Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 65
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.05.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.07.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2021 թվականի

թիվ 65

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՇԱՃ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ և 56-րդ հոդվածներին, «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 12 հավելված) 14-րդ կետին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 9-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 57-րդ և 82-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 77 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոններում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Ժապարով

Ա.Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2021 թվականի հուլիսի 14-ի

թիվ 65 որոշման

  

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

         

Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոններում կատարվող

      

1. II մասի 1.2 ենթաբաժինը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Կանոնների սույն մասի 17-րդ բաժինը ցուցումներ է պարունակում այն կազմակերպությունների համար, որոնք (այլ դեղագործական գործունեությունից բացի) իրականացնում են ակտիվ դեղագործական բաղադրամասի կամ միջանկյալ արտադրանքի դիստրիբյուցիա կամ պահպանում, այդ թվում՝ բժշկական կիրառման համար դեղագործական արտադրանքում օգտագործվող ակտիվ դեղագործական բաղադրամասերի համար պատշաճ դիստրիբյուտորական գործունեության սկզբունքների վերաբերյալ ցուցումներ:»:

2. III մասի III գլխի 5-րդ բաժնում տասնվեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

նախագծային պարամետրերի տիրույթ (design space)՝ մուտքային փոփոխականների (օրինակ՝ որակն ապահովող նյութերի բնութագրերի և արտադրության գործընթացի պարամետրերի) բազմաչափ համակցություն և փոխազդեցություն: Նախագծային պարամետրերի տիրույթի ներսում արտադրության գործընթացի իրականացումը չի կարող դիտարկվել որպես դեղապատրաստուկի որակի ցուցանիշների փոփոխություն: Նախագծային պարամետրերի տիրույթի սահմաններից դուրս գալը փոփոխություն է համարվում և սովորաբար պահանջում է դեղապատրաստուկի գրանցման դոսյեում հետգրանցումային փոփոխությունների կատարման գործընթացի նախաձեռնում: Նախագծային պարամետրերի տիրույթը սահմանվում և հիմնավորվում է դիմողի կողմից ու դեղապատրաստուկի գրանցման դոսյեի փորձաքննության շրջանակներում ենթակա է փորձագիտական գնահատման և հավանության.»:

3. Նշված կանոնների թիվ 15 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 15

Եվրասիական տնտեսական միության պատշաճ

արտադրական գործունեության կանոնների

        

ՊԱՀԱՆՋՆԵՐ

որակավորմանը և վալիդացմանը ներկայացվող

    

1. Սկզբունք

       

1. Սույն պահանջները պարունակում են դեղապատրաստուկների արտադրության համար օգտագործվող տարածքների, սարքավորումների և ինժեներական համակարգերի, ինչպես նաև դեղապատրաստուկների արտադրության գործընթացների նկատմամբ կիրառելի որակավորման և վալիդացման սկզբունքների նկարագրությունը: Բացի այդ՝ սույն պահանջները կարող են ակտիվ դեղագործական բաղադրամասերն արտադրելիս օգտագործվել որպես լրացուցիչ ուղեցույց՝ առանց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 77 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնների (այսուհետ՝ Կանոններ) II մասում նշվածներին լրացուցիչ պահանջներ սահմանելու:

Կանոնների պահանջներն իրագործելու նպատակով արտադրողն իրականացնում է իր գործունեության կրիտիկական ասպեկտների վերահսկողություն՝ դեղագործական արտադրանքի (այսուհետ՝ արտադրանք) կենսական պարբերաշրջանի բոլոր փուլերում արտադրության գործընթացների և սարքավորումների ու դրա արտադրության գործընթացի որակավորման և վալիդացման միջոցով: Տարածքների կառուցվածքային դասավորվածություններում, սարքավորումներում, ինժեներական համակարգերում և արտադրության գործընթացներում ցանկացած պլանավորված փոփոխություն, որը կարող է ազդել արտադրանքի որակի վրա, պետք է փաստաթղթերով ձևակերպված լինի: Անհրաժեշտ է նաև գնահատել նման փոփոխությունների ազդեցությունը համապատասխան վալիդացիոն կարգավիճակի կամ վերահսկողության ռազմավարության վրա: Պատրաստի արտադրանքի արտադրության համար օգտագործվող համակարգչայնացված համակարգերը ենթակա են վալիդացման՝ Կանոնների թիվ 11 հավելվածում ներկայացված պահանջներին համապատասխան: Բացի այդ՝ անհրաժեշտ է հաշվի առնել Կանոնների III մասի II և III գլուխներով նախատեսված ցուցումները:

  

2. Ընդհանուր դրույթներ

  

2. Արտադրանքի կենսական պարբերաշրջանի ընթացքում անհրաժեշտ է կիրառել որակի համար, այդ թվում՝ որակավորման և վալիդացման համար ռիսկերի կառավարման մոտեցումը: Որակի ռիսկերի կառավարման համակարգի բաղադրիչներ հանդիսացող վալիդացման և որակավորման անցկացման սահմանների և ծավալի մասին որոշումները պետք է հիմնվեն դեղապատրաստուկների արտադրության համար օգտագործվող տարածքների, սարքավորումների, ինժեներական համակարգերի նկատմամբ ռիսկերի, ինչպես նաև դեղապատրաստուկների արտադրության գործընթացների հետ կապված ռիսկերի հիմնավորված և փաստաթղթավորված գնահատման վրա: Հետահայաց վալիդացումն ընդունելի մոտեցում չէ: Որակավորման և (կամ) վալիդացիոն հետազոտությունները հաստատող ու արտադրողի սեփական վալիդացիոն ծրագրից դուրս գտնվող աղբյուրներից ստացված տվյալներն օգտագործվում են արտադրական հարթակի մաստեր-ֆայլում և դեղապատրաստուկի գրանցման դոսյեում գրավոր հիմնավորման առկայության պայմանով, որով հաստատվում է նման մոտեցումն օգտագործելու հնարավորությունը, ինչպես նաև երաշխավորվում է նման տվյալների հավաքագրման գործընթացի ընթացքում համապատասխան հսկիչ միջոցառումների կատարումը:

           

3. Որակավորման և վալիդացման կազմակերպումն ու պլանավորումը

  

3. Անհրաժեշտ է պլանավորել որակավորման և վալիդացիոն միջոցառումների անցկացումը, ինչպես նաև հաշվի առնել տարածքների, սարքավորումների, ինժեներական համակարգերի, արտադրության գործընթացների և արտադրանքի կենսական պարբերաշրջանը:

4. Որակավորումն ու վալիդացումը պետք է անցկացվեն միայն պատրաստված անձնակազմի կողմից՝ դեղապատրաստուկներ արտադրողի կողմից հաստատված ընթացակարգերին համապատասխան:

5. Որակավորմամբ և վալիդացմամբ զբաղվող անձնակազմի ենթակայության կարգը սահմանվում է որակի դեղագործական համակարգին համապատասխան: Թույլատրվում է որակավորման և վալիդացման կատարումը որակի ապահովման և որակի վերահսկողության ծառայությունների կողմից: Անհրաժեշտ է ապահովել որակի ապահովման և որակի վերահսկողության ծառայությունների կողմից ընդունելի վերահսկողությունը՝ վալիդացման ամբողջ պարբերաշրջանի ընթացքում:

6. Ձեռնարկության վալիդացման և որակավորման ծրագրի առանցքային տարրերը պետք է հստակ որոշված և ձևակերպված լինեն վալիդացիոն մաստեր-պլանի կամ համարժեք փաստաթղթի ձևով:

7. Վալիդացիոն մաստեր-պլանով կամ համարժեք փաստաթղթով պետք է սահմանվի որակավորման և վալիդացման համակարգը կամ հղումներ պարունակի հետևյալ տեղեկատվությանն ու փաստաթղթերին՝

ա) որակավորման և վալիդացման քաղաքականություն.

բ) որակավորում և վալիդացում անցկացնելիս դերակատարումների և պատասխանատվության բաշխումը նախատեսող կազմակերպական կառուցվածք.

գ) ձեռնարկության տարածքների, համակարգերի, սարքավորումների և գործընթացների համառոտ բնութագրեր և որակավորման ու վալիդացման ընթացիկ կարգավիճակի մասին տվյալներ.

դ) որակավորման և վալիդացման ընթացքում փոփոխությունների կառավարման (փոփոխությունների վերահսկման) և շեղումների կառավարման մասին տեղեկատվություն.

ե) ընդունելիության չափանիշների մշակման ուղեցույց.

զ) հղումներ՝ որակավորման և վալիդացման ոլորտի փաստաթղթերին.

է) որակավորման և վալիդացման գործունեության ռազմավարություն, որն իր մեջ ներառում է կրկնակի որակավորման մասին տեղեկատվությունը (եթե կիրառելի է):

8. Լայնածավալ և բարդ նախագծեր իրագործելիս նպատակահարմար է մի քանի առանձին վալիդացիոն մաստեր-պլանների մշակումը:

9. Որակի ռիսկերի կրկնակի գնահատումն անցկացվում է` հաշվի առնելով դեղապատրաստուկի արտադրության գործընթացի նախագծման և դեղապատրաստուկի արտադրության գործընթացի ժամանակ ստացված գիտելիքներն ու տեղեկատվությունը:

10. Որակի ռիսկերի գնահատման կիրառման գործընթացն անհրաժեշտ է ձևակերպել որպես վալիդացիոն մաստեր-պլանի բաժին:

11. Անհրաժեշտ է ներդնել որակավորման և վալիդացման վերահսկողություն, որը թույլ կտա ապահովել ստացված բոլոր տվյալների ամբողջականությունը:

        

4. Փաստաթղթերը

             

12. Պատշաճ փաստաթղթային ձևակերպման կանոնները կարևոր են արտադրանքի կենսական ամբողջ պարբերաշրջանի ընթացքում գիտելիքների կառավարման բարձր մակարդակը պահպանելու համար:

13. Որակավորման և վալիդացման գործընթացում ձևավորվող բոլոր փաստաթղթերը պետք է համաձայնեցված ու հաստատված լինեն համապատասխան անձնակազմի կողմից, ինչպես դա սահմանված է որակի դեղագործական համակարգում՝ Կանոնների I մասի 1-ին գլխին համապատասխան:

14. Համալիր վալիդացիոն նախագծերում փաստաթղթերի միջև փոխկապակցվածությունը պետք է հստակորեն սահմանվի:

15. Կրիտիկական համակարգերը, ցուցանիշներն ու պարամետրերը, ինչպես նաև ընդունելիության համապատասխան չափանիշները պետք է սահմանված լինեն դեղապատրաստուկներ արտադրողի կողմից մշակվող վալիդացման արձանագրություններում:

16. Որակավորման մասով փաստաթղթերը կարող են միավորվել, եթե դա ընդունելի է (օրինակ՝ մոնտաժման որակավորման (IQ) և աշխատանքի որակավորման (OQ) փաստաթղթերը):

17. Այն դեպքում, երբ վալիդացման արձանագրությունները և այլ փաստաթղթեր տրամադրվում են վալիդացման ծառայությունների մատակարարների կողմից, արտադրական հարթակի համապատասխան անձնակազմը պետք է հաստատի վալիդացման արձանագրությունների պիտանիությունը և դրանց համապատասխանությունը դեղապատրաստուկներ արտադրողի ներքին ընթացակարգերին՝ նման արձանագրությունները հաստատելուց առաջ: Վալիդացման ծառայությունների մատակարարներից ստացված վալիդացման արձանագրությունները կարող են լրացվել փորձարկումների փաստաթղթերով և արձանագրություններով՝ մինչև դրանք օգտագործելը:

18. Վալիդացման հաստատված արձանագրության կատարման ընթացքում դրա ցանկացած էական փոփոխություն (օրինակ՝ ընդունելիության չափանիշներին, աշխատանքի պարամետրերին վերաբերող փոփոխությունները և այլն) պետք է որպես շեղում փաստաթղթավորվի և գիտականորեն հիմնավորված լինի:

19. Ընդունելիության սահմանված չափանիշները չբավարարող արդյունքներն անհրաժեշտ է գրանցել որպես շեղումներ ու ենթարկել ամբողջական քննության՝ ներքին ընթացակարգին համապատասխան: Վալիդացման համար ցանկացած հնարավոր հետևանք պետք է արտացոլվի վալիդացման վերաբերյալ հաշվետվության մեջ:

20. Վալիդացման գործընթացի ամփոփումն ու դրա արդյունքներով եզրահանգումներն անհրաժեշտ է փաստաթղթավորել: Ստացված արդյունքները հարկավոր է համադրել ընդունելիության չափանիշների հետ: Ընդունելիության չափանիշների ցանկացած հետագա փոփոխություն անհրաժեշտ է գիտականորեն հիմնավորել: Նախորդ փուլի վալիդացման արդյունքներով պետք է տրվեն վերջնական հանձնարարականներ՝ որակավորման և վալիդացման հաջորդ փուլին անցնելու մասով:

21. Որակավորման և վալիդացման հաջորդ փուլին անցումը պետք է հաստատվի պատասխանատու անձնակազմի կողմից (կամ վալիդացման վերաբերյալ հաշվետվության հաստատման փուլում, կամ էլ ամփոփող առանձին փաստաթղթի ձևով):

Լրացուցիչ պայմանների սահմանմամբ հաջորդ փուլին անցում կատարելու հաստատումը հնարավոր է այն դեպքում, երբ ամբողջությամբ հաշվի չեն առնվել որակավորման և վալիդացման կատարված փուլի համար ընդունելիության կոնկրետ չափանիշները կամ շեղումները, ինչպես նաև երբ առկա է որակավորման և վալիդացման հետագա միջոցառումների վրա ընդունելիության ամբողջությամբ հաշվի չառնված չափանիշների կամ շեղումների էական ազդեցության բացակայության՝ փաստաթղթերով ձևակերպված գնահատականը:

            

5. Դեղապատրաստուկների արտադրության համար օգտագործվող տարածքների, սարքավորումների, ինժեներական համակարգերի և գործընթացների որակավորման փուլերը

           

22. Որակավորման միջոցառումներն անցկացնելիս անհրաժեշտ է նախատեսել որակավորման բոլոր փուլերը՝ օգտվողի պահանջների մասնագրի մշակումից մինչև դեղապատրաստուկների արտադրության համար օգտագործվող տարածքների, սարքավորումների, ինժեներական համակարգերի օգտագործման և դեղապատրաստուկների արտադրության գործընթացների ավարտը: Հիմնական փուլերը, ինչպես նաև առանձին չափորոշիչները (չնայած նրան, որ դրանք պայմանավորված են նախագծի կոնկրետ առանձնահատկություններով և կարող են տարբերվել), որոնք կարող են ներառվել փուլերից յուրաքանչյուրի մեջ, նկարագրված են ստորև:

       

Օգտվողի պահանջների մասնագիրը (URS)

           

23. Դեղապատրաստուկների արտադրության համար օգտագործվող տարածքներին, սարքավորումներին և ինժեներական համակարգերին ու դեղապատրաստուկների արտադրության գործընթացներին ներկայացվող պահանջներն անհրաժեշտ է սահմանել օգտվողի պահանջների մասնագրում և (կամ) գործառական մասնագրում: Որակի էական նշանակություն ունեցող տարրերն անհրաժեշտ է նախատեսել տվյալ փուլում, իսկ որակի մասով ցանկացած ռիսկեր նվազեցնել մինչև ընդունելի մակարդակը: Օգտվողի պահանջների մասնագիրն անհրաժեշտ է դիտարկել որպես որակավորման կենսական պարբերաշրջանի ռեֆերենտային (չափանմուշային) կետ:

       

Նախագծի որակավորումը (DQ)

              

24. Սարքավորումների, տարածքների, ինժեներական և այլ համակարգերի որակավորման հաջորդ տարրը նախագծի որակավորումն է, որի արդյունքներով հաստատվում և փաստաթղթերով ձևակերպվում է նախագծի (դիզայնի) համապատասխանությունը Կանոնների պահանջներին: Օգտվողի մասնագրում պարունակվող պահանջներն անհրաժեշտ է ստուգաճշտել նախագծի որակավորման ընթացքում:

         

Արտադրող գործարանում հանձնման-ընդունման փորձարկումները (FAT) և (կամ) պատվիրատուի մոտ հանձնման-ընդունման փորձարկումները (SAT)

                 

25. Սարքավորումների պիտանիությունը (հատկապես նոր կամ համալիր տեխնոլոգիաների ներդրման դեպքում) կարող է գնահատվել մատակարարի հարթակում՝ մինչև դրա մատակարարումը:

26. Մինչև տեղադրման (մոնտաժման) պահն անհրաժեշտ է հաստատել սարքավորումների համապատասխանությունն օգտվողի պահանջների մասնագրին և (կամ) գործառական մասնագրին՝ մատակարարի (արտադրողի) հարթակում (եթե կիրառելի է):

27. Փաստաթղթերի ստուգումն ու առանձին փորձարկումները կարող են կատարվել արտադրող ձեռնարկությունում հանձնման-ընդունման փորձարկումների ընթացքում կամ սարքավորումների արտադրության այլ փուլերում՝ առանց մոնտաժման որակավորման և գործառման որակավորման գործընթացում պատվիրատուի հարթակում դրանք կրկնակի կատարելու անհրաժեշտության, եթե դա հիմնավորված է պատվիրատուի կողմից և կարող է գործնականում կիրառելի լինել՝ պայմանով, որ հանձնման-ընդունման փորձարկումների ընթացքում պատվիրատուն հաստատել է սարքավորումների գործառության վրա նման փորձարկումների ազդեցության բացակայությունը՝ դրա փոխադրումից և տեղադրումից հետո:

28. Արտադրող ձեռնարկությունում հանձնման-ընդունման փորձարկումների կատարումը կարող է համալրվել սարքավորումներն ստանալուց և պատվիրատուի արտադրական հարթակում այն տեղադրելուց հետո հանձնման-ընդունման փորձարկումների կատարմամբ:

        

Մոնտաժման որակավորումը (IQ)

              

29. Մոնտաժման որակավորումն անհրաժեշտ է անցկացնել սարքավորումների, տարածքների, ինժեներական կամ այլ համակարգերի համար:

30. Մոնտաժման որակավորման փուլը կարող է իր մեջ ներառել հետևյալ ենթափուլերը (սակայն չսահմանափակվել դրանցով)՝

ա) ինժեներական գծագրերի և մասնագրերի նկատմամբ բաղադրամասերի, սարքերի, սարքավորումների, կալորդի և այլ օժանդակ համակարգերի մոնտաժման ճշտության վերիֆիկացում.

բ) պատվիրատուի կողմից նախապես սահմանված չափորոշիչների նկատմամբ մոնտաժման ճշտության վերիֆիկացում.

գ) մատակարարների գործառական և աշխատանքային հրահանգների ու սպասարկման պահանջների լրակազմության հավաքագրում և ստուգում.

դ) գործիքների չափաբերում.

ե) կոնստրուկցիայի նյութերի վերիֆիկացում:

            

Գործառման որակավորումը (OQ)

                  

31. Գործառման որակավորման փուլն անցկացվում է մոնտաժման որակավորման փուլից հետո, սակայն սարքավորումների բարդության աստիճանով պայմանավորված՝ այդ փուլը կարող է անցկացվել մոնտաժման որակավորման հետ համակցությամբ (IOQ):

32. Գործառման որակավորման փուլը կարող է իր մեջ ներառել հետևյալ ենթափուլերը (սակայն չսահմանափակվել դրանցով)՝

արտադրության գործընթացի, համակարգերի և սարքավորումների մասին գիտելիքների հիման վրա անցկացվող փորձարկումներ՝ նախագծի համաձայն համակարգի գործառումն ապահովելու համար.

աշխատանքային վերին և ստորին սահմանների և (կամ) «վատագույն դեպքի» պայմանների հաստատմանն ուղղված փորձարկումներ:

33. Գործառման որակավորման փուլի հաջող ավարտը թույլ է տալիս ընդունել՝

ա) ստանդարտ գործառական ընթացակարգերի վերջնական խմբագրությունը.

բ) մաքրման ընթացակարգերին ներկայացվող պահանջները.

գ) օպերատորների ուսուցմանը ներկայացվող պահանջները.

դ) սարքավորումների տեխնիկական սպասարկմանը ներկայացվող պահանջները:

              

Շահագործման որակավորումը (PQ)

   

34. Մոնտաժման որակավորման և գործառման որակավորման հաջող ավարտին հաջորդում է շահագործման որակավորումը։ Որոշ դեպքերում շահագործման որակավորումը հնարավոր է անցկացնել գործառման որակավորման կամ արտադրության գործընթացի վալիդացման հետ միաժամանակ:

35. Շահագործման որակավորման փուլը կարող է իր մեջ ներառել նաև փորձարկումներ՝ արտադրության սովորական պայմաններում ապացուցված համարժեք բնութագրերով և «վատագույն դեպքի» սցենարին համապատասխանող՝ արտադրանքի սերիայի չափի դեպքում փոխարինիչների (համարժեք նյութերի) և կամ մոդելային արտադրանքի որակավորում անցած արտադրական նյութերի օգտագործմամբ: Արտադրության գործընթացի վերահսկողության հաստատման համար նմուշառման սահմանված հաճախականությունը պետք է հիմնավորված լինի պատվիրատուի կողմից՝ ռիսկերի համապատասխան վիճակագրական վերլուծության հիման վրա:

Փորձարկումները պետք է ընդգրկեն արտադրության գործընթացի աշխատանքային ընդգրկույթը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հասանելի է մշակման փուլից սկսած աշխատանքային ընդգրկույթի փաստաթղթային հաստատումը:

             

6. Կրկնակի որակավորումը

    

36. Պատվիրատուն (դեղագործական արտադրողը) պետք է իր իսկ կողմից սահմանված պարբերականությամբ կատարի սարքավորումների, տարածքների, ինժեներական և այլ համակարգերի գնահատումը՝ արտադրական հարթակի մաստեր-ֆայլում նման գնահատման արդյունքների արտացոլմամբ՝ ի հաստատումն առ այն, որ դրանք մնում են պատվիրատուի (դեղագործական արտադրողի) կողմից վերահսկվող վիճակում:

37. Եթե կրկնակի որակավորումն անհրաժեշտ է և անցկացվում է սահմանված պարբերականությամբ, ապա անհրաժեշտ է հիմնավորել նման պարբերականությունը և սահմանել գնահատման չափորոշիչները: Բացի այդ՝ անհրաժեշտ է գնահատել ժամանակի ընթացքում աննշան փոփոխությունների հնարավորությունը:

  

7. Արտադրության գործընթացի վալիդացումը

        

Ընդհանուր տեղեկատվություն

  

38. Սույն բաժնում նկարագրված պահանջներն ու սկզբունքները կիրառվում են դեղապատրաստուկների բոլոր դեղաձևերի նկատմամբ և տարածվում են արտադրության նոր գործընթացների սկզբնական վալիդացման, վերափոխված գործընթացների հետագա վալիդացման, արտադրական հարթակների միջև տրանսֆերների և գործընթացների շարունակվող վերիֆիկացման վրա: Ընդ որում, ենթադրվում է, որ կատարված է արտադրանքի մշակման լիարժեք գործընթաց, որը թույլ է տալիս անցկացնել արտադրության գործընթացի հաջող վալիդացում:

39. Սույն բաժնում շարադրված պահանջներն ու սկզբունքներն անհրաժեշտ է կիրառել Բժշկական կիրառման համար դեղապատրաստուկների արտադրության գործընթացի վալիդացման ուղեցույցի դրույթների հետ մեկտեղ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 19 հանձնարարականի հավելված):

40. Սույն պահանջների 39-րդ կետում նշված ուղեցույցը նախատեսված է միայն այն տեղեկությունների նկարագրման համար, որոնք անհրաժեշտ է ներկայացնել կարգավորող մարմիններ: Կանոններով սահմանված՝ արտադրության գործընթացի վալիդացմանը ներկայացվող պահանջները տարածվում են արտադրության գործընթացի ամբողջ կենսական պարբերաշրջանի վրա:

41. Սույն բաժնում նկարագրված՝ արտադրության գործընթացի վալիդացման նկատմամբ մոտեցումն անհրաժեշտ է կիրառել արտադրատեսակների արտադրության գործընթացի մշակման և արտադրանքի՝ շրջանառության մեջ փաստացի բաց թողնվող արդյունաբերական սերիաների միջև փոխկապակցվածությունն ապահովելու համար: Արդյունաբերական արտադրական գործընթացի վալիդացման նկատմամբ նման մոտեցումը թույլ է տալիս ապահովել դեղամիջոցի արտադրության գործընթացների վերահսկողությունը սերիական (ռուտինային) արդյունաբերական արտադրության ժամանակ:

42. Արտադրական գործընթացները կարող են մշակվել ավանդական մոտեցման կամ անընդհատ վերիֆիկացման մոտեցման օգտագործմամբ: Սակայն անկախ օգտագործվող մոտեցումից՝ անհրաժեշտ է հաստատել արտադրության գործընթացի կայունությունը և ապահովել արտադրանքի մշտական որակը՝ մինչև պատրաստի արտադրանքը Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնելը: Ավանդական մոտեցման օգտագործմամբ մշակված արտադրության գործընթացների համար անհրաժեշտ է հեռանկարային վալիդացում անցկացնել՝ հնարավորության դեպքում արտադրանքի հավաստագրումից (արտադրանքը Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնելուց) առաջ: Հետադարձ վալիդացումն ընդունելի մոտեցում չի համարվում:

43. Նոր արտադրատեսակների արտադրության գործընթացի վալիդացման ժամանակ անհրաժեշտ է վալիդացման գործընթացում ընդգրկել իրացման համար նախատեսվող բոլոր դեղաչափերը և արտադրական հարթակները: Եզրային տարբերակների ընտրության (բրեքեթինգի) մոտեցման կիրառումը կարող է հիմնավորված լինել արտադրության գործընթացի մասին հատուկ գիտելիքների հիմքով նոր արտադրատեսակների համար, եթե նման գիտելիքներն ստացվել են դեղապատրաստուկի դեղագործական մշակման և դրա արտադրության ընթացքում՝ շարունակական վերիֆիկացման ընդունելի ծրագրի հետ միասնաբար:

44. Մեկ արտադրական հարթակից դեպի մյուսը կամ մեկ հարթակի ներսում փոխանցված արտադրանքի արտադրության գործընթացի վալիդացման համար արտադրանքի վալիդացիոն սերիաների քանակը կարող է կրճատվել եզրային տարբերակների ընտրության (բրեքեթինգի) մոտեցման կիրառման եղանակով: Նախորդ վալիդացման մասին տվյալներ պարունակող արտադրանքի վերաբերյալ տեղեկությունները պետք է հասանելի լինեն: Տարբեր դեղաչափերի, արտադրանքի սերիաների չափերի և փաթեթվածքի չափերի (տեսակների) համար կարող է կիրառվել նաև եզրային տարբերակների ընտրության (բրեքեթինգի) մոտեցումը, եթե արտադրողը նման մոտեցման հնարավորության գրավոր հիմնավորում է ներկայացնում արտադրական հարթակի մաստեր-ֆայլում և դեղապատրաստուկի գրանցման դոսյեում:

Նման մոտեցումը կարող է կիրառվել դեղամիջոցի դեղաչափերի ընդգրկույթի համար այն դեպքում, երբ դեղաչափերը նույնական են կամ շատ մոտ են միմյանց իրենց բաղադրությամբ (օրինակ՝ նույնանման սկզբնական հատիկանյութի օգտագործմամբ ստացված տարբեր քաշի հաբերի՝ մամլման ճիգով որոշվող գծի համար կամ նույն բաղադրության տարբեր ծավալով տարբեր չափի դեղապատիճների թաղանթը լցավորելու մեթոդով ստացված դեղապատիճների գծի համար): Եզրային տարբերակների ընտրության (բրեքեթինգի) մոտեցումը կարող է կիրառվել նաև փաթեթվածքի տարբեր չափերի կամ նույն կոնտեյների լցավորման տարբեր ծավալների համար:

45. Այն դեպքում, երբ արտադրական հարթակ է տեղափոխվում արդեն իսկ արտադրվող արտադրանքի («ժառանգվող արտադրանքի») արտադրությունը, արտադրության և վերահսկողության գործընթացները պետք է անցկացվեն նման դեղապատրաստուկի գրանցման դոսյեի տեղեկություններին և տվյալ խմբի դեղապատրաստուկների գրանցմանը ներկայացվող գործող պահանջներին համապատասխան: Արտադրության նման տեղափոխման ժամանակ դեղապատրաստուկի գրանցման դոսյեում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ են կատարվում:

46. Արտադրության գործընթացի վալիդացման ժամանակ արտադրողը պետք է վերահսկի արտադրանքի արդյունաբերական սերիաների արտադրության գործընթացում որակի բոլոր այն ցուցանիշների և արտադրության գործընթացի այն պարամետրերի հետևողական պահպանման հնարավորությունը, որոնք նա սահմանել է որպես արտադրանքի վալիդացված վիճակը պահպանելու և ընդունելի որակն ապահովելու համար կարևոր ցուցանիշներ և պարամետրեր: Անհրաժեշտ է հստակ փաստաթղթավորել հիմնավորումն առ այն, թե արտադրության գործընթացի որ պարամետրերն ու որակի որ ցուցանիշներն են սահմանված որպես կրիտիկական կամ ոչ կրիտիկական՝ հաշվի առնելով որակի ռիսկերի գնահատման միջոցառումների արդյունքները:

47. Վալիդացիոն սերիաները պետք է ունենան նույն չափը, ինչ առևտրային օգտագործման համար արտադրանքի պլանավորվող սերիաները: Վալիդացիոն սերիայի այլ չափերի օգտագործումն անհրաժեշտ է հիմնավորել վալիդացման փաստաթղթերում՝ ելնելով վալիդացման գործընթացի վրա ազդող կրիտիկական գործոններից, կամ սահմանել դրանք՝ նշելով Կանոնների համապատասխան բաժիններին հղումները:

48. Արտադրության գործընթացի վալիդացման համար օգտագործված տարածքները, համակարգերը, ինժեներական համակարգերն ու սարքավորումները պետք է որակավորված լինեն: Փորձարկումների մեթոդիկաները պետք է վալիդացում անցնեն՝ դրանց ենթադրվող օգտագործմանը համապատասխան:

49. Արտադրանքի բոլոր տեսակների նկատմամբ, անկախ օգտագործվող մոտեցումից, յուրաքանչյուր արտադրական հարթակի համար պետք է հասանելի լինեն մշակման փուլում կատարված հետազոտությունների արդյունքում ստացված կամ այլ աղբյուրներից ձեռք բերված՝ արտադրության գործընթացի մասին գիտելիքները (այլ հիմնավորման բացակայության դեպքում), որոնք պետք է հիմք ծառայեն վալիդացիոն միջոցառումների համար:

50. Ընդ որում, արտադրանքի վալիդացիոն սերիաների արտադրությանը կարող է ներգրավվել արտադրական անձնակազմը (այդ անձնակազմի կողմից արտադրանքի արտադրության առանձնահատկությունները հասկանալու համար) և մշակման կամ տրանսֆերի ծառայության անձնակազմը: Արտադրանքի վալիդացիոն սերիաները պետք է արտադրվեն հմուտ անձնակազմի կողմից՝ Կանոնների պահանջների համաձայն, օգտագործելով արտադրողի կողմից հաստատված փաստաթղթերը:

51. Կրիտիկական ելակետային և փաթեթավորման նյութերի մատակարարների որակավորումն անցկացվում է մինչև արտադրանքի վալիդացիոն սերիաների արտադրությունը: Հակառակ դեպքում անհրաժեշտ է փաստաթղթերով ձևակերպել դրանց պիտանիության հիմնավորումը, որը հիմնված է որակի ռիսկերի կառավարման սկզբունքների կիրառման վրա:

52. Նախագծային չափերի ընտրված տիրույթը (եթե նման տիրույթն օգտագործվում է) հիմնավորելու, ինչպես նաև արտադրության գործընթացի վերահսկողության ռազմավարության հաստատման համար նախատեսված մաթեմատիկական մոդելները մշակելու համար անհրաժեշտ է արտադրության գործընթացի հիմքում ընկած հատուկ գիտելիքների առկայությունը:

53. Այն դեպքում, երբ վալիդացումից հետո նախատեսվում է արտադրանքի վալիդացիոն սերիան Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնել, այդ մասին պետք է հայտնի դառնա մինչև վալիդացման սկիզբը: Այն պայմանները, որոնցում արտադրվում են նման սերիաները, պետք է լիովին համապատասխանեն Կանոնների պահանջներին, ընդունելիության վալիդացիոն չափանիշներին, արտադրության գործընթացի անընդհատ վերիֆիկացման չափորոշիչներին (դրանք կիրառելու դեպքում), ինչպես նաև գրանցման դոսյեում կամ կլինիկական հետազոտությունների անցկացման թույլտվության մեջ նշված տեղեկություններին:

54. Կլինիկական հետազոտությունների համար դեղապատրաստուկների արտադրության գործընթացի վալիդացման ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել Կանոնների թիվ 13 հավելվածով:

   

Ուղեկցող վալիդացումը

        

55. Բացառիկ դեպքերում հիվանդի համար «օգուտ - ռիսկ» դրական հարաբերակցության ժամանակ թույլատրվում է դեղապատրաստուկի արդյունաբերական սերիաների պլանային արտադրությունը՝ մինչև վալիդացիոն ծրագրի ավարտը, և ուղեկցող վալիդացման իրականացումը: Ուղեկցող վալիդացում անցկացնելու մասին որոշումը պետք է հիմնավորված լինի՝ ելնելով սույն պահանջների 56-րդ կետի դրույթներից, ներառված լինի վալիդացիոն մաստեր-պլանում և հաստատված լինի լիազորված անձնակազմի կողմից:

56. Ուղեկցող վալիդացում անցկացնելու մասին որոշումն ընդունելիս պետք է ստացված լինեն արտադրանքի դիտարկվող վալիդացիոն սերիայի համասեռության և դրա՝ ընդունելիության սահմանված չափանիշներին համապատասխանության ապացույցները: Արդյունքներն ու եզրահանգումները պետք է ձևակերպվեն փաստաթղթերով և հասանելի լինեն Կանոնների թիվ 16 հավելվածով սահմանված պահանջներին նման սերիայի համապատասխանությունը հավաստող լիազորված անձի համար՝ մինչև սերիայի հավատարմագրումը:

   

Վալիդացման ավանդական մոտեցումը

     

57. Ավանդական մոտեցման դեպքում պատրաստի արտադրանքի սերիաների սահմանված թիվն արտադրվում է ռուտինային պայմաններում՝ արտադրության գործընթացի վերարտադրելիության հաստատման համար:

58. Արտադրանքի արտադրվող սերիաների և նմուշառվող նմուշների քանակության ընտրությունը պետք է հիմնվի որակի ռիսկերի կառավարման սկզբունքների վրա և թույլ տա սահմանելու տարատեսակությունների և փոփոխման միտումների աշխատանքային ընդգրկույթը: Արտադրողը պետք է ներկայացնի տարատեսակությունների և փոփոխման միտումների աշխատանքային ընդգրկույթի մասով ստացված տվյալները՝ դրա գնահատման համար: Պահանջվում է սահմանել արտադրանքի այն սերիաների քանակությունը, որոնք անհրաժեշտ են՝ հաստատելու համար, որ արտադրության գործընթացում կարող է ապահովվել որակյալ արտադրանքի կայուն ստացումը, և գրանցման դոսյեում ու արտադրական հարթակի մաստեր-ֆայլում ներկայացնել սերիաների տվյալ քանակության ընտրության հիմնավորումը:

59. Արտադրության գործընթացի վալիդացման համար ընդունելի է համարվում ռուտինային պայմաններում արտադրանքի առնվազն 3 հաջորդական սերիաների արտադրությունը, եթե դա չի հակասում սույն պահանջների 58-րդ կետի դրույթներին: Կարող է հիմնավորված լինել արտադրանքի սերիաների այլ քանակություն՝ նկատի ունենալով արտադրության ստանդարտ մեթոդների օգտագործումը և ձեռնարկությունում արտադրության արդեն իսկ կիրառվող նույնանման գործընթացների կամ նույնանման արտադրանքի առկայությունը: Ի լրումն արտադրանքի 3 սերիաների օգտագործմամբ սկզբնական վալիդացման՝ կարող են պահանջվել հետագա սերիաների արտադրության ժամանակ ստացված և գործընթացի շարունակվող վերիֆիկացման մաս հանդիսացող տվյալները:

60. Պետք է նախապատրաստված լինի արտադրության գործընթացի վալիդացման արձանագրությունը, որով սահմանվում են գործընթացի կրիտիկական պարամետրերը (СРР), որակի կրիտիկական ցուցանիշները (CQA) և դրանց հետ կապված ընդունելիության չափանիշները, որոնք պետք է հիմնվեն ավելի վաղ փաստաթղթավորված՝ դեղապատրաստուկի մշակման ընթացքում ստացված տվյալների կամ արտադրության գործընթացի մասին տեղեկությունների վրա:

61. Արտադրության գործընթացի վալիդացման արձանագրությունները պետք է ներառեն հետևյալ տեղեկատվությունը (սակայն չսահմանափակվեն դրանով)՝

ա) արտադրության գործընթացի համառոտ նկարագրությունը և արտադրանքի սերիայի արտադրությանն ու փաթեթավորմանը վերաբերող գրառումներին հղումը.

բ) անձնակազմի գործառույթներն ու պարտավորությունները.

գ) որակի՝ հետազոտություն պահանջող կրիտիկական ցուցանիշների համառոտ ամփոփումը.

դ) արտադրության գործընթացի կրիտիկական պարամետրերի և դրանց հետ կապված սահմանաչափերի համառոտ ամփոփումը.

ե) այլ (ոչ կրիտիկական) ցուցանիշների և պարամետրերի համառոտ ամփոփումը, որոնք կհետազոտվեն կամ կմշտադիտարկվեն վալիդացում անցկացնելու ընթացքում, և դրանք ներառելու պատճառների նշումը.

զ) օգտագործվող սարքավորումների և սարքավորումների համակարգերի ցանկը (ներառյալ չափող, գրանցող սարքավորումները)՝ դրանց չափաբերման մասին տվյալներով.

է) օգտագործվող վերլուծական մեթոդիկաների ցանկը և դրանց վալիդացման մասին տեղեկությունները (եթե կիրառելի է).

ը) ներարտադրական վերահսկողության առաջարկվող միջոցառումների մասին տեղեկությունները՝ ընդունելիության չափանիշներով, ինչպես նաև յուրաքանչյուր նման միջոցառման ընտրության պատճառների հիմնավորումը.

թ) անցկացվող լրացուցիչ թեստավորման մասին տեղեկությունները (ընդունելիության չափանիշներով).

ժ) նմուշառման պլանը և դրա հիմնավորումը.

ժա) արտադրության գործընթացի պարամետրերի գրանցման և դրա արդյունքների գնահատման օգտագործվող մեթոդները.

ժբ) արտադրանքի սերիան Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնելու և արտադրողի լիազորված անձի կողմից արտադրանքի սերիայի համար հավաստագիր տրամադրելու գործընթացը:

    

Արտադրության գործընթացի անընդհատ վերիֆիկացումը

           

62. «Որակ՝ դիզայնի միջոցով» մոտեցմամբ մշակված արտադրանքի համար (այն դեպքում, երբ գիտական տվյալների հիման վրա մշակում իրականացնելիս պարզվել է, որ արտադրության ռուտինային գործընթացն ապահովում է արտադրանքի որակի մասով վստահության բարձր աստիճան) օգտագործվում է գործընթացի անընդհատ վերիֆիկացումը՝ որպես արտադրության գործընթացի վալիդացման ավանդական մոտեցման այլընտրանք:

63. Անհրաժեշտ է սահմանել գործընթացի անընդհատ վերիֆիկացման մեթոդը: Պետք է նաև սահմանված և գիտականորեն հիմնավորված լինի մուտք գործող նյութերի անհրաժեշտ ցուցանիշների, արտադրության գործընթացի որակի կրիտիկական ցուցանիշների և կրիտիկական պարամետրերի վերահսկողության ռազմավարությունը՝ արտադրանքի իրացումը հաստատելու համար՝ ներառյալ լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից վերահսկողության ռազմավարության գնահատումը: Որպես գործիքակազմ՝ կարող են օգտագործվել արտադրության գործընթացի գործընթացային վերլուծական տեխնոլոգիան (РАТ) և բազմաչափ վիճակագրական վերահսկողությունը: Արտադրողին անհրաժեշտ է որոշել և գրավոր հիմնավորել արտադրանքի այն սերիաների քանակության ընտրությունը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի հաստատվի վստահության բարձր աստիճանն առ այն, որ արտադրության գործընթացը թույլ է տալիս կայուն ապահովել որակյալ արտադրանքի ստացումը:

64. Սույն պահանջների 38 – 54-րդ կետերում նկարագրված սկզբունքները կիրառվում են արտադրության գործընթացի անընդհատ վերիֆիկացում անցկացնելիս:

       

Հիբրիդային մոտեցումը

         

65. Հիբրիդային մոտեցումը, որով նախատեսվում է ավանդական մոտեցման կիրառումն արտադրության գործընթացի անընդհատ վերիֆիկացման հետ համակցությամբ, կարող է օգտագործվել արտադրության նախորդ փորձի և արտադրանքի ավելի վաղ արտադրված սերիաների մասին տվյալների վրա հիմնված՝ արտադրանքի մասին գիտելիքների, այդ արտադրանքի արտադրության գործընթացի մասին գիտելիքների և ըմբռնման զգալի ծավալի առկայության դեպքում:

66. Հիբրիդային մոտեցումը կարող է օգտագործվել նաև վալիդացման ցանկացած գործողության համար՝ արտադրության գործընթացի փոփոխություններից հետո կամ դրա շարունակվող վերիֆիկացման ժամանակ, անգամ եթե ի սկզբանե կիրառվել է ավանդական մոտեցումը:

      

Արտադրության գործընթացի շարունակվող վերիֆիկացումը կենսական պարբերաշրջանի ընթացքում

        

67. Սույն պահանջների 67-71-րդ կետերի դրույթները կիրառելի են արտադրության գործընթացի վալիդացման բոլոր 3 մոտեցումների (ավանդական մոտեցման, անընդհատ վերիֆիկացման և հիբրիդային մոտեցման) համար:

68. Արտադրողները պետք է իրականացնեն արտադրանքի որակի մշտադիտարկում և գնահատեն արտադրության գործընթացի ռելևանտ միտումները՝ արտադրանքի կենսական պարբերաշրջանի ընթացքում դրա վերահսկվող վիճակի պահպանման երաշխիքն ապահովելու նպատակով:

69. Արտադրության գործընթացի շարունակվող վերիֆիկացման ծավալն ու պարբերականությունը ենթակա են դեղապատրաստուկն արտադրողի կողմից կանոնավոր գնահատման, քանի որ արտադրանքի կենսական պարբերաշրջանի ցանկացած պահի կարող է պահանջվել դրանց փոփոխությունը՝ ելնելով արտադրության գործընթացի ըմբռնման փոփոխությունից, ինչպես նաև արտադրության գործընթացի պիտանիությունից՝ դրա շարունակվող վերիֆիկացման ժամանակ:

70. Անհրաժեշտ է իրականացնել արտադրության գործընթացի շարունակվող վերիֆիկացումը՝ հաստատված արձանագրությանը կամ համարժեք փաստաթղթին համապատասխան, ինչպես նաև մշակել ստացված արդյունքների փաստաթղթավորման համար հաշվետվության ձևը: Անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործվի արտադրության նշված գործընթացի փոփոխականությանն ու հնարավորություններին վերաբերող եզրահանգումների հաստատման, ինչպես նաև վերահսկվող վիճակի պահպանության երաշխիքի ապահովման համար վիճակագրական գործիքակազմը:

71. Արտադրության գործընթացի շարունակվող վերիֆիկացումն անհրաժեշտ է օգտագործել արտադրանքի կենսական պարբերաշրջանի ամբողջ ընթացքում՝ դրա վալիդացված կարգավիճակը պահպանելու համար, որը պետք է նշված լինի որակի ամփոփման մեջ: Բացի այդ՝ անհրաժեշտ է քննարկել շարունակվող վերիֆիկացման գործընթացում ապագայում լրացուցիչ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև լրացուցիչ գործողությունների (օրինակ՝ ընդլայնված նմուշառման) իրականացման անհրաժեշտությունը գնահատելու մասին հարցերը:

     

8. Փոխադրման գործընթացի վերիֆիկացումը

       

72. Պատրաստի դեղագործական արտադրանքը, կլինիկական հետազոտությունների համար դեղապատրաստուկները, չբաժնեծրարված արտադրանքը և դեղապատրաստուկների նմուշները պետք է փոխադրվեն արտադրական հարթակներից՝ դեղապատրաստուկի գրանցման դոսյեում և մասնագրում նշված փոխադրման պայմանների համաձայն, հաստատված դրոշմավորման կամ փոխադրման այլ պայմանների համաձայն, որոնց չափորոշիչները հիմնավորված են արտադրողի կողմից:

73. Փոխադրման վերիֆիկացումը կարող է խնդրահարույց լինել բազմաթիվ գործոնների պատճառով, այդուհանդերձ, փոխադրման երթուղիները պետք է հստակ նկարագրված լինեն: Սեզոնային փոփոխությունները և այլ փոփոխվող գործոններ նույնպես պետք է քննարկվեն փոխադրման վերիֆիկացման ընթացքում:

74. Փոխադրման գործընթացի վրա վերահսկվող կամ մշտադիտարկման ենթակա գործոններից տարբերվող՝ փոփոխվող գործոնների (օրինակ՝ փոխադրման ընթացքում ուշացումների, տվյալների գրանցման սարքերի խափանման, հեղուկ ազոտի լրալցման, արտադրանքի զգայունության և այլ համապատասխան գործոնների) ազդեցությունը դիտարկելու համար անհրաժեշտ է կատարել որակի ռիսկերի գնահատում:

75. Քանի որ փոխադրման ընթացքում հնարավոր են արտաքին միջավայրի պայմանների փոփոխություններ, անհրաժեշտ է իրականացնել արտաքին միջավայրի ցանկացած այն կրիտիկական պայմանների անընդհատ մշտադիտարկում և գրանցում, որոնց ազդեցությանը կարող է ենթարկվել արտադրանքը, այն դեպքում, երբ արտադրողի կողմից հիմնավորված չէ նման մշտադիտարկումից հրաժարվելը:

   

9. Փաթեթավորման գործընթացի վալիդացումը

      

76. Սարքավորումների տեխնոլոգիական պարամետրերի, հատկապես սկզբնական փաթեթավորման գործընթացում օգտագործվող սարքավորումների պարամետրերի փոփոխությունը կարող է էական ազդեցություն ունենալ փաթեթվածքի ամբողջականության և պատշաճ գործառման վրա (օրինակ՝ բլիստերներ, սաշե և մանրէազերծ բաղադրիչներ), այդ իսկ պատճառով պատրաստի և չբաժնեծրարված արտադրանքի առաջնային ու երկրորդական փաթեթավորման գործընթացների շրջանակներում օգտագործվող սարքավորումները պետք է որակավորված լինեն:

77. Առաջնային փաթեթավորման գործընթացում ներգրավված սարքավորումների որակավորումը պետք է կատարվի գործընթացի կրիտիկական պարամետրերի համար, ինչպիսիք են ջերմաստիճանը, սարքավորումների աշխատանքի արագությունը, սոսնձման (զոդակցման) ամրությունը, կամ առաջնային փաթեթավորման գործընթացի վրա ազդող ցանկացած այլ գործոնի համար սահմանված նվազագույն և առավելագույն արժեքներով:

    

10. Ինժեներական համակարգերի որակավորումը

         

78. Գոլորշու, ջրի, օդի, այլ գազերի և այլնի որակը պետք է հաստատված լինի դեղապատրաստուկներ արտադրողի կողմից՝ մոնտաժումից հետո համապատասխան հետազոտությունների կատարման միջոցով, հաշվի առնելով սույն պահանջների 3-րդ մասում նշված՝ որակավորմանը ներկայացվող պահանջները:

79. Որակավորման տևողությունն ու ծավալը պետք է արտացոլեն ցանկացած սեզոնային փոփոխություններ (այն դեպքում, երբ նման փոփոխություններն ազդում են որակավորման օբյեկտի վրա), ինչպես նաև հաշվի առնեն ինժեներական համակարգի ենթադրվող նշանակությունը:

80. Արտադրանքի հետ հնարավոր անմիջական շփման (օրինակ՝ ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերի) կամ արտադրանքի հետ անուղղակի շփման (օրինակ՝ ջերմափոխանակիչների) դեպքում սարքավորումների խափանումների առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է կատարել որակի ռիսկերի գնահատում:

       

11. Վերլուծական մեթոդիկաների վալիդացումը

   

81. Որակավորման, վալիդացման կամ մաքրման վալիդացման համար օգտագործվող բոլոր վերլուծական մեթոդիկաները պետք է վալիդացված լինեն հայտնաբերման սահմանների և (անհրաժեշտության դեպքում) քանակական որոշման նկատմամբ՝ Կանոնների I մասի 6-րդ գլխի ցուցումների համաձայն:

82. Արտադրանքի մանրէաբանական փորձարկումներ անցկացնելիս թեստավորման մեթոդիկան պետք է վալիդացված լինի արտադրանքի հակամանրէային ազդեցության բացակայությունը հաստատելու համար:

83. Եթե կատարվում է մաքուր տարածքների մակերևույթների մանրէաբանական վերահսկողություն, ապա նշված վերահսկողության մեթոդիկան ենթակա է վալիդացման՝ լվացող և ախտահանիչ միջոցների հակամանրէային ազդեցության բացակայությունը հաստատելու համար:

    

12. Մաքրման վալիդացումը

     

84. Մաքրման վալիդացումը պետք է կատարվի արտադրանքի հետ շփվող բոլոր սարքավորումների համար մաքրման ընթացակարգի արդյունավետությունը հաստատելու նպատակով: Համապատասխան գիտական հիմնավորման առկայության դեպքում թույլատրվում է մոդելավորող նյութերի օգտագործումը: Միատիպ սարքավորումներ օգտագործելիս առկա է սարքավորումների սպեցիֆիկ միավորների ընտրության հնարավորությունը՝ համապատասխան հիմնավորման առկայությամբ մաքրման վալիդացումն անցկացնելու համար:

85. Մաքրման վալիդացման ժամանակ մաքրության տեսողական ստուգումն ընդունելիության կարևոր չափանիշ է, այդուհանդերձ, այս չափանիշը չպետք է կիրառվի որպես միակը: Ընդունելի են համարվում այն մոտեցումները, որոնք չեն օգտագործում կրկնակի մաքրումն ու կրկնակի թեստավորումը՝ մինչև ընդունելիության համապատասխան չափանիշներին հասնելու պահը:

86. Հաշվի առնելով այն, որ մաքրման վալիդացման ծրագրի կատարումը որոշակի ժամանակ է պահանջում, արտադրանքի որոշ տեսակների, օրինակ՝ կլինիկական փորձարկումների համար նախատեսված պատրաստուկների համար կարող է պահանջվել մաքրման վերիֆիկացմամբ վալիդացում՝ արտադրանքի յուրաքանչյուր սերիայից հետո: Արտադրական գործընթացի վերիֆիկացման արդյունքում պետք է ստացվի տվյալների այնպիսի ծավալ, որը թույլ է տալիս հաստատել սարքավորումների մաքրությունը և դրա հետագա օգտագործման հնարավորությունը:

87. Վալիդացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել մաքրման գործընթացի ավտոմատացման մակարդակը: Մաքրման ավտոմատացված գործընթացն օգտագործելիս պետք է վալիդացված լինի մաքրման ինժեներական համակարգերի և սարքավորումների պարամետրերի աշխատանքային ընդգրկույթը:

88. Մաքրման բոլոր գործընթացների համար անհրաժեշտ է կատարել գնահատում՝ այն փոփոխվող գործոնները բացահայտելու համար, որոնք կարող են ազդել մաքրման անցկացման և արդյունավետության վրա (անձնակազմ, ընթացակարգերում մանրամասնեցման մակարդակը (օրինակ՝ ողողման բազմապատիկությունը) և այլն): Նման գործոնների բացահայտումից հետո մաքրման վալիդացման համար անհրաժեշտ է օգտագործել «վատագույն դեպքի» պայմանները:

89. Արտադրանքի մնացորդների տեղափոխման սահմանային արժեքները պետք է հիմնվեն արտադրանքի թունաբանական գնահատման վրա, որի անցկացումը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունվարի 14-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Ընդհանուր արտադրական (տեխնոլոգիական) հոսքագծերում դեղամիջոցների արտադրության ժամանակ ռիսկերի նույնականացման նպատակով առողջության վրա ազդեցության թույլատրելի սահմանաչափերը սահմանելու ձեռնարկով։ Ընտրված սահմանային արժեքների հիմնավորումը պետք է ձևակերպվի փաստաթղթերով՝ ռիսկերի գնահատման շրջանակներում, նշելով տվյալների օգտագործվող աղբյուրներին հղումները: Պետք է սահմանված լինեն ցանկացած օգտագործվող դետերգենտի հեռացման հաստատման համար սահմանները: Ընդունելիության չափանիշներով պետք է նաև հաշվի առնվի գործընթացի տեխնոլոգիական սխեմայում սարքավորումների մի քանի միավորներ օգտագործելու հավանական կուտակային ազդեցությունը:

90. Թերապևտիկ մակրոմոլեկուլներն ու պեպտիդները pH-ի ծայրահեղ արժեքների և (կամ) տաքացման ազդեցության տակ նախատրամադիր են կազմալուծման(դեգրադացիայի) ու բնափոխման (դենատուրացիայի) և ունակ են կորցնելու իրենց դեղաբանական ակտիվությունը: Այդ իսկ պատճառով թունաբանական գնահատումը նշված հանգամանքներում կարող է կիրառելի չլինել:

91. Եթե հնարավոր չէ կատարել արտադրանքի մնացորդների սպեցիֆիկ թեստավորում, ապա թույլատրվում է այլ ցուցանշական պարամետրերի, օրինակ՝ ընդհանուր օրգանական ածխածնի պարունակության կամ էլեկտրահաղորդականության վերահսկողության անցկացումը:

92. Մաքրման վալիդացման արձանագրությունները մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել մանրէաբանական աղտոտման և էնդոտոքսիններով աղտոտման ռիսկերը:

93. Արտադրության ավարտից հետո սարքավորումների՝ մաքրելուց առաջ պահպանման ժամանակի և սարքավորումների մաքրման ու օգտագործման միջև ժամանակի ազդեցությունը պետք է հաշվի առնվի՝ սարքավորումն աղտոտված ու մաքրված վիճակում պահելու ժամանակը որոշելու համար:

94. Եթե արտադրություն է իրականացվում աշխատաշրջանի սկզբունքով, ապա անհրաժեշտ է գնահատել աշխատաշրջանի վերջում մաքրման հնարավորությունները: Ընդ որում, աշխատաշրջանի առավելագույն տևողությունը (ժամանակի միավորներով և (կամ) արտադրանքի սերիաների քանակությամբ) պետք է հաշվի առնվի մաքրման վալիդացումն անցկացնելիս:

95. Եթե մաքրման վալիդացման համար կիրառվում է «վատագույն դեպքի» պայմաններում արտադրանքի օգտագործմամբ մոտեցումը, ապա անհրաժեշտ է ներկայացնել «վատագույն դեպքի» պայմաններում օգտագործվող արտադրանքի տեսակի ընտրության գիտական հիմնավորումը, ինչպես նաև անցկացնել «վատագույն դեպքի» պայմանների ընտրության վրա նոր արտադրանքի ազդեցության գնահատումը: Նշված ընտրությունն իրականացնելիս կարող են հաշվի առնվել այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են լուծելիությունը, մաքրման հեշտությունը, թունավորությունը և ակտիվությունը:

96. Մաքրման վալիդացման արձանագրություններում պետք է նկարագրվեն նմուշառման կետերը կամ պարունակվեն դրանց հղումները, հիմնավորվեն տվյալ կետերի ընտրության պատճառները, ինչպես նաև սահմանվեն յուրաքանչյուր ընտրված կետի համար ընդունելիության չափանիշները:

97. Նմուշներն անհրաժեշտ է վերցնել մակերևույթներից ողողվածքների վերցման և (կամ) ողողումից հետո հեղուկի նմուշառման մեթոդով կամ այլ մեթոդներով՝ պայմանավորված սարքավորումների տեսակով: Նմուշառման նյութերն ու մեթոդները չպետք է ազդեն ստացվող արդյունքների վրա: Նմուշառման բոլոր նախատեսված մեթոդներն օգտագործելիս անհրաժեշտ է ցուցադրել արտադրանքի հետ շփվող սարքավորումների՝ բոլոր նյութերից նյութեղենը հանելու հնարավորությունը:

98. Մաքրման մեթոդի վալիդացված լինելն ապացուցելու համար մաքրման ընթացակարգը պետք է կատարված լինի ռիսկերի գնահատման հիման վրա որոշված՝ համապատասխան քանակությամբ, և համապատասխանի մաքրման համար արտադրողի կողմից սահմանված ընդունելիության չափանիշներին:

99. Եթե մաքրման գործընթացն արդյունավետ չէ կամ պիտանի չէ որևէ սարքավորման համար, ապա անհրաժեշտ է օգտագործել դեղապատրաստուկի արտադրության համար հատուկ առանձնացված սարքավորումները կամ համապատասխան միջոցներ կիրառել արտադրանքի յուրաքանչյուր տեսակի համար՝ Կանոնների I մասի 3-րդ և 5-րդ գլուխների ցուցումների համաձայն:

100. Սարքավորումների՝ ձեռքով մաքրման դեպքում անհրաժեշտ է հաստատել նման մաքրման արդյունավետությունը՝ ստացված փորձարարական տվյալների հիման վրա սահմանված պարբերականությամբ:

    

13. Արտադրության գործընթացի փոփոխությունների վերահսկողությունը

  

101. Արտադրության գործընթացի փոփոխություններով աշխատանքի գործընթացը գիտելիքների կառավարման գործընթացի կարևոր բաղադրիչ է և պետք է իրականացվի որակի դեղագործական համակարգի շրջանակներում:

102. Պետք է փաստաթղթավորված լինեն այն գործողությունների բնույթը նկարագրող ընթացակարգերը, որոնք կատարվում են ելանյութերի, արտադրանքի բաղադրիչների, սարքավորումների, տարածքների, թողարկվող արտադրանքի ցանկի, արտադրության գործընթացի կամ թեստավորման մեթոդիկայի, արտադրանքի սերիայի չափի, նախագծային պարամետրերի տիրույթի պլանային փոփոխության կամ արտադրանքի կենսական պարբերաշրջանի ընթացքում այլ փոփոխության առաջարկի դեպքում, որը կարող է ազդեցություն ունենալ արտադրանքի որակի կամ արտադրության գործընթացի վերարտադրելիության վրա:

103. Նախագծային պարամետրերի տիրույթի հայեցակարգն օգտագործելիս արտադրողին անհրաժեշտ է՝

գնահատել նախագծային պարամետրերի տիրույթի փոփոխությունները՝ գրանցման դոսյեի տվյալների հետ համեմատության միջոցով.

գնահատել համապատասխան կարգավորիչ գործողությունների ձեռնարկման անհրաժեշտությունը:

104. Պլանավորված փոփոխությունների գնահատման, մասնավորապես՝ արտադրանքի որակի, որակի դեղագործական համակարգերի, փաստաթղթերի, վալիդացման, կարգավորիչ կարգավիճակի, ստուգաճշտման, սպասարկման, ինչպես նաև ցանկացած այլ համակարգի վրա հնարավոր ազդեցության որոշման համար, չնախատեսված հետևանքների կանխման և արտադրության գործընթացի վալիդացման, վերիֆիկացման կամ կրկնակի որակավորման մասով անհրաժեշտ գործողությունների պլանավորման նպատակով պետք է օգտագործվի որակի ռիսկերի կառավարման գործընթացը:

105. Փոփոխությունները պետք է համաձայնեցված և հաստատված լինեն պատասխանատու անձանց կամ համապատասխան գործառույթներ կատարող անձնակազմի կողմից՝ որակի դեղագործական համակարգի համաձայն:

106. Անհրաժեշտ է կատարել հաստատող տեղեկատվության և փաստաթղթերի գնահատում՝ փոփոխության ազդեցությունը բացահայտելու նպատակով` մինչև այն գործողության մեջ դնելը:

107. Փոփոխության ներդրումից հետո պետք է կատարվի դրա արդյունավետության փորձարարական գնահատումը՝ փոփոխության հաջող ներդրումը հաստատելու համար (եթե կիրառելի է):

  

14. Սահմանումները

   

108. Սույն պահանջների նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

մաքրման վալիդացում՝ փաստաթղթերով ձևակերպված ապացույց առ այն, որ մաքրման հաստատված ընթացակարգը վերարտադրելիության արդյունքով կապահովի սարքավորումների այնպիսի մաքրում, որի դեպքում սարքավորումների վրա արտադրված նախորդ արտադրանքի կամ սարքավորումների մաքրման ժամանակ օգտագործվող լվացող միջոցի մնացորդների քանակությունը տեղափոխման՝ գիտականորեն հիմնավորված առավելագույն թույլատրելի մակարդակից ցածր կլինի.

մաքրման վերիֆիկացում՝ արտադրանքի յուրաքանչյուր սերիայի արտադրությունից կամ աշխատաշրջանի անցկացումից հետո քիմիական թեստավորման միջոցով ստացված ապացույցների հավաքագրում, որոնք հաստատում են, որ նախորդ արտադրանքի կամ մաքրումն անցկացնելուց հետո մնացած լվացող նյութերի մնացորդների քանակությունը տեղափոխման՝ գիտականորեն հիմնավորված առավելագույն թույլատրելի մակարդակից ցածր է.

եզրային տարբերակների ընտրություն (բրեքեթինգ)՝ վալիդացման մոտեցում, որը հիմնված է գիտական գիտելիքների վրա և որակի ռիսկերի մասին գիտելիքների, նախապես որոշված և հիմնավորված գործոնների եզրային արժեքների դեպքում վալիդացիոն հետազոտությունների արդյունքների վրա (օրինակ՝ դեղապատրաստուկի դոզավորումներ, սերիայի չափեր և (կամ) փաթեթվածքի չափեր) այնպես, որ գործոնների բոլոր միջանկյալ արժեքների վալիդացումը հաստատվում է միայն դրանց եզրային արժեքների վալիդացմամբ.

որակ՝ դիզայնի միջոցով՝ համակարգային մոտեցում, որը նախատեսում է արտադրանքի մշակումից առաջ նպատակների սահմանումը, արտադրանքի և դրա արտադրության գործընթացի հստակ գնահատումը, ինչպես նաև արտադրության գործընթացի վերահսկողությունը՝ գիտական տվյալների և որակի ռիսկերի կառավարման սկզբունքների հիման վրա.

փոփոխությունների վերահսկողություն՝ ձևայնացված համակարգ, որի միջոցով համապատասխան փորձագետներն անցկացնում են առաջարկվող կամ փաստական այն փոփոխությունների ստուգումը, որոնք կարող են ազդել տարածքների, համակարգերի, սարքավորումների կամ գործընթացների վրա այնպես, որ որոշվի վալիդացված վիճակում համակարգի պահպանության ապահովման և փաստաթղթերով ձևակերպման համար գործողություններ կատարելու անհրաժեշտությունը.

գործընթացի կրիտիկական պարամետր (СРР)՝ արտադրության գործընթացի պարամետր, որի փոփոխականությունն ազդում է որակի կրիտիկական ցուցանիշների վրա, և որն անհրաժեշտ է մշտադիտարկել ու վերահսկել՝ արտադրանքի պահանջվող որակն ապահովելու համար.

որակի կրիտիկական պարամետր (CQA)՝ ֆիզիկական, քիմիական, կենսաբանական կամ մանրէաբանական հատկություն կամ բնութագիր, որոնք սահմանված են տրված սահմանում, ընդգրկույթում կամ արժեքի տրված բաշխման մեջ՝ արտադրանքի պահանջվող որակն ապահովելու համար.

մոդելային արտադրանք՝ նյութեր, որոնք իրենց ֆիզիկական և (անհրաժեշտության դեպքում) քիմիական բնութագրերով (մածուցիկությամբ, մասնիկների չափով, pH-ով և այլն) մոտ են վալիդացվող արտադրանքին.

վատագույն դեպք՝ պայման կամ այն պայմանների, որոնք ներառում են արտադրության գործընթացի պարամետրերի վերին և ստորին սահմանային արժեքները, և դրանց հետ կապված գործոնների (ստանդարտ գործառական ընթացակարգերի շրջանակներում) հավաքածու, որոնք ամենայն հավանականությամբ կարող են հանգեցնել արտադրանքի անհամապատասխանությանը կամ գործընթացի խափանմանը՝ իդեալական պայմանների համեմատ: Նման պայմանները պարտադիր չէ, որ հանգեցնեն արտադրանքի անհամապատասխանությանը կամ գործընթացի խափանմանը.

գործընթացի անընդհատ վերիֆիկացում՝ արտադրության գործընթացի վալիդացմանն այլընտրանքային մոտեցում, որի դեպքում արտադրության գործընթացի ընթացքն անընդհատ գնահատվում և մշտադիտարկվում է.

հեռանկարային վալիդացում՝ վալիդացում, որն անցկացվում է մինչև իրացման համար նախատեսված արտադրանքի սերիական արտադրության սկիզբը.

արտադրության գործընթացի շարունակվող վերիֆիկացում (արտադրության գործընթացի հետագա վերիֆիկացում)՝ փաստաթղթով ձևակերպված ապացույց` առ այն, որ արտադրանքի արդյունաբերական սերիաների արտադրության ընթացքում արտադրության գործընթացը մնում է վերահսկողության տակ.

ուղեկցող վալիդացում՝ վալիդացում, որն անցկացվում է բացառիկ դեպքերում՝ հիվանդի համար նման արտադրանքի օգուտը հիմնավորելու պարագայում, որի ժամանակ վալիդացիոն արձանագրությունը կատարվում է արտադրանքի վալիդացիոն սերիան Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնելու հետ միաժամանակ.

օգտվողի պահանջների մասնագիր (URS)՝ տիրոջ, օգտվողի պահանջների, ինչպես նաև տեխնիկական պահանջների ամբողջություն, որոնք անհրաժեշտ և բավարար են ընդունելի նախագիծ ստեղծելու համար՝ համակարգի նախատեսված նշանակությանը համապատասխան.

ավանդական մոտեցում՝ մոտեցում արտադրանքի մշակմանը, որի դեպքում բաց թողնվող արտադրանքի որակի վերարտադրելիության ապահովման համար օգտագործվում են պարամետրերի տրված արժեքներն ու աշխատանքային ընդգրկույթները:

Սույն պահանջներում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Կանոններով սահմանված իմաստներով։»:

          

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2022 թվական: