Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.10.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/9457/02/19

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/9457/02/19

Նախագահող դատավոր՝  Ա. Խառատյան

Դատավորներ՝

 Ս. Թորոսյան

 Դ. Սերոբյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հոկտեմբերի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Շուշանիկ Գեղամյանի ընդդեմ Երևան համայնքի՝ հողամասի նկատմամբ հայցվորի ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելու և հողամասն ուղղակի վաճառքով օտարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Շուշանիկ Գեղամյանը պահանջել է Երևան քաղաքի Արաբկիր Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26/3 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ճանաչել իր ձեռքբերման նախապատվության իրավունքը և պարտավորեցնել Երևան համայնքին Արաբկիր Ա. Խաչատրյան փողոց թիվ 26/3 հասցեում գտնվող հողամասն ուղղակի վաճառքով օտարել Շուշանիկ Գեղամյանին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Վարդանյան) (այսուհետ` Դատարան) 03.07.2020 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.11.2020 թվականի որոշմամբ Շուշանիկ Գեղամյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/9457/02/19 քաղաքացիական գործով 03.07.2020 թվականի վճիռը մասնակիորեն բեկանել և փոփոխել. Շուշանիկ Գեղամյանի հայցը բավարարել մասնակիորեն՝ Երևան քաղաքի Արաբկիր, Ա. Խաչատրյան փողոց, թիվ 26/3 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմությամբ ճանաչել Շուշանիկ Գեղամյանի ձեռքբերման նախապատվության իրավունքը, վճիռը՝ Երևան համայնքին Արաբկիր Ա. Խաչատրյան փողոց, թիվ 26/3 հասցեում գտնվող հողամասը Շուշանիկ Գեղամյանին ուղղակի վաճառքով օտարելուն պարտավորեցնելու պահանջը մերժելու մասով, թողնել անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ Անդրանիկ Մուրադյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Շուշանիկ Գեղամյանը (ներկայացուցիչ Աշխեն Դաշյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել և սխալ է կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ, 60-րդ, 64-րդ, 72-րդ հոդվածները, 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում դրել է Երևանի քաղաքապետի 11.05.2017 թվականի թիվ 1510-Ա որոշման հիման վրա 23.05.2017 թվականին տրված հողամասի սխեման և եզրահանգում է կատարել, որ հայցի առարկա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, սակայն չի գնահատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.11.2018 թվականի թիվ 18-06/1-Գ-5558 գրությունը: Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել, թե որ փաստերի ուժով նշված տեղեկությունները պարունակող գրավոր ապացույցը չունի ապացուցողական նշանակություն և չի նշել որևէ այլ ապացույց, որը հակադրվում է դրան կամ հերքում է դրանով ներկայացված տեղեկատվության հավաստիությունը:

Վերաքննիչ դատարանը 11.05.2017 թվականի թիվ 1510-Ա որոշման հիման վրա տրված հողամասի սխեման գնահատելիս կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածը՝ հաշվի չառնելով, որ այն հողամասի հատակագիծ չէ, մինչդեռ ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածը վերաբերում է հողամասի հատակագիծ տրամադրելուն:

Դատարանը հաշվի չի առնել նաև այն հանգամանքը, որ քննարկվող սխեմայում հողամասի գործառնական նշանակությունը նշված է բնակելի կառուցապատման տարածք, մինչդեռ Երևանի քաղաքապետի 11.05.2017 թվականի թիվ 1510-Ն որոշմամբ նախատեսվել է հողամասի բարեկարգումը համաձայն ֆիտոնախագծի:

Վերաքննիչ դատարանը գնահատման չի արժանացրել այն փաստը, որ Երևանի քաղաքապետի 11.05.2017 թվականի թիվ 1510-Ն որոշմամբ նախատեսվել է հողամասի բարեկարգումը ֆիտոնախագծի համաձայն, և չի պարզել, որ նշված ֆիտոնախագիծը վերաբերում է տարածքի կանաչապատմանը, այլ ոչ թե կառուցապատմանը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Երևանի քաղաքապետի թիվ 1510-Ն որոշմամբ հողամասը չի հատկացվել հայցվորին վարձակալության իրավունքով, այլ թույլատրվել է միայն տարածքը բարեկարգել՝ կանաչապատել, ինչը նշանակում է, որ բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գոտում գտնվող հողամասերը ևս կարող են ներառել կանաչ տարածքները, որպիսիք արդեն իսկ գտնվում են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:

Վերաքննիչ դատարանը բողոքը քննելիս պատշաճ գնահատականի չի արժանացրել այն, որ խնդրո առարկա հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում /6-րդ կետ/ և օտարման /մասնավորեցման/ ենթակա չէ։

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության 05.05.2017 թվականի թիվ 18-06/1-Գ-1755-1-Գ-1597 գրությունը, որով նշվել է, որ բարեկարգման համար առաջարկվող հողամասի սահմանները կորոշվեն վարչության կողմից թողարկվող հատակագիծ-սխեմայով, որի նկատմամբ քաղաքացու իրավունքները պետական գրանցման ենթակա չեն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.11.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Սույն գործով բողոքաբեր Երևան համայնքը վճռաբեկ բողոքով բարձրացնում է այնպիսի հարցեր, որոնք քննության առարկա չի դարձրել ստորադաս դատարաններում և որևէ կերպ՝ այդ թվում դիրքորոշումների տեսքով չի վիճարկել այդ հիմքերը։

Սույն գործով վեճի առարկա է եղել մեկ փաստ՝ հողամասի նպատակային նշանակությունը, որից բխում է մյուս փաստը՝ այն կարող էր ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներում գտնվել, եթե առաջին հիմքը հաստատվում է գործով առկա ապացույցներով, երկրորդն ինքնաբերաբար հաստատվում է, իսկ առաջին հիմքը հաստատվել է գործով առկա ապացույցներով՝ կադաստրային գործի նյութերի, Երևանի քաղաքապետի որոշումների հիմքով, ուստի բողոքաբերի բարձրացված հարցերն անհիմն են։

Բացի այդ, բողոքաբերը վճռաբեկ բողոքը ներկայացրել է ամբողջ դատական ակտի դեմ, այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանի կողմից հայցվորի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Արաբկիր թաղապետարանի և Ա. Ալեքսանյանի (այսուհետ նաև՝ Վարձակալ) միջև 02.10.2001 թվականին կնքված Հողատարածության ժամանակավոր օգտագործման պայմանագրի համաձայն՝ Երևանի Արաբկիր թաղապետարանը հանձնել, իսկ վարձակալը ժամանակավոր օգտագործման իրավունքով ընդունել է Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոց, թիվ 26/3 հասցեում գտնվող հողատարածքը: Տարածքի ժամանակավոր օգտագործման ժամկետը սահմանվել է մինչև 31.12.2001 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 19-20)։

2) Երևանի քաղաքապետի 11.05.2017 թվականի թիվ 1510-Ա որոշման համաձայն՝ Շուշանիկ Գեղամյանին թույլատրվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոց, թիվ 26/3 հասցեում անշարժ գույքի հարևանությամբ գտնվող 157.83քմ մակերեսով հողամասի վրա ֆիտոնախագծի համաձայն իրականացնելու բարեկարգման աշխատանքներ (հատոր 1-ին, գ.թ. 17-18)։

3) Երևանի քաղաքապետարանի կողմից Շուշանիկ Գեղամյանին ուղղված 23.11.2018 թվականի թիվ 18-06/1-Գ-5558 գրության համաձայն՝ Երևանի քաղաքապետի 11.05.2017 թվականի թիվ 1510-Ա որոշումով բարեկարգման նպատակով առանձնացված հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում /կետ 6/ և օտարման /մասնավորեցման/ ենթակա չէ (հատոր 1-ին, գ.թ. 11)։

4) 23.05.2017 թվականին Երևանի քաղաքապետի 11.05.2017 թվականի թիվ 1510-Ա որոշման հիման վրա Շուշանիկ Գեղամյանին տրվել է հողամասի սխեմա, որում ամրագրված է հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման տարածք (հատոր 1-ին, գ.թ. 66-69)։

5) Վեճի առարկա հողամասը ցանկապատված է, այն օգտագործվում է հայցվորի կողմից ավելի քան 19 տարի, ինչի վերաբերյալ ներկայացվել են նաև հողամասի լուսանկարները, հարևանների հայտարարությունը (հատոր 1-ին, գ.թ. 47-48, 126-127)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ, 60-րդ և 72-րդ հոդվածների միատեսակ կիրառության վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

 Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից պետական կամ համայնքային հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունքի ծագման համար անհրաժեշտ վավերապայմանների դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ:

ՀՀ հողային օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը հողերին վերաբերող մասով հողային հարաբերությունների նկատմամբ կիրառվում է նույն օրենսգրքի դրույթների հաշվառմամբ:

ՀՀ հողային օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն՝ հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները, ինչպես նաև հողամասերի նկատմամբ օգտագործման իրավունքների սահմանափակումները ծագում են՝

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներից և նրանց հետ կնքած պայմանագրերից.

(…) 3) ձեռքբերման վաղեմության ուժով. (…):

ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք ավելի քան տաuը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, uակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձևակերպման oգտվում են պետության կամ համայնքի հողերից, ունեն այդ հողերից uեփականության իրավունքով հողամաuեր ձեռք բերելու նախապատվության իրավունք, եթե արգելված չէ uեփականության իրավունքով տվյալ հողամաuերը ձեռք բերելը կամ, եթե դրանք վաճառվում կամ անհատույց փոխանցվում են միևնույն նպատակային նշանակության համար և, եթե հողամաuերը համապատաuխանում են նույն oրենuգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով uահմանված պահանջներին։ Ձեռքբերման վաղեմության իրավունքը տրամադրվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով կամ դատական կարգով։

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներով անդրադառնալով ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի վերլուծությանը, նախ արձանագրել է, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ ձեռքբերման վաղեմության իրավունքի ծագման վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ հողային օրենսգրքով, իսկ այլ անձանց պատկանող հողամասերի նկատմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով (տե'ս Սիմոն Սարգսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ 3-1835(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունքի ծագման համար անձը պետք է հիմնավորի ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրավունքների իրավաբանական ձևակերպման պետության կամ համայնքի հողերը օգտագործելու փաստը (տե'ս Արմեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3691/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ uեփականության իրավունքով հողամաuեր ձեռք բերելու նախապատվության իրավունքը ենթադրում է, որ անձը, ով օրենքով սահմանված կարգով ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ, բացահայտ տիրապետում և օգտագործում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, այդ հողամասի օտարման դեպքում ունի հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու առաջնայնություն մյուս հավանական ձեռքբերողների համեմատ: Այսինքն` օրենսդրի կողմից ամրագրվել է այն մոտեցումը, որ պետական կամ համայնքային հողամասն օտարելիս հողամասի ձեռքբերման նախապատվությունը պետք է տրվի այն անձին, ով ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իր իրավունքների իրավաբանական ձևակերպման օգտվում է այդ հողամասից: Ընդ որում, օրենսդրորեն սահմանվել է սեփականության իրավունքը ձեռք բերելու նախապատվության իրավունքի տրամադրման երկու եղանակ` արտադատական կարգով (պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով) և դատական կարգով:

Այսպիսով, ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ պետության կամ համայնքի հողերից uեփականության իրավունքով հողամաuեր ձեռք բերելու նախապատվության իրավունքի համար անհրաժեշտ նախապայմաններն են`

1. հողը պետք է պատկանի պետությանը կամ համայնքին,

2. քաղաքացիները և իրավաբանական անձինք պետության կամ համայնքի հողերից պետք է օգտվեն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձևակերպման,

3. պետությանը կամ համայնքին պատկանող հողի օգտագործումը պետք է լինի բարեխիղճ։ Օգտագործողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքից օգտվում է օրինական հիմքերով,

4. օգտագործումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում հողի օգտագործումը չպետք է ընդհատվի,

5. օգտագործումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ հողի օգտագործումը չպետք է լինի երրորդ անձանցից գաղտնի եղանակով,

6. հողամաuը պետք է համապատաuխանի ՀՀ հողային oրենuգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով uահմանված պահանջներին,

7. հողամաuը չպետք է գտնվի օրենքով սահմանված սահմանափակումների ցանկում կամ պետք է վաճառվի կամ անհատույց փոխանցվի միևնույն նպատակային նշանակությամբ:

Տվյալ դեպքում բողոքաբերն առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներում իր առարկությունների հիմքում դրել էր հողամասը սեփականության իրավունքով հայցվորին օտարելու արգելքի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված սահմանափակման առկայությունը։

ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ):

ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝

1. Բնակավայրերի հողեր են համարվում բնակավայրերի զարգացման, կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծման, կառուցապատման, բարեկարգման համար նախատեսված հողերը:

2. Բնակավայրերի հողերը, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են`

1) բնակելի կառուցապատման.

(…) 3) խառը կառուցապատման.

4) ընդհանուր օգտագործման հողերի (…):

3. Բնակավայրերի հողերի դասակարգումը, ըստ գործառնական նշանակության, սահմանվում է գլխավոր հատակագծերով և քաղաքաշինական գոտիավորման նախագծերով:

4. Բնակելի կառուցապատման հողեր են համարվում անհատական բնակելի տների, դրանց կից օժանդակ շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերի, այգեգործական, բնակելի նշանակության առանձին շենքերի ու շինությունների կառուցման և սպասարկման համար տրամադրված կամ նախատեսված հողամասերը:

(…) 6. Խառը կառուցապատման հողեր են համարվում բնակելի, հասարակական կառուցապատման, ընդհանուր օգտագործման հողերի այնպիսի համադրությամբ կազմավորված տարածքները, որտեղ դրանցից որևէ մեկը գերակշիռ նշանակություն չունի:

7. Ընդհանուր օգտագործման հողեր են համարվում բնակավայրերի այն հողատարածքները, որոնք զբաղեցված են փողոցներով, հրապարակներով, զբոսայգիներով և հանրության կողմից օգտագործվող այլ տարածքներով (…):

ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հողերի նպատակային նշանակությունը (…) ու գործառնական նշանակությունը (…) նշվում են համայնքների հողերի օգտագործման սխեմաներում, գլխավոր հատակագծերում:

ՀՀ հողային օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողերի օգտագործման սխեման հողաշինարարական փաստաթուղթ է, որը ներառում է հողամասերի բաշխումն ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սահմանում է դրանց իրավական ռեժիմը, հիմնավորում է պետական և համայնքների հողերի արդյունավետ օգտագործման ուղղությունները համայնքի վարչական տարածքում:

Նշված իրավանորմերի բովանակությունից հետևում է, որ հողերի նպատակային և գործառնական նշանակությունը հավաստող պատշաճ ապացույց են հանդիսանում ինչպես գլխավոր հատակագծերը, այնպես էլ հողերի օգտագործման սխեմաները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝

1. Դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

2. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

3. Դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մաս): Այսինքն՝ նշված ընդհանուր կանոնից բացի գոյություն ունեն նաև ապացուցման պարտականությունը բաշխելու հատուկ կանոններ, որոնք սահմանված են նյութական և դատավարական օրենսդրության նորմերով, և ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնը կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ դատավարական կամ նյութական իրավունքի նորմերով տվյալ փաստի հաստատման վերաբերյալ հատուկ կանոն սահմանված չէ:

Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը բխում է քաղաքացիական դատավարությունում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքից և իր տրամաբանությամբ հանգում է հետևյալին. քաղաքացիական գործերով դատարան դիմող սուբյեկտը (հայցվորը կամ դիմողը) պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, քանի որ այդ փաստերի հետ են իրավունքի նորմերը կապում որոշակի իրավահարաբերության առաջացումը, փոփոխումը կամ դադարումը, իսկ եթե պատասխանողը չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, ապա նա պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը։

ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված է հետևյալ բանաձևը.

1) գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ապացուցում է այն, ինչ պնդում է,

2) չի ապացուցում նա, ով ժխտում է (հասարակ ժխտում):

Ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված բանաձևի բացահայտման և յուրաքանչյուր քաղաքացիական գործով նշված բանաձևի կոնկրետացման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործին մասնակցող անձի կողմից վկայակոչվող փաստերի բնույթին և իրավաբանական նշանակությանը: Այսպես, գործին մասնակցող անձը պետք է ապացուցի ոչ թե իր կողմից վկայակոչված բոլոր հանգամանքները, այլ իր համար իրավաստեղծ, իրավափոփոխիչ կամ իրավադադարեցնող նշանակություն ունեցող իրավաբանական փաստերը և դրանց հաստատմանն ուղղված ապացուցողական փաստերը (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի, երրորդ անձ «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Տվյալ դեպքում Դատարանը հայցի մերժումը հիմնավորել է նրանով, որ հայցվորի կողմից չի ապացուցվել խնդրո առարկա հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու արգելքի բացակայության փաստը, ինչի հետևանքով վիճելի է մնում այդ փաստը, որի բացասական հետևանքները կրում է Հայցվորը: Դատարանը Երևանի քաղաքապետարանի կողմից Շուշանիկ Գեղամյանին ուղղված 23.11.2018 թվականի թիվ 18-06/1-Գ-5558 գրության հիման վրա հաստատված է համարել այն փաստը, որ խնդրո առարկա հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և օտարման ենթակա չէ: Դատարանը հայցվորի կողմից ներկայացված հողամասի սխեման դիտել է որպես ոչ վերաբերելի ապացույց, քանի որ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու արգելքի բացակայության փաստի առկայությունն ավելի հավանական դարձնող տեղեկատվություն չի պարունակում, իսկ հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման լինելուց որևէ ձևով չի բխում, որ առկա չէ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը քաղաքացուն սեփականության իրավունքով փոխանցելու արգելք:

Բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի վճիռը՝ հայցը մասնակիորեն բավարարել, այն հիմնավորմամբ, որ Դատարանն ապացույցների շարքում չի գնահատել Երևանի քաղաքապետի 11.05.2017 թվականի թիվ 1510-Ա որոշման հիման վրա 23.05.2017 թվականին տրված հողամասի սխեման, որում ամրագրված է հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման տարածք: Վերաքննիչ դատարանը գտել է, որ հողամասը սեփականության իրավունքով հայցվորին օտարելու արգելքի առկայությունը ենթակա էր ապացուցման պատասխանողի կողմից, սակայն վերջինս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.11.2018 թվականի թիվ 18-06/1-Գ-5558 գրությունից բացի այլ ապացույց չի ներկայացրել:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.11.2018 թվականի թիվ 18-06/1-Գ-5558 գրության գնահատման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկների հիմնավորվածության հարցին՝ փաստում է, որ վերոնշյալ գրության համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիր, Ա. Խաչատրյան փողոց, թիվ 26/3 հասցեում գտնվող հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում` 6-րդ կետում, այն է՝ ընդհանուր օգտագործման հողեր, և օտարման ենթակա չէ: Մինչդեռ, հայցվորի կողմից ներկայացված հողամասի սխեմայում, ի կատարումն ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի պահանջի, նշված է Երևան քաղաքի Արաբկիր, Ա. Խաչատրյան փողոց, թիվ 26/3 հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման տարածք: Վերոնշյալ ապացույցների համադրությունից հետևում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.11.2018 թվականի թիվ 18-06/1-Գ-5558 գրության բովանդակությունը խնդրո առարկա հողամասի գործառնական նշանակության վերաբերյալ տեղեկությունների մասով չի համապատասխանում հողամասի սխեմայում նշված տվյալներին, որպիսի հակասության պայմաններում Վերաքննիչ դատարանը իրավաչափորեն եզրահանգել է, որ պատասխանողը վերոնշյալ գրությունից բացի հողամասը սեփականության իրավունքով հայցվորին օտարելու արգելքի առկայությունը հիմնավորող այլ ապացույց չի ներկայացրել:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ տվյալ դեպքում ապացուցման ընդհանուր կանոնի համաձայն պատասխանողն է կրում հողամասը սեփականության իրավունքով հայցվորին օտարելու՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված արգելքի առկայությունն ապացուցելու պարտականությունը, քանի որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այդ փաստը դրված է պատասխանողի առարկությունների հիմքում և կարող է ապացուցվել վերջինիս կողմից ներկայացվող ուղղակի ապացույցներով: Մինչդեռ, վերոնշյալ արգելքի բացակայությունն ապացուցելու պարտականություն հայցվորը չի կրում, քանի որ դա հայցվորի համար հանդիսանում է պատասխանողի առարկությունների հասարակ ժխտման հիմքում դրված փաստարկ, և չի ապացուցվում որևէ ուղղակի ապացույցով: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ պատասխանողն է իր առարկությունների հիմքում դրել ձեռքբերման արգելքի առկայությունը, ուստի պարտավոր էր այդ փաստի հաստատմանն ուղղված ապացույցներ ներկայացնել, իրավաչափ է և բխում է վերոնշյալ իրավական կարգավորումներից:

Անդրադառնալով խնդրո առարկա հողամասը uեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքի մյուս վավերապայմանների, մասնավորապես հողամասը բարեխղճորեն օգտագործելու փաստը հաստատված չլինելու վերաբերյալ փաստարկի մասով վճռաբեկ բողոքի հիմնավորվածության հարցին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ շեշտել, որ պետությանը կամ համայնքին պատկանող հողի բարեխիղճ օգտագործումը ենթադրում է օգտագործողի մոտ այն համոզմունքի առկայությունը, որ նա գույքից օգտվում է օրինական հիմքերով: Տվյալ դեպքում Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոց, թիվ 26/3 հասցեում գտնվող հողատարածքը Երևանի Արաբկիր թաղապետարանի և Ա. Ալեքսանյանի միջև 02.10.2001 թվականին կնքված պայմանագրի հիման վրա ժամանակավոր օգտագործման իրավունքով հանձնվել է Ա. Ալեքսանյանին մինչև 31.12.2001 թվականը ժամկետով (փաստ 1)։ Ա. Ալեքսանյանի մահից հետո Երևանի քաղաքապետի 11.05.2017 թվականի թիվ 1510-Ա որոշման հիման վրա հայցվորին թույլատրվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոց, թիվ 26/3 հասցեում անշարժ գույքի հարևանությամբ գտնվող 157.83քմ մակերեսով հողամասի վրա ֆիտոնախագծի համաձայն իրականացնել բարեկարգման աշխատանքներ (փաստ 2)։ Վերոնշյալ փաստերից հետևում է, որ հայցվորը խնդրո առարկա հողատարածքն օգտագործել է օրինական հիմքի՝ Երևանի քաղաքապետի 11.05.2017 թվականի թիվ 1510-Ա որոշման ուժով: Նշված փաստերի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ հիմնավորված է հայցվորի կողմից հողի օգտագործման բարեխղճության պայմանի առկայությունը, և նոր փաստ հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Հետևաբար, անհիմն է վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ հայցվորի կողմից խնդրո առարկա հողամասի օգտագործման բարեխղճությունը կարող է ապացուցվել միայն հողամասի բարեկարգումը հայցվորի կողմից ֆիտոնախագծին համապատասխան իրականացվելու մասին փաստող ապացույցների գնահատման միջոցով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև վճռաբեկ բողոքի հիմքերի գնահատմանն անդրադառնալ նաև բողոք բերած անձի իրավունքների վրա հողամասը ձեռքբերելու նախապատվության իրավունքը դատական կարգով ճանաչվելու իրավական ազդեցության տեսանկյունից:

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել վճիռը հողամասն ուղղակի վաճառքով օտարելուն պարտավորեցնելու պահանջը մերժելու մասով այն հիմնավորմամբ, որ ինքնին սեփականության իրավունքով հողամասը ձեռք բերելու անձի նախապատվության իրավունքը ճանաչված լինելը չի կարող հանգեցնել այդ հողամասի վաճառքին, քանզի սեփականատերն իր հայեցողությամբ է օգտվում գույքի ճակատագիրը որոշելու հնարավորությունից:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածով ամրագրված սեփականության իրավունքով պետական կամ համայնքային հողամասը ձեռք բերելու նախապատվության իրավունքի ճանաչումը կոչված է բացառապես ապահովելու հողամասն ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իր իրավունքների իրավաբանական ձևակերպման օգտագործող անձի առաջնահերթությունը մյուս հավանական ձեռքբերողների նկատմամբ հողամասը սեփականատիրոջ կողմից օտարվելու դեպքում: Նշվածից հետևում է, որ մինչև հողամասի օտարումը հողամասը ձեռք բերելու նախապատվության իրավունքի ճանաչումն ինքնին սեփականատիրոջ իրավունքների ծավալի վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ:

 Անդրադառնալով նաև վճռաբեկ բողոքի այն հիմքին, որ Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածը, որը վերաբերում է հողամասի հատակագծին և տվյալ դեպքում կիրառելի չէ։ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ բողոքն այս մասով հիմնավոր է, քանի որ Վերաքննիչ դատարանը վկայակոչել է հողամասի հատակագծի հասկացությունը սահմանող դրույթները: Սակայն նշված խախտումը որևէ ազդեցություն չունի գործի լուծման տեսանկյունից, քանի որ հողամասի օգտագործման սխեման ևս ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի ուժով հանդիսանում է խնդրո առարկա հողամասի գործառնական նշանակությունը հավաստող պատշաճ ապացույց:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված է, քանի որ ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ, 60-րդ, 72-րդ հոդվածները մեկնաբանվել և կիրառվել են սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ, ուստի սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր փաստ հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման և օրինական ուժ է տրվում Վերաքննիչ դատարանի որոշմանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանից հօգուտ Շուշանիկ Գեղամյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Շուշանիկ Գեղամյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2022 թվական: