Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.06.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.06.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՀՔՐԴ/0436/01/08

Քրեական գործ թիվ ՀՔՐԴ/0436/01/08

Նախագահող դատավոր՝  Մ. Արղամանյան

Դատավորներ՝

 Ա. Դանիելյան

 Մ. Ռեհանյան

 

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

մասնակցությամբ մեղադրող`

Մ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻ

 

2009 թվականի հունիսի 29-ին

Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ամբաստանյալ Լևոն Կարապետի Հովհաննիսյանի պաշտպաններ Ռ.Սիրեկանյանի, Գ.Հակոբյանի, ամբաստանյալ Վարդան Սուրիկի Հակոբյանի պաշտպան Ա.Ջուվանովայի և ամբաստանյալ Սամվել Վարդանի Գրիգորյանի պաշտպան Վ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի մարտի 23-ի որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2008 թվականի մայիսի 9-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 11108408 քրեական գործը` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շինություն ապօրինի մուտք գործելու եղանակով ավազակային հարձակում կատարելու և խոշոր չափերի գույք հափշտակելու փաստի առթիվ։

Նույն օրը Լ.Հովհաննիսյանը, Վ.Հակոբյանը և Ս.Գրիգորյանը ձերբակալվել են։

2008 թվականի մայիսի 12-ին Լ.Հովհաննիսյանը, Վ.Հակոբյանը և Ս.Գրիգորյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի մայիսի 12-ի որոշումներով Լ.Հովհաննիսյանի, Վ.Հակոբյանի և Ս.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

2008 թվականի հունիսի 12-ին Լ.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

2008 թվականի հունիսի 13-ին Ս.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 165-րդ հոդվածի 4-րդ մասով։

2008 թվականի օգոստոսի 26-ին Վ.Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 1-ին մասով։

2008 թվականի սեպտեմբերի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան (այսուհետ` Քրեական դատարան)։

2. Քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 16-ի դատավճռով Ս.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 165-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկման 9 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 165-րդ հոդվածի 4-րդ մասով` ազատազրկման 5 տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կարգով, պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ս.Գրիգորյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 10 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։

Լ.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ` դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։

Վ.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ, ազատազրկման 6 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 177-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 6 ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կարգով, պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Վ.Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 6 տարի 3 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման։

3. Պաշտպանի և մեղադրողի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2009 թվականի մարտի 23-ի որոշմամբ պաշտպանի և բողոքը մերժել է, իսկ մեղադրողի բողոքը՝ բավարարել. Լ.Հովհաննիսյանի և Վ.Հակոբյանի նկատմամբ նշանակված պատիժների մասով փոփոխելով Քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 16-ի դատավճիռը։

Լ.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 8 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։

Վ.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկման 8 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 177-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 6 ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կարգով, պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Վ.Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 8 տարի 3 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման։

Դատավճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ։

4. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 23-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Լ.Հովհաննիսյանի պաշտպաններ Ռ.Սիրեկանյանը, Գ.Հակոբյանը, ամբաստանյալ Վ.Հակոբյանի պաշտպան Ա.Ջուվանովան և ամբաստանյալ Ս.Գրիգորյանի պաշտպան Վ.Գրիգորյանը։

Վճռաբեկ դատարանը 2009 թվականի հունիսի 4-ի որոշմամբ պաշտպանների բողոքները վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ»)։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել։

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Ս.Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով Լ.Հովհաննիսյանի և անչափահաս` 1991 թվականի փետրվարի 7-ին ծնված Վ.Հակոբյանի հետ, վերջինիս խոստումներ տալու և շահագրգռելու միջոցով ներգրավելով առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ, 2008 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 2-ի սահմաններում, ավազակային հարձակում կատարելու նպատակով պարսպի վրայով մուտք են գործել Երևանի Արշակունյաց պողոտա 25/1 հասցեում տեղակայված «Վան» փակ բաժնետիրական ընկերության տարածք, որտեղ որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ են տվել ընկերության պահակ Մաքսիմ Խաչատրյանին, կպչուն ժապավենով կապել են նրա ձեռքերը, ոտքերն ու դեմքը, որից հետո տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են վարձակալական հիմունքներով այնտեղ գործող «Սերգեյ Հովհաննիսյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խանութի և պահեստի դռներն ու հափշտակել ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի` 7.802.775 ՀՀ դրամի տարբեր տեսակի կենցաղային և շինարարական ապրանքներ։ Ավազակային հարձակմամբ հափշտակված գույքը Լ.Հովհաննիսյանի հորը պատկանող «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենայով երկու անգամ ընկերության տարածքից հանել են և նույն գիշեր` ժամը 5-ի սահմաններում, հանձնել Երևան քաղաքի բնակիչ Վ.Ղազարյանին, որն իմանալով դրա՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու մասին, գնել է այն` հետագայում 8.000 ԱՄՆ դոլար վճարելու պայմանով։

Բացի այդ, Վ.Հակոբյանը, 2007 թվականի օգոստոսից մինչև 2008 թվականի ապրիլ ամսվա սկիզբն աշխատելով «Սերգեյ Հովհաննիսյան» ՍՊԸ-ում որպես բանվոր և աշխատանքային ժամերին գտնվելով խանութի պահեստի ներսում, զգալի չափերի գումար վաստակելու նպատակին ուղղված մեկ միասնական դիտավորությամբ, 2008 թվականի մարտ ամսվա կեսերից մինչև նույն ամսվա վերջերն ընկած ժամանակահատվածում, շարունակաբար, երեք անգամ, ընկերության պահեստից գաղտնի հափշտակել է տարբեր ապրանքներ` «Սերգեյ Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատճառելով զգալի չափերի` 386.500 ՀՀ դրամի վնաս։

6. ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններ Վ.Գրիգորյանը և Ռ.Սիրեկանյանը քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշումներով որպես պաշտպան ներգրավվել են նախաքննության ընթացքում (քրեական գործ հատոր 1-ին, գ/թ 93, 136), իսկ Ա.Ջուվանովան` Քրեական դատարանի դատական քննության ընթացքում (քրեական գործ հատոր 3-րդ, գ/թ 154)։

7. 2009 թվականի մարտի 2-ին Վերաքննիչ դատարանի կողմից Քրեական դատարանում ամբաստանյալների պաշտպանությունն իրականացրած հանրային պաշտպաններ Վ.Գրիգորյանին, Ա.Ջուվանովային և Ռ.Սիրեկանյանին ուղարկվել են ծանուցագրեր, որոնցով հայտնվել է, որ քրեական գործը քննության է առնվելու 2009 թվականի մարտի 5-ին` ժամը 14-ին (քրեական գործ հատոր 3-րդ, գ/թ 329, 331, 333)։ Դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ պաշտպաններին ուղարկված այլ ծանուցագրեր քրեական գործում առկա չեն։

8. ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի կողմից 2009 թվականի մարտի 4-ին պաշտպաններ Վ.Գրիգորյանին, Ռ.Սիրեկանյանին և Ա.Ջուվանովային տրվել են օրդերներ` Վերաքննիչ դատարանում գործի քննությանը մասնակցելու համար։

2009 թվականի մարտի 5-ին պաշտպան Ա.Ջուվանովայի կողմից Վերաքննիչ դատարանին է ներկայացվել դիմում, որտեղ վերջինս հայտնել է, որ նույն թվականի մարտի 6-ին` ժամը 14-ին, նշանակված դատական նիստին չի կարող ներկա գտնվել և խնդրել է այն հետաձգել։

9. Սույն գործով առաջին դատական նիստը Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 6-ին, որը հետաձգվել է պաշտպանների բացակայության պատճառով։ Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 16-ի դատական նիստն անց է կացվել պաշտպանների բացակայության պայմաններում, իսկ 2009 թվականի մարտի 23-ի դատական նիստի ժամանակ ամբաստանյալներ Ս.Գրիգորյանը, Լ.Հովհաննիսյանը և Վ.Հակոբյանն իրենց պաշտպանների բացակայության պայմաններում հրաժարվել են վերջիններից, ինչն ընդունվել է դատարանի կողմից։

 

3. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Ըստ պաշտպաններ Ռ.Սիրեկանյանի, Գ.Հակոբյանի և Ա.Ջուվանովայի` Քրեական դատարանը Լ.Հովհաննիսյանի և Վ.Հակոբյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, պատժի տեսակը և չափը որոշելիս, հաշվի է առել ամբաստանյալների կողմից կատարված հանցագործությունների` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրանց անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ վերջիններիս նկատմամբ նշանակել արդարացի պատիժ, իսկ Վերաքննիչ դատարանը, թույլ տալով նյութական իրավունքի նորմերի խախտումներ, պատիժները խստացման առումով փոփոխել է։

11. Պաշտպան Վ. Գրիգորյանն իր բողոքում նշել է, որ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել նյութական իրավունքի նորմերի խախտումներով, ճիշտ չի կիրառել քրեական օրենքը` իրավաբանորեն ճիշտ չի որակել Ս.Գրիգորյանին մեղսագրվող արարքը։

12. Ռ.Սիրեկանյանը, Ա.Ջուվանովան և Վ.Գրիգորյանն իրենց բողոքներում նշել են, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ, 72-րդ, 73-րդ և 360-րդ հոդվածների խախտումներ։ Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից 2009 թվականի փետրվարի 27-ին ծանուցագիր է ուղարկվել ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակ, որով հայտնվել է, որ նույն թվականի մարտի 5-ին` ժամը 14-ին, դատարանը քննելու է սույն գործը։ Նշված օրը ներկայանալով դատարան` իրենք պարզել են, որ ծանուցագրում դատական նիստի օրը սխալ է նշված` իրականում այն նշանակված է 2009 թվականի մարտի 6-ին։ Մեկ այլ գործով զբաղված լինելու պատճառով դիմում են ներկայացրել դատարան` խնդրելով հետաձգել դատական նիստը և նշանակել մեկ այլ օր։ Հիշատակված ծանուցագրից բացի սույն գործով այլ ծանուցագիր Հանրային պաշտպանի գրասենյակ մուտք չի եղել, դատական նիստերը մի քանի անգամ հետաձգվել են, իսկ 2009 թվականի մարտի 23-ի դատական նիստի ժամանակ ամբաստանյալները, նշանակված պաշտպանների բացակայության հանգամանքով պարտադրված, հրաժարվել են պաշտպաններից, ինչն ընդունվել է դատարանի կողմից։

Ըստ բողոք բերող անձանց, իրենք սույն գործով հանդիսացել են նշանակված պաշտպաններ, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա Վերաքննիչ դատարանը նշանակված պաշտպաններից ամբաստանյալների հրաժարվելն իրավունք ուներ ընդունել միայն իրենց ներկայությամբ։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասը, իրենց բացակայությամբ ընդունել է ամբաստանյալների հրաժարումը պաշտպաններից, պաշտպանների պարտադիր մասնակցության պայմաններում գործը քննել է իրենց բացակայությամբ՝ այդպիսով խախտելով իրենց պաշտպանյալների պաշտպանության իրավունքը, ինչը դատական ակտը բեկանելու հիմք է հանդիսանում։

13. Վերոգրյալի հիման վրա պաշտպաններ Ռ.Սիրեկանյանը, Գ.Հակոբյանը և Ա.Ջուվանովան խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 23-ի որոշումը և օրինական ուժ տալ Քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 16-ի դատավճռին։

14. Պաշտպան Վ.Գրիգորյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 23-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

15. Նախքան վճռաբեկ բողոքներում բարձրացված հարցերին անդրադառնալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիրքորոշում հայտնել սույն որոշման 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերում բարձրացված հարցերի միջև առկա կապի վերաբերյալ։ Այսպես, պաշտպաններ Ռ.Սիրեկանյանի, Գ.Հակոբյանի և Ա.Ջուվանովայի կողմից բարձրացված առաջին հարցը վերաբերում է ամբաստանյալներ Լ.Հովհաննիսյանի և Վ.Հակոբյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի ենթադրյալ խախտմանը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), իսկ պաշտպան Վ.Գրիգորյանն իր բողոքում վիճարկում է ամբաստանյալ Ս.Գրիգորյանին մեղսագրվող արարքի իրավաբանական որակումը (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), այսինքն` այս հիմքով բողոքը նույնպես վերաբերում է նյութական իրավունքի խախտմանը։ Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ հարցը վերաբերում է նրան, թե իրավաչա՞փ էր արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից դատական նիստերն անցկացնել պաշտպանների բացակայության պայմաններում և ընդունել ամբաստանյալների կողմից իրենց պաշտպաններից հրաժարվելը (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը), այսինքն` փաստարկվում է դատավարական իրավունքի խախտման առկայությունը։

Բողոքաբերների կողմից վկայակոչված նյութական և դատավարական իրավունքի խախտումները փոխկապակցված են. նյութական իրավունքի ենթադրյալ խախտումը կարող է հետևանք լինել Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի քննության ժամանակ թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման հարցը։

16. Դատավարական իրավունքի խախտմանն առնչվող` նախորդ կետում բարձրացված հարցերին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը նախ քննության է առնում հետևյալ հարցը. Վերաքննիչ դատարանն արդյո՞ք պատշաճ կերպով ծանուցել է պաշտպաններին սույն գործով նշանակված դատական նիստերի օրվա և ժամի մասին։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Դատարանն ապահովում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը։ (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն` «Պաշտպանը (…) իրավունք ունի մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերի և գործի նյութերի հետազոտմանը (…)»։

Վերաքննիչ դատարանում գործի քննության կարգը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Գործի քննության տեղի և ժամանակի մասին կողմերը ծանուցվում են»։

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին սահմանված ձևի ծանուցագիր պաշտպաններին ուղարկվել է մեկ անգամ, որում դատական նիստի օրը սխալ է նշված եղել։

Վերաքննիչ դատարանում 2008 թվականի մարտի 6-ին տեղի ունեցած առաջին դատական նիստին պաշտպանները չեն մասնակցել, իսկ քրեական գործի նյութերում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ հետագա դատական նիստերի տեղի և ժամանակի մասին պաշտպանները պատշաճ կերպով ծանուցված են եղել (տե՛ս սույն որոշման 7-րդ և 9-րդ կետերը)։

17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, անտեսելով հիշատակված իրավանորմերի պահանջները, պաշտպաններին պատշաճ կերպով չի ծանուցել գործի քննության տեղի և ժամանակի մասին, հետևաբար պաշտպանները զրկված են եղել գործի դատական քննությանը մասնակցելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավասարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքները։

18. Բողոքաբերների կողմից փաստարկված դատավարական իրավունքի խախտման հետ կապված հաջորդ հարցը, որը բարձրացվել է Վճռաբեկ դատարանի առաջ, վերաբերում է նրան, թե սույն գործով Վերաքննիչ դատարանն իրավասո՞ւ էր արդյոք նշանակված պաշտպանների բացակայության պայմաններում ընդունել վերջիններից ամբաստանյալների հրաժարումը։

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք սույն օրենսգրքով նախատեսված կարգով իրավունք ունի ստանալ իրավաբանական օգնություն։

2. Կասկածյալի, մեղադրյալի կողմից ցանկություն հայտնելու կամ այն դեպքերում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, ինչպես նաև սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պարտադիր համարվող դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել նրանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։

(…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Փաստաբանները քրեական գործով վարույթին որպես պաշտպան մասնակցում են`

1) կասկածյալի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, ազգականի, ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ` այլ անձանց հրավերով.

2) ՀՀ փաստաբանների պալատի կողմից նշանակվելով` քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջի հիման վրա»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն`

«1. Պաշտպանից հրաժարվելը նշանակում է մեղադրյալի մտադրությունը` իր պաշտպանությունն իրականացնել առանց որևէ պաշտպանի իրավաբանական օգնության։

2. Պաշտպանից հրաժարվելը քրեական վարույթն իրականացնող մարմինն ընդունում է միայն այն դեպքում, երբ մեղադրյալի կողմից այդ մասին հայտարարվել է սեփական նախաձեռնությամբ, կամավոր և այն պաշտպանի ներկայությամբ, որը կարող էր նշանակվել կամ նշանակված է պաշտպան։ Չի ընդունվում պաշտպանից հրաժարումը, եթե այն հարկադրված է իրավաբանական օգնության վճարման համար միջոցների բացակայությամբ։ Սույն օրենսգրքի 69 հոդվածի առաջին մասի 2-5-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի չընդունել պաշտպանից մեղադրյալի կամ կասկածյալի հրաժարվելը և նշանակել պաշտպան կամ պահպանել նշանակված պաշտպանի լիազորությունները։

(…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` «քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է»։

20. Վերոշարադրյալ հոդվածների բովանդակությունից երևում է, որ քրեական գործով վարույթի ընթացքում անձն իրավունք ունի իր պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ իր կամ այլ անձանց կողմից հրավիրված, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակված պաշտպանի միջոցով։

Իրավաբանական օգնությունից օգտվելու, այն է՝ պաշտպան ունենալու վերաբերյալ անձի հստակ և կամավոր արտահայտած ցանկությունը պարտադիր է վարույթն իրականացնող մարմնի համար։ Ինչ վերաբերում է իրավաբանական օգնությունից, այն է՝ պաշտպան ունենալուց կամ նշանակված պաշտպանից հրաժարվելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով թույլատրելի դեպքերին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից անձի հրաժարումը պետք է ընդունվի միայն այն դեպքում, երբ, հաշվի առնելով անձի տարիքը և հետազոտելով պաշտպանության իրավունքից նրա հրաժարվելու դրդապատճառները, վարույթն իրականացնող մարմինը կգա այն համոզման, որ.

ա) նման ցանկություն նա հայտնել է ինքնակամ, սեփական նախաձեռնությամբ և այն պարտադրված չէ գործի քննության հանգամանքներով,

բ) նա կարողանում է ամբողջությամբ գիտակցել իր վարքագծի հետևանքները,

գ) անձն ի վիճակի է ինքնուրույն իրականացնել իր պաշտպանությունը։

Մինչդեռ սույն գործի նյութերից երևում է, որ Վերաքննիչ դատարանի դատական քննության ընթացքում ամբաստանյալների կողմից իրենց պաշտպաններից հրաժարվելը եղել է ոչ թե նրանց սուբյեկտիվ կամահայտնության արդյունք, այլ պաշտպանների՝ դատական նիստերին չներկայանալու հանգամանքով պարտադրված քայլ։ Ինչպես Վճռաբեկ դատարանն արդեն նշել է, պաշտպանները գործի քննությանը չեն ներկայացել վարույթն իրականացնող մարմնի կողմից գործի քննության տեղի և ժամանակի մասին պատշաճ կերպով ծանուցված չլինելու պատճառով (տե՛ս սույն որոշման 17-րդ կետը)։

Գործի նյութերից երևում է նաև, որ պաշտպաններից հրաժարված ամբաստանյալներից մեկն անչափահաս է եղել (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը)։ Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Պանովիցն ընդդեմ Կիպրոսի (11.12.2008 թվական Panovits v Cyprus, գանգատ թիվ 4268/04, կետ 68) որոշմամբ այն մոտեցումն է արտահայտվել, որի համաձայն՝ «...Դատարանը գտնում է, որ, հաշվի առնելով անչափահաս կասկածյալի խոցելիությունը, և ուժերի անհավասարակշռությունը, որը հանդիսանում է քրեական վարույթի բնույթի արդյունք, 6-րդ հոդվածով նախատեսված կարևոր իրավունքից նրա հրաժարումը կարող է ընդունվել միայն եթե այն արտահայտվել է աներկբայորեն և իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համոզվելու համար, որ նա ամբողջությամբ տեղյակ է իր պաշտպանության իրավունքի վերաբերյալ և կարող է անհրաժեշտության դեպքում ընկալել իր վարքագծի հետևանքները…»։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանն իրավասու չէր պաշտպանների հարգելի բացակայության պայմաններում ընդունել վերջիններից ամբաստանյալների հրաժարումը։

21. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական նիստերն անցկացնելով պաշտպանների բացակայության պայմաններում և ընդունելով պաշտպանների բացակայությամբ պայմանավորված ամբաստանյալների կողմից իրենց պաշտպաններից հրաժարվելը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 72-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի պահանջների խախտումներ, ինչի արդյունքում խախտվել է ամբաստանյալների պաշտպանության իրավունքը։ Այդ խախտումներն իրենց բնույթով էական են և կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն` «Դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործը քննվել է պաշտպանի բացակայությամբ, երբ նրա մասնակցությունը, համաձայն օրենքի, պարտադիր էր, կամ այլ կերպ խախտվել է մեղադրյալի` պաշտպան ունենալու իրավունքը»։ Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 419-րդ հոդվածների համաձայն, սույն գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

22. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում քննության առնել բողոքներում բարձրացված նյութական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումների վերաբերյալ փաստարկները. դրանց հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված դատավարական իրավունքի խախտումը վերացնելուց հետո։

23. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իր կամ այլ անձանց կողմից հրավիրված կամ օրենքով սահմանված կարգով նշանակված պաշտպանից անձի հրաժարումը վարույթն իրականացնող մարմնի կողմից ընդունելու իրավական հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն։ Սամվել Վարդանի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 165-րդ հոդվածի 4-րդ մասով, Լևոն Կարապետի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Վարդան Սուրիկի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 23-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ե. Դանիելյան

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան