Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.12.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՇԴ/0035/15/18

Գործ թիվ ՇԴ/0035/15/18

Նախագահող դատավոր՝  Ս.Մարաբյան

 

           ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան)

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

     

2021 թվականի դեկտեմբերի 24-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունվարի 30-ի որոշման դեմ դատապարտյալ Վահե Անդրանիկի Ղուկասյանի պաշտպան Մ.Մուրադյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 22-ի դատավճռով Վահե Անդրանիկի Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 17 (տասնյոթ) տարի ժամկետով: Պատիժը կրելու սկիզբը հաշվվել է 2013 թվականի ապրիլի 24-ից:

1.1. ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի (այսուհետ նաև` «Արթիկ» ՔԿՀ) պետի՝ 2015 թվականի հունիսի 8-ի որոշմամբ դատապարտյալ Վ.Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի՝ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 8-րդ մասի 6-րդ կետը, պատժաչափի չկրած մասը կրճատվել է 6 (վեց) ամսով և թողնվել է կրելու ազատազրկում՝ 16 (տասնվեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

1.2. «Արթիկ» ՔԿՀ պետի՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ դատապարտյալ Վ.Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» (այսուհետ նաև՝ Համաներման մասին օրենք) ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասը, նշանակված պատժաչափը կրճատվել է 9 (ինը) ամսով և թողնվել է կրելու ազատազրկում՝ 15 (տասնհինգ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով:

«Արթիկ» ՔԿՀ պետի՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշման դեմ դատապարտյալ Վ.Ղուկասյանի պաշտպան Մ.Մուրադյանը բողոք է ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն:

Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Գ.Գրիգորյանը (այսուհետ նաև՝ Դատախազ) 2018 թվականի դեկտեմբերի 12-ին պաշտպան Մ.Մուրադյանին գրությամբ հայտնել է, որ «Արթիկ» ՔԿՀ պետի՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշումն օրինական է ու հիմնավոր, այն կասեցնելու և վերանայելու միջնորդագիր ներկայացնելու հիմքեր չկան:

2. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ դատապարտյալ Վ.Ղուկասյանի պաշտպան Մ.Մուրադյանի բողոքը՝ «Արթիկ» ՔԿՀ պետի՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշման և Դատախազի՝ 2018 թվականի դեկտեմբերի 12-ի գրության դեմ, մերժվել է:

3. Պաշտպան Մ.Մուրադյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հունվարի 30-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Մ.Մուրադյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ արձանագրել է, որ «(…) Վ.Ղուկասյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.07.2014թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել, ի թիվս այլ հանցավոր արարքների, նաև ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի համար: Հաշվի առնելով Համաներման ակտի 2-րդ հոդվածի 12-րդ մասերի իրավադրույթները, այն, որ Համաներման ակտի 2-րդ հոդվածի 1-5-րդ և 7-րդ մասերը կիրառվում են անձի նկատմամբ, եթե նույն հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով այլ բան նախատեսված չէ, մինչդեռ Վահե Ղուկասյանը դատավճռով մեղավոր է այդ թվում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և այդ հանցավոր արարքի համար դատապարտված անձանց նկատմամբ համաներման կիրառման առանձնահատուկ կարգ է սահմանված Համաներման ակտի 2-րդ հոդվածի 8-րդ մասով՝ նախատեսելով պատժաչափի կրճատում 9 ամիս ժամկետով, դատարանը գտնում է, որ Վահե Ղուկասյանի նկատմամբ կիրառելի է Համաներման ակտի հենց 2-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված իրավադրույթը:

Նման պայմաններում, գնահատելով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկի պետի «Համաներում կիրառելու մասին» 16.11.2018թ. որոշումը՝ դատարանը գտնում է, որ այդ որոշումը հիմնավոր է, կայացվել է Համաներման ակտին համապատասխան, ուստի՝ բողոքն ամբողջությամբ ենթակա է մերժման (…)»1:

6. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, երբ մերժել է դատապարտյալի փաստաբանի բողոքը, ուստի Վերաքննիչ դատարանն այն թողնում է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը մերժում (…)2։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական և հիմնավորված չեն, թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում, անտեսվել է օրենսդրի կամքը և հիմք է ընդունվել ՀՀ արդարադատության նախարարության տրամաբանության վրա ձևավորված դիրքորոշումը, մինչդեռ ենթակա էր կիրառման Համաներման մասին օրենքով սահմանված հատուկ կանոնը, որը չի կիրառվել: Մասնավորապես, չի կիրառվել Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասում առկա փակագծերի մեջ գրառված՝ «բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերի պայմանը, ինչի արդյունքում իմաստազրկվել է այդ պահանջի բուն էությունը, որով էլ պայմանավորված կայացվել է չհիմնավորված դատական ակտ:

Բողոքաբերը փաստել է, որ «Արթիկ ՔԿՀ-ի և դատախազության կողմից Համաներման մասին օրենքով սահմանված պահանջները սխալ են մեկնաբանվել, մինչդեռ ճիշտ մեկնաբանման և կիրառման արդյունքում Վ.Ղուկասյանի նկատմամբ պատժաչափը պետք է կրճատվեր մեկ քառորդով:

Ըստ բողոքաբերի՝ Վ.Ղուկասյանի դեպքում Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասի կանոնները կիրառելի չեն, քանի որ նույն նորմով հղում է կատարվել նույն հոդվածի 10-րդ մասի 5-րդ կետին՝ սահմանելով 2-րդ հոդվածի 8-րդ մասի կանոնի կիրառման պայմանը: Իսկ նույն հոդվածի 10-րդ մասի պահանջները նույնպես կիրառելի չեն, քանի որ այդ մասով թվարկված հանցավոր արարքներին համընկնող Վ.Ղուկասյանի կատարած արարքը հանդիսանում է հանցափորձ: Վ.Ղուկասյանի հիմնական պատժաչափը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով կատարած հանցանքի համար նշանակված պատիժը, իսկ Համաներման մասին օրենքը կիրառելիս առաջնային պետք է հանդիսանա այդ հոդվածի նկատմամբ կիրառելի առավել բարենպաստ իրավիճակը:

Ըստ բողոքաբերի՝ Վ.Ղուկասյանի դեպքում չկա Համաներման մասին օրենքով սահմանված այնպիսի իրավակարգավորում, որը արգելք կհանդիսանա Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-5-րդ և 7-րդ մասերի կանոնների կիրառման համար, և հաշվի առնելով, որ Վ.Ղուկասյանը դատապարտվել է ազատազրկման՝ 10 տարուց ավելի ժամկետով, հետևաբար նրա նկատմամբ պետք է կիրառվի նույն հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետի կանոնը:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, հաստատել Վ.Ղուկասյանի իրավունքների խախտման փաստը, պարտավորեցնել պատիժն իրականացնող մարմնին վերացնելու «Արթիկ» ՔԿՀ պետի՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը և դատապարտյալ Վ.Ղուկասյանի նկատմամբ կիրառել Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերը, ըստ էության, բարձրացրել է դատապարտյալ Վ.Ղուկասյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասի կիրառման իրավաչափության հարցը: Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմը, և հաշվի առնելով այդ կապակցությամբ Մխիթար Էլոյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները3` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախքան բողոքաբերի կողմից բարձրացրած իրավական խնդրին անդրադառնալն անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել ստորադաս դատարանների կողմից դատական ակտերն օրինական կազմով կայացված լինելու հարցը, քանի որ սույն գործով առերևույթ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք:

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. դատապարտյալ Վ.Ղուկասյանի պաշտպան Մ.Մուրադյանի՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած բողոքն ընդդատյա՞ է արդյոք քրեական գործեր քննող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

11. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի (...) քննության իրավունք»:

12. ՀՀ Սահմանադրական դատարանը, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ ՍԴՈ-1439 որոշման շրջանակներում անդրադառնալով դատական որոշումների կատարման փուլում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա գործերի (նյութերի) շրջանակին, արձանագրել է հետևյալը. «(…) [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի «Առաջին ատյանի դատարաններին ընդդատյա գործերը» վերտառությամբ 44-րդ հոդվածի համաձայն՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննում է բոլոր քրեական գործերը, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ:

Համադրելով վերոգրյալ դրույթը՝ [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 41-րդ հոդվածում ոչ սպառիչ թվարկված դատարանի լիազորությունների հետ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը, ինչպես նաև դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իրականացնում է քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործերի (նյութերի) քննության շրջանակներում: Իսկ քրեադատավարական օրենսդրությամբ դատարանի այդ լիազորությունների իրականացման կարգը սահմանված է [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ 49-րդ գլխում, որին համապատասխան՝ դատարանի կողմից լուծման ենթակա հարցերը վերաբերում են, մասնավորապես, դատարանի որոշումը կատարման հանձնելու կարգադրությանը, դատական որոշումն ի կատար ածելու փուլում դատապարտյալի իրավունքների ապահովմանը՝ կապված դատական որոշման կատարման հետ, դատական որոշման վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծմանը, դատական որոշման կատարման հետաձգմանը, տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելուն, պատիժը կրելուց ազատելուն հիվանդության պատճառով, այն դատապարտյալին պատժից ազատելուն, որի նկատմամբ դատական որոշման կատարումը հետաձգված է, ինչպես նաև դատական որոշման կատարման հետաձգումը վերացնելուն, պատժից պայմանական վաղակետ ազատելուն և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելուն, դատապարտյալի հետախուզմանը, բուժական հիմնարկում գտնվելու ժամանակի հաշվանցմանը պատժի ժամկետի մեջ:

Ինչ վերաբերում է [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին, համաձայն որի՝ դատարանի լիազորությունների շարքին է դասվում նաև «օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը», ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեադատավարական օրենսդրությամբ, այդ թվում՝ այլ օրենքով, այս կամ այն հարցի, գործի կամ նյութի քննությունը կհամարվի դատարանի ընդդատությանը վերապահված, եթե այդ օրենքով այն ուղղակիորեն նախատեսված կլինի որպես քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանի լիազորություն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, վերոհիշյալ կանոնակարգումների համաձայն, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա են պատժի կատարման հետ կապված միայն օրենքով նախատեսված գործերը: Այդ պատճառով սահմանադրական օրենքը քրեական մասնագիտացման դատավորին ընդդատյա՝ պատժի կատարման հետ կապված գործերը որոշակիացնելու համար ընտրել է օրենքով հատուկ նախատեսված լինելու կանխատեսելի չափանիշը:

Ներկայիս օրենսդրական կարգավորումների պայմաններում այդպիսին են [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 49-րդ գլխով սահմանված հարցերը կամ գործերը (…)»։

Արդյունքում, ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «մինչև Ազգային ժողովի կողմից սույն որոշմամբ արտահայտված առկա համակարգային իրավական անորոշության հաղթահարումը, քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկման հետ կապված գործերը ենթակա են քննության ՀՀ վարչական դատարանի կողմից, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, քանի դեռ պատժի կատարման հետ կապված կոնկրետ գործի, նյութի կամ հարցի քննության իրավասությունն օրենքով հստակ վերապահված չէ քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանին:

Միաժամանակ, Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝ դատապարտյալի բողոքները քննելու դատարանի լիազորության բացակայությունը չի կարող փոխհատուցվել Օրենսգրքի 49-րդ գլխով նախատեսված ընդհանուր ընթացակարգերի կիրառմամբ, քանի որ դրանցով չեն լուծվում մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես՝ տարածքային ընդդատության, բողոքի քննության ժամկետների, կարգի առանձնահատկությունների, ապացուցման բեռի բաշխման, ինչպես նաև կայացվելիք դատական ակտի բովանդակության և դրա բողոքարկման հետ կապված խնդիրները»4:

12.1. Վճռաբեկ դատարանը, ՀՀ Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Տիգրան Չավուշյանի գործով արձանագրել է, որ դատապարտյալի նկատմամբ համաներման ակտ կիրառելու հետ կապված հարցերի լուծումը քրեադատավարական օրենսդրությամբ ուղղակիորեն սահմանված չէ որպես քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանի լիազորություն, ինչպես նաև նախատեսված չեն այդ հարցերի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ քրեաիրավական և քրեադատավարական կառուցակարգեր և ընթացակարգեր, որպիսի պայմաններում այդ հարցերի քննությունը և լուծումը դուրս է քրեադատավարական տիրույթից և գտնվում է ՀՀ վարչական դատարանի իրավասության շրջանակում: Այլ կերպ՝ պատժի կրման ընթացքում համաներման ակտի դրույթների կիրառելիության հետ կապված վեճերը, հետևաբար նաև դրանց վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի գործողությունների (անգործության) և որոշումների դեմ բերված բողոքներն ընդդատյա չեն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին5։

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- «Արթիկ» ՔԿՀ պետը 2018 թվականի նոյեմբերի 16-ին որոշում է կայացրել դատապարտյալ Վ.Ղուկասյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասը կիրառելու վերաբերյալ: Վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ Վ.Ղուկասյանի պաշտպան Մ.Մուրադյանի բողոքին ի պատասխան Դատախազը 2018 թվականի դեկտեմբերի 12-ին գրությամբ հայտնել է, որ «Արթիկ» ՔԿՀ պետի որոշումն օրինական է ու հիմնավոր, այն կասեցնելու և վերանայելու միջնորդագիր ներկայացնելու հիմքեր չկան6:

- Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ պաշտպան Մ.Մուրադյանի բողոքը՝ «Արթիկ» ՔԿՀ պետի՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշման և Դատախազ Գ.Գրիգորյանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 12-ի գրության դեմ, մերժվել է: Առաջին ատյանի դատարանը գտել է, որ դատապարտյալ Վ.Ղուկասյանի նկատմամբ կիրառելի է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված իրավադրույթը7:

- Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ՝ արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ8:

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12.1-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, դատապարտյալ Վ.Ղուկասյանի պաշտպան Մ.Մուրադյանի բողոքն ըստ էության քննության առնելով, հաշվի չեն առել, որ «Արթիկ» ՔԿՀ պետի՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշման և դրա բողոքարկման արդյունքում կայացված Դատախազի՝ 2018 թվականի դեկտեմբերի 12-ի գրության դեմ ներկայացված բողոքը, ըստ էության, վերաբերում է հարցերի այնպիսի շրջանակի, որի քննությունը և լուծումը դուրս է քրեադատավարական տիրույթից:

Այսպես, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշման և դրա բողոքարկման արդյունքում կայացված՝ Դատախազի՝ 2018 թվականի դեկտեմբերի 12-ի գրության դեմ ներկայացված բողոքով դատապարտյալ Վ.Ղուկասյանի պաշտպանը բարձրացրել է համաներման ակտի դրույթների կիրառելիության հարց, որը քրեադատավարական օրենսդրությամբ ոչ միայն սահմանված չէ որպես քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանի լիազորություն, այլև բացակայում են այդ հարցի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ քրեաիրավական և քրեադատավարական կառուցակարգերը և ընթացակարգերը, ուստի դրա վերաբերյալ «Արթիկ» ՔԿՀ պետի՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ի որոշման և դրա բողոքարկման արդյունքում կայացված՝ Դատախազի՝ 2018 թվականի դեկտեմբերի 12-ի գրության դեմ բերված բողոքն ընդդատյա չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին և կարող է քննության առնվել վարչադատավարական տիրույթում՝ վարչական դատարանի կողմից, որպիսի մոտեցումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հունվարի 22-ի թիվ ՍԴՈ-1439 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

15. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Վ.Ղուկասյանի պաշտպան Մ.Մուրադյանի՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած բողոքն ընդդատյա չէ քրեական գործեր քննող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ, 44-րդ հոդվածների և 49-րդ գլխի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Վ.Ղուկասյանի պաշտպան Մ.Մուրադյանի՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած բողոքը պետք է մերժել՝ այն քրեական գործեր քննող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա չլինելու պատճառաբանությամբ:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն այլևս չի անդրադառնում բողոքաբերի՝ սույն որոշման 7-րդ կետում բարձրացված փաստարկներին:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման կայացման պայմաններում Վ.Ղուկասյանը զրկված չէ ՀՀ վարչական դատարան համանման բողոք ներկայացնելու իրավունքից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Վահե Անդրանիկի Ղուկասյանի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 21-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը բեկանել և փոփոխել: Դատապարտյալ Վահե Ղուկասյանի պաշտպան Մ.Մուրադյանի բողոքը մերժել՝ այն քրեական գործեր քննող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա չլինելու պատճառաբանությամբ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

___________________________

1Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 18-20:

2Տե՛ս, նյութեր, հատոր 2, թերթեր 63-70:

3Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Մխիթար Էլոյանի և մյուսների գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը:

4Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հունվարի 22-ի թիվ ՍԴՈ-1439 որոշումը:

5Մանրամասն տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Տիգրան Չավուշյանի գործով 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ԿԴ3/0003/13/20 որոշումը:

6Տե՛ս, սույն որոշման 1.2-րդ կետը։

7Տե՛ս, սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերը։

8Տե՛ս, սույն որոշման 6-րդ կետը

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան