ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2022 թվականի N 162-Լ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-135-14.01.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-135-14.01.2022-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից է ընտանիքի միակ արու զավակ լինելը և միաժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը: Փաստորեն, գործող օրենքի կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը: Ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները:
Օրենքի նախագծի ներկայացման նպատակը հասկանալի է, սակայն անհրաժեշտ է փաստել, որ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը կարգավորում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ, այլ նաև զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ընտանիքի անդամ ունեցող զորակոչիկների ազատման հարցը, իսկ զինվորական ծառայության ընթացքում համապատասխան դեպքերն ունեն տարբեր բնույթ, այդ թվում՝ նաև զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում զոհվելը և մահանալը: Բացի այդ, օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը ևս անդրադառնում է այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման գործընթացին, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, սակայն չեն հանդիսանում ընտանիքի միակ արու զավակը, որոնց համար սահմանված է պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ չընդգրկվելու իրավունք (բացառությամբ, եթե նա ցանկություն է հայտնել ընդգրկվելու մարտական հերթապահության մեջ): Միաժամանակ, օրենքի նախագծի շրջանակներում կարգավորման կարիք ունի նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող այն զինծառայողների հետագա կարգավիճակը, որոնք ունեն օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանված պայմաններ, որի պարագայում անհրաժեշտություն է առաջանում համապատասխան կարգավորումներ կատարել նաև օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ներկայացված օրենքի նախագծում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. վերնագրում «փոփոխություն» բառը փոխարինել «փոփոխություններ և լրացում» բառերով,
2. 1-ին հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:»,
3. նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ և 3-րդ հոդվածներով.
«ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետից «պաշտպանության մարտական գործողությունների կամ» բառերը հանել:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել «դ» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«դ. շարքային կազմի պարտադիր զինծառայողները՝ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում:»: