Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-152-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (05.08.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.26/40(495) Հոդ.863
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հուլիսի 7-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 46-րդ հոդվածից հանել «և զինվորական գործերի» ու «, ինչպես նաև քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ չմտած» բառերը:

 

Հոդված 2.  Օրենսգրքի 90-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «և զինվորական գործերով» բառերը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 402-րդ հոդվածի առաջին մասից հանել «հետո` տասնօրյա ժամկետում» բառերը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 403-րդ հոդվածից հանել «, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատավճիռները և որոշումները» բառերը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 405-րդ հոդվածից հանել «, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատավճիռները և որոշումները» ու «և զինվորական գործերով» բառերը:

 

Հոդված 6. Օրենսգրքի 407-րդ հոդվածում`

1) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ կետով.

«6.1) սույն օրենսգրքի 414.2 հոդվածի առաջին մասի որևէ կետի հիմնավորումները.».

2) երրորդ մասից հանել «չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին,» բառերը:

 

Հոդված 7. Օրենսգրքի 412-րդ հոդվածում՝

1) առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:

2. Նոր երևան եկած հանգամանքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել այդ հանգամանքն ի հայտ գալու պահից վեցամսյա ժամկետում: Նման բողոք չի կարող ներկայացվել, եթե անցել են քրեական հետապնդման վաղեմության ժամկետները: Արդարացման հիմքով նոր երևան եկած հանգամանքների հիմքով վճռաբեկ բողոք բերելու համար ժամկետ չի սահմանվում:».

2) ուժը կորցրած ճանաչել հոդվածի երրորդ մասը:

 

Հոդված 8. Օրենսգրքի 413-րդ հոդվածում`

1) ուժը կորցրած ճանաչել հոդվածի առաջին մասը.

2) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դատական ակտ կայացրած դատարանը, ստանալով վճռաբեկ բողոքը, գործն անհապաղ ուղարկում է վճռաբեկ դատարան:»:

 

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 414.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 414.1.

Վճռաբեկ բողոքը վերադարձնելը

 

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 407 հոդվածի և 414.2 հոդվածի առաջին մասի պահանջներին:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` բողոքը ստանալու պահից 10 օրվա ընթացքում:

3. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»:

 

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 414.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 414.2.

Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը

 

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե՝

1) վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ

2) վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշմանը, կամ

3) ստորադաս դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ, կամ

4) առկա են նոր երևան եկած հանգամանքներ:

2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` սույն օրենսգրքի 407 հոդվածի և սույն հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանությունը պարզելու և դատարանի վարույթ ընդունելու հարցը լուծում է վճռաբեկ դատարանը` վճռաբեկ դատարանի նախագահի և պալատի դատավորների կազմով:

3. Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե վարույթ ընդունելու օգտին քվեարկել են վճռաբեկ դատարանի դատավորներից առնվազն երեքը: Վճռաբեկ դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ:

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:

5. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 415-րդ հոդվածի առաջին մասից հանել «, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած» բառերը:

 

Հոդված 12. Օրենսգրքի 416-րդ հոդվածից հանել «և զինվորական գործերով» բառերը:

 

Հոդված 13. Օրենսգրքի 417-րդ հոդվածի առաջին մասի «` այն բողոքի հետ ստանալու պահից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «ողջամիտ ժամկետում» բառերով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 419-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 419.

Բողոքը քննող դատարանի որոշումները

 

Դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանների կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված են, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է լրացուցիչ նախաքննության կամ համապատասխան ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս նման փոփոխության, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) կարճում է գործի վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումն ամբողջությամբ կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջությամբ կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու կամ քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ.

6) վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայելիս օրինական ուժ է տալիս առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի դատական ակտերից որևէ մեկին:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 422-րդ հոդվածում`

1) առաջին մասի «Վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`» բառերը փոխարինել «Գործի քննության արդյունքներով կայացված վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`» բառերով.

2) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի ճիշտ մեկնաբանությունը, նպաստի իրավունքի զարգացմանը: Որոշումն ստորագրում է դատարանի ամբողջ կազմը:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 423-րդ հոդվածի յոթերորդ մասի «եռօրյա» բառը փոխարինել «ողջամիտ» բառով:

 

Հոդված 17. Օրենսգրքի 479-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 479.

Հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմինները և այդ որոշման բողոքարկման կարգը

 

1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված է հանցագործություն կատարած անձի հանձնումը այդ պայմանագրի մասնակից համարվող օտարերկրյա պետությանը, և եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձի նկատմամբ`

1) հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, եթե գործը գտնվում է մինչդատական վարույթում.

2) հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, եթե գործը գտնվում է դատական վարույթի ընթացքում, ինչպես նաև այն դեպքում, երբ տվյալ անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ.

3) հանձնման թույլտվության վերաբերյալ որոշումը ընդունում է համապատասխանաբար գործը քննող կամ դատավճիռը կայացրած դատարանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ այն դեպքում, երբ գործը գտնվում է դատական վարույթի ընթացքում, կամ տվյալ անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

2. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունած իրավասու մարմինն ընդունված որոշման մասին տեղեկացնում է այն անձին, որի նկատմամբ կայացվել է որոշումը և բացատրում այն բողոքարկելու նրա իրավունքը:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի` հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի` հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան որոշումները ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, իսկ վերաքննիչ դատարանի որոշումները` վճռաբեկ դատարան դրանք ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում: Վերաքննիչ դատարանը և վճռաբեկ դատարանը գործը քննում և դրա վերաբերյալ որոշում են կայացնում համապատասխանաբար բողոքը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում:

4. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում դատարանը գործը քննում և որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությունը ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում:

Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դատարանի որոշումները կարող են բողոքարկվել և քննարկվել վերաքննության և վճռաբեկության կարգով սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված ժամկետներում:

5. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշման բողոքարկման դեպքում այն կայացրած իրավասու մարմինը 3 օրվա ընթացքում դատարան է ուղարկում նշված որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող փաստաթղթերը:

6. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությունն իրականացվում է այն անձի մասնակցությամբ, որի վերաբերյալ կայացվել է հանձնելու կամ հանձնումը մերժելու մասին որոշում, և (կամ) նրա պաշտպանի և դատախազի մասնակցությամբ:

Դատաքննության ընթացքում դատարանը չի քննարկում բողոքը բերած անձի մեղավորության հարցը` սահմանափակելով միայն հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշման` Հայաստանի Հանրապետության օրենքներին և միջազգային պայմանագրերին համապատասխանության հարցի ստուգմամբ:

7. Ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) բողոքը չբավարարել և հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումը թողնել անփոփոխ.

2) բավարարել բողոքը և վերացնել հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումը:

8. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով հանձնումը պայմանավորված է տվյալ պայմանագրի մասնակից համարվող պետության կողմից Հայաստանի Հանրապետությանը որևէ երաշխիք տալով, ապա այդ պետության երաշխիքի` Հայաստանի Հանրապետության համար բավարար կամ ընդունելի լինելու հանգամանքը որոշում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը` մինչդատական վարույթի գործերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` դատական վարույթում գտնվող և դատավճիռն ի կատար ածելու գործերով:

9. Եթե մերժվում է անձի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնելը օտարերկրյա պետությանը կամ միջազգային դատարան, սակայն սույն օրենսգրքով նախատեսված բավարար հիմքեր կան նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու այն արարքի առնչությամբ, որի համար նրա հանձնման մասին խնդրանք է ուղարկվել օտարերկրյա պետությունից կամ միջազգային դատարանից, ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այդ անձի նկատմամբ սկսում է քրեական հետապնդում, իսկ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում և դրանով սահմանված կարգով համապատասխան քրեական հետապնդման վերաբերյալ գործը փոխառնում է օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի վարույթից և ընդունում է իր վարույթ այդ անձի նկատմամբ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից հարուցված գործը` սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնելով համապատասխան քրեական հետապնդում:»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 480-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով հանձնումը պայմանավորված է տվյալ պայմանագրի մասնակից համարվող պետությանը Հայաստանի Հանրապետության կողմից որևէ երաշխիք տալով, ապա այդ երաշխիքը տալիս է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը` մինչդատական վարույթի գործերով, վճռաբեկ դատարանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ` դատական վարույթում գտնվող և դատավճիռն ի կատար ածելու գործերով:»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 487-րդ հոդվածի առաջին մասում «479 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով» բառերը փոխարինել «479 հոդվածով» բառերով:

 

Հոդված 20. Օրենսգրքի 499.8-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին կետից հանել «և զինվորական գործերով» բառերը:

 

Հոդված 21. Օրենսգրքի 499.10-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությունից հանել «և զինվորական գործերով» բառերը:

 

Հոդված 22. Օրենսգրքի 499.15-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «և զինվորական գործերով» բառերը:

 

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հուլիսի 12
Երևան
ՀՕ-152-Ն