և հրապարակում է արդարադատության խորհրդի ընդունած ակտերը:

6. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը և դրա առանձնացված ստորաբաժանումները ֆինանսավորվում են պետական բյուջեից` առանձին տողերով:

7. Դատական իշխանության բյուջետային գործընթացն իրականացնում է դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը` առանձնացված ստորաբաժանումների ներկայացրած բյուջետային հայտերի հիման վրա:

 

Հոդված 4. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները և առանձնացված ստորաբաժանումները

 

1. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները կազմված են վարչություններից, բաժիններից, ծառայություններից և դատարանների նախագահների խորհրդի հաստատած այլ ստորաբաժանումներից: Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումները կազմված են դատարանների, արդարադատության խորհրդի աշխատակազմերից և դատարանների նախագահների խորհրդի սահմանած այլ ստորաբաժանումներից:

2. Դատարանների նախագահների խորհրդի գործունեությունը սպասարկում են դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները:

3. Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է դատական դեպարտամենտի առանձին գործառույթներ, այն է` ապահովում է տվյալ դատարանի, արդարադատության խորհրդի կամ դատական իշխանության այլ մարմնին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը:

4. Առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, անհատականացման այլ միջոցներ: Առանձնացված ստորաբաժանումների ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է գանձապետական բաժանմունքների համապատասխան հաշիվների միջոցով:

5. Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման անմիջական ղեկավարումն իրականացնում է առանձնացված ստորաբաժանման ղեկավարը: Առանձնացված ստորաբաժանման ղեկավարը`

1) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս դատական դեպարտամենտի անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում գործարքներ.

2) առանձնացված ստորաբաժանման առանձին գործառույթներն իրականացնելու համար տալիս է լիազորագրեր.

3) նշանակում և ազատում է առանձնացված ստորաբաժանման տեխնիկական սպասարկումն իրականացնող աշխատակիցներին.

4) օրենքով, այլ իրավական ակտերով և հիմնադրի սահմանած կարգով տնօրինում է առանձնացված ստորաբաժանման ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

5) առանձնացված ստորաբաժանման անունից ներկայացնում է հաշվետվություններ.

6) ներկայացնում է առանձնացված ստորաբաժանումն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.

7) իրականացնում է օրենքով, կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ և պարտականություններ։

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված 5.

Դատական ծառայության կառավարման մարմինները

 

1. Դատական ծառայության կառավարման մարմինը դատարանների նախագահների խորհուրդն է:

2. Դատական ծառայության կառավարման առանձին գործառույթներ իրականացնում է վճռաբեկ դատարանի նախագահը:

 

Հոդված 6.

Դատական ծառայության ղեկավարման մարմինը

 

1. Դատական ծառայության ղեկավարման մարմինը դատական դեպարտամենտի ղեկավարն է, որն ապահովում է դատական ծառայության իրականացումը:

2. Դատական դեպարտամենտի ղեկավարը դատական ծառայող է:

3. Դատական դեպարտամենտի ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով, դատական դեպարտամենտի կանոնադրությամբ, դատարանների նախագահների խորհրդի որոշումներով և այլ իրավական ակտերով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

 

Հոդված 7.

Դատական ծառայության պաշտոնները

 

1. Դատական ծառայության պաշտոնը սույն օրենքով սահմանված կարգով հաստատված պաշտոնների անվանացանկով նախատեսված դատական ծառայության պաշտոնն է:

2. Դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են ըստ խմբերի և ենթախմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, խնդիրների բարդության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

3. Դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են ըստ հետևյալ խմբերի.

1) դատական ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) դատական ծառայության գլխավոր պաշտոններ.

3) դատական ծառայության առաջատար պաշտոններ.

4) դատական ծառայության կրտսեր պաշտոններ:

4. Յուրաքանչյուր խմբի դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են 1-ին և 2-րդ ենթախմբերի:

5. Դատական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

6. Դատական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձը համարվում է դատական ծառայող:

7. Սույն օրենքով նախատեսված դեպքերում դատավորին հատկացվող դատական ծառայության պաշտոններում աշխատող անձինք համարվում են դատավորին կցվող դատական ծառայողներ:

 

Հոդված 8.

Դատական ծառայության դասային աստիճանները

 

1. Դատական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

1) դատական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճաններ.

2) դատական ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ, ինչպես նաև 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան.

3) դատական ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

4) դատական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

2. Դատական ծառայության բարձրագույն խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ:

3. Դատական ծառայության մյուս դասային աստիճանները շնորհում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է դատական դեպարտամենտի ղեկավարը:

4. Դատական ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ դատական ծառայողին շնորհվում է դատական ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի դատական կամ պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճան: Տվյալ դեպքում անձը պահպանում է իր ավելի բարձր դասային աստիճանը:

5. Դատական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով սահմանված կարգով գործունեության գնահատման արդյունքում:

6. Դատական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձին դատական ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո:

7. Դատական ծառայողների դասային աստիճանները պահպանվում են աշխատանքից ազատվելիս, պետական ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելիս, այդ թվում` նաև դատական ծառայության համակարգում:

8. Դատական ծառայության դասային աստիճանն իջեցվում է դատական կարգով` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի դիմումի հիման վրա` որպես կարգապահական տույժի տեսակ, բացառությամբ դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճանների:

9. Դատական ծառայողը դատական ծառայության դասային աստիճանից զրկվում է սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում:

 

Հոդված 9.

Դատական ծառայության պաշտոնները

 

1. Դատական ծառայության պաշտոնները սահմանվում են դատական ծառայության պաշտոնների սպառիչ ցանկով` դատական ծառայության պաշտոնների անվանացանկով:

2. Օրենքներով և այլ իրավական ակտերով դատավորին կցված դատական ծառայողների, ինչպես նաև դատական դեպարտամենտի գործունեության համար նախատեսված այլ պաշտոնները ներառվում են դատական ծառայության պաշտոնների անվանացանկում` սույն օրենքի 1-ին հոդվածի չորրորդ մասի պահանջների հաշվառմամբ:

 

Հոդված 10.

Դատական ծառայության պաշտոնի անձնագիրը

 

1. Դատական ծառայության պաշտոնի անձնագիրը փաստաթուղթ է, որը սահմանում է այդ պաշտոնը զբաղեցնող ծառայողի գործառույթները, նրա պաշտոնական իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու ներկայացուցչությունը, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների, կարողությունների ու աշխատանքային հմտությունների, ինչպես նաև դատական ծառայության համապատասխան փորձի պահանջները:

2. Դատական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է դատարանների նախագահների խորհուրդը: Դատական ծառայության պաշտոնների անձնագրերի նկարագրերի ներկայացման պարտականությունը կրում է դատական դեպարտամենտի ղեկավարը:

3. Դատական ծառայության պաշտոնների անձնագրերը պետք է առնվազն ներառեն սույն հոդվածի չորրորդ, հինգերորդ, վեցերորդ մասերով նախատեսված պահանջները, բացառությամբ դատավորին կցված դատական ծառայողների պաշտոնների անձնագրերի:

4. Դատական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը ներառում են առնվազն հետևյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ) կրթություն.

2) դատական (պետական) ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

5. Դատական ծառայության գլխավոր պաշտոնների անձնագրերը ներառում են հետևյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ) կրթություն.

2) դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

6. Դատական ծառայության առաջատար պաշտոնների անձնագրերը ներառում են հետևյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ) կրթություն.

2) դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

3) դատական ծառայության կրտսեր պաշտոնների անձնագրերը ներառում են առնվազն միջնակարգ կրթության պահանջը:

7. Յուրաքանչյուր ստորադաս խմբում դատական ծառայության անցնելու համար բավարար է ավելի բարձր խմբի համար սահմանված պահանջները բավարարելը:

 

Հոդված 11.

Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը

 

1. Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատում և փոփոխում է դատարանների նախագահների խորհուրդը: Բյուջետային տարվա ընթացքում դատական ծառայության պաշտոնների անվանացանկի և հաստիքների քանակի փոփոխությունները կատարվում են տվյալ տարվա բյուջետային միջոցների շրջանակում: Դատական ծառայության պաշտոնների անվանացանկի և հաստիքների քանակի ներկայացման պարտականությունը կրում է դատական դեպարտամենտի ղեկավարը:

2. Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների հաստիքացուցակները հաստատում է (փոփոխում է) դատական դեպարտամենտի ղեկավարը՝ դատարանների նախագահների խորհրդի կողմից դատական ծառայողների անվանացանկը հաստատվելուց հետո` մեկամսյա ժամկետում: Հաստիքացուցակը ներառում է դատական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների հաստիքները, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հաստիքները և վարձատրության չափը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 12.

Դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

 

Սույն օրենքով սահմանված կարգով դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, 18 տարին լրացած, հայերենին պատշաճ տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

 

Հոդված 13.

Դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձինք

 

1. Դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր՝

1) դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել են պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը դատական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը.

4) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) խուսափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

2. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 14. Դատական ծառայության պաշտոնի նշանակումը

 

1. Դատական ծառայության պաշտոններում նշանակումներ կատարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

2. Դատական ծառայության պաշտոնում նշանակված անձինք օրենքով նախատեսված՝ պաշտոնից ազատման հիմքերի բացակայության դեպքում անփոփոխելի են:

3. Դատական ծառայության պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է`

1) դատական դեպարտամենտի ղեկավարին` վճռաբեկ դատարանի նախագահը` դատարանների նախագահների խորհրդի դրական եզրակացության հիման վրա.

2) դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին` վճռաբեկ դատարանի նախագահը` դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ.

3) դատական ծառայության մյուս պաշտոններում` դատական դեպարտամենտի ղեկավարը` համապատասխանաբար դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների ներկայացմամբ.

4) սույն օրենքով նախատեսված դեպքում դատավորին կցված դատական ծառայության պաշտոններում՝ դատական դեպարտամենտի ղեկավարը՝ տվյալ դատավորի ներկայացմամբ:

4. Առաջին անգամ դատական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 15. Դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակելու կարգը

 

1. Դատական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցութային կարգով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքով նախատեսված կարգով անցկացված փակ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում, ինչպես նաև դատական ծառայության կրտսեր թափուր պաշտոնների համար անցկացվում է բաց մրցույթ՝ սույն օրենքով սահմանված կարգով:

3. Դատավորին կցված դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է դատավորի ներկայացմամբ, առանց մրցույթի: Դատավորին կցվող դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակվող անձը պետք է համապատասխանի տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին:

4. Դատավորի առաջարկությամբ իրեն կցվող դատական ծառայության թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել սույն օրենքով նախատեսված մրցութային կարգով: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձը նշանակվում է թափուր պաշտոնում` սույն օրենքով նախատեսված կարգով: 

 

Հոդված 16. Դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող փակ մրցույթը

 

1. Դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում, բացառությամբ դատական դեպարտամենտի ղեկավարի և դատական ծառայության կրտսեր պաշտոնների, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերի, այդ պաշտոնի զբաղեցման համար անցկացվում է փակ մրցույթ: Փակ մրցույթին կարող են մասնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող դատական ծառայողները և սույն օրենքով սահմանված կարգով կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:

2. Դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար փակ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է թափուր պաշտոնն առաջանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, մրցույթն անցկացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, այնպես, որ ապահովվի այդ մրցույթին տեղեկանալու և դրան մասնակցելու ողջամիտ հնարավորությունը: Նշված հայտարարությունը պետք է հրապարակվի դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում:

3. Փակ մրցույթը անցկացվում է հարցազրույցի միջոցով, որի ընթացքում հաշվի է առնվում մրցույթի մասնակցի գործունեության գնահատման բնութագիրը: Հարցազրույցն անցկացվում է սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Փակ մրցույթի անցկացման կարգը սահմանում է դատարանների նախագահների խորհուրդը:

 

Հոդված 17. Դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթը
 

1. Սույն օրենքով սահմանված կարգով փակ մրցույթի արդյունքում նշանակում չկատարելու, ինչպես նաև դատական ծառայության թափուր կրտսեր պաշտոն առաջանալու դեպքերում դատական դեպարտամենտի ղեկավարը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում այդ պաշտոնները զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին (այսուհետ՝ մրցույթ):

2. Դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում: Նշված հայտարարությունը պետք է հրապարակվի այնպես, որ ապահովվի այդ մրցույթին տեղեկանալու և դրան մասնակցելու ողջամիտ հնարավորությունը:

3. Դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներն անցկացնում են սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված մրցութային հանձնաժողովները, իսկ անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ու մրցութային հանձնաժողովների գործունեության կազմակերպական ապահովումն իրականացնում է դատական դեպարտամենտը:

4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

5. Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ անձ:

6. Մրցույթն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի փուլերով:

 

Հոդված 18.

Թեստավորումը բաց մրցույթում

 

1. Թեստավորման նպատակը դատական ծառայության թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջների համապատասխանության ստուգումն է:

2. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր: Թեստերը կազմվում են դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով:

3. Թեստավորման փուլում հաղթող են ճանաչվում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

4. Թեստավորման անցկացման կարգը սահմանում է դատարանների նախագահների խորհուրդը:

 

Հոդված 19.

Բաց մրցույթի հարցազրույցի փուլը և արդյունքների ամփոփումը

 

1. Հարցազրույցն անցկացվում է թեստավորման փուլում հաղթող ճանաչված մասնակցին գնահատելու և մրցույթի արդյունքներն ամփոփելու նպատակով:

2. Հարցազրույցի փուլում մասնակիցները գնահատվում են ըստ յուրաքանչյուր գնահատման ենթակա հատկանիշի՝ միավորային կարգով:

3. Մրցութային հանձնաժողովի անդամների գնահատականների ամփոփման արդյունքում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը համարվում է մրցույթի հաղթող: Եթե միավորների առավելագույն քանակ հավաքել են մեկից ավելի թեկնածուներ, ապա հաղթողին որոշում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը:

4. Հարցազրույցի անցկացման և թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը սահմանում է դատարանների նախագահների խորհուրդը:

5. Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո` ոչ ուշ, քան հաջորդ օրը, մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կամ մասնակիցների վերաբերյալ ամփոփիչ արձանագրությունը ներկայացնում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Ամփոփիչ արձանագրությունը պարունակում է տվյալներ մրցույթում հաղթած անձի կամ անձանց վերաբերյալ:

6. Ամփոփիչ արձանագրությունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին կամ հաղթող ճանաչված մասնակիցներից որևէ մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

 

Հոդված 20.

Մրցույթի արդյունքների հրապարակումը, կրկնակի մրցույթը

 

1. Մրցույթի արդյունքները տրամադրվում են մրցույթի մասնակիցներին կամ հանրային ծանոթացման համար փակցվում են դատական դեպարտամենտի վարչական շենքում՝ մատչելի վայրում:

2. Կրկնակի մրցույթ անցկացվում է, երբ՝

1) մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման փուլում չի հավաքում անհրաժեշտ միավորների նվազագույն քանակը.

2) մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել.

3) ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն օրենքի 17-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը.

4) դիմում տված քաղաքացիներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին.

5) մրցույթն անցկացվել է սույն օրենքի և դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգի էական խախտմամբ.

6) մրցույթը դատական կարգով ճանաչվել է անվավեր:

3. Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մրցույթը համարվում է չկայացած: Չկայացած մրցույթի արդյունքում պաշտոնի նշանակված անձը ենթակա է ազատման:

5. Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած, կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա դատական ծառայության տվյալ թափուր պաշտոնը համալրվում է կադրերի ռեզերվում գտնվող անձանցից` հարցազրույցով, ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման միջոցով:

6. Կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում նոր մրցույթը հայտարարվում է 2 ամիս հետո:

7. Դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթներին դատական ծառայողները, ինչպես նաև կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով:

 

Հոդված 21. Դատական ծառայության մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և աշխատակարգը

 

Դատական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը, ինչպես նաև դրանց աշխատակարգը սահմանում է դատարանների նախագահների խորհուրդը:

 

Հոդված 22.

Դատական ծառայության ստաժը

 

1. Դատական ծառայության ստաժը ներառում է դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու ողջ ժամանակահատվածը, ինչպես նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված դատական ծառայության պաշտոններին համարժեք պաշտոններում դատարաններում աշխատած ողջ ժամանակահատվածը:

2. Դատական ծառայության ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ դատական ծառայողի ընդհանուր, մասնագիտական աշխատանքային ստաժում և պետական ծառայության ստաժում:

 

Հոդված 23. Դատական ծառայողների ուսման կամ վերապատրաստման համար տրամադրվող արձակուրդները

 

1. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով դատական ծառայողին կարող է տրամադրվել ուսումնական արձակուրդ:

2. Նման արձակուրդի դեպքում պահպանվում են դատական ծառայողի՝

1) դատական ծառայության պաշտոնը և դատական ծառայության ստաժը, վերապատրաստման դեպքում` վարձատրությունը, մինչև մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում՝ դատական դեպարտամենտի ղեկավարի թույլտվությամբ` նաև վարձատրությունը.

2) դատական ծառայության պաշտոնը և դատական ծառայության ստաժը, մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում՝ վճռաբեկ դատարանի նախագահի թույլտվությամբ:

 

Հոդված 24. Դատական ծառայողին փոխարինելը և նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը

 

1. Դատական ծառայության պաշտոնը ժամանակավորապես թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող դատական ծառայողը, իսկ վերջինիս բացակայության դեպքում նշանակումը կատարվում է մինչև երեք ամիս ժամկետով կադրերի ռեզերվում ընդգրկված այն անձանց թվից, ովքեր համապատասխանում են տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին:

2. Երեք ամսից ավելի ժամկետով պաշտոնը թափուր մնալու դեպքում այն համալրվում է տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով:

3. Ժամկետային աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է դատական ծառայողի ծառայության ներկայանալու օրը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

 

Հոդված 25.

Դատական ծառայողի գործունեության գնահատումը

 

1. Դատական ծառայողի գործունեության գնահատումն իրականացվում է տարին մեկ անգամ իր անմիջական ղեկավարի, իսկ դատավորին կցված դատական ծառայողինը` դատավորի կողմից կազմված՝ դատական ծառայողի տարեկան գործունեության բնութագրի (այսուհետ՝ բնութագիր) հիման վրա:

2. Գնահատումը պարտադիր է նաև փորձաշրջանի ավարտից հետո:

3. Գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը սահմանում է դատարանների նախագահների խորհուրդը:

4. Դատական ծառայողների գործունեության գնահատման չափանիշները միասնական են բոլոր դատական ծառայողների համար: Դատական ծառայողների գործունեության գնահատումը պետք է լինի օբյեկտիվ, հստակ և սպառիչ գնահատական տա դատական ծառայողի պաշտոնին առաջադրվող բոլոր պահանջների կատարման վերաբերյալ:

 

Հոդված 26.

Դատական ծառայողի բնութագիրը

 

1. Դատական ծառայողի բնութագիրը կազմվում և համապատասխանաբար վճռաբեկ դատարանի նախագահին կամ դատական դեպարտամենտի ղեկավարին է ներկայացվում դատարանների նախագահների խորհրդի սահմանած ժամկետում:

2. Մինչև սույն հոդվածի առաջին մասի պահանջը կատարելը համապատասխան պաշտոնատար անձը բնութագրի օրինակը տրամադրում է բնութագրվող ծառայողին և դատարանի աշխատակազմի ղեկավարին, իսկ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների դատական ծառայողների դեպքում` համապատասխան պարտականություններ կատարող պաշտոնատար անձին: Աշխատակազմի ղեկավարը, իսկ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների դատական ծառայողների դեպքում համապատասխան պարտականություններ կատարող պաշտոնատար անձն իրավունք ունեն իրենց մասնավոր կարծիքը կցելու բնութագրին:

3. Դատական ծառայողն իրավունք ունի բնութագրի օրինակը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, գրավոր ընդունելու բնութագիրը կամ առարկելու դրան, ինչպես նաև գրավոր ընդունելու մասնավոր կարծիքը կամ առարկելու դրան: Դատական ծառայողի կողմից գրավոր առարկություն չներկայացնելը դիտվում է դատական ծառայողի համաձայնություն իր գործունեության գնահատմանը:

4. Դատական ծառայողի բնութագիրը պետք է պարունակի հետևյալ եզրակացություններից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

5. Զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին եզրակացություն տալիս համապատասխան պաշտոնատար անձը կարող է առաջարկություն ներկայացնել դատական ծառայողին խրախուսելու մասին:

6. Գործունեության գնահատման ենթակա չեն՝

1) տվյալ պաշտոնը վեց ամսից պակաս ժամկետով զբաղեցնող դատական ծառայողները, բացառությամբ դատական ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելու դեպքի.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատական ծառայողները.

3) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած դատական ծառայողները` վերադառնալուց հետո` վեց ամսվա ընթացքում:

7. Եթե ծառայողը տարվա ընթացքում տեղափոխվել է դատական ծառայության այլ պաշտոնի, ապա նրա գործունեության գնահատումն իրականացնում է այն անմիջական ղեկավարը, որի ենթակայությամբ ավելի երկար ժամանակահատված է գործել այդ աշխատողը:

8. Գործունեության գնահատման արդյունքներով վճռաբեկ դատարանի նախագահը կամ դատական դեպարտամենտի ղեկավարը բնութագիրն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, բնութագրի և մասնավոր կարծիքի հիման վրա կարող է կիրառել օրենքով նախատեսված խրախուսման որևէ տեսակ կամ դատական ծառայողին ուղարկել վերապատրաստման կամ ազատել դատական ծառայողին զբաղեցրած պաշտոնից: Դատական ծառայողը ազատվում է պաշտոնից, եթե վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:

 

Հոդված 27.

Դատական ծառայողի վերապատրաստումը

 

1. Յուրաքանչյուր դատական ծառայող պարտավոր է վերապատրաստվել դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով և պարբերականությամբ:

2. Պետական բյուջեում նախատեսվում են ծախսեր դատական ծառայողների վերապատրաստումն իրականացնելու համար:

3. Դատական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է դատարանների նախագահների խորհրդի որոշած եղանակներով:

4. Դատական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը հաստատում է դատարանների նախագահների խորհուրդը:

 

Հոդված 28.

Դատական ծառայողների կադրերի ռեզերվը

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով անցկացված բաց մրցույթների հաղթող ճանաչված և դատական ծառայության պաշտոնի չնշանակված անձինք, ինչպես նաև սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի և երկրորդ մասի հիմքով ազատված դատական ծառայողներն ընդգրկվում են դատական դեպարտամենտի կադրերի ռեզերվում:

2. Դատական դեպարտամենտի կադրերի ռեզերվում ընդգրկված և երեք տարի դատական ծառայության պաշտոն չստանձնած քաղաքացիները համարվում են կադրերի ռեզերվում չընդգրկված:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

 

Հոդված 29.

Դատական ծառայողի հիմնական իրավունքները

 

1. Դատական ծառայողի հիմնական իրավունքներն են՝

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) աշխատանքի վարձատրության, առողջության պաշտպանության, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

5) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

6) իրավական պաշտպանությունը.

7) դատական ծառայության դասային աստիճանի սահմանված կարգով բարձրացումը.

8) պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

9) մրցույթի և գործունեության գնահատման արդյունքները բողոքարկելը, այդ թվում՝ դատական կարգով.

10) դատական ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

2. Դատական ծառայողն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

 

Հոդված 30.

Դատական ծառայողի հիմնական պարտականությունները

 

1. Դատական ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները խստիվ պահպանելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ և բավարար գիտելիքների տիրապետելը.

3) դատական ծառայողի պաշտոնի անձնագրով սահմանված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը.

4) սահմանված կարգով տրված հանձնարարականները կատարելը.

5) իրավական ակտով սահմանված ներքին աշխատանքային կարգապահական կանոնները պահպանելը.

6) ներկայացված բոլոր փաստաթղթերն ու դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերն ուսումնասիրելը և սահմանված կարգով դրանց ընթացք տալը.

7) ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` գաղտնիքը պահպանելը ծառայությունը դադարեցնելուց հետո:

2. Դատական ծառայողը կրում է նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:

 

Հոդված 31.

Դատական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Դատական ծառայողն իրավունք չունի՝

1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և  ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու.

4) թույլ տալու դատարանների նախագահների խորհրդի հաստատած դատական ծառայողի էթիկայի նորմերի խախտումներ, իր ծառայողական դիրքն օգտագործելու անձնական կամ ծառայության շահերի հետ չառնչվող այլ նպատակներով.

5) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, դատական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

 

Հոդված 32.

Դատական ծառայողի սոցիալական երաշխիքները

 

1. Դատական ծառայողի համար երաշխավորվում են`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.

3) ամենամյա վճարովի արձակուրդ.

4) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը.

5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, դատական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության և պաշտպանության ապահովում բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:

2. Դատական ծառայողին ծառայողական անհրաժեշտության դեպքում հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:

 

Հոդված 33.

Դատական ծառայողի վարձատրությունը

 

1. Դատական ծառայողների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է «Դատական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Դատական ծառայողների աշխատանքի վարձատրության բազային դրույքաչափը հավասար է քաղաքացիական ծառայողների համար սահմանված բազային պաշտոնային դրույքաչափին:

3. Դատական ծառայողի հիմնական աշխատավարձը դատական ծառայության պաշտոնի ենթախմբին պատկանելությանն ու այդ պաշտոնում դատական ծառայողի ընդհանուր մասնագիտական և դատական ծառայության ստաժին համապատասխան պաշտոնային դրույքաչափն է:

 

Հոդված 34.

Դատական ծառայողի սոցիալական ապահովությունը

 

Դատական ծառայողի սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 35. Դատական ծառայողի իրավական վիճակը դեպարտամենտի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության ժամանակ

 

1. Դատական դեպարտամենտի վերակազմակերպումը կամ կառուցվածքային փոփոխությունները դատական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ վերակազմակերպումն ուղեկցվում է հաստիքների կրճատմամբ:

2. Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է դատական ծառայության առավել բարձր դասային աստիճան ունեցող դատական ծառայողին, այս պայմանի հավասարության դեպքում՝ դատական ծառայության առավել երկար ստաժ ունեցող դատական ծառայողին, իսկ վերջին պայմանի հավասարության դեպքում` առավել երկար ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող դատական ծառայողին:

 

Հոդված 36.

Դատական ծառայողի անձնական գործը

 

1. Դատական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է դատական դեպարտամենտը:

2. Դատական ծառայողների անձնական գործերի վարման կարգը հաստատում է դատարանների նախագահների խորհուրդը:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

Հոդված 37.

Դատական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առանձին առաջադրանքները կատարելու համար դատական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները` դասային աստիճանի բարձրացում և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված խրախուսանքի այլ տեսակներ:

2. Դատական ծառայողի նկատմամբ խրախուսանքի տեսակները կիրառում են`

1) դասային աստիճանի բարձրացման դեպքում՝ դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք.

2) մյուս դեպքերում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք:

 

Հոդված 38.

Դատական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները գերազանցելու, ներքին աշխատանքային կարգապահական և դատական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու դեպքերում դատական ծառայողի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգապահական, ինչպես նաև սույն օրենքի 8-րդ հոդվածի ութերորդ մասով նախատեսված տույժերը: Դատական ծառայողի նկատմամբ տույժերի տեսակները կիրառում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք:

2. Մինչև կարգապահական տույժ նշանակելը պետք է գրավոր բացատրություն պահանջվի կարգապահական խախտում թույլ տված դատական ծառայողից: Դատական ծառայողի կողմից գրավոր բացատրություն չներկայացվելու դեպքում կարգապահական տույժը նշանակվում է անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա:

 

Հոդված 39.

Դատական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

 

1. Ի թիվս Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված հիմքերի` դատական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

2) դատական ծառայողի վարքագծի կանոնի կոպիտ խախտումը.

3) դատական ծառայողի գործունեության գնահատման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացությունը.

4) դատական ծառայության տվյալ պաշտոնի վերացումը (կրճատումը).

5) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

6) սույն օրենքի պահանջների խախտմամբ դատական ծառայության պաշտոնի նշանակվելը.

7) դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունենալը կամ դատական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին չհամապատասխանելը.

8) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

9) դատական կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

10) օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով ազատազրկման դատապարտվելը.

11) դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը:

2. Դատավորին կցվող դատական ծառայողների համար պաշտոնից ազատելու հիմք է նաև դատավորի փոխադրումը կամ լիազորությունների դադարեցումը:

3. Դատական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ:

4. Դատական ծառայողի գործունեության գնահատման, երկարատև անաշխատունակության, դատական ծառայության պաշտոնի վերացման (կրճատման) հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող, պարտադիր զինվորական ծառայություն անցնող դատական ծառայողները:

 

Հոդված 40.

Դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

 

1. Դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ` դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ, դատական ծառայողը կարող է մինչև հինգ տարի ժամկետով շարունակել պաշտոնավարումը:

 

Հոդված 41. Դատական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու կամ պաշտոնից ազատելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

 

1. Դատական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` դատական ծառայության պաշտոնից ազատելու մասին որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

2. Դատական ծառայության պաշտոնից ազատելու մասին իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում դատական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 42.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Սույն օրենքի 33-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվար ամսվա առաջին աշխատանքային օրվանից: Մինչև «Դատական ծառայողի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը դատական ծառայողների վարձատրությունն իրականացվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Աշխատանքի վարձատրության հաշվարկման համար դատական ծառայության դասային աստիճանները հավասար են քաղաքացիական ծառայության համար նախատեսված դասային աստիճաններին:

 

Հոդված 43. Դատական դեպարտամենտի կանոնադրության հաստատումը և ստեղծումը

 

1. Դատական դեպարտամենտը ենթակա է ստեղծման, կանոնադրությունը և պաշտոնների անվանացանկը` հաստատման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

2. Դատական դեպարտամենտի և դրա առանձնացված ստորաբաժանումների ստեղծման պահից դադարում է դատարանների պետական կառավարչական հիմնարկների գործունեությունը:

 

Հոդված 44.

Դատական ծառայողների առաջին վերապատրաստումը

 

Դատական ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկրորդ ամսվա առաջին աշխատանքային օրվանից:

 

Հոդված 45.

Դատական ծառայողների առաջին գործունեության գնահատումը

 

Վերապատրաստում անցած դատական ծառայողների առաջին գործունեության գնահատումն անցկացվում է վերապատրաստումից հետո` մեկամսյա ժամկետում:

 

Հոդված 46. Դատական ծառայության դասային աստիճան շնորհելը

 

Դատական ծառայության դասային աստիճանները ենթակա են շնորհման դատական ծառայողի առաջին վերապատրաստման և գործունեության գնահատման արդյունքում մինչև 2007 թվականը:

 

Հոդված 47.

Դատարանների աշխատողներին դատական ծառայողներ համարելը

 

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են դատական ծառայողներ:

 

Հոդված 48.

Ժամկետային աշխատանքային պայմանագրերի լուծումը

 

Դատական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատողների հետ կնքված պայմանագրերը համարվում են լուծված սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երրորդ ամսվա առաջին աշխատանքային օրվանից, եթե այդ պայմանագրերով դրանց լուծման ավելի վաղ ժամկետներ նախատեսված չեն:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հուլիսի 12
Երևան
ՀՕ-159-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան