ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0890/11/20 | ||
Գործ թիվ ԵԴ/0890/11/20 |
|||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի |
2022 թվականի փետրվարի 2-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Կարինե Լալազարյանի ներկայացուցիչ Մ.Մարտիրոսյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մարտի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի սեպտեմբերի 4-ին Կարինե Լալազարյանը ՀՀ դատախազության աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները ենթադրաբար չարաշահելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության (այսուհետ` նաև ՀՔԾ) պետին:
2020 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանը Կ.Լալազարյանին գրությամբ պատասխանել է, որ դիմումը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու և դրա հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու հիմքերը բացակայում են, քանի որ դրանում բացի դիմումատուի սուբյեկտիվ դատողություններից և ենթադրություններից, կոնկրետ հանցագործության մասին փաստեր և տեղեկություններ առկա չեն:
2. Վերոնշյալ գրության դեմ դիմող Կ.Լալազարյանի ներկայացուցիչ Մ.Մարտիրոսյանի բողոքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ մերժվել է:
3. Դիմող Կ.Լալազարյանի ներկայացուցիչ Մ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2021 թվականի մարտի 3-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը բեկանել է և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնելու որոշմամբ արձանագրված իրավունքների խախտումը։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցներից վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել դիմող Կ.Լալազարյանի ներկայացուցիչ Մ.Մարտիրոսյանը՝ խնդրելով այն թողնել առանց քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Կ.Լալազարյանը ՀՔԾ պետին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հանդիսացել է «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն, որտեղ իրականացված ստուգումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 68102019 քրեական գործը, որի շրջանակներում, ի թիվս այլոց, մեղադրանք է առաջադրվել նաև իրեն, և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ իր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն հաղորդման մեջ Կ.Լալազարյանը նշել է. «2019 թվականի ապրիլ ամսին մարզի դատախազի մոտ այցելում է քույրս (…), փորձում է ևս մեկ անգամ ներկայացնել իրավիճակը՝ նշելով, որ ունեմ մանկահասակ երեխա և իմ կալանքը ծանր է անդրադառնում երեխայի վրա: Դատախազը պայման է դնում, որ ես կարող եմ ազատվել կալանքից միայն այն դեպքում, եթե աշխատանքից ազատման դիմում գրեմ: (…) [Ե]ս ընդունում եմ դատախազության ներկայացրած ապօրինի գործարքը և աշխատանքից ազատման դիմում գրում, որից հետո միայն իմ նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվում է:
(…)
Ազատության սահմանափակումը վերացնելու դիմաց օրենքով չնախատեսված պահանջ, այդ թվում՝ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու պահանջը, չի կարող համարվել օրինական՝ այն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ»1:
6. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(…) Կ.Լալազարյանի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված 2020թ. սեպտեմբերի 4-ի հաղորդումն առերևույթ չի համապատասխանել որոշակիության բովանդակային չափանիշին, մասնավորապես՝ չի բովանդակել տեղեկություններ կոնկրետ հանցավոր արարքի հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին, որոնք հնարավորություն կտան ողջամիտ ենթադրություն անել, որ այդ տեղեկությունների ստուգման արդյունքում կարող են հայտնաբերվել քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: Հաղորդումը կրել է վերացական բնույթ, որի պայմաններում բացառվում է քրեադատավարական գործիքակազմի անհիմն և աննպատակահարմար կիրառումը, հետևաբար նաև՝ ոչ հանցավոր իրադարձությունների կապակցությամբ անձանց իրավունքների և օրինական շահերի սահմանափակումները և հանրային ռեսուրսների վատնումը:
Դատարանը գտնում է, որ հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները բավարար չեն այն քննարկելուն, ստուգելուն և լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները գործողության մեջ դնելու նպատակով պետական գործիքակազմն օգտագործելու համար և ողջամիտ հավանականություն չկա, որ դրանց ստուգման արդյունքում կարող են հայտնաբերվել քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: (…)
Վերոնշյալի հիման վրա դատարանն արձանագրում է, որ Կ.Լալազարյանի կողմից ներկայացված հաղորդումը չի համապատասխանում քրեական գործ հարուցելու առիթին ներկայացվող պահանջներին, իսկ անհիմն բողոքների ուղղությամբ քննություն իրականացնելով, անտեղի խաթարվում է իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը, որոնք հարկադրված են լինում ուժեր և միջոցներ վատնել չկատարված հանցագործության բացահայտման համար (...)»2:
7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ քրեադատավարական օրենսդրությունը սահմանում է քրեական գործի հարուցման հարցը լուծելու համար անհրաժեշտ միասնական և պարտադիր կարգ, որը ենթադրում է հանցագործության մասին հաղորդման ընդունում և գրանցում, դրա մեջ արձանագրված փաստական տվյալների ստուգում և պատճառաբանված որոշման կայացում, իսկ որպեսզի հաղորդումը հիմք հանդիսանա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործության մասին, ինչը տվյալ դեպքում առկա է եղել:
Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է մասնավորապես այն հանգամանքով, որ Կարինե Լալազարյանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 04-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությանը ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Հ.Ենոքյանը պատասխանել է գրությամբ, այսինքն՝ նախաքննական մարմնի կողմից չի կայացվել համապատասխան որոշում, այլ դիմողին տրվել է գրավոր պատասխան, ինչը նախատեսված չէ օրենսդրությամբ: Նշվածից հետևում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Հ.Ենոքյանի կողմից դրսևորվել է անգործություն, այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը չկայացնելով, խախտվել են դիմողի իրավունքները (...)»3։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում կայացվել է անհիմն և անօրինական դատական ակտ:
Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի՝ բողոք բերած անձը նշել է, որ Կ.Լալազարյանի ներկայացրած հաղորդումը՝ որպես քրեական գործ հարուցելու առիթ, չի համապատասխանում որոշակիության բովանդակային չափանիշին, կրում է վերացական բնույթ, դրանում ներկայացված չեն քաղաքացու ընդունելության և դրա ընթացքում վերջինիս խնդրանքի՝ Կ.Լալազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու հարցի քննարկման ընթացքում դատախազի ոչ իրավաչափ վարքագծի կամ ենթադրյալ հանցագործության հատկանիշների մասին տեղեկություններ:
Բողոքի հեղինակը փաստել է նաև, որ ստորադաս դատարանի դատական ակտը պատճառաբանված չէ, քանի որ Վերաքննիչ դատարանը որևէ անդրադարձ չի կատարել Կ.Լալազարյանի ներկայացրած հաղորդման բովանդակությանը և չի նշել, թե դատախազի կողմից իր լիազորությունների սահմաններում կատարված գործողության և ընդունված որոշման պայմաններում ինչումն է դրսևորվել ենթադրյալ հանցագործությունը և թե ինչ հանգամանքների գնահատման արդյունքում է դատարանը եկել նման հետևության:
9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մարտի 3-ի որոշումը՝ մերժելով Մ.Մարտիրոսյանի կողմից ներկայացված բողոքը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք դիմող Կ.Լալազարյանի իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`
1) քրեական գործ հարուցելու մասին.
2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.
3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին»։
12. Մեջբերված քրեադատավարական դրույթների կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ հանցագործության մասին հաղորդումը` որպես քրեական գործ հարուցելու առիթ, իրենից ներկայացնում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի գրավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդում իրականացնող մարմնին` կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվությամբ։ Առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց մտնել իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի գործունեություն։ Ընդ որում, քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին, և միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու և քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում ընդունելու համար։ Այսինքն` քրեական գործ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, այլ միայն հանցագործության մասին արված հաղորդումը։ Միևնույն ժամանակ հանցագործության մասին հաղորդումը, այդ թվում՝ ֆիզիկական անձի կողմից տրված, չի կարող լինել վերացական կամ ընդհանուր բնույթի։ Որպեսզի հաղորդումը հիմք հանդիսանա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործության մասին4։
12.1. Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները՝ Հրայր Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «Հանցագործության մասին հաղորդումն իրավաբանական փաստ է, որն առաջացնում է այն ստուգելուն և լուծելուն ուղղված դատավարական իրավահարաբերություններ: Հաղորդումը` որպես քրեական գործ հարուցելու առիթ, պետք է համապատասխանի որոշակիության բովանդակային չափանիշին, մասնավորապես` բովանդակի տեղեկություն կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Նշվածը, սակայն, չի ենթադրում, որ քննարկման և լուծման ենթակա է միայն այն հաղորդումը, որը պարունակում է քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: Հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները կարող են բավարար լինել այն քննարկելուն, ստուգելուն և լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներ) գործողության մեջ դնելու համար, եթե ողջամիտ հավանականություն կա, որ դրանց ստուգման արդյունքում կարող են հայտնաբերվել, այլ ոչ թե հաստատապես հայտնաբերվելու են քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկված չափանիշին համապատասխանող յուրաքանչյուր հաղորդում առաջացնում է վարույթ իրականացնող մարմնի պարտականությունը դրա կապակցությամբ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը»5։
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն՝ «1.Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված։
(…)
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված։ Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»։
Վճռաբեկ դատարանը Արսեն Մակարյանի վերաբերյալ գործով որոշմամբ արձանագրել է. «(...) [Յ]ուրաքանչյուր դեպքում դատարանները պարտավոր են կայացնել ոչ միայն օրինական և հիմնավոր, այլև բավարար չափով և պատշաճ կերպով պատճառաբանված դատական ակտեր։ Այլ կերպ՝ դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ։ Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող բացառապես հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների հիման վրա։ Հակառակ պարագայում քրեական դատավարության խնդիրները չեն իրագործվի, իսկ տրամաբանությունը՝ կխարխլվի։ Դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին» 6:
Վճռաբեկ դատարանը Էրիկ Մարգարյանի գործով արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս, վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու՞ է եկել այս կամ այն հետևության, և ո՞ր իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս։
Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերոնշյալ պահանջների պահպանման պարագայում միայն վճռաբեկ դատարանը հնարավորություն կունենա ստուգել կայացված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը7։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ
- Կ.Լալազարյանի՝ ՀՔԾ պետին հասցեագրված՝ ՀՀ դատախազության աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները ենթադրաբար չարաշահելու վերաբերյալ հաղորդմանը ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանը գրությամբ պատասխանել է, որ այն որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու և դրա հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու հիմքերը բացակայում են, քանի որ դրանում բացի դիմումատուի սուբյեկտիվ դատողություններից և ենթադրություններից, կոնկրետ հանցագործության փաստերի մասին տեղեկություններ առկա չեն8:
- Առաջին ատյանի դատարանը, վերոնշյալ գրության դեմ Կ.Լալազարյանի ներկայացուցիչ Մ.Մարտիրոսյանի ներկայացրած բողոքը մերժել է՝ պատճառաբանելով, որ Կ.Լալազարյանի հաղորդումն առերևույթ չի համապատասխանել որոշակիության բովանդակային չափանիշին, չի բովանդակել տեղեկություններ կոնկրետ հանցավոր արարքի հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին, հետևաբար վարույթն իրականացնող մարմինը պարտավոր չէր դրա կապակցությամբ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը 9:
- Վերաքննիչ դատարանը, դիմող Կ.Լալազարյանի ներկայացուցիչ Մ.Մարտիրոսյանի բողոքը բավարարելով և ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելով, արձանագրել է, որ քրեադատավարական օրենսդրությունը սահմանում է քրեական գործի հարուցման հարցը լուծելու համար անհրաժեշտ միասնական և պարտադիր կարգ, որը ենթադրում է հանցագործության մասին հաղորդման ընդունում և գրանցում, դրա մեջ արձանագրված փաստական տվյալների ստուգում և պատճառաբանված որոշման կայացում, իսկ որպեսզի հաղորդումը հիմք հանդիսանա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործության մասին, ինչը տվյալ դեպքում առկա է եղել10:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտում արտացոլված հետևությունները պատճառաբանված չեն: Այսպես՝ Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի հետևություններին, իր դատական ակտի պատճառաբանության հիմքում դրել է այն ընդհանրական դատողությունը, թե Կ.Լալազարյանի ներկայացրած հաղորդումը բովանդակել է կոնկրետ հանցագործության մասին տվյալներ և որևէ կերպ չի անդրադարձել դրա բովանդակությանը՝ չհստակեցնելով, թե հաղորդման մեջ նշված ո՞ր տեղեկություններն են հիմք տալիս դատարանին նման եզրահանգում կատարելու համար, այլ կերպ՝ անհայտ է, թե դատարանը ո՞ր հանգամանքների գնահատման արդյունքում է եկել նման հետևության և առերևույթ ի՞նչ ենթադրյալ հանցավոր արարքի վերաբերյալ տեղեկություններ են առկա ներկայացված հաղորդման մեջ:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի համապատասխանում դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջին և այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը զրկված է բողոքարկված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելու հնարավորությունից։
16. Ուստի, հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դիմող Կ.Լալազարյանի իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:
17. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մարտի 3-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու համար11:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշմամբ արձանագրված խախտումների պայմաններում զրկված է բողոքաբերի մյուս փաստարկների կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից, քանի որ դրանք կարող են քննարկման առարկա դարձվել սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները՝ կայացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող դատական ակտ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Կարինե Լալազարյանի ներկայացուցիչ Մ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մարտի 3-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 8-10:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 30-33:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 106-112:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էմմա Կարապետյանի գործով 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-133/07, Ռուզաննա Նիազյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԿԴ/0118/11/13 որոշումները:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Մանուկյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0154/11/14 որոշումը:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/01/15 որոշման 14-րդ կետը։
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Էրիկ Մարգարյանի գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 որոշման 13-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
9 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
10 Տես սույն որոշման 7-րդ կետը:
11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|