Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.12.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.12.2006
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

Քրեական գործ ՎԲ-332/06

Նախագահող դատավոր՝  Պ. Օհանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ՝ Վճռաբեկ դատարան/

 

նախագահությամբ

Մ. Խաչատրյանի

մասնակցությամբ դատավորներ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

 

 

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Մ. ՍԻՄՈՆՅԱՆԻ

 

 

Ս. Օհանյանի

 

քարտուղար

Ք. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

մասնակցությամբ դատախազ

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

 

22 դեկտեմբերի 2006 թվական

ք. Երևան

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքը դատապարտյալ Կարեն Սամվելի Սարդարյանի նկատմամբ նշանակված հարկադիր բուժումը դադարեցնելու վերաբերյալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդությունը բավարարելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հունիսի 20-ի դատավճռով Կարեն Սարդարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ և 271-րդ հոդվածի 1-ին մասերով, նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման` 3 /երեք/ տարի ժամկետով և 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ տուգանքով։ Միաժամանակ նրա նկատմամբ նշանակվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հարկադիր բուժում թմրամոլությունից, որը պետք է իրականացվի նրա պատժի կրման ընթացքում։

2006 թվականի հուլիսի 27-ին Կ.Սարդարյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` հարկադիր բուժման համար։

2006 թվականի սեպտեմբերի 4-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժշկական հանձնաժողովի կազմած մասնագիտական թիվ 46 ակտի համաձայն` դատապարտյալն ընդունել է հակաթմրամոլային բուժման լրիվ կուրս, և նրա բուժումն ավարտված է։

Հիմք ընդունելով հանձնաժողովի ակտը` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը 2006 թվականի սեպտեմբերի 13-ին միջնորդագիր է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` Կ.Սարդարյանի նկատմամբ նշանակված հարկադիր բուժումը դադարեցնելու մասին։

2006 թվականի սեպտեմբերի 27-ի դատական նիստում քննելով Կ.Սարդարյանի հարկադիր բուժումը դադարեցնելու մասին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել է այն։

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 20.11.06 թվականին բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 23.11.06 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ։

2. Գործի փաստական հանգամանքները.

Դատապարտյալ Կարեն Սարդարյանը 2006 թվականի մարտի 29-ին անձնական օգտագործման նպատակով ապօրինաբար ձեռք է բերել 18 մանր փաթեթներում առանձնացված «հերոին» տեսակի թմրամիջոց, որոնցից մեկ փաթեթի պարունակությունը օգտագործել է ներարկման միջոցով, իսկ մնացած 17-ը` 3,95 գրամ ընդհանուր քաշով, պահել է իր մոտ հետագա օգտագործման համար։

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ըստ բողոք բերած անձի` առաջին ատյանի դատարանը Կ.Սարդարյանի նկատմամբ նշանակված հարկադիր բուժումը դադարեցնելու մասին միջնորդագիրը 27.09.06 թվականի դատական նիստում քննելիս դատախազին մասնակից չի դարձրել, այսինքն` դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ և 432-րդ հոդվածների պահանջների խախտում, համաձայն որոնց` դատական որոշումների հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատախազի մասնակցությամբ։

Բողոք բերած անձը, պատճառաբանելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ նյութերով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառման համար, խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշումը և նյութերը վերադարձնել նոր դատաքննության։

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով ներկայացված նյութերը` պալատը գտնում է, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

Օրինականությունն իրավունքի ընդհանուր սկզբունք է։ Այդ սկզբունքն իր իրավական ամրագրումն է ստացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածում, որտեղ նշված է, որ «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող մյուս անձինք պարտավոր են պահպանել ՀՀ Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն` դատախազն օրենքով սահմանված կարգով նշանակված պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է քրեական հետապնդում, հսկողություն հետաքննության և դատաքննության օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, մասնակցում է դատարանի կողմից դատարանի որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերի քննարկմանը, իսկ ըստ 54-րդ հոդվածի 4-րդ մասի` դատարանի կողմից քրեական գործեր և դատական որոշումների ի կատար ածելու հետ կապված հարցերը քննելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է։

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասի` դատական որոշման կատարման հետ կապված հարցերը դատական նիստում քննության ենթարկելիս սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատախազի մասնակցությունը պարտադիր է։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, անտեսելով օրենքի վերոհիշյալ պահանջները, 2006 թվականի սեպտեմբերի 27-ին քննելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացված միջնորդությունը` Կ.Սարդարյանի նկատմամբ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հունիսի 20-ի դատավճռով նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը դադարեցնելու մասին, դատական նիստին դատախազին մասնակից չի դարձրել, որով խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքներից մեկը` օրինականության սկզբունքը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 398-րդ հոդվածի համաձայն` նշված խախտումը հիմք է առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նյութերը նոր դատական քննության վերադարձնելու համար։

Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող դատական ակտը էական նշանակություն կունենա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ նորմերի միատեսակ կիրառման համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-407-րդ, 415-419-րդ, 421-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Վճռաբեկ բողոքը բավարարել։

Կարեն Սամվելի Սարդարյանի նկատմամբ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը դադարեցնելու վերաբերյալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդությունը բավարարելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը բեկանել և նյութերը վերադարձնել նոր դատաքննության։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Ս. Օհանյան