Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.05.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0580/01/18

Գործ թիվ ԵԴ/0580/01/18

Նախագահող դատավոր՝  Ա. Մնացականյան

 

          

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

 

 

     

2020 թվականի մայիսի 25-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ Ֆարշիդ Ազիզոլահհի Զարիֆզադեհ Յեգանեհի պաշտպան Լ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի հուլիսի 31-ին քրեական գործն ըստ մեղադրանքի Ֆարշիդ Ազիզոլահհի Զարիֆզադեհ Յեգանեհի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու Ջավադ Ալի Ասգհար Գոլի Ջաֆար Աբադիի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և 2018 թվականի օգոստոսի 2-ին ընդունվել վարույթ:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան), 2018 թվականի օգոստոսի 10-ին, գործը դատական քննության նախապատրաստելու փուլում, քննության առնելով Ֆ.Յեգանեհի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողել է անփոփոխ` միաժամանակ մերժելով կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը:

3. Պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ բողոքը թողել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել պաշտպան Լ.Ասլանյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 16-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի օգոստոսի 10-ի որոշման եզրափակիչ մասում նշել է. «(…) Ֆարշիդ Ազիզոլահհի Զարիֆզադեհ Յեգանեհի (…) նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանավորումը (…) թողնել անփոփոխ (…)»1:

6. Վերաքննիչ դատարանը, բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ վկայակոչելով Անուշ Ղավալյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշումը, արձանագրել է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի տառացի մեկնաբանման արդյունքում ստացվում է, որ դատական կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները: Քրեադատավարական օրենքը որևէ նշում չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին (…):

(…) Նկատի ունենալով, որ քրեական գործի դատական քննության ընթացքում ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն այնպիսի դատական ակտ է, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի որոշման դեմ ամբաստանյալ Ֆարշիդ Ազիզոլահհի Զարիֆզադեհ Յեգանեհի պաշտպան Լուսինե Ասլանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության (...)»2:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքաբերի պնդմամբ՝ սույն գործով Վերաքննիչ դատարանը խախտել է Ֆ.Յեգանեհի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները, ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները: Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ, նշել է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք ունի իրեն ազատությունից զրկելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու իրավունք, մինչդեռ Վերաքննիչ դատարանը ներկայացված բողոքը թողել է առանց քննության՝ թույլ տալով Ֆ.Յեգանեհի իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

7.1. Բացի այդ, անդրադառնալով Ֆ.Յեգանեհի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշմանը, բողոքի հեղինակը գտել է, որ այն ևս անհիմն է և չպատճառաբանված: Ինչ վերաբերում է այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառմանը, բողոքաբերը գտել է, որ իր պաշտպանյալի անձը բնութագրող տվյալները, այն, որ նա շուրջ ութ տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, նախկինում չի եղել դատապարտված, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, վկայում են այն մասին, որ քննության տվյալ փուլում վերջինիս պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նաև այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ:

8. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 28-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնելով Ֆարշիդ Ազիզոլահհի Զարիֆզադեհ Յեգանեհի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը և նրան ազատել արգելանքից կամ վերջինիս նկատմամբ կիրառել գրավ՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Ֆ.Յեգանեհի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ՝ այն դեպքում, երբ բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը:

10. ՀՀ սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ անդրադառնալով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու կամ կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննության արդյունքում կայացված որոշման բողոքարկման հնարավորությանը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Գ]ործը դատական քննության նախապատրաստելու փուլում վիճարկվող իրավակարգավորման ուժով մեղադրյալի նկատմամբ անձնական ազատության իրավունքի սահմանափակում նախատեսող խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունվում է որոշում (Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մաս), որն, ի թիվս այլնի, Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի, ինչպես նաև Օրենսգրքի 73-րդ հոդվածի 15-րդ կետի ուժով կարող է բողոքարկվել մեղադրյալի, նրա պաշտպանի կողմից (…): Ուստիև, Սահմանադրական դատարանը գտնում է, որ (…) [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածով նախատեսված՝] վիճարկվող իրավակարգավորումը խնդրահարույց չէ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում այն առումով, որ Օրենսգրքում, մասնավորապես, առկա են կալանքի՝ որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունված որոշման դատական բողոքարկման (ստուգման) օրենսդրական երաշխիքներ (…)»3:

11. ՀՀ սահմանադրական դատարանի` նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը, վերանայելով Անուշ Ղավալյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները4, Գարիկ Սարգսյանի գործով փաստել է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու (այդ թվում նաև՝ կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը մերժելու) մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով5:

12. ՀՀ սահմանադրական դատարանը, 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) Ելնելով մարդու հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության սահմանադրական պահանջից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան, մինչև Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները ենթակա են վերաքննության կարգով անմիջական բողոքարկման՝ առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու որոշումների բողոքարկման համար Օրենսգրքով սահմանված կարգով՝ առաջնորդվելով անձնական ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացման ապահովման անհրաժեշտությամբ (…)»6:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը գործը դատական քննության նախապատրաստելու փուլում որոշում է կայացրել Ֆ.Յեգանեհի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին7։ Նշված որոշման դեմ պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության՝ այն պատճառաբանությամբ, որ պաշտպանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է որոշում, որը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով սահմանված՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի ցանկում8:

14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից Ֆ.Յեգանեհի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ՝ այն դեպքում, երբ բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը:

15. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի՝ հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկել համար9:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի Ֆ.Յեգանեհի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Ֆարշիդ Ազիզոլլահի Զարիֆզադեհ Յեգանեհի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________________

1 Տե՛ս նյութեր, թերթ 37:

2 Տե՛ս նյութեր, թերթեր 58-60:

3 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման 4.2-րդ կետը:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Անուշ Ղավալյանի գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշման 21-րդ կետը:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարիկ Սարգսյանի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԵԿԴ/0294/01/17 որոշման 14-րդ կետը:

6 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշման 4.6.-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

                 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան