Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.11.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
09.11.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

 Վարչական գործ թիվ ՎԴ/0568/05/18
2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0568/05/18 

Նախագահող դատավոր՝

 Կ. Ավետիսյան

Դատավորներ՝

 Կ. Բաղդասարյան

 Կ. Մաթևոսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Հ. ԲԵԴևՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի նոյեմբերի 09-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ոստիկանության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.07.2019 թվականի որոշման դեմ, ըստ հայցի Արգամ Ալեքսանյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն), երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ Ոստիկանության 24.11.2017 թվականի թիվ 5/22-2228 վարչական ակտն անվավեր ճանաչելու, Ոստիկանությանը՝ Արգամ Ալեքսանյանին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արգամ Ալեքսանյանը պահանջել է անվավեր ճանաչել Ոստիկանության 24.11.2017 թվականի թիվ 5/22-2228 վարչական ակտը և պարտավորեցնել Արգամ Ալեքսանյանին նշանակելու երկարամյա ծառայության կենսաթոշակ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր`Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 20.07.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.07.2019 թվականի որոշմամբ Արգամ Ալեքսանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 20.07.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2019 թվականի որոշմամբ Ոստիկանության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է՝ միաժամանակ սահմանելով ժամկետ որոշմամբ նշված սխալը շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը (ներկայացուցիչ՝ Նունե Շաբոյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանի կողմից ««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշման (այսուհետ՝ Որոշում) վերաբերյալ կատարված մեկնաբանությունները հակասում են թիվ ՎԴ/7010/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.06.2019 թվականի որոշմամբ Որոշմանը տրված մեկնաբանություններին:

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշումը, չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածը։

Նշված Որոշմամբ հաստատվել է զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում՝ արտոնյալ պայմաններով, ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն (այսուհետ՝ Կարգ) ու պայմանները:

Ըստ Վերաքննիչ դատարանի եզրահանգման ստացվում է, որ զինվորական ծառայության ստաժում պետք է ընդգրկվեն նաև վերը նշված օրենքով թվարկված զինծառայողների՝ ուսումնական հաստատություններում ուսումնառության տարիները (նախադպրոցական, հանրակրթական և այլն), որովհետև Կարգի 1-ին կետի «ա» ենթակետը օգտագործում է ընդհանուր «ուսումնական հաստատություններ» եզրույթը:

Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է, քանի որ Որոշմամբ չէր կարող նախատեսվել պայման, որի կիրառմամբ ցանկացած ուսումնական հաստատությունում ուսման ժամանակաշրջանը կհամարվեր օրացուցային հաշվարկով զինվորական ծառայություն: Որոշումն ընդունող մարմինը նույն կանոնը շարադրել է Կարգի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում` «ա» կետում ի նկատի ունենալով ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համակարգերի ուսումնական հաստատությունները, իսկ «բ» կետում` ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերի ուսումնական հաստատությունները: Այսինքն` եթե «ա» կետում Որոշումն ընդունող մարմինն ի նկատի ունենար ցանկացած ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածը, ապա նույն նորմը չէր շարադրի նաև «բ» կետում, քանի որ ըստ էության «ա» ենթակետի հիմքով ցանկացած ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածը կհաշվարկվեր զինվորական ծառայության ստաժում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող 14.05.1999 թվականի «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ուսումնական հաստատությունների տիպերն են`

1) նախադպրոցական.

2) հանրակրթական.

21) նախնական մասնագիտական (արհեստագործական).

3) միջին մասնագիտական.

4) բարձրագույն մասնագիտական.

5) լրացուցիչ կրթության, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության.

6) հետբուհական մասնագիտական կրթության:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.07.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 20.07.2018 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Արգամ Ալեքսանյանը 10.11.1985 թվականից մինչև 29.09.1987 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում (հիմք՝ զինվորական գրքույկ, հատոր 1-ին, գ.թ. 46):

2. Արգամ Ալեքսանյանը 06.08.1988 թվականից մինչև 29.06.1993 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանում (հիմք՝ դիպլոմ, հատոր 1-ին, գ.թ. 15) :

3. Արգամ Ալեքսանյանն 01.08.1983 թվականից մինչև 05.11.1985 թվականն աշխատել է Արթիկի շրջան ներքին գործերի բաժնին կից արտագերատեսչական բաժանմունքում, որպես հսկիչ, 01.12.1987 թվականից մինչև 01.09.1988 թվականն աշխատել է Արթիկի պահպանության բաժանմունքում որպես գիշերապահ:

4. Արգամ Ալեքսանյանը 15.06.1995 թվականից մինչև 12.01.1999 թվականն աշխատել է Արթիկի միջշրջանային դատախազությունում որպես ստաժոր քննիչ և քննիչ:

 5. Արգամ Ալեքսանյանը 12.01.1999 թվականից մինչև 28.06.2007 թվականն աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում որպես քննիչ և ավագ քննիչ:

6. Արգամ Ալեքսանյանը 28.06.2007 թվականից մինչև 18.06.2008 թվականը ծառայել է ՀՀ ոստիկանությունում, զբաղեցրած պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն՝ ՀՀ ոստիկանության համակարգում աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ:

7. Արգամ Ալեքսանյանը 20.06.2008 թվականից մինչև 19.10.2017 թվականն աշխատել է ՀՀ ԿԱ hարկային պետական ծառայությունում որպես քննիչ (հիմք՝ աշխատանքային գրքույկ, հատոր 1-ին, գ.թ. 47-51):

8. Արգամ Ալեքսանյանը 10.11.2017 թվականին դիմել է Ոստիկանությանը՝ խնդրելով նշանակել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ (հատոր 1-ին, գ.թ. 11):

9. Ոստիկանության կադրերի վարչության 24.11.2017 թվականի թիվ 5/22-2228 գրությամբ Արգամ Ալեքսանյանի դիմումը երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու մասին մերժվել է՝ ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին առնվազն 20 տարվա զինվորական ծառայության ստաժ չունենալու հիմնավորմամբ (հատոր 1-ին, գ.թ. 12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով այն է՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշումը ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. իրավահարաբերության ծագման պահին գործող «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշման համաձայն արդյո՞ք զինվորական ծառայության երկարամյա կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ստաժը հաշվարկելիս որպես զինվորական ծառայության ստաժ դրանում պետք է ներառվեն նաև բոլոր ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածները։

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծության լույսի ներքո անդրադառնալով նույն օրենքի 17-րդ հոդվածին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ զինվորական կենսաթոշակի իրավունքը ծագում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածում նշված անձանց մոտ, եթե վերջիններս բավարարում են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պայմանները

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլուխը կարգավորում է զինվորական կենսաթոշակ նշանակելու հետ կապված հարաբերությունները: Ընդ որում, նշված գլխի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ զինվորական կենսաթոշակների հիմքում դրված են բացառապես ծառայողական (աշխատանքային) հարաբերությունները: Տվյալ դեպքում օրենսդիրը հաշվի է առել ծառայողական պարտականությունների՝ արտակարգ, կյանքի և /կամ առողջության համար առավել վտանգավոր պայմաններում կատարելու հանգամանքը՝ այս առումով միասնական և հավասար մոտեցում ցուցաբերելով նմանատիպ ծառայություն իրականացնող համակարգերին

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ է նշանակվում համապատասխան մարմիններում, ինչպես նաև քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով և ժամկետներով ծառայած այն անձին, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման թիվ 3 հավելվածի 2-րդ կետի համաձայն` երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելիս` օրենքի 18-րդ հոդվածով սահմանված զինվորական ծառայության ստաժում 20 տարվա և 12 տարի վեց ամսվա օրացուցային հաշվարկով հաշվառվում են` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգերում զինվորական ծառայության ժամանակահատվածը, ինչպես նաև այդ համակարգերի ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից, ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության, ԽՍՀՄ քաղաքացիական պաշտպանության համակարգերում զինվորական ծառայության ժամանակահատվածը, ինչպես նաև այդ համակարգերի ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զինվորական ծառայության ստաժը հաստատվում է` զինվորական ծառայության, հատուկ քննչական ծառայության ծառայողի, քրեակատարողական ծառայողի և հարկադիր կատարողի ծառայության մասին աշխատանքային գրքույկում առկա գրառումներով, զինվորական գրքույկով: Ներքին գործերի մարմիններում ծառայությունը հաստատվում է այդ ծառայության մասին աշխատանքային գրքույկի գրառումներով, իսկ դրանց բացակայության դեպքում` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տված տեղեկանքով.

ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշմամբ` հետադարձ ուժ է տրվել զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքի մինչև 25.12.2000 թվականը գործող` զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու իրավունքի ըստ էության սահմանափակում պարունակող նորմին և մեկ ամսվա ծառայության ծովի մակերևույթից 1500 մետր և ավելի բարձրության բարձր լեռնային վայրերում 1,5 մեկ ու կես ամսի արտոնյալ կարգով հաշվարկը նույն որոշմամբ սահմանափակվել է մինչև 30.11.1998 թվականը:

 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման թիվ 3 հավելվածի 2-րդ կետով հետադարձ ուժ է տրվել նաև ՀՀ կառավարության 26.05.1993 թվականի թիվ 277, այնուհետև 27.11.2000 թվականի թիվ 778 որոշմամբ զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքի մինչև 2011 թվականը գործող` զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու իրավունքի ըստ էության սահմանափակում պարունակող նորմին, այն է՝ զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառելով ոչ թե զինծառայողի ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը, այլ համապատասխան մարմինների, համակարգերի ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածները: 

ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշմամբ չէր կարող նախատեսվել պայման, որի կիրառմամբ ցանկացած ուսումնական հաստատությունում ուսման ժամանակաշրջանը կհամարվեր օրացուցային հաշվարկով զինվորական ծառայություն: Որոշումն ընդունող մարմինը նույն կանոնը շարադրել է Կարգի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում` «ա» ենթակետում ի նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն աոընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի փրկարար ծառայության համակարգերի ուսումնական հաստատությունները, իսկ «բ» ենթակետում` ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերի ուսումնական հաստատությունները: Այսինքն` եթե «ա» ենթակետում Որոշումն ընդունող մարմինն ի նկատի ունենար ցանկացած ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածը, ապա նույն նորմը չէր շարադրի նաև «բ» ենթակետում, քանի որ ըստ էության «ա» ենթակետի հիմքով ցանկացած ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածը կհաշվարկվեր զինվորական ծառայության ստաժում:

Վերոգրյալ վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրառումն ապահովող միջոցների մասին ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշման համաձայն զինվորական ծառայության երկարամյա կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ստաժը հաշվարկելիս որպես զինվորական ծառայության ստաժ չեն կարող ներառվել բոլոր ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածները, այլ պետք է ներառվեն միայն այն ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածները, որոնք ընդգրկված են համապատասխան համակարգերում՝ ուժային կառույցներում, կամ առընթեր են դրանց: Նման իրավակարգավորման տրամաբանությունը կայանում է նրանում, որ նման ուսումնական հաստատություններում անձանց ուսումնառությունն իրականացվում է զինվորական կամ դրան հավասարեցված ծառայություններին բնորոշ որոշակի ռեժիմի պահպանմամբ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով արձանագրել է, որ հայցվորի զինվորական ծառայության, այդ թվում՝ արտոնյալ պայմաններով հաշվարկի ներառմամբ, ստաժը (չներառելով հայցվորի 06.08.1988 թվականից մինչև 29.06.1993 թվականը Երևանի պետական համալսարանում ուսանելու, ինչպես նաև 01.08.1983 թվականից մինչև 05.11.1985 թվականն Արթիկի շրջան ներքին գործերի բաժնին կից արտագերատեսչական բաժանմունքում որպես հսկիչ աշխատելու և 01.12.1987 թվականից մինչև 01.09.1988 թվականն Արթիկի պահպանության բաժանմունքում որպես գիշերապահ աշխատելու ժամանակահատվածը) կազմում է 18 տարի 1 ամիս 9 օր: ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում շարադրված դրույթների վերլուծությունը հանգում է նրան, որ օրենսդիրը նախատեսել է զինվորական ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառել ՀՀ ուժային կառույցներում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ ուժային կառույցներում և նախկին ԽՍՀՄ զինված ուժերում ծառայությունը, ինչպես նաև նույն սկզբունքով, այն է՝ օրացուցային հաշվարկով հաշվառել ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը: Միևնույն կարգի 2-րդ կետով սահմանվել է, որ մեկ տարին վեց ամիս հաշվարկման պայմանով զինվորական ստաժ է համարվում պահեստից զորակոչված սպայական անձնակազմի՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում մինչև 5 տարի առկա ուսուցման ժամանակաշրջանը: Դատարանը եզրահանգել է, որ ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված՝ զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառման ենթակա` «ինչպես նաև նրանց` ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից» պայմանը վերաբերում է նույն ենթակետում նշված ուժային կառույցներին առընթեր կամ այդ ուժային կառույցներում գործող ուսումնական հաստատություններին: Տվյալ պարագայում հայցվորի ուսումը վերաբերում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում բարձրագույն իրավաբանական կրթություն ստանալուն, ինչպիսի կրթության ժամանակաշրջանը չի կարող ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի «ա» ենթակետի կիրառմամբ գնահատվել որպես զինվորական ծառայություն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար: 

Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Դատարանի վճիռը, գտել է, որ 06.08.1988 թվականից մինչև 29.06.1993 թվականն ընկած ժամանակահատվածում Երևանի պետական համալսարանում հայցվորի ուսումնառության ժամանակահատվածն ընդգրկվում է երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվառվող ժամանակային տիրույթում, գտել է, որ հայցվորն օգտվում է երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից, քանի որ ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին ունեցել է առնվազն 20 տարվա զինվորական ծառայության ընդհանուր ժամկետ (ստաժ)` հաշվի առնելով, որ հայցվորի ծառայության 18 տարի 2 ամիս 5 օր ժամանակահատվածը և Երևանի պետական համալսարանում ուսումնառության տարիների հանրագումարն ընդհանուր առմամբ 20 տարին գերազանցում է:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արգամ Ալեքսանյանը 10.11.1985 թվականից մինչև 29.09.1987 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում:

Արգամ Ալեքսանյանը 06.08.1988 թվականից մինչև 29.06.1993 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանում:

Արգամ Ալեքսանյանն 01.08.1983 թվականից մինչև 05.11.1985 թվականն աշխատել է Արթիկի շրջան ներքին գործերի բաժնին կից արտագերատեսչական բաժանմունքում, որպես հսկիչ, 01.12.1987 թվականից մինչև 01.09.1988 թվականն աշխատել է Արթիկի պահպանության բաժանմունքում որպես գիշերապահ:

 Արգամ Ալեքսանյանը 15.06.1995 թվականից մինչև 12.01.1999 թվականն աշխատել է Արթիկի միջշրջանային դատախազությունում որպես ստաժոր քննիչ և քննիչ:

 Արգամ Ալեքսանյանը 12.01.1999 թվականից մինչև 28.06.2007 թվականն աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում որպես քննիչ և ավագ քննիչ:

 Արգամ Ալեքսանյանը 28.06.2007 թվականից մինչև 18.06.2008 թվականը ծառայել է ՀՀ ոստիկանությունում:

 Արգամ Ալեքսանյանը 20.06.2008 թվականից մինչև 19.10.2017 թվականն աշխատել է ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայությունում որպես քննիչ:

 Արգամ Ալեքսանյանը 10.11.2017 թվականին դիմել է Ոստիկանությանը՝ խնդրելով նշանակել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ:

 Ոստիկանության կադրերի վարչության 24.11.2017 թվականի թիվ 5/22-2228 գրությամբ Արգամ Ալեքսանյանի դիմումը, ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին առնվազն 20 տարվա զիվորական ծառայության ստաժ չունենալու հիմնավորմամբ, մերժվել է։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի զինվորական ծառայության ստաժն օրացուցային հաշվարկով կազմել է 14 տարի 11 ամիս 27 օր, իսկ արտոնյալ հաշվարկով՝ 18 տարի 2 ամիս 5 օր: Արգամ Ալեքսանյանի զինվորական ծառայության հետ չկապված աշխատանքային ստաժը կազմել է 7 տարի 9 ամիս 18 օր: Հետևաբար սույն վարչական գործով ներկայացված հայցի քննարկման համար էական է դառնում Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում բարձրագույն իրավաբանական կրթություն ստանալու տարիները որպես զինվորական ծառայության ստաժ համարելու հանգամանքը:

Վերն արտահայտած իրավական դիրքորոշմանը համապատասխան՝ ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված՝ զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառման ենթակա` «ինչպես նաև նրանց` ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից» պայմանը վերաբերում է նույն ենթակետում նշված ուժային կառույցներին առընթեր կամ այդ ուժային կառույցներում գործող ուսումնական հաստատություններին: Մինչդեռ տվյալ պարագայում հայցվորի վկայակոչած ստաժը վերաբերում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում բարձրագույն իրավաբանական կրթություն ստանալուն, որպիսի ժամանակաշրջանը չի կարող ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի «ա» ենթակետի կիրառմամբ գնահատվել որպես զինվորական ծառայության ստաժ՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն առ այն, որ 06.08.1988 թվականից մինչև 29.06.1993 թվականն ընկած ժամանակահատվածում Երևանի պետական համալսարանում հայցվորի ուսումնառության ժամանակահատվածն ընդգրկվում է երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվառվող ժամանակային տիրույթում և հայցվորն այլևս օգտվում է երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոք բերած անձի փաստարկները Վերաքննիչ դատարանի կողմից նյութական իրավունքի նորմի սխալ մեկնաբանման մասին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում կիրառելի են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող կարգավորումները, որոնք երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքի, ինչպես նաև զինվորական ստաժի արտոնյալ հաշվարկի համար նախատեսել են 20 օրացուցային տարվա զինվորական ստաժի առկայություն: Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն՝ Արգամ Ալեքսանյանը ծառայությունից սահմանված կարգով ազատվելու պահին ունեցել է օրացուցային 18 տարի 2 ամիս 5 օր զինվորական ստաժ, հետևաբար «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով ծառայությունից արձակվելու պահին վերջինս չի ունեցել երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստանալու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժ:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Դատարանը 20.07.2018 թվականի վճռով եկել է ճիշտ եզրահանգման այն մասին, որ հայցվորի 06.08.1988 թվականից մինչև 29.06.1993 թվականը Երևանի պետական համալսարանում ուսանելու ժամանակահատվածը չի կարող գնահատվել որպես զինծառայության երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվառվող ստաժ, ինչն էլ վկայում է այն մասին, որ հայցվորի զինվորական ծառայության, այդ թվում՝ արտոնյալ պայմաններով հաշվարկի ներառմամբ, ստաժը չի բավարարում երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվելու պարտադիր նախապայման հանդիսացող՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված՝ ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին առնվազն 20 տարվա զինվորական ծառայության ընդհանուր ժամկետով ստաժ ունենալու պայմանին, հետևաբար հայցվորի պահանջը՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու և բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու մասին, անհիմն է և ենթակա է մերժման:

Միաժամանակ, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը նախկինում կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշմամբ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու հարցի վերաբերյալ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. կենսաթոշակ նշանակելու համար զինվորական ծառայության ստաժը հաշվարկելու կանոններում արդեն հստակորեն սահմանվել է, որ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելիս Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված զինվորական ծառայության ստաժում (20 տարվա և 12 տարի վեց ամսվա) օրացուցային հաշվարկով հաշվառվում են Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգերում զինվորական ծառայության ժամանակահատվածը, այդ համակարգերի ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից, և ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության, ԽՍՀՄ քաղաքացիական պաշտպանության համակարգերում զինվորական ծառայության ժամանակահատվածը, ինչպես նաև այդ համակարգերի ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից: Վերագրյալի հիման վրա ՀՀ վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցվորի պահանջը՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում սովորելու ժամանակաշրջանը որպես ծառայության ստաժ հաշվառելու և երկարամյա ծառայության կենսաթոշակի հաշվարկված ընդհանուր ժամկետի վերահաշվարկ կատարելու մասով, անհիմն է և ոչ իրավաչափ (տե՛ս, Արա Սարգսյանն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության թիվ ՎԴ/7010/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.06.2019 թվականի որոշումը): Ուստի, հիմնավոր է վճռաբեկ բողոքի հիմքն այն մասին, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշման մեջ ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշման վերաբերյալ կատարված մեկնաբանությունները հակասում են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/7010/05/18 վարչական գործով 14.06.2019 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Որոշմանը տրված մեկնաբանություններին:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ոստիկանությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, և, քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ոստիկանության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Արգամ Ալեքսանյանի կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.07.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 20.07.2018 թվականի վճռին:

2. Արգամ Ալեքսանյանից հօգուտ ՀՀ ոստիկանության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Հ. ԲԵԴևՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան