Գլխավոր տեղեկություն
Համար
N 773-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.07.19/45(1320) Հոդ.720
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2017 թվականի N 773-Ն

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 394-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ապրանքների դրոշմավորման կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 7

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 6-ի N 773-Ն որոշման

 

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ  ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կանոններով կարգավորվում են ապրանքների դրոշմավորման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կանոններին համապատասխան`

1) ակցիզային դրոշմանիշերով (այսուհետ՝ դրոշմանիշ) դրոշմավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքները.

2) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա են օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքները:

3. Օրենսգրքին համապատասխան՝ ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրող անձինք ապրանքները դրոշմավորում են ինքնուրույն՝ հարկային մարմնից ստացված դրոշմանիշերը (դրոշմապիտակները) այդ ապրանքների վրա փակցնելու միջոցով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող (շշալցվող կամ ցանկացած այլ կերպ տարայավորվող (փաթեթավորվող)) դրոշմավորման ենթակա ապրանքները դրոշմավորվում են «տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքները դրոշմավորվում են «ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով:

(3-րդ կետը փոփ., լրաց. 31.03.22 N 412-Ն)

4. Ապրանքների վրա փակցված դրոշմանիշերը (դրոշմապիտակները) պետք է համապատասխանեն հարկային մարմնի կողմից սահմանված տեխնիկական պահանջներին, ինչպես նաև պետք է լինեն չվնասված, ամբողջական, իսկ ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող և հավաստագրման ենթակա ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում դրոշմապիտակը պետք է համապատասխանի նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին և դրանում դեղի հերթական համարին:

(4-րդ կետը լրաց. 26.11.20 N 1829-Ն, փոփ. 31.03.22 N 412-Ն)

5. Դրոշմանիշը (դրոշմապիտակը) պետք է փակցված լինի ապրանքի (տարայի) վրա առավել տեսանելի տեղում` վերին կամ կողային մակերեսներին, այդ թվում՝ պիտակի վրա:

6. Դրոշմանիշը (դրոշմապիտակը) պետք է փակցված լինի այնպես, որպեսզի ապահովվի ապրանքի անվանման, հայերեն մակնշման և պիտանիության ժամկետի վերաբերյալ նշումների ընթեռնելիությունը:

7. Արգելվում է դրոշմանիշի (դրոշմապիտակի) վրա կատարել նշագրումներ (կնիքներով, դրոշմակնիքներով կամ այլ կերպ), դրոշմանիշերը (դրոշմապիտակները) կամ դրանց մի մասը ծածկել անթափանց թաղանթներով: Անթափանց թաղանթով ամբողջովին կամ մասնակիորեն ծածկված (դրոշմանիշի (դրոշմապիտակի) սերիան, համարը և այլ պաշտպանիչ տարրեր պարունակող մասերը) դրոշմանիշերով (դրոշմապիտակներով) դրոշմավորված ապրանքների օտարումը համարվում է չդրոշմավորված ապրանքների օտարում:

(7-րդ կետը փոփ., լրաց. 31.03.22 N 412-Ն)

8. Վնասված, ոչ ամբողջական, իսկ ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող և հավաստագրման ենթակա ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում` նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին և դրանում դեղի հերթական համարին չհամապատասխանող դրոշմանիշերով (դրոշմապիտակներով) ապրանքներ օտարելը, ինչպես նաև սույն կանոնների 5-րդ և 9.1-ին կետերով սահմանված պայմանները չապահովելը համարվում են դրոշմավորման կանոնների խախտում:

(8-րդ կետը լրաց. 26.11.20 N 1829-Ն, փոփ. 31.03.22 N 412-Ն)

9. Սույն կանոնների 9.1-ին կետով սահմանված` ապրանքների տարողությանը վերաբերող պահանջները ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401 և 3402 ծածկագրերին դասվող ապրանքների համար կիրառելի չեն:

(9-րդ կետը փոփ. 31.03.22 N 412-Ն)

9.1. Օտարված ապրանքների վրա փակցված դրոշմանիշերի (դրոշմապիտակների) գծով դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով կատարված գրանցումները պետք է համապատասխանեն դրոշմավորված ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին)։

(9.1-ին կետը լրաց. 31.03.22 N 412-Ն)

10. Դրոշմանիշերով (դրոշմապիտակներով) դրոշմավորված ապրանքների արտահանման դեպքում օրենսգրքով սահմանված կարգով դրոշմավորման պարտավորություն կրող անձանց կողմից ներկայացվող ապրանքների մաքսային հայտարարագրում (Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու դեպքում՝ տարանցման մաքսային հայտարարագրում) նշվում են դրոշմանիշերի (դրոշմապիտակների) թիվը, սերիաները, հերթական համարները (այդ թվում` միջակայքերով) և դրանց ստացման հաշիվ-վավերագրի համարն ու ամսաթիվը:

11. Արտահանված ապրանքների դրոշմանիշերի (դրոշմապիտակների) հաշվառման իմաստով դրոշմավորված ապրանքները համարվում են արտահանված՝ ապրանքների մաքսային հայտարարագրում (տարանցման մաքսային հայտարարագրում) և ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության մեջ նշված ապրանքների քանակներից նվազագույնի չափով:

(հավելվածը լրաց. 26.11.20 N 1829-Ն, փոփ., լրաց. 31.03.22 N 412-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան