Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.10.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ  ԱՎԴ/4225/02/17

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/4225/02/17

Նախագահող դատավոր՝  Տ. Նազարյան

Դատավորներ՝

 Հ. Ենոքյան

 Գ. Խանդանյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

         

2021 թվականի հոկտեմբերի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վարուժան Գրիգորյանի վճռաբեկ բողոքը  ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ  հայցի Վարուժան Գրիգորյանի ընդդեմ ՀՀ Արարատի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան)՝ ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի 06.11.2017 թվականի թիվ 311 հրամանը վերացնելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,  

      

Պ Ա Ր Զ Ե Ց

    

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարուժան Գրիգորյանը պահանջել է վերացնել ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի 06.11.2017 թվականի  թիվ 311 հրամանը և իրեն վերականգնել նախկին աշխատանքում, միաժամանակ պարտավորեցնել գործատուին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը: 

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Մատինյան) (այսուհետ` Դատարան) 21.12.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.04.2019 թվականի որոշմամբ Վարուժան Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.12.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարուժան Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել  Մարզպետարանը (ներկայացուցիչ՝ ներկայացուցիչ՝ Գ. Սարգսյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 29-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 114-րդ հոդվածի 4-րդ կետը և 265-րդ հոդվածը։

Դատարանը, առանց պատշաճ ուսումնասիրելու ներկայացված ապացույցները, հայցը մերժել է, իսկ Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված հանգամանքը, արձանագրել է, որ Դատարանն իրականացրել է ապացույցների բազմակողմանի հետազոտություն և համակցության մեջ գնահատելով դրանք՝ կայացրել է օրինական ու հիմնավորված դատական ակտ:

Դատարանը և Վերաքննիչ դատարանը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու հայցապահանջն ածանցյալ պահանջ են համարել այն դեպքում, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի  265-րդ հոդվածը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար  միջին աշխատավարձի բռնագանձումից բացի, աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում նախատեսում է նաև առավելագույնը 12 ամսվա միջին աշխատավարձի չափով փոխհատուցում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը բողոքը քննել է գրավոր ընթացակարգով` հնարավորություն չտալով դատական նիստում արտահայտել և պաշտպանել իր դիրքորոշումները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.04.2019 թվականի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վարուժան Գրիգորյանը զբաղեցրել է հայեցողական պաշտոն, իսկ օրենսդիրը  սահմանել է հայեցողական պաշտոնում նշանակելու և ազատելու գործատուի հայեցողական լիազորությունը:

Բացի այդ, աշխատանքային իրավահարաբերություններում սահմանային տարիք նախատեսելն արդարացված է, մասնավորապես` պայմանավորված է կատարվող աշխատանքի բնույթով կամ առանձնահատկությամբ: Այսպիսով` արդարացի է հանրային ծառայողի համար պաշտոնավարման սահմանային տարիք նախատեսելը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 19.11.2012 թվականի թիվ 219 հրամանի համաձայն՝ Վարուժան Գրիգորյանը նշանակվել է մարզպետի տեղակալի օգնական (գ.թ. 23):

2) Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի 06.11.2017  թվականի  թիվ 311 հրամանի համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 11-րդ կետի հիմքով մարզպետի տեղակալի օգնական Վարուժան Գրիգորյանն ազատվել է աշխատանքից (գ.թ. 24):

3) Վարուժան Գրիգորյանը, դիմելով դատարան, պահանջել է վերացնել Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի 06.11.2017 թվականի թիվ  311 հրամանը և իրեն վերականգնել նախկին աշխատանքում, միաժամանակ պարտավորեցնել գործատուին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը  (գ.թ. 7-9):

        

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի  3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսացող դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք մարզպետի տեղակալի օգնականին պաշտոնից ազատելու  հետ կապված  իրավական վեճը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության, թե վարչական դատավարության կարգով:

Նախևառաջ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործն առաջին ատյանի դատարանում քննվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) նորմերով:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սույն գործի քննության ժամանակ գործող ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:

Նախկին օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը (…):

Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը  կարճում  է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում  քննության:

Համանման կարգավորում է նախատեսվել նաև 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած և սույն գործով վերաքննիչ ու վճռաբեկ բողոքների քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի  11-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս  դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ,   4-րդ, 5-րդ,  7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

Վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ենթակայությունը՝ որպես դատավարական ինստիտուտ, դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որոնք  կարգավորում են դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև։  Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր իրավասության դատարանի ենթակայության շրջանակն ընդգրկում է բոլոր գործերը՝ բացառությամբ մասնագիտացված դատարանների քննությանը վերապահված գործերի, իսկ  մասնավորապես` վարչական դատարանի ենթակայության շրջանակը ներառում  է   հանրային  իրավահարաբերություններից  բխող  վեճերից  ծագող  գործերը։  Փաստորեն, դատական գործերի տարանջատումը քաղաքացիականի և վարչականի պայմանավորված է այդ գործերով վիճելի իրավահարաբերության բնույթով. կոնկրետ գործի՝  ենթակայության  հարցը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել այդ գործով վիճելի իրավահարաբերության բնույթը,  այսինքն՝ այն հարցը,  թե արդյոք  տվյալ  գործը  ծագում է  հանրային, թե  մասնավոր իրավահարաբերություններից  բխող վեճից:

Այսպիսով, իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի ենթակայության հարցը որոշվում  է՝  ելնելով  այն հանգամանքից,  թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից  ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մի շարք որոշումներում անդրադարձել է հանրային և մասնավոր իրավահարաբերությունների տարբերակման և դրա հիման վրա դատական գործերի ենթակայության տարանջատման հարցին:  Այսպես, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշման՝ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի  դերում  անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական  լիազորություններով օժտված  սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին  ենթակա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1) արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,

2) արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,

3) արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի`  սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե՝ ոչ:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես  նաև  այդ  հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր  սեփականության գործակալության թիվ ՎԴ/0823/05/14, թիվ ՎԴ/0830/05/14 և թիվ ՎԴ/1621/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումները):

  ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, որ գործի՝ առարկայական ընդդատության [ենթակայության] կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում ընդհանուր իրավասության դատարանը, ի տարբերություն վարչական դատարանի, իրավասու չէ այն հանձնել այլ դատարանի  քննությանը: Տվյալ պարագայում ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթն այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության։ Այսինքն՝ այն դեպքում, երբ որևէ գործի քննության ընթացքում պարզվում է, որ այն վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության  (տե՛ս, Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ  ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ»  ՓԲԸ-ի թիվ ԵՄԴ/1029/02/14   քաղաքացիական գործով  ՀՀ  վճռաբեկ դատարանի  22.04.2016 թվականի որոշումը): 

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի կիրառմամբ իրականացվել է սույն գործով վերաքննության վարույթը, ինչպես նաև իրականացվում է վճռաբեկության վարույթը, ենթակայության  կանոնի  խախտումն ամրագրել է որպես ստորադաս ատյանի դատական ակտն անվերապահորեն բեկանելու հիմք: Մասնավորապես, այսպիսի խախտման ի հայտ գալու պայմաններում վերադաս դատական ատյանը, անկախ քննության ենթակա բողոքի հիմքերից և հիմնավորումներից, պարտավոր է բեկանել ստորադաս դատական ատյանի դատական ակտը: Դատական ակտի անվերապահ բեկանման հանգեցնող խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք (տե'ս, նաև Տաթևիկ  Գալստյանն  ընդդեմ  «ԲՏԱ Բանկ»  ՓԲԸ-ի  թիվ  ԵԿԴ/1118/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014  թվականի  որոշումը):

Սույն գործով Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 19.11.2012  թվականի  թիվ  219  հրամանի  համաձայն՝ Վարուժան Գրիգորյանը նշանակվել է մարզպետի տեղակալի օգնական:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի 06.11.2017 թվականի թիվ 311 հրամանի համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 11-րդ կետի հիմքով մարզպետի տեղակալի օգնական Վարուժան Գրիգորյանն ազատվել է աշխատանքից:

Վարուժան Գրիգորյանը, դիմելով դատարան, պահանջել է վերացնել Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի 06.11.2017 թվականի  թիվ 311 հրամանը և իրեն վերականգնել նախկին աշխատանքում,  միաժամանակ պարտավորեցնել գործատուին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար  միջին աշխատավարձը: 

Դատարանը վեճը քննել և 21.12.2018 թվականի վճռով հայցը մերժել է, իսկ Վերաքննիչ դատարանը 19.04.2019 թվականի որոշմամբ Վարուժան Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սույն գործով ծագած իրավական վեճի՝ մարզպետի տեղակալի օգնականին պաշտոնից  ազատելու վերաբերյալ որոշման՝  դատական կարգով վիճարկելու պարագայում ենթակայության հարցին, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 26.05.2011 թվականին ընդունված, 01.01.2012 թվականին ուժի մեջ մտած և 20.11.2019 թվականին ուժը կորցրած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային ծառայությունը պետությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը, պետական և համայնքային պաշտոնները։

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ «Հանրային ծառայության մասին»  ՀՀ օրենքի  4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական պաշտոններն   են՝ քաղաքական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնների), հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Երևանի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների, Երևանի վարչական շրջանի ղեկավարի  և նրա  տեղակալի, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների, Երևանի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների օգնականների պաշտոնների), քաղաքացիական, ինչպես նաև պետական ծառայության պաշտոնները։ Նույն հոդվածի  7-րդ կետի համաձայն՝ նույն օրենքի իմաստով հայեցողական պաշտոններ են (...) Հայաստանի Հանրապետության մարզպետների տեղակալների օգնականների պաշտոնները (...)։ 

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ, անդրադառնալով հանրային ծառայությունից բխող իրավահարաբերություններից ծագող վեճերի ենթակայության հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ նախկինում գործող՝ 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով օրենսդիրը ՀՀ վարչական դատարանի  ընդդատությանն էր հանձնել հանրային իրավահարաբերություններից ծագող գործերը` հանրային ծառայության անցնելու և իրականացնելու հետ կապված վեճերը, մինչդեռ 07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով վկայակոչված հոդվածը փոփոխելով` օրենսդիրը ՀՀ վարչական դատարանի ընդդատությանն է հանձնել նաև հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը: Այսինքն` օրենսդիրը, 07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ավելացնելով «ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը» օրենսդրական ձևակերպումը, նպատակ է հետապնդել հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր վեճերը, անկախ իրավահարաբերության բնույթից, լուծել վարչական  դատավարության  կարգով (տե'ս, Անի Հակոբյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ  ԵԿԴ/3246/02/13  քաղաքացիական գործով  ՀՀ  վճռաբեկ  դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Վերոնշյալ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մարզպետի տեղակալի օգնական Վարուժան Գրիգորյանը զբաղեցրել  է հայեցողական պաշտոն, որն էլ իր հերթին հանդիսանում է պետական պաշտոն՝ ըստ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի: Հետևաբար մարզպետի տեղակալի օգնական Վարուժան Գրիգորյանը 06.11.2017 թվականին աշխատանքից ազատվելու ժամանակ, ըստ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, զբաղեցրել է հայեցողական պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն և հանդիսացել է հանրային ծառայող, հետևաբար  սույն գործով ներկայացվել է հանրային ծառայությունից ազատելու հետ կապված իրավական վեճ, որը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի և դրա մեկնաբանությանն ուղղված  ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի թիվ ԵԿԴ/3246/02/13 որոշման հիմքով ենթակա էր  քննության վարչական  դատավարության կարգով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անկախ վճռաբեկ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, սույն գործով առկա է դատական ակտի անվերապահ բեկանման  հիմք։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանի վճռի անվերապահ բեկանման ենթակա լինելու հիմքը առկա է եղել նաև վերաքննիչ բողոքի քննության ժամանակ։ Մասնավորապես սույն գործի հարուցման հիմք հանդիսացած հայցադիմումը վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, ուստի Դատարանը Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի ուժով պարտավոր էր վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության։ Մինչդեռ, Դատարանը գործի վարույթը չի կարճել, այլ քննել ու դատական ակտ է կայացրել  վարչական դատարանի ենթակայությանը վերապահված՝ հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ստորադաս  դատարանում առկա  է  եղել  գործի վարույթը կարճելու  հիմք, որպիսի  պայմաններում Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից սույն  գործի ըստ  էության  քննությունն իրավաչափ համարվել  չի  կարող,  քանի որ գործն ի սկզբանե ենթակա չէր քննության քաղաքացիական դատավարության կարգով, այլ կերպ ասած՝ գործի հարուցումը և ըստ էության քննությունն իրականացվել են օրինականության սկզբունքի խախտմամբ՝ խախտելով նաև իրավասու դատարանի կողմից անձի՝ իր գործի քննության իրավունքը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ  հիմքի և հիմնավորումների, ինչպես նաև դրանց կապակցությամբ ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկների գնահատմանը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի  4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործի վարույթը կարճելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով։

Նույն հոդվածի նախավերջին պարբերության համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարուժան Գրիգորյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ուժով ազատված է եղել հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման, պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Բեկանել ՀՀ վերաքննիչ  քաղաքացիական դատարանի 19.04.2019 թվականի որոշումը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

   

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2022 թվական: