Գլխավոր տեղեկություն
Համար
N 384-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.2022-25.02.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 384-Ա

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով՝

1. Ստեղծել Քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհուրդ:

2. Հաստատել Քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի՝

1) կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

13.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 384-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ)

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահի տեղակալ)

ՀՀ էկոնոմիկայի նախարար

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավար

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) կամ համապատասխան մարզպետ

Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ (համաձայնությամբ)

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության խորհրդական (խորհրդի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

13.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 384-Ա որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) ստեղծվում է որպես միջգերատեսչական մարմին, որի գործունեությունը միտված է աջակցելու, կանոնակարգելու և հավասար հնարավորություններ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական ծրագրերի հետ կապված աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, այլ իրավական ակտերով, քաղաքաշինության ոլորտի կանոնակարգերով և սույն աշխատակարգով:

 

2. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Խորհրդի նպատակներն են՝

1) աջակցել և խթանել Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության բնագավառի քաղաքականության մշակման ու ռազմավարական և մարտավարական ծրագրերի իրականացման գործընթացներին.

2) քաղաքաշինական փաստաթղթերի և ծրագրերի համապարփակ մասնագիտական քննարկումների, ճարտարապետական և քաղաքաշինական նախագծերի վերաբերյալ առաջարկությունների մշակման, նախագծային լուծումների որակի բարձրացման ապահովումը:

4. Խորհրդի հիմնական խնդիրներն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական քաղաքականության հիմնական ուղղությունների, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական ռազմավարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կազմակերպման և զարգացման ռազմավարության շրջանակում քաղաքաշինական ծրագրերի իրականացման խթանում.

2) Հայաստանի Հանրապետության տարածքների արդյունավետ օգտագործման սկզբունքների ձևավորման և կատարելագործման հիման վրա քաղաքաշինական ծրագրերի աջակցում.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական, ինժեներական և տրանսպորտային հաղորդակցության զարգացման ծրագրերի իրականացման շրջանակում ծագող խնդիրների վերաբերյալ լուծումների, որոշումների քննարկում և նախապատրաստում։

 

3. ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Խորհուրդն իրեն վերապահված հիմնական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) աջակցում է քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում պետական և համայնքային քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը.

2) մեթոդական աջակցություն է ցուցաբերում քաղաքաշինական ծրագրերի ներդրումային գրավչությունը բարձրացնելու պետական միջոցառումների մշակման և իրականացման գործում.

3) իրականացնում է քաղաքային և գյուղական բնակավայրերի տարածքային կազմակերպման, բնակավայրերի համակարգերի, ինչպես նաև միջբնակավայրային տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների զարգացման շրջանակում քաղաքաշինական ծրագրերին առնչվող խնդիրների վերլուծություն.

4) կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական ծրագրերով նախատեսվող կառույցների վերաբերյալ առաջարկությունների քննարկումներ.

5) քաղաքաշինական ծրագրերի իրականացման գործընթացների բարելավման ուղղությամբ ներկայացնում է առաջարկություններ:

6. Խորհուրդն իրավունք ունի՝

1) փորձի ընդհանրացման, տարածքների պլանավորման և զարգացման պրակտիկայի կատարելագործման առաջարկների կազմման համար խորհրդի աշխատանքներին ներգրավել մասնագետների, հասարակական, գիտական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների (այդ թվում` վերլուծության, փորձաքննության և գնահատման նպատակով).

2) քաղաքաշինական պլանավորման գործունեության ծրագրավորման և կարգավորման բնագավառում փոխգործակցել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

3) խորհրդի իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալու տեղեկատվություն և այլ անհրաժեշտ նյութեր.

4) իր նիստերին հրավիրել հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնց ներկայությունն անհրաժեշտ է խորհրդի որոշումները կայացնելու գործընթացում.

5) քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում որոշակի կարևորագույն խնդիրների վերաբերյալ առաջարկներ նախապատրաստելու համար ստեղծել ենթահանձնաժողովներ.

6) մշակել քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում կառավարման բարելավման և հանրապետական քաղաքականության արդյունավետության բարձրացման միջոցառումներ:

 

4. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

7. Խորհուրդը կազմված է խորհրդի նախագահից, նրա տեղակալից, քարտուղարից և խորհրդի անդամներից, ովքեր խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

8. Խորհրդի նիստերն անցկացվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի կողմից կամ նրա հանձնարարությամբ` խորհրդի նախագահի տեղակալի կողմից: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների առնվազն կեսը: Խորհրդի անդամները նիստերին մասնակցում են անձամբ:

9. Խորհրդի անդամները քննարկվող հարցերի շուրջ կարող են ներկայացնել հատուկ կարծիք:

10. Խորհրդի նախագահը՝

1) ղեկավարում է խորհրդի գործունեությունը.

2) նշանակում է խորհրդի նիստերի անցկացման օրը, վայրը, հաստատում նիստերի օրակարգը և վարում է նիստերը.

3) ներկայացնում է խորհուրդն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:

11. Խորհրդի քարտուղարը՝

1) արձանագրում է խորհրդի նիստերը և կազմում որոշումների նախագծերը.

2) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստերում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) կատարում է խորհրդի նախագահի հանձնարարականները:

12. Խորհրդի անդամները՝

1) իրավունք ունեն՝

ա. խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր,

բ. ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ,

գ. ներկայացնելու հատուկ կարծիք խորհրդի որոշումների վերաբերյալ,

դ. ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին.

2) պարտավոր են՝

ա. մասնակցել խորհրդի աշխատանքներին,

բ. կատարել խորհրդի որոշումները և խորհրդի նախագահի հանձնարարականները:

 

5. ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Խորհուրդը քննարկվող հարցերի վերաբերյալ կայացնում է որոշումներ, որոնք ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Խորհրդի նիստերն անցկացվում են՝

1) խորհրդի նիստերը հրավիրվում են խորհրդի նախագահի կողմից հաստատված օրակարգով.

2) խորհրդի նիստի օրակարգում նշվում են՝ քննարկվող հարցերը, զեկուցողի անունը, ազգանունը.

3) խորհրդի քարտուղարը նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ էլեկտրոնային եղանակով տրամադրում է խորհրդի անդամներին.

4) խորհրդի նիստի արդյունքներով կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է խորհրդի նախագահի և անդամների կողմից: Արձանագրության մեջ նշվում են՝

ա. նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը,

բ. նիստի օրակարգը,

գ. նիստի մասնակիցների, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները,

դ. խորհրդի անդամների առաջարկությունները, ընդունված աշխատանքային որոշումները, առկայության դեպքում՝ նշումներ հատուկ կարծիքների մասին,

ե. ըստ անհրաժեշտության՝ նիստի արձանագրությանը կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութերը:

 

6. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

15. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

13.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ