Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.12.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1375/02/17

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1375/02/17

Նախագահող դատավոր՝  Կ. Համբարձումյան

Դատավորներ՝

 Մ. Հարթենյան

 Ն. Մարգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

 

 2021 թվականի դեկտեմբերի 8-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հարություն Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի «ԱԿԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ «Կամեյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Տուրանդոտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Նար ընդ Դավ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Արսեն Հովակիմյանի, Հարություն, Սամվել և Սոսե Ավետիսյանների՝ գումար բռնագանձելու և գույքը հետ վերադարձնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է համապարտության կարգով պատասխանողներից բռնագանձել 67.836.949,10 ՀՀ դրամ գումար (որից 124.947,86 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը մայր գումար, 10.502.94 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը տոկոսագումար, 2.290.952,50 ՀՀ դրամը տույժի գումար, պարտավորեցնել պատասխանողներին Ընկերությանը վերադարձնել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ 1 հատ չորանոց գյուղ մթերքների համար քանդ. SUSHILNOE DELO K600E: Ընկերությունը պահանջել է  բռնագանձել նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 1.360.739 ՀՀ դրամի չափով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Է. Ամալյան) (այսուհետ՝ Դատարան) 23.12.2019 թվականի վճռով հայցը՝ «Տուրանդոտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, «Նար ընդ Դավ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, Արսեն Հովակիմյանից, Հարություն, Սամվել և Սոսե Ավետիսյաններից հօգուտ Ընկերության 67.836.949,10 ՀՀ դրամ գումար, 1.360.739 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, բռնագանձելու և «Տուրանդոտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «Նար ընդ Դավ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, Արսեն Հովակիմյանին, Հարություն, Սամվել և Սոսե Ավետիսյաններին Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ 1 հատ չորանոց գյուղ մթերքների համար քանդ. SUSHILNOE DELO K600E վերադարձնելուն պարտավորեցնելու մասերով, բավարարվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը՝ «Կամեյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վերաբերող մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Լ. Գրիգորյան, դատավորներ Ա. Պետրոսյան, Կ. Չիլինգարյան) 02.03.2020 թվականի որոշմամբ Հարություն Ավետիսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է և սահմանվել է որոշման օրինակը ստանալուց հետո 15-օրյա ժամկետ՝ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին բողոք ներկայացնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2020 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Հարություն Ավետիսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.08.2020 թվականի որոշմամբ մերժվել է կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու 15-օրյա ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին Հարություն Ավետիսյանի միջնորդությունը և համապատասխանաբար վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Հարություն Ավետիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ և 12-րդ հոդվածները:

 

Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանը մերժել է կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելն այն պատճառաբանությամբ, որ 02032020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը 07032020 թվականին ստացած լինելու, իսկ կրկին բողոքը 27072020 թվականին ներկայացրած լինելու պայմաններում բողոքաբերը բաց է թողել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված 15-օրյա ժամկետը: Վերաքննիչ դատարանը մերժել է այդ ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին բողոքաբերի միջնորդությունը, որի հիմքում դրվել էր վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացված լինելու փաստը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի   6-րդ մասը բողոքաբերին վերապահում է նաև նույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորություն: Ընդ որում, սահմանված չէ որևէ արգելք առ այն, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքից օգտվելու դեպքում անձը զրկվում է մյուս՝ կրկին բողոք ներկայացնելու իր իրավունքն իրացնելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ այս դեպքում բողոքաբերն իրացրել է իր բողոքարկման իրավունքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված չեն վճռաբեկ բողոքը վերադարձնելուց կամ բողոքը վարույթ ընդունելը մերժելուց հետո կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու հետևանքները, որպիսի փաստը չի կարող մեկնաբանվել ի վնաս գործին մասնակցող անձի՝ սահմանափակելով վերջինիս արդար դատաքննության և դատարանի մատչելիության  իրավունքները:

ՀՀ սահմանադրական դատարանը 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշմամբ անդրադարձել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի սահմանադրականության հարցին: Նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը թեև քննարկման առարկա է դարձրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով բողոքը մերժելու մասին որոշում կայացնելուց հետո կրկին բողոք ներկայացնելու դեպքը, այդուհանդերձ այդ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև այս գործով փաստերի նկատմամբ: ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշման տեսանկյունից էական չէ, թե ինչ եղանակով է բողոքաբերի համար առաջացել անբարենպաստ հետևանքը, քանի որ թե՛ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու և թե՛ վճռաբեկ բողոքը մերժելու դեպքերում բողոքաբերի համար առաջանում է նույն բացասական հետևանքը: Երկու դեպքում էլ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը մնում է օրինական ուժի մեջ, ուստի երկու դեպքերում էլ բողոքաբերի կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքի իրացումը պետք է երաշխավորված լինի:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող դատավարական փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի 23.12.2019 թվականի վճռով հայցը՝ «Տուրանդոտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «Նար ընդ Դավ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, Արսեն Հովակիմյանին, Հարություն, Սամվել և Սոսե Ավետիսյաններին վերաբերող մասերով բավարարվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը՝ «Կամեյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վերաբերող մասով, կարճվել է (հատոր 5-րդ, գ.թ. 3-10):

2) Դատարանի 23.12.2019 թվականի վճռի դեմ Հարություն Ավետիսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.03.2020 թվականի որոշմամբ վերադարձվել է և սահմանվել է որոշման օրինակը ստանալուց հետո 15-օրյա ժամկետ՝ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին բողոք ներկայացնելու համար: Նույն որոշմամբ արձանագրվել էր նաև, որ այն կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով՝ այն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը Հարություն Ավետիսյանը ստացել է 07.03.2020 թվականին  (հատոր 5-րդ, գ.թ. 98-99, 102):

3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2020 թվականի որոշմամբ մերժվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Հարություն Ավետիսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը (հատոր 5-րդ, գ.թ. 151-153):

4) 27.07.2020 թվականին Հարություն Ավետիսյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցվել է այն ներկայացնելու համար սահմանված 15-օրյա ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին միջնորդություն, որի հիմքում դրվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացված լինելու և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը 27.07.2020 թվականին ստացած լինելու փաստերը (հատոր 6-րդ, գ.թ. 3-24):

5) Վերաքննիչ դատարանը 18.08.2020 թվականի որոշմամբ մերժել է կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված 15-օրյա ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին բողոքաբերի միջնորդությունը և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«(...) Հարություն Ավետիսյանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկվել է վճռաբեկության կարգով, իսկ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշում կայացվելուց հետո:

Վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար օրենքով սահմանված 15-օրյա ժամկետը բաց է թողնվել բողոքաբերի կամքով, նրա կամային, ակտիվ գործողությունների հետևանքով, քանի որ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները վերացնելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու փոխարեն ներկայացրել է վճռաբեկ բողոք։ Այսինքն՝ ժամկետը բաց է թողնվել բողոք բերած անձի մեղքով» (հատոր 6-րդ, գ.թ. 29-30):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտում, որը խաթարել է Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները:

Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին՝ արդյո՞ք վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով բողոքարկելն ու ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելը բացառում են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից նշված խախտումները վերացնելու և կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու անձի դատական պաշտպանության իրավունքի հետագա իրացման հնարավորությունը:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում (տե՛ս ՍԴՈ-652,  ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115,  ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190,  ՍԴՈ-1192,  ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197,  ՍԴՈ-1220,  ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին՝ դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր: Մասնավորապես՝

-  վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշումը),

-  դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127 որոշումը),

-  ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումը):

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս ՄԻԵԴ-ի Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՄԻԵԴ-ը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս ՄԻԵԴ-ի Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածով սահմանված են վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, որոնք չպահպանելը հանգեցնում է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հետևանքի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո՝ վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը կարող են բողոքարկվել այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե նույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

Շարադրված նորմերի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացվելու դեպքում բողոքաբերն այն ստանալուց հետո ունի կա՛մ որոշմամբ նշված խախտումները շտկելու և դրանով սահմանված ժամկետում կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու կա՛մ այդ որոշման դեմ նույն օրենսգրքով սահմանված կարգով վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք: Այսինքն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը ստանալուց հետո բողոքաբերին ընձեռվում է օրենսգրքով սահմանված վարքագծի՝ իր համար նախընտրելի եղանակը սեփական հայեցողությամբ ընտրելու ազատություն:

Օրենսդիրը բողոքաբերին հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ շտկել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ նշված խախտումներն ու սահմանված ժամկետում ներկայացնել կրկին վերաքննիչ բողոք, թե նշված որոշման օրինականության ստուգման նպատակով դրա դեմ վճռաբեկ բողոք ներկայացնել: Նշվածը Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքի իրացման տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի արտահայտումն է, որը բնութագրվում է որպես անձի՝ սեփական հայեցողությամբ իր նյութական և դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները տնօրինելու հնարավորություն: 

Շարադրվածից բխում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո սահմանված ժամկետում կրկին բողոք ներկայացնելու և որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համապատասխանաբար 5-րդ և 6-րդ մասերով ամրագրված իրավունքներն օրենսդրի կողմից անձին տրված՝ միմյանց հավասար հնարավորություններ են:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից այն չվերացվելու դեպքերում չպետք է բացառվի անձի դատական պաշտպանության իրավունքի հետագա իրացման հնարավորությունը՝ այդ որոշմամբ նշված խախտումները շտկելու և կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվել են միայն վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու հետևանքները՝ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր առկա չլինելու դեպքում այն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վարույթ ընդունելը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կարգավորված չէ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու, բայց ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից այն չվերացվելու դեպքերում թերությունները շտկելու և կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու անձի իրավունքի իրացման կարգը:

ՀՀ սահմանադրական դատարանը 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշմամբ անդրադարձել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև Նախկին օրենսգիրք) 213-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության գնահատմանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում մերժելու դեպքում կրկին բողոք ներկայացնելու բողոքաբերի իրավունքի տեսանկյունից և արձանագրել, որ Նախկին օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ մասը պետք է դիտարկել դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացման երաշխավորվածության և ապահովման համատեքստում: ՀՀ սահմանադրական դատարանը, բարձրացնելով իրավական հարցադրում այն մասին, թե վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման վերանայման արդյունքով վճռաբեկ բողոքը մերժելու դեպքերում ո՞ր պահից պետք է հաշվարկի և ինչքա՞ն պետք է լինի վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին ներկայացնելու ժամկետը, նշել է, որ «(…) Այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման վերանայումից հետո վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը մերժում է՝  դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, բողոքաբերը պետք է ունենա այդ որոշումն ստանալուց հետո որոշակի ժամկետում վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն (…)»: ՀՀ սահմանադրական դատարանը, ելնելով իրավունքի գերակայության սկզբունքից, մարդու հիմնական իրավունքների անմիջականորեն գործողության սահմանադրական պահանջից, ինչպես նաև վերաքննիչ բողոքը վերադարձնելու հետ կապված օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունից, արձանագրել է նաև, որ «(…) դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերանայելուց հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, բողոքաբերը պետք է հնարավորություն ունենա այդ որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել՝ առաջնորդվելով դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ (…)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախկին օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունն ու այն կիրառելու՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արձանագրված սահմանադրությանը համահունչ կիրառելու մոտեցումը վերաբերելի է նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասին՝ ոչ միայն այն պատճառաբանությամբ, որ նշված նորմերն ունեն համանման բովանդակություն, այլ նաև բարձրացված հարցի կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանի արձանագրած իրավական բացն օրենսդրությամբ դեռևս լուծված չլինելու պատճառով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշմամբ նախատեսված մոտեցումը, չնայած շարադրված է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով այն մերժելու կոնկրետ դեպքի վկայակոչմամբ, սակայն սահմանադրությանը համահունչ կիրառելու մոտեցումը վերաբերելի է վերաքննիչ բողոքը վերադարձնելու որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից չվերացվելու ցանկացած դեպքի: Հետևաբար` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը փաստացի չի վերացվում, օրինակ՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելը, առանց քննության թողնելը կամ վարույթ ընդունելը մերժելը, առաջանում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից նշված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու հնարավորությունն ապահովելու անհրաժեշտություն:

Շարադրվածի ամփոփմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացվելու, բայց որոշումը չվերացվելու դեպքերում բողոքաբերին պետք է ընձեռվի այդ որոշումն ստանալուց հետո՝ բողոքարկված որոշմամբ սահմանված ժամկետում, վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները շտկելու և կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը լիարժեք իրականացնելու հնարավորություն:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի նկատմամբ.

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված 15-օրյա ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին բողոքաբերի միջնորդությունը և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«(...) Հարություն Ավետիսյանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկվել է վճռաբեկության կարգով, իսկ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշում կայացվելուց հետո:

Վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար օրենքով սահմանված 15-օրյա ժամկետը բաց է թողնվել բողոքաբերի կամքով, նրա կամային, ակտիվ գործողությունների հետևանքով, քանի որ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները վերացնելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու փոխարեն ներկայացրել է վճռաբեկ բողոք։ Այսինքն՝ ժամկետը բաց է թողնվել բողոք բերած անձի մեղքով» (հատոր 6-րդ, գ.թ. 29-30):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 07.03.2020 թվականին ստանալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը (հատոր 5-րդ, գ.թ. 98-99, 102)՝ Հարություն Ավետիսյանն իրացրել է դրա դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 371-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված և այդ որոշմամբ նշված՝ վճռաբեկ բողոք ներկայացնելու իր իրավունքը: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2020 թվականի որոշմամբ մերժվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Հարություն Ավետիսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը (հատոր 5-րդ, գ.թ. 151-153):

Փաստորեն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը չի վերացվել, ինչի հետևանքով թեև սպառվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 371-րդ հոդվածի 6-րդ մասով բողոքաբերին տրված հնարավորությունը, բայց պահպանվել է Վերաքննիչ դատարանի կողմից նշված խախտումները շտկելու և կրկին բողոք ներկայացնելու՝ նույն հոդվածի 5-րդ մասով վերջինիս տրված իրավունքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 27.07.2020 թվականին Հարություն Ավետիսյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցվել է նաև այն ներկայացնելու համար սահմանված 15-օրյա ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին միջնորդություն, որի հիմքում դրվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացված լինելու և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը 27.07.2020 թվականին ստացած լինելու փաստերը (հատոր 6-րդ, գ.թ. 3-24):

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված 15-օրյա ժամկետը բողոքաբերը բաց է թողել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքն իրացնելու հետևանքով, իսկ կրկին վերաքննիչ բողոքը ներկայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում (նշված որոշումը բողոքաբերը փոստային ծառայության միջոցով ստացել է 27.07.2021 թվականին և նույն օրն էլ փոստային ծառայությանն է հանձնել կրկին վերաքննիչ բողոքը (հատոր 6-րդ, գ.թ. 24)):

Վերաքննիչ դատարանը կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված    15-օրյա ժամկետը վերականգնելու հարցը պետք է քննարկեր դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացման երաշխավորվածության և ապահովման համատեքստում՝ հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու հիմնական իրավունքների անմիջականորեն գործողության սահմանադրական պահանջը, ինչպես նաև վերաքննիչ բողոքը վերադարձնելու հետ կապված օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է բողոքաբերի կողմից դատական ակտը բողոքարկելու իր իրավունքն իրացված լինելու փաստը և չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը՝ այդկերպ խախտելով բողոքաբերի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքը:

Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանին վերագրվող դատավարական խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, և վճռաբեկ բողոքի հիմքերը գնահատում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

 

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՆԴ/1375/02/17 քաղաքացիական գործով 08.12.2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Հարություն Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի «ԱԿԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ «Կամեյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Տուրանդոտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Նար ընդ Դավ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Արսեն Հովակիմյանի, Հարություն, Սամվել և Սոսե Ավետիսյանների՝ գումար բռնագանձելու և գույքը հետ վերադարձնելու պահանջների մասին, 08.12.2021 թվականին որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, Տ Պետրոսյանս, Է Սեդրակյանս և Ն. Տավարացյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 08.12.2021 թվականին թիվ ԵԱՆԴ/1375/02/17 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է համապարտության կարգով պատասխանողներից բռնագանձել 67.836.949,10 ՀՀ դրամ գումար (որից 124.947,86 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը մայր գումար, 10.502.94 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը տոկոսագումար, 2.290.952,50 ՀՀ դրամը տույժի գումար, պարտավորեցնել պատասխանողներին Ընկերությանը վերադարձնել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ 1 հատ չորանոց գյուղ մթերքների համար քանդ. SUSHILNOE DELO K600E: Ընկերությունը պահանջել է  բռնագանձել նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 1.360.739 ՀՀ դրամի չափով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Է. Ամալյան) (այսուհետ՝ Դատարան) 23.12.2019 թվականի վճռով հայցը՝ «Տուրանդոտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, «Նար ընդ Դավ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, Արսեն Հովակիմյանից, Հարություն, Սամվել և Սոսե Ավետիսյաններից հօգուտ Ընկերության 67.836.949,10 ՀՀ դրամ գումար, 1.360.739 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, բռնագանձելու և «Տուրանդոտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «Նար ընդ Դավ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, Արսեն Հովակիմյանին, Հարություն, Սամվել և Սոսե Ավետիսյաններին Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ 1 հատ չորանոց գյուղ մթերքների համար քանդ. SUSHILNOE DELO K600E վերադարձնելուն պարտավորեցնելու մասերով, բավարարվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը՝ «Կամեյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վերաբերող մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Լ. Գրիգորյան, դատավորներ Ա. Պետրոսյան, Կ. Չիլինգարյան) 02.03.2020 թվականի որոշմամբ Հարություն Ավետիսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է և սահմանվել է որոշման օրինակը ստանալուց հետո 15-օրյա ժամկետ՝ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին բողոք ներկայացնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2020 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Հարություն Ավետիսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.08.2020 թվականի որոշմամբ մերժվել է կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու 15-օրյա ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին Հարություն Ավետիսյանի միջնորդությունը և համապատասխանաբար վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Հարություն Ավետիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ և 12-րդ հոդվածները:

 

Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանը մերժել է կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելն այն պատճառաբանությամբ, որ 02032020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը 07032020 թվականին ստացած լինելու, իսկ կրկին բողոքը 27072020 թվականին ներկայացրած լինելու պայմաններում բողոքաբերը բաց է թողել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված 15-օրյա ժամկետը: Վերաքննիչ դատարանը մերժել է այդ ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին բողոքաբերի միջնորդությունը, որի հիմքում դրվել էր վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացված լինելու փաստը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի   6-րդ մասը բողոքաբերին վերապահում է նաև նույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորություն: Ընդ որում, սահմանված չէ որևէ արգելք առ այն, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքից օգտվելու դեպքում անձը զրկվում է մյուս՝ կրկին բողոք ներկայացնելու իր իրավունքն իրացնելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ այս դեպքում բողոքաբերն իրացրել է իր բողոքարկման իրավունքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված չեն վճռաբեկ բողոքը վերադարձնելուց կամ բողոքը վարույթ ընդունելը մերժելուց հետո կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու հետևանքները, որպիսի փաստը չի կարող մեկնաբանվել ի վնաս գործին մասնակցող անձի՝ սահմանափակելով վերջինիս արդար դատաքննության և դատարանի մատչելիության  իրավունքները:

ՀՀ սահմանադրական դատարանը 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշմամբ անդրադարձել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի սահմանադրականության հարցին: Նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը թեև քննարկման առարկա է դարձրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով բողոքը մերժելու մասին որոշում կայացնելուց հետո կրկին բողոք ներկայացնելու դեպքը, այդուհանդերձ այդ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև այս գործով փաստերի նկատմամբ: ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշման տեսանկյունից էական չէ, թե ինչ եղանակով է բողոքաբերի համար առաջացել անբարենպաստ հետևանքը, քանի որ թե՛ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու և թե՛ վճռաբեկ բողոքը մերժելու դեպքերում բողոքաբերի համար առաջանում է նույն բացասական հետևանքը: Երկու դեպքում էլ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը մնում է օրինական ուժի մեջ, ուստի երկու դեպքերում էլ բողոքաբերի կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքի իրացումը պետք է երաշխավորված լինի:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3 Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները:

Վճռաբեկ դատարանի որոշման հիմքում դրվել է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1344 որոշման պատճառաբանությունները դատավարական ժամկետի վերականգնման հարցում այն դեպքի համար, երբ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին դատարանի համապատասխան որոշումը բողոքարկվել է վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերաքննիչ դատարանը սահմանափակ մեկնաբանելով ՀՀ սահմանադրական դատարանի 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշումը, և համապատասխան միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, Հարություն Ավետիսյանին զրկել է Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1344 որոշմամբ արձանագրել էր իրավական բաց, քանի որ վճռաբեկ բողոքի ներկայացումը չէր խոչընդոտում վերաքննիչ դատարանի դատական ակտի ուժ ստանալուն և փաստացի դատարանի կողմից տրված դատավարական ժամկետի հոսքը շարունակվում էր։ ՀՀ սահմանադրական դատարանն անդրադառնալով նշված իրավական խնդրին ձևավորել էր համապատասխան իրավական դիրքորոշում տվյալ իրավիճակի համար։

Վերաքննիչ դատարանի 18.08.2020 թվականի որոշմամբ Հարություն Ավետիսյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ վերաքննիչ բողոքը կրկին բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքը կրկին բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությանը, նշել է, որ «Հարություն Ավետիսյանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկվել է վճռաբեկության կարգով, իսկ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշում կայացվելուց հետո: Վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար օրենքով սահմանված 15-օրյա ժամկետը բաց է թողնվել բողոքաբերի կամքով, նրա կամային, ակտիվ գործողությունների հետևանքով, քանի որ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները վերացնելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու փոխարեն ներկայացրել է վճռաբեկ բողոք։ Այսինքն՝ ժամկետը բաց է թողնվել բողոք բերած անձի մեղքով»: Նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ բողոք բերող անձը խախտել է օրենքով նախատեսված  ժամկետում  վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենսդրի պահանջը (հատոր 6-րդ, գ.թ. 29-30):

ՀՀ սահմանադրական դատարանը, 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշմամբ, անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով անմիջականորեն բողոքարկելու դատավարական իրավակարգավորմանն, արձանագրել է, որ տվյալ որոշման բողոքարկումը չպետք է բացառի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման վերանայումից հետո վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը մերժելու դեպքում անձի դատական պաշտպանության իրավունքի հետագա իրացման հնարավորությունը: ՀՀ սահմանադրական դատարանը նաև նշել է. «(…) վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո, մի կողմից, վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելը և այն կրկին ներկայացնելը և մյուս կողմից` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելն օրենսդրի կողմից անձին տրված հավասարազոր իրավական հնարավորություններ են»:

Միաժամանակ, տվյալ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ գործով բարձրացված սահմանադրականության հարցով առկա է իրավակարգավորման բաց: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ «(…) իրավական անդրադարձ չի կատարվել այն հարցերին, թե ո՞ր պահից պետք է հաշվարկվի և ինչքա՞ն պետք է լինի վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին ներկայացնելու ժամկետը բոլոր այն դեպքերում, երբ վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկվելու արդյունքում կատարած վերանայումից հետո մերժում է վճռաբեկ բողոքը»:

Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը հանգել է այն հետևության, որ մինչև ՀՀ ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերանայելուց հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, բողոքաբերը պետք է հնարավորություն ունենա այդ որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել` առաջնորդվելով դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ:

Գտնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումներն արտահայտվել են այն դեպքի համար, երբ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքն ընդունվել է վճռաբեկ դատարանի վարույթ և բնականաբար չի կարող նույնացվել վճռաբեկ բողոքի ընդունումը մերժվելու դեպքի հետ, քանի որ մի դեպքում տեղի է ունենում բողոքարկված դատական ակտի քննություն վերադաս դատական ատյանում, և նման հանգամանքը բացակայում է երկրորդ դեպքում։

Բնականաբար իրավական հարցադրումներն էլ չեն կարող նույնացվել, քանի որ վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելը պետք է անդրադառնար բողոքարկված դատական ակտով սահմանված դատավարական ժամկետների հոսքի վրա, որպիսի իրավական ռեժիմ չի կարող կիրառվել վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ չընդունելու դեպքի համար։

Դատավարության մեկ կողմը չի կարող չսահմանափակված ժամկետով սպասել, մինչև որ մյուս կողմը հերթականությամբ սպառի օրենքով իրեն վերապահված բողոքարկման բոլոր հնարավորությունները, քանի որ այդ վիճակը ևս կհակասի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության և իրավական  որոշակիության սկզբունքներին։ Այսինքն՝ այն դեպքում, երբ դատավարության մասնակիցն օգտվում է դատական ակտը բողոքարկելու իրավական հնարավորությունից, կրում է նաև նույն օրենքով ներկայացված բողոքը վերադաս դատարանի կողմից վարույթ չընդունելու բացասական հետևանքը, ինչն արտահայտվում է նրանում, որ բողոքարկման մեկ հնարավորությունից օգտվելու դեպքում բողոքարկման մյուս հնարավորության օրենքով սահմանված ժամկետի հոսքը չի դադարում։

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման։

 

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան