Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1650
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.05.2022
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
06.05.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2022

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

6 մայիսի 2022 թ.

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի պատգամավոր Ա. Վարդևանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի և 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 7-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 10-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:

Օրենսգրքի՝ «Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները» վերտառությամբ 80-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է.

«9. Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում»:

Ընդունվելուց հետո Օրենսգրքի վիճարկվող հոդվածում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:

Օրենսգրքի՝ «Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը» վերտառությամբ 86-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

«2. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով»:

Օրենսգրքի 86-րդ հոդվածը լրացվել է 25.03.20 ՀՕ-197-Ն օրենքով:

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ):

Գործի քննության առիթն Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի՝ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, վերլուծելով վիճարկվող և վերաբերելի իրավադրույթները` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը (այսուհետ՝ նաև Դիմող) նշում է, որ Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասը դատավորների պաշտոնավարման վերին շեմ է նախատեսում մինչև 65 տարին լրանալը, մինչդեռ Բարձրագույն դատական խորհրդի որևէ անդամի տարիքային շեմի վերաբերյալ կարգավորում առկա չէ: Ըստ Դիմողի՝ հիշյալ մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած Բարձրագույն դատական խորհուրդը բաղկացած է դատավոր և իրավաբան գիտնական անդամներից, սակայն առանցքայինն այն է, որ Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանադիրն արձանագրել է. «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան»:

Դիմողը գտնում է, որ որպես դատարան հանդես գալու վավերապայմանները ենթադրում են նաև հենց Սահմանադրությամբ նախատեսված դատավորին ներկայացվող պահանջները: Ըստ Դիմողի՝ առնվազն պատահական չէ, որ հենց իբրև դատարան հանդես գալու համար է սահմանադիրը նախատեսել տարիքային շեմ, որն իր մեջ ունեցել է «կոնկրետ համաչափ և իրավաչափ նպատակ»:

Վերլուծելով սահմանադրական և օրենսդրական կարգավորումները՝ Դիմողը նշում է, որ Օրենսգրքի 160-րդ հոդվածը (սահմանում է տարիքային շեմի հետ կապված լիազորությունների դադարում) կիրառելի է ինչպես Դատավորների ընդհանուր ժողովի, այնպես էլ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամների նկատմամբ:

Օրենսգրքի 80-րդ հոդվածի 5-րդ մասի առնչությամբ Դիմողը նշում է, որ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն: Միաժամանակ, ըստ Դիմողի, ի լրումն նշված չափանիշների՝ նույն հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:

 Դիմողի պնդմամբ դատավոր նշանակվելու համար սահմանափակումները սահմանված են Օրենսգրքի 97 և 112-րդ հոդվածներում, և պահանջներից յուրաքանչյուրի բացակայությունը, ըստ էության, անհնարին է դարձնում դատավորի պաշտոնավարումը:

Դիմողի կարծիքով Օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը հղում է կատարում ընդհանուր առմամբ դատավորի համար սահմանված սահմանափակումներին, հետևաբար՝ դատավոր նշանակվելու, ներառյալ դատավորի թեկնածու համարվելու համար սահմանված սահմանափակումները հավասարապես կիրառելի են նաև տվյալ դեպքում:

Դիմողը գտնում է, որ նշված նորմի հետ համակարգորեն կապված է Օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասը, որը սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարման դեպքերը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարում են Օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով: Դիմողի պնդմամբ այս հոդվածում չկա որևէ տարբերակում դատավոր հանդիսացող անդամների և իրավաբան գիտնական (հեղինակավոր իրավաբան) անդամների մասով, հետևաբար՝ լիազորությունների դադարման հիմքերը, կանոնները, ընթացակարգերը կիրառելի են նրանց նկատմամբ, և համաձայն Օրենսգրքի 20-րդ գլխում ներառված 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` դատավորի լիազորությունները, ի թիվս այլնի, դադարում են նաև, եթե լրացել է նրա 65 տարին:

 Ըստ Դիմողի՝ նշված հոդվածների համակարգային վերլուծությունից և համադրումից հետևում է, որ Օրենսգրքի 160-րդ հոդվածը (որը սահմանում է տարիքային շեմի հետ կապված լիազորությունների դադարում) կիրառելի է ինչպես դատավորների ընդհանուր ժողովի, այնպես էլ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամների նկատմամբ:

Դիմողը նշում է, որ իրավական որոշակիության սկզբունքը, լինելով նաև իրավական կայունության երաշխիքներից մեկը, ուղղակիորեն փոխկապակցված է Սահմանադրության իրավական պետության սկզբունքի հետ և գործնականում, երբ ուղղակի անտեսվում է վիճարկվող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը, այն առաջացնում է անհամապատասխանություն Սահմանադրության պահանջներին:

Ըստ Դիմողի՝ վիճարկվող նորմը prima facie որոշակիության խնդիր չի առաջացնում, սակայն բոլոր դեպքերում գործնականում դրա տարբերակված մեկնաբանումն արդեն իսկ փաստում է դրա հստակեցման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ այն սահմանադրի կողմից պատվիրակված դրույթ է և բխում է Սահմանադրության 174-րդ հոդվածից:

Դիմողը, վկայակոչելով իրավական որոշակիության վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված մի շարք դիրքորոշումներ, գտնում է, որ պետք է բացահայտվի՝ արդյոք վիճարկվող նորմը բավարար հստակությամբ և այնպիսի ձևակերպմամբ է ամրագրված, որ բացառում է տարբերակված մեկնաբանման հնարավորությունը և առաջացնում է անհրաժեշտություն նաև բացահայտելու առհասարակ դրա բովանդակությունը:

Դիմողը նշում է նաև, որ դատավոր անդամի և իրավաբան գիտնական անդամի միջև տարիքային շեմի առկայությունը մի դեպքում, իսկ մյուս դեպքում՝ դրա բացակայությունն առաջացնում է նաև խտրականության արգելքի ռիսկեր:

Դիմողի գնահատմամբ՝ Օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարման մասով, վերաբերում է բոլոր անդամներին՝ դատավոր կամ ոչ դատավոր: Դիմողը գտնում է, որ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների տեսանկյունից և հենց դրա երաշխավորման նպատակով է նման կարգավորում նախատեսվել օրգանիկ օրենքում, և դրա ձևակերպումը թեև առերևույթ հստակ է, սակայն կրկին մեկնաբանվել է այնպես, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկի տարիքի անհամապատասխանության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն օբյեկտիվորեն ի վիճակի չլինի հանդես գալ որպես դատարան:

Դիմողը եզրահանգում է, որ սահմանադիրը Բարձրագույն դատական խորհրդի դատավոր հանդիսացող անդամների և ոչ դատավոր անդամների համար Սահմանադրության 174-րդ հոդվածում տարիքային շեմ չի նախատեսում, քանի որ Սահմանադրությունն ինքնաբավ փաստաթուղթ է և կարող է մեկնաբանվել ոչ թե մեկուսի, այլ ամբողջության մեջ, իսկ տարիքային շեմի հարցն արդեն իսկ կարգավորված է Սահմանադրության 166-րդ հոդվածով:

Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող նորմերն այնքանով, որքանով թույլատրում են որպես դատարան հանդես գալու սահմանադրական լիազորության շրջանակներում դատավորի տարիքային շեմին չհամապատասխանող անդամի մասնակցությունը, չեն համապատասխանում Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին, ինչպես նաև 174 և 175-րդ հոդվածներին:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ՝ նաև Պատասխանող) վկայակոչելով Սահմանադրության և Օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումները, արձանագրում է, որ դատավոր նշանակվելու սահմանափակումների սպառիչ ցանկը թվարկված է Օրենսգրքի 112-րդ հոդվածում, որոնք տարածվում են նաև Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվող անձի նկատմամբ, և նկատի ունենալով այն, որ տվյալ սահմանափակումների մեջ տարիքային շեմը նախատեսված չէ, ուստի, Պատասխանողի գնահատմամբ, նման սահմանափակում չի կարող կիրառվել խնդրո առարկա կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ: Ավելին, Օրենսգրքի 97-րդ հոդվածը վերաբերում է դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջներին, որոնք որևէ կերպ չեն կարող տարածվել Ազգային ժողովի կողմից ընտրվող Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ:

Վերլուծելով Օրենսգրքի 86-րդ հոդվածի իրավակարգավորումները՝ Պատասխանողը նշում է, որ հիշյալ հոդվածի 2-րդ մասը հղում է կատարում Օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններին, ընդ որում՝ նույն հոդվածի 1-ին մասում տարիքային շեմը՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարման հիմք նախատեսված չէ, իսկ Օրենսգրքի 160-րդ հոդվածում թվարկված են դատավորի լիազորությունների դադարման դեպքերը, որոնք վերաբերելի չեն Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամին:

Պատճառաբանելով, որ օրենսդիրը հստակորեն տարանջատել է «Խորհրդի անդամ և դատավոր կատեգորիաները, ինչպես նաև լիազորությունների դադարման դեպքերը», Պատասխանողն այս մասով անհիմն է համարել դիմողի պնդումները:

Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշումը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանձին վճիռներ՝ Պատասխանողը պնդում է. «… Սահմանադրությամբ և այլ օրենքներով, այդ թվում՝ Սահմանադրական օրենքով Բարձրագույն դատական խորհրդի համար նախատեսված են դատարաններին բնորոշ բավարար դատավարական երաշխիքներ: Որպես դատարան հանդես գալիս կարևորվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների նշանակման կարգը, նրանց պաշտոնավարման ժամկետը, արտաքին ճնշումների դեմ երաշխիքների առկայությունը, այն հարցը, թե այն ընկալվում է որպես անկախ, ուստի Բարձրագույն դատական խորհրդի իրավաբան գիտնականի համար տարիքային վերին շեմը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես դատարան հանդես գալու Բարձրագույն դատական խորհրդին ներկայացվող պահանջ»:

 

3. Գործի համար էական նշանակություն ունեցող հարցադրումները

Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի լուծման համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

1. արդյո՞ք Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ նաև ԲԴԽ) անդամի նշանակման և լիազորությունների դադարման հետ կապված իրավակարգավորումները համահունչ են ԲԴԽ կազմավորմանն ու գործունեությանը վերաբերող սահմանադրաիրավական դրույթներին և համապատասխանու՞մ են արդյո՞ք որոշակիության սահմանադրաիրավական պահանջներին.

2. արդյո՞ք այն հանգամանքը, որ ԲԴԽ-ն որոշակի դեպքերում հանդես է գալիս որպես դատարան, դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունից արդեն իսկ հետևում է, որ դատավորների համար Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման առավելագույն տարիքը կիրառելի է նաև Ազգային ժողովի կողմից ընտրված ԲԴԽ անդամների նկատմամբ.

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Սահմանադրության 174-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից, որոնցից հինգին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, իսկ մյուս հինգին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Ընդ որում, վերջիններս ընտրվում են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից:

Միևնույն ժամանակ Սահմանադրության վերոնշյալ դրույթը հստակ նշում է, որ Ազգային ժողովի կողմից ընտրված ԲԴԽ անդամը չի կարող լինել դատավոր: Այսինքն՝ սահմանադրական մակարդակում ԲԴԽ անդամների կարգավիճակները տարանջատվում են՝ դատավոր անդամների և դատավոր չհանդիսացող՝ իրավաբան գիտնական կամ այլ հեղինակավոր իրավաբան հանդիսացող անդամների:

ԲԴԽ անդամների վերաբերյալ տարբերակված մոտեցումն արտացոլվում է նաև նրանում, որ Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ԲԴԽ-ն իր կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով ընտրում է խորհրդի նախագահ՝ հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:

Հարկ է նշել նաև, որ Սահմանադրության 174-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան՝ ԲԴԽ կազմավորման մանրամասները սահմանվում են Դատական օրենսգրքով, ընդ որում, նույն հոդվածի 5-րդ մասն Ազգային ժողովի կողմից ընտրված ԲԴԽ անդամների համար անհամատեղելիության պահանջների սահմանման հայեցողությունը վերապահել է Ազգային ժողովին՝ լիազորելով վերջինիս որոշելու նախ անհամատեղելիության պահանջներ սահմանելու կամ չսահմանելու նպատակահարմարությունը, իսկ նման պայմաններ սահմանելու դեպքում՝ որոշելու դրանց ծավալը և բովանդակությունը: Այսինքն, սահմանադիրը չի բացառել իրավիճակներ, երբ Դատական օրենսգրքով չնախատեսվի որևէ անհամատեղելիության պահանջ Ազգային ժողովի կողմից ընտրվող ԲԴԽ անդամների համար, իսկ սահմանելու դեպքում պարտադիր չէ, որ այդ պահանջները լինեն նույնական դատավորների համար սահմանված սահմանափակումների հետ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ Սահմանադրության 173-րդ հոդվածի 3-րդ մասով ուղղակի շեշտվում է, որ Ազգային ժողովի կողմից ընտրվող ԲԴԽ անդամը չի կարող լինել դատավոր, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Բարձրագույն դատական խորհրդի կազմը և կազմավորման կարգը» վերտառությամբ հոդվածով Ազգային ժողովի կողմից ընտրվող ԲԴԽ անդամի համար սահմանված են բացառապես հետևյալ պահանջները.

- հանդիսանալ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի,

- ունենալ ընտրական իրավունք,

- լինել իրավաբան գիտնական կամ այլ հեղինակավոր իրավաբան,

- օժտված լինել բարձր մասնագիտական որակներով,

- ունենալ մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն:

Սահմանադրաիրավական վերաբերելի կարգավորումները հիմք ընդունելով՝ օրենսդիրը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի «Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները» վերտառությամբ 80-րդ հոդվածում Ազգային ժողովի կողմից ընտրվող ԲԴԽ անդամի համար նախատեսել է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի «սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում»:

Վերոգրյալ հանգամանքը հաշվի առնելով՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատավոր նշանակվելու համար Օրենսգրքով նախատեսված սահմանափակումներին:

Համաձայն Օրենսգրքի 112-րդ հոդվածի՝ դատավոր չի կարող նշանակվել այն անձը`

1) որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ հանված չէ,

2) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից,

3) որն ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն,

4) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն կամ օրենքով նախատեսված կարգով չի ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից (եթե անձն արական սեռի է),

5) որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել,

6) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:

Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 1.1-ին մասով Հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար սահմանված են լրացուցիչ պահանջներ, մասնավորապես՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր չի կարող նշանակվել այն անձը`

- որը, լինելով դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, փաստաբան կամ նախկին դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, փաստաբան վերջին երեք տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից:

Ինչ վերաբերում է դիմողի այն պնդմանը, որ Ազգային ժողովի կողմից ընտրվող ԲԴԽ անդամների նկատմամբ ևս կիրառելի են դատավորի թեկնածուի հավակնորդների համար նախատեսված պահանջները, ապա Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադարձ կատարել նաև այդ պահանջներին:

Այսպես՝ Օրենսգրքի 97-րդ հոդվածը նախատեսում է դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջներ, համաձայն որոնց՝ «... Դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-ից 60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք, եթե՝

1) ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

2) Հայաստանի Հանրապետությունում ստացել են իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.

3) տիրապետում են հայերենին.

4) ունեն անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկ` ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների` Բարձրագույն դատական խորհրդի սահմանած համապատասխան մակարդակի իմացություն:

5) միայն իրավագիտության բակալավրի աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում ունեն առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, իսկ իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան ունենալու կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում ունեն առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն.

6) առկա չեն դատավոր նշանակվելու՝ սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները»:

Նախ՝ անհրաժեշտ է նշել, որ վերոհիշյալ հոդվածի 6-րդ կետը հղում է կատարում դատավոր նշանակելու համար Օրենսգրքով նախատեսված սահմանափակումներին, մասնավորապես՝ Օրենսգրքի՝ «Դատավոր նշանակվելու սահմանափակումները» վերտառությամբ 112-րդ հոդվածին: Այսինքն՝ Օրենսգիրքը հստակ տարանջատել է դատավորի թեկնածուների հավակնորդների նկատմամբ պահանջները և դատավոր նշանակվելու համար նախատեսված սահմանափակումները՝ դատավոր նշանակվելու համար նախատեսված սահմանափակումները ներառելով դատավորի թեկնածուների հավակնորդների համար սահմանված պահանջներում:

Երկրորդ՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող ԲԴԽ անդամի և դատավորի թեկնածուի հավակնորդի համար նախատեսված որոշ պահանջներ համընկնում են, մասնավորապես՝ ընտրական իրավունք ունենալը, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը, իրավաբանի որակավորում ունենալը:

Երրորդ՝ դատավորի թեկնածուի հավակնորդի համար սահմանված են առավել նվազ պահանջներ, քան Ազգային ժողովի կողմից ընտրվող ԲԴԽ անդամի նկատմամբ: Մասնավորապես, մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն ունենալու պահանջ՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող ԲԴԽ անդամի համար՝ ի տարբերություն դատավորի թեկնածուի հավակնորդի համար նախատեսված պահանջների, այն է՝ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն՝ միայն իրավագիտության բակալավրի աստիճան կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ունեցող հավակնորդների, ինչպես նաև առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն՝ իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ունեցող հավակնորդների համար:

Չորրորդ՝ դատավորի թեկնածուների հավակնորդների համար սահմանված են պահանջներ, որոնք նախատեսված չեն Օրենսգրքի 112-րդ հոդվածով դատավորների համար նախատեսված սահմանափակումների շարքում: Մասնավորապես, 25-ից 60 տարեկան հանդիսանալը, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկին` ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների` Բարձրագույն դատական խորհրդի սահմանած համապատասխան մակարդակի իմացությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում շեշտել, որ եթե Ազգային ժողովի կողմից ընտրվող ԲԴԽ անդամների նկատմամբ կիրառվեն Օրենսգրքի 97-րդ հոդվածով նախատեսված տարիքային սահմանափակումները, ապա 60 տարին լրացած անձինք հնարավորություն չեն ունենա ընտրվել ՀՀ ԲԴԽ անդամ: Մինչդեռ նման սահմանափակումներ գոյություն չունեն դատավորի կարգավիճակ ունեցող ԲԴԽ անդամների նկատմամբ, որոնք կարող են ընտրվել ԲԴԽ անդամ նաև 60 տարին լրանալուց հետո: Նման տարբերակված մոտեցումը չի կարող ունենալ որևէ իրավաչափ նպատակ:

Վերոգրյալից ելնելով՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատավորի թեկնածուի հավակնորդի համար նախատեսված պահանջներն Ազգային ժողովի կողմից ընտրվող ԲԴԽ անդամի նկատմամբ կիրառելի են միայն դատավոր նշանակվելու համար Օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների մասով:

4.2. Օրենսգրքի 86-րդ հոդվածը, որի՝ սույն գործով վիճարկվող 2-րդ մասի համաձայն՝ «Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով», կարգավորում է ԲԴԽ անդամների լիազորությունների դադարման, դադարեցման և կասեցման հարաբերությունները:

Ակներև է, որ օրենսդրի կողմից հստակ տարանջատվել են ԲԴԽ անդամի լիազորությունների դադարման և դադարեցման դեպքերը և կարգը: Մասնավորապես, ԲԴԽ անդամի լիազորությունների դադարման դեպքերն սպառիչ կերպով ներկայացված են վերոհիշյալ հոդվածի 1-ին մասում: Դրանք են՝

1) լիազորությունների ժամկետն ավարտվելը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը.

3) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելը.

4) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը.

5) նրա հրաժարականը.

6) նրա մահը.

7) դատավոր հանդիսանալու դեպքում՝ նրա լիազորությունների դադարեցումը կամ դադարումը:

Նույն հոդվածի 3-րդ մասում ևս սպառիչ կերպով նախատեսված են ԲԴԽ անդամների լիազորությունների դադարեցման դեպքերը:

Ընդ որում, եթե լիազորությունների դադարեցման կարգի վերաբերյալ իրավակարգավորումները նախատեսված են նույն հոդվածում, ապա լիազորությունների դադարումը տեղի է ունենում Օրենսգրքի 20-րդ գլխով նախատեսված կանոններով, այն է՝ դատավորի լիազորությունների դադարման իրավակարգավորումներով, որոնց հղում է կատարվում 86-րդ հոդվածի 2-րդ մասում:

Համաձայն Օրենսգրքի 20-րդ գլխում ներառված 160-րդ հոդվածի՝ դատավորի լիազորությունները դադարում են, եթե`

1) նա հրաժարական է ներկայացնում.

2) լրացել է նրա 65 տարին.

3) նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ.

4) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

5) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

6) նա մահացել է:

Վերոնշված հոդվածների իրավահամեմատական վերլուծության արդյունքում հարկ է նկատել, որ ԲԴԽ անդամի լիազորությունների դադարման 7 հիմքերից 5-ը նույնաբովանդակ են դատավորի լիազորությունների դադարման հիմքերի հետ: ԲԴԽ անդամի լիազորությունների դադարման մյուս երկու հիմքերը վերաբերում են մի դեպքում՝ լիազորությունների ժամկետի ավարտին, այսինքն՝ պաշտոնավարման հինգ տարին լրանալուն, մյուս դեպքում՝ որպես դատավոր լիազորությունների դադարեցմանը կամ դադարմանը:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ 65 տարին լրանալը որպես դատավորի լիազորությունների դադարման հիմք վերաբերելի է միայն ԲԴԽ դատավոր անդամին, քանի որ Օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը վերաբերում է միայն ԲԴԽ դատավոր անդամներին, իսկ 160-րդ հոդվածի 1-ին մասով՝ բացի 65 տարին լրանալու հանգամանքից դատավորի լիազորությունների դադարման որևէ նոր հիմք չի նախատեսվում: Այսինքն՝ Օրենսգրքի 160-րդ հոդվածին հղում կատարելն արդարացված է միայն ԲԴԽ դատավոր անդամների համար:

Այդ առումով՝ վիճարկվող դրույթում Օրենսգրքի 20-րդ գլխի կանոններին հղում կատարելով՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող ԲԴԽ անդամների լիազորությունների դադարման համար որևէ նոր հիմք չի սահմանվում: Համապատասխան գլխի կանոններով կարգավորվում են ԲԴԽ անդամի լիազորությունների դադարման ընթացակարգային հարցերը:

Հաշվի առնելով իրավական որոշակիության վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած մի շարք դիրքորոշումները՝ մասնավորապես այն, որ՝

 - «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (13.05.2008թ. ՍԴՈ-753),

- « … իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» (02.12.2014թ. ՍԴՈ-1176):

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող դրույթները կանխատեսելի են, բավականաչափ հստակ ձևակերպված և չեն առաջացնում իրավական անորոշություն:

4.3. Հաշվի առնելով դիմողի այն դիրքորոշումը, համաձայն որի՝ որպես դատարան հանդես գալու հանգամանքն արդեն իսկ ենթադրում է, որ Ազգային ժողովի կողմից ընտրված ԲԴԽ անդամներին վերաբերելի են դատավորների համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջները, Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ Բարձրագույն դատական խորհրդի իրավական կարգավիճակին և վերջինիս կողմից որպես դատարան հանդես գալու հիմնախնդիրներին:

Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակը սահմանված է Սահմանադրության՝ «Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը» վերտառությամբ 7-րդ գլխում:

Համաձայն Սահմանադրության 163-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ: Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրա-իրավական առաքելությունը դատարանների և դատավորների անկախության երաշխավորումն է: Իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար ԲԴԽ-ն օժտված է մի շարք լիազորություններով, այդ թվում՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորների լիազորությունները դադարեցնելու լիազորությամբ: Նշված հարցերը քննելիս, ինչպես նաև Օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Հաշվի առնելով դիմողի դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալու հանգամանքը դիտարկել արդար դատաքննության իրավունքի և դրա ապահովման համար առկա երաշխիքների պահպանման տեսանկյունից՝ հաշվի առնելով, մասնավորապես, հետևյալ նկատառումներն ու դիրքորոշումները.

Սահմանադրության՝ «Արդար դատաքննության իրավունքը» վերտառությամբ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Արդար դատաքննության իրավունքը ենթադրում է ինչպես դատարան դիմելու հնարավորությունը, այնպես էլ գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, ինչը նշանակում է, որ գործը հրապարակայնության սկզբունքի պահպանմամբ քննելու պահանջ ներկայացնելու հնարավորությունն արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրատարր է» (02.04.2019թ. ՍԴՈ-1452):

Բացի դրանից, Սահմանադրական դատարանն իր՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի ՍԴՈ-1393 որոշմամբ նշել է, որ «... ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն է, ի թիվս արդար դատաքննության այլ երաշխիքների, դատաքննության իրականացումը կողմերի հավասարության պայմաններում և անկողմնակալ, անաչառ դատարանի կողմից»:

Մյուս կողմից, Սահմանադրական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ դիրքորոշում է արտահայտվել առ այն, որ « ... Ինչ վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության սկզբունքների և ընթացակարգերի տեսանկյունից առկա երաշխիքներին, ապա դրանց հիմնական ակունքը Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասն է, ըստ որի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան այն իմաստով, որ որպես դատարան հանդես եկող անկախ պետական մարմնի թե՛ ձևավորման, թե՛ գործունեության կարգը պետք է համապատասխանի դատարաններին բնորոշ համապատասխան հատկանիշներին»:

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «Այսպիսով, ամփոփելով ամբողջ վերոգրյալը, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների, ձևավորման կարգի, գործունեության սկզբունքների վերաբերյալ վերլուծություններն ու մեջբերումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու դեպքերում Սահմանադրությամբ և այլ օրենքներով նախատեսված են դատարաններին բնորոշ այնպիսի դատավարական երաշխիքներ, ինչպիսիք են, մասնավորապես, բայց ոչ միայն, ողջամիտ ժամկետում գործի քննությունը, օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարությունը, դատական վարույթի հրապարակայնությունը, դատական ակտերի պարտադիրությունը, որոնք իրենց ամբողջության մեջ ուղղված են Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրացման ապահովմանը»:

Հարկ է նշել նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Դատարան) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի վերաբերյալ, համաձայն որի՝ «1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ տրիբունալի կողմից .... լսումների իրավունք։ ...», արտահայտել է մի շարք դիրքորոշումներ: Մասնավորապես, Դատարանը նշել է, որ «Այն մարմինը, որը չի դասակարգվում որպես պետության դատարաններից որևէ մեկը, կարող է, այնուամենայնիվ, 6-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներով ներառվել «տրիբունալ» հասկացության մեջ՝ տվյալ եզրույթի նյութաիրավական իմաստով (Sramek-ն ընդդեմ Ավստրիայի, § 36)։

«Դատարան» կամ «տրիբունալ» հասկացությունը բնութագրվում է տվյալ եզրույթի նյութաիրավական իմաստով՝ իր դատական գործառույթով, այն է՝ որոշակի հարցերին լուծում տալն իր իրավասության շրջանակներում՝ հիմնվելով օրենքի նորմերի վրա և սահմանված կարգով վարույթ իրականացնելուց հետո (նույն տեղում, § 36, Cyprus-ն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], § 233):

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներին համահունչ պարտադիր չէ, որ «տրիբունալը» լինի տվյալ երկրի ստանդարտ դատական համակարգում ընդգրկված ընդհանուր իրավասության դատարան: Այն կարող է ստեղծվել այնպիսի կոնկրետ հարցերով զբաղվելու համար, որոնք կարող են պատշաճորեն կարգավորվել սովորական դատական համակարգից դուրս: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ համապատասխանությունն ապահովելու համար կարևոր են գործող երաշխիքները՝ թե՛ նյութական, թե՛ դատավարական (Rolf Gustafson-ն ընդդեմ Շվեդիայի, § 45):

«Տրիբունալը» պետք է բավարարի նաև մի շարք այլ պահանջներ. անկախություն, մասնավորապես՝ գործադիր իշխանությունից, անաչառություն, դրա անդամների համար սահմանված պաշտոնավարման ժամկետներ, դրա գործունեության կարգով ապահովվող երաշխիքներ, որոնց մի մասը շարադրված է 6-րդ հոդվածի 1-ին կետում (Le Compte, Van Leuven and De Meyere-ն ընդդեմ Բելգիայի, § 55, Cyprus-ն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], § 233):

Ինչ վերաբերում է անկախությունը գնահատելու չափորոշիչներին, «Երբ որոշվում է՝ արդյոք տվյալ մարմինը կարող է համարվել «անկախ», Դատարանը հաշվի է առնում, inter alia, հետևյալ չափորոշիչները (Langborger-ն ընդդեմ Շվեդիայի, § 32, Kleyn-ը եւ այլք ընդդեմ Նիդեռլանդների [ՄՊ], § 190)՝

i. դրա անդամների նշանակման կարգը և

ii. նրանց պաշտոնավարման ժամկետը,

iii. արտաքին ճնշումներից պաշտպանության երաշխիքների առկայությունը, և

iv. արդյոք այդ մարմինն օժտված է անկախության արտաքին հատկանիշներով»:

Հարկ է նշել, որ Դատարանը պաշտոնավարման որևէ կոնկրետ ժամկետ չի նախանշել որոշում կայացնող մարմնի անդամների համար, չնայած ընդհանուր առմամբ համարվում է, որ պաշտոնավարման ընթացքում նրանց անփոփոխելիությունը բխում է նրանց անկախության պահանջից:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ընտրած ԲԴԽ անդամի պաշտոնավարման առավելագույն տարիքին, ապա հարկ է նշել, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ի 40/32 և դեկտեմբերի 13-ի 40/146 բանաձևերով հավանության արժանացած «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքներով» նախատեսվել է, որ՝

«11. Դատավորների լիազորությունների ժամկետը, նրանց անկախությունը, անվտանգությունը, համապատասխան վարձատրությունը, ծառայության պայմանները, թոշակը և թոշակի գնալու տարիքը պետք է պատշաճ ձևով երաշխավորվեն օրենքով:

12. Նշանակված կամ ընտրված դատավորները լիազորությունների երաշխավորված ժամկետ ունեն մինչև պարտադիր թոշակի գնալը կամ լիազորությունների ժամկետի ավարտը, որտեղ այդպիսին հաստատված է»:

Այսինքն՝ դատավորների համար պաշտոնավարման տարիքն ապահովում է դատավորների անփոփոխելիության սկզբունքի իրագործումը: Այդ առումով առավելագույն տարիքը երաշխիք է, որ մինչև այդ ժամկետը որևէ մեկը չի կարող առանց օրինական հիմքերի դադարեցնել դատավորի պաշտոնավարումը: Ազգային ժողովի ընտրած ԲԴԽ անդամների համար նման երաշխիք է Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման հնգամյա ժամկետը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալու օրենսդրական պահանջը չի ենթադրում դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված ԲԴԽ անդամների կարգավիճակների նույնացում ամբողջ ծավալով, քանի որ նախ՝ դա չի բխում ԲԴԽ-ի սահմանադրաիրավական կարգավիճակից, բացի դրանից, արդարադատության իրականացման կարևոր նշանակություն ունեցող՝ ԲԴԽ անդամի անփոփոխելիության սկզբունքը հստակ արտացոլված է Սահմանադրական մակարդակում որպես ԲԴԽ անդամի պաշտոնավարման ժամկետ: Իսկ դատավորի պաշտոնավարման 65 տարին լրանալը դատավորի կարգավիճակ ունեցող ԲԴԽ անդամի լիազորությունների դադարման հիմք է այն պատճառով, որ Սահմանադրությամբ նախատեսվել է ԲԴԽ կազմում 5 դատավոր անդամի առկայության անհրաժեշտությունը:

Նշված համատեքստում, ԲԴԽ դատավոր անդամների մասով նախատեսված են լիազորությունների դադարման երկու առանձին հիմքեր՝ տարիքը (65 տարին) լրանալը և պաշտոնավարման ժամկետը (5 տարին) լրանալը, մինչդեռ Ազգային ժողովի կողմից ընտրած ԲԴԽ անդամների մասով նախատեսված է լիազորությունների դադարման մեկ հիմք՝ պաշտոնավարման ժամկետը (5 տարին) լրանալը: Ընդ որում, եթե պաշտոնավարման ժամկետը նույնական է ԲԴԽ դատավոր և իրավաբան գիտնական կամ այլ հեղինակավոր իրավաբան անդամների համար, ապա 65 տարին լրանալու պահանջը սահմանադիրը նախատեսել է միայն դատավորի համար:

Հարկ է նշել նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդը՝ որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող պետական մարմին, իրականացնում է բազմաթիվ լիազորություններ, որոնք չեն առնչվում արդարադատության իրականացման հետ: Որպես դատարան ԲԴԽ-ն հանդես է գալիս միայն Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով նախատեսված դեպքերում:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև անդրադառնալ սահմանադրի կողմից դատավորի և ԲԴԽ անդամի կարգավիճակների և նրանց ներկայացվող պահանջների վերաբերյալ կարգավորումների տարբերակման առկայության հարցադրմանը:

Ինչպես դատավորի, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար ամրագրված սահմանադրական և օրենսդրական կարգավորումներն առաջին հերթին նպատակ են հետապնդում ապահովել դատավորի և ԲԴԽ անդամի գործունեության այնպիսի կարևոր սկզբունքի երաշխավորումը, ինչպիսին անկախությունն է: Հենց վերոնշյալ երաշխիքի ապահովման նկատառումներից ելնելով է սահմանադիրը դատավորի համար նախատեսել պաշտոնավարման հնարավորություն մինչև 65 տարին լրանալը: Պաշտոնավարման նման ժամկետի նախատեսումը կոչված է երաշխավորելու դատավորի անկախությունն ու արդարադատություն իրականացնելիս որևէ հանգամանքով կաշկանդված չլինելը:

Այս առումով հարկ է վկայակոչել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ CM/Rec (2010)12 հանձնարարականի 49 և 50-րդ պարբերություններով ամրագրված գաղափարներն առ այն, որ՝ «Պաշտոնավարման և անփոփոխելիության երաշխիքները դատավորների անկախության առանցքային տարրերն են: Այսինքն՝ դատավորների պաշտոնավարումը պետք է երաշխավորված լինի մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը, եթե այդպիսին սահմանված է: Դատավորների պաշտոնավարման ժամկետները պետք է նախատեսվեն օրենքով»:

Ինչ վերաբերում է ԲԴԽ անդամի պաշտոնավարման ժամկետին, ապա այս առումով սահմանադիրն առաջնորդվել է լիազորությունների ժամկետը հինգ տարի սահմանելու սկզբունքով, որից հետևում է, որ սահմանադիրը ԲԴԽ անդամի գործունեության անկախությունը երաշխավորել է հստակ ժամկետի ամրագրմամբ, ինչպես նաև հետագայում վերընտրվելու արգելքով, որպիսի հանգամանքները ևս կոչված են երաշխավորելու ԲԴԽ անդամի անկախությունն ու գործունեություն իրականացնելիս կողմնակի հանգամանքներով կաշկանդված չլինելու կարևոր երաշխիքների ապահովումը:

Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ԲԴԽ՝ դատավոր և իրավաբան գիտնական անդամների նկատմամբ կիրառվող տարիքային շեմի և այդ հիմքով լիազորությունների դադարման վերաբերյալ կարգավորումները չեն կարող նույնանալ, քանի որ դատավոր անդամի նկատմամբ շարունակվում են կիրառելի լինել Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով ամրագրված կարգավորումները, մասնավորապես՝ մինչև 65 տարին պաշտոնավարելու հնարավորությունը: Ուստի՝ ԲԴԽ դատավոր անդամի 65 տարին լրանալու պարագայում վերջինս չի կարող շարունակել պաշտոնավարել որպես ԲԴԽ անդամ ոչ թե այն հիմքով, որ ԲԴԽ անդամի համար առկա է պաշտոնավարման նման տարիքային սահմանափակում, այլ բացառապես այն պատճառով, որ ԲԴԽ դատավոր անդամը դարձել է ԲԴԽ անդամ հենց դատավոր լինելու հիմքով, ուստի՝ երբ վերանում է այդ հիմքը, ուղղակիորեն վերանում է նաև որպես ԲԴԽ անդամ պաշտոնավարելու հնարավորությունը: Սակայն նույն մոտեցումը հնարավոր չէ տարածել Ազգային ժողովի կողմից ընտրված անդամի նկատմամբ, քանի որ սահմանադիրը ԲԴԽ այդ անդամի նկատմամբ չի տարածել դատավորի համար սահմանված պաշտոնավարման տարիքային շեմը, ուստի՝ սահմանադրի կամքի բացահայտումը հստակ ցույց է տալիս, որ պաշտոնավարման 65 տարվա շեմը վերաբերում է բացառապես դատավորներին և կոչված է երաշխավորելու վերջիններիս գործունեության անկախությունը:

Ողջ վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադիրը դատավորի համար նախատեսել է մինչև 65 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն, իսկ ԲԴԽ անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանափակել է հինգ տարով, որպիսի կարգավորումներից հետևում է, որ սահմանադիրը հստակ տարանջատել է այս երկու սուբյեկտները և նրանց պաշտոնավարման ժամկետները՝ մի դեպքում դա պայմանավորելով կոնկրետ տարիքով, մյուս դեպքում՝ հստակ ժամկետով, ուստի՝ այս երկու կարգավորումների նույնացումն ու այդ ձևով մեկնաբանումն անթույլատրելի է և չի բխում սահմանադրի կամքից:

Վերոգրյալից ելնելով՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական կարգավորումներին համապատասխանության տեսանկյունից Ազգային ժողովի ընտրած ԲԴԽ անդամի 65 տարին լրանալը հիմք չէ լիազորությունների դադարման համար և չի խոչընդոտում Բարձրագույն դատական խորհրդին սահմանված դեպքերում հանդես գալու որպես դատարան:

4.4. Ինչ վերաբերում է դիմողի ներկայացրած դիրքորոշմանն առ այն, որ դատավոր անդամի և Ազգային ժողովի ընտրած անդամի միջև տարիքային շեմի առկայությունը մի դեպքում, իսկ մյուս դեպքում՝ դրա բացակայությունը առաջացնում են «խտրականության արգելքի ռիսկեր», հարկ է նշել, որ ԲԴԽ-ի կազմում դատավոր անդամների և Ազգային ժողովի ընտրած անդամների առկայության պահանջն ունի, նախևառաջ, սահմանադրական ամրագրում (Սահմանադրության 174-րդ հոդված), ընդ որում՝ հենց Սահմանադրությամբ են ամրագրվում ինչպես դատավոր, այնպես էլ Ազգային ժողովի ընտրած անդամներին ներկայացվող պահանջները, որոնք իրենց մասնավորեցումն են ստացել նաև օրենսդրական կարգավորման շրջանակներում:

Բացի դրանից, անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընտրված ԲԴԽ անդամի համար պաշտոնավարման առավելագույն տարիք սահմանված չլինելու հանգամանքին՝ ԲԴԽ դատավոր անդամի համար պաշտոնավարման սահմանափակման համեմատությամբ, խտրական վերաբերմունքի վերաբերյալ դիմողի պնդումներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 29-րդ հոդվածը, ամրագրելով խտրականության արգելքի սկզբունքը, սահմանում է. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Ըստ էության, Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված են այն հիմքերը, որոնցով պայմանավորված տարբերակված մոտեցում ցուցաբերելն արգելվում է: Սահմանադրության 29-րդ հոդվածով պաշտպանվող հիմքի առկայության հարցը պարզելիս Սահմանադրական դատարանը հաշվի է առնում, որ դիմողը բարձրացնում է հանրային ծառայության իրավահարաբերություններում պետական նույն մարմնի՝ ԲԴԽ անդամների ընտրության և պաշտոնավարման տարբեր կարգավիճակով պայմանավորված օրենսդրի կողմից տարբերակված մոտեցման հարց։ Այսինքն՝ օրենսդրի դրսևորած տարբերակված մոտեցումը պայմանավորված է տարբեր կարգավիճակ ունեցող անձանց պաշտոնի նշանակման հանգամանքով:

Սահմանադրության 29-րդ հոդվածում թվարկված են խտրականության սահմանադրական արգելքով պաշտպանված հիմքերը, որոնք ունեն հստակ և որոշակի բովանդակություն, բացառությամբ նույն հոդվածում պաշտպանվող հիմքերի թվարկման համար օգտագործված «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ» ձևակերպմանը, որը, ի տարբերություն պաշտպանվող հիմքերի մնացած մասի, ոչ սպառիչ ցանկ է նախատեսում:

Այդուամենայնիվ, թեպետ «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ» ձևակերպումը խտրականության արգելքով պաշտպանվող ոչ սպառիչ ցանկ է նախատեսում, այն խիստ որոշակիորեն սահմանում է այդ ցանկով հնարավոր հիմքերի բնույթը, որոնք պետք է լինեն «անձնական» կամ «սոցիալական»: Այս կապակցությամբ ԲԴԽ անդամների՝ Ազգային ժողովի կամ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվելու և որպես դատավոր կամ որպես իրավաբան գիտնական կամ այլ հեղինակավոր իրավաբան պաշտոնավարելու հանգամանքը Սահմանադրության 29-րդ հոդվածի լույսի ներքո չի կարող գնահատվել որպես «անձնական» կամ «սոցիալական»:

 

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 170-րդ հոդվածը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

6 մայիսի 2022 թվականի

ՍԴՈ-1650

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2022 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1650 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը` ներկայացնում ենք հատուկ կարծիք՝ Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 6-ի «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի և 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1650 որոշման (այսուհետ՝ ՍԴՈ-1650 որոշում) վերաբերյալ:

1. Հաշվի առնելով, որ Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական առաքելությունը դատարանների և դատավորների անկախության երաշխավորումն է, մեծապես կարևորվում է Բարձրագույն դատական խորհրդի օրինական կազմով գործելու հանգամանքը։ Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման սահմանադրորեն ամրագրված կարգի ցանկացած խախտում հարցականի տակ կդնի Բարձրագույն դատական խորհրդի լեգիտիմությունը՝ դրանով իսկ վտանգելով դատարանների և դատավորների անկախության երաշխավորումը:

 

2. Վերահաստատում ենք մեր այն դիրքորոշումը, որ Սահմանադրության գերակայությունն ապահովվում է, երբ սահմանադրական արդարադատություն իրականացնելիս լեգիտիմ կազմով գործող Սահմանադրական դատարանը, լինելով անկախ և ենթարկվելով միայն Սահմանադրությանը, ընդունում է այնպիսի որոշումներ և եզրակացություններ, որոնցում առնվազն բացառվում են սահմանադրական արժեքների, սկզբունքների, նորմերի, ինստիտուտների նենգափոխումը և իմաստազրկումը, ապահովվում են Սահմանադրության միասնականությունը, ինքնաբավությունը և կայունությունը։ Սահմանադրական դատարանի որոշումներով և եզրակացություններով պետք է ամբողջ ծավալով լուծվեն քննության առարկա սահմանադրական վեճերը, այլ ոչ հատվածական և աղճատված՝ հարուցելով նոր կամ խորացնելով առկա խնդիրները։ Բացի դրանից, Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները պետք է կայացվեն օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության արդյունքում, որոշումների և եզրակացությունների կառուցվածքային ամբողջականությունը և տրամաբանական միասնականությունը խաթարված չլինեն, զերծ լինեն ներքին հակասություններից, երկիմաստ, սխալ ու խեղաթյուրող դիրքորոշումներից։ Պակաս կարևոր չէ, որ այդ որոշումները և եզրակացությունները չլինեն անհարկի ծանրաբեռնված, այդ թվում՝ պարզունակ դատողություններով, ոչ վերաբերելի, ընդհանրական վերլուծություններով և դիրքորոշումների վկայակոչումներով։

 

3. Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով սույն գործով Սահմանադրական դատարանի մոտեցումներն ու եզրահանգումները՝ ՍԴՈ-1650 որոշումը հիմնավոր, հետևաբար՝ ընդունելի չենք համարում։ Այսպես՝

Սահմանադրական դատարանը սույն գործով բարձրացված սահմանադրական վեճի շրջանակներում ՍԴՈ-1650 որոշման մեջ, մեր կարծիքով, պետք է անդրադառնար հետևյալ հարցերին.

1) արդյո՞ք Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրության իմաստով դատարան է, և արդյո՞ք որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացնում են արդարադատություն (հանդես են գալիս որպես դատավոր),

2) եթե 1-ին հարցի պատասխանը դրական է, ապա կարո՞ղ է արդյոք նույն դատարանի դատավորների համար նախատեսվել տարբեր պահանջներ, այդ թվում՝ սովորական պայմաններում (չպայմանավորված անցումային դրույթներով՝ կապված դատավորին տրվող երաշխիքների, օրինակ, անփոփոխելիության հետ),

3) արդյո՞ք Սահմանադրությունը նախատեսում է առանձին պահանջներ Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների համար, և արդյո՞ք դրանց մեջ ներառված է պաշտոնավարման տարիքը:

Վերոհիշյալ հարցերի շրջանակներում դատավորի պաշտոնավարման տարիք և/կամ այլ պահանջներ նախատեսող դրույթների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման առումով Սահմանադրական դատարանը պետք է անդրադառնար նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Դատական օրենսգիրք) համակարգային փոխկապակցված դրույթներին վերաբերող հարցերին, մասնավորապես.

1) արդյո՞ք Դատական օրենսգրքում առկա են վիճարկվող իրավակարգավորումներին ուղղակիորեն հակասող դրույթներ,

2) արդյո՞ք Սահմանադրությամբ դատավորի պաշտոնավարման համար նախատեսված պահանջներն իրացված են այնպես, որ օրենքի բացի արդյունքում չառաջանա հակասահմանադրական կիրառություն:

ՍԴՈ-1650 որոշմամբ վերոհիշյալ հարցերի մի մասին ընդհանրապես անդրադարձ չի կատարվել, իսկ առանձին հարցերի վերաբերյալ չեն արտահայտվել հստակ ու ամբողջական իրավական դիրքորոշումներ։

 

4. Սահմանադրության «Դատարանները» վերտառությամբ 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ»:

Ըստ վերոհիշյալ կարգավորման՝ ինստիտուցիոնալ առումով Բարձրագույն դատական խորհուրդը չի համարվում դատարան։ Հաշվի առնելով նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդը սահմանադրական մարմին է, այն որևէ պարագայում չի կարող համարվել օրենքով նախատեսված դեպքում ստեղծված մասնագիտացված դատարան։

Միևնույն ժամանակ, Սահմանադրության «Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները» վերտառությամբ 175-րդ հոդվածը սահմանում է, որ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան» (2-րդ մաս):

Սույն գործով բարձրացված սահմանադրական վեճի լուծման համար էական էր բացահայտել վերոհիշյալ սահմանադրական դրույթում «հանդես է գալիս որպես դատարան» եզրույթի սահմանադրական բովանդակությունը, մասնավորապես, այն առումով, թե նման սահմանումը բավարա՞ր է արդյոք Սահմանադրության կարգավորմամբ դատարան չհամարվող սահմանադրական մարմնի կողմից արդարադատություն իրականացնելու համար:

Նշված հարցի պատասխանի առումով հարկ է անդրադառնալ Սահմանադրության «Արդարադատության իրականացումը» վերտառությամբ 162-րդ հոդվածի կարգավորմանը, համաձայն որի՝

«1. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

2. Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է»1:

Վերոհիշյալ կարգավորման սահմանադրական բովանդակությունից բխում է, որ՝

ա) բացի դատարաններից, արգելվում է որևէ այլ մարմնի իրականացնելու արդարադատություն՝ լինի այն քրեական, քաղաքացիական, վարչական թե սահմանադրական՝ դրանով իսկ երաշխավորելով յուրաքանչյուրի համար օրինական, հիմնավորված, պատճառաբանված արդար դատական ակտեր,

բ) եթե որևէ մարմին իրավաչափորեն` սահմանադրորեն պատվիրակված դեպքերում, իրականացնում է արդարադատություն, ապա այն դատարան է, որի կազմի անդամները չեն կարող հանդես չգալ որպես դատավոր,

գ) արգելվում է արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն:

Այսպիսով, անհրաժեշտ էր պարզել, Բարձրագույն դատական խորհուրդն արդյո՞ք որևէ դեպքում իրականացնում է (իրավասու է իրականացնել) արդարադատություն, և եթե պատասխանը դրական է, ապա դրանից եզրահանգումն այն է, որ Սահմանադրության իմաստով Բարձրագույն դատական խորհուրդը դատարան է:

Այս համատեքստում անհրաժեշտ էր նաև, որ ՍԴՈ-1650 որոշմամբ բացահայտվեր, արտահայտվեր հստակ և ամբողջական իրավական դիրքորոշում «արդարադատության իրականացում» սահմանադրական եզրույթի վերաբերյալ։ Ընդսմին՝ սույն գործով բարձրացված սահմանադրական վեճի շրջանակներում այն անհրաժեշտ էր կատարել՝ հաշվի առնելով նաև, որ Սահմանադրության 162-րդ հոդվածով չի տրվել «արդարադատության իրականացում» սահմանադրական եզրույթի բովանդակային ողջ ծավալը (ինչպես վերը նշվեց հիշյալ հոդվածով կանոնակարգվում են արդարադատություն իրականացնող սուբյեկտային շրջանակի, արդարադատություն իրականացնելու սահմանադրաիրավական հիմքերի և դրան որևէ միջամտության արգելքի հարցերը), ինչպես նաև նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարանն իր իրավական դիրքորոշումներով ամբողջությամբ չի մեկնաբանել «արդարադատության իրականացում» սահմանադրական եզրույթի սահմանադրական բովանդակությունը և որպես այդպիսին անդրադարձել է միայն դրա որոշ տարրերին:

«Արդարադատության իրականացում» եզրույթի բովանդակությանն անդրադարձ կատարվել է դոկտրինալ մեկնաբանություններով: Մենք համակարծիք ենք, որ արդարադատությունը Սահմանադրությամբ ամրագրված պետական գործունեության հատուկ տեսակ է, որն իրականացնում է միայն դատարանը՝ դատական համապարտադիր որոշումների օրինականությունը, արդարացիությունը, հիմնավորվածությունն ապահովող օրենքով սահմանված պահանջների ու կարգի խստագույն պահպանմամբ, համապատասխան դատավարական ձևերով և ուղղված է սահմանադրական, վարչական, քրեական, քաղաքացիական գործեր քննելուն և լուծելուն։ Այսպիսով, արդարադատությունը՝ որպես դատարանների բացառիկ լիազորություն, համարվում է դատական իշխանության իրականացման եղանակը, միջոցը: Մենք համակարծիք ենք նաև, որ արդարադատության իրականացումը դատարանների մենաշնորհն է և չի կարող դրվել որևէ այլ մարմնի վրա, իրականացվում է միայն դատավարության (սահմանադրական, քաղաքացիական, քրեական, վարչական) օրենքով սահմանված կարգով և դատավարական որոշակի ձևերով։ Արդարադատության իրականացման ձևը դատական նիստն է, որին մասնակցում են գործի ելքով շահագրգիռ անձինք և նրանց ներկայացուցիչներ2։

Սահմանադրական դատարանն իր՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշումներ Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակի, Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգի, գործունեության սկզբունքների ու ընթացակարգերի առանձին հարցերի վերաբերյալ։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանն ամրագրել է. «Ինչ վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության սկզբունքների և ընթացակարգերի տեսանկյունից առկա երաշխիքներին, ապա դրանց հիմնական ակունքը Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասն է, ըստ որի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան այն իմաստով, որ որպես դատարան հանդես եկող անկախ պետական մարմնի թե՛ ձևավորման, թե՛ գործունեության կարգը պետք է համապատասխանի դատարաններին բնորոշ համապատասխան հատկանիշներին:

(...) Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու դեպքերում Սահմանադրությամբ և այլ օրենքներով նախատեսված են դատարաններին բնորոշ այնպիսի դատավարական երաշխիքներ, ինչպիսիք են, մասնավորապես, բայց ոչ միայն, ողջամիտ ժամկետում գործի քննությունը, օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարությունը, դատական վարույթի հրապարակայնությունը, դատական ակտերի պարտադիրությունը, որոնք իրենց ամբողջության մեջ ուղղված են Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրացման ապահովմանը:

 (...) հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակը, դրա ձևավորման կարգի, ինչպես նաև գործունեության սկզբունքների առկայությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների դատական կարգով բողոքարկման հնարավորություն չնախատեսելը բխում է առկա սահմանադրական իրավակարգավորումներից և չի խախտում անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները»:

Այսպիսով, Սահմանադրության վերաբերելի դրույթների վերլուծությունից բխում է, որ որպես դատարան հանդես գալու դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդն իրականացնում է արդարադատություն, հետևաբար` դատարան է, նրա անդամները հանդես են գալիս որպես դատավորներ, որոնք այդ առումով չունեն (չեն կարող ունենալ) որևէ տարբերակվող կարգավիճակ։ Այս համատեքստում նաև շեշտադրման ենթակա է, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամները, ի մասնավորի՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու դեպքերում, չեն ներկայացնում այն ատյանի դատարանին, որի դատավոր են հանդիսացել Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու ժամանակ։

 Ավելին, հարկ է նշել, որ Բարձրագույն դատական խորհուրդը որպես դատարան հանդես գալու դեպքերում, թե՛ օրենսդրությամբ և թե՛ գործնականում, մասնավորապես, երբ դատավարական գործընթացը կարգավորված չէ Դատական օրենսգրքով, ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի նորմերով, հրավիրում է դատական նիստեր, այդ նիստերին Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամները, անկախ իրենց ընտրվելու կարգից, մասնակցում են դատավորի պատմուճանով, Բարձրագույն դատական խորհրդի ընդունած որոշումները, բացառությամբ Դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի, ստորագրում են նիստին ներկա բոլոր անդամները, վերջիններս կարող են ներկայացնել հատուկ կարծիքներ և այլն։

Հարկ է նաև նշել, որ Սահմանադրական դատարանի իրավակիրառ պրակտիկայի համաձայն՝ անհատական դիմումների հիման վրա (Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ) գործերը քննության ընդունելիս և որոշումներ կայացնելիս Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու դեպքերում կայացրած որոշումները համարվում են որպես դատարանի վերջնական ակտեր, որոնք ընդունվել են արդարադատության իրականացման արդյունքում։

 

5. Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք կարող է նույն դատարանի դատավորների համար նախատեսվել տարբեր պահանջներ, այդ թվում՝ սովորական պայմաններում (չպայմանավորված անցումային դրույթներով՝ կապված դատավորին տրվող երաշխիքների, օրինակ, անփոփոխելիության հետ), ապա պետք է նշել, որ դատավորի կարգավիճակը սահմանող առաջնային նորմը Սահմանադրության «Դատավորի կարգավիճակը» վերտառությամբ 164-րդ հոդվածն է: Հատկանշական է, որ նշված հոդվածը վերաբերվում է ինչպես Սահմանադրական դատարանի դատավորներին, այնպես էլ այլ դատարանների դատավորներին (անկախ նրանից, որ առկա են որոշակի տարբերություններ): Այսինքն` սահմանադրական մոտեցումն այն է, որ բոլոր դատավորներն ունեն նույն կարգավիճակը, բացառությամբ, եթե կա հատուկ կարգավորում, ինչի մասին առանձին ամրագրված է Սահմանադրության մեջ: Նույն մոտեցումն է դրսևորվել նաև դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջների (165-րդ հոդված), դատավորների ընտրության և նշանակման կարգի (166-րդ հոդված) առումներով: Միևնույն ժամանակ, հաջորդող հոդվածներով հատուկ կարգավորումներ կան Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանների, Բարձրագույն դատական խորհրդի մասով:

Այսինքն` սահմանադրական լուծումները հետևյալն են. նախ սահմանվում են կարգավորումներ, որոնք վերաբերելի են բոլոր դատավորներին և բոլոր դատարաններին, իսկ երբ որևէ դատարան ունի հատուկ կարգավորում, ապա այդ մասին հաջորդիվ սահմանվում է նաև առանձին:

Սահմանադրության «Դատավորների ընտրության և նշանակման կարգը» վերտառությամբ 166-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Դատավորները պաշտոնավարում են մինչև վաթսունհինգ, իսկ Սահմանադրական դատարանի դատավորները՝ մինչև յոթանասուն տարին լրանալը»:

Այսպիսով, Սահմանադրությունը Սահմանադրական դատարանի դատավորներից բացի մնացած բոլոր դատավորների, ներառյալ` Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնավարման համար սահմանել է առավելագույն տարիքային շեմ՝ վաթսունհինգ տարի:

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում հանդես է գալիս որպես դատարան` իրականացնելով արդարադատություն (ավելին, ի մասնավորի` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, վերջնական են, ենթակա չեն բողոքարկման)։

Վերոշարադրյալի հիման վրա գտնում ենք, որ սույն գործով վիճարկվող դրույթները սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց են, և Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամները կարող են պաշտոնավարել մինչև իրենց վաթսունհինգ տարին լրանալը։

 

________________________

1 Նույնաբովանդակ դրույթ սահմանված է նաև Դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասով:

2 Տես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ, Երևան 2010թ., «Իրավունք», էջ 897 և 899

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ

 

 Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ

 

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

12 մայիսի 2022 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2022 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

 ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի՝ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1650 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, 2022 թվականի մայիսի 6-ին դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի և 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, ՍԴՈ-1650 որոշմամբ որոշել է.

 

«1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

(…)»։

 

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը՝ ներկայացնում եմ հատուկ կարծիք Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴՈ-1650 որոշման (այսուհետ` ՍԴՈ-1650 որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնության մոտեցումներից տարբերվող հետևյալ դիրքորոշումները.

1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները Սահմանադրական դատարանը պարզում է ի պաշտոնե: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Սահմանադրական դատարանը կաշկանդված չէ սահմանադրական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, բացատրություններով, միջնորդություններով, առաջարկություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։

Սահմանադրական դատարանն իր՝ ՍԴՈ-1650 որոշման 3-րդ կետում սահմանադրաիրավական վեճի լուծման համար պարզման ենթակա հանգամանքների շրջանակում անդրադարձել է, մասնավորապես, այն հարցադրումներին, թե Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի նշանակման և լիազորությունների դադարման հետ կապված իրավակարգավորումները համահու՞նչ են արդյոք նույն խորհրդի կազմավորմանն ու գործունեությանը վերաբերող սահմանադրաիրավական դրույթներին, և դատավորների համար Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման առավելագույն տարիքը Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների համատեքստում արդյո՞ք կիրառելի է Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ:

Սակայն կարծում եմ, որ սույն գործով բարձրացված սահմանադրական վեճի լուծման նպատակով առանցքային կարևորություն պետք է ունենար Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ պետական մարմնի (Սահմանադրություն, հոդվ. 173) և որպես դատարանի (Սահմանադրություն, հոդվ. 175, մաս 2) սահմանադրական կարգավիճակի քննության առարկա տարրերի՝ լիազորությունների, կազմակերպման ու գործունեության առանձնահատկությունների վերլուծությանը և այդ մարմնի կազմավորման ու գործունեության ինստիտուցիոնալ նշանակության հարցերի պարզումը:

Միաժամանակ, հիշյալ հարցի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակի երկակի նշանակությամբ պայմանավորված անհրաժեշտ էր պարզել՝

մի կողմից՝ Սահմանադրության «Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը» վերտառությամբ 7-րդ գլխի 162-րդ (Արդարադատության իրականացումը), 163-րդ (Դատարանները) և 164-րդ (Դատավորի կարգավիճակը) հոդվածները և սահմանադրական այդ նորմերի պահանջները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) որոշակիացված կարգավորումները վերաբերելի՞ են արդյոք Բարձրագույն դատական խորհրդին որպես դատարան հանդես գալու դեպքում, հետևաբար՝ համադրելի՞ են դառնում դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորների և Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնավարման տարիքին վերաբերող պահանջները,

մյուս կողմից՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ պետական մարմնի և Սահմանադրությամբ նախատեսված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (հոդվ. 194, մաս 1), Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (հոդվ. 195, մաս 1), Հաշվեքննիչ պալատի (հոդվ. 198, մաս 1) և պետական անկախ այլ մարմինների անդամների պաշտոնավարման տարիքը կարգավորող նորմերի բացակայության պայմաններում համադրելի՞ են արդյոք Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնավարման տարիքին վերաբերող պահանջները:

Հիշյալ հարցադրումների շրջանակներում Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակը կարգավորող դրույթների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման տեսանկյունից Սահմանադրական դատարանը պետք է անդրադառնար նաև նշված անձանց պաշտոնավարման տարիքին առնչվող օրենսդրական կարգավորումների բացի խնդրին և, մասնավորապես, այդ բացի ազդեցության գնահատմանը սահմանադրականության տեսանկյունից: Սակայն ՍԴՈ-1650 որոշմամբ վերոհիշյալ հարցերին մասնակիորեն է անդրադարձ կատարվել:

 

2. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ էր նաև քննարկել վիճելի իրավակարգավորումների սահմանադրականության հարցը Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված՝ իրավական պետության հիմնարար սկզբունքի բաղադրիչ՝ իրավական որոշակիության սկզբունքի ապահովման տեսանկյունից, որը որպես իրավունքի գերակայության ապահովման առանցքային երաշխիք կանխորոշում է օրենքների որակական այնպիսի հատկանիշներով օժտվածություն, ինչպիսիք են հստակությունը, կանխատեսելիությունն ու մատչելիությունը:

Այսպես՝ Սահմանադրական օրենքի վիճելի 80-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն:

Միաժամանակ, նույն հոդվածի վիճարկվող 9-րդ մասը սահմանում է, որ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի նույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:

Այսինքն՝ ի լրումն Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար նախատեսված սահմանադրական պահանջների՝ Սահմանադրական օրենքը զուգահեռ սահմանում է լրացուցիչ չափանիշներ՝ այդ թվում դատավոր նշանակվելու համար սահմանված սահմանափակումների ձևով:

Այսպես՝ Սահմանադրական օրենքի՝ «Դատավոր նշանակվելու սահմանափակումները» վերտառությամբ 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«1. Դատավոր չի կարող նշանակվել այն անձը`

1) որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ հանված չէ.

2) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

3) որն ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

4) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն կամ օրենքով նախատեսված կարգով չի ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից (եթե անձն արական սեռի է).

5) որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել.

6) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.

(….)»:

Իսկ «Դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները» վերտառությամբ 97-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-ից 60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք, եթե՝

1) ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

2) Հայաստանի Հանրապետությունում ստացել են իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.

3) տիրապետում են հայերենին.

4) ունեն անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկ` ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների` Բարձրագույն դատական խորհրդի սահմանած համապատասխան մակարդակի իմացություն:

5) միայն իրավագիտության բակալավրի աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում ունեն առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, իսկ իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան ունենալու կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում ունեն առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն.

6) առկա չեն դատավոր նշանակվելու՝ սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները»:

Չնայած այն հանգամանքին, որ ՍԴՈ-1650 որոշման 4.1-րդ կետում Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ՝ «(….) դատավորի թեկնածուի հավակնորդի համար նախատեսված պահանջներն Ազգային ժողովի կողմից ընտրվող ԲԴԽ անդամի նկատմամբ կիրառելի են միայն դատավոր նշանակվելու համար Օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների մասով», այդուհանդերձ, հիշատակված կարգավորումների համակարգային վերլուծությունից հետևում է, որ դատավորի թեկնածուին առաջադրվող պահանջը՝ իր բովանդակային ու գործառնական նշանակությամբ, ինքնին ընկալվում է միաժամանակ որպես դատավոր նշանակվելու համար սահմանափակում, ուստի կարծում եմ, որ Սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի վիճարկվող 9-րդ մասի կարգավորման համատեքստում դատավորի համար սահմանված սահմանափակումները և դատավորի թեկնածուին առաջադրվող պահանջները հավասարապես վերաբերելի են դառնում Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու համար:

Այսպիսով, Սահմանադրական օրենքի հիշատակված կարգավորումներից հետևում է, որ վիճարկվող 80-րդ հոդվածի 9-րդ մասը չի բխում Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությունից և իրավական որոշակիության տեսանկյունից ձևակերպված է ոչ բավարար ճշգրտությամբ ու հստակությամբ, ինչով պայմանավորված՝ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու և այդ անդամի պաշտոնավարելու վերաբերյալ դրույթներն իրավակիրառ պրակտիկայում կարող են հանգեցնել տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության:

Հենց այս հանգամանքների բացահայտման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Սահմանադրական դատարանը պետք է բացահայտեր Բարձրագույն դատական խորհրդի ու նրա անդամի իրավական կարգավիճակի քննության առարկա տարրերի սահմանադրաիրավական բովանդակությունը և միայն դրա համատեքստում գնահատեր վիճարկվող նորմերի սահմանադրականությունը:

 

3. Սահմանադրության հիշատակված 174 և 175-րդ հոդվածների համակարգային վերլուծությունից նաև հետևում է, որ Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնավարման տարիքին վերաբերող սահմանադրական լուծումներն իրենց արտահայտումը պետք է ունենային Սահմանադրական օրենքում:

Ակնհայտ է, որ կարող է խոսք լինել քննության առարկային անմիջականորեն առնչվող oրենսդրական բացի մասին, քանի որ Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամին վերաբերող իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրերից մեկի՝ պաշտոնավարման տարիքի սահմանումը բացակայում է, ինչի հետևանքով ուղղակիորեն կարող է վտանգվել ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդի իրավաչափ գործունեությունը, այլև վերջինիս սահմանադրական գործառույթի՝ դատարանների և դատավորների անկախության երաշխավորումը:

Միաժամանակ, կարծում եմ, որ Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնավարման տարիքին վերաբերող օրենքի բացը, այնուհետև վիճարկվող նորմերի բովանդակությամբ այդ բացի հետևանքով պայմանավորված իրավական անորոշության առկայությունն իրավակիրառական պրակտիկայում իրենց հերթին կարող են հանգեցնել այդ նորմերի երկիմաստ մեկնաբանությունների:

Ելնելով առանց տարիքի պահանջի սահմանման, Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնավարման իրավակիրառ պրակտիկայից և այդ խնդրի կապակցությամբ առկա օրենսդրական բացի հաղթահարման անհրաժեշտությունից՝ գտնում եմ, որ այդ հարաբերությունների ամբողջական կարգավորված լինելը և դրանց բնականոն իրագործումը կարող էին իրականացվել միայն Սահմանադրական օրենքի համապատասխան դրույթները համակարգելու ու հստակեցնելու արդյունքում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված՝ Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի սահմանադրաիրավական կարգավիճակի տարրեր սահմանող կարգավորումները խնդրահարույց են, ինչը նաև նշանակում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համապատասխան դրույթները համակարգման ու հստակեցման կարիք ունեն։

 

Սահմանադրական դատարանի 

դատավոր

Ա. Խաչատրյան

 

13 մայիսի 2022 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2022 թվական: