ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17845/02/20 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17845/02/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ս. Անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի հոկտեմբերի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Արցախ կարի-կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանի, երրորդ անձ «Արցախ կարի-կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի 10.06.2020 թվականի թիվ ԳԲՔԱ-ՆԳ-2020/38 որոշումը՝ Կազմակերպության կողմից 17.04.2020 թվականին ներկայացված բողոքը բավարարելու վերաբերյալ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Սահակյան) (այսուհետ` Դատարան) 19.01.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.03.2021 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 5-րդ կետերի հիմքով, այն է՝ չի կցվել պետական տուրքը վճարելու փաստը հիմնավորող ապացույցը և չի ներկայացվել պետական տուրքի վճարման գծով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.04.2021 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Հարություն Հարությունյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված «Վճարման հանձնարարական 210325068447023» վերտառությամբ փաստաթուղթը չի կարող պետական տուրքը վճարված լինելու փաստը հավաստող թույլատրելի ապացույց համարվել, քանի որ բնօրինակ չէ, իսկ այն էլեկտրոնային եղանակով վճարում դիտարկելու պարագայում հարկ է արձանագրել, որ էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթուղթը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված կարգին, մասնավորապես պետական տուրքը պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով վճարելու օրենսդրի պահանջին, ինչը տվյալ դեպքում պահպանված չէ, ուստի ներկայացված փաստաթուղթը վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքի վճարումը հաստատող թույլատրելի և արժանահավատ ապացույց չէ։ Մինչդեռ վերաքննիչ դատարանի այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագիր և (կամ) այլ միջոց: Ընդ որում` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, առանց վճարային քարտի և էլեկտրոնային փողի օգտագործման, կանխիկ դրամական միջոցների տրամադրմամբ կանխիկի մուտքագրում, վճարում և փոխանցում իրականացնելու դեպքում «ստորագրություն» վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անհարկի սահմանափակել է Կազմակերպության ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության` դատարանի մատչելիության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 08.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, ինչը հիմնավորվում է ստորև բերված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, (…) մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը (…)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:
Վերը նշված հոդվածների բովանդակությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 և 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» (այսուհետ՝ Կանոններ) համապատասխան դրույթները, նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել վճարահաշվարկային համակարգի հասկացության վերաբերյալ՝ արձանագրելով, որ այն իրենից ներկայացնում է որոշակի տեխնիկածրագրային միջոցների ամբողջություն (վճարային գործիքներ, քլիրինգ և այլն), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին: Նշված որոշմամբ անդրադառնալով նաև վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով բանկին տրված հանձնարարությունն է` վճարելու կամ հանձնարարելու այլ բանկի վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար (տե՛ս Ստեփան Ոսկանյանն ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2967/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2018 թվականի որոշումը):
Կանոնների 1-ին կետի համաձայն՝ նշված կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող և (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների և (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ` վճարահաշվարկային փաստաթղթեր) վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:
Կանոնների 5-րդ կետի համաձայն՝ նույն կարգը սահմանում է հետևյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները`
1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ և (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը (…):
Հավելվածի 14-րդ կետի համաձայն՝ նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման համար գործում են հետևյալ կանոնները.
Վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմաններում կիրառվող`
1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի չկրկնվող (ունիկալ) համարը, ընդ որում` համարի ունիկալության պահանջը կարող է չպահպանվել, եթե հաճախորդը նույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով,
2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,
3) «արժույթը (բառերով կամ կոդով)» դաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն է, կամ նշվում է տվյալ արժույթի համար սահմանված կոդը` ըստ ԻՍՈ (ISO) 4217 ստանդարտի, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն չէ,
4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը (...),
5) «ստորագրություն» վավերապայմանը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում լրացվում է.
ա. թղթային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում պարտադիր դրվում է հաճախորդի ստորագրությունը, ընդ որում` իրավաբանական անձանց դեպքում դրվում է իրավաբանական անձի իրավասու անձի (անձանց) ստորագրությունը (ները), իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարող է դրվել նաև լիազոր անձի ստորագրությունը (…):
8) «Անունը, ազգանունը կամ անվանումը» վավերապայմանում լրացվում է գործարքն իրականացնող անձի անունը և ազգանունը` ֆիզիկական անձ լինելու դեպքում կամ անվանումը` իրավաբանական անձ լինելու դեպքում,
9) «Միջնորդավճարը» դաշտում ֆինանսական կազմակերպության կողմից նշվում է գործարքի կատարման համար գանձվող միջնորդավճարը` գումարային արտահայտությամբ կամ վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ,
10) «Գումարը (թվերով և (կամ) բառերով)» դաշտում լրացվում է վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարը` թվերով և բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է թղթային եղանակով, հակառակ դեպքում, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է էլեկտրոնային եղանակով, նշվում է գումարը` թվերով և (կամ) բառերով:
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ անդրադարձել է Կանոններով սահմանված վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմաններին՝ նշելով, որ էլեկտրոնային եղանակով վճարահաշվարկային փաստաթղթի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագրի և (կամ) այլ միջոցի տրամադրումը: Ընդ որում, ստորագրության վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանը, նշված որոշմամբ անդրադառնալով, մասնավորապես վճարման հանձնարարականի վավերապայմաններին, նշել է, որ դրանում վճարումը ստացող ֆինանսական կազմակերպության իրավասու անձի ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր չէ այն դեպքում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով (տե՛ս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Տարոնիկ Գրիգորյանին թիվ ԱՐԱԴ/0405/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.10.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումը, անհրաժեշտ է համարում քննարկվող իրավական հարցադրման համատեքստում հավելել, որ Կանոնների 14-րդ կետի համաձայն՝ հանձնարարականի ստացման ամսաթիվը և ժամը պարտադիր հանձնարարականը թղթային եղանակով ներկայացնելու դեպքում պարտադիր ֆինանսական կազմակերպության աշխատակցի կողմից նշվում է վճարման հանձնարարականի ստացման ամսաթիվը և ժամը:
Սույն գործի դատավարական փաստերի համաձայն՝ Կազմակերպությունը 22.02.2021 թվականին Դատարանի 19.01.2021 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (գ.թ. 4-5):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.03.2021 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը վերադարձրել է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 5-րդ կետերի հիմքով (գ.թ. 9-11):
Կազմակերպությունը 29.03.2021 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ որպես 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումարի վճարումը հավաստող ապացույց կցելով «Վճարման հանձնարարական 210325068447023» վերտառությամբ փաստաթուղթը (գ.թ.24)։
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Կազմակերպության կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումն այն հիմնավորմամբ, որ դրան կրկին չի կցվել բողոքը ներկայացնելու համար պետական տուրքի վճարումը կատարված լինելու փաստը հավաստող ապացույց, իսկ «Վճարման հանձնարարական 210325068447023» վերտառությամբ փաստաթուղթը չի կարող պետական տուրքը վճարված լինելու փաստը հավաստող թույլատրելի ապացույց համարվել, քանի որ բնօրինակ չէ, իսկ այն էլեկտրոնային եղանակով վճարում դիտարկելու պարագայում հարկ է արձանագրել, որ էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթուղթը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված կարգին, մասնավորապես պետական տուրքը պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով վճարելու օրենսդրի պահանջին, ինչը տվյալ դեպքում պահպանված չէ (գ.թ. 26-28)։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա վերաքննիչ բողոքի համար էլեկտրոնային համակարգով վճարված պետական տուրքի անդորրագրի ուսումնասիրությունից հետևում է, որ ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթով պետական տուրքի վճարումը կատարվել է էլեկտրոնային եղանակով, իսկ վճարումը հավաստող ապացույցը ներկայացվել է դատարան թղթային տարբերակով: Մասնավորապես, նշված վճարման անդորրագրում առկա է փաստաթղթի համարը՝ «2472300596330010», վճարման օրը, ամիսը, տարին՝ «25.03.2021 թվական», վճարված գումարի չափը՝ «10.000», արժույթը՝ «AMD» (ՀՀ դրամ), վճարման նպատակը՝ «Արցախ ԿԿ ԱՄ ՓԲԸ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար», վճարող կազմակերպության անվանումը՝ «ARTSAKH FOOTWEAR-SEWING MAN.GJSC INN 90018697» (բողոքաբեր), վճարող Կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ «90018697», վճարող կազմակերպության բանկի անվանումը՝ «Արդշինբանկ», շահառուի (ստացող) հաշվեհամարը՝ «900005016010»՝ «Պետական գանձապետարան», շահառուի, գործարքն իրականացնող անձի տվյալները՝ «հաստատված է բանկի կողմից»: Վերոգրյալից հետևում է, որ բողոքին կից ներկայացված վճարահաշվարկային փաստաթուղթը պարունակում է Կանոնների 14-րդ կետով սահմանված վավերապայմանները, հետևաբար այն հանդիսանում է վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի կիրառության հարցին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածով սահմանված են փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դատարան ներկայացնելու կարգին վերաբերող դրույթներ, իսկ սույն որոշմամբ քննարկվող դեպքում վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը, այդ թվում էլեկտրոնային եղանակով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը ներկայացվել են թղթային տարբերակով՝ փոստային ծառայության միջոցով: Վերոգրյալից հետևում է, որ Կազմակերպությունը վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս շտկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված թերությունը՝ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցել է 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը հավաստող պատշաճ ապացույց:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշմամբ սահմանված կանոնները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, արդյունքում սխալ է գնահատել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը՝ թույլ տալով դատավարական նորմի խախտում։ Վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված համապատասխան հիմքի բացակայության պայմաններում մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը՝ զրկել է Կազմակերպությանը Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, խախտելով բողոքաբերի արդար դատաքննության իրավունքը, այդպիսով թույլ տալով մարդու իրավունքների և ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Տ. Պետրոսյան Ս. Անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2022 թվական: