Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.05.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.05.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Գործ թիվ ՎԲ-79/07

ՎԲ-79/07

Նախագահող դատավոր՝  Ա. Դավթյան

 

    ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

               

նախագահությամբ`

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ`

Դ. Ավետիսյանի

Հ. ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Մ. Սիմոնյանի

 

Ս. Օհանյանի

քարտուղար`

Ք. Մարտիրոսյանի

 

մասնակցությամբ

դատախազ`

  

Ս. Մնացականյանի

     

2007 թվականի մայիսի 04-ին

ք. Երևանում

       

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Տիգրան Համոյի Սայադխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մայիսի 17-ի դատավճռի դեմ,

   

Պ Ա Ր Զ Ե Ց

   

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Տիգրան Համոյի Սայադխանյանի կողմից խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով քրեական գործը հարուցվել է 2005 թվականի օգոստոսի 19-ին։ 2006 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ Տիգրան Սայադխանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով ներգրավվել է որպես մեղադրյալ։ 2006 թվականի մարտի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան։

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մայիսի 17-ի դատավճռով Տիգրան Սայադխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով և դատապարտվել 150.000 ՀՀ դրամ տուգանքի։

Որոշվել է Տիգրան Սայադխանյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 47 միլիոն 22 հազար 600 հարյուր ՀՀ դրամ որպես հարկային պարտավորությունների գծով հաշվարկված պարտքի գումար։

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննության կարգով չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ։

Նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի քննության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2007թվականի ապրիլի 3-ի որոշմամբ վարույթ է ընդունվել։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։

   

2.Գործի փաստական հանգամանքները.

Նախաքննության մարմինը Տիգրան Սայադխանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրել հետևյալ արարքների համար.

Տիգրան Սայադխանյանը 1998 թվականի մայիսի 12-ին ՀՀ պետական ռեգիստրի մարմինների կողմից գրանցվել է որպես անհատ ձեռներեց, որի մասին նրան տրվել է թիվ 046301 վկայականը։

Նույն` 1998 թվականին նա հաշվառվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Խորհրդային տեսչությունում որպես հարկ վճարող՝ իր գործունեության իրավաբանական հասցե նշելով իր կնոջ եղբայր Արմեն Մովսիսյանի փաստացի բնակության վայր հանդիսացող Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի 50-րդ շենքի թիվ 38 բնակարանը։ Հաշվառվելով համապատասխան մարմիններում որպես անհատ ձեռներեց և հարկատու` Տիգրան Սայադխանյանն իրականացրել է առևտրային գործունեություն, սակայն իր եկամուտների մասին հարկային մարմիններին հայտարարագիր չի ներկայացրել, ինչը հանգեցրել է խոշոր չափերի հարկերի չվճարման։ Այսպես` 2003 թվականի հունիսի 16-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ նա հանրապետության տարածք է ներմուծել տարբեր տեսակի ապրանքանյութական արժեքներ, հիմնականում՝ կենցաղային տեխնիկա 256738.9 հազար ՀՀ դրամ մաքսային արժողությամբ, իրացրել է դրանք, սակայն այդ իրացման արդյունքում իր եկամուտների մասին հայտարարագիր չի ներկայացրել։

Տիգրան Սայադխանյանի հիշյալ գործունեության մասին հարկային մարմիններին հայտնի է դարձել, երբ մաքսային ծառայությունը նրա ներդրումների մասին սահմանված կարգով տրամադրել է համապատասխան տեղեկատվություն։ Արդյունքում կատարվել է համապատասխան ստուգում, որի ընթացքում, հաշվի առնելով ապրանքների իրացման հաշվապահական փաստաթղթերի բացակայությունը, հիմք է ընդունվել գրանցված մաքսային արժեքը, որից ելնելով էլ հաշվարկվել է, որ Տ.Սայադխանյանի չվճարած հարկային պարտավորությունները կազմել են խոշոր չափերի, այն է՝ 19653.5 հազար ՀՀ դրամ, այդ թվում` 9886.7 հազար ՀՀ դրամ ԱԱՀ, 8040.4 հազար ՀՀ դրամ եկամտահարկ, 2158.1 հազար ՀՀ դրամ սոցիալական վճարումներ և հանգեցրել այդ գումարի չափով հարկերի չվճարման։

    

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի քննության ընթացքում դատապարտյալ Տիգրան Սայադխանյանը ցուցմունք է տվել, որ տնտեսական գործունեությամբ երբևէ չի զբաղվել, ապրանքներ չի ներմուծել և չի վաճառել։ Նա հայտնել է, որ 2003 թվականին ծանոթացել է Աբդուլ անունով անձի հետ, որն իրեն առաջարկել է արտասահմանյան երկրներից ներմուծված ապրանքները մաքսազերծել իր անվամբ, որին ինքը համաձայնվել է` նրան հանձնելով իր անձնագիրը, իր անվամբ բացված անհատ ձեռնարկատիրոջ վկայականը և ձեռնարկության կնիքը։ Որոշ ժամանակ անց Աբդուլը վերադարձրել է անձնագիրը, վկայականը, կնիքը, իրեն է տվել 2 միլիոն ՀՀ դրամ և հավաստիացրել, որ հարկային պարտավորությունների հետ կապված խնդիրները լուծված են։ Երևան քաղաքի բնակիչ Արթուր Բաբայանը ցուցմունք է տվել, որ հարկային պարտավորություներից խուսափելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններից ապրանքների ներմուծումը կատարել է նաև Տիգրան Սայադխանյանի անվամբ։

Տիգրան Սայադխանյանի նկատմամբ դատավճիռ կայացնելիս Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանին անհայտ են մնացել էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, որոնք ապացուցում են ինչպես դատապարտյալ Տ.Սայադխանյանի կատարած հանցանքի նվազ ծանր լինելը, այնպես էլ այլ անձանց կողմից այդ հանցավոր արարքները կատարելու փաստը, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, վճռաբեկ բողոք բերելու հիմք է։

Ելնելով վերոգրյալներից` բողոքի հեղինակը խնդրել է Տիգրան Համոյի Սայադխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մայիսի 17-ի դատավճիռը բեկանել և քրեական գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության։

   

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

Երևան քաղաքի դատախազությունում Միսակ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի քննության ընթացքում որպես վկա հարցաքննված Տիգրան Համոյի Սայադխանյանը ցուցմունք է տվել, որ երբևէ տնտեսական գործունեություն չի իրականացրել, իսկ իր անվամբ ապրանքների ներմուծումն իրականացրել է իրեն անծանոթ անձ։ Վերջինս իր անունով ներմուծումներ կատարելու համար վճարել է 2 միլիոն ՀՀ դրամ։ Վկա Արթուր Հայկազի Բաբայանը ցուցմունք է տվել, որ հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններից ապրանքների ներմուծումը կատարել է նաև Տիգրան Սայադխանյանի անվամբ։ Հետագայում իրացրել է ներմուծված ապրանքները, սակայն հարկային մարմիններին հաշվետվություններ չի ներկայացրել և հարկերը չի վճարել։ Նա հայտնել է, որ Տիգրան Սայադխանյանից բացի, ներմուծումներ է կատարել նաև այլ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների անուններով։ Որպես իր արարքի հետևանք` պետությանը պատճառված նյութական վնասի հատուցում, Արթուր Բաբայանը ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին է վճարել 7 միլիոն ՀՀ դրամ։

Ելնելով վերոգրյալներից` Երևան քաղաքի դատախազը 2006 թվականի դեկտեմբերի 1-ին որոշում է կայացրել Տիգրան Սայադխանյանի վերաբերյալ քրեական գործով նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցել։ Այդ հանգամանքների առթիվ կատարված քննության ընթացքում Տիգրան Սայադխանյանը ցուցմունք է տվել, որ 2003 թվականին ծանոթացել է Աբդուլ անունով մի անձի հետ, որն առաջարկել է իրեն արտասահմանյան երկրներից ներմուծված ապրանքները մաքսազերծել իր անվամբ։ Նա խոստացել է ներմուծումները կատարելուց հետո վճարել 2 միլիոն ՀՀ դրամ։ Ինքը համաձայնվել է և Աբդուլին է հանձնել իր անձնագիրը, իր անվամբ բացված անհատ ձեռնարկատիրոջ վկայականը և ձեռնարկության կնիքը։ Որոշ ժամանակ անց Աբդուլը եկել է իր տուն և անձնագրից, վկայականից ու կնիքից բացի` տվել է նաև 2 միլիոն դրամ։ Նա իրեն հավաստիացրել է, որ հարկային պարտավորությունների հետ կապված խնդիրներն ինքը լուծել է և հեռացել է։ Տիգրան Սայադխանյանը հայտնել է նաև, որ երբևէ տնտեսական գործունեությամբ չի զբաղվել, ապրանքներ չի ներմուծել և չի վաճառել։ Նա ընդունել է, որ իր արարքի հետևանքով պետությանը պատճառվել է նյութական վնաս, և որպես վնասի հատուցում ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին վճարել է 350.000 ՀՀ դրամ։ Չնայած վերը շարադրված հանգամանքները գոյություն են ունեցել Տիգրան Սայադխանյանի վերաբերյալ գործի նախաքննության և դատական քննության պահին, սակայն նախաքննության մարմնին և գործը քննող դատարանին հայտնի չեն եղել։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով քրեական գործերը նորոգվում են, եթե ի հայտ են եկել դատավճիռ կամ որոշում կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը, կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր լինելը։

Քննության նյութերում առկա փաստական տվյալները թույլ են տալիս դատապարտյալ Տիգրան Սայադխանյանի մեղավորության, նրա կատարած հանցագործության հասարակական վտանգավորության մասին անել այլ հետևություն, քան այն, որին հանգել է դատարանը նրա վերաբերյալ դատավճիռ կայացնելիս, ինչպես նաև պարզել այդ հանցագործության կատարմանն այլ անձանց մասնակցությունը կամ այդ հանցագործությունն այլ անձանց կողմից կատարելը։ Դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված նոր երևան եկած հանգամանքներ են, որոնք գործի նորոգման հիմք են։ Նույն օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները վճռաբեկ բողոք բերելու հիմք են։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով հանցագործության կատարման բոլոր հանգամանքները ենթակա են բազմակողմանի ստուգման, ինչը հնարավոր չէ դատական քննությամբ։ Գործի արդարացի քննության սկզբունքն ամրագրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրան արդարացնող, ինչպես նաև նրա պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները։ Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա Տիգրան Սայադխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մայիսի 17-ի դատավճիռը պետք է ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության։

Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 408-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` ՀՀ վճռաբեկ դատարանը

     

Ո Ր Ո Շ Ե Ց

    

Բողոքը բավարարել։ Տիգրան Համոյի Սայադխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մայիսի 17-ի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։

                 

Նախագահող`

Տ. Սահակյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

Հ. ասատրյան

Հ. Ղուկասյան

Մ. Սիմոնյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան