Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.01.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.01.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4949/02/16

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4949/02/16

Նախագահող դատավոր՝  Մ. Հարթենյան

Դատավորներ՝

 Կ. Չիլինգարյան

 Ա. Սմբատյան 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 2022 թվականի հունվարի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սոնյա Հովասաֆյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների ընդդեմ Սոնյա Հովասաֆյանի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 58-րդ շենքի թիվ 69  բնակարանի (այսուհետ` Բնակարան) 2/15 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունելու հիմքով Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ճանաչելու, նույն բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու, ինչպես նաև  Բնակարանի` Սոնյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սոնյա Հովասաֆյանի ընդդեմ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների՝ Բնակարանի նկատմամբ վերջիններիս բաժնային սեփականության իրավունքը դատական կարգով փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կարինե Հովասաֆյանը, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանները պահանջել են Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունելու հիմքով ճանաչել Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը, պարտավորեցնել վերջինիս նույն բաժնեմասի նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը, ինչպես նաև փոխհատուցմամբ դադարեցնել Սոնյա Հովասաֆյանին պատկանող Բնակարանի 1/4 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սոնյա Հովասաֆյանը պահանջել է դատական կարգով փոխհատուցմամբ դադարեցնել Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների բաժնային սեփականության իրավունքը Բնակարանի նկատմամբ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 15.02.2019 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.07.2019 թվականի որոշմամբ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի: Որոշվել է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.02.2019 թվականի (…) վճիռը` բողոքարկված՝ հայցը՝ ժառանգությունն ընդունելու հիմքով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը պատասխանողին գրանցել պարտավորեցնելու, 2/15 բաժնեմասի նկատմամբ Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ճանաչելու և Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը նույն բնակարանի` նրան պատկանող 1/4 բաժնի նկատմամբ փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջները մերժելու մասով, մասնակի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ճանաչելու և Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը նույն բնակարանի` նրան պատկանող 1/4 բաժնի նկատմամբ փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջները մերժելու մասով, բեկանել և փոփոխել. Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների հայցը բավարարել մասնակի: Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ ճանաչել Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը: Կարինե Հովասաֆյանին, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյաններին թույլատրել վճարել Սոնյա Հովասաֆյանին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի` նրան պատկանող 1/4 բաժնեմասի համար փոխհատուցում՝ 7.750.000 ՀՀ դրամի չափով: 7.750.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցումը ստանալու պահից դադարեցնել Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/4 բաժնեմասի նկատմամբ և նույն բաժնեմասի նկատմամբ ճանաչել Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների սեփականության իրավունքը հավասար բաժիններով՝ յուրաքանչյուրինը 1/12 բաժնեմասով: Դատարանի 15.02.2019 թվականի (…) վճիռը բողոքարկված մնացած՝ հայցը՝ ժառանգությունն ընդունելու հիմքով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը պատասխանողին գրանցել պարտավորեցնելու պահանջը մերժելու մասով, թողնել օրինական ուժի մեջ»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Սոնյա Հովասաֆյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանները (ներկայացուցիչ Կարեն Մեժլումյան) և Կարինե Հովասաֆյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ և 11-րդ հոդվածների 1-ին կետերը:  

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով հայցվորները պատասխանողի փոխարեն ներկայացրել են սեփականության իրավունքի ճանաչման և դրանից բխող ածանցյալ պահանջներ: Մինչդեռ հայցվորները հիմնական պահանջի իրավատերը չեն, քանի որ սեփականության իրավունքի ենթադրյալ իրավատիրոջ փոխարեն որևէ անձ իրավասու չէ սեփականության իրավունքի ճանաչման պահանջով դիմելու դատարան:

 Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Սոնյա Հովասաֆյանի` Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունելու ու դրա հիմքով իրավունքի պետական գրանցում կատարելու իրավունքները բացառապես իր կամքով իրացնելու հնարավորությունը երաշխավորված է օրենսդրորեն, ինչը նշանակում է, որ այդ իրավունքների իրավատերն է միայն որոշում իր հայեցողությամբ և իր շահերին համապատասխան ընտրել համապատասխան վարքագծի թույլատրելի տարբերակներից մեկը, այդ թվում՝ դատական կարգով պահանջել ճանաչել իր սեփականության իրավունքը, թե՝ ոչ, ընդունել ժառանգությունը, թե՝ ոչ, և կատարել իրավունքի պետական գրանցում ընդունած ժառանգության նկատմամբ, թե՝ ոչ:

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  197-րդ հոդվածի 4-րդ կետը: 

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ պարբերության 2-րդ նախադասությունը չի կարող մեկնաբանվել և կիրառվել այնպես, որ գրեթե հավասար բաժին ունեցող համասեփականատերերից մեկը մյուս համասեփականատերերի կամքի համադրմամբ հնարավորություն ունենա իր բաժնին գրեթե հավասար բաժին ունեցող մյուս սեփականատիրոջ բաժինը մեխանիկորեն դարձնել աննշան, և մյուս սեփականատերերի միջոցների հաշվին փոխհատուցում վճարելու միջոցով ավելացնել իր բաժնի չափն իրենցից յուրաքանչյուրի  բաժնեմասին հավասար բաժին ունեցող համասեփականատիրոջ բաժնի չափով:

Հետևաբար, բաժնային սեփականության մասնակցի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու նպատակով մի քանի սեփականատերերի կողմից ներկայացված հայցի քննության ընթացքում բաժնեմասի աննշան լինելու հարցի պարզման համար անհրաժեշտ հարաբերակցությունը պետք է որոշվի ոչ թե որպես ելակետային տվյալ հիմք ընդունելով հայցվորների բաժնեմասերի ընդհանուր չափը, այլև՝ նրանցից յուրաքանչյուրի բաժնեմասերի չափը՝ դրանցից յուրաքանչյուրը համադրելով պատասխանողի բաժնեմասի չափի հետ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.07.2019 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 15.02.2019 թվականի վճռին:

2.1. Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Բնակարանի մակերեսը կազմում է 70,4քմ, որի 1/4 բաժինն աննշան է, ինչպես նաև բողոքաբերը չունի որևէ էական շահ դրա նկատմամբ` հաշվի առնելով, որ վերջինս ունի այլ բնակարան և առանձնատուն, իսկ վիճելի Բնակարանում չի բնակվել ավելի քան 30 տարի: Բացի այդ, ակնհայտ է, որ Բնակարանը հնարավոր չէ բաժանել հայցվորների և բողոք բերած անձի միջև և այն պետք է օգտագործվի համատեղ, ինչն էլ նշանակում է, որ եթե բողոք բերած անձը ցանկանա բնակություն հաստատել այդ բնակարանում, ապա կխախտվի հայցվորների` մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության ու հարգանքի իրավունքը` հաշվի առնելով, որ Բնակարանի սենյակների թիվը սահմանափակ է:

2.2. Կարինե Հովասաֆյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է, չի ոտնահարում որևէ մեկի շահերը: Հայցվոր կողմը թեև գումար է կորցնում, սակայն լիովին վերականգնում է բնակարանը, իսկ պատասխանող կողմը կորցնում է այնպիսի սեփականություն, որն իրեն իրականում ոչ մի շահ չէր բերում` փոխարենը ստանալով գումար, որի շնորհիվ կարող է նոր սեփականություն գնել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1)  Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1347/02/11 քաղաքացիական գործով 04.11.2013 թվականի վճռով` ա) Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների հայցն ընդդեմ Սոնյա Հովասաֆյանի, Սվետլանա Սահակյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման` սեփականության և ժառանգության իրավունքը ճանաչելու, իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, ինչպես նաև Կարինե Հովասաֆյանին Հովսեփ Հովասաֆյանի և Քնարիկ Մկրտչյանի` 1/5-ական բաժնեմասերի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, մերժվել է,  բ) Սոնյա Հովասաֆյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել  և Էվելինա Ներսիսյանների, Սվետլանա Սահակյանի` ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ինչպես նաև Քնարիկ Մկրտչյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին, մերժվել է,  գ) Սվետլանա Սահակյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Կարինե և Սոնյա Հովասաֆյանների` ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարելով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, մերժվել է (հիմք` datalex.am տեղեկատվական համակարգ):

2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԱՔԴ/1347/02/11 քաղաքացիական գործով 10.02.2014 թվականի որոշմամբ Սոնյա Հովասաֆյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Կարինե Հովասաֆյանի, Էվելինա և Ռաֆայել Ներսիսյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.11.2013 թվականի թիվ ԵԱՔԴ/1347/02/11 քաղաքացիական գործով կայացրած վճիռը մասնակի` հայցը մերժելու մասով, բեկանվել և գործն այդ մասով ուղարկվել է նույն դատարան` նոր քննության, վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ (հիմք` datalex.am տեղեկատվական համակարգ):

3) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԱՔԴ/1347/02/11 քաղաքացիական գործով 16.02.2016 թվականին կայացված վճռով վճռել է. «1. Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների հայցն ընդդեմ Սոնյա Հովասաֆյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման` Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի նկատմամբ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել, Էվելինա Ներսիսյանների և Քնարիկ Մկրտչյանի սեփականության իրավունքի ճանաչման (յուրաքանչյուրին 1/5 բաժնեմասով), Հովսեփ Հովասափյանի ժառանգական գույքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Կարինե Հովասաֆյանին Քնարիկ Մկրտչյանի՝ Հովսեփ Հովասափյանի ժառանգական գույքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգությունն ընդունած բաժնեմասի և Քնարիկ Մկրտչյանին պատկանող 1/5 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու (ամբողջ գույքի 7/15 բաժնեմասի նկատմամբ Կարինե Հովասաֆյանի սեփականության իրավունքի ճանաչման) պահանջների մասին սկզբնական հայցը բավարարել մասնակի`

1.1. Ճանաչել Էվելինա Ներսիսյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/5 բաժնեմասի նկատմամբ:

1.2. Ճանաչել Ռաֆայել Ներսիսյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/5 բաժնեմասի նկատմամբ:

1.3. Ճանաչել Կարինե Հովասաֆյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/5 բաժնեմասի նկատմամբ:

1.4. Ճանաչել Քնարիկ Մկրտչյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/5 բաժնեմասի նկատմամբ:

1.5. Որպես հետևանք՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի նկատմամբ Հովսեփ Հովասափյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը 4/5 մասով ճանաչել անվավեր:

1.6. Կարինե Հովասաֆյանին ճանաչել Հովսեփ Հովասափյանի 1/5 բաժնեմասի նկատմամբ ժառանգության պարտադիր բաժնի իրավունքով ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/30 բաժնեմասով:

1.7. Կարինե Հովասաֆյանին ճանաչել Քնարիկ Մկրտչյանի՝ Հովսեփ Հովասափյանի ժառանգական գույքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգություն ընդունած մասի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/30 բաժնեմասի և Քնարիկ Մկրտչյանին պատկանող 1/5 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 7/60 բաժնեմասով:

1.8. (…):

2. Կարինե Հովասաֆյանի սկզբնական հայցն ընդդեմ Սոնյա Հովասաֆյանի՝ Քնարիկ Մկրտչյանի՝ Քնարիկ Մկրտչյանի՝ Հովսեփ Հովասափյանի ժառանգական գույքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգություն ընդունած մասի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/30 բաժնեմասի և Քնարիկ Մկրտչյանին պատկանող 1/5 բաժնեմասի նկատմամբ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի մյուս 7/60 բաժնեմասի նկատմամբ ևս ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասով, մերժել:

3. Սոնյա Հովասաֆյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների, Սվետլանա Սահակյանի՝ փաստացի տիրապետման հիմքով Քնարիկ Մկրտչյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, բավարարել մասնակի.

3.1.Սոնյա Հովասաֆյանին ճանաչել Քնարիկ Մկրտչյանի՝ Հովսեփ Հովասափյանի ժառանգական գույքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգություն ընդունած մասի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/30 բաժնեմասի և Քնարիկ Մկրտչյանին պատկանող 1/5 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 7/60 բաժնեմասով:

4. Սոնյա Հովասաֆյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների, Սվետլանա Սահակյանի՝ Հովսեփ Հովասափյանի ժառանգական գույքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգություն ընդունած մասի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/30 բաժնեմասի և Քնարիկ Մկրտչյանին պատկանող 1/5 բաժնեմասի նկատմամբ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի մյուս 7/60 բաժնեմասի նկատմամբ ևս ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասով, մերժել»: Վճիռը 17.03.2016 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 17-34):

4) Սույն գործով չի վիճարկվել փաստն այն մասին, որ Սոնյա Հովասաֆյանը 19.10.2010 թվականին Արաբկիրի նոտար Կարինե Ադամյանի մոտ գրավոր հայտարարություն է տվել, որ ընդունում է իր հոր՝ Հովսեփ Ավագի Հովասափյանի մահից հետո մնացած ըստ կտակի ժառանգությունը (հիմք՝ թիվ ԵԱՔԴ/1347/02/11 գործով 16.02.2016 թվականի վճիռ):

5) Սույն գործով չի վիճարկվել նաև փաստն այն մասին, որ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է. Շաբոյանը 10.06.2011 թվականի գրությամբ Կարինե Հովասաֆյանին տեղեկացրել է, որ «Հովսեփ Ավագ Հովասափյանի, մահացած 28.07.2010 թվականին և Քնարիկ Գրիգոր Մկրտչյանի, մահացած 03.12.2010 թվականին, մահից հետո ժառանգության իրավունքի վկայագիր չենք կարող տալ, քանի որ ժառանգների  միջև կա վեճ, ուստի հարցը պետք է լուծվի դատական կարգով» (հիմք՝ թիվ ԵԱՔԴ/1347/02/11 գործով 16.02.2016 թվականի վճիռ):

  6) Կարինե Հովասաֆյանի, Էվելինա և Ռաֆայել Ներսիսյանների ներկայացուցչի կողմից 12.10.2016 թվականին Սոնյա Հովասաֆյանին բնակարանի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու մասին գրավոր առաջարկ է արվել հետևյալ բովանդակությամբ. «Հանդիսանում եք բաժնային սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 58 շենքի, թիվ 69 բնակարանի 7/60-րդ գրանցված և 2/15-րդ բաժնի չգրանցված բաժնի սեփականատերը, սակայն այդ բնակարանում չեք բնակվում: Նույն բնակարանի 7/20-րդ բաժնի սեփականատեր Կարինե Հովասաֆյանը, 1/5-րդ բաժնի սեփականատեր Ռաֆայել Ներսիսյանը և 1/5-րդ բաժնի սեփականատեր Էվելինա Ներսիսյանը մի ընտանիքի անդամ են: (…) եզրակացություն է տրվել այն մասին, որ բնակարանից որևէ բաժնեմաս տեխնիկապես հնարավոր չէ բնեղենով առանձնացնել: Բացի այդ թվաբանական բաժանմամբ չի բավարարում բնակելի սենյակների նվազագույն չափը: Նույն եզրակացության համաձայն՝ բնակարանը գնահատվել է 26.000.000 ՀՀ դրամ: Նկատի ունենալով, որ բնակարանից հնարավոր չէ Ձեր բաժինն առանձնացնել, ուստի սույնով իմ վստահորդների անունից առաջարկում եմ բնակարանի 2/15-րդ բաժնի նկատմամբ մեկ ամսվա ընթացքում ժառանգության ընդունման հիմքով գրանցել Ձեր սեփականության իրավունքը, որոնց ամբողջությունը կազմում է 1/4-րդ բաժին և առաջարկում եմ այդ 1/4-րդ բաժնի նկատմամբ Ձեր սեփականության իրավունքը դադարեցնել 6.500.000 ՀՀ դրամ փոխհատուցմամբ, որը 26.000.000 ՀՀ դրամի 1/4-րդ մասն է: (…)» (հատոր 1-ին, գ.թ. 40):

 7) «Փորձագետ» անկախ հետազոտությունների կենտրոնի կողմից 22.08.2016 թվականի կազմված թիվ «Փ-045-01-16» հաշվետվության համաձայն՝  Բնակարանի շուկայական արժեքը հետազոտվող ժամանակահատվածի դրությամբ, (…) կատարման ժամանակահատվածում ունեցած ապրանքային վիճակում գնահատվում է 26.000.000 ՀՀ դրամ: Կատարված փաստաթղթային (սեփականության վկայականի պատճենի) հետազոտության և տեղազննության արդյունքում պարզվել է, որ Բնակարանից որևէ բաժնեմաս տեխնիկապես հնարավոր չէ բնեղենով առանձնացնել (…)(հատոր 1-ին, գ.թ. 43-48):

8) ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ  31052016-01-0208 վկայականի համաձայն՝ Բնակարանի նկատմամբ 31.05.2016 թվականին գրանցված է Կարինե Իոսիֆի Հովասաֆյանի (7/20), Էվելինա Վահանի Ներսիսյանի (1/5), Ռաֆայել Վահանի Ներսիսյանի (1/5), Սոնյա Իոսիֆի Հովասաֆյանի (7/60) սեփականության իրավունքը: Գրանցման հիմքն է` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1347/02/11 քաղաքացիական գործով 16.02.2016 թվականին կայացրած վճիռը: Վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում նշված է` «Մնացած 2/15 բաժնեմասի նկատմամբ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր չի ներկայացվել» (հատոր 1-ին, գ.թ. 10):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարող են էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ պարբերության միատեսակ կիրառության, մասնավորապես` բաժնային սեփականության մասնակցի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջներ քննելիս միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի  1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ և 11-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1. Արդյո՞ք սեփականության իրավունքի ճանաչման պահանջ կարող է ներկայացվել տվյալ իրավունքի իրավատեր չհանդիսացող անձի կողմից։

2. Արդյո՞ք փոխհատուցման ենթակա բաժնային սեփականության մասնակցի բաժնեմասը կարող է աննշան դիտարկվել, եթե բոլոր բաժնային սեփականատերերի բաժնեմասերը հավասար են:

  Միաժամանակ նկատի ունենալով, որ սույն գործով դատական ակտը բողոքարկվել է միայն սկզբնական հայցի՝ Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ժառանգությունն ընդունելու հիմքով ճանաչելու և Բնակարանի` Սոնյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջները բավարարելու մասերով, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայում է միայն այդ մասերով:

1.  Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

 Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` իրավունքը ճանաչելով, (…):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: Նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմել այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքների վրա: Նշված սկզբունքներից կամքի ինքնավարության սկզբունքը ենթադրում է քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների իրավունքը՝ իրենց հայեցողությամբ և իրենց շահերին համապատասխան ընտրելու համապատասխան վարքագծի թույլատրելի տարբերակներից մեկը: Մասնակիցներն առավելապես իրենք են որոշում՝ մտնել որևէ քաղաքացիաիրավական հարաբերության մեջ, թե՝ ոչ, օգտվել իրենց իրավունքից, թե՝ ոչ, պահանջել իրենց օգտին պարտավորության կատարում, թե՝ ոչ և այլն: Արդյունքում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական իրավահարաբերության մասնակիցները գործում են ինքնուրույն, սեփական կամքով (տե՛ս, «Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ Անիկ Ստեփանյանի իրավահաջորդ Սիմոն Արզումանյանի թիվ ԵԱՔԴ/2190/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը) :

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով իրավական շահագրգռվածության հարցին, գտել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի.

1. հայցվորի որ իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները,

2. ներկայացված հայցի նպատակը արդյոք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել):

Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգնման համար (տե՛ս, Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունը և Արմեն Միքայելյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի և «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատարան դիմելու իրավունքի իրացման հարցին, հայտնել է, որ [2005թ. փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի՝ անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտություն ծագում է այն դեպքում, երբ նա խնդիր ունի վերականգնելու իր ենթադրյալ խախտված իրավունքները: Սահմանադրական այս դրույթի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ յուրաքանչյուր դեպքում անձն իր՝ դատարան դիմելու իրավունքը կարող է իրացնել միայն այն դեպքում, երբ տվյալ գործի առնչությամբ ունի իրավական շահագրգռվածություն: Սահմանադրական այս դրույթին համահունչ՝ Նախկին օրենսգրքի վիճարկվող 2-րդ հոդվածի 1-ին մասը դատարան դիմելու իրավունքը վերապահել է շահագրգիռ անձին, այն է՝ անձին, ում իրավունքները ենթադրաբար խախտվել են (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 04.04.2008 թվականի ՍԴՈ-747 որոշման 7-րդ կետը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և յուրաքանչյուր կոնկրետ գործով, ելնելով տվյալ գործի կոնկրետ հանգամանքներից, գործը քննող դատարանն է իրավասու գնահատելու այս հասկացությունը և պարզելու, թե արդյո՞ք տվյալ անձը գործի ելքում ունի իրավական շահագրգռվածություն (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 05.05.2017 թվականի ՍԴՈ-1365 որոշման 6-րդ կետը):

Հավելելով վերը նշվածին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր գործով հայցվորի շահագրգռվածությունը պարզելիս դատարանները պետք է հաշվի առնեն նաև այն նյութաիրավական նորմը, որը կարգավորում է տվյալ վեճը (հիմք ընդունելով ներկայացված հայցի հիմքը և առարկան): Վճռաբեկ դատարանի նշված հետևությունը պայմանավորված է օրենսդրությամբ սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության տարբեր եղանակներով, հետևաբար կախված նրանից, թե անձն իր ենթադրյալ խախտված իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար որ եղանակն է ընտրում, կիրառելի է այն նյութաիրավական նորմը, որը կարգավորում է տվյալ իրավահարաբերությունը:

Անդրադառնալով սեփականության իրավունքի ճանաչմանը՝ որպես քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակի, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածով սեփականության իրավունքի պաշտպանության նշված եղանակը վերապահել է միայն ենթադրյալ սեփականատիրոջը՝ վերջինիս հնարավորության տալով իրավաբանորեն հիմնավորել փաստացի իրեն պատկանող իրավունքը: Այլ կերպ ասած՝ սեփականության իրավունքի պաշտպանության վերը նշված եղանակից կարող է օգտվել միայն գույքի ենթադրյալ սեփականատերը:

Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ դատարան ներկայացրած հայցի առարկան, այսինքն`պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը վերաբերում է պատասխանողի սեփականության իրավունքի ճանաչմանը, անկախ այն հանգամանքից, թե հայցի հիմքում ընկած և հայցվորի կողմից վկայակոչած փաստական հանգամանքներն ինչ նպատակ են հետապնդում, նման պահանջ ներկայացրած անձը (գույքի ոչ ենթադրյալ սեփականատերը) այդ պահանջով պատշաճ հայցվոր չէ: Ավելին, այդ պահանջի ներկայացումն անհարկի միջամտություն է պատասխանողի կամքի ինքնավարության դրսևորմանը, խախտում է գույքի ենթադրյալ սեփականատիրոջ սուբյեկտիվ իրավունքներն իր հայեցողությամբ և ազատ կամքի դրսևորման միջոցով օգտվելու տնօրինչականության սկզբունքից, քանի որ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի իրավունքը պատկանում է միայն սեփականության իրավունքի ենթադրյալ կրողին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ըստ օրենքի ժառանգի կողմից ժառանգությունն ընդունվում է ժառանգության բացման վայրի նոտարին ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմում ներկայացնելով: Ընդ որում, ընդունված ժառանգության` այդ թվում անշարժ գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքը ծագում է ժառանգության բացման պահից` անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից:

Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Ըստ գործում առկա՝ ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ  31052016-01-0208 վկայականի՝ Բնակարանի նկատմամբ 31.05.2016 թվականին գրանցված է Կարինե Իոսիֆի Հովասաֆյանի (7/20), Էվելինա Վահանի Ներսիսյանի (1/5), Ռաֆայել Վահանի Ներսիսյանի (1/5), Սոնյա Իոսիֆի Հովասաֆյանի (7/60) սեփականության իրավունքը: Գրանցման հիմքն է` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1347/02/11 քաղաքացիական գործով 16.02.2016 թվականին կայացրած վճիռը: Նույն վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում նշված է` «Մնացած 2/15 բաժնեմասի նկատմամբ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր չի ներկայացվել»:

Սույն գործով չի վիճարկվել փաստն այն մասին, որ Սոնյա Հովասաֆյանը 19.10.2010 թվականին Արաբկիրի նոտար Կարինե Ադամյանի մոտ գրավոր հայտարարություն է տվել, որ ընդունում է իր հոր՝ Հովսեփ Ավագի Հովասափյանի մահից հետո մնացած ըստ կտակի ժառանգությունը: Բացի այդ, անվիճելի է նաև փաստն այն մասին, որ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է. Շաբոյանը 10.06.2011 թվականի գրությամբ Կարինե Հովասաֆյանին տեղեկացրել է, որ «Հովսեփ Ավագ Հովասափյանի, մահացած 28.07.2010 թվականին և Քնարիկ Գրիգոր Մկրտչյանի, մահացած 03.12.2010 թվականին, մահից հետո ժառանգության իրավունքի վկայագիր չենք կարող տալ, քանի որ ժառանգների միջև կա վեճ, ուստի հարցը պետք է լուծվի դատական կարգով»:

Դատարանը, մերժելով սկզբնական հայցի` Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ժառանգությունն ընդունելու հիմքով ճանաչելու պահանջը, պատճառաբանել է, որ սկզբնական հայցով պատասխանող կողմի սեփականության իրավունքը դատական կարգով ճանաչելու պահանջի մասով սկզբնական հայցով հայցվորները որևէ կերպ շահագրգռված անձինք չեն և չունեն նման պահանջի իրավունք: Այդ պահանջը սեփականության իրավունքի ենթադրյալ իրավատիրոջն է պատկանում և նրա փոխարեն որևէ անձ չունի նման պահանջով դատարան դիմելու իրավունք, որպիսի պայմաններում գույքի սեփականատեր-ժառանգներից ոչ ոք չի կարող (իրավունք չունի) մյուսի փոխարեն ներկայացնել սեփականության իրավունքի ճանաչման պահանջ:

Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ հայցվորների՝ Բնակարանի համապատասխան բաժնեմասերի նկատմամբ իրենց անվամբ գրանցված սեփականության իրավունքներն իրացնելու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով սահմանված իրավունքներից օգտվելու համար իրավական առումով խոչընդոտ առկա չէ, քանի որ սույն գործով չվիճարկվող և ժառանգության մի մասի ընդունման փաստերի հիմքով Բնակարանի 2/15 բաժնեմասը ժառանգության բացման պահից Սոնյա Հովասաֆյանին է պատկանում՝ անկախ այդ բաժնեմասի նկատմամբ վերջինիս անվամբ կատարված իրավունքի պետական գրանցման փաստից: Հետևաբար կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ գլխի կանոնները, ինչը նշանակում է, որ անկախ իրավունքի պետական գրանցման փաստից, եթե առկա է ժառանգական զանգվածի կոնկրետ բաժնեմաս, որը պատկանում է կոնկրետ ժառանգի, ապա ինչպես այդ ժառանգի, այնպես էլ մյուս ժառանգների իրավունքները, այդ թվում՝ ժառանգական գույքը բաժանելու իրավունքը, երաշխավորված է օրենքով և կարող է իրացվել նույն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով:

Վերաքննիչ դատարանը դատական ակտը մասնակիորեն բեկանելով և փոփոխելով, այն է՝ ժառանգությունն ընդունելու հիմքով Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ճանաչելով, արձանագրել է, որ ժառանգության մի մասի ընդունման փաստի հիմքով Բնակարանի 2/15 բաժնեմասը ժառանգության բացման պահից պատկանում է Սոնյա Հովասաֆյանին՝ անկախ այդ բաժնեմասի նկատմամբ վերջինիս անվամբ կատարված իրավունքի պետական գրանցման փաստից:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ սույն գործով բաժնային սեփականություն հանդիսացող վեճի առարկա Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ պատասխանողի սեփականության իրավունքը գրանցված չէ, ինչը խոչընդոտ է մյուս մասնակիցների կողմից բաժնային սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավազորությունների իրացման համար: Արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ սկզբնական հայցը` վեճի առարկա Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ պատասխանող Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով, ենթակա է բավարարման:

Մինչդեռ վերոգրյալ դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորները դատարան են ներկայացրել ոչ թե իրենց, այլ պատասխանող Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքի ճանաչման պահանջ, որպիսի պահանջը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի ուժով պատկանում է միայն գույքի ենթադրյալ սեփականատիրոջը: Այսինքն, սույն գործով հայցվորներ Կարինե Հովասաֆյանը, Էվելինա և Ռաֆայել Ներսիսյանները տվյալ պահանջի մասով չունեն իրավական շահագրգռվածություն, հետևաբար նաև պատշաճ հայցվորներ չեն:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասով հայցը ենթակա էր մերժման, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածը, 11-րդ հոդվածի  1-ին կետը, սխալ եզրահանգման է եկել նշված պահանջի հիմնավորվածության վերաբերյալ։

Բացի այդ,  Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգատուի մահից հետո վեցամսյա ժամկետում Սոնյա Հովասաֆյանը 19.10.2010 թվականին Արաբկիրի նոտար Կարինե Ադամյանի մոտ գրավոր հայտարարություն է տվել, որ ընդունում է իր հոր՝ Հովսեփ Ավագի Հովասափյանի մահից հետո մնացած ըստ կտակի ժառանգությունը: Այսինքն` Սոնյա Հովասաֆյանը հանդիսացել է Հովսեփ Հովասափյանի ժառանգությունն ընդունած ժառանգը, նրա սեփականության իրավունքը վիճելի հասցեի անշարժ գույքի նկատմամբ ծագել է 1910.2010 թվականից` նոտարական գրասենյակ ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում ներկայացնելու եղանակով ընդունելով ժառանգությունը: Հետևաբար անկախ իրավունքի պետական գրանցման փաստից, եթե առկա է ժառանգական զանգվածի կոնկրետ բաժնեմաս, որը պատկանում է կոնկրետ ժառանգի, ապա ինչպես այդ ժառանգի, այնպես էլ մյուս ժառանգների իրավունքները, այդ թվում՝ ժառանգական գույքը բաժանելու իրավունքը, կարող է իրացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով:

2. Վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով`(…) 8) գույքն օտարվում է` նույն օրենսգրքի 197 հոդվածի 4-րդ կետով, 208 և 220 հոդվածներով նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:

Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:

Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն՝ մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կարգավորումներին, նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջելու ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել իր բաժինը միայն այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակիցների միջև բացակայում է ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնություն: Միաժամանակ այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ այդպիսի առանձնացումն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարել իր բաժնի արժեքը միայն նրանց համաձայնությամբ, քանի որ այդպիսի համաձայնության բացակայությունը կհանգեցնի կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության սկզբունքի խախտման, հետևաբար նաև անձի սեփականության իրավունքի խախտման: Վերոգրյալ համաձայնության պարտադիր լինելը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն՝ մյուս սեփականատերերը նրան փոխհատուցում վճարելու իրավունք ունեն նույնպես միայն նրա համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի (տե՛ս Դավիթ Ասատրյանն ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ սեփականատիրոջ բաժնի չափի աննշան լինելը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն ոչ միայն այդ բաժնի և ընդհանուր գույքի մակերեսների չափերի հարաբերակցությունը, այլև այն հանգամանքը, թե արդյոք տվյալ բաժնեմասը հնարավոր է օգտագործել ինքնուրույն՝ իր նպատակային նշանակությանը համապատասխան: Ինքնին բաժնեմասի հարաբերականորեն փոքր լինելը չպետք է մեկնաբանվի որպես աննշան քննարկվող հոդվածի իմաստով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ բաժնի առանձնացման պայմանի  ստուգման համար դատարանները պետք է նշանակեն փորձաքննություն այն հաշվով, որպեսզի ստանան մասնագիտական եզրակացություն՝ վիճելի գույքն իրապես առանձնացնելու հնարավորությունը պարզելու համար:

Անդրադառնալով վերջին պայմանի մեկնաբանությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է  համարել նշել, որ Մուրադ Խաչատրյանն ընդդեմ Դոնարա Խաչատրյանի թիվ 3-249/ՎԴ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշմամբ  ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ընդհանուր գույքի օգտագործման մեջ սեփականատիրոջ էական շահի առկայության կամ բացակայության հարցին անդրադառնալիս դատարանը պետք է հաշվի առնի սեփականատիրոջ շահագրգռվածության համաչափությունը բաժնային սեփականության իրավահարաբերություններում մյուս սեփականատերերին պատճառված անհարմարություններին, սեփականության իրավունքով համանման այլ ունեցվածք ունենալը (այդպիսին կարող է լինել փաստացի բնակվելու համար պիտանի այլ բնակտարածության առկայությունը), այդ բաժնի նկատմամբ սեփականատիրոջ շահագրգռվածության առկայությունը և այլն։

Ընդհանրացնելով նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարաններն ընդհանուր գույքի օգտագործման մեջ էական շահ ունենալը պարզելիս պետք է հաշվի առնեն անձի գույքային շահը տվյալ տարածքի նկատմամբ: Էական շահ չունենալը չի կարող պայմանավորված լինել բաժնեմասի չափի աննշան լինելու հետ, այլ դրանք պետք է գնահատվեն ինքնուրույն:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նմանատիպ գործերի քննության ընթացքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ պայմաններին դատարանները պետք է անդրադառնան առանձին-առանձին: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում հիշյալ իրավադրույթը կիրառման ենթակա չէ (տե՛ս, Նելլի Հարությունյանն ընդդեմ Աղաջան Ավագյանի թիվ ԵԷԴ/1661/02/09 քաղաքացիական գործով 04.10.2013 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, անդրադառնալով ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու հարցին, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ պարբերության 2-րդ նախադասությունը չի կարող մեկնաբանվել և կիրառվել այնպես, որ գրեթե հավասար բաժին ունեցող համասեփականատերերից մեկը մյուս համասեփականատերերի կամքի մեխանիկական համադրմամբ հնարավորություն ունենա իր բաժնին գրեթե հավասար բաժին ունեցող մյուս համասեփականատիրոջ բաժինը մեխանիկորեն դարձնել աննշան և մյուս սեփականատերերի միջոցների հաշվին փոխհատուցում վճարելու միջոցով ավելացնել իր բաժնի չափն իրենցից յուրաքանչյուրի բաժնեմասին գրեթե հավասար բաժին ունեցող համասեփականատիրոջ բաժնի չափով:

Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ անկախ այն փաստից, որ բաժնեմասերի հարաբերակցությունը և աննշան լինելու փաստը պարզելու նպատակով բաժնեմասերի չափերի համեմատությունը պետք է կատարվի յուրաքանչյուր սեփականատիրոջ բաժնեմասի հետ առանձին-առանձին համեմատելու միջոցով, այնուամենայնիվ, անգամ 3/4 և 1/4 բաժնեմասերի հարաբերակցության պայմաններում 1/4 բաժնեմասը չի կարող համարվել աննշան, դա բավականին մեծ բաժնեմաս է, որը կազմում է ընդհանուրի զգալի մասը: Արդյունքում Դատարանը եզրահանգել է, որ սույն գործով սկզբնական հայցով հայցվորների և պատասխանողի բաժիններից յուրաքանչյուրի չափը մյուսի համեմատ առավելություն չունենալու պայմաններում առկա չեն հիմքեր Սոնյա Հովասաֆյանի բաժինը որպես աննշան դիտելու համար:

Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ գործի դատաքննությամբ հիմնավորվել է, որ կողմերը մշտական բնակվում են արտերկրում, և Բնակարանում կողմերից ոչ մեկի չբնակվելու փաստն ինքնին վկայում է, որ այս առումով Բնակարանի օգտագործման էական շահի առումով կողմերը գտնվում են սեփականության իրավունքի պաշտպանության միևնույն հարթության վրա, և միայն բանալիները սկզբնական հայցով հայցվորների մոտ լինելը, դեռևս հիմք չէ փաստելու, որ նրանք փաստացի օգտագործում են Բնակարանը և Բնակարանի հետ կապված ունեն էական շահ:

Դատարանը փաստել է, որ Սոնյա Հովասաֆյանն ունի էական շահագրգռվածություն և շահ Բնակարանի իր բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի պահպանման հարցում, քանի որ դա նրա հոր կողմից թողնված միակ ժառանգությունն է: Նույնը վերաբերում է նաև սկզբնական հայցով հայցվորներին, սակայն այն տարբերությամբ, որ Սոնյա Հովասաֆյանի ժառանգությունն ըստ կտակի է, ինչն ակնհայտորեն վկայում է ծնողի կամքի և ծնողի կամքով իրեն փոխանցված ժառանգությունը պահպանելու առավել մեծ շահագրգռվածության մասին:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի դատական ակտն այդ մասով բեկանելով և փոփոխելով, այն է՝ բավարարելով Բնակարանի` Սոնյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջը, արձանագրել է, որ Կարինե Հովասաֆյանը, Էվելինա Ներսիսյանը, Ռաֆայել Ներսիսյանը համահայցվորներ են, նույն ընտանիքի անդամներ են, նրանց միջև առկա է բաժնային սեփականություն հանդիսացող գույքն օգտագործելու և տիրապետելու վերաբերյալ համաձայնություն, ավելին, նրանց միջև առկա է նաև համաձայնություն՝ բաժնային սեփականության մյուս մասնակցին՝ պատասխանող Սոնյա Հովասաֆյանին փոխհատուցում վճարելու միջոցով վերջինիս սեփականության իրավունքն իր բաժնեմասի նկատմամբ դադարեցնելու վերաբերյալ: Հետևաբար, Դատարանի հետևությունն առ այն, որ «սկզբնական հայցով հայցվորների բաժինը պետք է դիտարկել ոչ թե նրանց բոլորին պատկանող ընդհանուր գույքի 3/4 բաժնեմասի չափով, ինչպես նշվել է հայցադիմումում, այլ՝ յուրաքանչյուրին պատկանող բաժնեմասի չափով», Վերաքննիչ դատարանը գնահատել է անհիմն:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում ընդհանուր գույքում համահայցվորների բաժնեմասերի հանրագումարը կազմում է  3/4  (7/20 + 1/5 + 1/5 = 15/20 = 3/4), իսկ պատասխանող Սոնյա Հովասաֆյանի բաժնեմասը կազմում է 1/4, ուստի հայցվորների բաժնեմասերի և պատասխանողի բաժնեմասի համեմատությունն անհրաժեշտ է իրականացնել՝ ելնելով հայցվորների բաժնեմասերի հանրագումարից (3/4), ինչն էապես գերազանցում է պատասխանողի բաժնեմասը (1/4):

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ սույն գործով հաստատվել է պատասխանողի բաժնեմասի իրապես՝ բնեղենով առանձնացվելու անհնարինությունը, բացի այդ, Դատարանը հաստատված է համարել (անվիճելի փաստեր), որ պատասխանողը չի բնակվում վեճի առարկա բնակարանում, սեփականության իրավունքով ՀՀ-ում ունի այլ գույքեր, իսկ Բնակարանի բանալիները գտնվում են հայցվորների մոտ: Հետևաբար ընդհանուր գույքի օգտագործման մեջ Սոնյա Հովասաֆյանի՝ էական շահի առկայության վերաբերյալ Դատարանի եզրահանգումը նույնպես Վերաքննիչ դատարանը գնահատել է ոչ իրավաչափ և սույն գործի փաստական հանգամանքներից չբխող:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ վճիռը` Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը Բնակարանի` նրան պատկանող 1/4 բաժնի նկատմամբ փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջը մերժելու մասով, նույնպես ենթակա է բեկանման և փոփոխման:

Վերոհիշյալ դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

 Սույն գործով հաստատվել է, որ կողմերը վիճելի բնակարանի բաժնային սեփականատերերն են՝ յուրաքանչյուրը 1/4 բաժնեմասով, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նրանց բաժնեմասերն ընդհանուր բաժնային սեփականությունում հավասար են:

Բացի այդ, սույն գործով հաստատվել է և կողմերը չեն վիճարկել փաստն այն մասին, որ վեճի առարկա բնակարանից որևէ բաժնեմաս տեխնիկապես հնարավոր չէ բնեղենով առանձնացնել և ընդհանուր բաժնային սեփականատերերի միջև միմյանց փոխհատուցում վճարելու և բաժնեմասերը դադարեցնելու վերաբերյալ համաձայնություն առկա չէ:

Անդրադառնալով Սոնյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի բավարարման համար անհրաժեշտ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված մյուս պայմանի՝ բաժնի աննշան լինելուն, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ բաժնային սեփականատիրոջ բաժնի աննշան լինելը գնահատելիս պետք է հաշվի առնել փոխհատուցմամբ դադարեցման ենթակա սեփականատիրոջ իրական բաժնի չափը, այդ չափի հարաբերակցությունը բաժնային մյուս սեփականատերերի իրական բաժինների չափի հետ, ինչպես նաև այդ բաժնին համապատասխան գույքի մասն առանձնացնելու և այդ բաժնեմասն ինքնուրույն օգտագործելու հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է սահմանադրորեն երաշխավորված յուրաքանչյուր անձի սեփականության իրավունքի պաշտպանությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բաժնային սեփականատերը փոխհատուցումն ստանալու պահից կորցնում է ընդհանուր գույքում իր բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը: Այսինքն, տվյալ դեպքում ընդհանուր սեփականության մասնակցի սեփականության իրավունքը դադարեցվում է օրենքի ուժով՝ դատարանի կողմից, ուստի և բաժնի աննշան լինելու փաստի առկայությունը կամ բացակայությունը յուրաքանչյուր գործով պետք է գնահատվի առանձին՝ հիմք ընդունելով տվյալ փաստի հաստատման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները:

Սույն գործով ի սկզբանե ներկայացված հայցապահանջով հայցվորները պահանջել են Բնակարանի` Սոնյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասի նկատմամբ փոխհատուցմամբ դադարեցնել վերջինիս սեփականության իրավունքը, ընդ որում` առանց վերջինիս համաձայնության` պատճառաբանելով, որ Սոնյա Հովասաֆյանի բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի:

Ինչպես նշվեց վերը, վեճի առարկա անշարժ գույքում հայցվորներից յուրաքանչյուրի բաժնեմասն ընդհանուր բաժնային սեփականությունում կազմում է 1/4 բաժնեմասը, որը հավասար է պատասխանող՝ Սոնյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասին: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաժնային սեփականատերերի բաժնեմասերի հավասարության պայմաններում, որևէ բաժնային սեփականատիրոջ բաժինը չի կարող դիտարկվել աննշան:

Ինչ վերաբերում է հայցվորների բաժինների հանրագումարին՝ 3/4, ինչ ավելի մեծ է քան պատասխանողի 1/4 բաժնեմասը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն բաժինների մեխանիկական համադրումը ինքնըստինքյան չի կարող աննշան դարձնել ի սկզբանե հավասար բաժնեմաս ունեցող սեփականատիրոջ բաժնեմասը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի հիմնավորվել պատասխանող Սոնյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասի աննշան լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառման համար անհրաժեշտ մյուս պայմանին, այն է՝ Սոնյա Հովասաֆյանի ընդհանուր գույքում էական շահ ունենալու փաստի առկայությանը կամ բացակայությանը:

  Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորների կողմից ներկայացված` Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջը ենթակա է մերժման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 19.07.2019 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատարանի 15.02.2019 թվականի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ Կարինե Հովասաֆյանը, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանները նախապես վճարել են հայցադիմումի և վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի գումարները, ինչպես նաև հաշվի առնելով, որ սույն վճռաբեկ բողոքի ներկայացման համար Սոնյա Հովասաֆյանի կողմից որպես պետական տուրք նախապես վճարվել է 40.000 ՀՀ դրամ` Վերաքննիչ դատարանի կողմից բավարարված երկու ոչ դրամական պահանջների համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը բավարարման ենթակա լինելու պայմաններում վերոհիշյալ գումարը պետք է բռնագանձվի Կարինե Հովասաֆյանից, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյաններից հօգուտ Սոնյա Հովասաֆյանի:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2019 թվականի որոշումը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.02.2019 թվականի վճիռը՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 2/15-րդ բաժնեմասի նկատմամբ Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ճանաչելու և Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը նույն բնակարանի նրան պատկանող 1/4-րդ բաժնի նկատմամբ փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջները մերժելու մասերով բեկանելու և փոփոխելու մասերը, և այդ մասերով օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.02.2019 թվականի վճռին:

2. Կարինե Հովասաֆյանից, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյաններից հօգուտ Սոնյա Հովասաֆյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

Հատուկ կարծիք

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՔԴ/4949/02/16 քաղաքացիական գործով 14.01.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ 

14.01.2022 թվական

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի հունվարի 14-ին գրավոր ընթացակարգով քննելով Սոնյա Հովասաֆյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների ընդդեմ Սոնյա Հովասաֆյանի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 58-րդ շենքի թիվ 69  բնակարանի (այսուհետ` Բնակարան) 2/15 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունելու հիմքով Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ճանաչելու, նույն բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու, ինչպես նաև  Բնակարանի` Սոնյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սոնյա Հովասաֆյանի ընդդեմ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների՝ Բնակարանի նկատմամբ վերջիններիս բաժնային սեփականության իրավունքը դատական կարգով փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2019 թվականի որոշումը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.02.2019 թվականի վճիռը՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 2/15-րդ բաժնեմասի նկատմամբ Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ճանաչելու և Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը նույն բնակարանի նրան պատկանող 1/4-րդ բաժնի նկատմամբ փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջները մերժելու մասերով բեկանելու և փոփոխելու մասերով, և այդ մասերով օրինական ուժ է տվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.02.2019 թվականի վճռին:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս, Ս. Միքայելյանս և Ա. Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Կարինե Հովասաֆյանը, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանները պահանջել են Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունելու հիմքով ճանաչել Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը, պարտավորեցնել վերջինիս նույն բաժնեմասի նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը, ինչպես նաև փոխհատուցմամբ դադարեցնել Սոնյա Հովասաֆյանին պատկանող Բնակարանի 1/4 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սոնյա Հովասաֆյանը պահանջել է դատական կարգով փոխհատուցմամբ դադարեցնել Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների բաժնային սեփականության իրավունքը Բնակարանի նկատմամբ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 15.02.2019 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.07.2019 թվականի որոշմամբ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի: Որոշվել է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.02.2019 թվականի (…) վճիռը` բողոքարկված՝ հայցը՝ ժառանգությունն ընդունելու հիմքով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ  69 բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը պատասխանողին գրանցել պարտավորեցնելու, 2/15 բաժնեմասի նկատմամբ Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ճանաչելու և Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը նույն բնակարանի` նրան պատկանող 1/4 բաժնի նկատմամբ փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջները մերժելու մասով, մասնակի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ճանաչելու և Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը նույն բնակարանի` նրան պատկանող 1/4 բաժնի նկատմամբ փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջները մերժելու մասով, բեկանել և փոփոխել. Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների հայցը բավարարել մասնակի: Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ ճանաչել Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը: Կարինե Հովասաֆյանին, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյաններին թույլատրել վճարել Սոնյա Հովասաֆյանին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի` նրան պատկանող 1/4 բաժնեմասի համար փոխհատուցում՝ 7.750.000 ՀՀ դրամի չափով: 7.750.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցումը ստանալու պահից դադարեցնել Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/4 բաժնեմասի նկատմամբ և նույն բաժնեմասի նկատմամբ ճանաչել Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների սեփականության իրավունքը հավասար բաժիններով՝ յուրաքանչյուրինը 1/12 բաժնեմասով: Դատարանի 15.02.2019 թվականի (…) վճիռը բողոքարկված մնացած՝ հայցը՝ ժառանգությունն ընդունելու հիմքով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը պատասխանողին գրանցել պարտավորեցնելու պահանջը մերժելու մասով, թողնել օրինական ուժի մեջ»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Սոնյա Հովասաֆյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանները (ներկայացուցիչ Կարեն Մեժլումյան) և Կարինե Հովասաֆյանը»։

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ և 11-րդ հոդվածների 1-ին կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով հայցվորները պատասխանողի փոխարեն ներկայացրել են սեփականության իրավունքի ճանաչման և դրանից բխող ածանցյալ պահանջներ: Մինչդեռ հայցվորները հիմնական պահանջի իրավատերը չեն, քանի որ սեփականության իրավունքի ենթադրյալ իրավատիրոջ փոխարեն որևէ անձ իրավասու չէ սեփականության իրավունքի ճանաչման պահանջով դիմելու դատարան:

 Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Սոնյա Հովասաֆյանի` Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունելու ու դրա հիմքով իրավունքի պետական գրանցում կատարելու իրավունքները բացառապես իր կամքով իրացնելու հնարավորությունը երաշխավորված է օրենսդրորեն, ինչը նշանակում է, որ այդ իրավունքների իրավատերն է միայն որոշում իր հայեցողությամբ և իր շահերին համապատասխան ընտրել համապատասխան վարքագծի թույլատրելի տարբերակներից մեկը, այդ թվում՝ դատական կարգով պահանջել ճանաչել իր սեփականության իրավունքը, թե՝ ոչ, ընդունել ժառանգությունը, թե՝ ոչ, և կատարել իրավունքի պետական գրանցում ընդունած ժառանգության նկատմամբ, թե՝ ոչ:

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետը: 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ պարբերության 2-րդ նախադասությունը չի կարող մեկնաբանվել և կիրառվել այնպես, որ գրեթե հավասար բաժին ունեցող համասեփականատերերից մեկը մյուս համասեփականատերերի կամքի համադրմամբ հնարավորություն ունենա իր բաժնին գրեթե հավասար բաժին ունեցող մյուս սեփականատիրոջ բաժինը մեխանիկորեն դարձնել աննշան, և մյուս սեփականատերերի միջոցների հաշվին փոխհատուցում վճարելու միջոցով ավելացնել իր բաժնի չափն իրենցից յուրաքանչյուրի  բաժնեմասին հավասար բաժին ունեցող համասեփականատիրոջ բաժնի չափով:

Հետևաբար, բաժնային սեփականության մասնակցի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու նպատակով մի քանի սեփականատերերի կողմից ներկայացված հայցի քննության ընթացքում բաժնեմասի աննշան լինելու հարցի պարզման համար անհրաժեշտ հարաբերակցությունը պետք է որոշվի ոչ թե որպես ելակետային տվյալ հիմք ընդունելով հայցվորների բաժնեմասերի ընդհանուր չափը, այլև՝ նրանցից յուրաքանչյուրի բաժնեմասերի չափը՝ դրանցից յուրաքանչյուրը համադրելով պատասխանողի բաժնեմասի չափի հետ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.07.2019 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 15.02.2019 թվականի վճռին»:

2.1. Վճռաբեկ դատարանը որպես Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Բնակարանի մակերեսը կազմում է 70,4քմ, որի 1/4 բաժինն աննշան է, ինչպես նաև բողոքաբերը չունի որևէ էական շահ դրա նկատմամբ` հաշվի առնելով, որ վերջինս ունի այլ բնակարան և առանձնատուն, իսկ վիճելի Բնակարանում չի բնակվել ավելի քան 30 տարի: Բացի այդ, ակնհայտ է, որ Բնակարանը հնարավոր չէ բաժանել հայցվորների և բողոք բերած անձի միջև և այն պետք է օգտագործվի համատեղ, ինչն էլ նշանակում է, որ եթե բողոք բերած անձը ցանկանա բնակություն հաստատել այդ բնակարանում, ապա կխախտվի հայցվորների` մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության ու հարգանքի իրավունքը` հաշվի առնելով, որ Բնակարանի սենյակների թիվը սահմանափակ է»:

2.2. Վճռաբեկ դատարանը որպես Կարինե Հովասաֆյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է, չի ոտնահարում որևէ մեկի շահերը: Հայցվոր կողմը թեև գումար է կորցնում, սակայն լիովին վերականգնում է բնակարանը, իսկ պատասխանող կողմը կորցնում է այնպիսի սեփականություն, որն իրեն իրականում ոչ մի շահ չէր բերում` փոխարենը ստանալով գումար, որի շնորհիվ կարող է նոր սեփականություն գնել»:

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«1) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1347/02/11 քաղաքացիական գործով 04.11.2013 թվականի վճռով` ա) Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների հայցն ընդդեմ Սոնյա Հովասաֆյանի, Սվետլանա Սահակյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման` սեփականության և ժառանգության իրավունքը ճանաչելու, իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, ինչպես նաև Կարինե Հովասաֆյանին Հովսեփ Հովասաֆյանի և Քնարիկ Մկրտչյանի` 1/5-ական բաժնեմասերի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, մերժվել է,  բ) Սոնյա Հովասաֆյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել  և Էվելինա Ներսիսյանների, Սվետլանա Սահակյանի` ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ինչպես նաև Քնարիկ Մկրտչյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին, մերժվել է,  գ) Սվետլանա Սահակյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Կարինե և Սոնյա Հովասաֆյանների` ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարելով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, մերժվել է (հիմք` datalex.am տեղեկատվական համակարգ):

2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԱՔԴ/1347/02/11 քաղաքացիական գործով 10.02.2014 թվականի որոշմամբ Սոնյա Հովասաֆյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Կարինե Հովասաֆյանի, Էվելինա և Ռաֆայել Ներսիսյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.11.2013 թվականի թիվ ԵԱՔԴ/1347/02/11 քաղաքացիական գործով կայացրած վճիռը մասնակի` հայցը մերժելու մասով, բեկանվել և գործն այդ մասով ուղարկվել է նույն դատարան` նոր քննության, վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ (հիմք` datalex.am տեղեկատվական համակարգ):

3) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԱՔԴ/1347/02/11 քաղաքացիական գործով 16.02.2016 թվականին կայացված վճռով վճռել է. «1. Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների հայցն ընդդեմ Սոնյա Հովասաֆյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման` Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի նկատմամբ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել, Էվելինա Ներսիսյանների և Քնարիկ Մկրտչյանի սեփականության իրավունքի ճանաչման (յուրաքանչյուրին 1/5 բաժնեմասով), Հովսեփ Հովասափյանի ժառանգական գույքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Կարինե Հովասաֆյանին Քնարիկ Մկրտչյանի՝ Հովսեփ Հովասափյանի ժառանգական գույքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգությունն ընդունած բաժնեմասի և Քնարիկ Մկրտչյանին պատկանող 1/5 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու (ամբողջ գույքի 7/15 բաժնեմասի նկատմամբ Կարինե Հովասաֆյանի սեփականության իրավունքի ճանաչման) պահանջների մասին սկզբնական հայցը բավարարել մասնակի`

  1.1. Ճանաչել Էվելինա Ներսիսյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/5 բաժնեմասի նկատմամբ:

  1.2. Ճանաչել Ռաֆայել Ներսիսյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/5 բաժնեմասի նկատմամբ:

  1.3. Ճանաչել Կարինե Հովասաֆյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/5 բաժնեմասի նկատմամբ:

  1.4. Ճանաչել Քնարիկ Մկրտչյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/5 բաժնեմասի նկատմամբ:

  1.5. Որպես հետևանք՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի նկատմամբ Հովսեփ Հովասափյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը 4/5 մասով ճանաչել անվավեր:

  1.6. Կարինե Հովասաֆյանին ճանաչել Հովսեփ Հովասափյանի 1/5 բաժնեմասի նկատմամբ ժառանգության պարտադիր բաժնի իրավունքով ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/30 բաժնեմասով:

  1.7. Կարինե Հովասաֆյանին ճանաչել Քնարիկ Մկրտչյանի՝ Հովսեփ Հովասափյանի ժառանգական գույքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգություն ընդունած մասի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/30 բաժնեմասի և Քնարիկ Մկրտչյանին պատկանող 1/5 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 7/60 բաժնեմասով:

  1.8. (…):

2. Կարինե Հովասաֆյանի սկզբնական հայցն ընդդեմ Սոնյա Հովասաֆյանի՝ Քնարիկ Մկրտչյանի՝ Քնարիկ Մկրտչյանի՝ Հովսեփ Հովասափյանի ժառանգական գույքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգություն ընդունած մասի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/30 բաժնեմասի և Քնարիկ Մկրտչյանին պատկանող 1/5 բաժնեմասի նկատմամբ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի մյուս 7/60 բաժնեմասի նկատմամբ ևս ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասով, մերժել:

3. Սոնյա Հովասաֆյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների, Սվետլանա Սահակյանի՝ փաստացի տիրապետման հիմքով Քնարիկ Մկրտչյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, բավարարել մասնակի.

3.1.Սոնյա Հովասաֆյանին ճանաչել Քնարիկ Մկրտչյանի՝ Հովսեփ Հովասափյանի ժառանգական գույքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգություն ընդունած մասի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/30 բաժնեմասի և Քնարիկ Մկրտչյանին պատկանող 1/5 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 7/60 բաժնեմասով:

4. Սոնյա Հովասաֆյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Կարինե Հովասաֆյանի, Ռաֆայել և Էվելինա Ներսիսյանների, Սվետլանա Սահակյանի՝ Հովսեփ Հովասափյանի ժառանգական գույքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունքով ժառանգություն ընդունած մասի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի 1/30 բաժնեմասի և Քնարիկ Մկրտչյանին պատկանող 1/5 բաժնեմասի նկատմամբ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա, 58 շենք, թիվ 69 բնակարանի մյուս 7/60 բաժնեմասի նկատմամբ ևս ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասով, մերժել»: Վճիռը 17.03.2016 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 17-34):

4) Սույն գործով չի վիճարկվել փաստն այն մասին, որ Սոնյա Հովասաֆյանը 19.10.2010 թվականին Արաբկիրի նոտար Կարինե Ադամյանի մոտ գրավոր հայտարարություն է տվել, որ ընդունում է իր հոր՝ Հովսեփ Ավագի Հովասափյանի մահից հետո մնացած ըստ կտակի ժառանգությունը (հիմք՝ թիվ ԵԱՔԴ/1347/02/11 գործով 16.02.2016 թվականի վճիռ):

5) Սույն գործով չի վիճարկվել նաև փաստն այն մասին, որ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է. Շաբոյանը 10.06.2011 թվականի գրությամբ Կարինե Հովասաֆյանին տեղեկացրել է, որ «Հովսեփ Ավագ Հովասափյանի, մահացած 28.07.2010 թվականին և Քնարիկ Գրիգոր Մկրտչյանի, մահացած 03.12.2010 թվականին, մահից հետո ժառանգության իրավունքի վկայագիր չենք կարող տալ, քանի որ ժառանգների  միջև կա վեճ, ուստի հարցը պետք է լուծվի դատական կարգով» (հիմք՝ թիվ ԵԱՔԴ/1347/02/11 գործով 16.02.2016 թվականի վճիռ):

6) Կարինե Հովասաֆյանի, Էվելինա և Ռաֆայել Ներսիսյանների ներկայացուցչի կողմից 12.10.2016 թվականին Սոնյա Հովասաֆյանին բնակարանի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու մասին գրավոր առաջարկ է արվել հետևյալ բովանդակությամբ. «Հանդիսանում եք բաժնային սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 58 շենքի, թիվ 69 բնակարանի 7/60-րդ գրանցված և 2/15-րդ բաժնի չգրանցված բաժնի սեփականատերը, սակայն այդ բնակարանում չեք բնակվում: Նույն բնակարանի 7/20-րդ բաժնի սեփականատեր Կարինե Հովասաֆյանը, 1/5-րդ բաժնի սեփականատեր Ռաֆայել Ներսիսյանը և 1/5-րդ բաժնի սեփականատեր Էվելինա Ներսիսյանը մի ընտանիքի անդամ են: (…) եզրակացություն է տրվել այն մասին, որ բնակարանից որևէ բաժնեմաս տեխնիկապես հնարավոր չէ բնեղենով առանձնացնել: Բացի այդ թվաբանական բաժանմամբ չի բավարարում բնակելի սենյակների նվազագույն չափը: Նույն եզրակացության համաձայն՝ բնակարանը գնահատվել է 26.000.000 ՀՀ դրամ: Նկատի ունենալով, որ բնակարանից հնարավոր չէ Ձեր բաժինն առանձնացնել, ուստի սույնով իմ վստահորդների անունից առաջարկում եմ բնակարանի 2/15-րդ բաժնի նկատմամբ մեկ ամսվա ընթացքում ժառանգության ընդունման հիմքով գրանցել Ձեր սեփականության իրավունքը, որոնց ամբողջությունը կազմում է 1/4-րդ բաժին և առաջարկում եմ այդ 1/4-րդ բաժնի նկատմամբ Ձեր սեփականության իրավունքը դադարեցնել 6.500.000 ՀՀ դրամ փոխհատուցմամբ, որը 26.000.000 ՀՀ դրամի 1/4-րդ մասն է: (…)» (հատոր 1-ին, գ.թ. 40):

7) «Փորձագետ» անկախ հետազոտությունների կենտրոնի կողմից 22.08.2016 թվականի կազմված թիվ «Փ-045-01-16» հաշվետվության համաձայն՝  Բնակարանի շուկայական արժեքը հետազոտվող ժամանակահատվածի դրությամբ, (…) կատարման ժամանակահատվածում ունեցած ապրանքային վիճակում գնահատվում է 26.000.000 ՀՀ դրամ: Կատարված փաստաթղթային (սեփականության վկայականի պատճենի) հետազոտության և տեղազննության արդյունքում պարզվել է, որ Բնակարանից որևէ բաժնեմաս տեխնիկապես հնարավոր չէ բնեղենով առանձնացնել (…)(հատոր 1-ին, գ.թ. 43-48):

8) ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ  31052016-01-0208 վկայականի համաձայն՝ Բնակարանի նկատմամբ 31.05.2016 թվականին գրանցված է Կարինե Իոսիֆի Հովասաֆյանի (7/20), Էվելինա Վահանի Ներսիսյանի (1/5), Ռաֆայել Վահանի Ներսիսյանի (1/5), Սոնյա Իոսիֆի Հովասաֆյանի (7/60) սեփականության իրավունքը: Գրանցման հիմքն է` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1347/02/11 քաղաքացիական գործով 16.02.2016 թվականին կայացրած վճիռը: Վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում նշված է` «Մնացած 2/15 բաժնեմասի նկատմամբ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր չի ներկայացվել» (հատոր 1-ին, գ.թ. 10)»:

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարող են էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ պարբերության միատեսակ կիրառության, մասնավորապես` բաժնային սեփականության մասնակցի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջներ քննելիս միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ և 11-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1.  Արդյո՞ք սեփականության իրավունքի ճանաչման պահանջ կարող է ներկայացվել տվյալ իրավունքի իրավատեր չհանդիսացող անձի կողմից։

2. Արդյո՞ք փոխհատուցման ենթակա բաժնային սեփականության մասնակցի բաժնեմասը կարող է աննշան դիտարկվել, եթե բոլոր բաժնային սեփականատերերի բաժնեմասերը հավասար են:

  Միաժամանակ նկատի ունենալով, որ սույն գործով դատական ակտը բողոքարկվել է միայն սկզբնական հայցի՝ Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ժառանգությունն ընդունելու հիմքով ճանաչելու և Բնակարանի` Սոնյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջները բավարարելու մասերով, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայում է միայն այդ մասերով:

1.  Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

 Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` իրավունքը ճանաչելով, (…):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: Նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմել այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքների վրա: Նշված սկզբունքներից կամքի ինքնավարության սկզբունքը ենթադրում է քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների իրավունքը՝ իրենց հայեցողությամբ և իրենց շահերին համապատասխան ընտրելու համապատասխան վարքագծի թույլատրելի տարբերակներից մեկը: Մասնակիցներն առավելապես իրենք են որոշում՝ մտնել որևէ քաղաքացիաիրավական հարաբերության մեջ, թե՝ ոչ, օգտվել իրենց իրավունքից, թե՝ ոչ, պահանջել իրենց օգտին պարտավորության կատարում, թե՝ ոչ և այլն: Արդյունքում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական իրավահարաբերության մասնակիցները գործում են ինքնուրույն, սեփական կամքով (տե՛ս, «Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ Անիկ Ստեփանյանի իրավահաջորդ Սիմոն Արզումանյանի թիվ ԵԱՔԴ/2190/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը) :

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով իրավական շահագրգռվածության հարցին, գտել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի.

1. հայցվորի որ իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները,

2. ներկայացված հայցի նպատակը արդյոք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել):

  Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգնման համար (տե՛ս, Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունը և Արմեն Միքայելյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի և «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատարան դիմելու իրավունքի իրացման հարցին, հայտնել է, որ [2005թ. փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի՝ անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտություն ծագում է այն դեպքում, երբ նա խնդիր ունի վերականգնելու իր ենթադրյալ խախտված իրավունքները: Սահմանադրական այս դրույթի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ յուրաքանչյուր դեպքում անձն իր՝ դատարան դիմելու իրավունքը կարող է իրացնել միայն այն դեպքում, երբ տվյալ գործի առնչությամբ ունի իրավական շահագրգռվածություն: Սահմանադրական այս դրույթին համահունչ՝ Նախկին օրենսգրքի վիճարկվող 2-րդ հոդվածի 1-ին մասը դատարան դիմելու իրավունքը վերապահել է շահագրգիռ անձին, այն է՝ անձին, ում իրավունքները ենթադրաբար խախտվել են (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 04.04.2008 թվականի ՍԴՈ-747 որոշման 7-րդ կետը):

  Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և յուրաքանչյուր կոնկրետ գործով, ելնելով տվյալ գործի կոնկրետ հանգամանքներից, գործը քննող դատարանն է իրավասու գնահատելու այս հասկացությունը և պարզելու, թե արդյո՞ք տվյալ անձը գործի ելքում ունի իրավական շահագրգռվածություն (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 05.05.2017 թվականի ՍԴՈ-1365 որոշման 6-րդ կետը):

Հավելելով վերը նշվածին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր գործով հայցվորի շահագրգռվածությունը պարզելիս դատարանները պետք է հաշվի առնեն նաև այն նյութաիրավական նորմը, որը կարգավորում է տվյալ վեճը (հիմք ընդունելով ներկայացված հայցի հիմքը և առարկան): Վճռաբեկ դատարանի նշված հետևությունը պայմանավորված է օրենսդրությամբ սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության տարբեր եղանակներով, հետևաբար կախված նրանից, թե անձն իր ենթադրյալ խախտված իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար որ եղանակն է ընտրում, կիրառելի է այն նյութաիրավական նորմը, որը կարգավորում է տվյալ իրավահարաբերությունը:

Անդրադառնալով սեփականության իրավունքի ճանաչմանը՝ որպես քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակի, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 273-րդ հոդվածով սեփականության իրավունքի պաշտպանության նշված եղանակը վերապահել է միայն ենթադրյալ սեփականատիրոջը՝ վերջինիս հնարավորության տալով իրավաբանորեն հիմնավորել փաստացի իրեն պատկանող իրավունքը: Այլ կերպ ասած՝ սեփականության իրավունքի պաշտպանության վերը նշված եղանակից կարող է օգտվել միայն գույքի ենթադրյալ սեփականատերը:

Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ դատարան ներկայացրած հայցի առարկան, այսինքն`պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը վերաբերում է պատասխանողի սեփականության իրավունքի ճանաչմանը, անկախ այն հանգամանքից, թե հայցի հիմքում ընկած և հայցվորի կողմից վկայակոչած փաստական հանգամանքներն ինչ նպատակ են հետապնդում, նման պահանջ ներկայացրած անձը (գույքի ոչ ենթադրյալ սեփականատերը) այդ պահանջով պատշաճ հայցվոր չէ: Ավելին, այդ պահանջի ներկայացումն անհարկի միջամտություն է պատասխանողի կամքի ինքնավարության դրսևորմանը, խախտում է գույքի ենթադրյալ սեփականատիրոջ սուբյեկտիվ իրավունքներն իր հայեցողությամբ և ազատ կամքի դրսևորման միջոցով օգտվելու տնօրինչականության սկզբունքից, քանի որ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի իրավունքը պատկանում է միայն սեփականության իրավունքի ենթադրյալ կրողին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ըստ օրենքի ժառանգի կողմից ժառանգությունն ընդունվում է ժառանգության բացման վայրի նոտարին ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմում ներկայացնելով: Ընդ որում, ընդունված ժառանգության` այդ թվում անշարժ գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքը ծագում է ժառանգության բացման պահից` անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից:

  Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

  Ըստ գործում առկա՝ ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ  31052016-01-0208 վկայականի՝ Բնակարանի նկատմամբ 31.05.2016 թվականին գրանցված է Կարինե Իոսիֆի Հովասաֆյանի (7/20), Էվելինա Վահանի Ներսիսյանի (1/5), Ռաֆայել Վահանի Ներսիսյանի (1/5), Սոնյա Իոսիֆի Հովասաֆյանի (7/60) սեփականության իրավունքը: Գրանցման հիմքն է` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1347/02/11 քաղաքացիական գործով 16.02.2016 թվականին կայացրած վճիռը: Նույն վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում նշված է` «Մնացած 2/15 բաժնեմասի նկատմամբ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր չի ներկայացվել»:

  Սույն գործով չի վիճարկվել փաստն այն մասին, որ Սոնյա Հովասաֆյանը 19.10.2010 թվականին Արաբկիրի նոտար Կարինե Ադամյանի մոտ գրավոր հայտարարություն է տվել, որ ընդունում է իր հոր՝ Հովսեփ Ավագի Հովասափյանի մահից հետո մնացած ըստ կտակի ժառանգությունը: Բացի այդ, անվիճելի է նաև փաստն այն մասին, որ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է. Շաբոյանը 10.06.2011 թվականի գրությամբ Կարինե Հովասաֆյանին տեղեկացրել է, որ «Հովսեփ Ավագ Հովասափյանի, մահացած 28.07.2010 թվականին և Քնարիկ Գրիգոր Մկրտչյանի, մահացած 03.12.2010 թվականին, մահից հետո ժառանգության իրավունքի վկայագիր չենք կարող տալ, քանի որ ժառանգների միջև կա վեճ, ուստի հարցը պետք է լուծվի դատական կարգով»:

Դատարանը, մերժելով սկզբնական հայցի` Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ժառանգությունն ընդունելու հիմքով ճանաչելու պահանջը, պատճառաբանել է, որ սկզբնական հայցով պատասխանող կողմի սեփականության իրավունքը դատական կարգով ճանաչելու պահանջի մասով սկզբնական հայցով հայցվորները որևէ կերպ շահագրգռված անձինք չեն և չունեն նման պահանջի իրավունք: Այդ պահանջը սեփականության իրավունքի ենթադրյալ իրավատիրոջն է պատկանում և նրա փոխարեն որևէ անձ չունի նման պահանջով դատարան դիմելու իրավունք, որպիսի պայմաններում գույքի սեփականատեր-ժառանգներից ոչ ոք չի կարող (իրավունք չունի) մյուսի փոխարեն ներկայացնել սեփականության իրավունքի ճանաչման պահանջ:

  Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ հայցվորների՝ Բնակարանի համապատասխան բաժնեմասերի նկատմամբ իրենց անվամբ գրանցված սեփականության իրավունքներն իրացնելու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով սահմանված իրավունքներից օգտվելու համար իրավական առումով խոչընդոտ առկա չէ, քանի որ սույն գործով չվիճարկվող և ժառանգության մի մասի ընդունման փաստերի հիմքով Բնակարանի 2/15 բաժնեմասը ժառանգության բացման պահից Սոնյա Հովասաֆյանին է պատկանում՝ անկախ այդ բաժնեմասի նկատմամբ վերջինիս անվամբ կատարված իրավունքի պետական գրանցման փաստից: Հետևաբար կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ գլխի կանոնները, ինչը նշանակում է, որ անկախ իրավունքի պետական գրանցման փաստից, եթե առկա է ժառանգական զանգվածի կոնկրետ բաժնեմաս, որը պատկանում է կոնկրետ ժառանգի, ապա ինչպես այդ ժառանգի, այնպես էլ մյուս ժառանգների իրավունքները, այդ թվում՝ ժառանգական գույքը բաժանելու իրավունքը, երաշխավորված է օրենքով և կարող է իրացվել նույն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով:

Վերաքննիչ դատարանը դատական ակտը մասնակիորեն բեկանելով և փոփոխելով, այն է՝ ժառանգությունն ընդունելու հիմքով Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ճանաչելով, արձանագրել է, որ ժառանգության մի մասի ընդունման փաստի հիմքով Բնակարանի 2/15 բաժնեմասը ժառանգության բացման պահից պատկանում է Սոնյա Հովասաֆյանին՝ անկախ այդ բաժնեմասի նկատմամբ վերջինիս անվամբ կատարված իրավունքի պետական գրանցման փաստից:

  Միաժամանակ Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ սույն գործով բաժնային սեփականություն հանդիսացող վեճի առարկա Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ պատասխանողի սեփականության իրավունքը գրանցված չէ, ինչը խոչընդոտ է մյուս մասնակիցների կողմից բաժնային սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավազորությունների իրացման համար: Արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ սկզբնական հայցը` վեճի առարկա Բնակարանի 2/15 բաժնեմասի նկատմամբ պատասխանող Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով, ենթակա է բավարարման:

Մինչդեռ վերոգրյալ դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորները դատարան են ներկայացրել ոչ թե իրենց, այլ պատասխանող Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքի ճանաչման պահանջ, որպիսի պահանջը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի ուժով պատկանում է միայն գույքի ենթադրյալ սեփականատիրոջը: Այսինքն, սույն գործով հայցվորներ Կարինե Հովասաֆյանը, Էվելինա և Ռաֆայել Ներսիսյանները տվյալ պահանջի մասով չունեն իրավական շահագրգռվածություն, հետևաբար նաև պատշաճ հայցվորներ չեն:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասով հայցը ենթակա էր մերժման, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածը, 11-րդ հոդվածի  1-ին կետը, սխալ եզրահանգման է եկել նշված պահանջի հիմնավորվածության վերաբերյալ։

Բացի այդ,  Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգատուի մահից հետո վեցամսյա ժամկետում Սոնյա Հովասաֆյանը 19.10.2010 թվականին Արաբկիրի նոտար Կարինե Ադամյանի մոտ գրավոր հայտարարություն է տվել, որ ընդունում է իր հոր՝ Հովսեփ Ավագի Հովասափյանի մահից հետո մնացած ըստ կտակի ժառանգությունը: Այսինքն` Սոնյա Հովասաֆյանը հանդիսացել է Հովսեփ Հովասափյանի ժառանգությունն ընդունած ժառանգը, նրա սեփականության իրավունքը վիճելի հասցեի անշարժ գույքի նկատմամբ ծագել է 1910.2010 թվականից` նոտարական գրասենյակ ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում ներկայացնելու եղանակով ընդունելով ժառանգությունը: Հետևաբար անկախ իրավունքի պետական գրանցման փաստից, եթե առկա է ժառանգական զանգվածի կոնկրետ բաժնեմաս, որը պատկանում է կոնկրետ ժառանգի, ապա ինչպես այդ ժառանգի, այնպես էլ մյուս ժառանգների իրավունքները, այդ թվում՝ ժառանգական գույքը բաժանելու իրավունքը, կարող է իրացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով:

2. Վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով`(…) 8) գույքն օտարվում է` նույն օրենսգրքի 197 հոդվածի  4-րդ կետով, 208 և 220 հոդվածներով նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:

Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:

Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն՝ մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կարգավորումներին, նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջելու ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել իր բաժինը միայն այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակիցների միջև բացակայում է ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնություն: Միաժամանակ այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ այդպիսի առանձնացումն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարել իր բաժնի արժեքը միայն նրանց համաձայնությամբ, քանի որ այդպիսի համաձայնության բացակայությունը կհանգեցնի կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության սկզբունքի խախտման, հետևաբար նաև անձի սեփականության իրավունքի խախտման: Վերոգրյալ համաձայնության պարտադիր լինելը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն՝ մյուս սեփականատերերը նրան փոխհատուցում վճարելու իրավունք ունեն նույնպես միայն նրա համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի (տե՛ս Դավիթ Ասատրյանն ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ սեփականատիրոջ բաժնի չափի աննշան լինելը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն ոչ միայն այդ բաժնի և ընդհանուր գույքի մակերեսների չափերի հարաբերակցությունը, այլև այն հանգամանքը, թե արդյոք տվյալ բաժնեմասը հնարավոր է օգտագործել ինքնուրույն՝ իր նպատակային նշանակությանը համապատասխան: Ինքնին բաժնեմասի հարաբերականորեն փոքր լինելը չպետք է մեկնաբանվի որպես աննշան քննարկվող հոդվածի իմաստով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ բաժնի առանձնացման պայմանի  ստուգման համար դատարանները պետք է նշանակեն փորձաքննություն այն հաշվով, որպեսզի ստանան մասնագիտական եզրակացություն՝ վիճելի գույքն իրապես առանձնացնելու հնարավորությունը պարզելու համար:

Անդրադառնալով վերջին պայմանի մեկնաբանությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է  համարել նշել, որ Մուրադ Խաչատրյանն ընդդեմ Դոնարա Խաչատրյանի թիվ  3-249/ՎԴ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշմամբ  ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ընդհանուր գույքի օգտագործման մեջ սեփականատիրոջ էական շահի առկայության կամ բացակայության հարցին անդրադառնալիս դատարանը պետք է հաշվի առնի սեփականատիրոջ շահագրգռվածության համաչափությունը բաժնային սեփականության իրավահարաբերություններում մյուս սեփականատերերին պատճառված անհարմարություններին, սեփականության իրավունքով համանման այլ ունեցվածք ունենալը (այդպիսին կարող է լինել փաստացի բնակվելու համար պիտանի այլ բնակտարածության առկայությունը), այդ բաժնի նկատմամբ սեփականատիրոջ շահագրգռվածության առկայությունը և այլն։

Ընդհանրացնելով նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարաններն ընդհանուր գույքի օգտագործման մեջ էական շահ ունենալը պարզելիս պետք է հաշվի առնեն անձի գույքային շահը տվյալ տարածքի նկատմամբ: Էական շահ չունենալը չի կարող պայմանավորված լինել բաժնեմասի չափի աննշան լինելու հետ, այլ դրանք պետք է գնահատվեն ինքնուրույն:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նմանատիպ գործերի քննության ընթացքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ պայմաններին դատարանները պետք է անդրադառնան առանձին-առանձին: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում հիշյալ իրավադրույթը կիրառման ենթակա չէ (տե՛ս, Նելլի Հարությունյանն ընդդեմ Աղաջան Ավագյանի թիվ ԵԷԴ/1661/02/09 քաղաքացիական գործով 04.10.2013 թվականի որոշումը):

  Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Դատարանը, անդրադառնալով ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու հարցին, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ պարբերության 2-րդ նախադասությունը չի կարող մեկնաբանվել և կիրառվել այնպես, որ գրեթե հավասար բաժին ունեցող համասեփականատերերից մեկը մյուս համասեփականատերերի կամքի մեխանիկական համադրմամբ հնարավորություն ունենա իր բաժնին գրեթե հավասար բաժին ունեցող մյուս համասեփականատիրոջ բաժինը մեխանիկորեն դարձնել աննշան և մյուս սեփականատերերի միջոցների հաշվին փոխհատուցում վճարելու միջոցով ավելացնել իր բաժնի չափն իրենցից յուրաքանչյուրի բաժնեմասին գրեթե հավասար բաժին ունեցող համասեփականատիրոջ բաժնի չափով:

Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ անկախ այն փաստից, որ բաժնեմասերի հարաբերակցությունը և աննշան լինելու փաստը պարզելու նպատակով բաժնեմասերի չափերի համեմատությունը պետք է կատարվի յուրաքանչյուր սեփականատիրոջ բաժնեմասի հետ առանձին-առանձին համեմատելու միջոցով, այնուամենայնիվ, անգամ 3/4 և 1/4 բաժնեմասերի հարաբերակցության պայմաններում 1/4 բաժնեմասը չի կարող համարվել աննշան, դա բավականին մեծ բաժնեմաս է, որը կազմում է ընդհանուրի զգալի մասը: Արդյունքում Դատարանը եզրահանգել է, որ սույն գործով սկզբնական հայցով հայցվորների և պատասխանողի բաժիններից յուրաքանչյուրի չափը մյուսի համեմատ առավելություն չունենալու պայմաններում առկա չեն հիմքեր Սոնյա Հովասաֆյանի բաժինը որպես աննշան դիտելու համար:

Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ գործի դատաքննությամբ հիմնավորվել է, որ կողմերը մշտական բնակվում են արտերկրում, և Բնակարանում կողմերից ոչ մեկի չբնակվելու փաստն ինքնին վկայում է, որ այս առումով Բնակարանի օգտագործման էական շահի առումով կողմերը գտնվում են սեփականության իրավունքի պաշտպանության միևնույն հարթության վրա, և միայն բանալիները սկզբնական հայցով հայցվորների մոտ լինելը, դեռևս հիմք չէ փաստելու, որ նրանք փաստացի օգտագործում են Բնակարանը և Բնակարանի հետ կապված ունեն էական շահ:

Դատարանը փաստել է, որ Սոնյա Հովասաֆյանն ունի էական շահագրգռվածություն և շահ Բնակարանի իր բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի պահպանման հարցում, քանի որ դա նրա հոր կողմից թողնված միակ ժառանգությունն է: Նույնը վերաբերում է նաև սկզբնական հայցով հայցվորներին, սակայն այն տարբերությամբ, որ Սոնյա Հովասաֆյանի ժառանգությունն ըստ կտակի է, ինչն ակնհայտորեն վկայում է ծնողի կամքի և ծնողի կամքով իրեն փոխանցված ժառանգությունը պահպանելու առավել մեծ շահագրգռվածության մասին:

  Վերաքննիչ դատարանը, Դատարանի դատական ակտն այդ մասով բեկանելով և փոփոխելով, այն է՝ բավարարելով Բնակարանի` Սոնյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջը, արձանագրել է, որ Կարինե Հովասաֆյանը, Էվելինա Ներսիսյանը, Ռաֆայել Ներսիսյանը համահայցվորներ են, նույն ընտանիքի անդամներ են, նրանց միջև առկա է բաժնային սեփականություն հանդիսացող գույքն օգտագործելու և տիրապետելու վերաբերյալ համաձայնություն, ավելին, նրանց միջև առկա է նաև համաձայնություն՝ բաժնային սեփականության մյուս մասնակցին՝ պատասխանող Սոնյա Հովասաֆյանին փոխհատուցում վճարելու միջոցով վերջինիս սեփականության իրավունքն իր բաժնեմասի նկատմամբ դադարեցնելու վերաբերյալ: Հետևաբար, Դատարանի հետևությունն առ այն, որ «սկզբնական հայցով հայցվորների բաժինը պետք է դիտարկել ոչ թե նրանց բոլորին պատկանող ընդհանուր գույքի 3/4 բաժնեմասի չափով, ինչպես նշվել է հայցադիմումում, այլ՝ յուրաքանչյուրին պատկանող բաժնեմասի չափով», Վերաքննիչ դատարանը գնահատել է անհիմն:

  Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում ընդհանուր գույքում համահայցվորների բաժնեմասերի հանրագումարը կազմում է 3/4 (7/20 + 1/5 + 1/5 = 15/20 = 3/4), իսկ պատասխանող Սոնյա Հովասաֆյանի բաժնեմասը կազմում է 1/4, ուստի հայցվորների բաժնեմասերի և պատասխանողի բաժնեմասի համեմատությունն անհրաժեշտ է իրականացնել՝ ելնելով հայցվորների բաժնեմասերի հանրագումարից (3/4), ինչն էապես գերազանցում է պատասխանողի բաժնեմասը (1/4):

  Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ սույն գործով հաստատվել է պատասխանողի բաժնեմասի իրապես՝ բնեղենով առանձնացվելու անհնարինությունը, բացի այդ, Դատարանը հաստատված է համարել (անվիճելի փաստեր), որ պատասխանողը չի բնակվում վեճի առարկա բնակարանում, սեփականության իրավունքով  ՀՀ-ում ունի այլ գույքեր, իսկ Բնակարանի բանալիները գտնվում են հայցվորների մոտ: Հետևաբար ընդհանուր գույքի օգտագործման մեջ Սոնյա Հովասաֆյանի՝ էական շահի առկայության վերաբերյալ Դատարանի եզրահանգումը նույնպես Վերաքննիչ դատարանը գնահատել է ոչ իրավաչափ և սույն գործի փաստական հանգամանքներից չբխող:

  Արդյունքում, Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ վճիռը` Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը Բնակարանի` նրան պատկանող 1/4 բաժնի նկատմամբ փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջը մերժելու մասով, նույնպես ենթակա է բեկանման և փոփոխման:

Վերոհիշյալ դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

 Սույն գործով հաստատվել է, որ կողմերը վիճելի բնակարանի բաժնային սեփականատերերն են՝ յուրաքանչյուրը 1/4 բաժնեմասով, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նրանց բաժնեմասերն ընդանուր բաժանային սեփականությունում հավասար են:

Բացի այդ, սույն գործով հաստատվել է և կողմերը չեն վիճարկել փաստն այն մասին, որ վեճի առարկա բնակարանից որևէ բաժնեմաս տեխնիկապես հնարավոր չէ բնեղենով առանձնացնել և ընդհանուր բաժնային սեփականատերերի միջև միմյանց փոխհատուցում վճարելու և բաժնեմասերը դադարեցնելու վերաբերյալ համաձայնություն առկա չէ:

Անդրադառնալով Սոնյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի բավարարման համար անհրաժեշտ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված մյուս պայմանի՝ բաժնի աննշան լինելուն, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ բաժնային սեփականատիրոջ բաժնի աննշան լինելը գնահատելիս պետք է հաշվի առնել փոխհատուցմամբ դադարեցման ենթակա սեփականատիրոջ իրական բաժնի չափը, այդ չափի հարաբերակցությունը բաժնային մյուս սեփականատերերի իրական բաժինների չափի հետ, ինչպես նաև այդ բաժնին համապատասխան գույքի մասն առանձնացնելու և այդ բաժնեմասն ինքնուրույն օգտագործելու հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է սահմանադրորեն երաշխավորված յուրաքանչյուր անձի սեփականության իրավունքի պաշտպանությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բաժնային սեփականատերը փոխհատուցումն ստանալու պահից կորցնում է ընդհանուր գույքում իր բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը: Այսինքն, տվյալ դեպքում ընդհանուր սեփականության մասնակցի սեփականության իրավունքը դադարեցվում է օրենքի ուժով՝ դատարանի կողմից, ուստի և բաժնի աննշան լինելու փաստի առկայությունը կամ բացակայությունը յուրաքանչյուր գործով պետք է գնահատվի առանձին՝ հիմք ընդունելով տվյալ փաստի հաստատման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները:

Սույն գործով ի սկզբանե ներկայացված հայցապահանջով հայցվորները պահանջել են Բնակարանի` Սոնյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասի նկատմամբ փոխհատուցմամբ դադարեցնել վերջինիս սեփականության իրավունքը, ընդ որում` առանց վերջինիս համաձայնության` պատճառաբանելով, որ Սոնյա Հովասաֆյանի բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի:

Ինչպես նշվեց վերը, վեճի առարկա անշարժ գույքում հայցվորներից յուրաքանչյուրի բաժնեմասն ընդհանուր բաժնային սեփականությունում կազմում է 1/4 բաժնեմասը, որը հավասար է պատասխանող՝ Սոնյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասին: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաժնային սեփականատերերի բաժնեմասերի հավասարության պայմաններում, որևէ բաժնային սեփականատիրոջ բաժինը չի կարող դիտարկվել աննշան:

Ինչ վերաբերում է հայցվորների բաժինների հանրագումարին՝ 3/4, ինչ ավելի մեծ է քան պատասխանողի 1/4 բաժնեմասը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն բաժինների մեխանիկական համադրումը ինքնըստինքյան չի կարող աննշան դարձնել ի սկզբանե հավասար բաժնեմաս ունեցող սեփականատիրոջ բաժնեմասը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի հիմնավորվել պատասխանող Սոնյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասի աննշան լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառման համար անհրաժեշտ մյուս պայմանին, այն է՝ Սոնյա Հովասաֆյանի ընդհանուր գույքում էական շահ ունենալու փաստի առկայությանը կամ բացակայությանը:

  Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորների կողմից ներկայացված` Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջը ենթակա է մերժման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

  Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

  Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 19.07.2019 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատարանի 15.02.2019 թվականի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»։

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս, Ս. Միքայելյանս և Ա. Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման՝ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության նաև այն դեպքում, երբ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ Մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ու նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի իմաստով՝ նյութական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ և 11-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար համարելով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վերաքննիչ դատարանի 19.07.2019 թվականի որոշումը մասնակիորեն բեկանել է և համապատասխան մասերով օրինական ուժ է տվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.02.2019 թվականի վճռին` նույն որոշման պատճառաբանություններով:

Դրանից ելնելով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ նախ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ և 11-րդ հոդվածների խախտում վերագրելու համար։

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ և 11-րդ հոդվածների խախտում է վերագրել, ըստ էության, այն շարժառիթներով, որ՝

1) «վեճի առարկա անշարժ գույքում հայցվորներից յուրաքանչյուրի բաժնեմասն ընդհանուր բաժնային սեփականությունում կազմում է 1/4 բաժնեմասը, որը հավասար է պատասխանող՝ Սոնյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասին: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաժնային սեփականատերերի բաժնեմասերի հավասարության պայմաններում, որևէ բաժնային սեփականատիրոջ բաժինը չի կարող դիտարկվել աննշան».

2) «Ինչ վերաբերում է հայցվորների բաժինների հանրագումարին՝ 3/4, ինչ ավելի մեծ է, քան պատասխանողի 1/4 բաժնեմասը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն բաժինների մեխանիկական համադրումը ինքնըստինքյան չի կարող աննշան դարձնել ի սկզբանե հավասար բաժնեմաս ունեցող սեփականատիրոջ բաժնեմասը»:

Արդյունքում Վճռաբեկ դատարանը գտել է, որ «սույն գործով չի հիմնավորվել պատասխանող Սոնյա Հովասաֆյանին պատկանող 1/4 բաժնեմասի աննշան լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառման համար անհրաժեշտ մյուս պայմանին, այն է՝ Սոնյա Հովասաֆյանի ընդհանուր գույքում էական շահ ունենալու փաստի առկայությանը կամ բացակայությանը: Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորների կողմից ներկայացված` Սոնյա Հովասաֆյանի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջը ենթակա է մերժման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»:

Կարծում ենք, որ նշված շարժառիթները չեն կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ և 11-րդ հոդվածների խախտում թույլ տալը վերագրելու համար հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

Քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

Քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար:

Ապրանքները, ծառայությունները և ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տեղաշարժվում են ազատորեն:

Ապրանքների և ծառայությունների տեղաշարժման սահմանափակումներ կարող են մտցվել օրենքին համապատասխան, եթե դրանք անհրաժեշտ են մարդկանց անվտանգության ապահովման, կյանքի և առողջության պաշտպանության, բնության ու մշակութային արժեքների պահպանության համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

Քաղաքացիների և իրավաբանական անձանց հրաժարվելն իրենց իրավունքներն իրականացնելուց չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Վերը նշված նորմերի՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածում նշված պահանջների պահպանմամբ մեկնաբանությունից բխում է, որ դրանցից առաջինը վերաբերում է քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին, իսկ երկրորդը՝ քաղաքացիական իրավունքների իրականացմանը:

Մեր գնահատմամբ վերը նշված երկու շարժառիթներից և որևէ մեկը չի առնչվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական օրենսդրության սկզբունքների կամ նույն օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքների իրականացման եղանակների հետ. նման վերլուծություն բովանդակային առումով չի կատարել նաև Վճռաբեկ դատարանը: Տվյալ գնահատականը պայմանավորված է նրանով, որ այդ շարժառիթները, ըստ էության, բացառապես նրա վերաբերյալ են, որ պատասխանողին պատկանող բաժինն ընդհանուր գույքում հավասար է եղել համահայցվորներին պատկանող բաժնին՝ յուրաքանչյուրինը կազմել է 1/4 բաժին, որի պայմաններում թեկուզև ընդհանուր սեփականության մասնակիցներից երեքը, գալով համաձայնության, մյուս մասնակցի դեմ ներկայացրել են սույն գործով հայցապահանջը, այնուամենայնիվ պատասխանողի բաժինը չի կարող համարվել աննշան:

Այսինքն՝ չնայած Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ և 11-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, այդուհանդերձ իր որոշման մեջ չի նշել Վերաքննիչ դատարանի դատական ակտը նշված հիմքով բեկանելու շարժառիթները, այսինքն՝ այն շարժառիթները, որոնք անմիջականորեն վերաբերում են Վերաքննիչ դատարանի կողմից իբրև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ և 11-րդ հոդվածները խախտելուն։

Բովանդակային առումով գնահատելով Վճռաբեկ դատարանի վերը նշված շարժառիթները՝ գտնում ենք, որ դրանք կարող են վերաբերելի լինել վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝ պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հետ, նշված հիմքով վարույթ ընդունելու հետ:

Ըստ էության, Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի  4-րդ կետը զարգացրել է այն ուղղությամբ, որ գույքն ընդհանուր սեփականության իրավունքով երկուսից ավելի անձանց պատկանելու դեպքում երկու և ավելի անձանց կողմից ընդդեմ ընդհանուր սեփականության մյուս մասնակցի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով նախատեսված հայցապահանջը ներկայացնելու դեպքում այդ մասնակցի բաժինը չի կարող համարվել աննշան, եթե նշված հայցապահանջը ներկայացրած մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը հավասար է պատասխանող մասնակցի բաժնի չափին:

Կարծում ենք, որ վերը նշված դիրքորոշումը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  197-րդ հոդվածի 4-րդ կետի բովանդակությունից, քանի որ օրենսդիրը, բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրելով նշված կետով նախատեսված դեպքերում փոխհատուցում վճարել այն մասնակցին, ով համաձայն չէ ստանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածում նշված փոխհատուցումը, բաժնային սեփականության մյուս մասնակիցների՝ նշված իրավունքի իրագործումը բաժնի չափի առումով բացառապես պայմանավորել է այդ փոխհատուցումն ստացող մասնակցի բաժինն աննշան լինելու հանգամանքով՝ առանց սահմանափակելու ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից համատեղ նման պահանջ ներկայացնելու իրավունքն այն դեպքում, երբ թեկուզև համահայցվորներ ընդհանուր սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրի բաժնի չափն առանձին վերցրած հավասար է պատասխանող ընդհանուր սեփականության մասնակցի բաժնի չափին, սակայն նրանք որոշել են համատեղ՝ որպես համահայցվորներ, ընդհանուր գույքի մյուս մասնակցի դեմ ներկայացնել վերը նշված հայցապահանջը, և ընդհանուր գույքի մասնակիցների կողմից այդ պահանջի շուրջ միավորվելու արդյունքում պատասխանող մասնակցի բաժինն այլևս դարձել է աննշան:

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան