Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.05.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԼԴ/0278/07/20

Գործ թիվ ԼԴ/0278/07/20

Նախագահող դատավոր՝  Ա. Բեկթաշյան

 

         

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

մասնակցությամբ դատախազ՝

Ռ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

     

2021 թվականի մայիսի 26-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում հարուցվել է թիվ 39154720 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

2020 թվականի օգոստոսի 19-ին քրեական գործի քննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում (այսուհետ` նաև Նախաքննության մարմին)։

Նախաքննության մարմնի` 2020 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ Սվետա Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ միջնորդություն է հարուցվել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցի 5-րդ թաղամասի շենք 22 հասցեում գտնվող «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև «Հայփոստ» ՓԲԸ) թիվ 2101 փոստային դասիչով փոստային բաժանմունքի ավագ օպերատորի աշխատասենյակում և փաստաթղթերի պահոցում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:

2. Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ Նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:

3. Դատախազ Բ.Մուրադյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի մայիսի 18-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Սույն քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ Աղասի Հովհաննիսյանի կողմից 2001-2007 թվականների ընթացքում, իրեն վստահված, Սվետա Հովհաննիսյանի անվամբ վճարված խոշոր չափերի՝ ընդհանուր 558.120 ՀՀ դրամի չափով կենսաթոշակի գումարները յուրացման եղանակով հափշտակելու դեպքի առթիվ1։

6. Աղասի Հովհաննիսյանը համաձայնություն չի տվել վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն և քրեական գործի վարույթը կարճելուն2:

7. Նախաքննության մարմնի՝ բնակարանի խուզարկության թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշման համաձայն` «(...) 2020 թվականի օգոստոսի 4-ին Տաշիր քաղաքի բնակչուհի Սվետա Հրանտի Հովհաննիսյանի կողմից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում տրված հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սվետա Հովհաննիսյանի եղբոր՝ Աղասի Հրանտի Հովհաննիսյանի կողմից 2001-2007 թվականների ընթացքում յուրացման եղանակով հափշտակվել է իրեն վստահված Սվետա Հովհաննիսյանի անվամբ վճարված խոշոր չափերի՝ ընդհանուր 558.120 ՀՀ դրամի չափով կենսաթոշակի գումարները:

(…) Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2001-2007թթ.-ին փոստատարի վրա պարտականություն է դրված եղել, որ կենսաթոշակը վճարի անձամբ շահառուին, կամ սահմանված կարգով լիազորված անձին: Վերջիններիս բնակության վայրից բացակայության դեպքում, փոստի աշխատողը ցուցակում տվյալ անձի ստորագրման տեղում կարմիր գրիչով կատարել է «չ/վ» նշագրումը, ինչը ենթադրել է կենսաթոշակի չվճարելու փաստը: Ցուցակներն ունեցել են կտրման գծով առանձնացված ռեեստրներ, որոնք կենսաթոշակի վճարվելուց հետո լրացվել է փոստի աշխատողի կողմից՝ նշելով ըստ տվյալ ցուցակի տվյալների վճարված գումարի և չվճարված գումարների ընդհանուր չափերը, չվճարված կենսաթոշակների գործերի համարները: Այդ ռեեստրները վճարումներն ավարտելուց հետո վերադարձվել են սոցիալական ծառայության Տաշիրի տարածքային բաժին, որոնց տվյալները մուտքագրվել են համակարգչային Արաքս ծրագիր: Սահմանված կարգով 12 ամիս կենսաթոշակառուի բացակայության դեպքում ծրագիրն ինքնաշխատ դադարեցրել է կենսաթոշակի վճարումը: Փոստային ծառայողի կողմից կենսաթոշակի ցուցակներում «չ/վ» նշագրումը չկատարվելու և ըստ այդմ՝ այդ նշագրմամբ ռեեստրը սոցիալական ծառայության Տաշիրի տարածքային բաժին չվերադարձվելու դեպքում Արաքս ծրագրում կենսաթոշակառուի՝ բնակության վայրից բացակայության գրանցում չէր կարող կատարվել, ուստի այդ պարագայում կենսաթոշակի վճարումը կշարունակվեր:

(…) [Ք[րեական գործով բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցի, 5-րդ թաղամասի, շենք 22 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 2101 փոստային դասիչով փոստային բաժանմունքի ավագ օպերատորի աշխատասենյակում և փաստաթղթերի պահոցում հնարավոր է պահվում են 2001 թվականից մինչև 2007 թվականի հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Սվետա Հովհաննիսյանի անվամբ կենսաթոշակի գումար վճարվելու վերաբերյալ կենսաթոշակի ցուցակները և նրա անվամբ կենսաթոշակ վճարվելու փաստի վերաբերյալ այլ փաստաթղթեր, որոնք կարող են ունենալ քրեական գործով ապացուցողական նշանակություն, (…)»3:

8. Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(...) [Մ]իջնորդությանը կից ներկայացված նյութերի համաձայն՝ Սվետլանա Հովհաննիսյանին 14.09.1993թ. նշանակվել է երկարամյա ծառայության կենսաթոշակ, իսկ 26.10.2007թ. դադարեցվել է կենսաթոշակ ստանալու իրավունքը՝ կենսաթոշակի գործը ՌԴ (Կալուգա) տեղափոխվելու հիմքով:

[Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է, որ թիվ 39154720 քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ 2001-2007թթ. յուրացման եղանակով հանցավորին վստահված ուրիշի խոշոր չափերով գույքի առերևույթ հափշտակություն կատարելու փաստի առթիվ:

Համաձայն [ՀՀ քրեական] օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի հիշյալ արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, իսկ [ՀՀ քրեական] օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները. հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից:

Մեջբերվածի համատեքստում գնահատելով ներկայացված միջնորդությունը, չանդրադառնալով հարուցված քրեական վարույթի իրավաչափության հարցին՝ [Առաջին ատյանի] դատարանը գալիս է եզրահանգման, որ սույն գործով անցել են անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, և նկատի առնելով, որ քրեական դատավարության ընթացքում կիրառված ցանկացած սահմանափակում պետք է հետապնդի օրինական նպատակ, և գործադրված միջոցի և հետապնդած նպատակի միջև պետք է լինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն, [Առաջին ատյանի] դատարանը փաստում է, որ նման պայմաններում խուզարկության թույլտվություն տալը չի լինի իրավաչափ և կհանգեցնի անձի իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտության: (...)»4։

9. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված հիմնավորումները դիտարկելով իր դատական ակտում մատնանշված իրավական նորմերի և ՀՀ Վճռաբեկ դատարանի` Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, արձանագրել է, որ. «(...) [Առաջին ատյանի դատարանի] հիմնավորումներն ամբողջությամբ բխում են դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ սույն գործով անցել են անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները և նշված գործողության կատարման անհրաժեշտությունը տվյալ դեպքում զուտ կարող է ուղղված լինել գործի լրիվության ապահովմանը, որն ինքնին անձի սահմանադրական իրավունքները սահմանափակելու հիմք հանդիսանալ չի կարող (...)»5։

10. Նախաքննության մարմնի որոշմամբ թիվ 39154720 քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդում չի իրականացվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` արարքում հանցակազմի բացակայության հիմքով6:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

11. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ դատավարական օրենքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

11.1. Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոքի հեղինակը փաստել է, որ վաղեմության ժամկետն անցած լինելու՝ որպես քրեական վարույթը բացառող հանգամանքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավամեկնաբանությունների վերլուծությունից ակնհայտ է, որ վարույթը բացառող այդ հանգամանքը փաստացի առկա է բացառապես այն դեպքում, երբ առերևույթ հանցանք կատարած անձը տվել է իր համաձայնությունը դրա կիրառման վերաբերյալ։ Քրեական գործի վարույթը կարճելու համաձայնության բացակայությունը պարտավորեցնում է վարույթն իրականացնող մարմնին քրեական գործը քննել սովորական կարգով, և դեպքից հետո անցած ժամանակահատվածը որևէ դեպքում չի կարող խոչընդոտել անհրաժեշտ դատավարական գործողություններ կատարելուն կամ բացառել դրանք, այդ թվում՝ եթե այդ գործողությունները ենթադրում են այն անձի իրավունքների սահմանափակում, ով իր անհամաձայնությամբ առաջացրել է վարույթն իրականացնող մարմնի՝ գործի քննության պարտականությունը։ Բողոքաբերը փաստել է, որ հակառակ դիրքորոշումը ոչ միայն չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջներից, այլ նաև տրամաբանական չէ։

11.2. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Ա.Հովհաննիսյանն ինչպես նյութերի նախապատրաստման ընթացքում իր տված բացատրություններում, այնպես էլ նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս հերքել է իր կողմից Ս.Հովհաննիսյանի կենսաթոշակի գումարների՝ յուրացման եղանակով հափշտակության հանգամանքը, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ Ա.Հովհաննիսյանի կողմից վարույթն իրականացնող մարմնին դիրքորոշում չի հայտնվել, ինչով պայմանավորված էլ նախաքննությունը շարունակվել է ընդհանուր կարգով:

11.3. Արդյունքում բողոքաբերն արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու պարագայում, եթե անձը չի տվել իր համաձայնությունը նշված հիմքով քրեական գործով վարույթը կարճելուն և քրեական հետապնդումը դադարեցնելուն, կատարել ամբողջ ծավալով ընդհանուր կարգով քննություն՝ ապահովելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության պահանջը։

11.4. Բողոքի հեղինակը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդության մերժման արդյունքում քրեական վարույթն իրականացնող մարմինը փաստացի զրկվել է բնակարան համարվող ծառայողական աշխատասենյակում խուզարկություն կատարելու արդյունքում ակնկալվող, քրեական գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթերի հայտնաբերման (փաստական տվյալների ձեռքբերման), ուստի նաև քրեադատավարական որոշակի խնդիրների լուծման հնարավորությունից, ինչն անթույլատրելի է և չի բխում քրեադատավարական օրենքով սահմանված՝ գործի արդարացի քննության սկզբունքից:

12. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը և խուզարկություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն առերևույթ անցած լինելու պայմաններում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը չի կարող բավարարվել:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

6) անցել են վաղեմության ժամկետները.

(…)

6. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով (…)»:

14.1. Քրեական հետապնդումը բացառող քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ՝

- օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները,

- քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով7,

- վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար մեղադրյալի համաձայնության առկայությունը բխում է անմեղության կանխավարկածի սկզբունքից և անձի արդար դատաքննության, մասնավորապես օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իրավունքից: Հետևաբար, այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության միջոցով հասնել իր անմեղության ապացուցման8:

14.2. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված նորմը կիրառելի է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

- անցել են ենթադրյալ հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները,

- ենթադրյալ հանցանք կատարած անձը չի առարկում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու դեմ:

Ուստի այն դեպքում, երբ մեղադրյալն առարկում է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու դեմ, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը չի կարող դադարեցվել և քրեական գործի վարույթը չի կարող կարճվել: Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ընդհանուր կարգով շարունակել գործի վարույթը, քրեադատավարական հնարավոր բոլոր միջոցներով կատարել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն՝ վերջնական դատավարական որոշում կայացնելու համար9:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն` «1. Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար։ (…)»:

15.1. Քննչական գործողություններն ընդհանրապես և խուզարկությունը, մասնավորապես, այն դատավարական գործողություններն են, որոնք ուղղված են գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելուն։ Դեռ ավելին, դրանք այն գործողություններն են, որոնք անմիջականորեն ուղղված են գործով ապացուցողական տեղեկատվության ստացմանը և վերջին հաշվով ճշմարտության բացահայտմանը։ Ինչ վերաբերում է այս կամ այն քննչական գործողությունը կատարելու անհրաժեշտությանը, ապա իրավասու սուբյեկտը, ելնելով գործի համար նշանակություն ունեցող պարզման ենթակա հանգամանքներից, համապատասխան քննչական գործողության կատարման փաստական և իրավական հիմքերի առկայությունից, ինքն է որոշում, թե երբ և ինչ քննչական գործողություն է հարկավոր կատարել՝ ապահովելու համար քրեական դատավարության բնականոն շարժը։ Ինչ վերաբերում է բնակարանի խուզարկությանը, ապա վարույթն իրականացնող մարմինն իրավասու է նշված քննչական գործողությունը կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ դիմել դատարան, եթե գտնում է, որ առկա են բավարար տվյալներ, որոնք հանգեցնում են ողջամիտ ենթադրության առ այն, որ տվյալ բնակարանում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր, հետախուզվող կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, ինչպես նաև դիակներ10:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- թիվ 39154720 քրեական գործը հարուցվել է 2001-2007 թվականների ընթացքում, Աղասի Հովհաննիսյանի կողմից, իրեն վստահված, Սվետա Հովհաննիսյանի անվամբ վճարված խոշոր չափերի՝ ընդհանուր 558.120 ՀՀ դրամի չափով կենսաթոշակի գումարները յուրացման եղանակով ենթադրաբար հափշտակելու դեպքի առթիվ11,

- Աղասի Հովհաննիսյանը համաձայնություն չի տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն և քրեական գործի վարույթը կարճելուն12,

- Նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցի 5-րդ թաղամասի շենք 22 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 2101 փոստային դասիչով փոստային բաժանմունքի ավագ օպերատորի աշխատասենյակում և փաստաթղթերի պահոցում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար13,

- Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ Նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է՝ այն պատճառաբանությամբ, որ սույն գործով անցել են անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, և նկատի ունենալով, որ քրեական դատավարության ընթացքում կիրառված ցանկացած սահմանափակում պետք է հետապնդի օրինական նպատակ, և գործադրված միջոցի ու հետապնդած նպատակի միջև պետք է լինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն, եկել է այն եզրահանգման, որ նման պայմաններում խուզարկության թույլտվությունը չի լինի իրավաչափ և կհանգեցնի անձի իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտության14,

- օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանն ընդունելի է համարել Առաջին ատյանի դատարանի հիմնավորումները և փաստել է, որ սույն գործով անցել են անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն ու նշված գործողության կատարման անհրաժեշտությունը տվյալ դեպքում զուտ կարող է ուղղված լինել գործի լրիվության ապահովմանը, որն ինքնին անձի սահմանադրական իրավունքները սահմանափակելու հիմք չէ15։

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-15.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն պայմաններում, երբ մեղադրյալը համաձայնություն չի տվել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն և գործի վարույթը կարճելուն, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է շարունակել գործի քննությունը, կատարել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ գործի բնականոն քննությունն ապահովելու և վերջնական դատավարական որոշում կայացնելու համար անհրաժեշտ իրավական և փաստական հիմքեր ձևավորելու, այդ թվում՝ քրեական գործը դատարան ուղարկելու և անձին դատական քննության փուլում իրեն առաջադրված մեղադրանքը վիճարկելու հնարավորություն տալու համար։ Իսկ անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ միջամտությունը չի կարող անհամաչափ գնահատվել զուտ այն փաստի ուժով, որ առերևույթ անցել են անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները։

17.1. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը նման իրավիճակներում քննության որևէ առանձնահատկություն կամ թույլատրելի քննչական և դատավարական գործողությունների սահմանափակ շրջանակ չի նախատեսել։ Ուստի գործի կոնկրետ հանգամանքներից ելնելով՝ նախաքննության մարմինն է որոշում, թե ինչ քննչական կամ դատավարական գործողություններ է անհրաժեշտ կատարել: Բացի այդ, հակառակ մոտեցման պարագայում ստացվում է, որ այն դեպքերում, երբ անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, իսկ անձը համաձայն չէ այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն և քրեական գործի վարույթի կարճելուն, վարույթն իրականացնող մարմինը, ըստ էության, դատարան չի կարող ներկայացնել նաև անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հնարավոր սահմանափակմանն ուղղված այլ քննչական գործողություններ կատարելու միջնորդություններ ևս (օրինակ՝ նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բանկային կամ նոտարական գաղտնիք ստանալու և այլն), որպիսի մոտեցումը Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ16:

18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Աղասի Հովհաննիսյանի կողմից 2001-2007 թվականների ընթացքում յուրացման եղանակով ենթադրաբար հափշտակություն կատարելու դեպքի առթիվ և վերջինս համաձայնություն չի տվել վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն և քրեական գործի վարույթը կարճելուն, մինչդեռ Նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցի 5-րդ թաղամասի շենք 22 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 2101 փոստային դասիչով փոստային բաժանմունքի ավագ օպերատորի աշխատասենյակում և փաստաթղթերի պահոցում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, հետևաբար ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ նման պայմաններում, երբ անցել են անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, խուզարկության թույլտվություն տալը չի լինի իրավաչափ և կհանգեցնի անձի իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտության, չեն բխում սույն գործի փաստական հանգամանքներից և հիմնավոր չեն նաև այն պատճառաբանությամբ, որ ստորադաս դատարանները չեն մատնանշել, թե կոնկրետ դեպքում խուզարկության միջնորդության բավարարումը որ անձի իրավունքների խախտմանը կարող է հանգեցնել։

19. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ չեն ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն առերևույթ անցած լինելու պայմաններում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը չի կարող բավարարվել:

20. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ թիվ 39154720 քրեական գործի վարույթը կարճվել է17՝ բողոքարկված դատական ակտերը չեն կարող բեկանվել, քանի որ սույն որոշումը կայացնելու պահին կորցրել են իրենց իրավական նշանակությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Տե՛ս նյութեր, թերթ 10:

2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի դատական նիստի արձանագրությունը:

3 Տե՛ս նյութեր, թերթեր 2-3:

4 Տե՛ս նյութեր, թերթեր 49-50:

5 Տե՛ս նյութեր, թերթ 99:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի դատական նիստի արձանագրությունը:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշման 24-րդ կետը:

8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 24-րդ կետը, Հարություն Սարգսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ՇԴ/0172/01/12 որոշման 14.1.-րդ կետը:

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Յաշա Խաչատրյանի գործով 2020 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ԵԴ/3085/07/19 որոշման 13.2-րդ կետը։

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Յաշա Խաչատրյանի գործով վերը հիշատակված որոշման 14.1-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

13 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

14 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

15 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

16 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Յաշա Խաչատրյանի գործով վերը հիշատակված որոշումը:

17 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան