Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.05.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0606/01/18

Գործ թիվ ԵԴ/0606/01/18

Նախագահող դատավոր՝  Կ. Մարդանյան

 

         

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ`

Ն. Թումանյանի

 

2020 թվականի մայիսի 25-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 29-ի որոշման դեմ Վաչագան Աշոտի Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի հուլիսի 4-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնում հարուցվել է թիվ 09170018 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ Վաչագան Աշոտի Ավդալյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ և 118-րդ հոդվածներով:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ Վ.Ավդալյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով` երկու դրվագով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ Վ.Ավդալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որի ժամկետը հետագայում երկարացվել է:

2018 թվականի օգոստոսի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ թիվ ԵԴ/0606/01/18 քրեական գործը, ըստ մեղադրանքի Վաչագան Ավդալյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով՝ երկու դրվագով, ընդունվել է վարույթ:

2018 թվականի օգոստոսի 22-ին Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Վ.Ավդալյանի նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված և երկարացված կալանավորման վերացման, փոփոխման կամ պահպանման հարցը, որոշել է Վ.Ավդալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պահպանել նաև գործի դատական քննության ընթացքում:

3. Վ.Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)` 2018 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Վ.Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 8-ի որոշմամբ պաշտպանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ թիվ ԵԴ/0606/01/18 քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Վաչագան Ավդալյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով՝ երկու դրվագով, միացվել է թիվ ԵԴ/0367/01/18 քրեական գործին՝ ըստ մեղադրանքի Վաչագան Ավդալյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, և նշանակվել է դատական քննության: Նույն որոշմամբ Վ.Ավդալյանի նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու հարցը քննարկելու համար նշանակվել է դատական նիստ՝ 2018 թվականի սեպտեմբերի 4-ին:

6. 2018 թվականի սեպտեմբերի 4-ի դատական նիստի ընթացքում, պաշտպան Լ.Ասլանյանը միջնորդել է վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը, կամ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի՝ սահմանելով գրավի ողջամիտ չափ:

7. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ Վ.Ավդալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել է անփոփոխ, իսկ պաշտպանի միջնորդությունը՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ, մերժվել է:

8. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ Վ.Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

9. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Վ.Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 16-ի որոշմամբ պաշտպանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: 2019 թվականի ապրիլի 11-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու վերաբերյալ՝ արձանագրելով, որ նոր քննության ընթացքում վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի Վ.Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը1: Գործի նոր քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի օգոստոսի 26-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 4-ի որոշման դեմ բերված՝ պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին2: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի օգոստոսի 26-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մերժվել է3։

10. Վերաքննիչ դատարանը, պաշտպանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին 2018 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ արձանագրել է. «(…) Պաշտպան Լ.Ասլանյանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է Առաջին ատյանի դատարանի՝ դատաքննության ընթացքում կայացված՝ ամբաստանյալ Վաչագան Ավդալյանի նկատմամբ դեռևս մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պահպանելու վերաբերյալ որոշումը, որն ընդգրկված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով նախատեսված Վերաքննիչ դատարան բողոքարկման ենթակա ակտերի շարքում (…):

(…) Վերաքննիչ դատարանը` գտնում է, որ պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոք բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման»4:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

11. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ: Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ, սույն գործով Վերաքննիչ դատարանը խախտել է Վ.Ավդալյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները, ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ: Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ, նշել է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք ունի իրեն ազատությունից զրկելու որոշումը բողոքարկելու իրավունք, մինչդեռ Վերաքննիչ դատարանը ներկայացված վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության։

12. Միևնույն ժամանակ բողոք բերած անձը, անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտին, գտել է, որ այն ևս անհիմն է և չպատճառաբանված: Ի հիմնավորումն վերոնշվածի` բողոքաբերը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննարկման ժամանակ որևէ անդրադարձ չի կատարել պաշտպանության կողմի հնչեցրած առարկություններին:

Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ, դատարանն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ վերացել է կալանավորման հիմքը` գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը: Բողոքաբերը նաև փաստել է, որ գործի դատական քննության ներկա փուլում հացաքննված են բոլոր վկաները և տուժողները, իսկ Վ.Ավդալյանն ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում որևէ ազդեցություն չի ունեցել դատավարության մասնակիցների նկատմամբ: Ինչ վերաբերում է կալանավորման մյուս հիմքին՝ օրենքով արգելված արարք կատարելուն, ապա բողոքաբերը նշել է, որ այն ևս անհիմն է, քանի որ պետք է հաշվի առնել անմեղության կանխավարկածը, իսկ իր պաշտպանյալի նկատմամբ առկա չէ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ:

13. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 29-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնելով Վ.Ավդալյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը և նրան ազատել արգելանքից:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Վ.Ավդալյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումն այն պատճառաբանությամբ, որ մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պահպանելու վերաբերյալ որոշումը ընդգրկված չէ վերաքննիչ դատարան բողոքարկման ենթակա ակտերի շարքում:

15. ՀՀ Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ անդրադառնալով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննության արդյունքում կայացված որոշման բողոքարկման հնարավորությանը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Գ]ործը դատական քննության նախապատրաստելու փուլում վիճարկվող իրավակարգավորման ուժով մեղադրյալի նկատմամբ անձնական ազատության իրավունքի սահմանափակում նախատեսող խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունվում է որոշում (Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մաս), որն, ի թիվս այլնի, Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի, ինչպես նաև Օրենսգրքի 73-րդ հոդվածի 15-րդ կետի ուժով կարող է բողոքարկվել մեղադրյալի, նրա պաշտպանի կողմից (…): Ուստի և, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը խնդրահարույց չէ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում այն առումով, որ Օրենսգրքում, մասնավորապես, առկա են կալանքի՝ որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունված որոշման դատական բողոքարկման (ստուգման) օրենսդրական երաշխիքներ (…)»5:

16. ՀՀ Սահմանադրական դատարանի` նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը, վերանայելով Անուշ Ղավալյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները6, Գարիկ Սարգսյանի գործով փաստել է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու (այդ թվում նաև՝ կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը մերժելու) մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով7:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ այն պատճառաբանությամբ, որ պաշտպանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է Առաջին ատյանի դատարանի՝ դատաքննության ընթացքում կայացված՝ ամբաստանյալ Վ.Ավդալյանի նկատմամբ դեռևս մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պահպանելու վերաբերյալ որոշումը, որն ընդգրկված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով նախատեսված՝ վերաքննիչ դատարան բողոքարկման ենթակա ակտերի շարքում8։

18. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 15-16-րդ կետերում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը:

Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից Վ.Ավդալյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը՝ այն պատճառաբանությամբ, որ դեռևս մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պահպանելու վերաբերյալ որոշումը ընդգրկված չէ դատարան վերաքննիչ բողոքարկման ենթակա ակտերի շարքում։

19. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել քրեադատավարական օրենքի պահանջի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկել համար: Սակայն հաշվի առնելով, որ թիվ ԵԴ/0606/01/18 քրեական գործը միացվել է ԵԴ/0367/01/18 քրեական գործին, որոնք դատական քննության նախապատրաստելու փուլում Առաջին ատյանի դատարանի կողմից 2018 թվականի սեպտեմբերի 4-ին կայացվել է Վ.Ավդալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշում, որի օրինականությունն ու հիմնավորվածությունը Վ.Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանն ըստ էության վիճարկելու հնարավորություն է ունեցել, արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մերժվել է9, Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում բողոքարկված դատական ակտի բեկանումը:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն, ճանաչել Վ.Ավդալյանի իրավունքի խախտման փաստը, իսկ ստորադաս դատարանի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

20. Ելնելով վերոշարադրյալից, ինչպես նաև այն հանգամանքից, որ բողոքաբերի կողմից բարձրացված՝ սույն որոշման 14-րդ կետում ներկայացված փաստարկները կոնկրետ գործով Վերաքննիչ դատարանի կողմից քննարկման առարկա չեն դարձվել, Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:

2. Ճանաչել Վաչագան Աշոտի Ավդալյանի իրավունքի խախտման փաստը:

3. Վաչագան Աշոտի Ավդալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 29-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________________

1 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ, Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԴ/0606/01/18 որոշումը:

2 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 29-ի թիվ ԵԴ/0606/01/18 որոշումը:

3 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ, Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԴ/0606/01/18 որոշումը:

4 Տե՛ս նյութեր, թերթեր 43-44:

5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման 4.2-րդ կետը:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Անուշ Ղավալյանի գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշման 21-րդ կետը:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարիկ Սարգսյանի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԵԿԴ/0294/01/17 որոշման 14-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 5-11-րդ կետերը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան