Գլխավոր տեղեկություն
Համար
N 434-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 434-Ա

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Ստեղծել տնտեսական քաղաքականության խորհուրդ:

2. Հաստատել տնտեսական քաղաքականության խորհրդի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել տնտեսական քաղաքականության խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ 2-շաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խմբի անհատական կազմը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

27.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 434-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգը կարգավորում է տնտեսական քաղաքականության խորհրդի (այսուհետ նաև՝ խորհուրդ) աշխատանքների կազմակերպման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

3. Խորհուրդը բաղկացած է Հայաստանի Հանրապետության և միջազգային հեղինակություն ունեցող օտարերկրյա ականավոր գիտնականներից, հասարակական գործիչներից, փորձագետներից և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ նշանակվող այլ անձանցից։

4. Պետական մարմինների ներկայացուցիչներն իրենց ղեկավարած գերատեսչության լիազորություններին առնչվող հարցերի քննարկման շրջանակներում խորհրդի նախագահի հրավերով կարող են մասնակցել խորհրդի նիստերին։

5. Խորհրդի անդամներն իրենց գործառույթները կատարում են անհատույց կարգով:

6. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարելիս անկախ են և չեն կարող ստանալ ցուցումներ պետական մարմիններից կամ պաշտոնատար անձանցից։

7. Խորհրդի անդամները որևէ քաղաքական կամ մասնավոր ուժի կողմից չեն կարող ուղղորդվել կամ վերահսկվել, ինչպես նաև իրենց աշխատանքային պարտականություններն իրականացնելիս պետք է ձեռնպահ մնան ուղղակի կամ անուղղակի ձևով արտահայտելու որևէ քաղաքական կամ մասնավոր ուժերի շահեր։

 

2. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ համապատասխան առաջարկությունների, նախագծերի մշակումը և դրանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետին։

9. Իր գործառույթների շրջանակներում խորհուրդը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ կազմակերպություններին՝ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծական նյութեր և այլ փաստաթղթեր ստանալու համար, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

 

3. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Խորհուրդը բաղկացած է խորհրդի նախագահից, խորհրդի նախագահի տեղակալից (գործադիր քարտուղար) և խորհրդի անդամներից։

11. Խորհրդի աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով ձևավորվում է աշխատանքային խումբ։

12. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։

13. Խորհրդի նախագահը՝

1) ղեկավարում է խորհրդի աշխատանքները.

2) վարում է խորհրդի նիստերը.

3) նշանակում է խորհրդի նիստի անցկացման օրը, ժամը և վայրը.

4) ստորագրում է խորհրդի նիստի արձանագրությունները.

5) հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ՝ խորհրդի գործունեությանը վերաբերող հարցերի լուծման համար.

6) կարող է հրավիրել առանձին մասնագետների խորհրդի նիստին մասնակցելու համար.

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:

14. Խորհրդի նախագահի տեղակալը`

1) կազմակերպում է խորհրդի գործունեությունը.

2) իրականացնում է խորհրդի նախագահի՝ խորհրդի աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հանձնարարականները.

3) խորհրդի հաստատմանն է ներկայացնում նիստի օրակարգի նախագիծը.

4) խորհրդի կազմի փոփոխման վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում խորհրդի նախագահին.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ.

6) խորհրդի նախագահի հանձնարարությամբ կարող է վարել խորհրդի նիստը։

15. Խորհրդի անդամները՝

1) մասնակցում են խորհրդի աշխատանքներին.

2) իրավասու են ծանոթանալ օրակարգային հարցերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ խորհրդի աշխատակազմում առկա նյութերին ու խորհրդի նիստերի արձանագրություններին.

3) խորհրդի նիստից առաջ կարող են առաջադրել հարցեր խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, ինչպես նաև հայտնել իրենց կարծիքն օրակարգի մասին.

4) կարող են դուրս գալ խորհրդի կազմից` դրա մասին առնվազն նիստի գումարման օրից մեկ ամիս առաջ գրավոր դիմում ներկայացնելով խորհրդի նախագահին.

5) իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված այլ գործառույթներ:

16. Խորհուրդն իր իրավասությունների սահմաններում պարբերաբար անցկացնում է նիստեր նախապես որոշված օրակարգով հաշվի առնելով խորհրդի անդամների առաջարկությունները։

17. Խորհրդի նիստն անցկացվում է հայերենով, սակայն, անհրաժեշտության դեպքում, խորհրդի նախագահի որոշմամբ կարող է անցկացվել ռուսերենով կամ անգլերենով՝ միաժամանակ ապահովելով մյուս լեզուների համաժամանակյա թարգմանություն։

18. Նիստի օրակարգն ու առնչվող կից նյութերը եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով ուղարկվում են խորհրդի անդամներին նիստից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ։

19. Խորհրդի առաջին նիստը գումարվում է խորհրդի ստեղծման պահից` եռամսյա ժամկետում: Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների նախաձեռնությամբ, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան վեց ամիսը մեկ անգամ: Խորհրդի նախագահը, խորհրդի աշխատանքային խմբի առաջարկությամբ, որոշում է խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը:

20. Խորհրդի նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է նիստը նախագահողը։

21. Խորհրդի աշխատանքի արդյունքում ձևավորված առաջարկներն ընդունվում են նիստը վարողի հրապարակմամբ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի նախագծերի, ինչպես նաև ռազմավարական այլ փաստաթղթերի մշակման համար։

22. Խորհրդի կողմից ներկայացված առաջարկությունները կարող են հրապարակվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայքէջում։

23. Խորհրդի գործունեության կազմակերպչատեխնիկական հարցերն ապահովվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի (խորհրդի քարտուղարություն) կողմից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

28.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 434-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ն. Փաշինյան  - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Ա. Ջավադյան  - «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ» հոգաբարձուների խորհրդի նախագահ (խորհրդի նախագահի տեղակալ), Հայաստանի Հանրապետություն (համաձայնությամբ)
Գ. Ասլանյան  - «Հայկական տնտեսագիտական միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Ամերիկյան համալսարան, Հայաստանի Հանրապետություն (համաձայնությամբ)
Ե. Կանդել  - պրոֆեսոր, Երուսաղեմի հրեական համալսարան, Իսրայել (համաձայնությամբ)
Զ. Ասատրյան  - Եվրոպայի տնտեսական հետազոտությունների կենտրոն, Գերմանիա (համաձայնությամբ)
Լ. Բարսեղյան  - պրոֆեսոր, Կորնելիի համալսարան, ԱՄՆ (համաձայնությամբ)
Ռ. Ենիկոլոպով  - պրոֆեսոր, Ռուսաստանի տնտեսական դպրոց, Ռուսաստանի Դաշնություն (համաձայնությամբ)
Վ. Ասրիյան  - պրոֆեսոր, Բարսելոնայի տնտեսագիտական դպրոց, Իսպանիա (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

28.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան