Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1640
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 22.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.03.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2022

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

18 մարտի 2022 թ.

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

ՀՀ կառավարության ներկայացուցիչ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Ա. Ղազարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2021 թվականի հունիսի 15-ին Վիլնյուսում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր՝ 2022 թվականի հունվարի 20-ի N 54-Ա որոշմամբ հավանություն է տվել «2021 թվականի հունիսի 15-ին Վիլնյուսում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2022 թվականի հունվարի 24-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով վերոնշյալ արձանագրությունը, սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. 2021 թվականի հունիսի 15-ին Վիլնյուսում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) նպատակ ունի ապահովել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկումը:

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում, այնուհետև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է Ազգային ժողովի 2013 թվականի նոյեմբերի 11-ի ԱԺՈ-091-Ն որոշմամբ (ՍԴՈ-1113)։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից:

 

2. Քննության առարկա Արձանագրությունը բաղկացած է նախաբանից, 14 հոդվածներից և երկու հավելվածից: Հավելված I-ը վերաբերում է Փոխադրման ձևաթղթին, որը կազմում և հղում է Հայցող կողմը: Հավելված II-ը պարունակում է Հայաստանի Հանրապետության ոչ աշխատանքային ազգային տոները և հիշատակի օրերը՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև Լիտվայի Հանրապետության ազգային տոները՝ Լիտվայի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն:

Համաձայն Արձանագրության 14-րդ հոդվածի 1-ին կետի՝ այն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ «Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնում են Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտի մասին: Պայմանավորվող կողմը վերջին ծանուցումը ստանալուց հետո այդ մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում է Համաձայնագրի 19-րդ հոդվածում նշված հետընդունման հարցերով համատեղ կոմիտեին: Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի ստանալու օրվան հաջորդող ամսվա առաջին օրը»:

Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցնում է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լիտվայի Հանրապետության Կառավարության միջև առանց թույլտվության ապրող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2003 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված համաձայնագիրը (հոդված 14, կետ 5):

 

3. Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Արձանագրությամբ ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝

1) ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինները դիվանագիտական ուղիներով լիտվական կողմի իրավասու մարմիններին անմիջապես տեղեկացնեն իրավասու մարմինների ցանկում կատարված ցանկացած փոփոխության կամ վերոնշյալ մարմինների հետ կապ պահպանելու համար անհրաժեշտ տեղեկությունների փոփոխության մասին, ինչպես նաև Արձանագրությամբ նախատեսված սահմանային անցակետի ցանկացած փոփոխության մասին (հոդված 1, կետ 2, հոդված 2, կետեր 1, 2),

2) ապահովել, որ հետընդունման և տարանցման դիմումները, պատասխանները և այլ կից հաղորդագրություններն ուղարկվեն Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ ՌՀԿԷՀ) միջոցով (հոդված 3, կետեր 1 և 2),

3) ապահովել, որ Համաձայնագրին որպես 5-րդ հավելված կցված հետընդունման դիմումի ստանդարտ ձևը (այսուհետ՝ հետընդունման դիմում) լրացվի Համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն և ուղարկվի հայցվող լիտվական կողմի իրավասու մարմնին ՌՀԿԷՀ-ի միջոցով կամ անհրաժեշտության դեպքում, էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներով՝ Արձանագրության 4-րդ հոդվածի (2) կետում նշված լրացուցիչ փաստաթղթերի հետ միասին, ինչպես նաև ապահովել, որ հետընդունման դիմումի մեջ, Արձանագրության 4 (1) հոդվածին համապատասխան, հետընդունման ենթակա անձի հետ հարցազրույց անցկացնելու անհրաժեշտության մասին նշվելու դեպքում այն միաժամանակ ուղարկվի Հայցվող լիտվական կողմի դիվանագիտական ներկայացուցչություն (հոդված 4, կետ 1),

4) ապահովել, որ հետընդունման դիմումից բացի՝ եթե հնարավոր է, յուրաքանչյուր դեպքում հայցող ՀՀ իրավասու մարմինը հայցվող լիտվական կողմի իրավասու մարմնին ներկայացնի Համաձայնագրի 1-4-րդ հավելվածներում նշված փաստաթղթերը, «Մատնահետքերի եվրոպական ստանդարտի» լրացված ստանդարտ ձևը՝ այն անձի մատնահետքերով և լուսանկարով (ոչ լուսապատճենված կամ այլ կերպ պատճենված լուսանկարը), որին վերաբերում է հետընդունման դիմումը, և եթե ենթակա են ներկայացման Համաձայնագրի 2-4-րդ հավելվածներով նախատեսված ապացույցներ, ապա դրանք լինեն հստակ և ճշգրիտ՝ դրանց ստուգումը հնարավոր դարձնելու համար, ինչը կհանգեցնի սահմանելուն, թե արդյոք առկա՞ է հայցվող լիտվական կողմի հետընդունման պարտավորություն (հոդված 4, կետ 2),

5) եթե հայցող լիտվական կողմի իրավասու մարմինը, հետընդունման դիմումից բացի, չի կարող ներկայացնել Համաձայնագրի 1-2-րդ հավելվածներում նշված որևէ փաստաթուղթ, կամ եթե ներկայացված փաստաթղթերը բավարար չեն, և եթե հետընդունման ենթակա անձի հետ հարցազրույցի անհրաժեշտությունը նշված է հետընդունման դիմումի մեջ, ապա որպես հայցվող կողմ` ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը, որն ուսումնասիրում է հետընդունման դիմումը, կազմակերպի հետընդունման ենթակա անձի հարցազրույցը՝ համաձայն Արձանագրության 5-րդ հոդվածում նախատեսված ընթացակարգի (հոդված 5, կետ 1),

6) ապահովել, որ հետընդունման ենթակա անձի հետ հարցազրույցը Հայաստանի Հանրապետության անունից Լիտվայի Հանրապետությունում անցկացվի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնյաների կողմից (հոդված 5, կետ 2),

7) ապահովել, որ hետընդունման ենթակա անձի հետ հարցազրույցը կազմակերպվի հարցազրույց անցկացնելու խնդրանք պարունակող հետընդունման դիմումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, իսկ որպես հայցող կողմ հանդես գալու պարագայում ապահովել հետընդունման ենթակա անձի տեղափոխումը հայցվող լիտվական կողմի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ինչպես նաև ապահովել, որ հետընդունման դիմումի պատասխանը, որը ներառում է հետընդունման ենթակա անձի հետ հարցազրույցի արդյունքները, ներկայացվի հայցող լիտվական կողմի իրավասու մարմնին հնարավորինս արագ, բայց ոչ ուշ, քան Համաձայնագրի 11(2) հոդվածով նախատեսված ժամկետում (հոդված 5, կետ 3),

8) հայցվող Լիտվայի Հանրապետության կողմից հետընդունման դիմումը հաստատվելուց հետո, որպես հայցող կողմ՝ գրավոր ծանուցում ուղարկել հայցվող լիտվական կողմին, որը ներառում է հետընդունման ենթակա անձի մասին մանրամասներ և տեղեկություններ տվյալ անձի փոխադրման վերաբերյալ` ծանուցմանը կցելով հետընդունման ենթակա անձին ընդունելու վերաբերյալ հայցվող լիտվական կողմի համաձայնության պատճենը (հոդված 6, կետ 1),

9) ապահովել, որ Արձանագրության 6-րդ հոդվածի (1) կետում նշված ծանուցումը ներկայացվի Արձանագրությանը որպես 1-ին հավելված կցված փոխադրման ձևը (այսուհետ՝ փոխադրման ձև) լրացնելու միջոցով և փոխադրման ձևն ուղարկվի հայցվող լիտվական կողմի իրավասու մարմնին ՌՀԿԷՀ-ի միջոցով կամ, անհրաժեշտության դեպքում, էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներով՝ ոչ ուշ, քան հետընդունման ենթակա անձի փոխադրման օրվանից 3 (երեք) աշխատանքային օր առաջ (հոդված 6, կետ 2),

10) ապահովել, որ հետընդունման ենթակա անձի փոխադրման ամսաթիվը (այսուհետ՝ փոխադրման ամսաթիվ) հայցող հայկական կողմի կողմից իրավական կամ գործնական խոչընդոտների պատճառով հետաձգվելու դեպքում ՀՀ իրավասու մարմինը հետաձգման մասին անմիջապես տեղեկացնի հայցվող լիտվական կողմի իրավասու մարմնին, որին ներկայացված է հետընդունման դիմումը, և վերոնշյալ հետաձգման դեպքում ապահովել, որ հայցող հայկական կողմի իրավասու մարմինը թարմացնի փոխադրման ձևը՝ Արձանագրության 6-րդ հոդվածի (2) կետի դրույթներին համապատասխան (հոդված 6, կետեր 3 և 4),

11) ապահովել, որ հայցվող հայկական կողմի իրավական կամ գործնական խոչընդոտների պատճառով փոխադրման ամսաթվի հետաձգման դեպքում ՀՀ իրավասու մարմինը հետաձգման մասին անմիջապես տեղեկացնի հայցող լիտվական կողմի իրավասու մարմնին և առաջարկի փոխադրման նոր ամսաթիվ (հոդված 6, կետ 5),

12) ապահովել, որ ի լրումն Համաձայնագրի 15 (1) հոդվածի դրույթների՝ անհրաժեշտության դեպքում տարանցման դիմումը ներառի տեղեկություններ տարանցման ենթակա անձի հիվանդությամբ կամ տարիքով պայմանավորված՝ բժշկական կամ տարեց անձի խնամքի հատուկ կարիքների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ տարանցման ենթակա անձի և (կամ) նրան ուղեկցող անձնակազմի անվտանգության ապահովման կամ պաշտպանության միջոցների հնարավոր անհրաժեշտության վերաբերյալ. վերոհիշյալ տեղեկությունները լրացվում են Համաձայնագրի 6-րդ հավելվածում ներկայացված տարանցման միասնական դիմումի ձևի (այսուհետ՝ տարանցման դիմումի ձև) «Գ» (նկատառումներ) բաժնում (հոդված 7, կետեր 1 և 2),

13) ապահովել, որ Համաձայնագրի 14-րդ և 15-րդ հոդվածների համաձայն՝ տարանցման դիմումը ուղարկվի hայցվող լիտվական կողմի իրավասու մարմնին ՌՀԿԷՀ-ի միջոցով կամ, անհրաժեշտության դեպքում, էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներով՝ ոչ ուշ, քան նախատեսված տարանցումից 15 (տասնհինգ) օր առաջ (հոդված 7, կետ 3, ենթակետ 1),

14) Համաձայնագրի 14-րդ և 15-րդ հոդվածների համաձայն՝ որպես հայցվող կողմ ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը պատասխանի տարանցման դիմումին ՌՀԿԷՀ-ի միջոցով կամ, անհրաժեշտության դեպքում, էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներով Համաձայնագրի 15(2) հոդվածում նշված ժամկետում, ինչպես նաև նշի, թե արդյո՞ք համաձայն է տարանցմանը, ամսաթվին, հայցվող հայկական կողմի՝ նշանակված պետական սահմանային անցակետին, փոխադրման եղանակին և ուղեկցող խմբի անդամներին (հոդված 7, կետ 3, ենթակետ 2),

15) Համաձայնագրի 14-րդ և 15-րդ հոդվածների համաձայն` որպես հայցող կողմ հանդես գալու պարագայում, հայցվող լիտվական կողմի օժանդակությունը անհրաժեշտ քայլ համարելու դեպքում, ապահովել, որպեսզի դա նշված լինի տարանցման դիմումի ձևի մեջ և ՀՀ իրավասու մարմինն այնուհետև հաստատի, թե արդյո՞ք կարող է տրամադրել հայցող լիտվական կողմի կողմից հայցվող օժանդակությունը (հոդված 7, կետ 3, ենթակետ 3),

16) ապահովել, որ Համաձայնագրի 14-րդ և 15-րդ հոդվածների համաձայն՝ օդով ուղեկցմամբ փոխադրման դեպքում հայցվող ՀՀ իրավասու մարմինը հնարավորինս ապահովի անվտանգություն և տրամադրի օժանդակություն տարանցման ենթակա անձի օդանավ բարձրանալու հարցում, իսկ նման դեպքում որպես հայցող կողմ հանդես գալու պարագայում` ապահովել, որ հայկական կողմի ուղեկցող անձնակազմը նույնպես ներկա լինի (հոդված 7, կետ 3, ենթակետ 4),

17) որպես հայցող կողմ՝ առանց ձգձգման հետ ընդունել ՀՀ տարածք տարանցման ենթակա անձին, ինչպես նշված է Համաձայնագրի 14(4) հոդվածում, եթե տարանցման հաստատումը մերժվել է կամ չեղյալ է համարվել, ինչպես նշված է Համաձայնագրի 14(3) հոդվածում կամ տարանցման ենթակա անձն անօրինական կերպով է մուտք գործել հայցվող լիտվական կողմի տարածք, կամ տարանցման կամ հետընդունման հաստատումը մերժվել է տարանցման այլ երկրի կամ վերջնական նպատակակետ հանդիսացող երկրի կողմից, կամ տարանցումը չի կարող հաստատվել այլ հանգամանքների պատճառով (հոդված 7, կետ 4),

18) Համաձայնագրի 20(1)(բ) hոդվածի համաձայն` ընդունել Արձանագրության 8-րդ հոդվածով սահմանված ՀՀ տարածքով հետընդունման ենթակա անձի ուղեկցմամբ փոխադրման կամ տարանցման հետ կապված դրույթները (հոդված 8),

19) հետընդունման կամ տարանցման գործողությունների հետ կապված՝ հայցվող լիտվական կողմի կատարած ծախսերը, որոնք, Համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն, կրում է հայցող հայկական կողմը, որպես հայցող կողմ` փոխհատուցել եվրոյով, հաշիվ-ապրանքագիրը ստանալու ամսաթվից 30 օրվա ընթացքում (հոդված 9),

20) համաձայնել ձևավորել փորձագետների երկկողմ հանձնաժողով և ապահովել, որ Արձանագրության 1-ին հոդվածում նշված ՀՀ իրավասու մարմինը նշանակի հանձնաժողովի անդամներին և այդ մասին տեղեկացնի լիտվական կողմի իրավասու մարմիններին, իսկ Արձանագրության կիրարկման հետ կապված խորհրդակցությունները կազմակերպել ըստ անհրաժեշտության (հոդված 10):

 

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2021 թվականի հունիսի 15-ին Վիլնյուսում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

18 մարտի 2022 թվականի

ՍԴՈ-1640

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մարտի 2022 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1640 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «2021 թվականի հունիսի 15-ին Վիլնյուսում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2022 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-1640 որոշմամբ որոշել է, որ 2021 թվականի հունիսի 15-ին Վիլնյուսում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

 

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-1640 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։

 

Նախ՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1640 որոշմամբ 2021 թվականի հունիսի 15-ին Վիլնյուսում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալը հնարավոր և անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։

Վերոգրյալ իրավական նորմերից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։

Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը 1։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ՝ կարող են հանդես գալ Սահմանադրական դատարան դիմած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային եղանակով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում:

Վերը նշված իրավակարգավորումները թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Կարծում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և թե Սահմանադրական դատարանն էլեկտրոնային որ հարթակով է դիմումներ ընդունում. նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը։

Ավելին, Սահմանադրական դատարանի կայքում նշված է Սահմանադրական դատարանի էլեկտրոնային փոստի հասցեն, նշված են նաև Սահմանադրական դատարանի դատավորների էլեկտրոնային փոստի հասցեները։ Եթե կարելի է էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան, և վերջինս իրավասու է նման դիմումների հիման վրա գործեր քննել նաև Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտի բացակայության պայմաններում, ապա ինչպե՞ս է Սահմանադրական դատարան դիմող անձի համար պարզ լինելու, թե արդյոք նա կարող է դիմումը նաև ներկայացնել՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարանի կամ Սահմանադրական դատարանի դատավորի էլեկտրոնային փոստի հասցեով, և նման դիմումներն արդյոք Սահմանադրական դատարանը համարելու է գործի քննության առիթ։

Վերոգրյալը ևս վկայում է Սահմանադրական դատարան էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորության վերաբերյալ համապատասխան իրավական ակտի անհրաժեշտության մասին, որում նշված կլինի նաև էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող անձանց համար պետք է պարզ լինի նաև, թե ինչ միջոցների կիրառմամբ է Սահմանադրական դատարանում հաստատվում կամ հերքվում ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը, ինչը հնարավորություն կտա Սահմանադրական դատարան դիմող անձանց նախքան էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելը կանխատեսել, թե ինչ գնահատական է տրվելու դրանում առկա էլեկտրոնային ստորագրությանը։

Ավելին, կարծում եմ, որ անձանց համար պետք է գործնականում ապահովվեն Սահմանադրական դատարան դիմելու համանման պայմաններ, և պետք է բացառվի Սահմանադրական դատարան դիմող անձանց նկատմամբ անհավասար վերաբերմունքը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու եղանակների ընտրության հարցում։ Մասնավորապես՝ էլեկտրոնային եղանակով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու հնարավորության ապահովումը կոչված է խթանելու սահմանադրական արդարադատության փաստացի մատչելիությունը՝ խնայելով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու համար ծախսվող նյութական և ժամանակային ռեսուրսները։ Սահմանադրական դատարան դիմումների ներկայացման էլեկտրոնային հարթակի գործարկումը կարող է ապահովել դրանց ներկայացման առավել պարզ և արագ ընթացակարգ։ Հետևաբար Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց համար։

Ըստ այդմ, եթե Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացումը (որն անվերապահորեն ընդունելի է նաև իմ կողմից), ապա այդ հնարավորությունը պետք է հավասարապես վերագրելի լինի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց, այսինքն՝ կա՛մ Սահմանադրական դատարանում առկա չեն համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և որևէ անձ չի կարող դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով, կա՛մ նման տեխնիկական հնարավորություններ առկա են, և Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձինք կարող են դիմում ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտում նշված՝ էլեկտրոնային մեկ կամ մի քանի հարթակների միջոցով։

Տվյալ դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։ Միաժամանակ պարզվել է, որ Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումը ներկայացվել է «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով այն դեպքում, երբ առկա չէ Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության մասին Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտ, որում նշված կլինի նաև, որ Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումը։ Ընդ որում, այդ դեպքում էլեկտրոնային որևէ հարթակի միջոցով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվեր Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր, այդ թվում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։

Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին նշում, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։

Այսպես՝ էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով։

Նշված օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են այդ իրավական ակտում օգտագործվող, ի թիվս այլնի, հետևյալ հիմնական հասկացությունները.

Էլեկտրոնային փաստաթուղթ՝ տեղեկություն գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Էլեկտրոնային փաստաթուղթը ստեղծվում, մշակվում և պահպանվում է տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ.

էլեկտրոնային թվային ստորագրություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների և տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար.

էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրող անձ (այսուհետ՝ ստորագրող անձ)՝ ֆիզիկական անձ, որի (կամ այն անձի, որին նա ներկայացնում է) անունով տրամադրվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալներ (այսուհետ՝ ստուգման տվյալներ)՝ պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն օգտագործվում է յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հաստատելու համար.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցներ՝ ապարատային և/կամ ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը` օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները.

էլեկտրոնային թվային ստորագրության իսկություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար, իսկ նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր, եթե նրանք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծության արդյունքում կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։

 

_____________________________

1 Համանման իրավական կարգավորում է սահմանում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը։

 

ԴԱՏԱՎՈՐ՝

 Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

18 մարտի 2022 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 մարտի 2022 թվական: